Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈ ...

 

 20.05.2007 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով`

ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.

բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:

(1-ին հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

i
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական ստուգումներ` էներգատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.

պետական տեխնիկական վերահսկողություն` սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.

էներգատեղակայանքներ` տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.

վերակառուցվող էներգատեղակայանք` գործող էներգատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էներգատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.

գործարկման եզրակացություն` տեխնիկական կանոնակարգերի նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը և հավաստում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էներգատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.

պատահար` էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում` մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:

(3-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 4. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`

ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.

բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:

(4-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:

(5-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 6. Լիազոր մարմնի գործառույթները

 

i

1. Լիազոր մարմինը`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ`

- էլեկտրաէներգետիկական համակարգում` 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում` գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.

բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում` սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.

i

գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ` թույլատրելով դրանց գործարկումը.

դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն և կատարում դրանց վերլուծությունը.

ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

i

2. Լիազոր մարմինը էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:

(6-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.04.07 ՀՕ-162-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Տեխնիկական ստուգումների կարգը

 

1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էներգատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:

3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էներգատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:

4. էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:

(7-րդ հոդ. փոփ.08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 8. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:

2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`

ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.

բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ` ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.

գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.

դ) չգործարկել էներգատեղակայանքը` մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:

(8-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 9. Պատասխանատվության միջոցները

 

1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում.

բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.

գ) տուգանք:

2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը` մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը` կատարած գործողությունների հիմնավորմամբ:

Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:

3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:

(9-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)

 

Հոդված 10. Լիազոր մարմնի պատասխանատվությունը

 

Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-36-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-36-Ն օրենք