041.0218.100697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1997 թ. թիվ 218
ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ «ՄՈՍԿՎԱՅԻ ԿՐԵՄԼ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԱՐԳԵԼՈՑՈՒՄ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՆՁԵՐԸ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մոսկվայի Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոցում 1997 թվականի հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 20-ը «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու համար`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսը (Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի հավաքածուից) «Մոսկվայի Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոցում կազմակերպվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի և «Մոսկվայի Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոցի տնօրինության միջև կնքված պայմանագրի հիման վրա և նվիրվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 և Մոսկվա քաղաքի 850-ամյակներին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) աջակցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանին Մոսկվայում «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի նախապատրաստման, ինչպես նաև ցուցահանդեսի ցուցանմուշների վերականգնման, փաթեթավորման և տեղափոխման գործերում.
բ) ապահովել 4 անձից բաղկացած պատվիրակության մասնակցությունը ժամանակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` համակարգել Մոսկվայում «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման, անցկացման գիտական և տեխնիկական խնդիրների լուծման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Մոսկվայում «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման նպատակով հանձնարարել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանին:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ տեղափոխումը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և հետ, ինչպես նաև նպաստել ցուցանմուշների անվտանգության ապահովմանը Մոսկվա քաղաքում:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների ուղեբեռի (900 կգ) տեղափոխումը Երևանից Մոսկվա և Մոսկվայից Երևան:
7. Ժամանակավոր ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: