Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՃՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԴԱՏԱՎՃՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

         30 մարտի 1993 թ.                           ք. Երևան

 

Դատավճռի վերաբերյալ օրենսդրության

կիրառման դատական պրակտիկայի մասին

 

Դատավճիռը արդարադատության իրականացման կարևորագույն եզրափակիչ փաստաթուղթ է, որը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության և ունի հասարակական-քաղաքական ու դաստիարակչական մեծ նշանակություն:

Արդարադատության իրականացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման խնդիրները դատարաններից պահանջում են, որպեսզի յուրաքանչյուր գործով դատավճիռը լինի օրինական ու հիմնավորված, իսկ նշանակված պատիժն` արդարացի:

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության տվյալների վերլուծությունները վկայում են, որ դատավճիռները հիմնականում կայացվում են օրենքի պահանջներին համապատասխան:

Չնայած դրան, պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները դատավճիռներում միշտ չէ, որ կատարում են ապացույցների բավարար վերլուծություն և իրենց հետևությունների անհրաժեշտ պատճառաբանում: Երբեմն նրանք սահմանափակվում են մեղադրական եզրակացության տեքստում շարադրված ձևակերպումները մեխանիկորեն դատավճիռ փոխանցելով: Դատարանները հաճախ խուսափում են դատավճիռներում բացահայտել իրենց հետևություններին հակասող ապացույցների բովանդակությունը, այդպիսիք չեն գնահատում: Մի շարք դատավճիռներում տեղ չեն գտնում քրեական օրենքի, հատկապես տվյալ նորմի կիրառման շարժառիթները, սպառիչ չեն թվարկվում պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, երբեմն ընդլայնվում է պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների շրջանակը:

Առանձին դատավորներ լուրջ ուշադրություն չեն դարձնում, որպեսզի դատավճիռները կազմվեն պարզ, հասկանալի արտահայտություններով, իսկ գործով պարզված հանգամանքները, ապացույցները և դատարանի հետևությունները շարադրվեն տրամաբանական հաջորդականությամբ:

Դատական գործունեության հետագա կատարելագործման և նկատված թերությունները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Դատավորների ուշադրությունը հրավիրել, որ դատավճռի կայացումը քրեական դատավարության խնդիրների կատարումն ապահովող ամենակարևոր փուլն է, որը նրանցից պահանջում է հատուկ պատասխանատվություն դրա օրինականության և հիմնավորվածության համար:

Դատավճռում քննարկման ենթակա բոլոր հարցերը դատարանները պետք է լուծեն միայն օրենքով, գործում եղած ապացույցները գնահատեն իրենց ներքին համոզմունքով, որը պետք է հիմնված լինի գործի` իր ամբողջականությամբ վերցրած բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա:

2. Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է կայացվի միայն հավաստի ապացույցների հիման վրա, երբ գործով հետազոտվել են բոլոր վարկածները, իսկ եղած հակասությունները պարզաբանվել ու գնահատվել են:

Մեղադրանքի ապացուցվածության առումով բոլոր կասկածները, որոնք հնարավոր չէ վերացնել, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293 հոդվածի համաձայն դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնք քննության են առնվել դատական նիստում: Ամբաստանյալի, տուժողի և վկաների հետաքննության կամ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, ինչպես նաև դրանց կցված ձայնագրառումները կարող են հրապարակվել և վերարտադրվել միայն ՀՀ քր.դատ.օր. 270, 275 հոդվածներում նշված դեպքերում: Նշված ցուցմունքներում պարունակվող փաստական տվյալները կարող են դրվել դատարանի հետևությունների հիմքում դատական նիստում դրանց ստուգումից և բազմակողմանի հետազոտությունից ու հաստատումից հետո:

4. Դատավճռում պետք է գնահատության արժանանան դատական նիստում քննության առնված բոլոր ապացույցները:

Դատավճիռը պետք է կազմվի ՀՀ քր.դատ.օր. 303-308 հոդվածների պահանջների խստիվ պահպանմամբ: Դրանում անհրաժեշտ է շարադրել դատարանի կողմից պարզված գործի փաստական հանգամանքները, այդ թվում հանցագործության շարժառիթներն ու նպատակները և այն ապացույցները, որոնց հիման վրա դատարանը եկել է տվյալ համոզմունքին:

Եթե գործով կան մեկից ավելի ամբաստանյալներ կամ ամբաստանյալը մեղադրվում է մի քանի հանցագործությունների կատարման մեջ, դատարանը պետք է ապացույցները վերլուծի յուրաքանչյուր ամբաստանյալի կամ մեղադրանքի վերաբերյալ առանձին: Դատավճռում պետք է նշվեն նաև դատական նիստում քննված, բայց դատարանի կողմից մերժված ապացույցները, տրվեն այդպիսի հետևության շարժառիթները:

5. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ամբաստանյալի կողմից իր մեղքի ընդունումը կարող է դրվել մեղադրական դատավճռի հիմքում, երբ այն հաստատվում է գործով հավաքված մյուս ապացույցների համակցությամբ:

Եթե դատարանում ամբաստանյալը փոխում է հետաքննության կամ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, դատարանը պարտավոր է մանրամասն պարզել վերջիններիս փոփոխման պատճառները և արդյունքները գնահատել մնացած ապացույցների համակցությամբ:

6. Դատավճռում պարտադիր կարգով պետք է պատճառաբանվեն հանցագործությունը քրեական օրենքի այս կամ այն հոդվածով, նրա մասով կամ կետով որակելու վերաբերյալ դատարանի հետևությունները:

Այն գործերով, որոնցով անցնում են մի քանի ամբաստանյալներ կամ, եթե ամբաստանյալը մեղադրվում է մի քանի հանցագործությունների կատարման մեջ, դատարանը պարտավոր է դատավճռում հիմնավորել ինչպես յուրաքանչյուր ամբաստանյալի մեղքը, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանցագործության որակումը:

7. Եթե ամբաստանյալը մեղադրվում է քրեական օրենքի տարբեր հոդվածներով նախատեսված մի քանի հանցագործությունների կատարման մեջ և դրանցից մեկը կամ մի քանիսը չեն հաստատվում, դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են նրան այս կամ այն արարքում մեղավոր ճանաչելու, իսկ մյուս մեղադրանքներում արդարացնելու շարժառիթները: Դատավճռի եզրափակիչ մասում որոշում է կայացվում ամբաստանյալին որոշակի հոդվածներով մեղավոր ճանաչելու, իսկ մյուսներով արդարացնելու մասին:

Այն դեպքում, երբ ամբաստանյալը մեղադրվում է մի քանի հանցագործությունների կատարման մեջ, որոնք որակվել են քրեական օրենքի մեկ հոդվածով /օրինակ, մի քանի գողություն, կամ շարունակվող հանցավոր գործունեության մի քանի դրվագներ/ և դրանցից մի մասով մեղադրանքը չի հաստատվում, ապա դատարանը դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում պետք է ձևակերպի իր հետևությունները մեղադրանքը այդ մասում անհիմն համարելու վերաբերյալ, եթե դա արարքի որակման փոփոխություններ չի առաջացնի:

Եթե ամբաստանյալը կատարել է մեկ հանցագործություն, որը սխալմամբ որակվել է քրեական օրենքի մի քանի հոդվածներով, դատարանը պետք է միայն դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում նշվի ամբաստանյալին սխալմամբ առաջադրված մեղադրանքի հոդվածները հանելու մասին, բերելով դրա շարժառիթները:

8. Հանցագործության առանձին դրվագները քրեական օրենքի նոր հոդվածով որակելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատարանը իրավասու է հանցագործության որակումը փոխել, սակայն պայմանով, եթե ամբաստանյալի գործողությունները ավելի ծանր հանցագործության հատկանիշներ չեն պարունակի և էապես չեն տարբերվի այն մեղադրանքի փաստական հանգամանքներից, որով նա դատի է տրվել, ինչպես նաև մեղադրանքի փոփոխումը չի ծանրացնի նրա վիճակը և չի խախտի նրա պաշտպանության իրավունքը:

Տվյալ դեպքում նույնպես հանցագործության որակումը փոխելու շարժառիթները պետք է շարադրվեն դատավճռում:

Եթե դատարանը հանգի այն հետևության, որ ամբաստանյալին նախկինում առաջադրված մեղադրանքը անհրաժեշտ է որակել քրեական օրենքի այնպիսի հոդվածով, որով քրեական գործը հարուցվում է միայն տուժողի գանգատի հիման վրա, ապա դատարանը կարող է հանցանքը վերաորակել և դատավճիռ կայացնել, եթե գործում կա տուժողի գրավոր կամ բանավոր գանգատը: Տուժողի գանգատի բացակայության դեպքում դատարանը ՀՀ քր.դատ.օր. 5-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա որոշում է կայացնում գործը վարույթում կարճելու մասին: Այդպիսի դեպքում գործի կարճումը տուժողին չի զրկում ընդհանուր հիմունքներով քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմելու իրավունքից:

10. Դատարանների ուշադրությունը հրավիրել պատժի անհատականացման սկզբունքի խստիվ պահպանման անհրաժեշտության վրա: Պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը:

Պատժամիջոց ընտրելիս դատավճռում անհրաժեշտ է վերոհիշյալ հանգամանքները կոնկրետացնել` դատարանը կարող է դատավճռում հենվել պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող միայն այն հանգամանքների վրա, որոնք դատական նիստում հետազոտվել և հաստատվել են:

11. Ցուցում տալ դատարաններին` դատավճռում պատժամիջոցի նշանակման շարժառիթները շարադրելիս պարտադիր կարգով ղեկավարվել ՀՀ քր. դատ.օր. 305 հոդվածի պահանջներով: Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում մասնավորապես պետք է պատճառաբանել ազատազրկման ձևով պատժի նշանակումը, եթե քրեական օրենքի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկման հետ կապ չունեցող այլ պատիժներ: Պետք է պատճառաբանվի նաև` ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելը, պայմանական դատապարտություն կիրառելը, դատավճռի կատարման հետաձգումը, դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտելը, օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ցածր պատիժ նշանակելը կամ ավելի մեղմ պատժի անցնելը, ընդհանուր կանոններից շեղվելով` ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի տեսակ նշանակելը /ՀՀ քր.օր. 23, 23.1, 23.2, 40, 41, 42.1 հոդվածներ/:

Եթե գործում կան մեկից ավելի ամբաստանյալներ, թվարկված նշումները պետք է անել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:

Բացառիկ պատժամիջոցի` մահապատժի, կիրառման հարցը որոշելիս, դատարանը պետք է նկատի ունենա, որ օրենքով սահմանված դեպքերում այդպիսի պատժամիջոցը կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ կան պատասխանատվությունը ծանրացնող հատուկ հանգամանքներ և հանցագործություն կատարող անձը բացառիկ վտանգավորություն է ներկայացնում հասարակության համար:

12. Դատարաններին պարզաբանել, որ ՀՀ քր.դատ.օր. 306 հոդ. 3-րդ կետին համապատասխան մեղադրական դատավճռի եզրափակիչ մասում պետք է ցույց տրվի ոչ միայն յուրաքանչյուր հանցագործության համար ամբաստանյալի նկատմամբ նշանակված հիմնական պատժի, այլև լրացուցիչ պատիժների տեսակն ու չափը, ինչպես նաև դրանց վերջնական չափը, որը ենթակա է կրելու ՀՀ քր.դատ.օր. 37-39 հոդվածներին համապատասխան:

Ազատազրկման կրելու կարգը /բանտային կամ գաղութի տեսակը, ռեժիմը/ դատավճռում ցույց է տրվում միայն վերջնական պատիժ նշանակելուց հետո:

Որոշակի հանցագործության համար քրեական օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ցածր կամ մեկ այլ ավելի մեղմ պատիժ նշանակելիս, դատավճռի եզրափակիչ մասում պետք է նշվի, որ այդ պատիժը նշանակվում է ՀՀ քր.օր. 40 հոդվածի կիրառմամբ:

ՀՀ քր.օր. 23.2, 41, 42.1 հոդվածների կիրառման մասին դատավճռի եզրափակիչ մասում նշվում է հիմնական պատիժ նշանակելուց հետո:

13. Եթե դատարանը դատաքննության ընթացքում կհանգի այն եզրակացության, որ ՀՀ քր.դատ.օր. 5-րդ հոդվածի 3-դր և 4-րդ կետերով /անցել են վաղեմության ժամկետները, ամնիստիայի ակտով կամ ներում շնորհելու հետևանքով/ ամբաստանյալը պետք է պատժից ազատվի, ապա դատավճռի եզրափակիչ մասում նրան մեղավոր ճանաչելով տվյալ հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակելով համապատասխան պատիժ, հենվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ ամնիստիայի ակտի համապատասխան հոդվածի վրա, նշում է դատապարտյալին պատժից ազատելու մասին:

Երբ ամբաստանյալը պատժից ազատվում է ՀՀ քր.օր. 46 հոդվածի հիման վրա, դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ, սակայն դատավճռի եզրափակիչ մասում ամբաստանյալի նկատմամբ առանց որոշակի պատիժ նշանակելու նշում է, որ նա օրենքին համապատասխան պատժից ազատվում է:

14. ՀՀ քր.դատ.օր. 299 հոդվածի համաձայն, եթե հաստատված չէ հանցագործության դեպքը կամ ամբաստանյալի արարքում հանցակազմ չկա կամ ապացուցված չի նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը, դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ:

Արդարացման դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում դատարանը պարտավոր է օրենքի պահանջներին համապատասխան շարադրել այն մեղադրանքի էությունը, որով դատի է տրվել ամբաստանյալը, գործի այն հանգամանքները, որոնք պարզվել են դատաքննությամբ, ամբաստանյալի արդարացման հիմնավորումները, այն շարժառիթները, որոնցով մերժվում են մեղադրանքը հիմնավորող ապացույցները:

Նկարագրական-պատճառաբանական մասում պետք է ցույց տրվի, թե ամբաստանյալը ինչ հիմքով է արդարացվում /հաստատված չէ հանցագործության դեպքը, ամբաստանյալի արարքում չկա հանցակազմ, չի ապացուցված ամբաստանյալի մասնակցությունը տվյալ հանցագործության կատարմանը/:

Չի թույլատրվում արդարացման դատավճռում մտցնել այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածանքի տակ դնեն արդարացվածի անմեղությունը /ՀՀ քր.դատ. օր. 305 հոդված/:

15. Դատարանների ուշադրությունը հրավիրել դատավճիռ կայացնելիս քաղաքացիական հայցի լուծմանը վերաբերող ՀՀ քր.դատ.օր. 300 հոդվածով սահմանված պահանջների խստիվ պահպանման վրա:

Քաղաքացիական հայցը կարող է առանց քննության թողնվել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ դատաքննությամբ ճշգրիտ հաշվարկներով որոշել հայցապահանջի չափը: Տվյալ դեպքում դա չպետք է ազդի հանցագործության որակման, ամբաստանյալի նկատմամբ պատժամիջոց ընտրելու կամ դատավճռի կայացման ժամանակ ծագող մյուս հարցերի լուծման վրա:

Եթե դատաքննությամբ անհնարին է պարզել հանցագործությամբ պատճառված վնասի չափը, որը կարող է ազդել հանցագործության որակման, ինչպես նաև ՀՀ քր.դատ.օր. 294 հոդվածով սահմանված կարգով դատավճռով լուծման ենթակա մյուս հարցերի վրա, ապա գործը պետք է վերադարձվի լրացուցիչ քննության:

16. Դատարանների ուշադրությունը հրավիրել, որ դատավճիռ կայացնելիս նրանք պարտավոր են ապահովել ՀՀ քր.դատ.օր. 291-294 հոդվածներով սահմանված դատավորների խորհրդակցության և դատարանի լուծմանը ենթակա հարցերի քննարկման կարգը: Խորհրդակցական սենյակում նախագահողը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ժողատենակալներին հնարավորություն կտան ազատորեն արտահայտելու իրենց դատողություններն ու կարծիքները քննվող գործով:

Յուրաքանչյուր հարց պետք է դրվի այնպես, որ հնարավոր լինի դրան դրական կամ բացասական պատասխան տալ: Դատավորներից ոչ մեկը իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը վերջինն է իր կարծիքը հայտնում:

Նկատի ունենալով, որ բոլոր հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ, եթե դատավորներից մեկը որևէ հարցի կապակցությամբ քվեարկության ընթացքում կմնա փոքրամասնության մեջ, ապա դա նրան չի ազատում հետագա բոլոր հարցերի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցելու պարտականությունից:

17. Դատարաններին ցուցում տալ, որ դատավճռի հրապարակումը տեղի է ունենում դատավարության մասնակիցների, մասնավորապես դատախազի և պաշտպանի մասնակցությամբ:

Դատավճռի կայացման տարեթիվը պետք է հաշվել դատավճիռը դատարանի կազմի կողմից ստորագրելու օրը, իսկ կայացման տեղը` քաղաքը կամ այն բնակավայրը, որտեղ փաստացիորեն կայացվել է դատավճիռը:

18. Հանձնարարել Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիային պատշաճ հսկողություն իրականացնել դատավճիռների օրինականության և հիմնավորվածության վրա:

Գործը վճռաբեկության կամ հսկողության կարգով քննելիս անհրաժեշտ է ստուգել դատավճռի համապատասխանությունը օրենքի պահանջներին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սխալները շտկելու համար: Անհրաժեշտության դեպքում կայացնել մասնավոր որոշումներ:

 

 

pin
ԳԴ պլենում մ
30.03.1993
Որոշում