Սեղմել Esc փակելու համար:
ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ, ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՏՐԱՍՏ ...

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

           12 մայիսի 1995 թ.                          ք. Երևան

 

Խիստ ներգործող և թունավոր նյութեր,

թմրամիջոցներ հափշտակելու, ապօրինաբար

պատրաստելու, ձեռք բերելու, ինչպես նաև

դրանց տարածման հետ կապված ապօրինի այլ

գործողություններ կատարելու վերաբերյալ

օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի

մասին

 

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում խիստ ներգործող և թունավոր նյութեր, թմրամիջոցներ հափշտակելու, ապօրինաբար պատրաստելու, ձեռք բերելու, ինչպես նաև դրանց տարածման հետ կապված այլ ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրությունը:

Դրա հետ մեկտեղ, ամփոփման արդյունքները վկայում են, որ ոչ բոլոր դատարաններն են ճիշտ հաշվի առնում այդ հանցագործությունների հասարակական վտանգավորությունը, միջոցներ չեն ձեռնարկում թմրամիջոցները, խիստ ներգործող և թունավոր նյութերը ձեռք բերելու աղբյուրները պարզելու, հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ: Երբեմն սխալներ են թույլ տրվում արարքների որակման, պատիժների նշանակման հարցերում, պատշաճ չեն իրականացվում թմրամոլության վերացմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքները:

Չկա միասնական մոտեցում կրկնակիության, խոշոր չափերի, վաճառքի և արարքի որակյալ դարձնող մյուս հատկանիշների իրավական գնահատման հարցում: Որոշ դատարանների կողմից անտեսվում է թմրամոլների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցի կարևորությունը:

Դատական պրակտիկայում նշված բնույթի գործերով օրենսդրության ճիշտ կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Դատարանների ուշադրությունը հրավիրել թմրամիջոցների հափշտակման, ապօրինաբար թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր պատրաստելու ու տարածելու, թմրամոլության գործերով դատաքննության որակի բարձրացման վրա այն հաշվով, որպեսզի ապահովվեն գործի բոլոր հանգամանքների լրիվ և բազմակողմանի հետազոտումը, հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների բացահայտումը և դրանց վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

Դատարանները պարտավոր են ստուգել, թե նախաքննության մարմինները բոլոր միջոցներն են ձեռնարկել, արդյոք, թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր ձեռք բերելու աղբյուրները պարզելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ, և եթե այդ հարցերը մինչև վերջ չեն պարզվել ու բացը հնարավոր չէ լրացնել դատական նիստում, ապա գործը ենթակա է վերադարձման լրացուցիչ նախաքննության:

2. Հաշվի առնելով, որ այս կամ այն նյութի` թմրամիջոցներին, խիստ ներգործող և թունավոր նյութերին պատկանելու, դրանց տեսակները և առանձնահատկությունները որոշելու, ինչպես նաև բույսերի` թմրամիջոցներ պարունակող կուլտուրաների շարքը դասելու հարցերի պարզումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ, ապա այդ գործերով փորձաքննությունների կատարումը պարտադիր է:

3. Խիստ ներգործող և թունավոր նյութերի, թմրամիջոցների ապօրինի վաճառքի տակ պետք է հասկանալ դրանց իրացման ցանկացած ձև /նվիրատվություն, պարտքի մարում, փոխառություն, պարտք տալը, թմրամիջոցի տիրոջ կողմից մեկ այլ անձի ներարկելը և այլն/:

Պատրաստման տակ պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի շնորհիվ ստացվում են գործածման պատրաստ թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր, ինչպես նաև դրանց բաղադրության և թմրեցնող հատկության արդյունավետության բարձրացման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, վերամշակումը և զտումը, կողմնակի խառնուրդներից մաքրումը:

Թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի ձեռք բերելը համարել դրանց գնումը, այլ ապրանքների և իրերի հետ փոխանակման միջոցով ստանալը, պարտքի վճարման դիմաց կամ նվեր ստանալը, գտանքի յուրացումը, վայրի աճող կանեփի և կակաչի, ինչպես նաև թմրամիջոց պարունակող այլ բույսերի չպահպանվող ցանքսերի մնացորդների հավաքումը:

Թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի պահելու տակ պետք է հասկանալ այնպիսի դիտավորյալ գործողություն, որով դրանք անցնում են հանցավորի փաստացի տիրապետության ներքո, անկախ պահելու տեղից /իր մոտ ավտոմեքենայի մեջ, շինությունում, թաքստոցում և այլն/:

Պահելու համար քրեական պատասխանատվություն առաջանում է անկախ դրա տևողությունից:

Թմրամիջոցների խիստ ներգործող և թունավոր նյութերի փոխադրում կամ առաքում համարել դրանց տեղափոխման ցանկացած եղանակ /փոստային, իբրև ծանրոց, կամ անձամբ տեղափոխում/:

4. ՀՀ քր.օր. 229.1 հոդվածով նախատեսված թմրամիջոցների հափշտակում պետք է դիտել ոչ միայն պետական կամ հասարակական կազմակերպությունների և հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինությունից, այլև անհատ քաղաքացիների տնօրինության տակ օրինական կամ անօրինական կարգով գտնվող թմրամիջոցները ապօրինաբար վերցնելը, ինչպես նաև պահպանվող դաշտերից թմրամիջոց պարունակող բույսերի կամ այդպիսի բույսերի մասերի /կակաչի ցողուն, կանեփի սերմացու և այլն/ ապօրինի հավաքելը: Ընդ որում, այդպիսի հափշտակության առարկա կարող են համարվել նաև այնպիսի թմրամիջոցներ, որոնք չունեն պետականորեն սահմանված գներ:

5. Թմրամիջոցներ ճանաչված բույսերը կամ դրանց թմրանյութ պարունակող մասերը հափշտակելու, ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի առաքելու և վաճառելու գործողությունները պետք է որակել համապատասխանաբար ՀՀ քր.օր. 229.1 կամ 229 հոդվածներով:

6. Թմրամիջոցներ հափշտակելը, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի դրանց հետագա պահելը, փոխադրելը, առաքելը և վաճառելը ենթակա են որակման այդ հանցագործությունների համակցությամբ` ՀՀ քր.օր. 229.1 և 229 հոդվածներով:

Նման դեպքերում հանցավորի գործողությունները չեն առաջացնում ՀՀ քր.օր. 229 հոդ. 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված կրկնակիության հատկանիշ:

7. Նկատի ունենալով, որ վաճառելու նպատակով թմրամիջոցների հափշտակումն իր իրավական հետևանքներով /ծանր հանցագործություն համարվելու, առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու/ տարբերվում է առանց վաճառելու նպատակի կատարված հափշտակումից, հետևապես յուրաքանչյուր կոնկրետ գործի քննության ընթացքում դատարանները պարտավոր են պարզել թմրամիջոցների հափշտակման կոնկրետ նպատակը:

Վաճառքի նպատակով կատարված հափշտակությունը լրացուցիչ պետք է որակել նաև որպես ՀՀ քր.օր. 229 հոդ. 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության նախապատրաստում:

8. Ավազակային հարձակմամբ թմրամիջոցների հափշտակումը համարել ավարտված այդ միջոցներին տիրանալու նպատակով հարձակումն սկսելու պահից:

Նման դեպքերում հանցավորի գործողությունները լիովին ընդգրկվում են ՀՀ քր.օր. 229.1 հոդ. 3-րդ մասի դիսպոզիցիայում և որպես ավազակություն` ՀՀ քր. օր. 88 հոդվածով լրացուցիչ որակում չեն պահանջում:

9. Դատարանները պետք է նկատի ունենան, որ անձի պատասխանատվությունը ՀՀ քր.օր. 229 հոդ. 2-րդ և 4-րդ մասերով, 229.1 հոդ., 229.2 հոդ. և 230 հոդ. 2-րդ մասերով` կրկնակիության հատկանիշով և դրանցում թվարկված այլ հիմքերով առաջ է գալիս անկախ այն բանից, թե հանցավորը կատարած այդ հանցագործություններից որևէ մեկի համար նախկինում դատվել է, թե ոչ:

10. Թմրամիջոցներ հափշտակելը, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի դրանց ապօրինաբար ձեռք բերել, պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը և վաճառելը` խոշոր չափերով կատարված լինելու հարցը պարզելիս պետք է հիմք ընդունել առողջապահության նախարարության առընթեր թմրամիջոցների հսկողության մշտական կոմիտեի կողմից հաստատված ցանկում նշված չափերը:

Եթե ապօրինի գործողությունները կապված են տարբեր տեսակի թմրամիջոցների հետ, որոնք առանձին վերցրած խոշոր չափի չեն, ապա խոշոր չափով կատարված լինելու հարցը լուծելիս դատարանները պետք է ելնեն ոչ միայն դրանց ընդհանուր քանակից ու ծավալից, այլև թմրանյութերի տարատեսակների առանձնահատկություններից և մարդու օրգանիզմի վրա դրանց ներգործության աստիճանից:

11. Քաղաքացու դրամական միջոցներին կամ գույքին տիրանալու նպատակով թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի անվան տակ որևէ այլ նյութ վաճառող անձի արարքը պետք է որակել որպես խարդախություն:

Այդ ճանապարհով ձեռք բերված միջոցները ՀՀ քաղ.օր. 49 հոդվածի համաձայն ենթակա են բռնագանձման պետության օգտին:

Գնորդներն այդ դեպքում պատասխանատվություն են կրում թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի ապօրինի ձեռք բերման հանցափորձի համար:

12. Թմրամիջոցների գործածման հսկելու տակ պետք է հասկանալ ցանկացած դիտավորյալ գործողություն, որն ուղղված է այլ անձանց մեջ այդ նյութերը գործածելու ցանկություն առաջացնելուն /համոզել, առաջարկել, խորհուրդ տալ և այլն/:

Հանցավորի այն գործողությունները, որոնք ուղղված են թմրամիջոց գործածելու ցանկության գրգռելուն երկու կամ ավելի անձանց մեջ պետք է որակել ՀՀ քր.օր. 229.2 հոդվածի 2-րդ մասով, անկախ այն բանից` դրանք միաժամանակ, թե տարբեր ժամանակներում են կատարվել:

Եթե թմրամիջոցներ գործածելուն հակող անձը միաժամանակ վաճառել է այդ թմրամիջոցները կամ էլ օժանդակել է այդպիսի միջոցների հափշտակմանը, ապօրինի պատրաստմանը, պահելուն, ձեռք բերելուն, փոխադրելուն կամ առաքելուն, ապա նրա գործողությունները, բացի ՀՀ քր.օր. 229.2 հոդվածից համակցությամբ պետք է որակել նաև ՀՀ քր.օր. 229 կամ 229.1 հոդվածներով:

13. Թմրամիջոցներ գործածելու, ինչպես նաև թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործածելով ուղեղի թմրեցում առաջացնելու նպատակով շենքեր տրամադրելու համար քրեական պատասխանատվությունը վրա է հասնում անկախ այն բանից, թե հանցավորը շահադիտական նպատակ հետապնդել է, թե ոչ և նշված գործողությունը կատարել է բազմիցս, թե մեկ անգամ:

14. Թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր տրամադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելու համար / ՀՀ քր.օր. 226.2 հոդվածի 2-րդ մաս/ և ՀՀ քր.օր. 229 հոդ. 6-րդ մաս/ քրեական պատասխանատվություն են կրում ինչպես պաշտոնատար, այնպես էլ այն անձինք, որոնք իրենց հանձնարարված աշխատանքի բնույթով պարտավոր են պահպանել այդ կանոնները:

Եթե կանոնների խախտում թույլ տված պաշտոնատար անձի գործողություններում առկա են պաշտոնեական այլ հանցագործություններ /պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք, իշխանազանցություն կամ պաշտոնեական կեղծիք և այլն/ կատարվածը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ:

15. Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ, ինչպես նաև հնդկական հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան, հարավային կրասնոդարյան կանեփ ցանելը և աճեցնելը, վաճառելու կամ առանց վաճառելու նպատակի, դրանցից ապօրինի թմրամիջոցներ պատրաստելը, պահելը կամ փոխադրելը, ինչպես նաև դրանց ապօրինի վաճառքը պետք է որակել համակցությամբ` ՀՀ քր.օր. 229 և 230 հոդվածներով:

Մշակումն արգելված թվարկված կուլտուրաներ ցանելու տակ պետք է հասկանալ սածիլների տնկումը կամ սերմեր ցանելը, առանց պատշաճ թույլտվության, ցանկացած հողատարածքում, այդ թվում` դատարկ հողերում:

Հանցագործությունը համարվում է ավարտված ցանքսի պահից սկսած` անկախ ցանքատարածության չափերից և բույսերի աճից:

Մշակման համար արգելված թմրամիջոցներ պարունակող կուլտուրաների աճեցման տակ պետք է հասկանալ դրանց հասունացման աստիճանի հասցնելու նպատակով ցանքերին և սածիլներին հետևելը /փխրեցնելը, ջրելը և այլն/:

16. Թմրամոլի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պետք է պարզի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը: Եթե այդ անձի նկատմամբ հարկադրական բուժումը հակացուցված է, ապա դատավճռում պետք է նշել ՀՀ քր.օր. 57 հոդվածը չկիրառելու շարժառիթները:

Եթե անձը դատապարտվում է ազատազրկման հետ կապ չունեցող պատժի, դատարանը ներքոհիշյալ անձանց կամ մարմինների ընտանիքի անդամների, արհմիութենական կամ այլ հասարակական կազմակերպությունների, դատախազի, բուժական հիմնարկի, խնամակալության և հոգաբարձության մարմինների միջնորդությամբ կարող է միաժամանակ լուծել այդ անձի գործունակության սահմանափակման հարցը: Գործունակության սահմանափակումը կարող է կիրառվել անկախ այն բանից, թե անձի նկատմամբ նշանակված է բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառում, թե ոչ:

Խնամակալություն նշանակելու համար դատավճռի պատճենը, գործունակության սահմանափակման մասին որոշման հետ մեկտեղ, ուղարկվում է խնամակալության և հոգեբարձության մարմիններին:

17. ՀՀ քր.օր. 226.1, 229 հոդ. 1-ին և 2-րդ մասերով, 229.1, 229.2, 230 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած լինելու հանգամանքը նույն անձի կողմից համանման նոր հանցագործություն կատարելու դեպքում որակ չի տալիս, եթե առաջին հանցագործության համար դատվածությունը մարված է կամ օրենքով սահմանված կարգով հանված կամ էլ անցել է քրեական հետապնդման վաղեմության ժամկետը:

18. Վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու , ինչպես նաև ապօրինաբար ձիթախաշխաշ, կանեփ ցանելու կամ աճեցնելու /ՀՀ քր.օր. 229 հոդ. 5-րդ մաս. կամ 230.1 հոդ. 1-ին մաս/ համար դատի տրված անձի գործի քննության ժամանակ դատարանը պետք է հետազոտի նաև անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հանգամանքները: Եթե կհաստատվի, որ անձը վարչական պատասխանատվության է ենթարկվել անհիմն կարգով, ապա արդարացնող դատավճիռ կայացնելու կամ գործը լրացուցիչ քննության ուղարկելու հետ մեկտեղ դատարանը պետք է հարց բարձրացնի առաջին իրավախախտման համար վարչական տույժի վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

19. Ազատազրկման վայրերում պատիժ կրող կամ բուժական հիմնարկներում բուժման մեջ գտնվող անձանց միջև թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի տարածման փաստեր բացահայտելիս դատարանը պարտավոր է մասնավոր որոշմամբ այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց:

Թմրամիջոցներ պարունակող վայրի բույսերի աճի տեղերի, քաղաքացիների այն տնամերձ և այլ հողային տարածքների /որտեղ ցանվում կամ աճեցվում են մշակման համար արգելված թմրամիջոցներ պարունակող կուլտուրաներ/ օգտագործման վերաբերյալ պատշաճ հսկողության բացակայության բացահայտման դեպքում դատարանները պետք է տեղեկացնեն պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, դատախազությանը և ՆԳ բաժիններին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

 

 

pin
ԳԴ պլենում
12.05.1995
Որոշում