Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՍԿԱԾՅԱԼԻ, ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՍԿԱԾՅԱԼԻ, ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ Դ ...

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

         28.11.1991 թ.                              ք. Երևան

 

Կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության

իրավունքն ապահովող օրենսդրության կիրառման

դատական պրակտիկայի մասին.

 

Հայաստանի Հանրապետությունում կատարվող դեմոկրատական փոփոխությունները պահանջում են, որպեսզի կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքը խստորեն պահպանվի քրեական դատավարության բոլոր փուլերում:

Կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովումը հանդիսանում է կարևոր երաշխիք քրեական դատավարության խնդիրների իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. ապրիլի 1-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին ու դրան կից ֆակուլտատիվ արձանագրությանը միանալու մասին» որոշմամբ սահմանված է, որ ՀՀ բոլոր օրենսդրական ակտերը պետք է համապատասխանեցվեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի դրույթներին: Մինչև վերոհիշյալ համապատասխանեցումը ճանաչվում է այդ դրույթների գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ:

Նշված միջազգային պայմանագրում մեծ տեղ է հատկացված մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման հարցերին:

Գործող օրենսդրության համաձայն, պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է մեղադրանք առաջադրելու պահից, իսկ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման կամ նրա նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց որպես կալանք կիրառելու դեպքում նրան ձերբակալման արձանագրությունը կամ նշված խափանման միջոցը կիրառելու որոշումը հայտարարելու պահից, բայց ոչ ուշ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում: Եթե այդ ժամանակամիջոցում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից ընտրված պաշտպանի ներկայությունը անհնար է, հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը իրավունք ունեն կասկածյալին կամ մեղադրյալին առաջարկել հրավիրել ուրիշ պաշտպան կամ ապահովում են պաշտպանի մասնակցությունը իրավաբանական կոլսուլտացիայի միջոցով:

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կասկածյալի, մեղադրյալի /ամբաստանյալի/ պաշտպանության իրավունքի ապահովման սկզբունքը հիմնականում պահպանվում է և նպաստում է արդարադատության իրականացմանը:

Դրա հետ մեկտեղ առանձին գործերով լրիվ կերպով չեն կատարվում քրեական դատավարության օրենսդրության պահանջները, որը երբեմն հանգեցնում է կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտման:

Օրենսդրության կիրառման պրակտիկայում ծագող հարցերի կապակցությամբ ՀՀ Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հետաքննության, նախաքննության մարմինները և դատարանները պետք է նկատի ունենան, որ օրենքի ուժով պաշտպանի իրական մասնակցությունը պետք է ապահովվի մեղադրանք առաջադրելու պահից, իսկ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման կամ նրա նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց որպես կալանք կիրառելու դեպքերում նրան ձերբակալման արձանագրությունը կամ նշված խափանման միջոցը հայտարարելու պահից, բայց ոչ ուշ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում:

2. Հետաքննություն և նախաքննություն կատարելիս, ինչպես նաև գործը դատարանում քննելիս պաշտպանի իրական մասնակցության ապահովումը պետք է կատարվի անկախ հանցագործության բնույթից, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի անձից:

Եթե գործին որպես պաշտպան մասնակցում է ոչ փաստաբան /ՀՀ քր.օր. 43 հոդ./ ապա նրա լիազորությունները պետք է ձևակերպվեն հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:

Անհրաժեշտ է, որ դատարանները կիրառեն ՀՀ քր.դատ.օր. 45 հոդ. պահանջները պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը իրական ապահովելու վերաբերյալ, ինչպես այն դեպքում, երբ նրա մասնակցությունը դատական քննությանը պարտադիր է ըստ օրենքի, այնպես էլ այն ժամանակ, երբ այդ մասին միջնորդում է ամբաստանյալը: Նման դեպքերում դատական քննությանը պաշտպանի իրական մասնակցությունը չապահովելը պետք է դիտել քրեա-դատավարական օրենքի էական խախտում:

3. Դատարանները պետք է նկատի ունենան, որ համաձայն ՀՀ քր.դատ.օր. 52.1 հոդ. փաստաբանը և այլ անձինք իրավունք չունեն գործին մասնակցելու որպես պաշտպան, եթե կպարզվի, որ նախկինում այլ կամ տվյալ գործով նրանք իրավաբանական օգնություն են ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում է գործը վարելու խնդրանքով իրենց դիմած անձի շահերին կամ այդ գործով մասնակցել են որպես դատավոր, քննիչ, դատախազ, հետաքննություն կատարող անձ, վկա, փորձագետ, թարգման, ընթերակա, մասնագետ, դատական նիստի քարտուղար:

Այս կարգի չպահպանումը պետք է դիտվի քրեական դատավարության օրենքի էական խախտում:

Այն դեպքերում, երբ պաշտպանը ստանձնել է երկու կամ ավելի անձանց պաշտպանությունը, որոնց շահերի միջև առկա են հակասություններ / մեղադրանքի խոստովանությունը մեկի վիճարկումը մյուսի կողմից, մեկի կողմից մյուսի մերկացումը և այլն/ դատարանը ամբաստանյալներից յուրաքանչյուրին պետք է ապահովի առանձին պաշտպանով: Իսկ եթե այդ կարգը չի պահպանվել հետաքննություն կամ նախաքննություն կատարելիս` գործը պետք է վերադարձվի լրացուցիչ հետաքննության կամ նախաքննության:

4. Կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունեն ցանկացած ժամանակ հրաժարվել պաշտպանից: Պաշտպանից հրաժարվելու վերաբերյալ նախնական քննության փուլում պետք է կազմվի արձանագրություն, որում պետք է նշվի պաշտպանից հրաժարվելու պատճառը: Արձանագրությունը պետք է ստորագրվի հետաքննություն կատարող անձի կամ քննիչի, կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Դատական նիստում պաշտպանից հրաժարվելու մասին նշվում է դատական նիստի արձանագրության մեջ և դատարանը այդ մասին որոշում է կայացնում:

Պաշտպանից հրաժարվելը, որի մասին հայտարարում են անչափահասները, համրերը, խուլերը, կույրերը և այլ անձինք, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների պատճառով չեն կարող իրենք իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը պարտադիր չէ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատարանի համար:

5. Պարզաբանել դատարաններին, որ օրենքին համապատասխան ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի առանձին տեսակցություն ունենալու պաշտպանի հետ: Տեսակցությունը կարող է նախաձեռնել նաև պաշտպանը:

6. Դատարանները պետք է նկատի ունենան, որ չի թույլատրվում վկային առաջադրել այնպիսի հարցեր, որոնք նրանց մերկացնում են հանցագործություն կատարելու մեջ: Նման դեպքերում անձը պետք է հարցաքննվի կամ որպես կասկածյալ կամ որպես մեղադրյալ:

Փաստացի կասկածյալի կամ մեղադրյալի վիճակում գտնվող անձին որպես վկա հարցաքննելն արգելվում է:

7. Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է որպեսզի կասկածյալի հարցաքննության արձանագրության սկզբնական մասում նշվի թե ինչ հանցագործության մեջ է կասկածվում:

Կասկածյալի հարցաքննությունը պետք է կատարվի այն հանցագործության վերաբերյալ, որի մեջ նա կասկածվում է:

Որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը պետք է համապատասխանի ՀՀ քր.դատ.օր. 136 հոդ. պահանջներին: Որոշման մեջ պետք է նշված լինեն այն հանցագործությունը, որի կատարման մեջ մեղադրվում է տվյալ անձը, հանցագործության կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որոնք պարզված են գործի նյութերով և այն օրենքը, որը նախատեսում է տվյալ հանցագործությունը:

8. Լուծելով մեղադրյալին դատի տալու հարցը, անհրաժեշտ է ստուգել, պահպանվել են արդյոք կասկածյալի, մեղադրյալի դատավարական իրավունքները հետաքննություն և նախաքննություն կատարելիս:

Եթե կասկածյալի, մեղադրյալի կամ պաշտպանի միջնորդությունը հետաքննություն կատարող անձի կամ քննիչի կողմից քննության չեն առնվել, ապա այդպիսին պետք է դիտվի քրեական դատավարության օրենքի էական խախտում և գործը վերադարձվի լրացուցիչ նախաքննության կամ հետաքննության:

Դատարանը /դատավորը/ քրեական գործը պետք է քննության նշանակի օրենքով նախատեսված ժամկետի սահմաններում, հաշվի առնելով գործի ծավալը, բարդությունը և մյուս հանգամանքները, այն հաշվով, որպեսզի ամբաստանյալները և նրանց պաշտպաններն իրական հնարավորություն ունենան ծանոթանալու գործի նյութերին և նախապատրաստվելու պաշտպանության:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ մեղադրական եզրակացությունում տրված մեղադրանքի ձևակերպման փոփոխություն թույլատրվում է, եթե այն չի վատթարացնում ամբաստանյալի վիճակը և չի խախտում նրա պաշտպանության իրավունքը:

9. Դատարանները պետք է նկատի ունենան, որ համաձայն ՀՀ քր.դատ.օր. 11 հոդվածի գործին մասնակցող և դատավարության լեզվին չտիրապետող անձանց համար ապահովվում է հայտարարություններ անելու, ցուցմունքներ տալու, միջնորդություններ հարուցելու, գործի բոլոր նյութերին ծանոթանալու, դատարանում մայրենի լեզվով հանդես գալու, թարգմանի ծառայություններից օգտվելու իրավունք:

Քրեական դատավարության ամեն մի փուլում կասկածյալի, մեղադրյալի և պաշտպանի համար պետք է ապահովվի հնարավորություն օգտվելու իրենց մայրենի լեզվից կամ այն լեզվից, որին նրանք տիրապետում են: Թարգմանի մասնակցությունը պետք է ապահովվի նաև այն դեպքերում, երբ դատավարության լեզվին չեն տիրապետում հետաքննիչը, քննիչը, դատախազը և դատավորը /ատենակալը/:

Այս կարգի խախտումը պետք է դիտել քրեական դատավարության օրենքի էական խախտում:

10. Ամբաստանյալին հնարավորություն չտալը մասնակցելու դատական վիճաբանություններին, երբ նա պաշտպան չունի, ինչպես նաև վերջին խոսք չտալը համարվում է քրեական դատավարության օրենքի էական խախտում:

11. Դատավճիռը հայտարարելուց հետո նախագահողը պարտավոր է պարզաբանել դատապարտյալին, արդարացվածին դատավճիռը գանգատարկելու ժամկետն ու կարգը: Եթե դատավճիռը կայացվել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից, ապա դատապարտյալին պետք է բացատրվի, որ նա իրավունք ունի դատավճիռը բողոքարկելու խնդրանքով դիմելու հսկողության կարգով բողոք բերող պաշտոնատար անձանց:

Արդարացվածին գրավոր պետք է պարզաբանել նրա խախտված իրավունքների վերականգնման և այլ վնասի հատուցման կարգը, ինչպես նաև նրա խնդրանքով մեկամսյա ժամկետում այդ որոշման մասին գրավոր իրազեկ դարձնել աշխատավորական կոլեկտիվին կամ ըստ բնակության վայրի հասարակական կազմակերպություններին:

12. Նախագահողը դատավճիռը հրապարակելուց հետո պարտավոր է դատապարտյալին կամ արդարացվածին պարզաբանել դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու և արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքը:

Արձանագրության մեծածավալ լինելու և այլ հարգելի պատճառով, եթե արձանագրությանը ծանոթանալու և դիտողությունները ներկայացնելու համար երեք օրից ավելի ժամանակ է պահանջվում, ապա այդ ժամկետը կարող է երկարացվել դատավորի կամ դատարանի կողմից:

13. Դատավճռի պատճենը պետք է հանձնվի դատապարտյալին, արդարացվածին` թարգմանված այն լեզվով, որին տիրապետում են նրանք:

Եթե դատապարտյալը, արդարացվածը, նշված պահանջները չպահպանելու հետևանքով զրկվել են դատավճիռը գանգատարկելու հնարավորությունից, ապա այդ հանգամանքը պետք է դիտվի որպես հիմք բաց թողած վճռաբեկության ժամկետը վերականգնելու կամ վճռաբեկ ատյանի որոշումը բեկանելու համար:

14. Տրված վճռաբեկ գանգատների և բողոքների մասին պետք է հայտնվի այն դատապարտյալներին, արդարացվածներին և նրանց պաշտպաններին, որոնց շահերը շոշափում են դրանք, հնարավորություն տալով նրանց ծանոթանալու ստացված գանգատներին, բողոքներին ու մյուս փաստաթղթերին, որոնք դատավարության մասնակիցների կողմից դատարանին են ներկայացվել դատավճիռը կայացվելուց հետո:

ՀՀ քր.դատ.օր. 323 հոդ. 2-րդ մասի համաձայն բողոքի կամ տուժողի գանգատի պատճենը պետք է ուղարկվի դատապարտյալին կամ արդարացվածին:

15. Վճռաբեկ ատյանի դատարանի կողմից, գործն ազատության մեջ գտնվող դատապարտյալի կամ արդարացվածի կամ նրանց պաշտպանի բացակայությամբ քննելը, եթե նրանք իրազեկ չեն պահվել դատական նիստի ժամանակի մասին և այդ հանգամանքը զրկել է նրանց դատական նիստին մասնակցելու հնարավորությունից, պետք է դիտել քրեական դատավարության օրենքի էական խախտում:

16. Վճռաբեկ ատյանի դատարանը պետք է քննության առնի կալանքի տակ գտնվող դատապարտյալների միջնորդությունները` բացատրություններ տալու համար նրանց դատական նիստ կանչելու մասին:

17. Գործերը դատական հսկողության կարգով քննող դատարանները, իրենց նախաձեռնությամբ կամ դատախազի, դատապարտյալի, արդարացվածի կամ նրանց պաշտպանների միջնորդությամբ, իրավունք ունեն դատապարտյալներին, արդարացվածներին և նրանց պաշտպաններին կանչելու դատական նիստին: Հսկողական բողոքի պատճենը պետք է հանձնվի տուժողին, դատապարտյալին կամ արդարացվածին:

18. ՀՀ քր.դատ.օր. 365 և 366 հոդվածների կարգով դատավճռի կատարման հետ կապված հարցերը լուծելիս դատարանը կարող է թույլ տալ պաշտպանին մասնակցելու գործին, եթե այդ մասին միջնորդում է դատապարտյալը, նրա ազգականները կամ այլ շահագրգռված անձինք:

 

 

pin
ԳԴ պլենում մ
28.11.1991
Որոշում