Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

           26 մայիսի 1992 թ.                          ք. Երևան

 

«Քրեական գործերով դատական

փորձաքննության մասին»

 

Քննության առնելով քրեական գործերով փորձաքննություններ կատարելու պրակտիկան, ՀՀ Գերագույն դատարանի պլենումը նշում է, որ դատարանները և նախաքննության մարմիններն օրենքին համապատասխան փորձաքննություն են նշանակում գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:

Դրա հետ միաժամանակ դատարաններն երբեմն փորձաքննություն են նշանակում պարզելու այնպիսի հարցեր, որոնց լուծումը հատուկ գիտելիքներ չեն պահանջում, կամ փորձագետների առջև իրավական և այլ բնույթի այնպիսի հարցեր են դնում, որոնց պատասխանները դուրս են գալիս նրանց իրավասության սահմաններից:

Առանձին դեպքերում դատարանները, հակառակ օրենքի պահանջներին, փորձագետի եզրակացությանը առավելություն են տալիս մյուս ապացույցների հանդեպ առանց այն մանրազնին հետազոտելու և պատշաճ գնահատության ենթարկելու:

Քրեական գործերով փորձաքննություններ կատարելու վերաբերյալ օրենսդրությունը ճիշտ կիրառելու նպատակով ՀՀ Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Դատարանների ուշադրությունը հրավիրել փորձաքննություն կատարելու միջոցով քրեական գործի հանգամանքները լրիվ, բազմակողմանիորեն ու օբյեկտիվորեն հետազոտելու անհրաժեշտության վրա այն բոլոր դեպքերում, երբ դատական քննության ժամանակ ծագող հարցերի լուծման համար պահանջվում են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի հատուկ գիտելիքներ:

2. Նկատի ունենալով, որ ՀՀ քր.դատ.օր. 66 հոդվածի համաձայն փորձագիտական հետազոտում կարող է կատարել միայն այն անձը, որը օրենքով սահմանված կարգով նշանակված է որպես փորձագետ, ցուցում տալ դատարաններին, որ գործում եղած մասնագիտական ակտերը կամ որևէ հանգամանքի վերաբերյալ գերատեսչական հետազոտության արդյունքների տեղեկանքները, այդ թվում նաև գերատեսչական եզրակացությունները, որոնք չնայած անվանվում են փորձաքննություն /ապրանքի որակի, ապրանքա-նյութական արժեքների պակասորդի և այլնի մասին/ թեկուզև ստացվել են քննչական մարմինների կամ դատարանի հարցումով, չեն կարող դիտվել որպես փորձագետի եզրակացություն և հիմք ծառայել դատական փորձաքննության նշանակումը մերժելուն: Այսպիսի ակտերը կարող են դիտվել միայն որպես գրավոր ապացույցներ:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ փորձագետի եզրակացությունն ինքնուրույն ապացույցի տեսակ է և փորձաքննության նշանակման ու կատարման ժամանակ պետք է պահպանվեն քրեական դատավարության օրենքի բոլոր պահանջները:

Մասնավորապես պետք է նկատի ունենալ, որ փորձաքննություն կարող է նշանակվել միայն քրեական գործի հարուցումից հետո, առանձին որոշմամբ, փորձագետը պետք է նախազգուշացվի ՀՀ քր.օր. 196 և 197 հոդվածներով, ինչպես նաև պետք է պահպանվեն մեղադրյալի` ՀՀ քր.դատ.օր. 177 հոդվածով սահմանված դատավարական իրավունքները:

3. Պարզաբանել, որ դատի տալու փուլում փորձաքննության կատարում չի թույլատրվում, այլ կարող է տեղի ունենալ միայն գործի դատական քննության ընթացքում` քրեական-դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դրա հետ միաժամանակ գործի դատաքննության փուլում փորձաքննության կատարումը ապահովելու համար դատավորը կամ դատարանը տնօրինական նիստում ՀՀ քր.դատ.օր. 221, 222 հոդ.հոդ. համապատասխան իրավասու է լուծել հատուկ գիտելիքների տիրապետող, այդ թվում նաև նախաքննության ստադիայում փորձաքննություն չկատարած անձի դատական նիստին հրավիրելու հարցը:

4. Տուժողի գանգատի հիման վրա հարուցվող քրեական գործերով երբ անհրաժեշտ է ոչ թե բժշկական քննություն, այլ փորձագիտական հետազոտում, փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշում կարող է ընդունել դատավորը գործը հարուցելիս, իսկ դատական քննության փուլում` դատարանի որոշմամբ: Ըստ որում պետք է պահպանվեն մեղադրյալի քրեական դատավարական իրավունքները:

5. Դատարանների ուշադրությունը հրավիրել քննչական մարմինների նկատմամբ պահանջկոտությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա:

Այն դեպքերում, երբ հետաքննության կամ նախաքննության ժամանակ փորձաքննություն չի կատարվել այն հանգամանքների վերաբերյալ, որոնց պարզելու համար հատուկ գիտելիքներ են պահանջվում, դատավորը, կամ դատարանը, տնօրինական նիստում, պարտավոր են լուծել դատաքննության ժամանակ համապատասխան փորձաքննություն կատարելու կամ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը վերադարձնելու անհրաժեշտության հարցը: Դատարանը որոշումը ընդունում է ելնելով այն հանգամանքների բնույթից, որոնք ենթակա են հետազոտման, դատի տալու հիմքերի բավարար լինելու մասին հետևություններ անելու համար նրանց նշանակությունից, ինչպես նաև փորձագետին դատական նիստում հետազոտման ենթակա նյութերը ներկայացնելու հնարավորությունից:

Լրացուցիչ քննություն կատարելու համար գործը վերադարձնելիս որոշման մեջ պետք է նշվի, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են ենթակա պարզելու փորձաքննություն կատարելու միջոցով:

6. Պարզաբանել դատարաններին, որ անհրաժեշտության դեպքում, երբ այս կամ այն հանգամանքի պարզումը հնարավոր չէ առանձին փորձաքննություններ կատարելու միջոցով, կամ դա դուրս է գալիս մեկ փորձագետի կամ փորձագետների հանձնաժողովի իրավասության սահմաններից, կարող է նշանակվել մի շարք հետազոտությունների կատարումը, որ կիրականացնեն մի քանի փորձագետներ տարբեր հատուկ գիտելիքներ օգտագործելու հիման վրա: Ըստ որում փորձագետները իրավասու են կազմել համատեղ եզրակացություն: Փորձագետների եզրակացության մեջ պետք է ցույց տրվի, թե ինչ հետազոտություններ է կատարել յուրաքանչյուր փորձագետը, ինչ փաստեր է նա անձամբ պարզել և ինչ հետևությունների է հանգել: Յուրաքանչյուր փորձագետ իրավասու է ստորագրելու ընդհանուր եզրակացությունը կամ նրա այն մասը, որն արտացոլում է անձամբ նրա կողմից կատարված հետազոտություններն ընթացքն ու արդյունքները: Եթե վերջնական եզրակացության հիմքը հանդիսանում են այն փաստերը, որոնք պարզվել են այլ փորձագետի կողմից, ապա այդ մասին ևս պետք է նշվի եզրակացության մեջ:

Օրենքի պահանջը այն մասին, որ փորձագետը եզրակացությունը տալիս է իր անունից, իր կողմից կատարված հետազոտությունների հիման վրա, իր գիտելիքներին համապատասխան և անձնական պատասխանատվություն է կրում իր տված եզրակացության համար ՀՀ քր.դատ.օր. 66 հոդվածը լիովին տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր մասնակցել են նման փորձաքննություն կատարելուն:

7. Պարզաբանել դատարաններին, որ օրինակ, ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտման միջոցով անձի փորձաքննություն կատարելու եղանակի հարցի լուծումը մտնում է փորձագետի իրավասության մեջ: Դրա հետ միաժամանակ դատարանը ելնելով գործի հանգամանքներից, փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման մեջ կարող է նշել դատա-բժշկական /դատա-հոգեբուժական/ փորձաքննության կատարման անհրաժեշտությունը, ստացիոնար հետազոտման համար ամբաստանյալին տեղավորելով համապատասխան բուժական հիմնարկում:

8. Պարզաբանել դատարաններին, որ դատական նիստին որպես փորձագետ հրավիրված անձը, որը փորձագետ չի նշանակվել նախաքննության ժամանակ, փորձաքննության առարկային վերաբերող գործի հանգամաքների հետազոտմանը կարող է մասնակցել միայն փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո /ՀՀ քր.օր. 278 և 279 հոդվածները/:

Դատարանը իրավասու չէ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշումը փոխարինելու այլ փաստաթղթերով, որոնք նախատեսված չեն օրենքով /ուղեկցական նամակով, փորձագետին տրվող հարցերի ցուցակով և այլն/:

9. Անկախ այն բանից նախաքննության փուլում փորձաքննություն կատարվել է թե ոչ, դատարանում փորձաքննություն կատարելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀ քր.դատ.օր. 265, 278, 279 հոդվածների պահանջները:

Նախագահողը պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված միջոցները ուսումնասիրելու դատական նիստում այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են փորձագետի կողմից եզրակացություն տալու համար, և միայն դրանից հետո առաջարկել դատական քննության մասնակիցներին հարցերը փորձագետին ներկայացնել գրավոր ձևով:

Այն դեպքում, երբ ամբաստանյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, կամ քաղաքացիական պատասխանողը կամ դատական քննության մյուս մասնակիցները հարգելի պատճառներով չեն կարող գրավոր ձևով հարցերը ներկայացնել փորձագետին, նրանք կարող են դրանք շարադրել բանավոր: Այդ հարցերը մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

Դատարանը պետք է հրապարակի բոլոր ներկայացված հարցերը և նրանց առթիվ լսի դատական քննության մասնակիցների կարծիքը:

10. Պարզաբանել դատարաններին, որ ըստ ՀՀ քր.դատ.օր. 252 և 278 հոդվածներին համապատասխան փորձագետին առաջադրվող հարցերը պետք է ձևակերպվեն դատարանի որոշմամբ: Որոշման մեջ բացի դատարանի կողմից փորձագետի լուծմանը առաջադրվող հարցերից, պետք է նշվի, թե դատական քննության մասնակիցների կողմից ներկայացված ինչ հարցեր են մերժվել դատարանի կողմից և դրանց մերժման շարժառիթները: Դատարանը կաշկանդված չէ այն հարցերի ձևակերպմամբ ու ցանկով, որ առաջադրվել են դատական քննության մասնակիցների կողմից, ինչպես նաև նախաքննության ընթացքում դրվել են փորձագետի առաջ:

11. Դատարանները պետք է հաշվի առնեն, որ փորձագետին առաջադրված հարցերը և դրանց վերաբերյալ փորձագետի եզրակացությունը չեն կարող դուրս գալ այն անձի հատուկ գիտելիքների սահմաններից, որին հանձնարարվել է փորձաքննության կատարումը /ՀՀ քր.դատ.օր. 66 հոդված/: Դատարանները չպետք է թույլ տան փորձագետի առաջ այնպիսի իրավական հարցեր դնելու, որոնք չեն մտնում նրա իրավասության մեջ /օրինակ` տեղի է ունեցել արդյոք հափշտակում կամ պակասորդ, սպանություն կամ ինքնասպանություն և այլն/:

12. Պարզաբանել դատարաններին, որ լրացուցիչ փորձաքննություն կատարելու համար հիմք է հանդիսանում փորձագետի եզրակացության թերի լինելը կամ ոչ բավականաչափ պարզ լինելը: Թերի կարող է ճանաչվել այն եզրակացությունը, որը հիմնված է փորձագետի ներկայացված ոչ բոլոր օբյեկտների հետազոտությունների վրա կամ չի պարունակում փորձագետի սպառիչ պատասխանները առաջադրված բոլոր հարցերին:

Ըստ ՀՀ քր.դատ.օր. 67 և 280 հոդվածների իմաստի, լրացուցիչ փորձաքննություն է նշանակվում միայն փորձագետի կողմից դատական քննության փուլում եզրակացություն տալուց հետո, եթե եզրակացության ոչ բավականաչափ պարզ լինելը կամ լրիվ լինելը հնարավոր չի լինում վերացնել փորձագետի հարցաքննության միջոցով:

Ելնելով հարցերի բնույթից և հետազոտվող նյութերի ծավալից լրացուցիչ փորձաքննությունը կարող է կատարվել դատական նիստում: Դատավորները և դատական քննության մասնակիցները իրավասու են ներկա գտնվելու դատական նիստի դահլիճից դուրս կատարվող փորձաքննությանը:

Այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում նոր օբյեկտներ հետազոտելու, դատարանը փորձաքննությունը նշանակում է ՀՀ քր.դատ.օր. 67 հոդվածին համապատասխան, որը կարող է հանձնարարվել նույն փորձագետին, եթե նման հետազոտումը դուրս չի գալիս նրա հատուկ գիտելիքների սահմաններից:

13. Կրկնակի փորձաքննություն, ըստ ՀՀ քր.դատ.օր. 67 հոդվածի իմաստի, դատարանի կողմից կարող է նշանակվել, եթե փորձագետի հետևությունները հակասում են գործի փաստական հանգամանքներին կամ երբ դատական քննության ժամանակ երևան են եկել նոր տվյալներ, որոնք կարող են ազդել փորձագետի հետևությունների վրա, ինչպես նաև այն դեպքերում, երբ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս թույլ են տրվել քրեական դատավարության օրենքի էական խախտումներ:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փորձագետի հետևությունների հետ համաձայն չլինելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելը պարտադիր չի համարվում: Այդ հարցը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ հանգամանքների վերաբերյալ գործում եղած մյուս ապացույցները, ինչպես նաև կրկնակի փորձաքննություն կատարելու գործնական հնարավորությունը, օրինակ, հետազոտվող օբյեկտների կորստի կամ էական փոփոխությունների դեպքում:

14. Դատարանների ուշադրությունը հրավիրել փորձագետի եզրակացության նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքի դեպքերը վերացնելու անհրաժեշտության վրա: ՀՀ քր.դատ.օր. 58 հոդ. ուժով փորձագետի եզրակացությունը նախապես հաստատված ապացույց չէ, մյուս ապացույցների համեմատությամբ առավելություն չունի և ինչպես մյուս բոլոր ապացույցները, ենթակա է գնահատության ընդհանուր կարգով:

Գնահատելով փորձագետի հետևությունները, դատարանները պետք է հաշվի առնեն նրա որակավորումը, ինչպես նաև այն հանգամանքը, թե ներկայացվել են արդյոք փորձագետին բավարար նյութեր և հետազոտման պատշաճ օբյեկտներ:

Դատարանների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ փորձագետի հավանական եզրակացությունը չի կարող դրվել դատավճռի հիմքում:

Փորձագետի եզրակացության գնահատման արդյունքները պետք է լրիվ արտացոլում գտնեն դատավճռում: Դատավորը պարտավոր է նշել, թե ինչ փաստեր են պարզվել փորձագետի եզրակացությամբ: Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել նրա եզրակացությանը:

15. Նկատի ունենալով, որ ՀՀ քր.դատ.օր. 299 հոդ. ուժով դատավճիռը կարող է հիմնված լինել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատական նիստում, դատարանը այն գործերով, որոնցով փորձաքննությունը կատարվել է նախաքննության փուլում, անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի փորձագետի մասնակցությունը դատական նիստին:

Եթե դատարանը ՀՀ քր.դատ.օր. 262 հոդվածի կարգով հնարավոր է համարել գործը քննելու եզրակացություն տվող փորձագետի բացակայությամբ, ապա փորձագետի եզրակացությունը պետք է հրապարակվի և հետազոտվի դատական նիստում:

Դատարանը փորձագետի միջնորդությամբ կարող է սահմանափակել նրա ներկայությունը դատական նիստում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է փորձաքննության առարկայի հետ առնչություն ունեցող ապացույցների հետազոտման համար: Փորձագետի կողմից եզրակացություն տալուց և դատարանի կողմից ՀՀ քր.դատ.օր. 279 հոդվածին համապատասխան այդ եզրակացությունը ստուգելուց հետո, մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների կարծիքները լսելուց հետո, փորձագետը դատարանի կողմից կարող է ազատվել դատարանում ներկա լինելուց, որի մասին նշվում է դատական նիստի արձանագրության մեջ:

16. Պարզաբանել, որ գործը վճռաբեկության կամ հսկողության կարգով վերանայելիս դատարանները իրավասու չեն փորձաքննություն նշանակելու, այդ թվում լրացուցիչ կամ կրկնակի: Ներկայացված լրացուցիչ նյութերը, մասնավորապես գիտակ անձի կարծիքը, չեն կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը և հիմք ծառայել դատավճիռը փոփոխելուն կամ բեկանելուն, կարճելով գործը: Փորձագետի եզրակացության ճշտության նկատմամբ կասկածներ լինելու դեպքում, որը էական նշանակություն է ունեցել դատավճռի կայացման համար, դատարանը վճռաբեկության կամ հսկողության կարգով պետք է բեկանի դատավճիռը և գործը ուղարկի նոր քննության կամ նոր դատական քննության, պատճառաբանված ցուցում տալով կրկնակի փորձաքննություն կատարելու անհրաժեշտության մասին:

 

 

pin
ԳԴ պլենում մ
26.05.1992
Որոշում