ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ
26 մայիսի 1992 թ. ք. Երևան
Դատապարտյալներին պատժից պայմանական
վաղակետ ազատելու և պատիժն ավելի
մեղմ պատժով փոխարինելու դատական
պրակտիկայի մասին
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժողդատարանները հիմնականում ճիշտ են կիրառում պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին օրենսդրությունը:
Դրա հետ մեկտեղ դատարանների կողմից պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու պրակտիկայում տեղ են գտնում թերություններ և օրենքի խախտումներ, որոնք նվազեցնում են այդ միջոցների դաստիարակչական ներգործությունը:
Հակառակ օրենքի պահանջի, որը թույլատրում է պատժից պայմանական վաղակետ ազատում և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինում կիրառել միայն այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր օրինակելի վարքագծով և դեպի աշխատանքն ազնիվ վերաբերմունքով ապացուցել են իրենց դաստիարակվելը, առանձին դատարաններ այդ միջոցները կիրառում են այնպիսի անձանց նկատմամբ, ովքեր չեն կանգնել ուղղման ճանապարհին:
Դրա հետ մեկտեղ դատական պրակտիկայում հանդիպում են պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու անհիմն մերժման դեպքեր:
Առանձին դեպքերում նման գործերով դատավարության ժամանակ ժողդատարանների կողմից թույլ է տրվում ձևական մոտեցում:
Այդ գործերով կայացված որոշումներում պատժից պայմանական վաղակետ ազատելիս կամ այն մերժելիս ոչ միշտ են պարունակում այն շարժառիթները, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրակացության:
Դատարանների կողմից տարբեր կերպ է լուծվում այն անձանց նկատմամբ պայմանական վաղակետ ազատելու հարցը, ովքեր ազատազրկման վայրերից ազատվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, ինչպես նաև ովքեր դատապարտվել են պայմանականորեն ազատազրկման պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով և հետագայում դատարանի կողմից ուղարկվել են պատիժը կրելու ազատազրկման վայրերում:
Դատական պրակտիկաում նկատված թերությունները վերացնելու և պատժից պայմանական վաղակետ ազատելու ու պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ օրենսդրությունը ճիշտ կիրառելու նպատակով ՀՀ Գերագույն դատարանի պլենումը
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Դատարաններին հիշեցնել, որ պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին օրենքի պահանջի ճիշտ և անշեղ կատարումը ունի բացառիկ կարևոր նշանակություն դատապարտյալների վերադաստիարակման, կրկնահանցագործության նվազեցման և հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման գործում:
2. Դատարաններն օրենքի պահանջներին համապատասխան քննության առնելով պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորության հարցը, պարտավոր են ապահովել խիստ անհատական մոտեցում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ:
Պատժից պայմանական վաղակետ ազատում, ինչպես և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել միայն այն դատապարտյալների նկատմամբ, որոնք կրելով պատժի օրենքով սահմանված մասը, օրինակելի վարքագծով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով, իսկ այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են մինչև տասնութ տարին լրանալը, նաև ազնիվ վերաբերմունքով դեպի ուսուցումը, ապացուցել են իրենց ուղղված լինելը:
Դատարանի հետևությունը դատապարտյալի ուղղված լինելու մասին պետք է հիմնավորված լինի ուղղիչ աշխատանքային հիմնարկում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանում նրա վարքագծի վերաբերյալ եղած բոլոր տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա:
Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել դատապարտյալի կողմից ուղղիչ աշխատանքային հիմնարկում ռեժիմի պահպանման, դեպի աշխատանքն ու ուսուցումը նրա վերաբերմունքի, հասարակական կյանքում նրա մասնակցության և այլնի վերաբերյալ եղած տեղեկությունները:
3. Դատարանները պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել գործի այն հանգամանքները, որոնք նշանակություն ունեն պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին հարցը լուծելիս: Այդ թվում առաջին հերթին պետք է պարզել. արդյոք չի բացառվում պատժից պայմանական վաղակետ ազատում և այդպիսին ավելի մեղմ պատժով փոխարինում, ՀՀ քրեական օրենսգրքի 49.1 հոդ. հիմքով ենթակա է արդյոք դատապարտյալը ազատման կրելով նշանակված պատժի մեկ երրորդը, կեսը, երկու երրորդը կամ երեք քառորդը, պատժի որ մասն է նա փաստորեն կրել:
4. Պայմանական վաղակետ ազատում կիրառելու մասին հարցը քննության առնելիս դատարանը հաշվի է առնում ներկայացված նյութերի մեջ եղած տեղեկությունները դատապարտյալի կողմից ընտրված բնակության վայրի մասին, ընտանիքի և այլ ազգականների առարկությունը, որոնց հետ նա պետք է բնակվի, կոնկրետ ձեռնարկությունում նրա աշխատանքի ընդունման հնարավորությունը, աշխատանքային կոլեկտիվի համաձայնությունը, իսկ մինչև տասնութ տարին լրանալը հանցագործություն կատարած դատապարտյալի հանդեպ` նաև կոնկրետ անձի կողմից դատապարտյալի նկատմամբ իրականացվող հսկողության և դաստիարակչական աշխատանքների հնարավորությունը:
Նշված տեղեկությունների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ մերժելու պայմանական վաղակետ ազատելու մասին միջնորդագիրը:
Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է այդ բացթողումները լրացնելու համար հետաձգել գործի քննությունը կամ էլ այն ետ վերադարձնել:
5. Դատարաններն իրենց վարույթ չպետք է ընդունեն պայմանական վաղակետ ազատելու մասին այն միջնորդությունները, որոնք չեն բավարարում ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքի 107 հոդ. պահանջները, մասնավորապես չեն պարունակում այնպիսի տվյալներ, որոնք բնութագրում են դատապարտյալի վարքագիծը, պատիժը կրելու ամբողջ ժամանակաշրջանում նրա վերաբերմունքը դեպի աշխատանքն ու ուսուցումը և ապացուցում, որ նա ուղղվել է, ինչպես նաև տեղեկություններ սահմանված պատժի օրենքով նախատեսված մասը կրելու վերաբերյալ:
Եթե ներկայացված նյութերում չկան բավարար տվյալներ գործը քննության առնելու համար և դատաքննության ընթացքում հնարավոր չէ դրանք լրացնել` չկան անչափահասների հանձնաժողովի որոշումների քաղվածքները, դատավորը գործը քննության նախապատրաստելու ընթացքում միանձնյա վերադարձնում է նյութերը համապատասխան ձևակերպման, իսկ եթե դրանք հայտնաբերվել են դատաքննության ընթացքում, ապա դատարանը համապատասխան որոշում է կայացնում` ցույց տալով այն հիմքերը, որոնց հիման վրա նյութերը վերադարձվում են:
6. Դատական պրակտիկայում չպետք է տեղ գտնեն պատժից պայմանական վաղակետ սխալ ազատելու, ինչպես և անհիմն մերժելու դեպքերը: Մասնավորապես, դատարաններն իրավունք չունեն մերժելու պայմանական վաղակետ ազատելու միջնորդագրերը այնպիսի շարժառիթներով, որոնք նշված չեն օրենքում, ինչպես օրինակ` նշանակված պատժի մեղմությունը և կամ դատապարտյալի տվյալ ուղղիչ աշխատանքային հիմնարկում կարճաժամկետ գտնվելը:
7. Պարզաբանել դատարաններին, որ պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ չազատելու, ինչպես նաև պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորության հարցը պետք է լուծվի ոչ թե անձի դատապարտվելու, այլ տվյալ պահին գործող օրենքով:
8. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 49.1 հոդ. 5-րդ կետի համապատասխան պատժից վաղակետ ազատում և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինում չի կիրառվում նախկինում դիտավորյալ հանցագործությունների համար երկու և ավելի անգամ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ, եթե նախորդ հանցագործության համար դատվածությունը չի հանված:
9. Դատարաններին անհրաժեշտ է պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու գործերը քննելիս առանձնապես ուշադիր վերաբերմունք ցուցաբերել այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր հանցագործությունը կատարել են մինչև տասնութ տարին լրանալը:
Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժ են կրում մինչև տասնութ տարին կատարած հանցագործության համար, պատժից պայմանական վաղակետ ազատում և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել այն հիմքերի առկայության դեպքում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 50 հոդվածով` անկախ նրանց կողմից կատարված հանցագործության բնույթից:
Այդ դատապարտյալների նկատմամբ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելիս պարտադիր աշխատանքների կիրառում չի թույլատրվում:
Եթե դատապարտյալը, որը պատիժ է կրում մինչև տասնութ տարին կատարած հանցագործության համար, տասնութ տարին լրանալուց հետո կատարի նոր հանցագործություն, որը չի բացառում պայմանական վաղակետ ազատում, նրա պայմանական վաղակետ ազատման հարցերը լուծվում է այն կարգով, ինչպես նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 49 հոդ.: Այդ կանոնը չի կիրառվում այն դեպքում, երբ վերջին հանցագործությունը դատապարտյալը կատարել է մինչև տասնութ տարին լրանալը: Նման դեպքում դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղակետ ազատվել նշանակված պատժի ոչ պակաս կեսը կրելուց հետո, իսկ տասնութ տարին լրանալուց հետո կատարած նոր հանցագործության համար` ոչ պակաս պատժի երկու երրորդը կրելուց հետո:
10. Դատարանները պատժից պայմանական վաղակետ ազատելու մասին միջնորդագրերը քննության առնելիս իրավունք չունեն պատժի չկրած մասը փոխարինել պայմանական ազատազրկմամբ, կրճատել այն կամ էլ դատապարտյալին պայմանականորեն ազատել պատիժը կրելուց` ներգրավելով պարտադիր աշխատանքների, այլ կարող են միայն դատապարտյալին ազատել պայմանական վաղակետ կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժով կամ էլ մերժել այն:
11. Պատժից պայմանական վաղակետ ազատելիս դատարանները չպետք է սահմանեն որևէ փորձաշրջան, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածներին համապատասխան այդպիսի ժամկետ է հանդիսանում պատժի չկրած մասը:
Այդ կապակցությամբ պայմանական վաղակետ ազատելու մասին որոշման մեջ անհրաժեշտ է ցույց տալ պատժի չկրած մասը, որից դատապարտյալը ազատվում է:
12. Հիմնական պատժից այն դատապարտյալներին պայմանական վաղակետ ազատելիս, որոնց նկատմամբ կիրառվել են լրացուցիչ պատիժներ ՀՀ քրեական օրենսգրքի 49 հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով, դատարանները պատժի կատարումն իրականացնող մարմինների միջնորդությամբ կամ էլ սեփական նախաձեռնությամբ պարտավոր են քննության առնել դատապարտյալին լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու հնարավորության հարցը: Այդ հանգամանքը պետք է իր արտացոլումը գտնի որոշման եզրափակիչ մասում:
Եթե հիմնական պատժից պայմանական վաղակետ ազատելիս լրացուցիչ պատժից ազատելու հարցը դատարանի կողմից մերժվել է, ապա այդ հարցի կրկնակի քննությունը կարող է տեղի ունենալ այն ժամկետները լրանալուց հետո, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361 հոդ.:
Այն դեպքում, երբ դատապարտյալի լրացուցիչ պատժից պայմանական վաղակետ ազատելու հարցը, որը լրիվ կրել է հիմնական պատիժը, առաջ է եկել լրացուցիչ պատիժը կրելու ժամանակ, ապա դատարանը կարող է ազատել նրան այդ պատժի օրենքով սահմանված մասը կրելուց հետո և օրենքով սահմանված այլ պայմանների առկայության դեպքում:
13. Այն դեպքում, երբ դատապարտյալի նկատմամբ սահմանված պատիժը մեղմացվել է ամնիստիայի կամ ներման մասին ակտով կամ էլ դատարանի որոշմամբ, դատարանը պատժից պայմանական վաղակետ ազատելիս կամ էլ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելիս պետք է հաշվարկի կրած պատժի փաստական մասը` ելնելով այն պատժից, որը սահմանվել է ամնիստիայի կամ ներման մասին ակտով կամ դատարանի որոշմամբ:
14. Այն անձի նկատմամբ պատժից պայմանական վաղակետ ազատելու և կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորության հարցը քննելիս, որը ազատազրկման վայրից ազատվել է պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, բայց հետո դատարանի որոշմամբ վերադարձվել է ազատազրկման վայր, պետք է նկատի առնվի, որ ազատազրկման վայր վերադարձնելու փաստն ինքնին չի կարող հիմք հանդիսանել դատապարտյալին մերժելու պատժից պայմանական վաղակետ ազատելու հարցում: Նման դեպքում դատարանը պետք է ելնի ոչ միայն դատապարտյալին գաղութ վերադարձնելու փաստից, այլև համակցության մեջ հաշվի առնի նրա անձը բնութագրող բոլոր տվյալները, վերադարձնելուց հետո գաղութում մնալու ժամկետը, նրա վարքագիծը, վերաբերմունքը դեպի աշխատանքը և այլն:
Նույն կարգով պետք է լուծվի նաև այն անձանց վերաբերյալ հարցը, որոնք դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 23.2 հոդ. 1-ին մասի կիրառմամբ, սակայն հետագայում դատարանի որոշմամբ վերադարձվել են ազատազրկման վայր:
Նման անձանց նկատմամբ պայմանական վաղակետ ազատման հարցը լուծելիս դատարանները պետք է պահպանեն ՀՀ քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածների պահանջները, այսինքն պարզեն` կրել է արդյոք դատապարտյալը պատժաչափի օրենքով սահմանված մասը և ապացուցել է իր ուղղված լինելը օրինակելի վարքագծով և դեպի աշխատանքն ազնիվ վերաբերմունքով:
Պատժաչափի այն մասը հաշվարկելիս, որը կրելուց հետո թույլատրվում է պայմանական վաղակետ ազատում, դատարանները պետք է նկատի ունենան, որ կրած պատժի ժամկետի մեջ չի հաշվարկվում այդ անձանց կողմից շինարարության վրա կամ այլ ձեռնարկությունում աշխատանքի ժամկետը, որը դատարանը չի մտցրել կրած պատժի ժամկետի մեջ, իսկ պարտադիր աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտվածների նկատմամբ` նաև նրանց կողմից աշխատանքից խուսափելու ժամկետը:
15. Քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածներով նախատեսված այն անձանց պայմանական վաղակետ ազատման հարցը, որոնք նախկինում ազատվել են պայմանական վաղակետ և պատժի չկրած մասի ընթացքում կատարել են նոր հանցագործություն, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատժի չկրած մաս ասելով, պետք է հասկանալ.
ա/ Պայմանական վաղակետ ազատելու դեպքում` դատարանի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
բ/ Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս` ՀՀ քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածով նախատեսված ավելի մեղմ պատժի այն չկրած մասը, որը սահմանված է դատարանի որոշմամբ, ամնիստիայի կամ ներման ակտով:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370 հոդվածի համապատասխան պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին որոշումների վերանայումը հսկողության կարգով` դատապարտյալի վիճակը վատթարացնելու առումով չի թույլատրվում, եթե որոշումն օրինական ուժ ստանալուց հետո անցել է մեկ տարի:
17. Պայմանական վաղակետ ազատելու մասին դատարանների որոշումների դեմ` դրանք հիմնավորված չլինելու շարժառիթով բողոքները քննության առնելիս այն անձանց նկատմամբ, ովքեր որոշումը բողոքարկելու պահին արդեն ազատվել են կալանավայրից, դատարանները դատապարտյալներին ազատելու մասին նյութերը ստուգելու հետ մեկտեղ պետք է հաշվի առնեն նաև կալանավայրից ազատվելուց հետո նրանց վարքի վերաբերյալ եղած տվյալները:
18. Նոր հանցագործություն կատարած այն անձի նկատմամբ պատիժ նշանակելիս, որի նախորդ պատժի չկրած մասը ՀՀ քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածներին համապատասխան փոխարինվել է ավելի մեղմ պատժով, նոր կատարած հանցագործության համար նշանակված պատիժն ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածով սահմանված կանոններով լրիվ կամ մասնակիորեն գումարվում է ավելի մեղմ պատժի չկրած մասը:
19. Անթույլատրելի է համարել պատժից պայմանական վաղակետ ազատելու գործերի քննության ընթացքում ձևական մոտեցման յուրաքանչյուր դեպք:
Պայմանական վաղակետ ազատում կիրառելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված և իր մեջ պարունակի այն հետևությունների մանրամասն հիմնավորումը, որին հանգել է դատարանը քննության առնելով միջնորդագիրը:
20. Հանձնարարել դատարաններին մյուս դատապարտյալների նկատմամբ դաստիարակչական ներգործությունը ուժեղացնելու նպատակով պայմանական վաղակետ ազատելու մասին միջնորդագրերի քննությունը, որպես կանոն, կատարել ուղղիչ աշխատանքային հիմնարկում: