Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐ ...

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

         2 սեպտեմբերի 1992 թ.                       ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության դատարանների

կողմից պատիժ նշանակելու ընդհանուր

սկզբունքների վերաբերյալ օրենսդրության

կիրառման պրակտիկայի մասին.

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը, քննության առնելով դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, նշում է, որ հանրապետության դատարանները որոշակի աշխատանք են կատարել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ օրենսդրության ճիշտ կիրառումը ապահովելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ օրինական, հիմնավորված և արդարացի պատիժը իրավակարգի ամրապնդման կարևոր միջոց է, դատարանները տարբերակված մոտեցում ցուցաբերելու ձգտումով, որպես կանոն, համեմատաբար խիստ պատիժներ են նշանակում ծանր հանցագործություններ կատարած կամ նախկինում դատապարտված և համառորեն ազնիվ աշխատանքային կյանքին ներգրավվել չցանկացող անձանց նկատմամբ, դրա հետ մեկտեղ ազատազրկման հետ չկապված պատիժներ են կիրառում առաջին անգամ հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարքներ կատարած անձանց նկատմամբ, որոնց ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու:

Հիմնականում ճիշտ է կիրառվում նաև պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտելու, նախատեսված նվազագույնից ավելի մեղմ պատիժ նշանակելու, պայմանական դատապարտության, դատավճռի կատարումը հետաձգելու վերաբերյալ օրենսդրությունը:

Պլենումը միաժամանակ արձանագրում է, որ պատիժ նշանակելու օրենսդրական ընդհանուր սկզբունքների կիրառման ուղղությամբ հանրապետության դատական պրակտիկայում դեռևս քիչ չեն սխալներն ու բացթողումները: Դատարանները միշտ չէ, որ պատիժներ նշանակելիս ճիշտ են հաշվի առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը:

Անտեսելով պատժի անհատականացման սկզբունքը, դատարանները որոշ դեպքերում կրկնահանցագործների, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ նշանակում են չհիմնավորված մեղմ պատիժներ: Դրա հետ մեկտեղ երբեմն անհիմն ազատազրկում են կիրառում այնպիսի անձանց նկատմամբ, որոնց ուղղումն ու վերադաստիարակումը, ըստ գործի հանգամանքների, հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու, ոչ բոլոր գործերով են, երբ դրա համար կան բավարար հիմքեր, քննության առարկա դարձնում պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտելու հարցը:

Երբեմն դատարանները կատարելով թերի քննություն, չեն պարզում հանցավորի անձը բնութագրով բոլոր տվյալները, պատժատեսակ և պատժաչափ սահմանելիս հաշվի չեն առնում գործի կոնկրետ հանգամանքները: Որոշ դեպքերում ծանրացնող են համարում այնպիսի հանգամանքներ, որպիսիք օրենքով նախատեսված չեն, իսկ հաճախ էլ դատավճիռներում չի պատճառաբանվում հանցավորների նկատմամբ պատժի այս կամ այն միջոցի կիրառումը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան վճռաբեկության և հսկողության կարգով գործեր քննելիս միշտ չէ, որ ուղղում է պատժի նշանակման հարցում ժողդատարանների թույլ տված սխալները, պատժատեսակի ու պատժաչափի վերաբերյալ իր ընդունած որոշումներով դեռևս ինչպես հարկն է չի նպաստում միասնական դատական պրակտիկայի ապահովմանը:

Պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների վերաբերյալ օրենսդրության անշեղ կիրառումը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Պահանջել դատարաններից պատիժներ նշանակելիս անշեղորեն ղեկավարվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների կիրառման վերաբերյալ օրենսդրության պահանջներով, նկատի ունենալով, որ միայն օրինական, հիմնավորված և արդարացի պատիժները կարող են ապահովել դատապարտվածներին աշխատանքին ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու, համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելու, ինչպես նաև նրանց և այլ անձանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու մասին պատժի օրենսդրական նպատակների իրականացումը:

2. Հիշեցնել դատարաններին, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34 հոդվածը սահմանում է պատժի նշանակման հետևյալ ընդհանուր սկզբունքները. պատիժ նշանակվում է օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարած հանցագործության համար, պատիժ նշանակելիս հաշվի է առնվում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը:

3. Հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը որոշելիս դատարանները պետք է ելնեն այն բոլոր հանգամանքների համակցությունից, որոնցում կատարվել է կոնկրետ հանցավոր արարքը /մեղքի ձևը, հանցագործության կատարման շարժառիթները, եղանակը, իրադրությունը և փուլը, առաջացած հետևանքների ծանրությունը, հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը և այլն:

4. Պատիժ նշանակելիս խիստ անհատական մոտեցում ապահովելու նպատակով դատարանները պարտավոր են նաև բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, լրացնել այդ ուղղությամբ նախաքննության բացթողումները:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անձը բացասաբար բնութագրող այն տվյալները, որոնք չեն նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 36 հոդվածով, չեն կարող դիտվել որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, սակայն դրանք որպես անձը բնութագրող տվյալներ պետք է նկատի առնվեն պատժատեսակն ու պատժաչափը որոշելիս:

5. Նկատի ունենալով, որ ծանրացնող հանգամանքների ցանկը օրենքում սպառիչ է, դատարանները չեն կարող պատասխանատվությունը ծանրացնող համարել այլ հանգամանքներ: Իսկ այն հանգամանքները, որոնք նշված են քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի դիսպոզիցիայում որպես արարքի հատկանիշներ, չեն կարող դիտվել պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող:

6. Պարզաբանել, որ հանցագործությունը նախկինում որևէ հանցագործություն կատարած անձի կողմից կատարելը չի կարող դիտվել պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, եթե անցել է առաջին հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանվել կամ մարվել է, կամ օրենքով վերացվել է արարքի պատժելիությունը, ինչպես նաև այն դեպքերում, երբ նախկինում կատարած հանցագործության համար անձը, ՀՀ քր.օր. 46 հոդ. կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից, սակայն դա պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնվի որպես անձը բացասական բնութագրող տվյալ:

7. Դատարաններին պարտավորեցնել, որ բոլոր այն դեպքերում, երբ հոդվածի սանկցիան այլընտրանքային է և ազատազրկման հետ մեկտեղ նախատեսում է նաև ուղղիչ աշխատանքներ, տուգանք, հասարակական պարսավանք և այլն, ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս դատավճռում պարտադիր կարգով նշել դրա շարժառիթները:

8. Նշանակվող պատժի արդարացիության ապահովման գործում կարևոր նշանակություն տալով այնպիսի ինստիտուտների կիրառմանը, ինչպիսիք են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկումը, հոդվածով նախատեսված նվազագույնից ավելի մեղմ պատիժ նշանակելը, պայմանական դատապարտությունը, դատավճռի կատարման հետաձգումը, դատարանները պետք է դրանք կիրառելիս անշեղորեն ղեկավարվեն ՀՀ քրեական օրենսգրքի 23.2, 40 և 41 հոդվածների պահանջներով:

9. Բոլոր այն դեպքերում, երբ դրա համար կան բավարար հիմքեր, դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն հանցավորներին ՀՀ քր.օր. 46 հոդվածի կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հարցը:

10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիային վճռաբեկ ատյանում առավելագույն չափով շտկել պատժի նշանակման հարցում ժողդատարանների թույլ տված սխալները, միջոցներ ձեռնարկել հանրապետությունում քրեական պատժի միատեսակ և կայուն պրակտիկա ստեղծելու համար:

 

 

pin
ԳԴ պլենում մ
02.09.1992
Որոշում