040.0238.030797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 1997 թ. թիվ 238
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ (ԳՐԱՆՏՆԵՐ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 500000000 ինե գումարով ոչ ծրագրային և 400000000 ինե գումարով պարենային արտադրության ընդլայնման համար դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին Երևանում փոխանակված նոտաների պահանջների իրականացման և նշված միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ դրամաշնորհների հաշվին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները չեն կարող վերաարտահանվել Հայաստանի Հանրապետության տարածքից:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` 5-օրյա ժամկետում`
ա/ Հայաստանի Հանրապետության անունով Տոկիո-Միցուբիշի բանկում յուրաքանչյուր դրամաշնորհի համար առանձին բացել սովորական (իենային) դեպոզիտային հաշիվ` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ/ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհների հաշվին ձեռք բերված ապրանքների և ծառայությունների իրացումից գոյացող դրամական միջոցների հավաքագրման ու օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով յուրաքանչյուր դրամաշնորհի համար բացել առանձին դեպոզիտային դրամային հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա/ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհների հաշվին ապրանքների ձեռքբերումն ու ներկրումն ապահովելու նպատակով շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել դրամաշնորհային (գրանտային) ծրագրերի կառավարման հանձնաժողով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ.
բ/ երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն երկրորդ դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքների մատակարարման և տեղաբաշխման մրցութային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
4. Դրամաշնորհային (գրանտային) ծրագրերի կառավարման հանձնաժողովին`
ա/ Ճապոնիայի կառավարության կողմից առաջին դրամաշնորհի օգտագործման համար լիազորված «Քրոուն Էյջընթս» կազմակերպության հետ համատեղ ձեռնարկել բոլոր միջոցները` ապրանքների և ծառայությունների ձեռքբերումները գումարի դեպոզիտագրման պահից սկսած մեկ տարվա ընթացքում ավարտելու համար.
բ/ ձեռնարկել բոլոր միջոցները` երկրորդ դրամաշնորհի հաշվին ապրանքների ներկրումը մինչև 1998 թվականի մարտի 31-ը ավարտելու համար.
գ/ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել դրամաշնորհների հաշվին ձեռք բերված ապրանքների և ծառայությունների իրացումից ստացված գումարների օգտագործման ծրագրեր` համաձայնեցնելով Ճապոնիայի կառավարության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 3-ից: