ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 մայիսի 2005 թվականի N 20
8. ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ ներառական կրթության մասին հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 25-ի նիստի
N 20 արձանագրային որոշման
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Ներառական կրթության հայեցակարգի հիմնական նպատակն է ուրվագծել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրակրթական դպրոցում կրթության կազմակերպման և հատուկ կրթության բարեփոխման հիմնադրույթները:
Չբացառելով հատուկ ուսումնական հաստատությունների գործունեությունը` Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթությունը դիտարկվում է որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավվելու և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ, տարրական աշխատանքային հմտություններ ձեռք բերելու միջոց: Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության առանձին սկզբունքներ ամրագրվել են «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագիր» Հայաստանի Հանրապետության օրենքներում, այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում: Մասնավորապես, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության համար ընդհանուր հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն ընտրելու ծնողի իրավունքը:
Ներառական կրթության զարգացման համար կարևոր է օրենսդրական դաշտի լիարժեք ապահովումը, մասնավորապես`
ա) ներառական կրթության օրենսդրական շրջանակների հստակեցումը,
բ) կրթության հաստատությունների համար պարտադիր ներառական պրակտիկայի ամրագրումը,
գ) ներառական կրթության պատասխանատուների (կազմակերպություններ, համայնքներ, ծնողներ) իրավունքների և պարտականությունների սահմանումը:
Անհրաժեշտ է ծրագրել և իրականացնել ներառական կրթության կազմակերպման աստիճանական, հաջորդական քայլեր, կազմակերպել ներառական կրթության վերաբերյալ հետազոտություններ, համաժողովներ, սեմինարներ, ձևավորել նպաստավոր հասարակական կարծիք:
Ներառական կրթությունը նպատակահարմար է սկսել մանկապարտեզից: Անհրաժեշտ է գործուն աջակցություն ցուցաբերել ներառական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ներառական կրթության իրականացման պայմանների բարելավմանը:
Հատուկ կրթության պետական չափորոշիչները ծառայում են որպես յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան անհատական ուսումնական ծրագիր կազմելու և մեթոդամանկավարժական աշխատանք կազմակերպելու հենք ու հիմք: Հանրակրթության պետական կրթակարգը տարածվում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա: Կրթության բովանդակության բաղադրիչները հավասարապես վերաբերում են նաև հատուկ կրթության համակարգին` հաշվի առնելով յուրաքանչյուր անհատ երեխայի ընդունակություններն ու հնարավորությունները:
Յուրաքանչյուր համայնք պետք է շահագրգռված լինի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար կրթություն ստանալու պայմանների ստեղծմամբ: Հայաստանի Հանրապետությունը պետք է օժանդակի դպրոցին, համայնքներին և ծնողներին` մշակելու համապատասխան միջհամայնքային ծրագրեր: Կրթության որակի գնահատման չափանիշ պետք է համարվի նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածությունը: Համայնքային մակարդակով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխաների վաղ տարիքում գնահատման հարցում մանկավարժ մասնագետների, բժիշկների և ծնողների համագործակցությունն ապահովելու համար:
Ներառական կրթության պահանջներին համապատասխան անհրաժեշտ է փոփոխություններ կատարել մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում և ծրագրերում:
Ներառական կրթության հարցերում կարևորվում է ընտանիքի բացառիկ դերը, ուստի պետությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և հատկապես գիշերօթիկային ռեժիմով աշխատող հաստատություններում սոցիալական դրդապատճառներով հայտնված երեխաներին ընտանիք և հանրակրթական դպրոց վերադարձնելու համար: Ներառական կրթության և պարտադիր ուսուցման ապահովման գործում դպրոցը պետք է սերտորեն համագործակցի ծնողների, մարզային և համայնքային համապատասխան սոցիալական, կրթական և առողջապահական մարմինների հետ: