Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉ ...

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

/1-46 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:

 

Հոդված 2

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև, անգամ այն դեպքում, եթե դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր Պայմանավորվող Կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերությունները իրենց փոխհարաբերություններում մնում են Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:

 

Հոդված 3

Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.

1 Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.

a/ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,

b/ պատանդ վերցնելը,

c/ ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,

d/ դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի շրջանում անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:

2 Վիրավորներին և հիվանդներին կջոկեն և նրանց ցույց կտրվի օգնություն:

Անաչառ մարդասիրական կազմակերպությունը, այդպիսին, ինչպիսին Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին:

Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:

Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավաբանական կարգավիճակը:

 

Հոդված 4

Սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ են այն անձինք, որոնք կոնֆլիկտի կամ օկուպացման դեպքում ինչ-որ պահ և ինչ-որ ձևով հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի կամ օկուպացված այն տերության իշխանության ներքո, որի քաղաքացիները չեն հանդիսանում նրանք:

Սույն Կոնվենցիայով չկապված որևէ պետության քաղաքացիները չեն գտնվում Կոնվենցիայի պաշտպանության տակ: Որևէ չեզոք պետության քաղաքացիները, որոնք գտնվում են պատերազմող պետություններից մեկնումեկի տարածքում, և պատերազմող որևէ պետության քաղաքացիները, չեն դիտվի որպես հովանավորվող անձինք այնքան ժամանակ, քանի դեռ այն պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, ունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն այն պետությանն առընթեր, որի իշխանության տակ են նրանք գտնվում:

Սակայն 2-րդ բաժնի դրույթներն ունեն կիրառման` 13 հոդվածով սահմանված առավել լայն դաշտ:

Այն անձինք, որոնք գտնվում են գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի պաշտպանության տակ, չեն դիտվի որպես այնպիսի անձինք, որոնք օգտվում են հովանավորությունից` սույն Կոնվենցիայի իմաստով:

 

Հոդված 5

Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ իր տարածքում որևէ առանձին անձ, որը գտնվում է Կոնվենցիայի հովանավորության տակ, օրինական հիմունքներով կասկածվում է այդ պետության անվտանգության համար թշնամական գործողության մեջ, կամ երբ այդ գործունեությունը հիրավի հաստատված է, այդպիսի անձը իրավունք չունի հավակնելու սույն Կոնվենցիայով տրամադրվող այնպիսի իրավունքների և առավելությունների, որոնք վնաս կհասցնեին այդ պետության անվտանգությանը, եթե դրանք տրվեին տվյալ անձին:

Եթե Կոնվենցիայի հովանավորության տակ գտնվող առանձին անձը օկուպացված տարածքում բռնվել է որպես լրտես կամ դիվերսանտ կամ օրինական հիմունքներով կասկածվում է օկուպացված տերության անվտանգությանը սպառնացող գործողության մեջ, այն դեպքերում, երբ դա պահանջում են ռազմական անվտանգության անհրաժեշտ նկատառումները, տվյալ անձը կարող է զրկվել կապի այն իրավունքներից, որոնք տրամադրվում են տվյալ Կոնվենցիայով:

Վերը թվարկված յուրաքանչյուր դեպքում նախորդ պարբերություններում նախատեսված անձինք, սակայն, կօգտվեն մարդասիրական վարվելակերպից և դատական հետապնդման դեպքում չեն զրկվի արդարացի և նորմալ դատի իրենց իրավունքներից, որ նախատեսված է սույն Կոնվենցիայով: Նրանց նաև հնարավոր կարճ ժամկետում, որը համատեղելի է պետության կամ, համապատասխան դեպքում, օկուպացրած տերության անվտանգության հետ, լրիվ կտրամադրվեն այն իրավունքներն ու առավելությունները, որոնք հատկացվում են հովանավորվող անձին` սույն Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 6

Սույն Կոնվենցիան կկիրառվի 2 հոդվածում հիշատակված ամեն մի կոնֆլիկտի կամ օկուպացման սկզբից:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից հետո:

Օկուպացված տարածքում սույն Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից մեկ տարի անց, սակայն օկուպացրած տերությունն այնչափ,: որչափ նա այդ տարածքում իրականացնում է կառավարության ֆունկցիաներ, օկուպացման ժամանակաշրջանում կապված կլինի սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածների դրույթներով. 1-12, 27, 29, 30, 31, 32, 33, 34, 37, 49, 51, 52, 53, 59, 61-77 և 143:

Հովանավորվող անձինք, որոնց ազատումը, հայրենադարձությունը կամ գործի կարգավորումը տեղի կունենան այդ ժամկետներից հետո, այդ ընթացքում կմնան սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ:

 

Հոդված 7

11, 14, 15, 17, 36, 108, 109, 132 և 133 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորելու առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի հովանավորվող անձանց այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:

Հովանավորվող անձինք շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից այն ամբողջ ժամանակի ընթացքում, քանի դեռ նրանց նկատմամբ չի կիրառվի Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ հակադիր պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, և հավասարապես, բացի կոնֆլիկտի մեջ գտնվող այս կամ այն կողմից առավել նպաստավոր միջոցառումներ կիրառելու դեպքերից:

 

Հոդված 8

Հովանավորվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող հրաժարվել մասնակի կամ լրիվ այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածում նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:

 

Հոդված 9

Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանությունը: Դրա համար հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն առավելագույն հնարավորության սահմաններում կդյուրացնեն հովանավոր պետությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով. նրանք, պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր նրանք կատարում են իրենց ֆունկցիաները:

 

Հոդված 10

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ծառայում որպես խոչնդոտ այն մարդասիրական գործողությունների համար, որոնք Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն պաշտպանելու քաղաքացիական անձանց և նրանց ցույց տալու օգնություն` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 11

Բարձր Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության մեջ մտնել այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և ներգործության լիակատար երաշխիք:

Եթե հովանավորվող անձանց վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որ նախատեսվում է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է դիմի չեզոք պետությանը կամ նման կազմակերպությանը, խնդրելով իր վրա վերցնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող ֆունկցիաները:

Եթե չի հաջողվում հովանավորություն իրականացնել նշված ձևով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, այնպիսի կազմակերպության, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունել մարդասիրական այնպիսի ֆունկցիաների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:

Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի այն բանի բավարար երաշխիքները, որ այդ տերությունը ի վիճակի է իր վրա վերցնելու համապատասխան ֆունկցիաներ և դրանք կատարելու անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, երբ այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններով սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը օկուպացված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը սույն հոդվածի համաձայն նշանակում է նաև փոխարինող կազմակերպություններ:

Սույն հոդվածի դրույթները կտարածվեն և կկիրառվեն չեզոք պետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են օկուպացված տարածքում կամ պատերազմող այն տերության տարածքում, որին առընթեր պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, չունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն:

 

Հոդված 12

Հովանավոր տերությունները բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում կցուցաբերեն իրենց բարի ծառայությունները տարաձայնությունը կարգավորելու նպատակով:

Այդ նպատակով հովանավոր պետություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների, և մասնավորապես, իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկվող անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:

 

ԲԱԺԻՆ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 13

Սույն բաժնի դրույթները վերաբերում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի ամբողջ բնակչությանը` առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, ազգության, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով, և պետք է նպաստեն պատերազմի կողմից առաջացող տառապանքների մեղմացմանը:

 

Հոդված 14

Դեռևս խաղաղ ժամանակ Պայմանավորվող Կողմերը, իսկ ռազմական գործողություններն սկսելուց հետո, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են իրենց սեփական տարածքում, իսկ անհրաժեշտության դեպքում` օկուպացված տարածքներում ստեղծել այնպիսի կազմակերպված սանիտարական և անվտանգ գոտիներ ու տեղեր, որպեսզի պատերազմի գործողություններից պատսպարեն վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, մինչև 15 տարեկան հասակի երեխաներին, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներ ունեցող մայրերին:

Կոնֆլիկտի հենց սկզբից և դրա ամբողջ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են համաձայնագրեր կնքել իրենց կողմից ստեղծված գոտիների և տեղերի փոխադարձ ճանաչման մասին: Այդ նպատակով նրանք կարող են օգտագործել սույն Կոնվենցիային առընթեր համաձայնագրի նախագծի դրույթները, դրա մեջ մտցնելով հնարավոր այնպիսի փոփոխություններ, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն:

Հովանավոր տերությունները և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կոչվում են նպաստելու այդ սանիտարական գոտիների և տեղերի ստեղծման և ճանաչման դյուրացմանը:

 

Հոդված 15

Կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմ կամ անմիջականորեն, կամ չեզոք տերության կամ մարդասիրական կազմակերպության միջոցով կարող է դիմել հակառակորդ կողմին, առաջարկելով մարտեր տեղի ունեցող շրջաններում ստեղծել չեզոք գոտիներ, նախատեսված մարտերի հետ կապված վտանգներից հետևյալ անձանց պաշտպանելու համար` առանց նրանց միջև որևէ տարբերություն դնելու.

a/ հիվանդ և վիրավոր զինվորականներին և ոչ զինվորականներին.

b/ ռազմական գործողություններին չմասնակցող և այդ գոտիներում գտնվելու ժամանակ ռազմական բնույթի ոչ մի աշխատանք չկատարող քաղաքացիական անձինք:

Հենց որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պայմանավորվեն նախագծվող չեզոքացված գոտու գտնվելու վայրի, ղեկավարության, սպասարկման և վերահսկողության շուրջ, կազմում է գրավոր համաձայնագիր և ստորագրվում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագիրը կսահմանի այդ գոտու չեզոքացման սկիզբը և տևողությունը:

 

Հոդված 16

Վիրավորները և հիվանդները, ինչպես նաև հաշմանդամները և հղի կանայք կօգտվեն հատուկ հովանավորությունից և պաշտպանությունից:

Որքան հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ կնպաստի սպանվածներին և վիրավորներին փնտրելու, նավաբեկյալներին և լուրջ վտանգի ենթարկվող այլ անձանց օգնություն ցույց տալու, ինչպես նաև կողոպուտից և անվայել վերաբերմունքից նրանց պատնեշելու միջոցառումներին:

 

Հոդված 17

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն կնքել տեղական համաձայնագրեր պաշարված կամ շրջապատված գոտուց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, երեխաներին և ծննդաբեր կանանց դուրս բերելու մասին և բոլոր դավանանքների պաշտամունքի սպասավորներին, սանիտարական անձնակազմին և սանիտարական գույքը այդ գոտին մուտք ունենալու մասին:

 

Հոդված 18

Վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց օգնություն ցույց տալու համար կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող լինել հարձակման օբյեկտ, բայց ամեն անգամ կօգտվեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հարգանքից և հովանավորությունից:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր հանդիսացող պետությունները բոլոր քաղաքացիական հիվանդանոցները կապահովեն վկայականներով, որոնցում կնշվի, որ դրանք հանդիսանում են քաղաքացիական հիվանդանոցներ, և որ նրանց կողմից զբաղեցրած շենքերը չեն օգտագործվում որևէ այնպիսի նպատակով, որը կարող էր այդ հիվանդանոցները զրկել հովանավորությունից 19 հոդվածին համապատասխան:

Պետության թույլտվությամբ քաղաքացիական հիվանդանոցները կարող են նշանակվել գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 33 հոդվածում նախատեսված խորհրդանշանով:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն, որքան դա հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, անհրաժեշտ միջոցներ այն բանի համար, որպեսզի քաղաքացիական հիվանդանոցներ նշանակող տարբերիչ խորհրդանշանները պարզորոշ երևան հակառակորդի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որպեսզի վերացվի որևէ ագրեսիվ գործողության հնարավորությունը:

Նկատի ունենալով այն վտանգը, որին կարող են ենթարկվել հիվանդանոցները ռազմական օբյեկտներին մոտ լինելու հետևանքով, խորհուրդ է տրվում, որպեսզի այդ հիվանդանոցները տեղաբաշխվեն այդպիսի օբյեկտներից հնարավորին չափ ավելի հեռու:

 

Հոդված 19

Հովանավորությունը, որից օգտվելու իրավունք ունեն քաղաքացիական հիվանդանոցները, կարող է դադարել միայն այն ժամանակ, եթե դրանք օգտագործվում են ոչ միայն մարդասիրական նպատակներով, այլև այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են հակառակորդի դեմ: Հովանավորությունը, սակայն, դադարում է բոլոր անհրաժեշտ դեպքերում միայն համապատասխան նախազգուշացումից հետո, որը սահմանում է խելամիտ ժամկետ և արդյունք չի տալիս:

 

Հոդված 20

Սիստեմատիկաբար և բացառապես քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և դրանց ադմինիստրացիայով զբաղվող անձինք, ներառյալ այն անձնակազմը, որը նախատեսված է քաղաքացիական անձանց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց որոնելու, ընտրելու, տեղափոխելու և բաժանելու համար, պետք է օգտվեն հարգանքից և հովանավորությունից:

Վերը նշված անձնակազմն օկուպացված տարածքում և ռազմական գործողությունների գոտում պետք է ճանաչվի նրա կարգավիճակը հավաստող անձնական վկայականների օգնությամբ` դրանց տիրոջ լուսանկարով և պատասխանատու իշխանությունների ուռուցիկ կնիքով հանդերձ, ինչպես նաև իր պաշտոնական ծառայությունները կատարելիս` խոնավությունից չփչացող, ձախ ձեռքին կրող կնքված թևակապի օգնությամբ: Այդ թևակապը կտրվի պետության կողմից և կհանդերձվի այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:

Ցանկացած այլ անձնակազմ, որն զբաղվում է քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և ադմինիստրացիայով, կունենա հարգանքի և հովանավորության և, ինչպես դա նախատեսված է վերը, և սույն հոդվածում արտոնված պայմաններին համապատասխան թևակապ կրելու իրավունք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք օգտագործվում են այդպիսի պարտականությունների կատարման համար: Նրանց պատկանող անձնական վկայականի մեջ հարկ է ցույց տալ այն պարտականությունները, որոնք նրանք կատարում են:

Յուրաքանչյուր քաղաքացիական հիվանդանոցի ադմինիստրացիա հարկ եղած ազգային կամ օկուպացիոն իշխանությունների համար պետք է պահի տվյալ պահին հիվանդանոցի անձնակազմի ցուցակը:

 

Հոդված 21

Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրումը, որ ցամաքում կատարվում է տրանսպորտային շարասյուներով և սանիտարական գնացքներով կամ ծովում նման փոխադրման համար նախատեսված նավերով, պետք է օգտվի 18 հոդվածում ցույց տրված նույնպիսի հարգանքից և հովանավորությունից, ինչպես որ հիվանդանոցները, և փոխադրամիջոցները, պետության համաձայնությամբ, պետք է նշվեն տարբերիչ այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:

 

Հոդված 22

Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրման համար կամ սանիտարական անձնակազմի և գույքի փոխադրման համար բացառապես օգտագործվող թռչող ապարատները չպետք է ենթարկվեն հարձակման, բայց պետք է հարգվեն այն դեպքում, եթե դրանք թռչեն այն բարձրությամբ, այն ժամանակ և չվերթերով, որոնք հատուկ նախատեսված են կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնագրերով:

Դրանք կարող են նշվել այն տարբերիչ խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:

Այդ բնույթի համաձայնագրերի դեպքերից բացի, թռիչքը հակառակորդի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքով արգելվում է:

Այդպիսի թռչող ապարատները պետք է ենթարկվեն վար իջնելու մասին ցանկացած պահանջի: Պահանջով վայրէջք կատարելու դեպքում թռչող ապարատն իր ուղևորներով հանդերձ կարող է իր թռիչքը շարունակել ստուգումից հետո, եթե այդպիսին տեղի ունենա:

 

Հոդված 23

Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ ազատ անցում կտա բժշկական և սանիտարական նյութեր, ինչպես նաև մյուս Պայմանավորվող Կողմի միայն քաղաքացիական բնակչության համար նախատեսվող կրոնական պաշտամունքների համար անհրաժեշտ առարկաներ պարունակող բոլոր ծանրոցներին, եթե անգամ այդ Պայմանավորվող Կողմը հանդիսանում է հակառակորդ: Պայմանավորվող Կողմը ազատ անցում կթույլատրի նաև մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և ծննդաբեր կանանց համար նախատեսված անհրաժեշտ սննդամթերք, առաքվող իրեր և կազդուրող միջոցներ պարունակող բոլոր ծանրոցներին:

Նախորդ պարբերության մեջ նշված բոլոր ծանրոցներին ազատ անցում հատկացնելու Պայմանավորվող Կողմի պարտավորությունը կախված է այն պայմանից, որ տվյալ կողմը հավաստիացել է, թե երկյուղի համար լուրջ պատճառներ չկան.

a/ որ ծանրոցները կարող են ընկնել ոչ ըստ պատկանելույն,

b/ որ վերահսկումը կարող է լինել ոչ արդյունավետ,

c/ որ դրանք կարող են որոշակիորեն նպաստել հակառակորդի ռազմական ջանքերին և տնտեսական հաջողությանը, իրենցով փոխարինելով այն ապրանքները, որոնք այլ դեպքերում հակառակորդը պետք է որ ապահովեր կամ արտադրեր, կամ այդ ապրանքների արտադրության համար ազատելով հումքը, նյութերը և բանվորական ուժը:

Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ծանրոցների ազատ անցումը թույլատրած տերությունը կարող է այդպիսի թույլտվության պայման դնել, որպեսզի դրանց բաշխումը ստացողների միջև կատարվի հովանավոր տերությունների տեղական հսկողության ներքո:

Այդ ծանրոցների առաքումը պետք է կատարվի որքան հնարավոր է ավելի արագ, և այն տերությունը, որը թույլատրել է դրանց ազատ անցումը, պետք է իրավունք ունենա սահմանելու տեխնիկական պայմաններ, որոնց դեպքում է թույլատրվում այդ անցումը:

 

Հոդված 24

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատերազմի հետևանքով որբացած կամ իրենց ընտանիքներից անջատված մինչև 15 տարեկան երեխաները չթողնվեն ինքնահոսի, և որպեսզի բոլոր հանգամանքներում դյուրացվի նրանց ապրուստը, նրանց կրոնների հետ կապված պարտականությունների կատարումը և նրանց դաստիարակությունը: Նրանց դաստիարակությունը, եթե դա հնարավոր է, կհանձնարարվի միևնույն մշակութային ավանդույթների մարդկանց:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կնպաստեն հովանավոր տերության համաձայնությամբ կոնֆլիկտի ժամանակ այդ երեխաներին ընդունելու չեզոք երկրում, եթե այդպիսին գոյություն ունի, և այն բանի երաշխիքով, որ կպահպանվեն առաջին պարբերության մեջ շարադրված սկզբունքները:

Դրանից բացի, նրանք կձգտեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մինչև 12 տարեկան բոլոր երեխաների ինքնությունը պարզվի ճանաչման մեդալիոնի օգնությամբ կամ ցանկացած այլ միջոցով:

 

Հոդված 25

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի տարածքում կամ նրա կողմից օկուպացված տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ կարող է հաղորդել իր ընտանիքի անդամներին, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն, ինչպես նաև նրանցից ստանալ զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ: Այդ գրագրությունը պետք է ուղարկվի արագ և առանց հապաղելու, եթե դա անհրաժեշտությունից չի բխում:

Եթե ստեղծված հանգամանքների հետևանքով ընտանեկան գրագրության փոխանակումը սովորական միջոցով փոստով դժվարացված է կամ անհնարին, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերը դիմում են չեզոք միջնորդի, ինչպես օրինակ, Կենտրոնական գործակալությանը, որը նախատեսված է 140 հոդվածում, որպեսզի նրա հետ պարզեն, թե ինչ ձևով ապահովեն իրենց պարտականությունների կատարումը լավագույն պայմաններում, մասնավորապես, Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների օգնությամբ:

Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ կգտնեն սահմանափակել ընտանեկան գրագրությունը, այդպիսի սահմանափակումները կհանգեն սոսկ միօրինակ բլանկների պարտադիր օգտագործմանը, որոնց վրա կարելի է գրել ցանկացած տեքստի 25 բառ և այդպիսի բլանկների առաքումը սահմանափակել մինչև ամիսը մեկ հատ:

 

Հոդված 26

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կդյուրացնի պատերազմի հետևանքով անջատված ընտանիքների անդամների կողմից միմյանց հետ կապ հաստատելու նպատակով կատարվող որոնումը և, եթե դա հնարավոր է, կնպաստի նրանց միանալուն: Նա, մասնավորապես, կպաշտպանի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց նվիրում են այդ գործին, այն դեպքում, եթե դրանք ընդունելի են այդ տերության համար և ենթարկվում են անվտանգության նրա կողմից ընդունված միջոցներին:

 

ԲԱԺԻՆ 3
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ

 

ՄԱՍ 1

ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 27

Հովանավորվող անձինք ցանկացած հանգամանքներում ունեն իրենց անհատի, պատվի, ընտանեկան իրավունքի, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների, կենսափորձի և սովորույթների նկատմամբ հարգանքի իրավունք: Նրանց հետ մշտապես կվարվեն մարդասիրական ձևով և, մասնավորապես, նրանց կպաշտպանեն բռնության կամ ահաբեկման, ամբոխի կողմից վիրավորանքի և հետաքրքրասիրություն ցուցաբերելու ցանկացած գործողություններից:

Կանայք հատուկ կպահպանվեն նրանց պատվի նկատմամբ ամեն տեսակի ոտնձգություններից, մասնավորապես, բռնաբարություններից, պոռնկության ստիպելուց կամ նրանց բարոյականության նկատմամբ ցանկացած այլ ձևի ոտնձգությունից:

Առողջական վիճակին, տարիքին և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց բոլորի հետ կվարվի միատեսակ, առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով:

Սակայն այդ անձանց վերաբերմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են ձեռնարկել վերահսկողության և անվտանգության ապահովման այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ դառնալ պատերազմի հետևանքով:

 

Հոդված 28

Որևէ կետում կամ շրջանում հովանավորվող անձի ներկայությունը չի կարող օգտագործվել այդ տեղերը ռազմական գործողություններից պաշտպանելու համար:

 

Հոդված 29

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պատասխանատու է հովանավորվող անձանց հետ իր ներկայացուցիչների վարվելակերպի համար, ընդսմին, դա չի վերացնում այդ ներկայացուցիչների անձնական պատասխանատվությունը:

 

Հոդված 30

Հովանավորվող անձանց կտրվեն բոլոր հնարավորությունները դիմելու հովանավոր տերություններին, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, այն երկրի Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությանը, որտեղ նրանք գտնվում են, ինչպես նաև ցանկացած կազմակերպությանը, որը նրանց կարող է օգնություն ցույց տալ:

Իշխանություններն այդ զանազան կազմակերպություններին դրա համար կտան բոլոր հնարավորություններն այն սահմաններում, որոնք թույլ են տալիս ռազմական պահանջները և անվտանգության նկատառումները:

Բացի հովանավոր տերությունների և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների այցելություններից, որոնք նախատեսված են 143 հոդվածում, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կամ օկուպացված տերությունները կնպաստեն, որքան դա հնարավոր է, ուրիշ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հովանավորվող անձանց այցելություններին, որոնց նպատակն է հովանավորվող անձանց հոգևոր և նյութական օգնություն ցույց տալը:

 

Հոդված 31

Ոչ ֆիզիկական, ոչ բարոյական հարկադրանքի ոչ մի միջոց չպետք է կիրառվի հովանավորվող անձանց նկատմամբ, մասնավորապես, նրանցից կամ երրորդ անձանցից տեղեկություններ ստանալու նպատակով:

 

Հոդված 32

Բարձր Պայմանավորվող Կողմերը հատուկ համաձայնում են, որ իրենց արգելվում է կիրառել որևէ միջոց, որը կարող է ֆիզիկական տառապանքի ենթարկել իրենց իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց կամ հանգեցնել նրանց ոչնչացմանը: Այդ արգելքը տարածվում է ոչ միայն սպանության, տանջահարության, մարմնական պատիժների, խեղումների և բժշկական ու գիտական փորձեր կատարելու վրա, որոնք հովանավորվող անձի բուժման անհրաժեշտությունից չեն բխում, այլև հավասարապես և քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների ներկայացուցիչների կողմից որևէ այլ բիրտ բռնության վրա:

 

Հոդված 33

Ոչ մի հովանավորվող անձ չի կարող պատժվել այնպիսի իրավախախտման համար, որն ինքն անձամբ չի գործել: Կոլեկտիվ պատիժները, ինչպես և ահաբեկման կամ տեռորի ամեն մի միջոց արգելվում են:

Կողոպուտն արգելվում է:

Հովանավորվող անձանց և նրանց ունեցվածքի նկատմամբ փոխճնշումներն արգելվում են:

 

Հոդված 34

Պատանդ վերցնելն արգելվում է:

 

ՄԱՍ 2

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

Հոդված 35

Ցանկացած հովանավորվող անձ, որը կցանկանար թողնել տարածքը կոնֆլիկտի սկզբում կամ դրա ժամանակ իրավունք կունենան այդ անելու այն դեպքում, եթե նրա մեկնումը չի հակասում երկրի պետական շահերին: Մեկնելու մասին այդ անձանց միջնորդությունների քննարկումը կատարվում է սովորաբար սահմանված կարգին համապատասխան, և որոշումը պետք է ընդունվի որքան հնարավոր է արագ: Այն անձինք, որոնք մեկնելու թույլտվություն են ստացել, կարող են իրենց ապահովել ճանապարհի համար անհրաժեշտ դրամով և հետները վերցնել իրենց իրերի և անձնական օգտագործման առարկաների բավարար քանակ:

Եթե որևէ անձի մերժեն տարածքը թողնելու թույլտվությունը, նա կունենա այդ մերժումը կարճ ժամկետում վերանայելու իրավունք դատարանի կամ համապատասխան վարչական այնպիսի մարմնի կողմից, որն այդ նպատակով նշանակում է այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:

Եթե գոյություն ունի այդպիսի միջնորդություն, ապա հովանավորող տերության ներկայացուցիչները կարող են, այն դեպքում, եթե դա թույլ են տալիս անվտանգության նկատառումները, կամ, եթե դրա դեմ չեն առարկում շահագրգիռ անձինք, ստանալ տարածքը թողնելու մասին ցանկացած միջնորդության վերաբերմամբ մերժման պատճառների հաղորդումը և, որքան հնարավոր է արագ, բոլոր այն անձանց ազգանունների հաղորդումը, որոնց մեկնման թույլտվությունը մերժված է:

 

Հոդված 36

Մեկնումը, որ թույլատրվում է համաձայն նախորդ հոդվածի, կկատարվի բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: Դրա հետ կապված բոլոր ծախսերը այն տերության տարածքից մեկնելու կետից, որի իշխանության տակ են գտնվում այդ անձինք, պետք է կատարի այն երկիրը, ուր նրանք ուղևորվում են, կամ չեզոք երկրում գտնվելու դեպքում, այն տերությունը, որի քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորություններից:

Այդպիսի տեղափոխությունների գործնական պայմանները անհրաժեշտության դեպքում կսահմանվեն շահագրգիռ կողմերի միջև կնքված հատուկ համաձայնագրերով:

Վերը շարադրվածը չի վերաբերում այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքվել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև հակառակորդի իշխանության տակ ընկած նրանց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության հարցի շուրջ:

 

Հոդված 37

Նախնական կալանք կրող կամ ազատազրկմամբ պատժի ենթարկված հովանավորվող անձանց հետ նրանց կալանքի ժամանակ հարկ է վերաբերվել մարդասիրաբար:

Ազատվելուց անմիջապես հետո նրանք կարող են խնդրել թույլտվություն թողնելու տարածքը` նախորդ հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 38

Բացառությամբ սույն Կոնվենցիայով և, մասնավորապես, 27 և 41 հոդվածներով նախատեսված հատուկ միջոցների, հովանավորվող անձանց վիճակը սկզբունքորեն կշարունակվի կարգավորվել խաղաղ ժամանակ օտարերկրացիների հետ վարվելակերպին վերաբերող կանոններով: Ամեն դեպքում նրանց կտրամադրվեն հետևյալ իրավունքները.

1/ Նրանք կարող են ստանալ անհատական կամ կոլեկտիվ ուղարկվող օգնությունը:

2/ Նրանք կստանան բուժօգնություն և բուժում այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները, եթե դա պահանջում է նրանց առողջության վիճակը:

3/ Նրանց կթույլատրվի իրականացնել իրենց կրոնական պարտականությունները և իրենց դավանանքի պաշտանմունքի սպասավորներից ստանալ հոգևոր օգնություն:

4/ Եթե նրանք ապրում են այնպիսի շրջանում, որը հատկապես ենթարկվում է պատերազմի վտանգներին, նրանց կթույլատրվի մեկնել այդ շրջանից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիներին:

5/ Մինչև 15 տարեկան երեխաները, հղի կանայք և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերը կօգտվեն առավելություններից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները:

 

Հոդված 39

Կոնֆլիկտի հետևանքով իրենց աշխատավարձը կորցրած հովանավորվող անձանց պետք է հնարավորություն տրվի գտնելու վարձատրվող աշխատանք: Անվտանգության նկատառումների և 40 հոդվածի դրույթների հաշվառմամբ այդ հնարավորությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ տրամադրվում է այն տերության քաղաքացիներին, որի տարածքում են գտնվում այդ անձինք:

Երբ այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց նկատմամբ կիրառում է վերահսկողության այնպիսի միջոցներ, որոնք հանգեցնում են այն բանին, որ նրանց զրկում են իրենց գոյությունը պահպանելու հնարավորությունից, և հատկապես, երբ այդպիսի անձինք չեն կարող անվտանգության նկատառումներով, ստանալ վարձատրվող աշխատանք` նրանց բավարարող պայմաններով, ապա այդ տերությունը պետք է նրանց գոյության և նրանց խնամքի տակ գտնվողների գոյության համար ապահովի միջոցներ:

Հովանավորվող անձինք բոլոր դեպքերում կարող են նպաստ ստանալ իրենց հայրենիքից, հովանավոր տերությունից, կամ 30 հոդվածում հիշատակված այն ընկերություններից, որոնք զբաղված են օգնություն ցույց տալով:

 

Հոդված 40

Հովանավորվող անձանց կարելի է հարկադրել աշխատելու միայն այնչափ, որչափ որ կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի քաղաքացիներին, որի տարածքում նրանք գտնվում են:

Եթե հովանավորվող անձինք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ, նրանց կարող են հարկադրել կատարելու այնպիսի աշխատանք, որն անհրաժեշտ է մարդկանց սննդի, բնակարանի, հագուստի, տրանսպորտի և առողջության ապահովման համար, և որն անմիջականորեն առնչություն չունի ռազմական գործողությունների վարման հետ:

Նախորդ պարբերություններում հիշատակված դեպքերում հովանավորվող անձինք, որոնց հարկադրել են աշխատել, իրենց աշխատանքի պայմաններով և երաշխիքներով, մասնավորապես, աշխատավարձի, աշխատանքային օրվա տևողության, արտահագուստի և հանդերձավորման, նախնական ուսուցման և աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առումով հավասարեցվում են տվյալ երկրի բանվորներին:

 

Հոդված 41

Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, սույն Կոնվենցիայում հիշատակված վերահսկողության միջոցները գտնում է ոչ բավարար, ապա նա, սակայն, չի կարող դիմել վերահսկողության առավել խիստ որևէ միջոցի, քան հարկադրական վերաբնակեցումը որոշակի տեղերում կամ ներկալումը` 42 և 43 հոդվածների դրույթներին համապատասխան:

39 հոդվածի երկրորդ պարբերության դրույթների կիրառման դեպքում այն անձանց նկատմամբ, որոնք պահանջել են թողնել բնակեցման իրենց սովորական տեղերը մեկ ուրիշի որոշակի տեղում հարկադրական բնակության մասին որոշման հետևանքով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է, որքան դա հնարավոր է, ճշգրիտ պահպանի ներկալվածների հետ վարվելակերպին վերաբերող կանոնները (սույն Կոնվենցիայի 3 բաժին, 4 մաս):

 

Հոդված 42

Հովանավորվող անձանց ներկալման և որոշակի տեղում հարկադրական բնակեցման մասին կարգադրությունը կարող է տրվել այն դեպքում եթե խիստ անհրաժեշտ է այն տերության անվտանգության համար, որի իշխանության տակ են նրանք գտնվում:

Եթե որևէ անձ հովանավոր տերության ներկայացուցիչների միջոցով կամավոր խնդրում է իր ներկալման մասին և, եթե նրա անձնական վիճակը դա անհրաժեշտ կդարձնի, ապա նա կարող է ներկալվել այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում:

 

Հոդված 43

Յուրաքանչյուր հովանավորվող անձ, որը ներկալվել է կամ հարկադրաբար բնակեցվել որոշակի տեղում, կունենա որոշումը հարկ եղած դատարանի կամ այդ նպատակով այն տերության նշանակած համապատասխան վարչական մարմնի կողմից կարճ ժամկետում վերանայելու իրավունք, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե ներկալումը և հարկադրական բնակեցումը որոշակի տեղում մնում են ուժի մեջ, ապա դատարանը կամ վարչական մարմինը պետք է պարբերաբար, համենայնդեպս, տարին երկու անգամ, վերանայեն այդ անձի մասին հարցը` սկզբնական որոշման նպաստավոր փոփոխման նպատակով, եթե դա թույլ են տալիս անելու հանգամանքները:

Եթե շահագրգիռ հովանավորվող անձինք չեն առարկում, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է որքան հնարավոր է շուտ հովանավոր տերությանը հաղորդի բոլոր հովանավորվող այն անձանց ազգանունները, որոնք ներկալվել կամ հարկադրաբար բնակեցվել են որոշակի տեղում, և այն անձանց ազգանունները, որոնք ազատվել են ներկալման տեղերից և հարկադրական բնակեցման տեղերից: Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված դատարանների և մարմինների որոշումները ևս, նույն պայմանների պահպանմամբ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

 

Հոդված 44

Տվյալ Կոնվենցիայում նշված վերահսկողության միջոցները կիրառելով, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, չպետք է փաստորեն ոչ մի կառավարության հովանավորությունից չօգտվող փախստականների հետ վարվի ինչպես օտարերկրացիների հետ, որոնք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ` հակառակորդ պետությանը միայն նրանց իրավաբանական պատկանելության բերումով:

 

Հոդված 45

Հովանավորվող անձինք չեն կարող հանձնվել այնպիսի տերությանը, որը չի հանդիսանում Կոնվենցիայի մասնակից:

Այս դրույթը չի կարող խոչնդոտ ծառայել ռազմական գործողությունների ավարտից հետո հովանավորվող անձանց հայրենադարձության համար կամ իրենց բնակության երկիրը նրանց վերադարձի համար:

Հովանավորվող անձինք այն տերության կողմից, որի իշխանության տակ են նրանք գտնվում, կարող են հանձնել միայն այնպիսի տերությանը, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, և միայն այն ժամանակ, երբ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կհավաստիանա այն բանում, որ տվյալ տերությունը ցանկանում է և ի վիճակի է կիրառելու Կոնվենցիան: Երբ հովանավորվող անձանց նման հանձնումը տեղի է ունեցել, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որը համաձայնվել է նրանց ընդունել` այն ժամանակի ընթացքում, որ նրանք կվստահվեն այդ տերությանը: Սակայն այն դեպքում, եթե այդ տերությունը որևէ կետով չկատարի Կոնվենցիայի դրույթները, ապա հովանավորվող անձանց հանձնած տերությունը պարտավոր կլինի, հովանավոր տերության ծանուցումով, ձեռնարկել արդյունավետ միջոցներ այն հաշվով, որպեսզի շտկի դրությունը կամ պահանջի իրեն վերադարձնել հովանավորվող անձանց: Այդ խնդրանքը պետք է բավարարվի:

Հովանավորվող անձը ոչ մի դեպքում չի կարող հանձնվել այնպիսի երկրի, որտեղ նա կարող է երկյուղ կրել հետապնդումներից` իր քաղաքական կամ կրոնական համոզմունքների կապակցությամբ:

Այս հոդվածի դրույթները չեն խոչնդոտում հանձնելու հովանավորվող այն անձանց, որոնք մեղադրվում են քրեական հանցանքներ կատարելու մեջ` հանձնման մասին մինչև ռազմական գործողությունները սկսելը կնքված պայմանագրերի հիման վրա:

 

Հոդված 46

Հովանավորվող անձանց վերաբերմամբ սահմանափակման ընդունված միջոցները կվերացվեն, եթե դա մինչև այդ չի արվել, հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո:

Նրանց ունեցվածքի վերաբերմամբ ընդունված սահմանափակման միջոցները կվերացվեն հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո այն տերության օրենսդրությանը համապատասխան, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:

-----------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա