Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

/47-104 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ՄԱՍ 3

ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

Հոդված 47

Հովանավորվող անձինք, որոնք գտնվում են օկուպացված տարածքում, ոչ մի դեպքում և ոչ մի ձևով չեն կարող զրկվել սույն Կոնվենցիայի առավելություններից ոչ տվյալ տարածքում գործող կարգի մեջ կամ օկուպացման հետևանքով այդ տարածքի կառավարման մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության պատճառով, ոչ օկուպացված տարածքի և օկուպացրած տերության իշխանությունների միջև կնքված համաձայնագրի պատճառով, ոչ օկուպացրած տերության կողմից օկուպացված տարածքի կամ նրա մի մասի բռնանվաճման պատճառով:

 

Հոդված 48

Հովանավորվող անձինք, որոնք չեն հանդիսանում այն տերության քաղաքացիները, որի տարածքն օկուպացված է, կարող են օգտվել այդ տարածքը թողնելու իրավունքից 35 հոդվածում նախատեսված դրույթները պահպանելու պայմանով, և այդ հարցի առթիվ որոշումները պետք է ընդունվեն այն ընթացակարգին համապատասխան, որը համաձայն նշված հոդվածի կսահմանի օկուպացրած տերությունը:

 

Հոդված 49

Արգելվում են որևէ դրդապատճառներով հովանավորվող անձանց առևանգումը, ինչպես նաև բռնագաղթը օկուպացված տարածքից օկուպացրած տերության տարածքը կամ ցանկացած այլ պետության տարածքը, անկախ այն բանից, դրանք օկուպացվա՞ծ են, թե ոչ:

Սակայն օկուպացրած տերությունը կարող է կատարել որևէ օկուպացված որոշակի շրջանի էվակուացիան, եթե դա պահանջում են բնակչության անվտանգությունը կամ ռազմական բնույթի հատկապես հիմնավոր նկատառումները: Այդ էվակուացիաների ժամանակ հովանավորվող անձինք կարող են փոխադրվել միայն օկուպացված տարածքի խորքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականորեն անհնար է: Այդ կարգով էվակուացված բնակչությունը կարող է անհապաղ ետ վերադարձվել իրենց տները այն բանից հետո, հենց որ մարտական գործողություններն այդ շրջանում ավարտվեն:

Ձեռնարկելով այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները, օկուպացրած տերությունը պետք է հնարավորության սահմաններում, հովանավորվող անձանց ապահովի պատշաճ կացարաններով. այդ տեղափոխությունները պետք է կատարվեն բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: Միևնույն ընտանիքի անդամները չեն անջատվի:

Հենց որ այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները իրականացվեն, դրանց մասին պետք է հաղորդվի հովանավոր տերությանը:

Օկուպացված տերությունը չի կարող պահել հովանավորվող անձանց այն շրջանում, որը հատկապես ենթակա է պատերազմի վտանգներին, եթե դա չեն պահանջում բնակչության անվտանգությունը և պատերազմական բնույթի հատկապես լուրջ նկատառումները:

Օկուպացրած տերությունը չի կարող իր կողմից օկուպացված տարածքը բռնագաղթի կամ տեղափոխման ենթարկել իր քաղաքացիական բնակչության որևէ մաս:

 

Հոդված 50

Օկուպացրած տերությունը պետք է իր ազգային և տեղական իշխանությունների օգնությամբ աջակցություն ցուցաբերի այն հիմնարկներին, որոնց հանձնարարված է երեխաների խնամքը և դաստիարակությունը, որպեսզի այդ հիմնարկների աշխատանքը հաջող ընթանա:

Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նպաստի երեխաների ինքնության պարզմանը և նրանց արյունակցական կապերի հաշվառմանը: Ոչ մի դեպքում չպետք է փոխի նրանց քաղաքացիական կացությունը, ոչ էլ նրանց գրանցի իրենից կախված կազմավորումների կամ կազմակերպությունների մեջ:

Այն դեպքում, եթե տեղական հիմնարկները ի վիճակի չեն լինի կատարել այդ ֆունկցիաները, օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի որբ երեխաների կամ պատերազմի հետևանքով իրենց ծնողներից անջատված երեխաների պահպանության և ուսուցման ուղղությամբ, եթե միայն նրանք ապահովված չեն լինի մոտիկ հարազատների կամ բարեկամների հոգատարությամբ, ուսուցումը պետք է կատարվի, հնարավորության սահմաններում, նրանց ազգության, լեզվի և կրոնի անձանց միջոցով:

136 հոդվածին համապատասխան ստեղծված բյուրոյի հատուկ բաժինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պարզելու համար երեխաների ինքնությունը` նրանց ինքնության վերաբերյալ տարակուսանք ծագելու դեպքում: Նրանց հոր և մոր կամ մոտիկ այլ հարազատների մասին տվյալները, որոնք նրանք կունենան, պետք է մշտապես գրանցվեն:

Օկուպացրած տերությունը չպետք է դժվարություններ հարուցի կիրառելու սննդի, բժշկական խնամքի և պատերազմի գործողություններից պաշտպանելու արտոնյալ միջոցներ, որոնք մինչև օկուպացումը կարող են ընդունվել մինչև 15 տարեկան հասակի երեխաների, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերի նկատմամբ:

 

Հոդված 51

Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց հարկադրել ծառայելու իր զինված կամ օժանդակ ուժերում: Ամեն մի ճնշում կամ քարոզչություն` հօգուտ կամավոր կերպով բանակ ընդունվելուն, արգելվում է:

Օկուպացրած տերությունը կարող է հարկադիր աշխատանքի ուղարկել միայն այնպիսի հովանավորվող անձանց, որոնց տարիքը 18-ից անց է, և միայն այնպիսի աշխատանքի, որն անհրաժեշտ է կամ օկուպացիոն բանակի կարիքների համար, կամ այնպիսի աշխատանքի, որը կապված է կոմունալ ձեռնարկությունների, սննդի, բնակտարածության, հագուստի, տրանսպորտի և այդ տեղանքը զբաղեցրած բնակչության առողջության հետ: Հովանավորվող անձանց չի կարելի ստիպել կատարելու որևէ այնպիսի աշխատանք, որը նրանց ստիպեր մասնակցելու ռազմական օպերացիաների: Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանցից պահանջել, որպեսզի նրանք ուժ գործադրեն այն շենքերի անվտանգությունն ապահովելու համար, որտեղ նրանք կատարում են իրենց վրա դրված աշխատանքը:

Աշխատանքը կկատարվի միայն օկուպացված տարածքի սահմաններում, որտեղ որ գտնվում են տվյալ անձինք: Յուրաքանչյուր այդպիսի անձ, հնարավորության սահմաններում, կթողնվի իր աշխատանքի սովորական տեղում: Աշխատանքն արդարացի կերպով կվարձատրվի և պետք է համապատասխանի աշխատողների ֆիզիկական և մտավոր ընդունակություններին: Օկուպացված երկրում գործող օրենքներն աշխատանքի պայմանների և պահպանության մասին, ինչպես օրինակ, աշխատավարձի, բանվորական օրվա, հանդերձավորման, նախնական պատրաստության, աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդությունների համար հատուցման մասին, կկիրառվեն հովանավորվող անձանց նկատմամբ, որոնց հանձնարարվում է սույն հոդվածում նշված աշխատանքը:

Համենայն դեպս, հարկադիր կարգով աշխատանքի ներգրավելը երբեք չի կարող հանգեցնել աշխատողների մոբիլիզացմանը այն կազմակերպությունում, որը կրում է ռազմական կամ կիսառազմական բնույթ:

 

Հոդված 52

Ոչ մի պայմանագիր, համաձայնագիր կամ կանոնադրություն են կարող սահմանափակել ինչպես կամավոր, այնպես էլ ոչ կամավոր աշխատողի իրավունքը, որտեղ էլ նա գտնվելիս լինի, պաշտպանության խնդրանքով դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին:

Ամեն տեսակի միջոցառումները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հարուցեն գործազրկություն կամ օկուպացված տարածքում աշխատավորների համար սահմանափակեն աշխատանքի հնարավորությունը, նպատակ ունենալով ստիպել նրանց աշխատելու օկուպացրած տերության օգտին, արգելվում են:

 

Հոդված 53

Օկուպացրած տերության կողմից ամեն տեսակի ոչնչացումը շարժական կամ անշարժ գույքի, որը հանդիսանում է մասնավոր անձանց կամ պետության, համայնքների, կամ հասարակական կամ կոոպերատիվ կազմակերպությունների անհատական կամ կոլեկտիվ սեփականությունը, մի բան, որ չի հանդիսանում բացարձակ անհրաժեշտ ռազմական օպերացիաների համար, արգելվում է:

 

Հոդված 54

Օկուպացրած տերությանն արգելվում է օկուպացված տարածքներում փոխել պաշտոնատար անձանց կամ դատավորների կարգավիճակը կամ նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ, կիրառել հարկադրանքի որևէ միջոց կամ նրանց հանդեպ անցկացնել խտրականություն այն պատճառով, որ նրանք խղճի նկատառումներով ձեռնպահ են մնում իրենց պարտականությունները կատարելուց:

Այս վերջին արգելքը չի խոչնդոտում 51 հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը: Այն չի շոշափում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հանելու օկուպացրած տերության իրավունքը:

 

Հոդված 55

Օկուպացրած տերությունը պարտավոր է ունեցած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել քաղաքացիական բնակչության մատակարարումը պարենով և սանիտարական նյութերով: Նա պետք է, մասնավորապես, բերի սննդի անհրաժեշտ պաշարներ, սանիտարական նյութեր և այլ առարկաներ այն դեպքերում, երբ օկուպացրած տարածքի ռեսուրսներն անբավարար լինեն:

Օկուպացրած տերությունը կարող է բռնագրավել օկուպացված տարածքում գտնվող սննդամթերքի պաշարները և այլ առարկաներ, ինչպես նաև սանիտարական նյութերը միայն օկուպացիոն զորքերի համար և ադմինիստրացիայի համար և միայն քաղաքացիական բնակչության կարիքների հաշվառումով: Միջազգային մյուս կոնվենցիաների պահպանման պայմանով օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապահովելու համար, որպեսզի ամեն մի բռնագրավում արդարացիորեն հատուցվի:

Հովանավոր տերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ անարգել կերպով ստուգել պարենային մատակարարման և սանիտարական նյութերի մատակարարման վիճակը օկուպացված տարածքում` պատերազմական անհրաժեշտ պահանջներով հարուցված ժամանակավոր սահմանափակումների հաշվառմամբ:

 

Հոդված 56

Օկուպացրած տերությունը պարտավոր է իր մոտ եղած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել և ազգային ու տեղական իշխանությունների աջակցությամբ նպաստել սանիտարական և հիվանդանոցային հիմնարկների գործունեությանը, առողջապահությանը և հասարակական հիգիենայի օկուպացված տարածքում, մասնավորապես, ձեռնարկելով և կիրառելով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են պայքարելու համար վարակիչ հիվանդությունների և համաճարակների դեմ: Բոլոր կարգի սանիտարական անձնակազմերին կթույլատրվի կատարելու իրենց պարտականությունները: Եթե օկուպացված տարածքում ստեղծվեն նոր հիվանդանոցներ, իսկ օկուպացված պետության իրավասու մարմինները չեն գործում այդ տարածքում, ապա օկուպացված իշխանությունները պետք է, եթե դա անհրաժեշտ է, ճանաչեն այն հիվանդանոցները 18 հոդվածի դրույթներին համապատասխան: Համանման հանգամանքներում օկուպացիոն իշխանությունները պետք է նաև ճանաչեն հիվանդանոցների և փոխադրող միջոցների անձնակազմը` 20 և 21 հոդվածների դրույթների բերումով:

Միջոցներ ձեռնարկելով առողջապահության և հիգիենայի բնագավառում և դրանք կենսագործելով, օկուպացրած տերությունը պետք է հաշվի առնի օկուպացված տարածքի բնակչության բարոյական և էթիկական պահանջները:

 

Հոդված 57

Օկուպացված տերությունը կարող է քաղաքացիական հիվանդանոցները բռնագրավել սոսկ ժամանակավորապես և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վիրավորների և հիվանդ զինծառայողների խնամքի համար, և այն պայմանով, որ ժամանակին հարկ եղած միջոցները կձեռնարկվեն այդ հիվանդանոցներում գտնվող հիվանդների բուժումն ու խնամքը ապահովելու համար, և քաղաքացիական բնակչության հիվանդանոցային բուժման կարիքներն ապահովելու համար:

 

Հոդված 58

Օկուպացրած տերությունը պաշտանմունքի սպասավորներին թույլ կտա հոգևոր օգնություն ցուցաբերել իրենց միահավատականներին:

Օկուպացրած տերությունը նաև կընդունի կրոնական կարիքների բավարարման համար անհրաժեշտ գրքեր և առարկաներ պարունակող ծանրոցներ, և կաջակցի դրանք տարածելու օկուպացված տարածքում:

 

Հոդված 59

Եթե օկուպացված տարածքի ամբողջ բնակչության կամ բնակչության մի մասի մատակարարումը բավարար չէ, ապա օկուպացրած տերությունը պետք է համաձայնի տվյալ բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումներին և պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով նպաստի այդ միջոցառումների իրականացմանը:

Այդպիսի միջոցառումները, որոնք կարող են իրականացվել կամ պետությունների, կամ անաչառ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից պետք է ներառնեն, մասնավորապես, պարենի, սանիտարական նյութերի և հագուստի ծանրոցները:

Բոլոր Պայմանավորվող Կողմերը պետք է թույլատրեն այդպիսի ծանրոցների փոխադրումը և պետք է երաշխավորեն դրանց պահպանությունը:

Կոնֆլիկտի մասնակից հակառակորդի կողմից օկուպացված տարածքը ծանրոցների ազատ փոխադրում տրամադրած տերությունը, սակայն, պետք է իրավունք ունենա ստուգելու այդ ծանրոցները, կարգավորելու դրանց փոխադրումը պայմանավորված ժամկետներին և երթուղիներին համապատասխան և հովանավոր տերության միջոցով հավաստիանա, որ այդ ծանրոցները կօգտագործվեն կարիքավոր բնակչությանն օգնություն ցույց տալու համար, այլ ոչ թե ի շահ օկուպացրած տերության:

 

Հոդված 60

Օգնության բեռները ոչնչով չեն ազատում օկուպացրած տերությանը 55, 56 և 59 հոդվածներով նրա վրա դրված պատասխանատվությունից: Օկուպացրած տերությունը օգնության բեռներին չպետք է տա ոչ մի այլ նշանակում, բացառությամբ շուտափույթ անհրաժեշտության դեպքերի` ի շահ օկուպացված տարածքի բնակչության, և հովանավոր տերության համաձայնությամբ:

 

Հոդված 61

Նախորդ հոդվածներում հիշատակված օգնության բեռների բաշխումը կկատարվի հովանավոր տերության աջակցությամբ և վերահսկողության ներքո: Օկուպացրած տերության և հովանավոր տերության միջև եղած համաձայնությամբ այդ պարտականությունը կարող է նաև տրվել չեզոք տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպությանը:

Օգնության այդ բեռները օկուպացված տարածքում ազատվում են ամեն տեսակի գանձումներից, հարկերից և մաքսատուրքերից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս անհրաժեշտ են ի շահ տվյալ տարածքի տնտեսության: Օկուպացրած տերությունը պետք է ձգտի ապահովել այդ բեռների արագ բաշխումը:

Բոլոր Պայմանավորվող Կողմերը պետք է ձգտեն թույլատրել օկուպացված տարածքներ ուղարկվող օգնության այդ բեռների անվճար մուտքը և տեղափոխումը:

 

Հոդված 62

Օկուպացված տարածքում գտնվող հովանավորվող անձինք, այն դեպքում, եթե դա չի հակասում անվտանգության անհետաձգելի շահերին, կարող են, դրանից բացի, ստանալ անձամբ նրանց հասցեագրված ծանրոցներ:

 

Հոդված 63

Այն ժամանակավոր միջոցների պահպանման պայմանով, որոնք բացառության կարգով կարող են մտցվել օկուպացրած տերության կողմից, ելնելով արտակարգ բնույթի անվտանգության նկատառումներից,

a/ Կարմիր խաչի (կարմիր կիսալուսնի, Կարմիր Առյուծի և Արևի) ճանաչում ստացած ազգային ընկերությունները կարող են շարունակել զբաղվել Կարմիր խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից սահմանված` Կարմիր խաչի սկզբունքներին համապատասխանող գործունեությամբ: Մյուս ընկերություններին օգնություն ցույց տալու ուղղությամբ կթույլատրվի շարունակել իրենց մարդասիրական գործունեությունը այդ նույն պայմաններով:

b/ Օկուպացրած տերությունը չի կարող պահանջել այդ ընկերությունների անձնակազմում կամ կառուցվածքում ոչ մի փոփոխություն, որը կարող էր վնաս հասցնել վերը նշված գործունեությանը:

Այդ նույն սկզբունքները կկիրառվեն ոչ ռազմական բնույթի այն հատուկ կազմակերպությունների գործունեության և անձնակազմի նկատմամբ, որոնք արդեն գոյություն ունեն կամ որոնք կարող են առաջանալ, նպատակ ունենալով քաղաքացիական բնակչության կյանքի պայմանների ապահովումը` հիմնական հանրօգուտ ծառայություններին աջակցելու, օգնության բաշխման և փրկության կազմակերպման միջոցով:

 

Հոդված 64

Օկուպացված տարածքում քրեական օրենսդրությունը մնում է ուժի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է վերացվել կամ դադարեցվել օկուպացրած տերության կողմից, եթե այդ օրենսդրությունը իրենից սպառնալիք է ներկայացնում օկուպացրած տերության անվտանգության համար կամ խոչնդոտում է կիրառելու սույն Կոնվենցիան: Հիշատակված նկատառման և արդյունավետ իրավադատության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ, օկուպացված տարածքի դատական մարմինները կշարունակեն կատարել իրենց ֆունկցիաները այդ օրենսդրությամբ նախատեսվող բոլոր իրավախախտումների դեպքում:

Օկուպացրած տերությունը, այնուամենայնիվ, կարող է օկուպացված տարածքի բնակչությանը ենթարկել այնպիսի որոշումների գործողությանը, որոնք էապես անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունները կատարելու, տարածքի նորմալ կառավարումը պահպանելու և օկուպացրած տերության, օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի ու գույքի, ինչպես նաև նրա կողմից օգտագործվող օբյեկտների և կոմունիկացիոն անվտանգությունն ապահովելու համար:

 

Հոդված 65

Օկուպացրած տերության կողմից հրատարակվող քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումները գործողության մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ դրանք հրապարակվում և բնակչությանն են հասցվում նրա լեզվով: Այդ պարտադիր որոշումների գործողությունը չպետք է հակադարձ ուժ ունենա:

 

Հոդված 66

64 հոդվածի երկրորդ պարբերության հիման վրա օկուպացրած տերության կողմից հրատարակված քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումների խախտման դեպքում օկուպացրած տերությունը կարող է մեղավորներին հանձնել իր, պատշաճ ձևով ստեղծված ոչ քաղաքական զինվորական դատարաններին` օկուպացված տարածքում դրանց գտնվելու պայմանով: Երկրորդ ատյանի դատարանները կարող են նիստեր գումարել առավելապես օկուպացված երկրում:

 

Հոդված 67

Այդ դատարանները կարող են կիրառել միայն օրինական կարգով հրատարակված որոշումները, որոնք գործել են մինչև օրինախախտում կատարելը և որոնք համապատասխանում են իրավունքի հիմնական սկզբունքներին, մասնավորապես, պատժի համաչափության սկզբունքին: Դրանք պետք է ուշադրության առնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում օկուպացրած տերության քաղաքացին:

 

Հոդված 68

Եթե հովանավորվող անձն իրավախախտում է կատարում օկուպացրած տերությանը վնասելու միակ մտադրությամբ և եթե այդ իրավախախտումը չի հանդիսանում ոտնձգություն օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ և լուրջ վնաս չի հասցնում օկուպացիոն զորքերի և ադմինիստրացիայի գույքին կամ նրանց կողմից օգտագործվող օբյեկտներին, ապա այդ անձը ենթակա է ներկալման կամ պարզապես բանտարկության, ընդսմին, այդպիսի ներկալման կամ այդպիսի բանտարկության ժամկետը համաչափ կլինի կատարված իրավախախտմանը: Դրանից բացի, ներկալումը կամ բանտարկությունը հովանավորվող անձանց վերաբերմամբ կհանդիսանա նման իրավախախտման համար ազատազրկման միակ պատժաչափը: Սույն Կոնվենցիայի 66 հոդվածում նախատեսված դատարանները կարող են ազատորեն բանտարկությունը փոխարինել նույն ժամկետով ներկալմամբ:

Օկուպացրած տերության կողմից 64 և 65 հոդվածներին համապատասխան հրատարակած քրեական կարգի դրույթները հովանավորվող անձանց վերաբերմամբ կարող են նախատեսել մահվան դատավճիռ միայն այն դեպքերում, երբ նրանք մեղավոր են լրտեսության, դիվերսիոն լուրջ ակտերի մեջ, որոնք ուղղված են օկուպացրած տերության ռազմական օբյեկտների դեմ, կամ կանխամտածված այնպիսի իրավախախտումների մեջ, որոնք դարձել են մեկ կամ մի քանի անձանց մահվան պատճառը, և այն պայմանով, որ օկուպացիոն տարածքի օրենսդրությունը, որը գործել է մինչև օկուպացման սկիզբը, նման դեպքերում նախատեսել է մահվան դատավճիռ:

Հովանավորվող անձի նկատմամբ մահվան դատավճիռ կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե դատարանի ուշադրությունն է հատուկ հրավիրվել այն փաստի վրա, որ, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում օկուպացրած տերության քաղաքացի, նա այդ տերության վերաբերմամբ կապված չի հավատարմության որևէ պարտքով:

Մահվան դատավճիռ ոչ մի դեպքում չի կարող կայացվել այն հովանավորվող անձի նկատմամբ, որը իրավախախտում կատարելու պահին 18 տարեկանից պակաս է եղել:

 

Հոդված 69

Բոլոր դեպքերում նախնական կալանքի ժամկետը կհաշվարկվի բանտարկության ամեն մի ժամկետի մեջ, որին մեղադրյալ հովանավորվող անձը կարող է ենթարկվել:

 

Հոդված 70

Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց ձերբակալել, հետապնդել կամ դատապարտել այն գործողությունների կամ կարծիքների համար, որոնք նրանք կատարել կամ արտահայտել են մինչև օկուպացումը կամ նրա ժամանակավոր դադարեցման ընթացքում, բացառությամբ պատերազմի օրենքների և սովորույթների խախտումների դեպքերի:

Օկուպացրած երկրի քաղաքացիները, որոնք մինչև կոնֆլիկտի սկսվելը ապաստան են փնտրել օկուպացված տարածքում, կարող են ձերբակալվել, դատի տրվել, դատապարտվել և բռնագաղթվել օկուպացված տարածքից դուրս միայն այն իրավախախտումների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսվելուց հետո, կամ այն քրեական հանցագործությունների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսելուց առաջ, որոնց համար այն պետության օրենքներով, որի տարածքն օկուպացված է, հանցագործը ենթակա կլիներ հանձնման և խաղաղ ժամանակ:

 

Հոդված 71

Օկուպացրած տերության իրավասու դատական մարմինները չեն կարող կայացնել ոչ մի դատավճիռ առանց գործի քննության` սահմանված դատավարական կարգով:

Յուրաքանչյուր անձի, որի դեմ օկուպացրած տերության կողմից մեղադրանք կհարուցվի, պետք է առանց ձգձգվելու տեղյակ պահվի այդ մասին գրավոր, նրա համար հասկանալի լեզվով, նրա դեմ մեղադրանքների մանրամասն շարադրմամբ, և նրա գործը պետք է հետաքննվի հնարավոր ամենայն արագությամբ: Հովանավոր տերությանը պետք է հայտնվի հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցվող ամեն մի այնպիսի հետաքննության մասին, որը վերաբերում է մահվան դատավճիռ կամ երկու և ավելի տարի բանտարկություն առաջացնող հանցագործությունների, հովանավոր տերությունը կարող է ամեն ժամանակ տեղեկանալ նման ցանկացած դատական գործի վիճակի մասին: Դրանից բացի, հովանավոր տերությունն իրավունք կունենա, իր խնդրանքով, ստանալու տեղեկություններ այդպիսի դատական գործերի և հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցված ցանկացած հետապնդման վերաբերյալ:

Սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ նախատեսվող ծանուցումը հովանավոր տերությանը պետք է ուղարկվի անմիջապես և, համենայն դեպս, հովանավոր տերությունը այն պետք է ստանա գործի առաջին ունկնդրումը լսելուց երեք շաբաթ առաջ: Դատական գործը չի կարող լսվել, եթե դատական նիստի սկզբում չի ներկայացվել ապացույց այն մասին, որ սույն հոդվածի դրույթները կատարվել են լրիվ: Այդ ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ տվյալները.

a/ տվյալներ մեղադրյալի անձի մասին,

b/ ներկալման կամ կալանման վայրը,

c/ մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը (ցույց տալով քրեական պատասխանատվություն նախատեսող այն որոշումները, որոնց վրա է հիմնվում մեղադրանքը):

d/ այն դատարանի անվանումը, որը լսելու է գործը,

e/ գործի առաջին ունկնդրման տեղն ու ժամանակը:

 

Հոդված 72

Ամեն մի մեղադրյալ իրավունք ունի ներկայացնելու իր պաշտպանության համար անհրաժեշտ ապացույցներ և, մասնավորապես, կարող է պահանջել դատարան կանչել վկաների: Նա կունենա իր ընտրությամբ որակյալ դատապաշտպանի օգնության իրավունք, որը կարող է ազատ այցելել մեղադրյալին, և որին կտրվեն պաշտպանության համար նախապատրաստվելու բոլոր հնարավորությունները:

Եթե մեղադրյալն ինքը չընտրի իր համար դատապաշտպան, հովանավոր տերությունը կարող է նրան ներկայացնել այդպիսի մարդու: Երբ մեղադրյալին մեղադրանք է ներկայացվում լուրջ հանցագործություն և, երբ գոյություն չունի հովանավոր տերություն, օկուպացրած տերությունը, մեղադրյալի համաձայնության պայմանով, պետք է նրան տրամադրի դատապաշտպան:

Ամեն մի մեղադրյալի պետք է տրամադրվի թարգմանչի օգնություն, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատական նիստերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կամավոր հրաժարվում է այդ օգնությունից: Նա մշտապես իրավունք կունենա առարկել թարգմանչի դեմ և խնդրել նրան փոխարինելու մասին:

 

Հոդված 73

Ամեն մի դատապարտյալ իրավունք ունի օգտագործելու բողոքարկման բոլոր եղանակները, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ կիրառվում են դատարանի կողմից: Նա լրիվ կտեղեկացվի բողոքարկելու իր իրավունքների մասին, ինչպես նաև այն ժամկետների մասին, որոնց ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

Քրեական-դատավարական կարգը, որը նախատեսվում է սույն մասում, պետք է կիրառվի, որքան որ դա կիրառելի է, բողոքարկման նկատմամբ: Այն դեպքում, երբ դատարանի կողմից կիրառվող օրենսդրությունը չի բովանդակում բողոքարկմանը վերաբերող դրույթներ, նրա կողմից դատապարտված անձը իրավունք կունենա դատավճիռը գանգատարկելու օկուպացրած տերության համապատասխան իշխանություններին:

 

Հոդված 74

Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա գտնվելու ցանկացած այն դատարանի նիստերին, որը քննարկում է հովանավորվող անձի գործ, բացառությամբ դեպքերի, երբ գործը պետք է լսվի դռնփակ` ի շահ օկուպացրած տերության անվտանգության, ինչի մասին վերջինս նախազգուշացնում է հովանավոր տերությանը: Դատարանում գործի ունկնդրման տեղի և տարեթվի մասին ծանուցումը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:

Բոլոր դատավճիռների մասին, որոնք որպես պատիժ նախատեսում են մահվան դատավճիռ կամ ազատազրկում երկու կամ ավելի տարիներ, պետք է հնարավորին չափ առավել կարճ ժամկետում ծանուցվի հովանավոր տերությանը, ցույց տալով դատավճռի կայացման հիմքերը: Ծանուցման մեջ պետք է բովանդակվի վկայակոչումը այն ծանուցման, որն արված է 71 հոդվածին համապատասխան, իսկ այնպիսի դատավճիռ կայացնելու դեպքում, որը նախատեսում է ազատազրկում, նաև պետք է ցույց տրվի տեղը, որտեղ պետք է կրվի պատիժը: Վերը նշվածներից բացի, մյուս դատավճիռները պետք է պահվեն դատարանում և ներկայացվեն հովանավոր տերության ներկայացուցիչներին ծանոթանալու համար: Մահվան դատավճիռ և երկու և ավելի տարիների ազատազրկում նախատեսող դատավճիռներ կայացնելու դեպքում բողոքարկելու սահմանված ժամկետի ընթացքը չպետք է սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ դատավճռի մասին ծանուցումը չի ստացվի հովանավոր տերության կողմից:

 

Հոդված 75

Ոչ մի դեպքում մահվան դատապարտվածը չի կարող զրկված լինել ներում խնդրելու իրավունքից:

Ոչ մի մահվան դատավճիռ չի կարող ի կատար ածվել մինչև, համենայն դեպս, վեցամսյա ժամկետի լրանալը այն պահից ի վեր, երբ հովանավոր տերությունը կստանա հաղորդում այդ մահվան դատավճիռը հաստատող վերջնական դատական որոշման մասին, կամ որոշում` ներումը մերժելու մասին:

Առանձին դեպքերում, երբ արտակարգ հանգամանքների կապակցությամբ ստեղծվում է նախապատրաստված սպառնալիք օկուպացրած տերության կամ նրա զինված ուժերի անվտանգությանը, այդ վեցամսյա ժամկետը կարող է կրճատվել: Հովանավոր տերությանը մշտապես կհաղորդվի ժամկետի այդ կրճատման մասին, և նրան մշտապես կտրվի հնարավորություն դիմելու իրավասու օկուպացիոն իշխանություններին այդ մահվան դատավճիռների առթիվ և անհրաժեշտ ժամկետ, որպեսզի այդ բանն անի:

 

Հոդված 76

Մեղադրյալ հովանավորվող անձինք բանտարկության մեջ կպահվեն օկուպացված երկրում և, դատապարտվելու դեպքում, նրանք այնտեղ էլ պետք է կրեն իրենց պատիժը: Նրանք, եթե դա հնարավոր է, պետք է անջատվեն մյուս կալանավորներից, ընդսմին նրանց համար պետք է սահմանվի սանիտարական և սննդի այնպիսի ռեժիմ, որը բավարար է նրանց առողջական լավ վիճակի պահպանման համար և, առնվազն, համապատասխանում է օկուպացված երկրի բանտային հիմնարկների ռեժիմին:

Նրանք կստանան իրենց առողջական վիճակին անհրաժեշտ բժշկական օգնություն:

Նրանց հավասարապես կթույլատրվի օգտվել հոգևոր աջակցությունից, որը կարող է պահանջվել:

Կանայք կբանտարկվեն առանձին շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

Ուշադրության կառնվի հատուկ ռեժիմ` նախատեսված դեռահասների համար:

Բանտարկված հովանավորվող անձինք պետք է ունենան հովանավոր տերության և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների կողմից նրանց այցելելու իրավունք` 143 հոդվածի համաձայն:

Դրանից բացի, նրանք կունենան ամիսը օգնության առնվազն մեկ ծանրոց ստանալու իրավունք:

 

Հոդված 77

Օկուպացված տարածքում մեղադրվող կամ դատարանների կողմից դատապարտված հովանավորվող անձինք պետք է, օկուպացման ավարտին, նրանց վրա կազմված գործով, հանձնվեն ազատագրված տարածքի իշխանություններին:

 

Հոդված 78

Եթե անվտանգության անխուսափելի նկատառումներով օկուպացրած տերությունն անհրաժեշտ համարի նախազգուշական միջոցներ ձեռնարկել հովանավորվող անձանց վերաբերմամբ, ապա ամենաշատը, որ նա կարող է անել, դա նրանց որոշակի տեղում հարկադրաբար բնակեցնելն է կամ նրանց ներկալելը:

Որոշակի տեղում հարկադրական բնակեցման կամ ներկալման մասին որոշումները ընդունվում են համաձայն նորմալ ընթացակարգի, որը պետք է որոշվի օկուպացված տերության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Այդ ընթացակարգը պետք է նախատեսի շահագրգիռ անձանց կողմից վճռափոխության գանգատի իրավունք: Այդ վճռափոխության գանգատի առթիվ որոշումները կընդունվեն հնարավոր կարճ ժամկետում: Եթե որոշումները մնան ուժի մեջ, ապա դրանք կդառնան տվյալ տերության կողմից ստեղծված իրավասու մարմնի պարբերաբար վերանայման առարկա, հնարավորին չափ առնվազն վեց ամիսը մեկ անգամ:

Հարկադրաբար վերաբնակեցման, հետևաբար և իրենց մշտական բնակության վայրը ստիպողաբար թողած հովանավորվող անձինք, առանց որևէ սահմանափակման, կօգտվեն սույն Կոնվենցիայի 39 հոդվածով նախատեսված բոլոր առավելություններից:

 

ՄԱՍ 4

ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 79

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հովանավորվող անձանց կարող են ներկալել միայն 41, 42, 43, 68 և 78 հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 80

Ներկալվածները լիովին պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը և իրականացնում են այստեղից բխող իրավունքները այն չափով, որքան դա համատեղելի կլինի ներկալման հետ:

 

Հոդված 81

Կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմերը, որոնց կողմից կներկալվեն հովանավորվող անձինք, պարտավոր կլինեն ապահովել նրանց անվճար պահպանությունը, ինչպես նաև ցույց տալ բժշկական օգնություն, որը կպահանջի նրանց առողջական վիճակը:

Ներկալված անձանց ոչ նպաստներից կամ աշխատավարձից, ոչ նրանց վճարման ենթակա գումարներից ոչ մի պահում չի կարող կատարվել նշված ծախսումների հատուցման համար:

Այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է աջակցություն ցուցաբերի ներկալվածների բոլոր խնամարկյալներին, որոնք գոյության բավարար միջոցներ չունեն և իրենք չեն կարող վաստակել իրենց ապրուստի համար:

 

Հոդված 82

Այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հնարավորին չափ ներկալվածներին կտեղաբաշխեն ըստ նրանց քաղաքացիության, լեզվի և սովորույթների: Միևնույն երկրի քաղաքացիներ հանդիսացող ներկալվածները չեն տեղաբաշխվի առանձին` լեզվի տարբերության պատճառով:

Ներկալման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում միևնույն ընտանիքի անդամները, և, հատկապես ծնողներն ու նրանց երեխաները, կպահվեն ներկալման միևնույն տեղում, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքը կամ առողջական վիճակը կամ սույն մասին 9-րդ գլխի դրույթները անհրաժեշտ են դարձնում նրանց ժամանակավոր անջատումը: Ներկալվածները կարող են պահանջել, որպեսզի ազատության մեջ առանց ծնողական խնամքի մնացած իրենց երեխաները ներկալվեն իրենց հետ միասին:

Բոլոր դեպքերում, եթե դա հնարավոր լինի, միևնույն ընտանիքի ներկալման անդամները պետք է պահվեն մի շենքում և ապրեն մյուս ներկալվածներից առանձին, նրանց պետք է հնարավորություններ տրամադրվեն այն բանի համար, որպեսզի նրանք ընտանեկան կյանք վարեն:

 

ԳԼՈՒԽ 2
ՆԵՐԿԱԼՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Հոդված 83

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալման վայրեր չի ունենա այն շրջաններում, որոնք հատկապես ենթարկվում են ռազմական վտանգի:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հակառակորդ տերություններին, հովանավորող տերությունների միջոցով, կհայտնի բոլոր անհրաժեշտ տվյալները ներկալման վայրերի աշխարհագրական տեղադրության մասին:

Ամեն անգամ, երբ դա թույլ են տալիս ռազմական կարգի նկատառումները, ներկալվածների համար ճամբարները պետք է նշվեն «ic» տառերով` տեղադրված այնպես, որպեսզի դրանք ցերեկով պարզորոշ տեսանելի լինեն օդից: Սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նշանակման այլ եղանակի մասին: Ոչ մի ուրիշ վայր, բացի ներկալվածների համար ճամբարներից, չի կարող նշանակվել այդ ձևով:

 

Հոդված 84

Ներկալվածները պետք է տեղավորվեն ռազմագերիներից և ցանկացած այլ պատճառով ազատազրկված անձանցից առանձին, և ունենան առանձին ադմինիստրացիա:

 

Հոդված 85

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցներն այն բանի համար, որպեսզի հովանավորվող անձինք նրանց ներկալման հենց սկզբից տեղավորվեն այնպիսի շենքերում և այլ կացարաններում, որոնք հիգիենայի և առողջության պահպանման առումով տալիս են լրիվ երաշխիք և բավարար պաշտպանություն են ապահովում կլիմայական խիստ պայմաններից, ինչպես նաև պատերազմի գործողություններից: Ոչ մի դեպքում ներկալման մշտական վայրերը չպետք է գտնվեն վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքներում, որոնց կլիման կործանարար է ներկալվածների համար: Այն դեպքերում, երբ հովանավորվող անձինք ժամանակավորապես են ներկալվել վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքում, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, հարկ է, հենց որ թույլ կտան հանգամանքները, նրանց տեղափոխել ներկալման առավել նպաստավոր վայր.

Շենքերը պետք է լրիվ պաշտպանված լինեն խոնավությունից, բավարար չափով ջեռուցվեն և լուսավորվեն, հատկապես մութն ընկնելու և լույսն անջատելու սահմանված ժամի միջև ընկած ժամանակաշրջանում: Շենքերի ննջասենյակները պետք է լինեն բավականին ընդարձակ և լավ օդափոխելի, և ներկալվածները պետք է ունենան անկողնային պատշաճ պիտույքներ և բավարար քանակի վերմակներ, ընդսմին, հարկավոր է հաշվի առնել կլիման, ներկալվածների տարիքը, սեռը և առողջական վիճակը:

Ներկալվածները գիշեր-ցերեկ կունենան հիգիենայի կանոններին համապատասխան և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական պարագաներ: Նրանք կստանան բավարար քանակությամբ ջուր և օճառ ամենօրյա արդուզարդի համար և իրենց սպիտակեղենը լվանալու համար, այդ նպատակի համար նրանց պետք է տրամադրվեն անհրաժեշտ պարագաներ և հնարավորություններ: Դրանից բացի, նրանց համար պետք է կահավորվեն ցնցուղներ և բաղնիքներ: Նրանց պետք է տրամադրվի ժամանակ, որն անհրաժեշտ է հիգիենայի կանոնների պահպանման համար և հավաքել-մաքրելու աշխատանքի համար:

Այն դեպքերում, երբ բացառության կարգով որպես ժամանակավոր միջոցառում անհրաժեշտ է տեղավորել որևէ ընտանիքի անդամ չհանդիսացող ներկալված կանանց ներկալման այն տեղում, ինչպես որ տղամարդկանց, պարտադիր կարգով այդպիսի ներկալված կանանց համար պետք է տրամադրվեն առանձին ննջասենյակներ և սանիտարական պարագաներ:

 

Հոդված 86

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, անկախ դավանանքից, նրանց տրամադրության տակ կդնի համապատասխան շենքեր կրոնական արարողություն կատարելու համար:

 

Հոդված 87

Ներկալման բոլոր վայրերում, բացառությամբ նրանցից, որտեղ գոյություն ունեն ուրիշ համապատասխան հնարավորություններ, կկազմակերպվեն կրպակներ այն բանի համար, որպեսզի հնարավորություն տրվի ներկալվածներին կատարել պարենի և ամենօրյա գործածության առարկաների գնումներ, ներառյալ օճառը և ծխախոտը, որոնք կարող են բարելավել նրանց կենցաղն ու հարմարավետությունը, այնպիսի գներով, որոնք ոչ մի դեպքում չպետք է գերազանցեն տեղական շուկայական գները:

Կրպակների կողմից ստացվող շահույթը պետք է մուտքագրվի նպաստամատույցի ֆոնդ, որը պետք է ստեղծվի ներկալման ամեն մի վայրում, և որը պետք է օգտագործվի ի շահ ներկալման տվյալ վայրում գտնվող ներկալվածների: Ներկալվածների կոմիտեն, որ նախատեսված է 102 հոդվածում, կունենա կրպակներում գործերի վարումը և ֆոնդի օգտագործումը հսկելու իրավունք:

Ներկալման որևէ վայրի վերացման ժամանակ նպաստամատույցի ֆոնդի միջոցների մնացորդը կփոխանցվի միևնույն ազգության ներկալվածների համար ներկալման ուրիշ վայրի նպաստամատույցի ֆոնդը կամ, եթե նման վայրեր գոյություն չունեն, ապա կփոխանցվի նպաստամատույցի կենտրոնական ֆոնդ, որը գոյություն կունենա ի բարօրություն բոլոր այն ներկալվածների, որոնք գտնվում են ներկալող տերության իշխանության տակ:

Համընդհանուր ազատագրման դեպքում այդ շահույթը մնում է այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա այլ համաձայնագիր:

 

Հոդված 88

Ներկալման բոլոր այն վայրերի անհրաժեշտ պաշտպանության ապահովման համար, որոնք գտնվում են օդային հարձակումների և պատերազմի այլ վտանգների սպառնալիքի տակ, պետք է հարկ եղածին պես և բավարար քանակությամբ կառուցվեն ապաստարաններ: Տագնապի դեպքում ներկալվածները կարող են գնալ այդ ապաստարանները, որքան հնարավոր է արագորեն, բացառությամբ նրանցից, ովքեր մնում են` նրանց կացարանները պաշտպանելու վտանգներից: Բնակչության պաշտպանության համար ձեռնարկվող ամեն մի միջոց հավասարապես պետք է կիրառվի նաև նրանց նկատմամբ:

Ներկալման վայրերում պետք է ձեռնարկվեն բոլոր հարկ եղած հակահրդեհային միջոցները:

 

ԳԼՈՒԽ 3
ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԸ

 

Հոդված 89

Ներկալվածների օրական կերակրումը պետք է լինի բավարար իր քանակով, որակով և բազմազանությամբ այն բանի համար, որպեսզի ապահովվի նրանց առողջության նորմալ վիճակը և կանխվեն սննդի պակասության հետ կապված երևույթները: Հարկ է նաև հաշվի առնել ներկալվածների համար սննդի սովորական ռեժիմը:

Դրանից բացի, ներկալվածները հնարավորություն կստանան իրենց պատրաստելու ուտելիք` լրացուցիչ մթերքներից, որ նրանք կարող են ունենալ:

Նրանց համար կհասցվի բավարար քանակության խմելու ջուր: Ծխախոտը ծխելը պետք է թույլատրվի:

Աշխատողները կստանան լրացուցիչ սնունդ` նրանց կողմից կատարվող աշխատանքի տեսակին համապատասխան:

Հղի, ծննդկան կանայք և մինչև 15 տարեկան երեխաները պետք է ստանան լրացուցիչ սնունդ իրենց ֆիզիկական պահանջմունքներին համապատասխան:

 

Հոդված 90

Ներկալվածներին պետք է տրվեն բոլոր հնարավորությունները նրանց ներկալելու պահին պահեստավորելու հագուստ, կոշիկ և սպիտակեղենի փոխանորդներ և այդպիսիք ձեռք բերելու հետագայում, եթե դա պահանջվի: Եթե ներկալվածների մոտ չկա բավարար քանակի հագուստ, նկատի առնելով կլիմայական պայմանները, և նա չի կարող հագուստ ձեռք բերել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է դրանք ներկալվածին մատակարարի անվճար:

Հագուստը, որ ներկալած տերությունը կտրամադրի ներկալվածներին և արտաքին նշանները, որոնցով նա կհանդերձի նրանց հագուստը, չպետք է ունենան անպատվող բնույթ կամ ծաղրանքի առիթ ծառայեն:

Աշխատողները կստանան համապատասխան աշխատանքային հանդերձանք, ներառյալ մասնագիտական արտահագուստը, ուր դա կպահանջի աշխատանքի տեսակը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԻԳԻԵՆԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 91

Ներկալման յուրաքանչյուր վայր պետք է ունենա համապատասխան լազարեթ` որակյալ բժշկի ղեկավարության ներքո, որտեղ ներկալվածները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի համապատասխան սննդային ռեժիմ: Վարակվածներին և հոգեկան հիվանդներին կտրամադրվեն մեկուսարաններ:

Ծննդաբեր կանայք և ծանր հիվանդությամբ տառապող ներկալվածները, կամ որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն ցանկացած հիմնարկ, որը կարող է ապահովել նրանց հարկ եղած բուժումը, և կստանան բուժօգնություն, որն իր որակով հավասար կլինի բնակչության կողմից ստացվող բուժօգնությանը:

Բուժական օգնությունը ներկալվածներին ցույց կտրվի առավելապես բժշկական անձնակազմի կողմից այն երկրի քաղաքացիների թվից, ինչպես որ ներկալվածներն են:

Չի կարելի խոչնդոտել ներկալվածներին ընդունելության ներկայանալու բժշկական իշխանություններին: Այն տերության բժշկական իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, բուժում անցած յուրաքանչյուր ներկալվածի, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա հիվանդության կամ վիրավորվելու բնույթը, բուժման տևողությունը և ստացված օգնությունը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի 140 հոդվածում նախատեսված Կենտրոնական Գործակալություն:

Բուժումը, ներառյալ ամեն տեսակի այնպիսի հարմարանքների ապահովումը, որոնք անհրաժեշտ են ներկալվածներին առողջական լավ վիճակում պահպանելու համար, մասնավորապես ատամի և մյուս պրոթեզներով և ակնոցներով ապահովումը, ներկալվածների համար կլինի անվճար:

 

Հոդված 92

Ներկալվածների բուժազննումները կկատարվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Դրանք, մասնավորապես, պետք է նպատակ ունենան առողջական ընդհանուր վիճակի, սննդի և մաքրության ստուգումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, առանձնապես թոքախտի, վեներական հիվանդությունների և մալարիայի հայտնաբերումը: Այդ զննումների մեջ կմտնեն, մասնավորապես, յուրաքանչյուր ներկալվածի քաշի ստուգումը և, տարին ոչ պակաս քան մեկ անգամ` ռենտգենյան լուսադիտումը:

 

ԳԼՈՒԽ 5
ԿՐՈՆԸ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 93

Ներկալվածներին կտրամադրվի լրիվ ազատություն իրենց կրոնների արարողությունները կատարելու համար, ներառյալ այցելությունը ժամերգության, ներկալվածներին տնօրինող իշխանությունների սահմանած կարգապահության կանոնները ներկալվածների կողմից պահպանելու պայմանով:

Պաշտանմունքի ներկալված սպասավորներին կթույլատրվի լրիվ կատարել իրենց պարտականությունները հավատակիցների շրջանում: Այդ նպատակով, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հոգ կտանի ներկալման զանազան այն վայրերի միջև նրանց ճիշտ տեղաբաշխման մասին, որտեղ կան միևնույն լեզվով խոսող և միևնույն կրոնին պատկանող ներկալվածներ: Այն դեպքում, եթե պաշտանմունքի այդպիսի սպասավորները լինեն անբավարար քանակի, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, նրանց կտրամադրի անհրաժեշտ պայմաններ, այդ թվում փոխադրական միջոցներ ներկալման մի վայրից մյուսը տեղափոխելու համար, և նրանք իրավունք կունենան այցելելու հիվանդանոցներում գտնվող ներկալվածներին: Պաշտանմունքի սպասավորները կօգտվեն իրենց պաշտանմունքի կրոնական գործերով այն երկրի կրոնական իշխանությունների հետ, որտեղ գտնվում են ներկալվածները, և որքան դա հնարավոր է իրենց դավանանքի միջազգային կրոնական կազմակերպությունների հետ ազատ գրագրությունից: Այդ գրագրությունը չպետք է համարվի 107 հոդվածում նշվող նորմայի մեջ մտած, բայց ենթակա է 112 հոդվածի դրույթների գործողությանը:

Այդ դեպքում, եթե կան ներկալվածներ, որոնք չունեն իրենց պաշտամունքի սպասավորների հոգևոր օգնությունը, կամ այն դեպքում, եթե այս վերջիններս կան անբավարար թվով, ապա այդ նույն դավանանքի տեղական կրոնական իշխանությունները կարող են այն տերության հետ համաձայնեցնելով, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ այն դեպքում, եթե դա հնարավոր է կրոնի տեսակետից, նշանակել համանման պաշտամունքի սպասավոր կամ իրազեկ աշխարհիկ անձ: Այս վերջինը կօգտվի այն պարտականությունների հետ կապված առավելություններից, որոնք նա վերցրել է իր վրա: Այս ձևով նշանակված անձինք պետք է կատարեն բոլոր այն կանոնները, որ ի շահ կարգապահության և անվտանգության սահմանել է տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:

 

Հոդված 94

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կխրախուսի ներկալվածների մտավոր, լուսավորչական և սպորտային գործունեությունը, ինչպես նաև նրանց ժամանցի պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեությունը, նրանց տրամադրելով այդ գործունեությանը մասնակցելու կամ չմասնակցելու ընտրության ազատություն: Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այդ գործունեության ապահովման համար և, մասնավորապես, նրանց տրամադրության տակ դնի համապատասխան շենքեր:

Ներկալվածներին կտրամադրվեն բոլոր արտոնություններն այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումնական պարապմունքները կամ ձեռնամուխ լինեն պարապմունքների: Պետք է ապահովվի երեխաների և դեռահասների ուսուցումը: Նրանք կարող են հաճախել ներկալման վայրերի ներսի կամ դրանցից դուրս գտնվող դպրոցները:

Ներկալվածները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու ֆիզիկական վարժություններով, սպորտով և սպորտային խաղերով` բաց օդում:

Այդ նպատակով ներկալման բոլոր վայրերում կառանձնացվեն բավականին ազատ հրապարակներ: Երեխաների և դեռահասների համար պետք է առանձնացվեն հատուկ տեղամասեր:

 

Հոդված 95

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է նրանց օգտագործել աշխատանքում, եթե նրանք դա ցանկանում են: Ամեն դեպքում արգելվում է այնպիսի աշխատանք, որ, եթե հարկադրաբար կատարեին ներկալվածներ չհանդիսացող հովանավորվող անձինք, կնշանակեր սույն Կոնվենցիայի 40 և 51 հոդվածների խախտում, ինչպես նաև այնպիսի աշխատանք, որը կրում է վիրավորական կամ նվաստացուցիչ բնույթ:

6 շաբաթվա աշխատանքից հետո ներկալվածները կարող են ցանկացած ժամանակ դադարել աշխատելուց, այդ մասին նախազգուշացնելով 8 օր առաջ:

Այս դրույթները չեն ծառայում որպես խոչնդոտ այն տերության իրավունքի, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ստիպելու ներկալված բժիշկներին, ատամնաբույժներին և սանիտարական անձնակազմի մյուս անձանց զբաղվել իրենց մասնագիտությամբ ի շահ իրենց համաներկալվածների, ներկալվածներին օգտագործել ներկալման վայրերի կառավարման և կարգուկանոնի պահպանման աշխատանքում, այդ անձանց հանձնարարել խոհանոցային տնտեսական աշխատանքներ, վերջապես, նրանց օգտագործել օդային ռմբակոծումներից և պատերազմի մյուս վտանգներից ներկալվածներին պաշտպանելու աշխատանքներում: Սակայն ոչ մի ներկալվածի չի կարելի ստիպել կատարելու աշխատանքներ, որոնց կատարման համար, նա ադմինիստրացիայի կողմից նշանակված բժիշկների եզրակացությամբ, ֆիզիկապես պիտանի չէ:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները իր վրա կվերցնի լրիվ պատասխանատվությունը աշխատանքի բոլոր պայմանների համար, բուժօգնության, աշխատավարձի համար, ինչպես նաև այն բանի ապահովման համար, որ աշխատանքում դժբախտ պատահարների և պրոֆեսիոնալ հիվանդացումների համար բոլոր աշխատող ներկալվածները ստանան հատուցում: Աշխատանքի պայմանները և դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցումները պետք է համապատասխանեն ազգային օրենսդրությանը և գոյություն ունեցող պրակտիկային: Դրանք ոչ մի դեպքում չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինեն այն պայմաններից, որոնք այդ տեսակի աշխատանքի համար գոյություն ունեն այդ նույն շրջանում: Աշխատավարձը սահմանվում է արդարության հիման վրա ներկալվածների և այն տերության միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, որի իշխանության տակ են նրանք գտնվում, ինչպես նաև հարկ եղած դեպքում` և մյուս գործատուների միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, անկախ այն տերությունից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ընդսմին հաշվի կառնվի այն փաստը, որ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է անվճար պահել ներկալվածներին, ինչպես նաև նրանց տրամադրել բուժօգնություն, որն անհրաժեշտ է նրանց առողջական վիճակի բերումով: Սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված աշխատանքի կատեգորիաները մշտապես կատարելու նշանակված ներկալվածները կստանան այն տերության արդարացի աշխատավարձը, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Աշխատանքի պայմանները և աշխատանքում դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցման չափն այդ նույն աշխատանքներին դրված ներկալվածների համար չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինի այն պայմաններից ու չափից, որոնք սովորաբար տրամադրվում են այդ նույն շրջանում համանման աշխատանք կատարող անձանց:

 

Հոդված 96

Ամեն մի աշխատանքային խումբ պետք է գտնվի ներկալման որևէ վայրի տնօրինության ներքո: Այն պետության համապատասխան իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները և ներկալման այդ վայրի պարետը պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբերում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար: Պարետը պետք է իրեն ենթակա աշխատանքային խմբերի ցուցակը պահի կարգին վիճակում և դրա մասին հայտնի հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և մարդասիրական մյուս այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են այցելել ներկալման վայրերը:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 97

Ներկալվածներին կթույլատրվի իրենց մոտ պահել անձնական օգտագործման իրեր և առարկաներ: Նրանց մոտ գտնվող դրամական գումարները, չեկերը, արժեթղթերը և այլն, ինչպես նաև թանկարժեք առարկաները կարող են նրանցից վերցվել միայն սահմանված ընթացակարգին համապատասխան: Այդ դեպքում նրանց պետք է տրվի մանրամասն ստացական:

Դրամական գումարները պետք է մուտքագրվեն յուրաքանչյուր ներկալվածի անձնական հաշվի մեջ, ինչպես նախատեսված է 98 հոդվածում. դրանք չեն կարող փոխանակվել մի այլ տարադրամով, եթե միայն այն տարածքի օրենսդրությունը, որտեղ գտնվում է դրանց տերը, այդ բանը չի պահանջում, կամ, եթե դրա համար ներկալվածը չի տալիս իր համաձայնությունը:

Գլխավորաբար սուբյեկտիվ արժեք կամ հիշատակ ներկայացնող առարկաները չեն կարող վերցվել:

Ներկալված կանանց խուզարկությունը կարող է կատարվել միայն կնոջ կողմից:

Ազատվելիս կամ հայրենադարձվելիս ներկալվածները կստանան կանխիկ գումար, որը կազմում է 98 հոդվածի համաձայն բացված նրանց հաշվի պարտքի մնացորդը, ինչպես նաև այն բոլոր առարկաները, դրամը, չեկերը, արժեթղթերը և այլն, որոնք նրանից վերցվել էին ներկալման ժամանակ: Բացառություն են կազմում այն առարկաներն ու արժեքները, որոնք գործող օրենսդրության համապատասխան պետք է մնան այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Այն դեպքում, երբ ներկալվածին պատկանող որևէ գույք պահվում է այդ օրենսդրության բերումով, շահագրգիռ անձին այդ մասին կտրվի մանրամասն ստացական:

Ներկալվածների ձեռքին գտնվող ընտանեկան փաստաթղթերը և անձնական վկայականները կարող են նրանցից վերցվել միայն ստացականով: Ոչ մի պահ ներկալվածը չպետք է մնա առանց անձնական վկայականի: Եթե նրանց մոտ այդպիսիք չկան, ապա նրանք կստանան ներկալած իշխանությունների կողմից տրված հատուկ վկայականներ, որոնք կփոխարինեն նրանց անձնական վկայակնները` մինչև ներկալման ավարտը:

Ներկալվածները կարող են իրենց մոտ ունենալ որոշ դրամական գումար` կանխիկ կամ գնման կտրոնների տեսքով, այն հաշվով, որպեսզի նրանք կարողանան գնումներ կատարել:

 

Հոդված 98

Բոլոր ներկալվածներին կանոնավոր կերպով կկատարվեն վճարումներ սննդամթերք և այնպիսի ապրանքներ գնելու համար, ինչպես, օրինակ, ծխախոտն է, արդուզարդի պիտույքները և այլն: Այդ վճարումները կկատարվեն վարկի կամ գնման կտրոնների տեսքով:

Դրանից բացի, ներկալվածները կարող են ստանալ նպաստներ այն տերությունից, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, հովանավոր տերությունից, ամեն տեսակի այն կազմակերպություններից, որոնք կարող են նրանց օգնություն ցույց տալ, կամ իրենց ընտանիքներից, ինչպես նաև եկամուտ իրենց գույքից` այն տերության օրենսդրության համապատասխան, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Այն տերության կողմից ուղարկվող նպաստների չափը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, պետք է հավասար լինի ներկալվածների յուրաքանչյուր կատեգորիայի համար (հաշմանդամներ, հիվանդներ, հղի կանայք և այլն), և այդ տերության կողմից սահմանված նպաստների չափը որոշելիս, ինչպես նաև այն տերության կողմից նպաստները բաշխելիս, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, չպետք է թույլ տրվի խտրականություն, որն արգելվում է սույն Կոնվենցիայի 27 հոդվածով:

Յուրաքանչյուր ներկալվածի համար տերությունը, որի իշխանության տակ է գտնվում նա, պետք է բացի անձնական հաշիվ: Որպես այդ հաշվի վարկ պետք է գրանցվեն սույն հոդվածում նշված վճարումները, ներկալվածի աշխատավարձը, ինչպես նաև նրան հասցեագրված դրամական փոխանցումները: Նրա հաշվին պետք է գրանցվեն նաև նրա մոտից վերցված գումարները, որոնք նա կարող է տնօրինել այն տարածքում գործող օրենսդրության համապատասխան, որտեղ գտնվում են ներկալվածները: Ներկալվածներին կտրամադրվեն իրենց ընտանիքներին և իրենցից նյութապես կախում ունեցող անձանց դրամական օգնություն ուղարկելու այն տարածքում գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր հնարավորությունները, որտեղ գտնվում են ներկալվածները: Ցանկացած ժամանակ նրանց կտրամադրվեն իրենց հաշիվների հետ ծանոթանալու և դրանցից քաղվածք ստանալու նորմալ հնարավորություններ: Այդ հաշիվների վիճակը հաղորդվում է հովանավոր տերությանը` վերջինիս խնդրանքով, իսկ ներկալված անձին տեղափոխելու դեպքում հաշիվը հետևում է նրան:

 

ԳԼՈՒԽ 7
ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 99

Ներկալման ամեն մի վայր կդրվի սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի ղեկավարության ներքո կանոնավոր զինված ուժերի կազմից կամ այն տերության քաղաքացիական ադմինիստրացիայի կադրերից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Ներկալման վայրը ղեկավարող սպան կամ պաշտոնատար անձը պետք է ունենան այս Կոնվենցիայի տեքստը պաշտոնական լեզվով կամ իր երկրի պաշտոնական լեզուներից մեկով և պատասխան տա Կոնվենցիայի կիրառման համար: Հսկիչ անձնակազմը պետք է ծանոթ լինի սույն Կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառմանը վերաբերող կանոններին:

Սույն կոնվենցիայի տեքստը, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կնքվող հատուկ համաձայնագրերի տեքստերը, որոնք գրված են ներկալվածների համար հասկանալի լեզվով, պետք է կախվեն ներկալման վայրի ներսում կամ էլ գտնվեն ներկալվածների կոմիտեում:

Ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները պետք է հաղորդվեն ներկալվածներին և կախվեն ներկալման վայրի ներսում` նրանց համար հասկանալի լեզվով:

Առանձին ներկալվածներին տրված հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

 

Հոդված 100

Ներկալման վայրերում կարգապահությունը պետք է համատեղելի լինի մարդասիրության սկզբունքների հետ, ոչ մի դեպքում չպետք է բովանդակի կանոններ, որոնք ներկալվածներին ենթարկեին նրանց առողջության համար վտանգավոր ֆիզիկական լարվածության, կամ ֆիզիկական կամ բարոյական ծաղրանքների: Դաջումը կամ դրոշմը կամ մարմնի վրա այլ տարբերիչ նշաններ դնելը արգելվում են:

Մասնավորապես, արգելվում է ներկալվածներին ստիպել կանգնած մնալ երկար ժամանակվա ընթացքում, ներկալվածներին որպես պատիժ ենթարկել երկարատև անվանականչի, ֆիզիկական վարժությունների, ռազմական խստավարժության և սննդի սահմանափակումների:

 

Հոդված 101

Ներկալվածներն իրավունք ունեն իշխանություններին, որոնց տնօրինության տակ են գտնվում նրանք, տալ միջնորդություն իրենց համար սահմանված ռեժիմի առթիվ:

Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, ներկալվածների կոմիտեի միջոցով կամ անմիջականորեն, եթե նրանք դա հարկավոր կգտնեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի հայտնեն նրանց, թե ներկալման ինչպիսի պայմանների վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:

Այդ միջնորդությունները և գանգատները պետք է հանձնվեն արագ կարգով և առանց փոփոխությունների: Անգամ եթե դրանք ճանաչվեն անհիմն, դրանք չեն կարող իրենց հետ որևէ պատիժ հարուցել:

Ներկալվածների կոմիտեները կարող են հովանավոր տերության ներկայացուցիչներին պարբերաբար զեկույցներ ուղարկել ներկալման վայրերում իրավիճակի և ներկալվածների կարիքների մասին:

 

Հոդված 102

Ներկալման բոլոր վայրերում ներկալվածներն ազատորեն, փակ քվեարկությամբ, ամեն 6 ամիսը մեկ կընտրեն կոմիտեի անդամներ, որը նրանց կներկայացնի այն տերության իշխանությունների առջև, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի առջև և ամեն մի այլ կազմակերպության առջև, որը նրանց օգնություն է ցույց տալիս: Այդ կոմիտեի անդամները կարող են վերընտրվել:

Ընտրված ներկալվածներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնում այն բանից հետո, հենց որ նրանց ընտրությունը հաստատվում է ներկալող իշխանությունների կողմից: Կոմիտեի անդամների հաստատման հնարավոր մերժման կամ փոխարինման պատճառները պետք է հայտնվեն շահագրգիռ հովանավոր տերություններին:

 

Հոդված 103

Ներկալվածների կոմիտեները պետք է նպաստեն ներկալվածների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:

Մասնավորապես, եթե ներկալվածները որոշում են ստեղծել փոխօգնության կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի կոմիտեի տնօրինության ներքո` այն հատուկ պարտավորությունների շարքում, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ դրույթներով:

 

Հոդված 104

Ներկալվածների կոմիտեների անդամներին չի կարելի հարկադրել կատարելու ուրիշ աշխատանք, եթե դա կդժվարացնի կատարել իր ֆունկցիաները:

Կոմիտեի անդամները ներկալվածների թվից կարող են նշանակել իրենց համար հարկավոր օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղափոխումների որոշ ազատություն, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները (այցելություն աշխատանքային խմբեր, բեռների ընդունում և այլն) կատարելու համար:

Կոմիտեների անդամներին կհատկացվեն հավասարապես բոլոր հնարավորությունները նրանց փոստային և հեռագրական գրագրությունների համար այն իշխանությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում ներկալվածները, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնք օգնություն ցույց կտա ներկալվածներին: Աշխատանքային խմբերի կոմիտեների անդամները ներկալման հիմնական վայրի կոմիտեի հետ իրենց գրագրության վերաբերմամբ կօգտվեն միևնույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի ոչ մի սահմանափակում, և այն չի կարելի դիտել որպես 107 հոդվածում նախատեսված նորմայի մեջ մտնող:

Կոմիտեի ոչ մի անդամ չի կարող փոխադրվել այլ տեղ առանց նրան տրամադրելու ժամանակ, որը նորմալ կերպով անհրաժեշտ է իրեն փոխարինողին գործերին տեղյակ պահելու համար:

-----------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա