Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

/1-57 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:

 

Հոդված 2.

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև, անգամ այն դեպքում, երբ դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր Պայմանավորվող Կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:

 

Հոդված 3.

Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.

1/ Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, կալանվելու կամ ցանկացած այլ պատճառով պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.

a/ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,

b/ պատանդ վերցնելը,

c/ ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,

d/ դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:

2/ Վիրավորներին և հիվանդներին կջոկեն, և նրանց ցույց կտրվի օգնություն:

Անաչառ մարդասիրական կազմակերպությունը, այնպիսին, ինչպիսին Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին:

Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:

Նախորդող դրույթների կիրառումը չի շոշափի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավաբանական կարգավիճակը:

 

Հոդված 4.

A. Սույն Կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են հանդիսանում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին:

1/ Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը:

2/ Այլ աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին, և գործում են նրանց սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս, եթե անգամ այդ տարածքն օկուպացված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.

a/ ունեն ղեկավար անձ, որը պատասխանատու է իր ենթակաների համար,

b/ ունեն որոշակի և հեռվից բացահայտ երևացող տարբերանշան,

c/ բացեիբաց կրում են զենք,

d/ իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու

սովորույթները:

3/ Իրենց այն կառավարությանը կամ իշխանությանը ենթակա համարող կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որոնք չեն ճանաչվել գրության մեջ պահող տերության կողմից:

4/ Այն անձինք, որոնք հետևում են զինված ուժերին, բայց դրանց կազմի մեջ անմիջականորեն մտած չեն, ինչպես օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, բանվորական խմբերի կամ ծառայությունների անհատական կազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունն ստացել են այն զինված ուժերից, որոնց նրանք հետևում են, որի համար այս վերջիններս պետք է տան առաջարկվող նմուշի անձը հաստատող վկայական:

5/ Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ նավապետերը, նավատարները և նավի փոքրավորները կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների հիման վրա չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից:

6/ Չօկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ տարերայնորեն իր նախաձեռնությամբ զենքի է դիմում պայքարելու ներխուժած զորքերի դեմ, չհասցնելով ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե այդ բնակչությունը բացեիբաց կրում է զենք և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները:

B. Հետևյալ անձինք կենթարկվեն նույնպիսի վարվելակերպի, ինչպես որ ռազմագերիները, սույն Կոնվենցիային համապատասխան.

1. Օկուպացված երկրի զինված ուժերին պատկանած կամ պատկանող անձինք, եթե օկուպացված տերությունը նրանց պատկանելության պատճառով անհրաժեշտ է համարում նրանց ներկալել, եթե անգամ այդ տերությունը սկզբում ազատել է նրանց այն ժամանակ, երբ ռազմական գործողություններն ընթացել են նրա կողմից օկուպացված տարածքի սահմաններից դուրս, հատկապես, երբ այդ անձինք ապարդյուն փորձել են միանալ այն զինված ուժերին, որոնց նրանք պատկանում են, և որոնք մասնակցում են ռազմական գործողություններին, կամ երբ նրանք չեն ենթարկվել ներկալելու նպատակով իրենց արված կոչին:

2. Սույն հոդվածում թվարկված կատեգորիաներից որևէ մեկին պատկանող անձինք, որոնց իրենց տարածքում ընդունել են չեզոք կամ չպատերազմող տերությունները, և որոնց այդ տերությունները պետք է ներկալեն միջազգային իրավունքին համապատասխան, եթե նրանք միայն չգերադասեն նրանց տրամադրել առավել նպաստավոր ռեժիմ, սակայն այդ անձանց վրա չեն տարածվում 8, 10, 15 հոդվածների, 30 հոդվածի հինգերորդ պարբերության, 58-67, 92, 126 հոդվածների որոշումները, իսկ այն դեպքերում, երբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի և շահագրգիռ չեզոք կամ չպատերազմող տերության միջև գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ` նաև հովանավոր տերություններին վերաբերող հոդվածների որոշումները: Այն դեպքում, երբ գոյություն ունեն այդպիսի դիվանագիտական հարաբերություններ, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին, որոնց պատկանում են այդ անձինք, թույլատրվում է նրանց վերաբերմամբ իրականացնել հովանավորող տերության ֆունկցիաներ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, առանց վնաս հասցնելու այն ֆունկցիաներին, որոնք այդ կողմերը սովորաբար իրականացնում են դիվանագիտական և հյուպատոսական պրակտիկային և պայմանագրերին համապատասխան:

C. Այս հոդվածը ոչ մի կերպ չի շոշափում բժշկա-սանիտարական և հոգևոր անձնակազմի կարգավիճակը, որ նախատեսված է սույն Կոնվենցիայի 33 հոդվածում:

 

Հոդված 5.

Սույն Կոնվենցիան 4 հոդվածում նշված անձանց նկատմամբ կկիրառվի այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը:

Այն դեպքում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց վերաբերմամբ տարակուսանք է առաջանում 4 հոդվածում թվարկված կատեգորիաներից մեկին նրանց պատկանելության առթիվ, ապա այդպիսի անձինք սույն Կոնվենցիայի հովանավորությունից կօգտվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չի որոշվի իրավասու դատարանի կողմից:

10, 23, 28, 33, 60, 65, 66, 67, 72, 73, 75, 109, 110, 118, 119 և 122 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորելու առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի ռազմագերիների այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:

Ռազմագերիները շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից այն ամբողջ ժամանակի ընթացքում, մինչև որ նրանց նկատմամբ կիրառվի Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ այլ պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, և հավասարապես, բացի կոնֆլիկտի մեջ գտնվող այս կամ այն կողմից նրանց առավել նպաստավոր պայմաններ տրամադրելու դեպքերից:

 

Հոդված 7.

Ռազմագերիները ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ լրիվ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածում նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:

 

Հոդված 8.

Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի շահերի պահպանությունը: Դրա համար հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության սահմաններում կդյուրացնեն հովանավոր տերությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, նրանք պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր նրանք կատարում են իրենց ֆունկցիաները:

 

Հոդված 9.

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ծառայում որպես խոչնդոտ այն մարդասիրական գործողությունների համար, որոնք Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն ռազմագերիներին պաշտպանելու և նրանց օգնություն ցույց տալու համար` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 10.

Բարձր Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության մեջ մտնել այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և ներգործության լիակատար երաշխիք:

Եթե ռազմագերիների վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որը նախատեսվում է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է դիմի չեզոք պետությանը կամ նման կազմակերպությանը, խնդրելով իր վրա վերցնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող ֆունկցիաները:

Եթե հովանավորություն չի կարող ապահովվել նշված ձևով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, այնպիսի կազմակերպության, ինչպես օրինակ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունի մարդասիրական այնպիսի ֆունկցիաների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:

Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի այն բանի բավարար երաշխիքները, որ ինքը ի վիճակի է ստանձնելու համապատասխան ֆունկցիաներ և դրանք կատարելու անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, երբ այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններով սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ` պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը օկուպացված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը նշանակում է նաև նրան փոխարինող կազմակերպություններ` սույն հոդվածի համաձայն:

 

Հոդված 11.

Հովանավոր տերությունները բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, կցուցաբերեն իրենց բարի ծառայությունները տարաձայնությունը կարգավորելու նպատակով:

Այդ նպատակով հովանավոր տերություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների և, մասնավորապես իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկվող անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:

 

ԲԱԺԻՆ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 12.

Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար:

Ռազմագերիները գերության մեջ պահող տերության կողմից կարող են հանձնվել միայն այն տերությանը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը համոզվել է, որ տերությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: Եթե ռազմագերիները հանձնվում են այսպիսի պայմաններում, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը կրում է նրանց ընդունող տերությունը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո:

Սակայն, եթե այդ տերությունը չկատարի սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած կարևոր կետով, տերությունը, որը հանձնել է ռազմագերիներին, ստանալով հովանավոր տերության ծանուցումը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ դրությունը շտկելու համար կամ պահանջի հետ վերադարձնել ռազմագերիներին: Այդպիսի պահանջը պետք է բավարարվի:

 

Հոդված 13.

Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով:

Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց:

Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է:

 

Հոդված 14.

Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Կանանց նկատմամբ հարկ է վերաբերվել նրանց սեռին վայել ամենայն հարգանքով, և նրանց հետ պետք է բոլոր դեպքերում վարվել ոչ ավելի վատ, քան տղամարդկանց հետ:

Ռազմագերիները լրիվ պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը, որից նրանք օգտվելիս են եղել գերության վերցնելու ժամանակ: Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել այդ իրավունակությամբ տրամադրվող իրավունքների իրականացումը իր սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս միայն այնչափ, որչափ որ պահանջում են գերության պայմանները:

 

Հոդված 15.

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը:

 

Հոդված 16.

Սույն Կոնվենցիայի` կոչմանը և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ, գերության մեջ պահող տերությունը պետք է բոլոր ռազմագերիների հետ վարվի միատեսակ, առանց որևէ խտրականության ռասայի, ազգության, դավանանքի, քաղաքական համոզմունքների և բոլոր մյուս պատճառներով, որոնք հիմնվում են համանման չափանիշների վրա, բացառությամբ այն արտոնյալ ռեժիմի, որ նա կարող է սահմանել ռազմագերիների համար նրանց առողջական վիճակի, նրանց տարիքի կամ որակավորման բերումով:

 

ԲԱԺԻՆ 3
ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄԱՍ 1. ԳԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

 

Հոդված 17.

Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն:

Այն դեպքում, եթե ռազմագերին միտումնավոր խախտի այդ կանոնը, նրան կարող է սպառնալ նրա կոչման և դրության ռազմագերիներին տրամադրվող առավելությունների սահմանափակում:

Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է ամեն մի անձի, որի վրա տարածվում է իր ենթադատությունը և որը կարող է դառնալ ռազմագերի, ապահովել անձը հաստատող փաստաթղթով, նշելով ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը կամ համազոր տեղեկություններ և ծննդյան տարեթիվը: Դրանից բացի, անձը հաստատող այդ փաստաթուղթը կարող է ունենալ ստորագրություն կամ դրա տիրոջ մատնահետքերը կամ թե մեկը և թե մյուսը, ինչպես նաև բովանդակել ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կցանկանա ավելացնել այն անձի վերաբերմամբ, որը պատկանում է իր սեփական զինված ուժերի կազմին: Անձը հաստատող վկայականը, հնարավորության սահմաններում պետք է լինի 6,5 x 10 սմ չափի և պետք է ունենա կրկնօրինակ: Ռազմագերին պարտավոր է անձը հաստատող վկայականը ներկայացնել ցանկացած պահանջի դեպքում, բայց այն ոչ մի դեպքում չի կարող նրանից վերցվել:

Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, նրանց վիրավորանքի կամ որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել:

Ռազմագերիները, որոնք իրենց ֆիզիկական և բարոյական վիճակի պատճառով չեն կարող տեղեկություններ տալ իրենց անձի մասին, կհանձնվեն բժշկական ծառայության խնամքին: Այդ ռազմագերիների ինքնությունը կհաստատվի բոլոր հնարավոր միջոցներով` նախորդ պարբերության դրույթների հաշվառումով:

Ռազմագերիների հարցաքննությունը պետք է տարվի նրանց համար հասկանալի լեզվով:

 

Հոդված 18.

Անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես որ մետաղյա սաղավարտները, հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին:

Ռազմագերիները երբեք չպետք է մնան առանց անձը հաստատող վկայականների: Գերության մեջ պահող տերությունը անձը հաստատող վկայականներ կտա նրանց, ովքեր դրանք չունեն:

Այն տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, գերազանցության նշաններն ու առարկաները, որոնք ունեն գլխավորապես սուբյեկտիվ արժեք, ռազմագերիներից չեն կարող վերցվել:

Ռազմագերիների մոտ եղած դրամական գումարները կարող են վերցվել միայն սպայի կարգադրությամբ, և միայն այն բանից հետո, երբ հատուկ ցուցակում կգրանցվեն այդ գումարների չափերը և տվյալներ դրանց տերերի մասին, և վերջիններիս կտրվի մանրամասն ստացական, որտեղ ընթեռնելի կգրվեն այդ ստացականը տվող անձի անունը, կոչումը և զորամասը: Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները կամ այն գումարները, որոնք ռազմագերիների խնդրանքով փոխարկվել են այդ վալյուտայով, կգրանցվեն ռազմագերու անձնական հաշվին` 64 հոդվածին համապատասխան:

Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերուց արժեքավոր իրերը վերցնել միայն անվտանգության նկատառումներով: Այդպիսի դեպքերում պահպանվում է նույն կարգը, ինչ որ դրամական գումարներն առգրավելիս:

Նշված իրերը, ինչպես նաև վերցված դրամական գումարները, եթե դրանք այլ վալյուտայով են եղել, քան գերության մեջ պահող տերության վալյուտան է, և դրանց փոխարկման մասին ռազմագերուց խնդրանք չի ստացվել, պետք է պահվեն գերության մեջ պահող տերության կողմից և ռազմագերիներին կվերադարձվեն նրանց գերության ավարտին այն տեսքով, ինչպես որ դրանք վերցվել են:

 

Հոդված 19.

Գերության վերցնելուց հետո հնարավոր կարճ ժամկետում ռազմագերիները էվակուացվում են ճամբարներ, որոնք տեղավորված են ռազմական գործողությունների գոտուց բավականին հեռու, այնպես, որ նրանք գտնվեն անվտանգության մեջ:

Վտանգավոր գոտում կարելի է ժամանակավորապես պահել միայն այն ռազմագերիներին, որոնք իրենց վերքերի կամ հիվանդության վիճակով էվակուացման ժամանակ կենթարկվեն մեծ վտանգի, քան տեղում թողնելիս:

Ռազմագերիներին հարկավոր չէ առանց անհրաժեշտության վտանգի ենթարկել ռազմական գործողությունների գոտուց էվակուացնելու սպասելիս:

 

Հոդված 20.

Ռազմագերիների էվակուացումը մշտապես պետք է կատարվի մարդասիրաբար և համանման այն պայմաններին, որոնք գերության մեջ պահող տերությունը տրամադրում է իր զորքերին` զորաշարժերի ժամանակ:

Գերության մեջ պահող տերությունը պետք է էվակուացվող ռազմագերիներին ապահովի բավարար քանակի խմելու ջրով և սնունդով, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ և բուժօգնություն: Այդ տերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները էվակուացման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմի էվակուացվող ռազմագերիների ցուցակը:

Եթե էվակուացման ժամանակ ռազմագերիները պետք է անցնեն տարանցիկ ճամբարներով, ապա այդ ճամբարներում նրանց գտնվելը կլինի հնարավոր առավել կարճ ժամկետում:

 

ՄԱՍ 2. ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՆԵՐԿԱԼՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21.

Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերիներին ենթարկել ներկալման: Նա կարող է նրանց պարտադրել դուրս չգալ ճամբարի սահմանված գծից, ուր նրանք ներկալվել են, կամ էլ եթե ճամբարը պատված է ցանկապատով, դուրս չգալ այդ ցանկապատից:

Բացառությամբ սույն Կոնվենցիայի այն դրույթներով նախատեսված դեպքերի, որոնք վերաբերում են քրեական և կարգապահական պատժամիջոցներին, ռազմագերիներին չի կարելի պահել փակ շենքերում կամ նրանց զրկել շենքերից դուրս գալու իրավունքից, եթե այդ միջոցը անհրաժեշտ չի համարվում նրանց առողջության պահպանման համար, համենայն դեպս, այդ միջոցի կիրառումը թույլատրվում է միայն այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ այդ միջոցը հարուցող հանգամանքները չեն վերացել:

Ռազմագերիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ կարող է տրամադրվել սահմանափակ կամ լրիվ ազատություն, եթե դա թույլ են տալիս այն տերության օրենքները, որին նրանք պատկանում են: Այդ միջոցը կկիրառվի, մասնավորապես, այն դեպքերում, երբ դա կնպաստի գերյալների առողջության բարելավմանը: Գերիներին չի կարելի հարկադրել համաձայնելու ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իր ազատվելուն:

Ռազմական գործողություններ սկսվելիս կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ հակառակորդ կողմին կհայտնի այն օրենքներն ու կանոնները, որոնք թույլատրում կամ արգելում են իր քաղաքացիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իր ազատմանը համաձայնություն տալը: Այդ ձևով հաղորդված օրենքներին և կանոններին համապատասխան ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ ազատված ռազմագերիները պարտավոր են իրենց անձնական պատվով կատարել ստանձնած պարտավորությունները ինչպես այն տերության հանդեպ, որին նրանք պատկանում են, այնպես էլ նրանց գերի վերցրած տերության հանդեպ: Այդպիսի դեպքերում տերությունը, որին պատկանում են նրանք, չպետք է պահանջի կամ նրանցից ընդունի որևէ ծառայություն, որը հակասեր ռազմագերիների կողմից տրված խոսքին կամ պարտավորությանը:

 

Հոդված 22.

Ներկալված ռազմագերիները կարող են տեղավորվել միայն ցամաքում գտնվող և հիգիենայի ու առողջության պահպանման առումով լիակատար երաշխիք տվող շենքերում: Բացառությամբ հատուկ դեպքերի, որոնք արդարացվում են հենց իրենց` գերիների շահերով, նրանց չի կարելի տեղավորել բանտային շենքերում:

Վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքում ներկալված ռազմագերիները, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, առաջին իսկ հնարավորության դեպքում կփոխադրվեն առավել նպաստավոր կլիմա ունեցող վայր:

Գերության մեջ պահող տերությունը ռազմագերիներին ճամբարներում կամ ճամբարների հատվածներում կտեղաբաշխի, հաշվի առնելով նրանց ազգությունը, լեզուն և սովորույթները, պայմանով, որ ռազմագերիներին չեն անջատի այն զինված ուժերի ռազմագերիներից, որոնցում նրանք ծառայելիս են եղել գերության վերցնելու պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք իրենք դրա համար կարտահայտեն իրենց համաձայնությունը:

 

Հոդված 23.

Ոչ մի ռազմագերի ոչ մի ժամանակ չի կարող ուղարկվել ոչ այնպիսի շրջան, որտեղ նա կարող էր ենթարկվել կռիվների գոտու կրակի գործողությանը, ոչ էլ պահվի այնտեղ, ինչպես նաև չի կարող իր ներկայությամբ օգտագործվել ռազմական օպերացիաներից որևէ կետի կամ շրջանի պաշտպանության համար:

Ռազմագերիները պետք է, ինչպես որ տեղական քաղաքացիական բնակչությունը, ունենան ապաստարաններ` օդային հարձակումներից և պատերազմի այլ վտանգներից պաշտպանվելու համար: Բացառությամբ այն ռազմագերիների, ովքեր կմասնակցեն այդ վտանգներից իրենց շենքերի պաշտպանությանը, նրանք կարող են մեկնել ապաստարաններ հնարավորին չափ արագ, հենց որ տրվի տագնապի ազդանշան: Պաշտպանության ցանկացած միջոց, որ կձեռնարկվի հօգուտ բնակչության, պետք է կիրառվի նաև նրանց նկատմամբ:

Գերության մեջ պահող տերությունները, հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհայտնեն ռազմագերիների ճամբարների աշխարհագրական տեղադրության մասին:

Ռազմագերիների ճամբարները ցերեկը, եթե դա թույլ են տալիս ռազմական բնույթի նկատառումները, պետք է նշվեն «PW» կամ «PC» տառերով, դասավորված այնպես, որպեսզի դրանք պարզորոշ երևան օդից, սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նման ուրիշ եղանակի մասին: Միայն ռազմագերիների ճամբարները կարող են նշվել այդ կերպ:

 

Հոդված 24. Մշտական տիպի տարանցիկ կամ տեսակավորող ճամբարները իրենց կառուցվածքով պետք է համապատասխանեն այնպիսի պայմանների, որոնք նման են սույն մասում նախատեսված պայմաններին, և այնտեղ ռազմագերիների համար պետք է գոյություն ունենան այնպիսի ռեժիմ, ինչպես որ մյուս ճամբարներում:

 

ԳԼՈՒԽ 2
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԸ, ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԸ

 

Հոդված 25.

Ճամբարներում ռազմագերիների տեղավորման պայմանները պետք է նվազ բարենպաստ չլինեն այն պայմաններից, որոնցից օգտվում են գերության մեջ պահվող տերության` նույն տեղանքում գտնվող զորքերը: Այդ պայմանները պետք է ստեղծվեն ռազմագերիների սովորույթների և բարքերի հաշվառմամբ և ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:

Վերոհիշյալ որոշումները պետք է կիրառվեն, մասնավորապես ռազմագերիների ննջասենյակների նկատմամբ ինչպես դրանց տարածության ընդհանուր չափի և նվազագույն խորանարդ ծավալների առումով, այնպես էլ դրանց կահավորման և անկողնային պարագաների, այդ թվում և վերմակների առումով:

Անհատական կամ կոլեկտիվ օգտագործման նպատակով ռազմագերիների համար նախատեսված շենքերը պետք է լիովին պաշտպանված լինեն խոնավությունից և բավարար չափով ջեռուցվեն ու լուսավորվեն հատկապես և գիշերամուտի, և լույսն անջատելու միջև ընկած ժամանակ: Պետք է ձեռնարկվեն հակահրդեհային բոլոր միջոցները:

Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով:

 

Հոդված 26.

Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: Հարկ է նաև հաշվի առնել գերիների համար սննդի սովորական դարձած ռեժիմը:

Գերության մեջ պահող տերությունը պետք է աշխատող ռազմագերիներին ապահովի լրացուցիչ սնունդով` նրանց կողմից կատարվող աշխատանքին համապատասխան:

Ռազմագերիների համար պետք է հասցվի բավարար քանակի խմելու ջուր: Ծխախոտ ծխելը պետք է թույլատրվի:

Ռազմագերիներն առավելագույն հնարավորության չափով կներգրավվեն մասնակցելու իրենց համար սնունդ պատրաստելուն: Դրանից բացի, նրանք հնարավորություն կստանան իրենք սնունդ պատրաստել լրացուցիչ մթերքներից, որ նրանք կունենան:

Սնունդ ընդունելու համար ռազմագերիները պետք է ապահովված լինեն պատշաճ շենքերով:

Ամեն տեսակի կոլեկտիվ կարգապահական տույժերը, որոնք շոշափում են սնունդը, արգելվում են:

 

Հոդված 27.

Հագուստը, սպիտակեղենը և կոշիկը գերության մեջ պահող տերության կողմից ռազմագերիներին կտրվեն բավարար քանակով, ընդսմին այդ տերությունը պետք է հաշվի առնի այն տեղանքի կլիմայական պայմանները, որտեղ գտնվում են ռազմագերիները: Գերության մեջ գտնվող տերության կողմից գրավված` հակառակորդ բանակների համազգեստը կօգտագործվի ռազմագերիների համար, եթե այն համապատասխանում է կլիմայական պայմաններին:

Այդ առարկաների կանոնավոր փոխարինումը և նորոգումը ապահովվում են գերության մեջ պահող տերության կողմից: Դրանից բացի, աշխատող ռազմագերիները համապատասխան հագուստ կստանան ամենուրեք, որտեղ դա պահանջում է նրանց աշխատանքի տեսակը:

 

Հոդված 28.

Բոլոր ճամբարներում կտեղադրվեն կրպակներ, որտեղ ռազմագերիները կարող են գնել սննդամթերք, առօրյա գործածության իրեր, օճառ և ծխախոտ, որոնց վաճառագները չպետք է գերազանցեն տեղական առևտրական գները:

Կրպակներից ստացված շահույթը կօգտագործվի հօգուտ ռազմագերիների, այդ նպատակի համար կստեղծվի հատուկ ֆոնդ: Վստահված անձն իրավունք կունենա մասնակցել կրպակի աշխատանքին և այդ ֆոնդի օգտագործմանը:

Որևէ ճամբարի վերացման ժամանակ հատուկ ֆոնդի հաշվեմնացորդը պետք է հանձնվի որևէ միջազգային մարդասիրական կազմակերպությանը օգտագործելու համար ի շահ ռազմագերիների, որոնք հանդիսանում են այն երկրի քաղաքացիները, ինչպես որ այդ ֆոնդի ստեղծմանը նպաստած ռազմագերիները: Համընդհանուր հայրենադարձության դեպքում այդ շահույթը մնում է գերության մեջ պահող տերությանը, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա հակադիր համաձայնագիր:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԻԳԻԵՆԱՆ ՈՒ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29.

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր կլինի ձեռնարկել հիգիենայի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ճամբարների մաքրության և առողջության համար բարենպաստ վիճակի ապահովման նպատակով և համաճարակի առաջացումը կանխարգելելու համար:

Ցերեկը և գիշերը ռազմագերիները կունենան հիգիենայի կանոններին համապատասխանող և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական պարագաներ: Բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն առանձին սանիտարական պարագաներ:

Դրանից բացի, բաղնիքներից և ցնցուղներից անկախ, որոնք կկազմակերպվեն ճամբարներում, ռազմագերիներին կտրամադրվեն բավարար քանակի ջուր և օճառ մարմնի մաքրության ամենօրյա պահպանման և սպիտակեղենի լվացման համար, դրա համար նրանց կտրամադրվեն անհրաժեշտ շենքեր, հնարավորություններ և ժամանակ:

 

Հոդված 30.

Յուրաքանչյուր ճամբար կունենա համապատասխան լազարեթ, որտեղ ռազմագերիները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի սնման անհրաժեշտ ռեժիմ: Հարկ եղած դեպքում կկազմակերպվեն մեկուսարաններ` վարակվածների և հոգեկան հիվանդների համար:

Ծանր հիվանդությամբ տառապող ռազմագերիները, կամ նրանք, որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն նրանց բուժումն ապահովելու կարող ցանկացած ռազմական կամ քաղաքացիական բուժհիմնարկ, անգամ եթե նրանց հայրենադարձությունն սպասվում է մոտ ապագայում: Հատուկ պայմաններ կստեղծվեն վիրավորների և, մասնավորապես, կույրերի խնամքի համար, և մինչև հայրենադարձությունը նրանց վերաուսուցման համար:

Ռազմագերիներին բուժօգնություն կտրվի առավելապես այն տերության բուժանձնակազմի կողմից, որին նրանք պատկանում են և, հնարավորին չափ, նրանց ազգության անձնակազմի կողմից:

Չի կարելի խոչնդոտել ռազմագերիներին ընդունելության ներկայանալու բուժանձնակազմի մոտ: Գերության մեջ պահող իշխանությունները բուժման ենթակա յուրաքանչյուր ռազմագերու, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա վերքերի կամ հիվանդության բնույթը, բուժման տևողությունը և բնույթը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալություն:

Բուժման ծախսերը, ներառյալ ռազմագերիների առողջությունը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ ամեն տեսակի հարմարանքների, այն է` ատամի և ուրիշ պրոթեզների ու ակնոցների ձեռքբերման ծախսերը, պետք է կատարի գերության մեջ պահող տերությունը:

 

Հոդված 31.

Ռազմագերիների բժշկական զննումները կկատարվեն ամիսը առնվազն մեկ անգամ: Բժշկական զննումների ժամանակ հարկ է ստուգել և նշել յուրաքանչյուր ռազմագերու քաշը: Այդ զննումները, մասնավորապես, նպատակ կունենան ռազմագերիների առողջական ընդհանուր վիճակի, սնման և մաքրության ստուգումը, վարակիչ հիվանդությունների, առանձնապես, թոքախտի, մալարիայի և վեներական հիվանդությունների հայտնաբերումը: Այդ նպատակի համար կկիրառվեն առավել արդյունավետ մատչելի մեթոդներ, օրինակ, պարբերական զանգվածային ռենտգենային լուսանկարումները միկրոֆիլմերով` նախնական փուլում թոքախտ հայտնաբերելու համար:

Գերության մեջ պահող տերությունը կարող է թեկուզ և իր զինված ուժերի բժշկական ծառայությանը չպատկանող, բայց բժիշկներ, ատամնաբույժներ, սանիտարներ և սանիտարուհիներ հանդիսացող ռազմագերիներից պահանջել կատարելու իրենց բժշկական պարտականությունները ի շահ այն ռազմագերիների, որոնք պատկանում են նույն տերությանը, ինչպես որ իրենք: Այդ դեպքում նրանք կշարունակեն համարվել ռազմագերիներ, բայց կօգտվեն նույն վարվելակերպից, ինչպես որ համապատասխան այն սանիտարական անձնակազմը, որ պահվել է գերության մեջ պահող տերության կողմից: Նրանք կազատվեն ցանկացած այլ աշխատանքից, որ նախատեսված է 49 հոդվածում:

 

ԳԼՈՒԽ 4
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

Հոդված 33.

Ռազմագերիներին օգնություն ցույց տալու նպատակով գերության մեջ պահող տերության կողմից պահված բժշկա-սանիտարական կազմը և հոգևոր անձնակազմը չպետք է համարվեն ռազմագերիներ: Նրանք, սակայն, կօգտվեն առնվազն սույն Կոնվենցիայի առավելություններից և հովանավորությունից, և նրանց նույնպես կտրամադրվեն բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ռազմագերիներին բժշկական և հոգևոր օգնություն ցույց տալու համար:

Նրանք գերության մեջ պահող տերության օրենքների և կանոնադրությունների շրջանակներում և նրա իրավասու մարմինների ղեկավարմամբ, ինչպես նաև իրենց պրոֆեսիոնալ էթիկային համապատասխան կշարունակեն կատարել իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները ի շահ ռազմագերիների, որոնք առավելապես պատկանում են այն զինված ուժերին, ինչպես որ իրենք: Իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները կատարելիս նրանք նաև կօգտվեն հետևյալ արտոնություններից.

a/ նրանց կթույլատրվի պարբերաբար այցելել ճամբարից դուրս տեղավորված աշխատանքային խմբերում կամ հոսպիտալներում գտնվող ռազմագերիներին. գերության մեջ պահող տերությունը այդ նպատակով նրանց կտրամադրի անհրաժեշտ փոխադրամիջոցներ,

b/ յուրաքանչյուր ճամբարում կոչումով և ստաժով ավագ զինվորական բժիշկը ճամբարի զինվորական իշխանությունների առջև պատասխանատվություն կկրի այն ամենի համար, որը կապված է պահված բժշկա-սանիտարական անձնակազմի գործունեության հետ: Այդ նպատակով ռազմական գործողությունների սկզբից կոնֆլիկտի մեջ գտնվող տերությունները կպայմանավորվեն իրենց բժշկա-սանիտարական անձնակազմի, այդ թվում նաև գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 26 հոդվածում հիշատակված ընկերությունների անձնակազմի կոչումների հարաբերակցության առթիվ: Այդ բժիշկը, հավասարապես և հոգևոր սպասավորները, իրավունք կունենան դիմելու ճամբարի համապատասխան իշխանություններին բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են նրանց պրոֆեսիոնալ գործունեությանը: Այդ իշխանությունները նրանց կտրամադրեն անհրաժեշտ հնարավորություններ այդ հարցերի շուրջ գրագրություն վարելու համար.

c/ թեև պահված անձնակազմը կենթարկվի ճամբարի ներքին կարգապահությանը, որտեղ նա գտնվում է, սակայն նրան չի կարելի հակադրել կատարելու նրա բժշկական և հոգևոր պարտականությունների հետ կապ չունեցող աշխատանք:

Ռազմական գործողությունների ժամանակ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն պահված անձնակազմի հնարավոր փոխարինման շուրջ և կսահմանեն այդ փոխարինման կարգը:

Նախորդ դրույթներից և ոչ մեկը գերության մեջ պահող տերությանը չի ազատում այն պարտավորություններից, որոնք ընկած են նրա վրա ռազմագերիների բժշկական և հոգևոր կարիքների բավարարման բնագավառում:

 

ԳԼՈՒԽ 5
ԿՐՈՆԸ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 34.

Ռազմագերիներին կտրամադրվի լիակատար ազատություն իրենց կրոնի ծիսակատարությունների համար, ներառյալ այցելությունը ժամերգության` նրանց կողմից ռազմական իշխանությունների սահմանած կարգապահական կարգը պահպանելու պայմանով:

Կրոնական ծառայությունների համար կառանձնացվեն պատշաճ շենքեր:

 

Հոդված 35.

Զինվորական հոգևորականության կազմի մեջ մտնող պաշտանմունքի սպասավորներին, որոնք ընկել են հակառակորդ տերության իշխանության տակ և մնացել կամ պահվել են ռազմագերիներին օգնություն ցույց տալու համար, կթույլատրվի սպասարկել նրանց հոգևոր կարիքները և ազատորեն կատարել իրենց պարտականությունները իրենց հավատակիցների մեջ իրենց կրոնական խղճին համապատասխան: Նրանք կբաշխվեն տարբեր ճամբարների և աշխատանքային խմբերի միջև, որտեղ գտնվում են նույն զինված ուժերին պատկանող միևնույն լեզվով խոսող կամ նույն կրոնին պատկանող ռազմագերիները: Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ, այդ թվում 33 հոդվածում նախատեսված փոխադրամիջոցներ, իրենց ճամբարի սահմաններից դուրս գտնվող ռազմագերիներին այցելելու համար: Նրանք կօգտվեն իրենց պաշտանմունքի կրոնական գործերով այն երկրի հոգևոր իշխանությունների և միջազգային կրոնական կազմակերպությունների հետ գրաքննության ենթակա ազատ գրագրությունից, որտեղ նրանք պահվում են: Նամակները և փոստային քարտերը, որ նրանք կարող են ուղարկել, չեն մտնում 71 հոդվածում սահմանված նորմայի մեջ:

 

Հոդված 36.

Ռազմագերիները, որոնք հանդիսանում են պաշտանմունքի սպասավորներ, բայց որոնք մտած չեն եղել իրենց սեփական բանակի զինվորական հոգևորականության կազմի մեջ, թույլտվություն կստանան, ինչպիսին էլ որ լինի նրանց դավանանքը, ազատորեն կատարելու իրենց պարտականություններն իրենց հավատակիցների շրջանում: Այդ առումով նրանց հետ կվարվեն ինչպես զինվորական հոգևորականության` գերության մեջ պահող պետության կողմից պահված ներկայացուցիչների հետ: Նրանք չեն հարկադրվի կատարելու որևէ այլ աշխատանք:

 

Հոդված 37.

Այն դեպքերում, երբ ռազմագերիները չունեն պահված անձանց թվից զինվորական հոգևորականության ներկայացուցչի կամ իրենց պաշտանմունքի սպասավոր ռազմագերու հոգևոր օգնությունը, ապա շահագրգիռ ռազմագերիների խնդրանքով այդ պարտականությունների կատարման համար կնշանակվի այդ ռազմագերիների դավանանքին կամ համանման դավանանքին պատկանող սպասավոր կամ այդպիսին չլինելու դեպքում` կնշանակվի գործից տեղյակ աշխարհիկ անձ, եթե դա թույլատրելի է կրոնական տեսակետից: Այդ նշանակումը, որ պետք է հավանության արժանանա գերության մեջ պահող տերության կողմից, կկատարվի շահագրգիռ ռազմագերիների համայնքի համաձայնությամբ, իսկ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այդ նույն դավանանքի տեղական հոգևոր իշխանությունների համաձայնությամբ: Այս եղանակով նշանակված անձը պետք է գործի այն բոլոր կանոններին համապատասխան, որոնք գերության մեջ պահող տերության կողմից սահմանված են կարգապահության պահպանման և ռազմական անվտանգության համար:

 

Հոդված 38.

Յուրաքանչյուր ռազմագերու անձնական հակումների նկատմամբ հարգանքով վերաբերվելով, գերության մեջ պահող տերությունը կխրախուսի ռազմագերիների մտավոր, լուսավորչական և սպորտային ակտիվությունը, ինչպես նաև ժամանցի կազմակերպման ակտիվությունը. դրա համար այդ տերությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ համապատասխան շենքեր և անհրաժեշտ գույք նրանց տրամադրության տակ դնելու միջոցով:

Ռազմագերիները պետք է ունենան ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն, ներառյալ սպորտը և սպորտային խաղերը և գտնվեն բաց օդում: Այդ նպատակով բոլոր ճամբարներում բավարար չափերի ազատ հրապարակներ կառանձնացվեն:

 

ԳԼՈՒԽ 6
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39.

Ռազմագերիների ամեն մի ճամբար կդրվի գերության մեջ պահող տերության կանոնավոր զինված ուժերին պատասխանատու սպայի անմիջական ղեկավարության տակ: այդ սպան կունենա սույն Կոնվենցիայի տեքստը, նա կհետևի այն բանին, որպեսզի դրա դրույթները հայտնի լինեն ճամբարի անձնակազմին, և ինքը պատասխանատու կլինի դրա կիրառման համար` իր կառավարության հսկողության ներքո:

Ռազմագերիները, բացառությամբ սպաների, պետք է գերության մեջ պահող տերության բոլոր սպաներին պատիվ տան և ցուցաբերեն հարգանքի արտաքին նշաններ, որոնք նախատեսված են նրանց սեփական գործող բանակների կանոնադրություններով:

Ռազմագերի սպաները պետք է պատիվ տան միայն այդ տերության` կոչումով ավագ սպաներին: Սակայն նրանք պետք է պատիվ տան ճամբարի պետին, ինչ կոչում էլ որ նա ունենա:

 

Հոդված 40.

Կթույլատրվի տարբերանշանների և պետական պատկանելության նշանների, ինչպես նաև գերազանցության նշանների կրումը:

 

Հոդված 41.

Սույն Կոնվենցիայի, նրա դրույթների տեքստը և այն հատուկ համաձայնագրերի բովանդակությունը, որոնք նախատեսված են 6 հոդվածում, գրված ռազմագերիների լեզվով, կփակցվեն յուրաքանչյուր ճամբարի այնպիսի տեղերում, որտեղ դրանք կարող են ընթերցվել բոլոր ռազմագերիների կողմից: Համապատասխան խնդրանքի առկայության դեպքում տեքստը կհաղորդվի այն ռազմագերիներին, որոնք փակցված տեքստին ծանոթանալու հնարավորությունից զուրկ են:

Ռազմագերիների վարքագծին վերաբերող ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները նրանց կհաղորդվեն նրանց համար հասկանալի լեզվով: Դրանք կփակցվեն համաձայն վերը սահմանված կարգի, և օրինակների որոշ քանակություն կհանձնվի վստահված անձին: Առանձին զինծառայողների հետ կապված բոլոր հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

 

Հոդված 42.

Ռազմագերիների նկատմամբ զենքի օգտագործումը, մասնավորապես, փախուստ կամ փախուստի փորձ կատարողների դեմ, հանդիսանում է ծայրահեղ բնույթի միջոց, որին մշտապես պետք է նախորդի նախազգուշացումը` հանգամանքներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 7
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 43.

Ռազմական գործողությունների հենց սկզբից կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն բոլոր այն անձանց կոչումներն ու պաշտոնները, որոնց մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 4 հոդվածում, նկատի ունենալով ապահովել միատեսակ վարվելակերպը հավասար կոչումներ ունեցող գերիների հետ, եթե պաշտոններն ու կոչումները սահմանվել են ավելի ուշ, ապա այդ մասին ևս պետք է արվի այդպիսի հաղորդում:

Գերության մեջ պահող տերությունը կճանաչի ռազմագերիների կոչման բարձրացումը, որի մասին նրան հարկ եղած ձևով կհայտնվի այն տերության կողմից, որին պատկանում են նրանք:

 

Հոդված 44.

Սպաների և նրանց հավասարեցված ռազմագերիների նկատմամբ կվերաբերվեն հարգանքով, որը պատշաճ է նրանց կոչմանը և տարիքին:

Սպայական ճամբարների սպասարկումն ապահովելու համար, հաշվի առնելով սպաների և նրանց հավասարեցվածների կոչումը, առանձնացվում է նույն զինված ուժերի` ըստ հնարավորին միևնույն լեզվով խոսող ռազմագերի զինվորների բավարար քանակ, նրանք չեն կարող ուղարկվել որևէ այլ աշխատանքի: Սպայական ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` սպաների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

 

Հոդված 45.

Սպաներ կամ նրանց հավասարեցվածներ չհանդիսացող ռազմագերիների նկատմամբ հարկ է վերաբերվել հարգանքով` նրանց կոչմանը և տարիքին համապատասխան: Ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` ռազմագերիների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

 

ԳԼՈՒԽ 8
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՃԱՄԲԱՐ ՀԱՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Հոդված 46.

Ռազմագերիներին տեղափոխելու հարցը լուծելիս, գերության մեջ պահող տերությունը պետք է հաշվի առնի իրենց` ռազմագերիների շահերն այնպես, որպեսզի չավելացնի նրանց հայրենադարձության դժվարությունները:

Ռազմագերիների տեղափոխումը պետք է մշտապես կատարվի մարդասիրաբար և այնպիսի պայմաններում, որոնք ավելի վատ չեն գերության մեջ պահող տերության կողմից իր զորքերը տեղափոխելիս նրանց տրամադրվող պայմաններից: Հարկ է մշտապես ուշադրության առնել կլիմայական պայմանները, որոնց սովոր են ռազմագերիները: Նրանց տեղափոխման պայմանները ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:

Գերության մեջ պահող տերությունը պետք է տեղափոխման ժամանակ ռազմագերիներին մատակարարի բավարար քանակի ջուր և սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ, ապաստան և բուժօգնություն: Նա կձեռնարկի նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց անվտանգության ապահովման համար, հատկապես ծովով կամ օդային ուղիով նրանց փոխադրման ժամանակ, և մեկնելուց առաջ կկազմի տեղափոխվող գերիների լրիվ ցուցակը:

 

Հոդված 47.

Հիվանդ և վիրավոր գերիներին չեն տեղափոխի, եթե միայն նրանց անվտանգությունը չի ստիպում այդ անել, քանի որ տեղափոխումը կարող է նրանց ապաքինումը սպառնալիքի տակ դնել:

Որևէ ճամբարի ռազմաճակատի գիծը մոտենալիս, այդ ճամբարի ռազմագերիները կտեղափոխվեն միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում, կամ էլ եթե նրանք տեղում մնալով ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան տեղափոխվելիս:

 

Հոդված 48.

Տեղափոխման դեպքում ռազմագերիներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնման և փոստային նոր հասցեի մասին, այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք, այնպես, որպեսզի նրանք կարողանան հավաքել-կապել իրենց իրերը և նախազգուշացնեն իրենց ընտանիքներին:

Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և նրանց հասցեով ստացված ծանրոցները, այդ իրերի քաշը, եթե տեղափոխման հանգամանքները պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, բայց թույլատրված քաշը յուրաքանչյուր մարդու հաշվով ոչ մի դեպքում չպետք է գերազանցի 25 կիլոգրամը:

Նամակագրությունը և ծանրոցները, որոնք նախորդ ճամբարի հասցեով են, նրանց կուղարկվեն առանց ուշացվելու: Ճամբարի պետը, վստահված անձի հետ համաձայնեցնելով անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ռազմագերիների կոլեկտիվ այն գույքի և իրերի փոխադրումն ապահովելու համար, որոնք ռազմագերիները չեն կարողացել իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նախատեսված սահմանափակումների պատճառով:

Տեղափոխման ծախսերը կկատարի գերության մեջ պահող տերությունը:

 

ՄԱՍ 3

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 49.

Գերության մեջ պահող տերությունը կարող է աշխատունակ ռազմագերիներին օգտագործել որպես աշխատուժ, հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, կոչումը, ինչպես նաև ֆիզիկական ընդունակությունները, մասնավորապես, այն բանի համար, որպեսզի նրանց պահպանի ֆիզիկական և բարոյական լավ վիճակում:

Ռազմագերի ենթասպաներից կարելի է միայն պահանջել աշխատանքների հսկողության իրականացում: Այդպիսի աշխատանքի մեջ չներգրավված ենթասպաները կարող են խնդրել տալ ուրիշ` իրենց հարմար աշխատանք, որը ըստ հնարավորին նրանց կտրամադրվի:

Եթե սպաները կամ նրանց հավասարեցված անձինք խնդրում են իրենց համար հարմար աշխատանք, ապա այդպիսին պետք է նրանց տրամադրվի: Ոչ մի դեպքում նրանք չեն կարող պարտադրվել աշխատելու:

 

Հոդված 50.

Բացի կառավարման, սարքավորման և կարգին վիճակում ճամբարի պահպանման աշխատանքներից, ռազմագերիները հարկադրական կարգով կարող են ներգրավվել միայն այն աշխատանքների մեջ, որոնք վերաբերում են ներքոհիշյալ կատեգորիաներին`

a/ գյուղատնտեսություն.

b/ արդյունաբերության արդյունահանող և վերամշակող ճյուղեր, բացառությամբ մետաղամշակման, մեքենաշինական և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև այնպիսի հասարակական աշխատանքներ և շինարարություն, որոնք կրում են ռազմական բնույթ կամ ունեն ռազմական նպատակներ:

c/ աշխատանք տրանսպորտում կամ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն.

d/ առևտրական գործունեություն, արվեստ և արհեստ.

e/ աշխատանք տնային տնտեսության մեջ.

f/ կոմունալ ծառայություններ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն:

B. Վերը նշված դրույթի խախտման դեպքում ռազմագերիներին թույլատրվում է օգտագործել գանգատարկման իրենց իրավունքը` 78 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 51.

Ռազմագերիներին պետք է տրամադրվեն համապատասխան պայմաններ աշխատանքի համար, հատկապես բնակարան, սնունդ, հագուստ և հանդերձանք. այդ պայմանները չպետք է զիջեն այն պայմաններին, որոնցից օգտվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիները համանման աշխատանքներում նրանց օգտագործելիս: Հարկ է նաև ուշադրության առնել կլիմայական պայմանները:

Օգտագործելով ռազմագերիների աշխատանքը, գերության մեջ պահող տերությունը նրանց աշխատանքի տեղերում կապահովի աշխատանքի պահպանության մասին ազգային օրենքների պահպանումը և, մասնավորապես, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը:

Ռազմագերիները պետք է անցնեն նախապատրաստություն, և նրանց վերաբերմամբ պետք է իրականացվեն միջոցառումներ աշխատանքի` այն աշխատանքին համապատասխան պահպանության ուղղությամբ, որ նրանք պետք է կատարեն, և համանման այն աշխատանքներին համապատասխան, որոնք տրամադրվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիներին: 52 հոդվածի դրույթները կատարելու պայմանի դեպքում ռազմագերիները կարող են ընդգրկվել սովորական այնպիսի վտանգի հետ կապված աշխատանքների մեջ, որին ենթարկվում են բանվորները` քաղաքացիական բնակչության թվից:

Ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել աշխատանքի առավել ծանր պայմաններ կարգապահական միջոցների կիրառման միջոցով:

 

Հոդված 52.

Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել նրա առողջությանը սպառնացող կամ վտանգավոր աշխատանքներում, եթե նա դրան չի համաձայնում կամովին:

Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել այնպիսի աշխատանքներում, որոնք գերության մեջ պահող տերության զինծառայողի համար համարվում են նվաստացուցիչ աշխատանքներ:

Ականների կամ այլ նման արկերի հեռացումը կդիտվի որպես վտանգավոր աշխատանք:

 

Հոդված 53.

Ռազմագերիների աշխատանքային օրվա տևողությունը, ներառյալ աշխատանքի հասնելու և վերադարձի ճանապարհի ժամանակը, չափից ավելի չի լինի և ոչ մի դեպքում չպետք է գերազանցի աշխատանքային օրվա այն տևողությունը, որ սահմանված է գերության մեջ պահող տերության քաղաքացիների թվից այդ նույն աշխատանքում զբաղված տվյալ շրջանի բանվորների համար:

Ռազմագերիներին պետք է հատկացվի հանգիստ աշխատանքային օրվա կեսին, առնվազն մեկ ժամ. այդ հանգիստը կհամապատասխանի այն հանգստին, որ նախատեսվում է գերության մեջ պահող տերության բանվորների համար, եթե այդ հանգիստը հանդիսանում է ավելի տևական: Դրանից բացի, ռազմագերիներին շաբաթը մեկ անգամ տրամադրվում է քսանչորսժամյա անընդհատ հանգիստ, նախընտրելի է կիրակի օրը կամ հանգստի` նրանց հայրենիքում սահմանված օրը: Դրանից առավել, մեկ տարի աշխատած ռազմագերուն տրամադրվում է ութօրյա անընդհատ հանգիստ` պահպանելով աշխատանքի վարձատրությունը:

Եթե կօգտագործվեն աշխատանքի այնպիսի մեթոդներ, ինչպես գործարքն է, ապա դա չպետք է հանգեցնի աշխատանքային օրվա չափից ավելի երկարացման:

 

Հոդված 54.

Աշխատանքի դիմաց ռազմագերիներին հատկացվող վարձատրության չափը սահմանվում է սույն Կոնվենցիայի որոշումների համաձայն: Աշխատանքում դժբախտ պատահարներից տուժած կամ աշխատանքի ժամանակ կամ աշխատանքի կապակցությամբ հիվանդացած ռազմագերիներին ցույց կտրվի բուժօգնություն, ինչը պահանջում է նրանց վիճակը: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունը նրանց կտա բժշկական վկայագիր, որը նրանց թույլ կտա հիմնավորել իր իրավունքներն այն տերության առջև, որին նրանք պատկանում են, և այդ վկայագրի կրկնօրինակը կհանձնի 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալություն:

 

Հոդված 55.

Աշխատանքի համար ռազմագերիների պիտանիությունն ստուգվում է պարբերաբար, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` բժշկական զննությունների միջոցով: Բժշկական քննություն անցկացնելիս պետք է հատուկ հաշվի առնվի այն աշխատանքների բնույթը, որ ռազմագերիները ստիպված են կատարել:

Եթե ռազմագերին իրեն համարում է անաշխատունակ, նրան թույլ կտրվի ներկայանալու իր ճամբարի բժշկական անձնակազմին: Բժիշկները կարող են առաջարկել աշխատանքից ազատել այն գերիներին, որոնք իրենց կարծիքով, անաշխատունակ են:

 

Հոդված 56.

Աշխատանքային խմբերի համար սահմանված ռեժիմը պետք է նման լինի ռազմագերիների ճամբարի ռեժիմին:

Ամեն մի աշխատանքային խումբ կմնա ռազմագերիների ճամբարի վերահսկողության ներքո և կգտնվի նրանից վարչական կախվածության մեջ: Զինվորական իշխանությունները և այդ ճամբարի պետն իրենց կառավարությունների վերահսկողության ներքո պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար:

Ճամբարի պետը պետք է կարգին վիճակում պահի իր ճամբարին ենթարկվող` բանվորական խմբերի ցուցակը և այդ ցուցակը ներկայացնի հովանավոր տերության, կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպությունների պատվիրակներին, որոնք կարող են այցելել ճամբար:

 

Հոդված 57.

Մասնավոր անձանց մոտ աշխատող ռազմագերիների հետ վարվելակերպը, անգամ եթե առաջիններն իրենց պատասխանատվության ներքո ստանձնեն նրանց պահպանությունը և հովանավորությունը, կլինի առնվազն այնպիսին, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով. գերության մեջ պահող տերությունը, զինվորական իշխանությունները և այն ճամբարի պետը, որին պատկանում են ռազմագերիները, լիակատար պատասխանատվություն են կրում ռազմագերիների պահպանության, նրանց մասին հոգատարության, նրանց հետ վարվելակերպի և աշխատանքի վարձատրության համար:

 

-----------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա