Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ...

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

/58-117 հոդվածներ/

 

Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում
պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող
դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի
օգոստոսի 12-ին

 

Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ՄԱՍ 4 ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 58.

Ռազմական գործողությունների հենց սկզբից և մինչև այդ հարցի առթիվ հովանավոր տերության հետ համաձայնագրերի կնքումը գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանել կանխիկ դրամի կամ այլ համանման տեսքով առավելագույն գումար, որը ռազմագերիները կարող են ունենալ իրենց մոտ: Ռազմագերիներից վերցված կամ պահված ավելորդ գումարները, որոնք նրա օրինական սեփականությունն են, ինչպես որ նրանց կողմից մուծված ամեն մի դրամական ներդրում, կգրանցվեն նրանց անձնական հաշվին և չեն կարող փոխարկվել այլ վալյուտայով` առանց նրանց համաձայնության:

Այն դեպքերում, երբ զինծառայողներին կթույլատրվի գնումներ կատարել ճամբարից դուրս կամ ծառայություններից օգտվել կանխիկ դրամով, վճարումները կատարվում են անձամբ ռազմագերիների կողմից կամ ճամբարի ադմինիստրացիայի կողմից` վճարված գումարները որպես պարտք փոխադրելով համապատասխան ռազմագերիների հաշվին: Գերության մեջ պահող տերությունը մշակում է դրա համար անհրաժեշտ կանոններ:

 

Հոդված 59.

Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները, որոնք ռազմագերիներից վերցված են 18 հոդվածին համապատասխան գերության վերցնելու պահին, նրանցից յուրաքանչյուրի հաշվին կգրանցվեն որպես վարկ` սույն մասի 64 հոդվածի դրույթներին համապատասխան:

Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները, որոնք միաժամանակ կստացվեն ռազմագերիներից վերցված այլ վալյուտայով դրամական գումարների փոխարկման հետևանքով, նույնպես կգրանցվեն որպես վարկ նրանցից յուրաքանչյուրի հաշվին:

 

Հոդված 60.

Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիներին ամեն ամիս կվճարի կանխավճար դրամական բավարարման հաշվին, որի չափը սահմանվում է նշված տերության վալյուտայով հետևյալ գումարների վերահաշվարկման միջոցով.

Կատեգորիա 1-ին, սերժանտից ցածր կոչում ունեցող գերիներ - ութ շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 2-րդ. սերժանտներ և այլ ենթասպաներ կամ համապատասխան կոչման գերիներ - տասներկու շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 3-րդ. սպաներ` ներառյալ մինչև կապիտանի կոչումը, կամ համապատասխան կոչման գերիներ - հիսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 4-րդ. մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ կամ համապատասխան կոչման գերիներ - վաթսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 5-րդ. գեներալներ կամ համապատասխան կոչման գերիներ - յոթանասուն շվեյցարական ֆրանկ:

Սակայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են հատուկ համաձայնագրերի միջոցով փոխել կանխավճարների չափը` դրամական բավարարության հաշվին, որը ենթակա է վճարման վերը թվարկված կատեգորիաների ռազմագերիներին:

Դրանից բացի, եթե առաջին պարբերության մեջ նշված գումարներն անչափ շատ լինեն դրամական այն բավարարության համեմատությամբ, որ ստանում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք կամ ինչ-որ պատճառով կարող են լուրջ դժվարություններ առաջացնել գերության մեջ պահող տերության համար, վերը նշված գումարների չափերի փոփոխման մասին մինչև հատուկ համաձայնագիր կնքելը այն տերության հետ, որին պատկանում են ռազմագերիները, գերության մեջ պահող տերությունը.

a/ կշարունակի ռազմագերու անձնական հաշվին գրանցել առաջին պարբերության մեջ նշված գումարները,

b/ կարող է ժամանակավորապես սահմանափակել այն գումարների չափը, որոնք ռազմագերիներին վճարվում են այդ կանխավճարների հաշվին` նրանց կարիքների բավարարման համար այնպիսի գումարներով, որոնց չափը հանդիսանում է բավարար, բայց որը առաջին կատեգորիայի անձանց համար չպետք է լինի նվազ այն գումարներից որոնք գերության մեջ պահող տերության կողմից վճարվում են իր սեփական զինված ուժերի անձնակազմի անձանց:

Այդպիսի սահմանափակման պատճառները անհապաղ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

 

Հոդված 61.

Գերության մեջ պահող տերությունը կնդունի այն դրամական գումարները, որոնք որպես լրացուցիչ բավարարություն կուղարկվեն ռազմագերիներին տերության կողմից, որին նրանք պատկանում են, պայմանով, որ այդ գումարները հավասարաչափ կբաշխվեն միևնույն կատեգորիայի ռազմագերիների միջև և կվճարվեն այդ կատեգորիայի բոլոր ռազմագերիներին, որոնք պատկանում են այդ տերությանը և հնարավորին չափ կարճ ժամկետում կգրանցվեն առանձին անձնական հաշիվներին` 64 հոդվածի դրույթներին համապատասխան: Այդ լրացուցիչ բավարարումը գերության մեջ պահող տերությանը չի ազատում ցանկացած ուրիշ այն պարտավորություններից, որ նրա վրա դրվում են սույն Կոնվենցիայով:

 

Հոդված 62.

Ռազմագերիներն իրենց պահող իշխանություններից անմիջականորեն կստանան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն, որի չափը սահմանվում է այդ իշխանությունների կողմից, բայց որը լրիվ օրվա համար չի կարող շվեյցարական ֆրանկի մեկ քառորդից նվազ լինել: Գերության մեջ պահող տերությունը գերիներին, ինչպես նաև այն տերությանը, որին պատկանում են նրանք, հովանավոր տերության միջոցով կհայտնի աշխատավարձի օրական դրույքի ` իր կողմից սահմանված չափը:

Գերիներ պահող իշխանությունները նաև աշխատանքի դիմաց վարձատրություն կվճարեն այն ռազմագերիներին, որոնք մշտապես պետք է զբաղվեն կառավարման, ներքին կառուցվածքի կամ ճամբարը կարգին վիճակում պահելու հետ կապված պարտականություններով կամ արհեստով, ինչպես նաև այն ռազմագերիներին, որոնք ներգրավված են իրենց ընկերների բժշկական և հոգևոր կարիքների սպասարկման մեջ:

Վստահված անձի, նրա օգնականների և նրա խորհրդատուների, եթե այդպիսիք կան, աշխատավարձը փակվում է կրպակներից ստացվող շահույթների մասհանումներով լրացվող ֆոնդից. այդ ռոճիկների չափը սահմանվում է վստահված անձի կողմից և հաստատվում ճամբարի պետի կողմից: Եթե այդպիսի ֆոնդ չկա, ապա գերիներ պահող իշխանությունները այդ ռազմագերիներին վարձատրում են արդարացիորեն հաշվարկված աշխատանքի դիմաց:

 

Հոդված 63.

Ռազմագերիներին կթույլատրվի ստանալ նրանց անհատապես կամ կոլեկտիվ կերպով հասցեագրված դրամական փոխհատուցումները:

Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք ունի տնօրինելու իր հաշվի հաշվեմնացորդը, որ նախատեսված է հաջորդ հոդվածով, այն չափերով, որոնք սահմանված են գերության մեջ պահող տերության կողմից, որը և կկատարի պահանջվող վճարումները: Գերության մեջ պահող տերության տեսակետից անհրաժեշտ ֆինանսական և վալյուտային սահմանափակումների պահպանման պայմանով ռազմագերիները կարող են նաև վճարումներ կատարել արտասահմանում: Այդ դեպքում իրենց խնամարկյալներին ռազմագերիների կողմից կատարվող վճարումները իրականացվում են առաջին հերթին:

Ցանկացած դեպքում ռազմագերին, այն տերության համաձայնությամբ, որին նա պատկանում է, կկարգադրի իր երկրում վճարումները կատարել հետևյալ կերպ. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով նշված տերությանը կուղարկի ծանուցագիր, որը կբովանդակի բոլոր անհրաժեշտ ցուցումները դրամը վճարողի և ստացողի մասին, ինչպես նաև վճարվող գումարի չափը` արտահայտված գերության մեջ պահող տերության վալյուտայով. այդ ծանուցագիրը կստորագրվի շահագրգիռ ռազմագերու կողմից և կվավերացվի ճամբարի պետի ստորագրությամբ: Գերության մեջ պահող տերությունն այդ գումարը ռազմագերու հաշվին գրանցում է որպես պարտք: Այս ձևով որպես պարտք գրանցված գումարները, գերության մեջ պահող տերությունը որպես պարտք է գրանցում այն տերությանը, որին պատկանում են ռազմագերիները:

Վերը նշված դրույթների կիրառման նպատակով, գերության մեջ պատող տերությունը կարող է օգտվել սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում բովանդակվող տիպարային կանոններից:

 

Հոդված 64.

Գերության մեջ պահող տերությունը յուրաքանչյուր ռազմագերու համար կբացի անձնական հաշիվ, որ առնվազն կբովանդակի հետևյալը.

1/ ռազմագերուն հասնող կամ նրա կողմից դրամական բավարարման հաշվին որպես կանխավճար ստացված գումարները, աշխատանքի դիմաց կամ այլ մուտքերից գոյացած գումարները. գերության մեջ գտնվող տերության վալյուտայով այն դրամական գումարները, որոնք վերցվել են ռազմագերուց, գերուց վերցված և նրա խնդրանքով նշված տերության վալյուտայով փոխարկված դրամը:

2/ Գերուն կանխիկ կամ համանման այլ տեսքով տրված գումարները, նրա անունից և նրա խնդրանքով կատարված վճարումները, 63 հոդվածի երրորդ պարբերության համաձայն փոխանցված գումարները:

 

Հոդված 65.

Ռազմագերու հաշվի մեջ կատարվող ամեն մի գրանցում պետք է ստորագրվի կամ վավերացվի նրա կողմից կամ նրա անունից գործող վստահված անձի կողմից:

Ռազմագերիներին մշտապես պետք է բավարար հնարավորություններ տրվեն ծանոթանալու իրենց հաշիվների վիճակին և ստանալու այդ հաշիվների պատճենները, որոնք կարող են նաև ստուգվել հովանավոր տերության ներկայացուցիչների կողմից` ճամբար կատարած նրանց այցի ժամանակ:

Ռազմագերիներին մի ճամբարից մյուսը փոխադրելիս նրանց անձնական հաշիվները հետևում են նրանց: Գերության մեջ պահող մի տերության կողմից մյուս տերությանը ռազմագերիներին հանձնելու դեպքում, ռազմագերիներին պատկանող գումարները, որոնք չեն փոխարկվել գերության մեջ պահող տերության վալյուտայով, հետևում են նրանց: Նրանց հաշվում որպես վարկ մնացած մյուս բոլոր գումարների համար նրանց տրվում է վկայական:

Կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերը կարող են պայմանավորվել որոշակի ժամկետներում հովանավոր տերության միջոցով միմյանց ծանուցելու ռազմագերիների հաշիվներում եղած գումարների մասին:

 

Հոդված 66.

Ռազմագերու ազատման հետևանքով գերության ավարտին կամ նրա հայրենադարձության ժամանակ գերության մեջ պահող տերությունը պետք է նրան տա փաստաթուղթ, ստորագրված այդ տերության` դրա համար լիազորված սպայի կողմից, որի մեջ կնշվի գերության մեջ գտնվելու վերջում նրան պատկանող հաշվեմնացորդը. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով ռազմագերիների պատկանելության տերությանը կուղարկի նաև ցուցակներ, որոնք բովանդակում են բոլոր այն ռազմագերիների մասին հարկ եղած տվյալները, որոնց գերության մեջ գտնվելն ավարտվել է հայրենադարձությամբ, ազատվելով, փախուստով, մահով կամ ցանկացած այլ ձևով, և որոնք ցույց կտան նրանց հաշվեմնացորդի չափը: Այդպիսի ցուցակների ամեն մի թերթը պետք է հաստատվի գերության մեջ գտնվող տերության լիազոր ներկայացուցչի կողմից:

Տվյալ հոդվածի վերը շարադրված դրույթներից ցանկացած դրույթ կարող է ձևափոխվել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև փոխադարձ համաձայնության միջոցով:

Տերությունը, որին պատկանում է ռազմագերին, պատասխանատվություն կկրի գերության ավարտին գերության մեջ պահող տերությունից ռազմագերուն հասնող հաշվեմնացորդը նրա հետ կարգավորելու համար:

 

Հոդված 67.

60 հոդվածի համաձայն դրամական բավարարման հաշվին ռազմագերիներին տրվող կանխավճարները պետք է դիտվեն որպես այն տերության կողմից տրված կանխավճար, որին նրանք պատկանում են: Դրամական բավարարման հաշվին այդպիսի կանխավճարները, հավասարապես և բոլոր վճարումները, որոնք 63 հոդվածի երրորդ պարբերության և 68 հոդվածի համաձայն կատարվում են գերության մեջ պահող տերության կողմից, ռազմական գործողությունների ավարտից հետո կհանդիսանան շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրերի առարկա:

 

Հոդված 68.

Աշխատանքի հետևանք հանդիսացող խեղման կամ հաշմանդամության հետ կապված փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջ հովանավոր տերության միջոցով պետք է ուղարկվի այն տերությանը, որին ռազմագերին պատկանում է: 54 հոդվածին համապատասխան, գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերուն տալիս է փաստաթուղթ, որը ցույց է տալիս խեղման կամ հաշմանդամության բնույթը, այն հանգամանքները, որոնցում դրանք տեղի են ունեցել, և նրանց ցույց տրված բժշկական կամ հիվանդանոցային բուժման տվյալները: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրված լինի գերության մեջ պահող տերության պատասխանատու սպայի կողմից, իսկ բժշկական տվյալները պետք է հաստատված լինեն բժշկական ծառայության բժշկի կողմից:

Փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջն այն անձնական իրերի, դրամի և արժեքների դիմաց, որոնք 18 հոդվածին համապատասխան նրանից առգրավվել են գերության մեջ պահող տերության կողմից և հայրենադարձվելիս չեն տրվել նրան կամ փոխհատուցման մասին պահանջը այն վնասների դիմաց, որ նրա կարծիքով հասցվել են նրան` գերության մեջ պահող տերության կամ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի մեղքով, նույնպես պետք է ուղարկվեն տերությանը, որին պատկանում է ռազմագերին: Սակայն բոլոր այդպիսի իրերը, որոնք ռազմագերիներին պետք են գերության մեջ գտնվելու ժամանակ, փոխարինվում են գերության մեջ պահող տերության հաշվին: Գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերիներին տալիս է փաստաթուղթ` գրված պատասխանատու սպայի կողմից, որի մեջ նշվում են այդ իրերը, դրամը և արժեքները չվերադարձնելու պատճառներին վերաբերող եղած բոլոր տեղեկությունները: Այդպիսի փաստաթղթի պատճենը 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվում է այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին:

 

ՄԱՍ 5

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

 

Հոդված 69.

Անմիջապես այն բանից հետո, հենց որ ռազմագերիները հայտնվեն իր իշխանության տակ, գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով կտեղեկացնի նրանց և այն տերությանը, որին նրանք պատկանում են, այն միջոցառումների մասին, որոնք նա ձեռնարկել է սույն մասի որոշումները կատարելու համար: Այդ տերությունը շահագրգիռ կողմերին կհայտնի նաև այդ միջոցառումների մեջ կատարվող ցանկացած փոփոխության մասին:

 

Հոդված 70.

Յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկ ճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբար փոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմից անմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից` 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալությանը ուղարկել փոստային քարտ` կազմված, եթե դա հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշով, հաղորդելով իրեն գերի վերցնելու մասին, իր առողջական վիճակի մասին և ցույց տալ իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:

 

Հոդված 71.

Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալ նամակներ և փոստային քարտեր: Եթե գերության մեջ պահող տերությունը անհրաժեշտ գտնի սահմանափակել այդ նամակագրությունը, համենայնդեպս, նա պետք է թույլ տա ամիսը երկու նամակի և չորս քարտի ուղարկումը, չհաշված այն քարտերը, որոնք նախատեսված են 70 հոդվածում` հնարավորին չափ կազմված սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլ սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավոր տերությունը հիմքեր ունի համարել, որ դրանք համապատասխանում են իրենց` ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց գերության մեջ գտնվող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննություն իրականացնելու համար բարձրորակ թարգմանիչների բավարար քանակի ընտրության գործում: Եթե ռազմագերիներին հասցեագրված նամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող է ընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշ դեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն գերության մեջ պահող տերության տրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքման ուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահական ներգործության միջոց:

Երկար ժամանակ տեղեկություններ չստացած և իրենց ընտանիքներից դրանք ստանալու կամ այդպիսիք սովորական ուղիով ընտանիքին ուղարկելու հնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես որ իրենց հարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին, կթույլատրվի ուղարկել հեռագրեր, որոնց արժեքը որպես պարտք կգրանցվեն նրանց հաշիվներին, որոնք կան գերության մեջ պահող տերության մոտ կամ այդ արժեքը կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով: Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունները վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել նամակագրությունը վարել այլ լեզուներով:

Գերիների` նամակագրություն պարունակող կապոցները պետք է խնամքով կնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` դրանց պարունակության ճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստային բաժանմունքի հասցեով:

 

Հոդված 72.

Ռազմագերիներին կթույլատրվի փոստով կամ ցանկացած այլ միջոցներով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղորայք և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման համար, նրանց լուսավորության կամ ժամանցի առարկաներ, ներառյալ գրքեր, պաշտանմունքի առարկաներ, գիտական աշխատանքների համար ապարատուրա, քննական նյութեր, երաժշտական գործիքներ, սպորտային գույք ու նյութեր, որոնք թույլ կտան ռազմագերիներին շարունակելու սովորել և զբաղվել գեղարվեստական գործունեությամբ:

Այս ծանրոցները գերության մեջ պահող տերությանը ոչ մի դեպքում չեն ազատում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտավորություններից:

Այդ ծանրոցների վերաբերմամբ միակ սահմանափակումները կարող են լինել միայն այն սահմանափակումները, որոնք ի շահ ռազմագերիների կառաջարկվեն հովանավոր տերության կողմից, կամ էլ, տրանսպորտի կամ կապի համակարգի արտակարգ ծանրաբեռնվածության դեպքում և միայն նրանց սեփական ծանրոցների վերաբերմամբ կառաջարկվեն Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության կողմից:

Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը պետք է դառնա, եթե դա անհրաժեշտ է, հատուկ համաձայնագրերի առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ռազմագերիների կողմից օգնության ծանրոցների ստանալը: Գրքերը չպետք է դրվեն սննդամթերք և հագուստ պարունակող ծանրոցների մեջ: Բժշկական նյութերը, որպես կանոն, պետք է ուղարկվեն կոլեկտիվ ծանրոցներով:

 

Հոդված 73.

Կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին շահագրգիռ տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող սույն Կոնվենցիային կցված կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ռազմագերիների համար նախատեսված ծանրոցները նրանց հանձնելու, այդպիսիք բաշխելու կամ ի շահ ռազմագերիների դրանք տնօրինելու վստահված անձանց իրավունքները:

Այդ համաձայնագրերով չի կարելի սահմանափակել ծանրոցների բաշխման նկատմամբ վերահսկողության իրավունքը, իրավունք, որ կունենան հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ գերիներին օգնություն ցույց տվող և այդ ծանրոցների հանձնման համար պատասխանատվություն կրող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչները:

 

Հոդված 74

Ռազմագերիների համար նախատեսված օգնության բոլոր ծանրոցներն ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Նամակագրությունը, օգնության ծանրոցները և թույլատրված դրամական փոխանցումները, որոնք հասցեագրված են ռազմագերիներին կամ որոնք նրանց կողմից ուղարկվում են փոստով կամ 122 հոդվածում նախատեսված Տեղեկատու բյուրոյի միջոցով կամ էլ 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալության միջոցով, ազատվում են բոլոր փոստային գանձումներից ինչպես առաքվող երկրում և նշանակման երկրում, այնպես էլ միջանցիկ երկրներում:

Ռազմագերիների համար նախատեսվող օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց քաշի կամ ցանկացած այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի գերության մեջ պահող տերությունը` նրա հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում: Սույն Կոնվենցիային մասնակից հանդիսացող մյուս տերությունները առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:

Շահագրգիռ տերությունների միջև հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդպիսի ծանրոցների առաքման այն ծախսերը, որոնք չեն ընկնում վերը նշված արտոնությունների գործողության տակ, կատարվում են առաքողի կողմից:

Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն, որքան դա հնարավոր է, նվազեցնել ռազմագերիների կողմից ուղարկվող կամ նրանց հասցեագրված հեռագրերի տարիֆները:

 

Հոդված 75

Այն դեպքում, երբ ռազմական օպերացիաները շահագրգիռ տերություններին կխանգարեն կատարելու 70, 71, 72 և 77 հոդվածներում հիշատակված ծանրոցների փոխադրումն ապահովելու նրանց վրա դրված պարտականությունը, շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից ճանաչված ցանկացած այլ կազմակերպություն կարող են այդ ծանրոցների փոխադրումն ապահովելով զբաղվել տրանսպորտային համապատասխան միջոցների օգնությամբ (վագոնների, բեռնատար մեքենաների, նավերի կամ ինքնաթիռների և այլն): Այդ նպատակով Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն այդ տրանսպորտային միջոցները տրամադրել և թույլատրել դրանց շարժը, մասնավորապես, դրա համար նրանց անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:

Այդ տրանսպորտային միջոցները կարող են նաև օգտագործվել փոխադրելու համար.

a/ այն նամակագրությունները, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 123 հոդվածում հիշատակված Կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 122 հոդվածում նախատեսված ազգային բյուրոները.

b/ ռազմագերիներին վերաբերող այն նամակագրությունները և զեկույցները, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպություն փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ:

Սույն դրույթները ոչ մի բանով չեն սահմանափակում կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքը` ապահովելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա դա գերադասում է, կամ անցագրեր տալու այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:

Հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը համամասնաբար կատարում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, նայած թե հօգուտ ում քաղաքացիների են ցույց տրվում այդ ծառայությունները:

 

Հոդված 76

Ռազմագերիներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող նամակագրության գրաքննությունը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում: Գրաքննությունը կարող է առաքող պետության և ստացող պետության կողմից կատարվել միայն մեկ անգամ` նրանցից յուրաքանչյուրի կողմից:

Ռազմագերիներին հասցեագրված ծանրոցների ստուգումը չպետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք կվտանգեին դրանցում գտնվող սննդամթերքի պահպանությունը, և պետք է տեղի ունենա, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը տպագրված և գրավոր նյութի մասին է, հասցեատիրոջ կամ նրա կողմից պատշաճ ձևով լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Գերիների անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Ռազմական կամ քաղաքական պատճառներով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի մտցրած նամակագրության ցանկացած արգելք կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ կարճատև:

 

Հոդված 77

Գերության մեջ պահող տերությունները բոլոր հնարավորությունները կտրամադրեն հովանավոր տերության միջոցով կամ 123 հոդվածում նախատեսված Ռազմագերիների գործերի Կենտրոնական գործակալության միջոցով հանձնելու ռազմագերիներին հասցեագրված ակտերը, թղթերը և փաստաթղթերը կամ նրանցից ստացվողները, մասնավորապես լիազորագրերը և կտակները:

Բոլոր դեպքերում գերության մեջ պահող տերությունները ռազմագերիներին կաջակցեն կազմելու այդ փաստաթղթերը, մասնավորապես, նրանց թույլատրելով խորհրդակցել իրավաբանի հետ, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ռազմագերիների վկայությունն ապահովելու համար:

 

ՄԱՍ 6

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 1
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՌԹԻՎ

 

Հոդված 78

Ռազմագերիներն իրավունք ունեն գերության մեջ գտնվելու իրենց համար սահմանված ռեժիմի առթիվ խնդրանքներ ներկայացնելու այն զինվորական իշխանություններին, որոնց իշխանության տակ են նրանք գտնվում:

Նրանք նաև իրավունք ունեն առանց սահմանափակումների վստահված անձի միջոցով կամ անմիջականորեն, եթե դա նրանք հնարավոր կգտնեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեն գերության ռեժիմի այն մոմենտների վրա, որոնց վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:

Այդ միջնորդությունները և գանգատները չեն սահմանափակվի կամ դիտվի որպես 71 հոդվածում նշված նամակագրության քվոտայի մաս: Դրանք պետք է փոխանցվեն շտապ կարգով: Դրանք չեն կարող առաջացնել ոչ մի պատիժ, եթե անգամ դրանք ճանաչվեն չհիմնավորված:

Վստահված անձինք կարող են հովանավոր տերությունների ներկայացուցիչներին ուղարկել պարբերական զեկույցներ ճամբարներում տիրող դրության մասին և ռազմագերիների կարիքների մասին:

 

ԳԼՈՒԽ 2
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հոդված 79

Բոլոր վայրերում, որտեղ կգտնվեն ռազմագերիները, բացառությամբ այն տեղերի, որտեղ գտնվում են սպաները, ռազմագերիները ազատորեն, գաղտնի քվեարկությամբ, ամեն վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև բացվող թափուր տեղերի դեպքում, կընտրեն վստահված անձինք, որոնք պետք է նրանց ներկայացնեն զինվորական իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի առաջ և ցանկացած այլ կազմակերպության առաջ, որը օգնություն է ցույց տալիս: Այդ վստահված անձինք կարող են վերընտրվել:

Սպաների և նրանց հավասարեցված անձանց ճամբարներում կամ խառը ճամբարներում կոչումով և ստաժով բարձր ռազմագերի սպան ճանաչվում է որպես վստահված անձ: Սպաների ճամբարներում նրան օգնում են մեկ կամ մի քանի խորհրդատուներ, որոնք ընտրվում են սպաների կողմից. խառը ճամբարներում նրա օգնականներն ընտրվում են սպա չհանդիսացող ռազմագերիների կողմից` իրենց միջից:

Ռազմագերիների համար աշխատանքային ճամբարներում կտեղավորվեն միևնույն քաղաքացիության ռազմագերի սպաներն այնպես, որպեսզի նրանք կարողանան ճամբարում կատարել ռազմագերիների վրա դրվող վարչական ֆունկցիաներ: Այդ սպաները կարող են ընտրվել վստահված անձի պաշտոնին` սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին համապատասխան: Այդ դեպքում վստահված անձի օգնականները կընտրվեն սպա չհանդիսացող ռազմագերիների թվից:

Մինչև իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինելը, յուրաքանչյուր ընտրված վստահված անձ պետք է հաստատվի գերության մեջ պահող տերության կողմից: Այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերությունը հրաժարվի գերության իր ընկերների կողմից ընտրված ռազմագերուն հաստատելուց, ապա նա պետք է հովանավոր տերությանը ներկայացնի այդպիսի հրաժարման պատճառները:

Բոլոր դեպքերում վստահված անձի քաղաքացիությունը, լեզուն և սովորույթները պետք է միատեսակ լինեն այն ռազմագերիների քաղաքացիության, լեզվի և սովորույթների հետ, որոնց նա ներկայացնում է: Այսպիսով, իրենց քաղաքացիությանը, լեզվին և սովորույթներին համապատասխան ճամբարի տարբեր հատվածներում բաշխված ռազմագերիներն ամեն մի հատվածում կունենան իրենց վստահված անձը` նախորդ պարբերությունների որոշումներին համապատասխան:

 

Հոդված 80

Վստահված անձինք պետք է նպաստեն ռազմագերիների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:

Մասնավորապես, եթե գերիները որոշեն փոխօգնության համակարգ կազմակերպել միմյանց միջև, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի վստահված անձանց տնօրինության ներքո, անկախ այն հատուկ պարտականություններից, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ որոշումներով:

Վստահված անձինք պատասխանատու չեն լինի միայն իրենց պարտականությունների բերումով այն օրինախախտումների համար, որոնք կատարվել են ռազմագերիների կողմից:

 

Հոդված 81

Վստահված անձինք չեն հակադրվի կատարելու որևէ այլ աշխատանք, եթե դա կդժվարացնի նրանց ֆունկցիաների կատարումը:

Վստահված անձինք կարող են գերիների թվից նշանակել իրենց հարկավոր օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղաշարժվելու որոշ ազատություն, որն անհրաժեշտ է նրանց պարտականությունների կատարման համար (այցելություն աշխատանքային խմբեր, օգնության ծանրոցների ընդունում և այլն):

Վստահված անձանց պետք է թույլատրվի այցելել այն շենքերը, որտեղ ռազմագերիները ներկալված են. վերջիններս իրավունք կունենան ազատորեն խորհրդատվություն ստանալ իրենց վստահված անձից:

Վստահված անձանց հավասարապես կտրամադրվեն բոլոր հնարավորությունները իրենց փոստային և հեռագրային գրագրությունների համար գերության մեջ պահող իշխանությունների, հովանավոր տերությունների հետ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների հետ, խառը բժշկական հանձնաժողովների, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնք ռազմագերիներին օգնություն ցույց կտան: Աշխատանքային խմբերի վստահված անձինք հիմնական ճամբարի վստահված անձի հետ ունեցած գրագրության կապակցությամբ կօգտվեն այդ նույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի որևէ սահմանափակում և այն չի կարելի դիտել 71 հոդվածում նախատեսված քվոտայի հաշվին կատարվող գրագրություն:

Ոչ մի վստահված անձ չի կարող այլ վայր փոխադրվել առանց նրան տրամադրելու նորմալ ժամանակ, որն անհրաժեշտ է իրեն փոխարինողին գործին տեղյակ պահելու համար:

Վստահված անձին ազատելու դեպքում այդ որոշման պատճառները պետք է հայտնվեն հովանավոր տերությանը:

 

ԳԼՈՒԽ 3
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 82

Ռազմագերիները ենթարկվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքներին, կանոնադրություններին և հրամաններին: Այդ տերությունն իրավունք կունենա դատական կամ կարգապահական միջոցներ ձեռնարկել ցանկացած ռազմագերու նկատմամբ, որը կկատարի այդ օրենքների, կանոնադրությունների և հրամանների խախտում: Սակայն չպետք է թույլ տալ այնպիսի դատավարություն կամ պատիժ, որոնք հակասում են սույն գլխի դրույթներին:

Եթե գերության մեջ պահող տերության օրենքներում, կանոնադրություններում կամ հրամաններում պատժելի են հայտարարվում ռազմագերիների կողմից կատարված գործողություններն այն ժամանակ, երբ այն նույն գործողությունները պատիժ չեն հարուցում, եթե դրանք կատարվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից, ապա այդ դեպքերում ռազմագերիների նկատմամբ կկիրառվեն միայն կարգապահական տույժեր:

 

Հոդված 83

Այն հարցը լուծելիս, թե պատժի ինչպիսի միջոցներ պետք է կիրառվեն հանցանքների համար, որոնցում մեղադրվում են ռազմագերիները, դատական կամ կարգապահական, գերության մեջ պահող տերությունը պետք է հետևի, որպեսզի համապատասխան իշխանություններն այդ հարցի գնահատման ժամանակ դրսևորեն առավելագույն ներողամտություն և բոլոր հնարավոր դեպքերում ավելի շուտ դիմեն կարգապահական միջոցների, քան դատահետապնդման:

 

Հոդված 84

Միայն զինվորական դատարանները կարող են դատել ռազմագերուն, եթե միայն գերության մեջ պահող տերության օրենսդրությունը հատուկ իրավունք չի տրամադրում քաղաքացիական դատարաններին` դատելու այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց այդ նույն հանցանքի համար, որում մեղադրվում է ռազմագերին:

Ոչ մի դեպքում ռազմագերին չի կարող դատվել որևէ դատարանով, որը չի ներկայացնում անկախության և անաչառության համընդհանուր ճանաչում գտած հիմնական երաշխիքներ և, մասնավորապես, որի դատական ընթացակարգը մեղադրյալին չի ապահովում պաշտպանության` 105 հոդվածով նախատեսված իրավունքներով ու միջոցներով:

 

Հոդված 85

Մինչև գերի ընկնելը կատարած գործողությունների համար գերության մեջ պահող պետության օրենսդրությամբ հետապնդման ենթարկվող ռազմագերիներն օգտվում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից` անգամ նրանց դատապարտելու դեպքում:

 

Հոդված 86

Ռազմագերին կարող է միայն մեկ անգամ պատժվել միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով:

 

Հոդված 87

Գերության մեջ պահող տերության զինվորական իշխանությունները և դատարանները չպետք է ռազմագերիներին դատապարտեն որևէ այլ պատիժների, բացի այն պատիժներից, որոնք նախատեսված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից թույլ տրված այդպիսի արարքների համար:

Պատիժ նշանակելիս գերության մեջ պահող տերության դատարանները կամ իշխանությունները պետք է առավելագույն հնարավոր չափով հաշվի առնեն այն փաստը, որ, քանի որ ամբաստանյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացին, ապա նա կապված չի այդ տերության նկատմամբ հավատարմության պարտքով և այդ տերության իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների հետևանքով: Նրանք հնարավորություն կունենան մեղմել այն պատժաչափը, որը ռազմագերուն հասնում է իրավախախտում թույլ տալու համար նրան ներկայացվող մեղադրանքով, և դրա համար նրանք պարտավոր չեն պահպանել այդ իրավախախտման համար նախատեսված նվազագույն պատժաչափը:

Արգելվում են անհատական արարքների համար ամեն տեսակի կոլեկտիվ պատիժները, ամեն տեսակի մարմնական պատիժները, լուսավորությունից զուրկ շենքերում կալանավորելը, և առհասարակ տանջահարության որևէ տեսակ կամ դաժանության դրսևորում:

 

Հոդված 88

Հավասար կոչման ռազմագերի սպաները, ենթասպաները և զինվորները, որոնք կարգապահական կամ քրեական պատիժ են կրում, չեն կարող ենթարկվել ավելի խիստ վերաբերմունքի, քան այն վերաբերմունքը, որն այդպիսի պատիժների նկատմամբ նախատեսվում է գերության մեջ պահող տերության զինված ուժերում:

Ռազմագերի կանայք չպետք է դատապարտվեն ավելի դաժան պատիժների կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվեն ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի կանայք` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Ռազմագերի կանայք ոչ մի դեպքում չեն կարող դատապարտվել ավելի դաժան պատժի կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվել ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի տղամարդիկ` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Նշանակված կարգապահական և քրեական պատիժները ռազմագերիների կողմից կրելուց հետո, նրանց հետ չի կարելի վարվել այլ կերպ, քան մյուս ռազմագերիների հետ:

 

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ

 

Հոդված 89

Ռազմագերիների նկատմամբ կարող են նշանակվել կարգապահական հետևյալ պատիժները.

1/ տուգանք` դրամական բավարարման հաշվին կանխավճարի և 60 ու 62 հոդվածներին համապատասխան աշխատանքի դիմաց ռազմագերիներին հասնող վարձատրության ոչ ավելի, քան 50 %-ի չափով և ընդսմին, 30 օրը չգերազանցող ժամկետում,

2/ սույն Կոնվենցիայով նախատեսվածից ավելի հատկացված առավելություններից զրկում,

3/ արտահերթ կարգախմբեր` ոչ ավելի, քան օրը 2 ժամ,

4/ կալանում,

3 կետում նշված պատիժը չի կարող նշանակվել սպաների նկատմամբ:

Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, դաժան և ռազմագերիների առողջության համար վտանգավոր:

 

Հոդված 90

Մեկ պատժաչափի տևողությունը երբեք չպետք է գերազանցի 30 օրը: Կարգապահական արարքի դեպքում նախնական կալանքի կրման ժամկետները մինչև գործի ունկնդրումը կամ մինչև կարգապահական տույժի նշանակումը հաշվարկվում են ռազմագերուն նշանակված պատժի ժամկետի մեջ:

Վերը նախատեսված` երեսնօրյա առավելագույն ժամկետը չի կարող ավելացվել, անգամ եթե ռազմագերին պետք է կարգապահական կարգով միաժամանակ պատասխան տա պատժի մասին վճիռ կայացնելու պահին թույլ տված մի շարք արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները միմյանց հետ կապված են, թե ոչ:

Կարգապահական տույժ նշանակելու մասին վճիռ կայացնելու պահից և մինչև դրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ռազմագերու վրա կդրվի կարգապահական նոր տույժ, ապա պատիժներից ամեն մեկն ի կատար ածելու միջև պետք է անցնի առնվազն երեք օր, եթե պատիժներից որևէ մեկի տևողությունը հասնում է տասը կամ ավելի օրերի:

 

Հոդված 91

Ռազմագերու փախուստը համարվում է կայացած այն դեպքերում, երբ.

1/ նա միացել է այն տերության զինված ուժերին, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության զինված ուժերին,

2/ նա թողել է այն տարածքը, որը գտնվում է գերության մեջ պահող տերության կամ նրա դաշնակցի իշխանության տակ,

3/ նա ընկել է մի նավ, որը նավարկում է այն տերության դրոշի ներքո, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության դրոշի ներքո, կամ այդ նավը գտնվում է գերության մեջ գտնվող տերության ջրային տարածքներում պայմանով, որ այդ նավը չի գտնվում այդ վերջինիս հսկողության տակ:

Այն ռազմագերիները, որոնք սույն հոդվածի իմաստով կայացած փախուստից հետո վերստին գերի են ընկնում, փախուստի համար չեն ենթարկվում ոչ մի տույժի:

 

Հոդված 92

Ռազմագերին, որը փորձում է փախչել կամ բռնվել է մինչև 91 հոդվածի իմաստով փախուստի հաջող ավարտը, այդ արարքի համար ենթակա է միայն կարգապահական պատիժների` անգամ կրկնվելու դեպքում:

Հենց նոր վերցված ռազմագերին պետք է առանց ուշացվելու հանձնվի համապատասխան զինվորական իշխանություններին:

Որպես նահանջ 88 հոդվածից (չորրորդ պարբերության), անհաջող փախուստի համար պատիժ կրող ռազմագերիները կարող են հսկողության տակ դրվել, պայմանով սակայն, որ նման բանը չի ազդի նրանց առողջության վրա, որ դա կիրականացվի ռազմագերիների ճամբարում, և որ դա չի հարուցի սույն Կոնվենցիայով նրանց համար նախատեսվող երաշխիքներից և ոչ մեկի վերացում:

 

Հոդված 93

Փախուստը կամ փախուստի փորձն անգամ կրկնվելու դեպքում, չպետք է մեղքը ծանրացնող հանգամանք դիտվի այն դեպքում, երբ ռազմագերին դատական պատասխանատվության է ենթարկվում փախուստի կամ փախուստի փորձի ժամանակ նրա կողմից կատարված իրավախախտումների համար:

83 հոդվածում շարադրված սկզբունքին համապատասխան` այն հանցանքները, որոնք ռազմագերիների կողմից կատարվում են իրենց փախուստը դյուրացնելու միակ նպատակով և որոնք չեն ուղեկցվում կյանքի և առողջության դեմ ուղղված բռնի գործողություններով, օրինակ այնպիսիք, ինչպիսիք հանրային սեփականության դեմ կատարվող հանցանքներն են, առանց հարստանալու մտադրության կողոպուտը, կեղծ փաստաթղթերի պատրաստումը կամ օգտագործումը, քաղաքացիական հագուստ կրելը. այս ամենն իր հետ հարուցում է միայն կարգապահական տույժեր:

Այն ռազմագերիները, որոնք եղել են փախուստի կամ փախուստի փորձ կատարելու գործակցողներ, դրա համար կենթարկվեն միայն կարգապահական տույժի:

 

Հոդված 94

Փախած, բայց բռնված ռազմագերու մասին պետք է այն տերությանը, որին նա պատկանում է, ծանուցագիր ուղարկվի` 122 հոդվածում նախատեսված կարգով, եթե ավելի վաղ հաղորդվել է նրա փախուստի մասին:

 

Հոդված 95

Կարգապահական զանցանքների մեջ մեղադրվող ռազմագերիները մինչև վճիռ կայացնելը նախնական կալանքի մեջ են պահվում այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք այդպիսի նախնական կալանքի են ենթակա համանման զանցանքների համար, կամ եթե այդպիսի կալանքը անհրաժեշտ է, ելնելով ճամբարում կարգ ու կարգապահություն պահպանելու շահերից:

Կարգապահական զանցանք կատարելու դեպքում բոլոր ռազմագերիների համար նախնական կալանքի ժամկետը կկրճատվի մինչև նվազագույն չափը և չի գերազանցի 14 օրը:

Սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթները կիրառվում են այն ռազմագերիների նկատմամբ, որոնք նախնական կալանքի են ենթարկվում կարգապահական զանցանքի համար:

 

Հոդված 96

Իրենցից կարգապահական խախտումներ ներկայացնող գործողությունները պետք է անմիջապես հետաքննվեն:

Բացառությամբ դատական մարմինների և բարձրագույն զինվորական իշխանությունների իրավասությանը ենթակա դեպքերի, կարգապահական տույժեր կարող են նշանակվել միայն այն սպայի կողմից, որը որպես ճամբարի պետ օժտված է կարգապահական իշխանությամբ, կամ պատասխանատու սպայի կողմից, որը նրան փոխարինում է, կամ որին նա հանձնել է իր կարգապահական իշխանությունը:

Այդպիսի լիազորությունները ոչ մի դեպքում չեն կարող հանձնվել ռազմագերուն, և վերջինս չի կարող դրանք իրականացնել:

Մինչև ցանկացած կարգապահական տույժի նշանակումը, ռազմագերուն ճշգրտորեն կհաղորդվի այն արարքների մասին, որոնցում նա մեղադրվում է և նրան հնարավորություն կտրվի բացատրել իր վարքագիծը և պաշտպանվել: Նրան կթույլատրվի, մասնավորապես, կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է, դիմել բարձրորակ թարգմանչի ծառայություններին: Վճիռը պետք է հայտնվի ամբաստանյալ ռազմագերուն և վստահված անձին:

Ճամբարի պետը պետք է վարի նշանակված կարգապահական տույժերի ցուցակը: Այդ ցուցակը մատչելի կլինի հովանավոր տերության ներկայացուցիչներին` դրան ծանոթանալու համար:

 

Հոդված 97

Կարգապահական տույժերը կրելու համար ռազմագերիները ոչ մի հանգամանքներում չեն կարող տեղափոխվել ուղղիչ հիմնարկներ (բանտ, ուղղիչ հաստատություններ, տաժանակրության բանտեր և այլն):

Կարգապահական տույժեր կրելու համար բոլոր շենքերը պետք է համապատասխանեն 25 հոդվածում նախատեսված հիգիենայի պահանջներին: Պատիժը կրող ռազմագերիները պետք է 29 հոդվածին համապատասխան, հնարավորություն ունենան իրենց պահելու մաքուր վիճակում:

Սպաները և նրանց հավասարեցված անձինք չպետք է պահվեն ենթասպաների կամ շարքայինների հետ միևնույն շենքերում:

Կարգապահական տույժեր կրող ռազմագերի կանայք կպահվեն ռազմագերի տղամարդկանցից անջատ շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

 

Հոդված 98

Կալանքի ձևով կարգապահական տույժի ենթարկված ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն Կոնվենցիայի դրույթներից, բացի այն դրույթներից, որոնք նշված կալանքի կապակցությամբ հանդիսանում են չկիրարկվող: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի զրկել 78 և 126 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները չեն կարող զրկվել նրանց կոչմանը շնորհված առավելություններից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները հնարավորություն կունենան ամեն օր կատարել ֆիզիկական վարժություններ և առնվազն երկու ժամ գտնվել մաքուր օդում:

Նրանց կթույլատրվի, իրենց խնդրանքով, ներկայանալ ամենօրյա բժշկական քննության: Առողջական վիճակի բերումով նրանք կստանան հարկավոր բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ճամբարի լազարեթում կամ հոսպիտալում:

Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցներ և դրամական փոխանցումներ տալը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը: Այդպիսիք այդ ժամանակվա ընթացքում կտրվեն վստահված անձին, որը լազարեթ կհանձնի ծանրոցներում պարունակված շուտ փչացող մթերքները:

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 99

Ոչ մի ռազմագերի չի կարող դատի տրվել կամ դատապարտվել այնպիսի արարքի համար, որը պատժելի չէ գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ կամ արարքը թույլ տալու պահին գործող միջազգային իրավունքով:

Ռազմագերու վրա ոչ մի բարոյական կամ ֆիզիկական ճնշում չի կարող գործադրվել այն բանի համար, որպեսզի ստիպեն նրան իրեն մեղավոր ճանաչել այն արարքի մեջ, որում նրան մեղադրում են:

Ոչ մի ռազմագերի չի կարող դատապարտվել, եթե նա հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու և եթե նրա համար չի տրամադրվի բարձրորակ պաշտպան:

 

Հոդված 100

Հենց որ դա հնարավոր լինի, ռազմագերիները և հովանավոր տերությունները տեղյակ են պահվում այն իրավախախտումների մասին, որոնք գերության մեջ պահող տերության օրենքներով պատժվում են մահապատժի ենթարկելով:

Հետագայում ոչ մի այլ իրավախախտման համար չի կարող մահապատիժ նշանակվել առանց այն տերության համաձայնության, որին պատկանում են ռազմագերիները:

Ռազմագերուն մահապատժի վճիռ կարող է սահմանվել այն դեպքում, եթե 87 հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան, դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրվել է այն փաստի վրա, որ, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացի, նա կապված չէ այդ տերության նկատմամբ հավատարմության պարտքով և որ նա դրա իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների հետևանքով:

 

Հոդված 101

Ռազմագերուն մահվան դատավճիռ կայացնելու դեպքում այդ դատավճիռն ի կատար է ածվում ոչ ավելի վաղ, քան իր նշած հասցեով 107 հոդվածում նախատեսված մանրամասն հաղորդումը հովանավոր տերության կողմից ստացվելու օրից սկսած վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 102

Ռազմագերու նկատմամբ դատավճիռը օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե այն կայացվում է այն նույն դատարանների կողմից և այն նույն կարգով, ինչպիսիք սահմանված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց համար և, դրանից բացի, սույն գլխի որոշումները պահպանելու պայմանով:

 

Հոդված 103

Ռազմագերու նկատմամբ ամեն մի դատական հետաքննություն պետք է վարվի այնպիսի արագությամբ, որը միայն թույլ են տալիս հանգամանքները և այնպես, որպեսզի դատական գործընթացն սկսվի որքան հնարավոր է շուտ: Ոչ մի ռազմագերի չպետք է պահվի նախնական կալանքի մեջ, եթե միայն այդպիսի միջոցը կիրառելի չէ համանման իրավախախտումների համար գերության մեջ պահող տերության զինված ուժերի անձնակազմի նկատմամբ, և եթե դա չեն պահանջում պետական անվտանգության շահերը: Ոչ մի դեպքում այդ կալանքը չպետք է գերազանցի եռամսյա ժամկետը: Ռազմագերու նախնական կալանքի ժամկետը պետք է հաշվարկվի ազատազրկման այն ժամկետի մեջ, որին նա կդատապարտվի, և պատժաչափը որոշելիս պետք է ուշադրության առնվի:

Նախնական կալանքի մեջ գտնվող ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթներից:

 

Հոդված 104

Բոլոր դեպքերում, երբ գերության մեջ պահող տերությունը դատական հետապնդում է հարուցում ռազմագերու նկատմամբ, այդ մասին նա հովանավոր տերությանը հայտնում է որքան կարելի է շուտ, բայց ոչ ուշ, քան դատարանում գործի ունկնդրումն սկսելուց երեք շաբաթ առաջ: Երեք շաբաթվա ժամկետն սկսվում է հովանավոր տերության կողմից այդ ծանուցումը ստանալու պահից այն հասցեով, ուր նրա կողմից նախապես նշվում է գերության մեջ պահող տերությանը:

Այդ ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1/ Ռազմագերու ազգանունը և անունը, նրա կոչումը, նրա անձնական համարը, ծննդյան թիվը, նրա մասնագիտությունը, եթե այդպիսին կա,

2/ ներկալման կամ կալանման տեղը,

3/ մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը` նշելով, թե դրանք օրենքի որ հոդվածների կիրառմանն են ենթակա,

4/ այն դատարանի անվանումը, որը պետք է քննության առնի գործը` նշելով գործը լսելու նախատեսված տեղը և տարեթիվը:

Գերության մեջ պահող տերության կողմից նույնպիսի ծանուցում է ուղարկվում ռազմագերու վստահված անձին:

Եթե գործը լսելու սկզբին չստացվի ապացույց, որ հովանավորի տերությունը, ռազմագերին և շահագրգիռ վստահված անձը ստացել են վերը նշված ծանուցումը առնվազն գործը լսելուց երեք շաբաթ առաջ, ապա գործի լսումը չի կարող տեղի ունենալ և պետք է հետաձգվի:

 

Հոդված 105

Ռազմագերուն իրավունք է տրվում օգտվել գերիների միջավայրից իր ընկերներից մեկի օգնությունից, ունենալ բարձրորակ փաստաբան` իր ընտրությամբ, պահանջել դատարան կանչել վկաների և, եթե նա դա անհրաժեշտ է համարում, դիմել բանիմաց թարգմանչի ծառայություններին: Իր այդ իրավունքի մասին նախապես, մինչև գործը լսելու սկիզբը, նա տեղյակ է պահվում գերության մեջ պահող տերության կողմից:

Եթե ռազմագերին իր համար չի ընտրում պաշտպան, հովանավոր տերությունը նրան կտրամադրի այդպիսի անձ, դրա համար ունենալով մեկ շաբաթից ոչ պակաս ժամկետ: Հովանավոր տերության խնդրանքով գերության մեջ պահող տերությունը նրան կներկայացնի պաշտպանությունը ապահովելու կարող որակյալ անձանց ցուցակը: Այն դեպքում, երբ ոչ ռազմագերին, ոչ հովանավոր տերությունը չընտրեն պաշտպան, ապա մեղադրյալին պաշտպանելու համար գերության մեջ պահող տերությունը կնշանակի որակյալ փաստաբանի:

Պաշտպանն իր տրամադրության տակ կունենա մինչև գործը լսելու սկիզբը ոչ պակաս, քան երկու շաբաթ` մեղադրյալի պաշտպանությանը նախապատրաստվելու համար, հավասարապես և դրա համար բոլոր հնարավորությունները, մասնավորապես, նա իրավունք կունենա ազատորեն այցելել մեղադրյալին և նրա հետ խոսել առանց վկաների: Նա նաև կարող է խորհրդակցել պաշտպանության ցանկացած վկայի հետ, ներառյալ ռազմագերիները: Նա այդպիսի հնարավորություններ կունենա մինչև դատավճռի գանգատարկման ժամկետի ավարտը:

Մինչև դատական նիստի բացման օրը բավականին տևական ժամանակի ընթացքում մեղադրյալը կստանա նրա համար հասկանալի լեզվով շարադրված մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքների համաձայն սովորաբար մեղադրյալին հաղորդվող փաստաթղթերը: Այդ նույն հանգամանքներում նման փաստաթղթերը պետք է հանձնվեն նրա պաշտպանին:

Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա լինել դատական նիստերին, բացի այն դեպքերից, երբ այդ նիստերը, որպես բացառություն, պետք է տեղի ունենան դռնփակ ի շահ պետական անվտանգության: Այդ դեպքերում գերության մեջ պահող տերությունն այդ մասին հայտնում է հովանավոր տերությանը:

 

Հոդված 106

Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք կունենա նաև նրա նկատմամբ կայացված դատավճիռը վճռափոխության կամ վճռաբեկման գանգատ ներկայացնել կամ խնդրել վերանայելու գործը, իրավունք, որն ունեն գերության մեջ պահվող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձինք: Նա պետք է լրիվ տեղեկություն ունենա գանգատարկման իր իրավունքի մասին և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա այդ կարող է անել:

 

Հոդված 107

Որևէ ռազմագերու նկատմամբ կայացված ամեն մի դատավճռի մասին պետք է տեղյակ պահվի հովանավոր տերությանը` համառոտ հաղորդման ձևով, որտեղ նաև նշվում է, թե ռազմագերին իրավունք ունի՞ վճռափոխության կամ վճռաբեկության գանգատ ներկայացնել կամ խնդրել գործը վերանայելու: Այդպիսի հաղորդումը պետք է հանձնվի համապատասխան վստահված անձին: Այդ հաղորդումը հավասարապես կհանձնվի ռազմագերուն նրա համար հասկանալի լեզվով, եթե դատավճիռը կայացվել է նրա բացակայությամբ: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունն անմիջապես կհայտնի հովանավոր տերությանը գանգատարկման իր իրավունքներից օգտվելու կամ դրանցից չօգտվելու ռազմագերու որոշման մասին:

Դրանից բացի, այն դեպքում, եթե դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ և, եթե խոսքը մահվան դատավճռի մասին է, որը կայացվել է առաջին ատյանի դատարանում, ապա գերության մեջ պահող տերությունը որքան հնարավոր է արագ հովանավոր տերությանը կուղարկի ծանուցում, որը կբովանդակի.

1/ դատավճռի ճշգրիտ տեքստը.

2/ համառոտ հաշվետվություն նախաքննության մասին և դատավարության մասին, որտեղ առանձնապես կընդգծվեն մեղադրանքի և պաշտպանության մոմենտները.

3/ համապատասխան դեպքում նշելով այն տեղը, որտեղ պատիժը ի կատար կածվի:

Նախորդ պարբերություններում նախատեսված հաղորդումները հովանավոր տերությանն են ուղարկվում այն հասցեով, որը նրա կողմից ցույց է տրված գերության մեջ պահող տերությանը:

 

Հոդված 108

Ռազմագերիները դատավճռով ուժի մեջ մտած իրենց պատիժները կկրեն միևնույն հիմնարկներում և միևնույն պայմաններում, ինչպես որ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք: Այդ պայմանները, համենայն դեպս պետք է համապատասխանեն հիգիենայի և մարդասիրության պահանջներին:

Կին ռազմագերին, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, պետք է բանտարկվի առանձին շենքում և գտնվի կանանց անձնակազմի հսկողության ներքո:

Ցանկացած դեպքում ազատազրկման պատժի դատապարտված ռազմագերիները մնում են սույն Կոնվենցիայի 78 և 126 հոդվածների դրույթների պաշտպանության տակ: Դրանից բացի, նրանց կթույլատրվի ստանալ և ուղարկել նամակներ, ստանալ ամիսը ոչ պակաս մեկ ծանրոց, կանոնավոր զբոսնել բաց օդում, նրանք նաև կստանան բժշկական օգնություն, որը կպահանջի նրանց առողջական վիճակը, և հոգևոր օգնություն, որ նրանք կցանկանան ունենալ: Պատիժները, որ նրանց նկատմամբ կնշանակվեն, պետք է համապատասխանեն 87 հոդվածի երրորդ պարբերության դրույթներին:

 

ԲԱԺԻՆ 4
ԳԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ

 

ՄԱՍ 1

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ

 

Հոդված 109

Բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նախատեսված դեպքերի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն հաջորդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան հայրենիք ուղարկել ծանր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիներին` անկախ նրանց կոչումից և քանակից, այն բանից հետո, երբ նրանք կհասցվեն այնպիսի վիճակի, որը թույլ կտա նրանց տեղափոխումը:

Ռազմական գործողությունների ժամանակ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը` համապատասխան չեզոք տերությունների աջակցությամբ, կձգտեն կազմակերպել հաջորդ հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված վիրավոր և հիվանդ ռազմագերիների հոսպիտալացումը չեզոք երկրներում: Դրանից բացի, նրանք կարող են կնքել համաձայնագրեր հայրենադարձության և երկար ժամանակ գերության մեջ գտնվող առողջ ռազմագերիներին չեզոք երկրում ներկալելու մասին:

Սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հայրենադարձման նշանակված ոչ մի վիրավոր կամ հիվանդ ռազմագերի ռազմական գործողությունների ընթացքում չի կարող հայրենադարձվել հակառակ իր կամքի:

 

Հոդված 110

Անմիջական հայրենադարձման են ենթակա.

1/ այն անբուժելի վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի խիստ նվազել են,

2/ այն վիրավորները և հիվանդները, որոնք բժիշկների կանխատեսմամբ չեն կարող ապաքինվել մեկ տարվա ընթացքում, որոնց վիճակը խնամք է պահանջում, իսկ մտավոր կամ ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,

3/ այն ապաքինված վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ կամ ընդմիշտ նվազել են.

Չեզոք երկրում կարող են հոսպիտալացվել.

1/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնց ապաքինումը կարող է տեղի ունենալ վիրավորման օրից կամ հիվանդանալու սկզբից մեկ տարվա ընթացքում, եթե բուժումը չեզոք երկրում հնարավորություն է տալիս ակնկալելու հավանական և առավել արագ ապաքինում,

2/ այն ռազմագերիները, որոնց ֆիզիկական կամ հոգեկան վիճակի համար գերության մեջ հետագա գտնվելը բժիշկների կարծիքով լուրջ սպառնալիք է ներկայացնում և որոնց այդ վտանգից կարող է փրկել հոսպիտալացումը չեզոք երկրում:

Պայմանները, որոնց նրանց հայրենադարձության համար պետք է համապատասխանեն չեզոք երկրում հոսպիտալացված ռազմագերիները, նույնպես, ինչպես և նրանց կարգավիճակը, կսահմանվեն շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրով: Սովորաբար կհայրենադարձվեն չեզոք երկրում հոսպիտալացված այն ռազմագերիները, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներին.

1/ նրանք, որոնց առողջական վիճակն այնպես է վատթարացել, որ այդ վիճակը համապատասխանում է անմիջական հայրենադարձության պայմաններին:

2/ նրանք, որոնց մտավոր կամ ֆիզիկական ունակություններն անգամ բուժվելուց հետո մնացել են զգալիորեն նվազ:

Կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև անմիջական հայրենադարձություն կամ չեզոք երկրում հոսպիտալացում առաջ բերող հաշմանդամության կամ հիվանդացումների դեպքերը սահմանող հատուկ համաձայնագրեր չլինելիս, այդ դեպքերը կսահմանվեն համաձայն այն սկզբունքների, որոնք շարադրված են վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձության և չեզոք երկրում հոսպիտալացման մասին տիպարային համաձայնագրերի մեջ և սույն Կոնվենցիային առընթեր բժշկական խառը հանձնաժողովների մասին կանոնադրության մեջ:

 

Հոդված 111

Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, ինչպես նաև չեզոք տերությունը, որի վերաբերմամբ պայմանավորվել են այդ երկու տերությունները, կձգտեն կնքել համաձայնագրեր, որոնք մինչև ռազմական գործողությունների ավարտը ռազմագերիներին այդ չեզոք տերության տարածքը ներկալելու հնարավորություն կտան:

 

Հոդված 112

Կոնֆլիկտի սկզբից պետք է նշանակվեն խառը բժշկական հանձնաժողովներ հիվանդ և վիրավոր ռազմագերիների բուժաքննման համար և նրանց մասին բոլոր անհրաժեշտ վճիռներն ընդունելու համար: Այդ հանձնաժողովների նպատակը, պարտականությունները և գործունեությունը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային առընթեր հավելվածին:

Սակայն այն ռազմագերիները, որոնք գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կարծիքով ակներևաբար հանդիսանում են ծանր վիրավորներ և ծանր հիվանդներ, կարող են հայրենադարձվել առանց խառը բժշկական հանձնաժողովի պարտադիր բուժքննության:

 

Հոդված 113

Բացի գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կողմից նշանակված ռազմագերիների, իրավունք կունենան նախորդ հոդվածով նախատեսված խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ ներքոհիշյալ կատեգորիաներին պատկանող վիրավորները կամ հիվանդները.

1/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվել են ճամբարում աշխատող հայրենակից բժշկի կողմից կամ այն բժշկի կողմից, որը հանդիսանում է կոնֆլիկտի մեջ գտնվող տերության` այն տերության դաշնակցի քաղաքացին, որին նրանք պատկանում են,

2/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են նրանց վստահված անձի կողմից,

3/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, կամ առաջարկվում են այդ տերության կողմից ճանաչված գերիներին օգնություն ցույց տվող կազմակերպության կողմից: Ռազմագերիները, որոնք չեն պատկանում վերը նշված կատեգորիաներից և ոչ մեկին, այնուամենայնիվ, կարող են խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ, բայց նրանք այդ բուժքննությունն անցնում են վերը նշված կատեգորիաների անձանցից հետո:

Խառը բժշկական հանձնաժողովի բուժքննությանը ենթարկված ռազմագերիների հայրենակից բժիշկը և նրանց վստահված անձը իրավունք ունեն ներկա գտնվել այդ բուժքննությանը:

 

Հոդված 114

Հայրենադարձման կամ չեզոք երկրում հոսպիտալացման վերաբերմամբ սույն Կոնվենցիայի գործողության տակ են ընկնում այն ռազմագերիները, որոնք դարձել են դժբախտ պատահարների զոհեր, բացառությամբ կանխամտածված անդամախեղման դեպքերի:

 

Հոդված 115

Հայրենադարձման համար կամ չեզոք երկրում հոսպիտալացման համար նախատեսված պայմանները բավարարող ոչ մի ռազմագերի, որի վրա դրված է կարգապահական տույժ, չի կարող կալանված պահվել այն հիման վրա, որ նա դեռ չի կրել իր պատիժը:

Այն ռազմագերիները, որոնք գտնվում են հետաքննության տակ կամ դատարանով դատապարտված են, որոնք նախատեսվում են հայրենադարձման կամ չեզոք գոտում հոսպիտալացման համար, գերության մեջ պահող տերության համապատասխան համաձայնության դեպքում, կարող են հայրենադարձվել կամ հոսպիտալացվել մինչև պրոցեսի կամ նրանց կողմից պատիժը կրելու ավարտը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհաղորդեն մինչև գործի քննության ավարտը կամ պատժի կրումը պահվող անձանց ազգանունները:

 

Հոդված 116

Ռազմագերիների հայրենադարձման կամ չեզոք երկիր նրանց փոխադրման ծախսերը, սկսած գերության մեջ պահող տերության սահմանից, կրում է այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները:

 

Հոդված 117

Ոչ մի հայրենադարձված չի կարող օգտագործվել իսկական զինվորական ծառայության մեջ:

 

-----------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
12.08.1949
Կոնվենցիա