Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1718.311005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1718-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է, Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով`

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 08.09.2021 թիվ 1448-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի

համաձայն սույն որոշման նախաբանը պետք է լրացնել «Ղեկավարվելով

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ

հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով`»

բառերով: ԻՐՏԵԿ-ը կատարել է որոշման պահանջը, որի արդյունքում

ստացվել է անգրագետ նախադասություն:

------------------------------------------------------------------

 

1. Հաստատել «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 642-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 08.09.2021 թիվ 1448-Ն որոշում)

(որոշումը փոփ. 08.06.06 թիվ 799-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1718-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (այսուհետ` համալսարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների կատարման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

2. Համալսարանի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսագիտական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և ուսուցման տարբեր ձևերով ու կրթական ծրագրերով:

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

5) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

8) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

9) սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում.

10) խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական հաշվապահական ծառայությունների մատուցում:

5. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

6. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն` լրիվ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն` կրճատ` «ՀՊՏՀ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն` լրիվ` «Գօսուդառստոեննիյ էկոնօմիչեսկիյ ունիվեռսիտետ Առմենիի» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա

4) ռուսերեն` կրճատ` «ԳԷՈՒԱ» ԳՆԿՕ.

5) անգլերեն` լրիվ` «Armenian State University of Economics» state non-commercial organization.

6) անգլերեն` կրճատ` «ASUE» SNCO:

7. Համալսարանի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0025, Նալբանդյան 128:

7.1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է (պետական գրանցման համարը` 282.210.04598):

(7.1-ին կետը լրաց. 29.12.15 թիվ 1538-Ն որոշում)

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Համալսարանի գործունեության առարկան և նպատակն են`

1) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

2) տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

3) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.

4) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

9. Համալսարանի խնդիրներն են`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության, կրթության և տնտեսության զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

4) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

10. Համալսարանի իրավասությունն է`

1) ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով իր ինքնավարության իրականացումը.

2) ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում ինքնուրույնությունը.

3) բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակի որոշումը, աշխատողների ընտրությունն ու բաշխումը` ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերի հաստատումը.

4) ըստ կրթական ծրագրերի` դիմորդների` ներառյալ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

5) համալսարանի ղեկավար կազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.

6) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների ու մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.

7) ըստ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.

8) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

9) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունն ու իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.

10) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.

11) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.

12) ֆինանսների կառավարումը` ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

13) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

14) ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունների` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգի և չափերի որոշումը, կրթաթոշակների սահմանումը.

15) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

11. Համալսարանում չեն գործում հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպություններ և միավորումներ` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 20 է: Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):

(13-րդ կետը փոփ. 08.09.2021 թիվ 1448-Ն որոշում)

14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի ռեկտորի, գիտական խորհրդի, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

15. Խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն.

2) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է համալսարանի ռեկտորին, մասնաճյուղերի տնօրեններին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի, մասնաճյուղերի տնօրենների ընտրությունների ընթացակարգերը.

7) հաստատում է համալսարանի կառուցվածքը:

16. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտահետազոտական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

17. Համալսարանի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

3) ընդունում է որոշումներ պատվավոր կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

4) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ.

5) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ.

6) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունների ընթացակարգերը, գիտամանկավարժական կազմի պաշտոնների տեղակալման կարգը.

7) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

8) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

9) պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը.

10) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը:

18. Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունները, աշխատանքի կարգը սահմանվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից:

19. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 60-ը: Համալսարանի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը, համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կարող են ընդգրկվել դասախոսներ:

20. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսն ուսանողներ են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրում ու ընտրում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:

21. Գիտական խորհրդի կազմը հաստատում է ռեկտորը:

22. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել, և կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով:

23. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ռեկտորը: Ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ուսումնական հաստատության խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

24. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

(24-րդ կետը փոփ. 29.07.2021 թիվ 1248-Ն որոշում)

25. Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

26. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

27. Համալսարանի ռեկտորը`

1) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը.

2) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի խորհրդի հաստատմանը.

5) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

6) հաստատում է համալսարանի մասնաճյուղերի, այլ կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

7) հաստատում է համալսարանի աշխատողների թիվը և հաստիքացուցակը.

8) կնքում է աշխատանքային պայմանագրեր մասնաճյուղերի տնօրենների, դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ ու սպասարկող կազմի աշխատողների հետ.

9) կասեցնում է համալսարանի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների և առանձին պաշտոնատար անձանց այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը.

10) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, ավարտման, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և տույժեր կիրառելու, ուսանողական նպաստ հատկացնելու մասին.

11) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում համալսարանի պրոռեկտորներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

12) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում համալսարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) արձակում է հրամաններ համալսարանի գործունեության այլ հարցերի վերաբերյալ.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է համալսարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

15) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

16) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

17) կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված և այլ կառավարման մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

28. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

29. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Այն համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր աշխատակարգով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի ընթացիկ գործունեությանը և համալսարանի գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցերը:

30. Համալսարանի ռեկտորատի կազմը հաստատում է ռեկտորը:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

1) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմամբ` նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

2) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համալսարանի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

32. Համալսարանն ինքնուրույն է իր կառուցվածքի ձևավորման հարցում:

33. Համալսարանի մասնաճյուղերն են Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերը, որոնք գործում են համալսարանի անունից` իրենց կանոնադրություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Համալսարանի մասնաճյուղերում ուսուցման ձևը (առկա, հեռակա) սահմանում է համալսարանի ռեկտորը:

34. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրենց կանոնադրությունների հիման վրա:

35. Համալսարանի ֆակուլտետները գործում են համալսարանի և ֆակուլտետի կանոնադրությունների հիման վրա:

36. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, ֆակուլտետի և սույն կանոնադրություններին:

37. Ֆակուլտետը, ելնելով իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների` մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատում է համալսարանի ռեկտորը:

38. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:

39. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

40. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

41. Ֆակուլտետի խորհրդի կազմի (որպես կառավարման մարմին) ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

42. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, գործունեությունը դադարեցնելու և վերակազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

2) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտահետազոտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

3) համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի մասնագիտությունների ուսումնական պլանները.

4) համալսարանի գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություններ պատվավոր կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

5) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

6) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

43. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

44. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն: Դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով, գիտական խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների հիման վրա:

45. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին.

4) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, ավարտելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

46. Ամբիոնը համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրության և ֆակուլտետի կանոնադրության հիման վրա: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ ու դասախոսներ:

47. Ամբիոնը մշակում է ամբիոնի աշխատողների հաստիքացուցակը` ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

48. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և համալսարանի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի` մրցութային կարգով ընտրությունը:

49. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, ով ընտրվում է բաց մրցույթով` մինչև 5 տարի ժամկետով` համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով: Ամբիոնի վարիչն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր:

50. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և մյուս աշխատանքները, ներկայացնում է նրա կոլեկտիվը համալսարանի ֆակուլտետի, համալսարանի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

51. Ամբիոնի գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

52. Սովորողների` համալսարան ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

53. Համալսարանում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով: Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: ՈՒսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Համալսարանում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Համալսարանի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան: Համալսարանն ինքնուրույն է որոշում ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման կարգը: Համալսարանում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

54. Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի աշխատողները և սովորողները, ինչպես նաև հրավիրված այլ մասնագետներ:

55. Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

56. Գիտական աստիճաններ շնորհում է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն` հետևյալ ձևերով`

1) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` համալսարանի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

2) գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով համալսարանի դասախոսների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

3) ուսուցման և ստաժավորման նպատակով համալսարանի աշխատողների, ուսանողների, հայցորդների, ասպիրանտների ու դոկտորանտների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

4) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

5) օտարերկրյա քաղաքացիների ուսուցում և վերապատրաստում.

6) միջազգային և օտարերկրյա պատվիրատուներին խորհրդատվությունների տրամադրում.

7) միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

8) միջազգային միավորումների և կազմակերպությունների գործունեությանը մասնակցություն.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

58. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ` ծրագրի շրջանակներում շարադրելու ուսումնական առարկան, ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք իրականացնելու իրենց ընտրած մեթոդներով:

59. Համալսարանում սահմանվում են վարչական և գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

60. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համալսարանի կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:

61. Համալսարանում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնները տեղակալվում են ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր` մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

62. Համալսարանի աշխատողն իրավունք ունի`

1) համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

5) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական գործունեության համար:

63. Համալսարանի աշխատողները պարտավոր են`

1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.

2) պահպանել համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.

5) առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:

64. Համալսարանի վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով:

65. Համալսարանի ուսանողները, ասպիրանտները (այսուհետ` սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը և ուսուցման ձևը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ` օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել համալսարանում մասնագիտական կրթությունը, համալսարանի կանոնադրությանը համապատասխան` լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

66. Համալսարանի սովորողն իրավունք ունի`

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.

2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում` տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

4) մասնակցելու համալսարանի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ համալսարանի կանոնադրությամբ.

5) անվճար օգտվելու համալսարանի գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.

6) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ (ներառյալ` անվանական), դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

9) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի, համալսարանի հետ կնքելու ուսումնառության պայմանների մասին պայմանագիր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում` համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով:

67. Կրթությունն ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները` բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:

68. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատարությամբ վերաբերվել համալսարանի գույքին.

6) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) ժամանակին վճարել ուսման վարձավճարը (վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները): ՈՒսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել համալսարանից:

69. Համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` ընդհուպ մինչև համալսարանից հեռացնելը: Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

70. Համալսարանում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում: ՈՒսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: ՈՒսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է համալսարանի խորհուրդը:

71. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները համալսարանի գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

72. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: Որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ:

73. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

74. Համալսարանը կարող է անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են:

75. Համալսարանը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համալսարանին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, համալսարանի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

76. Համալսարանի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

77. Համալսարանի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`

1) պետական գույք, որն ամրացվել է համալսարանին` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով.

2) որպես սեփականություն համալսարանին հատկացված գույք.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումներ, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նվիրատվություն, հանգանակություն, կտակված գույք.

5) վճարովի ուսումնական, հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեության իրականացումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից գոյացող միջոցներ:

78. Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

79. Համալսարանի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

80. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազոր մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

81. Համալսարանը վերակազմակերպվում (միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում) և լուծարվում է օրենքով սահմանված կարգով, հիմնադրի որոշմամբ:

82. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

(կանոնադրությունը խմբագրվել է 15.11.12 թիվ 1436-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 24.11.05 թիվ 1919-Ն, 03.05.07 թիվ 609-Ն, 29.05.09 թիվ 597-Ն, 20.12.07 թիվ 1510-Ն, 08.06.06 թիվ 799-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2005
N 1718-Ն
Որոշում