Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2006-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 նոյեմբերի 2005 թվականի N 44

 

1. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2006-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ռազմավարության իրականացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 3-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

2006-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին տասնամյակում փոխվել է հաշմանդամության գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները` բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև` հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս գաղափարախոսությունն ամրագրված է ՄԱԿ-ի կողմից ընդունված «Հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոններում», «Հաշմանդամների իրավունքների կոնվենցիայում», և ընկած է «Հաշմանդամների իրավունքների, հասարակությունում նրանց լիիրավ մասնակցության ապահովման, կյանքի որակի բարձրացմանն ուղղված 2006-2015 թթ. Եվրախորհրդի գործողությունների ծրագրի» նախագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը նպատակ ունի հստակեցնելու հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգի տեղն ու դերը սոցիալական քաղաքականության մեջ, ամրագրելու հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները հաշմանդամների հիմնախնդիրների լուծման համար:

Հանրապետությունում 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է շուրջ 135000 հաշմանդամ, այդ թվում` մոտ 8000-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ են:

Հաշմանդամ կանայք կազմում են հաշմանդամների ընդհանուր թվի շուրջ 40%-ը:

Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի են /16-63/ 55%-ը, իսկ զբաղված հաշմանդամները կազմում են աշխատունակ տարիքի հաշմանդամների ընդհանուր թվի 8%-ը:

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին վերաբերող օրենսդրությունը բաղկացած է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքից, որը կարգավորում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական հարցերը, ինչպես նաև հաշմանդամների իրավունքները և երաշխիքները ամրագրված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, «Բնակչության զբաղվածության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներում և այլ իրավական ակտերում: Սակայն հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենսդրական ակտերի որոշ դրույթներ գործնականում չեն կիրառվում կամ կիրառվում են ոչ լիարժեք, մեխանիզմների ոչ հստակ լինելու և չկիրառելու դեպքում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայության պատճառով:

 

1. Ռազմավարության նպատակը և հիմնական ուղղությունները

 

Ռազմավարության նպատակը հաշմանդամների ինտեգրումն է հասարակություն, ապահովելով հաշմանդամների լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Ռազմավարությունը ներառում է առողջապահական, բժշկական, սոցիալական ու հոգեբանական վերականգնման, հանրային կրթության, մատչելիության ապահովման, տրանսպորտի, հաղորդակցության, կրթության, զբաղվածության, մարդկային ռեսուրսների զարգացման, սոցիալական պաշտպանության և այլ բնագավառներ:

Ռազմավարությունը արտացոլում է հաշմանդամների մեջ առավել ուշադրություն պահանջող խմբերի նկատմամբ հատուկ մոտեցում (հաշմանդամ երեխաներ, հաշմանդամ կանայք, բազմահաշմանդամություն ունեցող անձինք և այլն):

 

Ռազմավարության հիմնական ուղղություններն են`

1. Հաշմանդամների համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մատչելիության, հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում:

2. Հաշմանդամ երեխաների կրթության ապահովում և հաշմանդամների զբաղվածության խթանում:

3. Հաշմանդամների հիմնահարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական մարմինների միջև սոցիալական գործընկերության սկզբունքների կիրառում:

4. Հաշմանդամության և հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ հանրային կրթության և իրազեկության ապահովում:

 

2. Բժշկական օգնություն և սպասարկում

 

Առկա վիճակը

 

Պետությունը երաշխավորում է հաշմանդամների որակյալ բուժօգնությունը պետական բյուջեի միջոցների հաշվին: 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն օգտվում են անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` արժեքի 50 տոկոս զեղչով, դեղորայք ստանալու արտոնությունից:

Հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումը պետական պատվերի շրջանակում իրականացվում է համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն և 1999 թ. հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշումների:

2005 թ. հաշմանդամների բուժսպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեում նախատեսվել է շուրջ 300 մլն դրամ:

 

Խնդիրները

 

1. Բավարար մակարդակի հասցնել հաշմանդամների բուժօգնության կազմակերպումը պետական պատվերի շրջանակում:

2. Բավարար մակարդակի հասցնել հաշմանդամների դեղորայքով ապահովումը պետական պատվերի շրջանակում:

3. Հաշմանդամության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտություն:

4. Հաշմանդամների համար բժշկական ծառայությունների մատչելիության ապահովման անհրաժեշտություն:

 

Նպատակը

 

Հաշմանդամներին որակյալ բուժօգնությամբ ապահովումը:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Պետական պատվերի շրջանակում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող բուժհիմնարկներում մոնիթորինգի անցկացում հաշմանդամների անվճար բուժօգնություն ստանալու իրավունքի ապահովման նկատմամբ:

2. Հաշմանդամների համար ստեղծել անհրաժեշտ (մատչելի) պայմաններ հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում:

3. Հաշմանդամներին մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալի մեծացում, տեսականու ընդլայնում (թանկարժեք վիրահատություններ և այլն) և որակի բարելավում:

4. Պետական պատվերի շրջանակներում հաշմանդամներին անվճար տրամադրվող դեղորայքի անհրաժեշտ տեսականու և քանակի ապահովման նկատմամբ մոնիտորինգի իրականացում:

 

3. Բժշկասոցիալական փորձաքննությունը

 

Առկա վիճակը

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թ. հունվարի 1-ից բժշկաաշխատանքային փորձաքննությունը վերակազմակերպվեց բժշկասոցիալական փորձաքննության: Հաշմանդամության հիմքում դրվեց անձի գործունեության սահմանափակման աստիճանը:

Բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում, բացի անձին հաշմանդամ ճանաչելուց, հաշմանդամության առաջացման պատճառն ու վաղեմությունը որոշելուց, որոշվում է նաև հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակները:

Հանրապետությունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին է ճանաչված ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ու նրա տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները /ԲՍՓՀ/:

ՀՀ ԲՍՓ գործակալությունը և ԲՍՓՀ-ները գործունեություն իրականացնելիս առաջնորդվում են ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 254 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780 որոշումներով:

 

Խնդիրները

 

1. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափորոշիչների հստակեցման անհրաժեշտությունը:

2. Բժշկասոցիալական փորձաքննության մատչելիության ապահովում:

3. Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության առողջապահական, կրթական, զբաղվածության և սոցիալական այլ կազմակերպությունների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովում:

 

Նպատակը

 

Բժշկասոցիալական փորձաքննական ծառայությունում ժամանակակից փորձագիտական, վերականգնողական և սոցիալական տեխնոլոգիաների ներդրում:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Բնակչության համար փորձաքննության գործընթացը առավել դյուրին և մատչելի դարձնել` վերանայելով ԲՍՓՀ դիմելու կարգը:

2. Հաշմանդամության սահմանման ժամկետների վերանայում:

3. 18 տարեկանից բարձր անձանց հաշմանդամության խմբերի սահմանման հիմքում դնել աշխատանքային գործունեության սահմանափակման աստիճանը:

(Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթներին

համապատասխան):

4. Հաշմանդամների հաշվառման տվյալների անհրաժեշտ ուսումնասիրությունների, վերլուծությունների և եզրահանգումների կատարում:

5. Հաշմանդամության կանխարգելման համապատասխան ծրագրերի մշակմանը մասնակցություն:

6. Բժշկասոցիալական փորձաքննական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդում, կադրերի պատրաստում:

7. Բժշկասոցիալական փորձաքննության թափանցիկության ապահովում` ՀՀ ԲՍՓ գործակալությունում ստեղծելով փորձագիտական (էքսպերտ) խորհուրդ:

8. Բնակչության բժշկասոցիալական փորձաքննության որակի բարելավման շարունակական միջոցառումների իրականացում` ներդնել ժամանակակից փորձագիտական, վերականգնողական և սոցիալական տեխնոլոգիաներ:

9. Հայաստանում ներդնել ICF (Ֆունկցիաների խանգարման միջազգային դասակարգում) դասակարգումը:

10. Հաշմանդամության կանխարգելման, հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու և բարելավելու նպատակով ընդլայնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի համագործակցությունը առողջապահական կազմակերպությունների, սոցիալական և զբաղվածության ծառայությունների, կրթության ոլորտի հիմնարկների, հասարակական կազմակերպությունների հետ:

11. Բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ մոնիթորինգի իրականացում:

12. Կատարելագործել բժշկասոցիալական փորձաքննության համակարգը:

 

4. Հաշմանդամների վերականգնումը

 

Առկա վիճակը

 

Հաշմանդամների ինտեգրումը հասարակություն անհնարին է առանց հաշմանդամների վերականգնման միջոցառումների իրականացման: Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումների համակարգ, որն ուղղված է հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը:

Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը, հավասար հնարավորությունների ստեղծման համար նրան վերապահված ազատության և իրավունքների լիարժեք իրականացմանը, կյանքի և գործունեության արժանավայել պայմանների ստեղծմանը, հաշմանդամի հասարակություն արդյունավետ ինտեգրման ապահովմանը:

Հաշմանդամների նկատմամբ պետական սոցիալական քաղաքականությունն ուղղված է վերականգնողական միջոցառումների իրականացման ապահովմանը, ինչը հնարավոր կդարձնի հաշմանդամի հասարակական կյանքին լիարժեք մասնակցությունը:

Հաշմանդամների վերականգնումն իրականացվում է պատվերի շրջանակում:

Կազմակերպչական առումով վերականգնման գործընթացը իրականացվում է հատուկ մասնագիտացված բժշկական վերականգնողական կենտրոնների ստեղծման միջոցով: Հանրապետությունում գործում են բժշկական վերականգնման տարբեր ուղղվածության ծառայություններ` հակատուբերկուլյոզային, նյարդահոգեբանական, սրտաբանական, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ու տեխնիկական միջոցներով ապահովման և այլն:

Վերականգնման առանձին տեսակներն ու ձևերը իրականացվում են տարբեր նախարարությունների և պետական այլ մարմինների ենթակայության բուժհիմնարկներում:

Վերականգնողական հիմնարկների տարանջատվածությունը թույլ չի տալիս իրականացնել վերականգնման համար անհրաժեշտ գործընթացների անընդհատությունը և բազմափուլությունը:

Սոցիալական քաղաքականության մեջ գերակա ուղղություն է հաշմանդամ երեխաների բժշկասոցիալական վերականգնումը:

 

Խնդիրները

 

1. Վերականգնման միասնական համակարգի բացակայություն:

2. Հաշմանդամների վերականգնման գործընթացի մեթոդոլոգիական մոտեցումների և սկզբունքների ոչ հստակ լինելը:

3. Վերականգնող մասնագետների պակասը:

4. Պետական պատվերի շրջանակում հաշմանդամներին անվճար տրամադրվող պարագաների ցանկում հաշմանդամի վերականգնման համար բոլոր պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների ընդգրկման անհրաժեշտությունը:

5. Հաշմանդամ երեխաների բժշկասոցիալական վերականգնման ոլորտում բավարար չէ փոխհամագործակցությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների միջև:

6. Հանրապետությունում հաշմանդամների վերականգնման ոլորտում միջազգային փորձի, նոր մեթոդոլոգիայի և մոտեցումների ներդրմանը:

 

Նպատակը

 

Վերականգնողական գործընթացի արդյունքում հաշմանդամի գործունեության սահմանափակումների վերացում կամ հնարավորինս մեղմացում` հաշմանդամին հասարակություն ինտեգրելու և հասարակության լիիրավ անդամ դարձնելու համար:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Հաշմանդամների վերականգնման հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների գործունեության համակարգում:

2. Վերականգնողական ծառայությունների տրամադրման կարգի սահմանում («Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան):

3. Հանրապետության մարզերում (համայնքներում) հաշմանդամների վերականգնողական համալիր կենտրոնների ստեղծման (ապահովելով վերջիններիս շենքային արտաքին և ներքին կառույցների մատչելիությունը) հնարավորությունների քննարկում յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

4. Հաշմանդամներին տրամադրվող բժշկական վերականգնողական ծառայությունների և ծավալների ընդլայնում (տուբերկուլյոզային և այլն):

5. Հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների վերանորոգման և բաշխման կետերի կազմակերպում հանրապետության մարզկենտրոններում:

6. Հաշմանդամների վերականգնման համար անհրաժեշտ` պետպատվերի շրջանակում հաշմանդամներին տրամադրվող պարագաների ցանկում աչքի պրոթեզավորման, ձայնալարերի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերի, օպտիկական ակնոցների և այլ պարագաների տրամադրման հնարավորությունների քննարկում յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

7. Հաշմանդամների վերականգնման ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրման և հանրապետությունում ներդրման նպատակով միջազգային և հանրապետական գիտագործնական խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպում:

 

5. Հաշմանդամների համար մատչելիության ապահովում

 

Առկա վիճակը

 

ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված է, որ պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր գործատուները հաշմանդամների համար պետք է ապահովեն սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Այսօրվա դրությամբ հաշմանդամների համար հարմարեցված ենթակառուցվածքների թիվը բավականին փոքր է, չնայած վերջին տարիներին այդ ուղղությամբ տարված աշխատանքի ծավալներին և հաջողությանը, երբ վերակառուցվեցին Երևանի կենտրոնական փողոցների մայթերն ու անցումները` համապատասխանեցնելով սայլակներից օգտվող հաշմանդամների պահանջմունքներին: Հաշմանդամների կարիքները հաշվի են առնվել նաև Երևանի կենտրոնում գտնվող մի քանի ուսումնական և սպասարկման ոլորտի հաստատությունների մուտքերը վերակառուցելիս:

Ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունում աշխատանքներ են տարվում «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման ուղղությամբ, որով սահմանվելու են ՀՀ տարածքում հաշմանդամների համար սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների հասանելիության ապահովմանը ներկայացվող հիմնական պահանջները քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթացում:

 

Խնդիրները

 

1. Չնայած, որ հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման առանձին խնդիրներ օրենսդրությամբ ամրագրված են, սակայն հաշմանդամների համար մատչելիությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ապահովված չէ:

2. Սոցիալական ենթակառուցվածքի շենքերն ու շինությունները հարմարեցված չեն հաշմանդամների կարիքներին, ինչի հետևանքով խոչընդոտվում են հաշմանդամ երեխաների կրթությունը, հաշմանդամների զբաղվածության ապահովումը, նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին /մասնակցություն ընտրություններին, այցելություններ մշակութային և մարզական օջախներ և այլն/:

3. Տեսողությունից հաշմանդամ երեխաները և ավելի ուշ տարիքում հաշմանդամ դարձածները ապահովված չեն հատուկ տառատեսակներով դասագրքերով, գեղարվեստական գրքերով, թերթերով և ամսագրերով, ինչպես նաև «Խոսող գրքերով»:

4. Լսողության խանգարում ունեցող հաշմանդամներն ապահովված չեն տեղեկատվության ստացման հնարավորությամբ, օրինակ` հեռուստահաղորդումների սուրդոթարգմանություն, «վազող տողի», հատուկ հեռախոսի տրամադրում և այլն:

5. Հաշմանդամների երթևեկությունն ապահովելու համար հանրապետությունում չկա ոչ մի հարմարեցված փոխադրամիջոց:

6. Հաշմանդամների համար մատչելի, բոլոր քաղաքացիների հետ հավասար հնարավորություններ ապահովված չեն:

 

Նպատակը

 

Հաշմանդամների համար մատչելի պայմանների ապահովում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերին պատկանող անձանց համար անարգել միջավայրի ապահովման վերաբերյալ համապատասխան օրենսդրական ակտերի մշակում և ընդունում:

2. Միջազգային նորմերին համապատասխանող քաղաքաշինական նորմերի մշակում և ընդունում` տարբեր տիպի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովող անհրաժեշտ պայմաններ:

3. Տրանսպորտային միջոցների (օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ներքաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ավտոբուսային, ինչպես նաև ներքաղաքային էլեկտրատրանսպորտի) մատչելիության ապահովում սայլակից օգտվող հաշմանդամների համար:

4. Բոլոր նոր կառուցվող սոցիալական ենթակառուցվածքի շենքերի և շինությունների մատչելիության ապահովում հաշմանդամների համար:

5. Սոցիալական ենթակառուցվածքի արդեն կառուցված շենքերի և շինությունների մուտքերի մատչելիության ապահովում` թեքահարթակների կառուցում հաշմանդամների համար:

6. Հաշմանդամների համար ամրագրել միջավայրի ապահովման նպատակով նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի շինարարական աշխատանքների նկատմամբ մոնիտորինգի իրականացում:

7. Գործող այն հաստատությունների ցանկի մշակում, որոնք ենթակա են վերակառուցման առաջնահերթ կարգով, հաշվի առնելով տվյալ հաստատության հասարակական նշանակությունը և մատչելի դարձնելու իրական հնարավորությունը:

8. Հեռուստատեսությամբ (բոլոր հեռուստաընկերությունների կողմից) հեռարձակվող լրատվական, մանկական և ուսումնական հաղորդումների սուրդոթարգմանությամբ ապահովում:

9. Տեսողությունից հաշմանդամ անձանց համար Բրայլի տառատեսակներով գրքերի, տետրերի, թերթերի և ամսագրերի տպագրություն, «Խոսող գրքերի» ձայնագրություն:

10. Ավելի ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց համար Բրայլի տառատեսակների ուսուցում:

11. Բրայլի տառատեսակներով գրականությանը զուգահեռ` տարեցտարի «Արև» նորաստեղծ համակարգչային համակարգի կիրառման ընդլայնում դպրոցներում, ԲՈՒՀ-երում, աշխատատեղերում, որտեղ կան տեսողության խանգարումներով հաշմանդամներ: Հնարավորությունների քննարկում յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

12. Ձայնային ազդանշանների և ռելիեֆային ուղեցուցիչների տեղադրում մարզկենտրոնների և Երևանի կենտրոնական փողոցներում` տեսողությունից հաշմանդամների անվտանգ և ինքնուրույն տեղաշարժը հնարավոր դարձնելու համար:

13. Օդանավակայաններում և երկաթուղային կայաններում հաշմանդամներին ընդունող և ճանապարհող սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրում:

14. Քաղաքաշինության գործընթացում հաշմանդամների պահանջմունքները հաշվի չառնելու դեպքում պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան սանկցիաների նախատեսում:

 

6. Հաշմանդամների կրթության ապահովումը

 

Առկա վիճակը

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է հաշմանդամների և մանկուց հաշմանդամ երեխաների կրթության հարցերը:

Համաձայն «Կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար գործում են 32 հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում` մտավոր հետամնացություն ունեցող, տեսողության, լսողության, վարքային և հուզակամային ոլորտի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնական հաստատություններ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև 2003 թ.-ի հունվարի 10-ին կնքված համաձայնագրի, Երևանի 5 հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Ներառական կրթություն» ծրագիրը: «Ներառական կրթություն» ծրագրով մոդել դպրոցների ստեղծումը նպատակ ունի փորձել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոց, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում կսովորեն իրենց հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով:

ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի նիստում N 20 արձանագրային որոշմամբ հաստատվել է ներառական կրթության հայեցակարգը, որի նպատակն է ուրվագծել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրակրթական դպրոցում կրթության կազմակերպման և հատուկ կրթության բարեփոխման հիմնադրույթները:

 

Խնդիրները

 

1. Մանկուց հաշմանդամ ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2. Անբավարար է կազմակերպված հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը:

3. Բացակայում են նախադպրոցական ինտեգրացված մանկական հաստատությունները:

4. Անբավարար է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների թիվը (հատուկ մանկավարժներ-սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, մանկական հոգեբաններ և այլն) ապահովում:

5. Հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները հարմարեցված չեն հաշմանդամ երեխաների պահանջմունքներին (կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար բավարար չեն ուսումնական ծրագրերը, շենքերը և դասասենյակները հարմարեցված չեն և այլն):

 

Նպատակը

 

Հաշմանդամ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքի ապահովում:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Կրթությունից դուրս մնացած հաշմանդամ երեխաների և երիտասարդների հայտնաբերում, ըստ նրանց առանձնահատուկ կարիքների ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություններ:

2. Բանավոր խոսք չունեցող խուլ երեխաների և նրանց ընտանիքի անդամների համար ժեստերի լեզվի ուսուցում:

3. Տեսողությունից հաշմանդամ երեխաներին Բրայլի այբուբենի ուսուցում, կրթության մեջ «Արև» համակարգի աստիճանական ներդրում:

4. Տեսողությունից հաշմանդամներին հատուկ տառատեսակներով դասագրքերով, տետրերով, ամսագրերով և «Խոսող գրքերով» ապահովում:

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամ երեխաների տնային ուսուցման կազմակերպում:

6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ կրթական ծրագրերի մշակում:

7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոց, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում կսովորեն իրենց հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով:

8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունների գնահատման բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնների ստեղծում:

9. Հաշմանդամների կարիքներին համապատասխանող շենքային կառույցների և տեխնիկական հագեցվածության մատչելիությամբ ապահովված միջնակարգ մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունների կամ կենտրոնների ստեղծում` հատկապես ազգային դեկորատիվ արհեստներ ուսուցանելու նպատակով:

10. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օգնականի ինստիտուտի ներդրում:

11. Հաշմանդամ երիտասարդների համար մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (նպատակային) տեղերի հատկացում պետպատվերի շրջանակներում:

12. Հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի մատչելիության ապահովում` դրանք ընդգրկելով առաջնահերթության կարգով վերակառուցվող օբյեկտների ցանկում:

 

7. Հաշմանդամների զբաղվածության ապահովում

 

Առկա վիճակը

 

Հաշմանդամների հավասար իրավունքների ապահովման գնահատման հիմնական չափանիշներից է նաև զբաղվածության ցուցանիշը, որը մեր երկրում, ցավոք, բավականին ցածր է, չնայած նրան, որ ՀՀ գործող օրենսդրությունը պարունակում է դրույթներ, որոնք երաշխավորում են հաշմանդամների աշխատանքի իրավունքի ապահովումը:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն անթույլատրելի է համարում հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը: Գործատուն չի կարող աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում անցնող հաշմանդամներին: Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքի թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունվելիս հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում:

«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված են աշխատաշուկայում խոցելի խմբերի /այդ թվում` հաշմանդամների/ մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրեր, հաշմանդամների համար մասնավորապես` աշխատավարձի փոխհատուցման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր: Նշված փոփոխությունները հնարավորություն կտան շահագրգռել գործատուին հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում, ավելի մեծ թվով հաշմանդամների ընդգրկել զբաղվածության ծրագրերում և բարձրացնել նշված ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում` մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:

 

Խնդիրները

 

1. Աշխատանքային տարիքի աշխատունակ հաշմանդամների աշխատանքի տեղավորման ցածր ցուցանիշը:

2. Զբաղվածության օրենսդրությամբ հաշմանդամներին տրվող երաշխիքների, իրավունքների և հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուներին տրվող երաշխիքների մասին գործատուների տեղեկացվածության ոչ բավարար մակարդակը:

3. Աշխատատեղերը հարմարեցված չեն հաշմանդամների պահանջմունքներին:

4. Հաշմանդամների մասնագիտական ուսուցման և ապա աշխատանքով ապահովման գործընթացը բավարար չէ:

 

Նպատակը

 

Հաշմանդամների զբաղվածության ապահովում, աշխատանքի տեղավորման միջոցով նրանց նյութական անկախության ապահովում և հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Աշխատաշուկայի ուսումնասիրության հիման վրա Երևանում և մարզերում հաշմանդամների մասնագիտական որակավորման բարձրացում, կարճաժամկետ մասնագիտական դասընթացների կազմակերպում:

2. Աշխատաշուկայի պահանջարկից ելնելով, հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում:

3. Հաշմանդամին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրում:

4. Հաշմանդամների կողմից փոքր և միջին բիզնեսի կազմակերպման գործընթացին պետական աջակցության ցուցաբերում:

5. Հաշմանդամների վերականգնողական կենտրոնների միջոցով հաշմանդամների խորհրդատվական աշխատանքների, մասնագիտական ուսուցման ծրագրերի բարելավում, աշխատանքի տեղավորման արդյունավետության բարձրացում:

6. Երևանում և մարզերում գործող պետական և մասնավոր կազմակերպությունների մատչելիության աստիճանական ապահովում, առաջնահերթ կարգով հարմարեցման ենթակա հաստատությունների ցանկում ընդգրկելով այն շենքերը, որտեղ աշխատում են հաշմանդամներ, բացի դրանից, նաև բնակելի շենքերի հարմարեցում:

7. Նոր կառուցվող և վերակառուցվող պետական ու մասնավոր կազմակերպությունների շինարարական աշխատանքների մոնիտորինգ` հաշմանդամների պահանջմունքների համապատասխան հարմարեցված աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

8. Հաշմանդամների վերականգնողական պարագաների և տեխնիկական միջոցների պատրաստման կամ վերանորոգման աշխատանքներին հաշմանդամների աշխատուժի օգտագործում:

9. Հաշմանդամների զբաղվածությունը խթանելու նպատակով մշակել և իրականացնել հաշմանդամներին տնային պայմաններում աշխատանքով ապահովելու ծրագրեր:

10. Պետական աջակցություն հաշմանդամների կողմից արտադրվող ապրանքների սպառման գործում:

11. Հաշմանդամների և գործատուների իրազեկման նպատակով զբաղվածության ոլորտում հաշմանդամների իրավունքների, աշխատատեղերի մատչելիությունն ապահովելու վերաբերյալ գործող իրավական ակտերի մասին տեղեկատվության տարածում զանգվածային լրատվության միջոցով, այդ նպատակով աշխատանքներում ներգրավելով նաև հասարակական կազմակերպություններին:

12. Գործատուներին հաշմանդամության սոցիալական մոդելի ծանոթացում` կապված հաշմանդամների աշխատանքի տեղավորման հետ:

13. Առաջին խմբի հաշմանդամների համար /հատկապես` տեսողությունից/ օգնականի ինստիտուտի ներդրում:

 

8. Հանրային կրթություն և իրազեկում

 

Առկա վիճակը

 

Հաշմանդամներին հանդիպող ամենամեծ դժվարությունը հասարակության բացասական վերաբերմունքն է: Հենց այս խտրական վերաբերմունքն էլ նպաստում է հաշմանդամների սոցիալական մեկուսացմանը:

 

Խնդիրները

 

Հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Հասարակության կողմից հաշմանդամությունը դիտվում է որպես «խնդիր», հաշմանդամություն ունեցող մարդիկ` անօգնական ու կախյալ, հիվանդ ու մշտապես խնամքի ու բժշկական միջամտության կարիք ունեցող և կամ հոգս ու բեռ ընտանիքի համար:

 

Նպատակը

 

Հաշմանդամության նկատմամբ հասարակության ճիշտ ընկալման և հակախտրական վերաբերմունքի ձևավորում:

 

Նպատակին հասնելու ուղիներ

 

1. Հաշմանդամ մարդկանց նկատմամբ հնացած կարծրատիպերի ու սովորույթների վրա հիմնված խտրական վերաբերմունքի վերացում:

2. Հաշմանդամության հիմնախնդիրների հետ առնչվող մարդկանց հաշմանդամության սոցիալական մոդելի ու նրան նշանակության մասին իրազեկում:

3. Հաշմանդամության հիմնախնդիրների իրազեկման և հանրային կրթության ինտեգրացված ծրագրերի մշակում և իրականացում:

4. Հաշմանդամության հիմնախնդիրների իրազեկման, հասարակության վերաբերմունքի ձևավորման, խնդիրների ճիշտ ներկայացման հարցում հաշմանդամների և հաշմանդամների հասարակական կազմակերպությունների դերի ու մասնակցության կարևորում:

5. Պարբերական դարձնել զանգվածային լրատվամիջոցներով հաշմանդամների հիմնախնդիրների լուսաբանումը:

 

9. Հաշմանդամների ինտեգրումը հասարակություն մշակույթի և

սպորտի միջոցով

 

Առկա վիճակը

 

ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 18-ի N 1345-Ն որոշմամբ հաստատվել է «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը»:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է հաշմանդամների 12 մարզական ակումբ, որտեղ մարզվում են շուրջ 1200 հաշմանդամ մարզիկներ:

Հաշմանդամների մշակութային դաստիարակության և սպորտով զբաղվելու հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները:

Մասնավորապես, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը, որը զբաղվում է հաշմանդամների ֆիզիկական դաստիարակության և մարզական պատրաստության հարցերով, հասել է բավականին լուրջ հաջողությունների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: «Փյունիկի» մարզիկ-հաշմանդամները մասնակցել են տարբեր սպորտային մրցումների, ինչպես նաև պարաօլիմպիկ խաղերի և արժանացել մրցանակների:

«Հույսի կամուրջ», «Կամք և կորով» հասարակական կազմակերպությունները, հաշմանդամների «Փարոս» երգչախումբը և այլ հասարակական կազմակերպություններ մշակութային ծրագրեր են իրականացնում հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու համար: Մասնավորապես, «Կամք և կորով» կազմակերպությունը զբաղվում է լսողության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդների մշակութային դաստիարակության հարցերով, ունի «Օվասիա» մնջախաղի թատրոն, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացնում է հաշմանդամ երեխաների ներառական կրթության ծրագրեր, կազմակերպել է թատերախումբ` հաշմանդամ և առողջ երեխաների մասնակցությամբ:

 

Խնդիրները

 

1. Հաշմանդամների համար սպորտային և մշակութային ծրագրերի` պետական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակման անհրաժեշտություն:

2. Մարզական և մշակութային օջախների ֆիզիկական մատչելիության բացակայություն:

3. Համապատասխան մասնագետների պակաս:

 

Նպատակը

 

Սպորտի և մշակույթի միջոցով հաշմանդամներին վերադարձնել լիարժեք կյանք:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Երևանում և մարզերում գործող մշակութային և սպորտային օջախների մատչելիության ապահովում:

2. Նոր կառուցվող և վերակառուցվող մշակութային օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ մոնիթորինգի իրականացում:

3. Պետական աջակցություն Հայաստանի պարաօլիմպիկ կոմիտեին և հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին և այլ հաստատություններին:

4. Մշակութային ծրագրեր իրականացնող հաշմանդամների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերում:

 

10. Հաշմանդամների սոցիալական պաշտպանություն

 

Առկա վիճակը

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն իր մեջ ներառում է հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունը, սոցիալական սպասարկումն ու սոցիալական օգնությունը:

Հաշմանդամների կենսապահովման հիմնական միջոցներից է կենսաթոշակը: Հաշմանդամության կենսաթոշակը կարող է լինել ապահովագրական և սոցիալական:

Ապահովագրական ստաժ ունեցող հաշմանդամների կենսաթոշակի միջին չափը կազմում է 7878 դրամ:

Ծնողներից մեկի մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա խնամելու ժամանակահատվածը` 10 տարուց ոչ ավելի, համարվում է ապահովագրական ստաժ:

Հաշմանդամների սոցիալական սպասարկումն ու խնամքը իրականացվում է նաև ստացիոնար և տնային պայմաններում:

Տնային պայմաններում սոցիալական սպասարկում իրականացնում է Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը, որը միայն Երևան քաղաքում սպասարկում է 1200 միայնակ կենսաթոշակառուի և հաշմանդամի: Հաշմանդամները կազմում են սպասարկվողների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը: Միայնակ հաշմանդամները սպասարկվում են անկախ տարիքից:

Հաշմանդամների խնամքի և սպասարկման ստացիոնար հաստատությունները երկուսն են` Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը: Երկու տուն-ինտերնատներում խնամվում են մոտ 450 միայնակ, խնամող չունեցող հաշմանդամ:

Տուն-ինտերնատներում բնակվող հաշմանդամները գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո, նրանք ստանում են բժշկական օգնություն, ապահովված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Սոցիալական օգնության պետական ամենամեծ ծրագիրը ընտանեկան նպաստի տրամադրումն է: Նպաստը նշանակվում է ելնելով ընտանիքի անապահովության աստիճանից: Հաշմանդամի կարգավիճակ ունեցողներն ու մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները նպաստի համակարգում դասվում են անապահովության բարձր միավոր ունեցողների շարքին: Այստեղից հետևում է, որ հաշմանդամ ունեցող ընտանիքների նպաստ ստանալու հավանականությունը բավականին մեծ է:

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված է 34500 հաշմանդամ:

 

Խնդիրները

 

1. Հաշմանդամության կենսաթոշակի չափի ցածր լինելը:

2. Միայնակ հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների բացակայությունը մարզերում:

3. Հաշմանդամների բնակարանային պայմանների անբավարար լինելը:

4. Հաշմանդամների համար սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիության բացակայությունը:

5. Հաշմանդամ ունեցող ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը:

 

Նպատակը

 

Հաշմանդամների կյանքի որակի բարելավումը, նրանց հասարակական կյանքին լիարժեք մասնակից դարձնելը:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Անկախ կյանք վարելու հնարավորության ընձեռում հաշմանդամներին:

2. Հաշմանդամների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի մշակում:

3. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշմանդամներին բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման հնարավորությունների քննարկում բյուջետային գործընթացի շրջանակներում:

4. Հաշմանդամության կենսաթոշակների աստիճանական բարձրացում.

- Հաշմանդամության կենսաթոշակի չափի բարձրացում հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափի նկատմամբ տոկոսային հարաբերակցության բարձրացման միջոցով:

- Հաշմանդամության կենսաթոշակի չափի բարձրացում, հաշվի առնելով մասնագիտական հիվանդության կամ արտադրությունում դժբախտ դեպքի պատճառով աշխատունակության կորստի աստիճանը:

- Հաշմանդամության կենսաթոշակի չափի բարձրացում, ելնելով հաշմանդամի աշխատունակության սահմանափակման աստիճանից:

Հաշմանդամության կենսաթոշակների բարեփոխումները կարտացոլվեն «Կենսաթոշակային ապահովության նոր ռազմավարության» հիմնադրույթներում:

5. Հաշմանդամների սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայությունների տեսակների և ձևերի սահմանում («Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան):

6. Հաշմանդամների սոցիալական սպասարկման ու խնամքի նոր ծառայությունների ներդնում:

7. Հաշմանդամների համար սոցիալական սպասարկման և խնամքի ցերեկային կենտրոնների ստեղծում Երևանում և մարզկենտրոններում:

8. Ընդլայնել և բարելավել հաշմանդամների սոցիալական սպասարկումը տնային պայմաններում:

9. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ գործող օրենսդրության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում:

 

11. Համապատասխան մասնագետներով ապահովում

 

Առկա վիճակը

 

Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական փոփոխությունները հաշմանդամների սոցիալական սպասարկման ոլորտում պահանջում են նոր մոտեցումներ և նոր ուղղություններ: Բարձրագույն կրթական համակարգում վերջին տարիներին բացվել են նոր ֆակուլտետներ կամ ամբիոններ, որոնք պատրաստում են հաշմանդամների հետ աշխատող մասնագետներ:

Մասնավորապես, 1996 թ. Երևանի պետական համալսարանում գործում է սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ֆակուլտետը, որը պատրաստում է սոցիալական աշխատողներ և սոցիոլոգներ, Երևանի պետական մանկավարժական համալսարանում 2001 թ.-ից պատրաստվում են սոցիալական մանկավարժներ և այլն:

Երևանի պետական բժշկական համալսարանում 2003 թ.-ից պատրաստվում են բժիշկ-վերականգնողաբաններ: Հարկ է մշակել խթանող մեխանիզմներ դիմորդների թիվը մեծացնելու ուղղությամբ:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը 2002 թ.-ից պատրաստում է ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ:

Հաշմանդամության ոլորտի կադրային ապահովման աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար պակաս կարևոր չէ նաև սոցիոլոգների դերը: Սոցիոլոգները կարող են իրականացնել հաշմանդամների տարբեր խմբերի խնդիրների սոցիալական քաղաքականության մեջ համարժեք արտացոլմանը նպաստող հետազոտություններ:

Սոցիալական աշխատողներ և սոցիոլոգներ պատրաստվում են նաև պետության կողմից հավատարմագրված «ՈՒրարտու» գործնական հոգեբանության և կիրառական սոցիոլոգիայի համալսարանը: Վերջինս պատրաստում է նաև գործնական հոգեբաններ: ԵՊՀ հոգեբանության ամբիոնը պատրաստում է հոգեբաններ, որոնք կարող են աշխատել հաշմանդամների հետ, մանկավարժության ամբիոնը` սոցիալական մանկավարժներ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չեն պատրաստվում բժիշկ-փորձագետներ:

Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության մարմիններում աշխատող բժիշկ-փորձագետները որակավորում են ստացել Ռուսաստանի Դաշնությունում: ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում ստանում են որակավորում բժիշկ-վերականգնողաբան մասնագիտությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայություն» գործակալությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ հաշմանդամների համար:

Հայաստանի Հանրապետությունում թերի է, կարելի է ասել, լրիվ բացակայում է միջին կրթական համակարգը, որը պատրաստում է հաշմանդամների հետ աշխատող միջին մասնագետներ: Նրանք կամ պատրաստվում են արտասահմանյան ծրագրերով, կամ էլ արտերկրում, օրինակ` օրթեզիստները և պրոթեզիստները:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը պատրաստում է էրգոթերապիստներ (շտկող մանկավարժներ և հատուկ հոգեբաններ), լոգոպեդներ, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ, սոցիալական մանկավարժներ: Պետության կողմից հավատարմագրված Երևանի «Հր. Աճառյան» համալսարանը նույնպես պատրաստում է օլիգոֆրենոմանկավարժներ, լոգոպեդներ և սոցիալական մանկավարժներ: Սակայն դիմորդների սակավ թվի պատճառով հանրապետությունում այս մասնագետների պակաս է զգացվում:

Հանրապետությունում հաշմանդամության ոլորտի կադրային քաղաքականությունը զարգացնելու, խթանելու և կատարելագործելու համար շատ կարևոր է առողջապահության, սոցիալական պաշտպանության, զբաղվածության ոլորտի հաշմանդամների հետ աշխատող մասնագետների համար գիտաժողովների և սեմինարների պարբերաբար կազմակերպումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է գործառնության, հաշմանդամության և առողջապահության միջազգային նոր դասակարգում (ICF), որի ներդրման նպատակով ևս կարևոր է սեմինարների և գիտաժողովների կազմակերպումը արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

 

Խնդիրները

 

Հաշմանդամների հետ աշխատող համապատասխան մասնագետների պակասը:

 

Նպատակը

 

Բոլոր բժշկասոցիալական և վերականգնողական կազմակերպությունները ապահովել բարձրակարգ մասնագետներով:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. ԲՈՒՀ-երում պետական պատվերի շրջանակում համապատասխան մասնագետների պատրաստման տեղերի ավելացում (վերականգնողաբաններ, աուդիոմետրիստներ, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, տիֆլոսուրդոմանկավարժներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, սոցիալական աշխատողներ, օկուպացիոն թերապիստներ):

2. Հաշմանդամների հետ աշխատող մասնագետների (օլիգոֆրենոմանկավարժների, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, տիֆլոսուրդոմանկավարժներ, լոգոպեդներ և այլն) աշխատավարձերի բարձրացում:

3. Հաշմանդամների հետ աշխատող մասնագետների համար վերապատրաստման դասընթացների և սեմինարների կազմակերպում:

4. Հաշմանդամների հետ աշխատող մասնագետների համար հայերեն լեզվով մեթոդական նյութերի մշակում:

5. Դպրոցներում հատուկ կարիքներով երեխաների հետ թիմային աշխատանքի կազմակերպում բոլոր մասնագետների (սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, արատաբան, սոցիալական աշխատող, հոգեբան և այլն) և ծնողների մասնակցությամբ:

6. Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգում աշխատող համապատասխան մասնագետների մասնագիտացում, վերապատրաստում և որակավորում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով` բժշկասոցիալական փորձաքննության առջև դրված խնդիրների և նպատակների արդյունավետ իրականացման համար:

7. Առողջապահության Ազգային ինստիտուտում բժշկասոցիալական փորձաքննության ամբիոնի ստեղծում:

 

11. Սոցիալական գործընկերություն հաշմանդամների հիմնահարցերով

զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև

 

Առկա վիճակը

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատանքներն իրականացվում են սոցիալական գործընկերության սկզբունքով: Սոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև այլ նախարարություններ և պետական այլ մարմիններ հաջողությամբ համագործակցում են հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործում են հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ: Իրենց գործունեությամբ հանրապետության սոցիալական դաշտում ուրույն տեղ ունեն և կայացած ու ճանաչված են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն, «Հույսի կամուրջ», «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը, «Փրկություն», «Հավատ», «Կամք և կորով», «ՈՒնիսոն» և այլ հասարակական կազմակերպություններ:

 

Խնդիրները

 

1. Սոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնելիս հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության իրավական մեխանիզմների բացակայությունը:

2. Պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամների վերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգման և տեղեկատվության փոխանակման անբավարար մակարդակը:

 

Նպատակը

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով պետական և ոչ պետական կառույցների գործունեության համակարգում, ռեսուրսների և հնարավորությունների օգտագործում և սոցիալական գործընկերության զարգացում:

 

Նպատակին հասնելու ուղիները

 

1. Պետական և ոչ պետական մարմինների միջև գործընկերության արդյունավետ ապահովում հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների, անկախ մասնագետների և հաշմանդամների մասնակցությամբ:

2. Պետական իշխանության մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների գործընկերային հարաբերությունների համակարգում և զարգացում:

3. Հաշմանդամների բժշկասոցիալական սպասարկման ծառայությունների արդյունավետ կազմակերպման նպատակով սոցիալական ուղղվածության որոշ ծրագրերի իրականացում պատվիրակել հասարակական կազմակերպություններին:

4. Պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությունը իրավական դաշտ տեղափոխելու նպատակով համապատասխան օրենսդրական ակտերի մշակում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում կա երկու հատ «11.» բաժին

 

Ա

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2005
N 44
Արձանագրային որոշում