(ուժը կորցրել է 07.05.2020 թիվ 04-Ն հրաման)
i
116.0006.040997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
19 մայիսի 1997 թ. թիվ 69/116-0006
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ-Ն «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն «Մետրոպոլիտենից օգտվելու կանոնները» բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և ձեռնարկության կանոնադրություններից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն «Մետրոպոլիտենից օգտվելու կանոնները»:
2. «Կանոնները» հրամանի հետ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
_____________ Հ. ՔՈՉԻՆՅԱՆ
«15» մայիսի 1997 Թ.
Հ. 69/116-0006
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ուղևորները պարտավոր են պահպանել հասարակական կարգը և ենթարկվել մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:
2. Ուղևորները և մետրոպոլիտենի աշխատակիցները պետք է լինեն փոխադարձ հարգալից և խնամքով վերաբերվեն մետրոպոլիտենի շինություններին և կառույցներին:
3. Գնացքներում պետք է ժամանակին հայտարարվեն կայարանների անվանումները, ինչպես նաև երթևեկությանը վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ:
4. Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար 60.40.20 սմ-ից ավելի չափսի /այսինքն` եթե լայնքի, երկայնքի և բարձրության չափերի գումարը անցնում է 129 սմ-ից/ ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրման համար կառավարության կողմից սահմանված կարգով: Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը:
5. Ուղևորն իրավունք ունի անվճար փոխադրել մինչև 7 տարեկան երեխաներ:
6. Մետրոպոլիտենով երթևեկելու ամսական մշտական տոմսերը և երթևեկության արտոնությունների վկայականները ուղևորները պարտավոր են բաց վիճակում ներկայացնել հսկիչներին:
7. Շարժասանդուղքներից օգտվելիս պետք է կանգնել աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը, բռնել բազրեփոկից, անցնել ձախ կողմով և չհապաղել շարժասանդուղքից ելնելիս: Քայլել անցուղիների աջ կողմով:
8. Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց` հենվել շարժասանդուղքի կողապատերին:
9. Կառամատույցում գնացքի սպասող ուղևորները գնացքի երկարությամբ պետք է տեղաբաշխվեն համաչափ:
Որևէ առարկա գնացքի գծի վրա վայր գցելու դեպքում ուղևորը պետք է այդ մասին հայտնի կայարանի հերթապահին:
10. Վագոններում առաջին հերթին տեղեր պետք է զբաղեցնեն հաշմանդամները, երեխաների հետ երթևեկող ուղևորները և ծերերը:
11. Ծխի գոյացման կամ հրդեհի, ինչպես նաև այնպիսի իրադրությունների առաջացման դեպքում, որոնք կարող են ազդել ուղևորների փոխադրման կամ գնացքների երթևեկության անվտանգության վրա, ուղևորները պետք է անհապաղ տեղեկացնեն գնացքի մեքենավարին` «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապի միջոցով կամ սեղմելով հակահրդեհային ազդանշանի կոճակը:
11. ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ.
11.1. Հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավորող, գարշահոտ նյութեր և առարկաներ տեղափոխել:
11.2. Հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել:
11.3. Երկաթուղային գծերին առարկաներ գցել, որոնք կարող են խանգարել գնացքների շարժմանը:
11.4. Անցնել կառամատույցի եզրի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին մինչև գնացքի լրիվ կանգառը:
11.5. Իջնել երկաթուղու գծերին և քայլել նրանց վրայով:
11.6. Ընթացքի ժամանակ վագոնների դռները բացել, կանգառներում ուշացնել դռների բացվելը կամ փակվելը:
11.7. Վնասել մետրոպոլիտենի վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը:
11.8. Նկարահանումներ կատարել առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության:
11.9. Մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել կայարանի տարածքը, ուղևորներին, վագոնների ներքին կայքը:
11.10. Նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքներով և կառամատույցով:
11.11. Ծխել կայարաններում և վագոններում:
11.12. Առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից:
11.13. Տեղափոխել առանց դնչակալի և վզակալի կենդանիներ և առանց վանդակի թռչուններ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04» 09 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 18970046