01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Օրենքը խմբ. 06.05.20 ՀՕ-267-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:
i
Հոդված 2. |
Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը |
1. Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և աշխատանքային օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) նախադպրոցական կրթություն` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման և խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան և իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.
2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը. ↩
3) նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
5) նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
6) նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
7) նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը` պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության հիմնական ծրագրերից դուրս ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման և խնամքի լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.
9) փորձաքննություն` յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական և նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց.
10) նախադպրոցական տարիք` երեխայի 0-6 տարեկան հասակը.
11) սան` նախադպրոցական կրթության և զարգացման ծրագրով ուսումնառող նախադպրոցական տարիքի երեխա.
12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` երեխաների տարիքի հիման վրա ձևավորված խումբ.
13) նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ` նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր.
14) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ.
15) նախադպրոցական ծառայություններ` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում` պայմանագրային հիմունքներով. ↩
16) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.
17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` սան, որի նախադպրոցական կրթության և զարգացման համար անհրաժեշտ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ.
18) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ` ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.
19) երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում.
20) անհատական ուսուցման և զարգացման պլան` երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում` նաև աջակցող ծառայությունները) և ժամկետները` երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները.
21) երեխաների խնամք` սաների օրվա ռեժիմի, սննդի, անձնական հիգիենայի, անվտանգության, երեխայի ինքնասպասարկման և սոցիալ-կենցաղային սպասարկման ապահովման համալիր միջոցառումներ.
22) ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ` զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր.
23) մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև զարգացման, ուսուցման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և երեխայի զարգացումն ու խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.
24) նախադպրոցական ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար:
(3-րդ հոդ. փոփ. 04.05.22 ՀՕ-126-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 4. |
Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները |
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք:
2. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
3. Պետությունը աջակցում է պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը` համաձայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման և համաֆինանսավորման կարգի և պետական բյուջեով նախատեսված միջոցառումների (ծրագրերի) ֆինանսավորման սկզբունքների ու մեթոդաբանության:
4. Պետությունը երաշխավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը և խթանում ծառայությունների բազմազանությունը` անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից:
i
5. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
7. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`
1) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը և համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին.
2) երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը.
3) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի մտավոր, հոգեկան, ֆիզիկական և սոցիալական զարգացման ձեռքբերումների արժևորմանն ու անհատականության բացահայտմանն ուղղված երեխայակենտրոն, ներառական և զարգացնող միջավայրի ապահովման առաջնայնությունը.
4) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը.
5) հանրակրթության, մասնավորապես նախադպրոցական և միջնակարգ կրթության աստիճանակարգությունների անցման հաջորդականությունն ու շարունակականությունը.
6) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը:
Հոդված 5. |
Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները |
1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի`
1) մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացմանը.
2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.
3) աշխարհաճանաչման ինքնուրույնության և ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.
4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին:
2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են`
1) նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով.
2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով.
3) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով.
4) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը.
5) նախադպրոցական կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավումը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման և մասնագիտական զարգացման միջոցով.
6) նախադպրոցական կրթությունից հանրակրթության սահուն անցման ապահովումը:
ԳԼՈՒԽ 2
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 6. |
Նախադպրոցական տարիքը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (կամ ծառայություններ) ընդգրկվում են այն երեխաները, որոնց նախադպրոցական տարիքը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ` 0-ից մինչև 1 տարեկան հասակը.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ` 1-ից մինչև 2 տարեկան հասակը.
3) կրտսեր առաջին խումբ` 2-ից մինչև 3 տարեկան հասակը.
4) կրտսեր երկրորդ խումբ` 3-ից մինչև 4 տարեկան հասակը.
5) միջին խումբ` 4-ից մինչև 5 տարեկան հասակը.
6) ավագ խումբ` 5-ից մինչև 6 տարեկան հասակը:
3. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը` անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց:
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:
Հոդված 7. |
Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը |
1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):
3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)` անկախ ազգային պատկանելությունից:
4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է օգոստոսի 31-ին: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով: ↩
5. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են`
1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
3) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
4) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) աշխատակիցների երեխաները:
(7-րդ հոդ. փոփ. 04.05.22 ՀՕ-126-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 8. |
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները |
1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում`
1) նախադպրոցական մակարդակ` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ` հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման և կրթության կազմակերպման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
3. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով:
Հոդված 9. |
Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը |
1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված` երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը վկայագրում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը:
2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:
Հոդված 10. |
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը |
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`
1) ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.
2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը.
3) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը.
4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, որոնք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
5) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի և աղետներին պատրաստվածության չափանիշները:
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է Կառավարությունը:
4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 11. |
Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը |
1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են`
1) երեխայի շարժողական և ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և սովորությունների ձևավորումը.
2) երեխայի խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.
3) երեխայի ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, ինքնուրույն գործունեության, այդ թվում` ուսումնական և ստեղծագործական, խրախուսումը.
4) երեխայի սովորելը խթանելը, ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
5) երեխայի սոցիալ-անձնային, հուզակամային զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը.
6) երեխայի հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը.
7) երեխայի մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, ազգային, ավանդական, էկոլոգիական, իրավական, տնտեսագիտական, բարոյական դաստիարակությունը:
3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները` օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:
4. Նախադպրոցական կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) երեխաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
4) երեխաների սննդի կազմակերպումը.
5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները:
5. Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում` դրա ցանկացած տեսակի և նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է:
6. Նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում` նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 12. |
Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում |
1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական օգնության, սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպությունը:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, իսկ դրա անհնարինության դեպքում ծառայությունն ապահովում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպության հետ համագործակցության միջոցով:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում վերահսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 13. |
Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի և օրինակելի սննդակազմի:
2. Սաների սնունդը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սննդակազմի, սանիտարահիգիենիկ ու տեխնոլոգիական նորմերին համապատասխան կազմակերպելու և օրվա ճաշացուցակը ապահովելու համար պատասխանատու է տնօրենը:
ԳԼՈՒԽ 3
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 14. |
Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները |
1. Նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են`
1) նախադպրոցական տարիքի երեխան.
2) ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը).
3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), դաստիարակը, դաստիարակի օգնականը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչը, բուժաշխատողը, խմբակի ղեկավարը և այլ մասնագետներ:
Հոդված 15. |
Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում |
1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)`
1) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.
3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
2) բժշկական օգնության և սպասարկման.
3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.
4) զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
5) կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը` իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 16. |
Ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները և պարտականությունները |
1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.
2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.
3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.
4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.
5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.
6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.
7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.
8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:
2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`
1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.
2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.
3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.
4) հարգել երեխայի արժանապատվությունը.
5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:
Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:
Հոդված 17. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, մանկավարժական աշխատողի վերապատրաստումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար: ↩
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) մասնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
3) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
4) օգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.
5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.
6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
7) ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.
8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան` մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
10) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից.
11) իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.
2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը` համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի.
4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.
5) համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
6) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.
7) անցնել պարտադիր բուժզննություն` տարեկան առնվազն մեկ անգամ:
4. Յուրաքանչյուր տարի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը անցնում է պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:
(17-րդ հոդ փոփ. 09.06.22 ՀՕ-195-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 18. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը |
1. Նախադպրոցական կրթության բնագավառի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:
3. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության կամ դրա ստորաբաժանման գործադիր մարմինը` տնօրենը, որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը: Բացառություն կարող են լինել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
4. Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:
6. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել, ընտրվել այն անձը, որը`
1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: ↩
7. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
8. Պետական և համայնքային ուսումնական հաստատության տնօրենը`
1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.
4) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ հոդ փոփ. 09.06.22 ՀՕ-195-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները |
1. Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում` համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են`
1) մսուր` 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
3) մանկապարտեզ` 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
4) նախակրթարան` 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
5) կենտրոն` 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի` տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակների կողմից առաջարկվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը և ծառայությունները կազմվում են` հաշվի առնելով երեխայի ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կարիքները` ապահովելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` երեխայի առողջության պահպանման ու անվտանգության նորմերը:
6. Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն` անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման` համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի:
Հոդված 21. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 22. |
Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է (են) հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը, տնօրենը` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են`
1) Կառավարությունը.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.
4) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիրը:
Հոդված 23. |
Նախադպրոցական կրթության բնագավառում կառավարության լիազորությունները |
1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը`
1) հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ.
2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.
3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները.
6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.
8) ( 8-րդ կետն ուժը կորցրել է 20.05.2022 թվականից` 04.05.22 ՀՕ-126-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք) ↩
9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
10) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(23-րդ հոդ. փոփ. 04.05.22 ՀՕ-126-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 24. |
Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում |
1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
1) մշակում և իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.
2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի և երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.
3) մշակում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
4) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը.
5) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.
6) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը.
7) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը.
8) համակարգում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության կազմակերպումն ու իրականացումը.
9) հաստատում է կրթական ծրագրից բխող ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները, ուսումնադիդակտիկ պարագաները.
10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.
11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.
12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.
13) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձևերը և վարելու կարգը.
14) սահմանում է ձեռնարկատիրական գործունեության տեսակներով ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.
15) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության ոլորտի գերակա ուղղությունները.
16) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը.
17) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, կրթական ծրագրերին համապատասխանության փորձաքննության կարգը.
18) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.
19) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.
20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
21) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.
22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի և ծառայությունների տևողությունը.
23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը.
24) կարող է սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.
25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:
( 24-րդ հոդ. փոփ. 04.05.22 ՀՕ-126-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 25. |
Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) լիազորությունը |
1. Մարզպետը, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը (Երևանի քաղաքապետը)` յուրաքանչյուրն իր ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունում`
1) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառում սույն օրենքով և օրենսդրությամբ լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները.
2) ապահովում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան.
3) ապահովում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը, դրանց անվտանգությունը և մատչելիությունը.
4) ապահովում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.
5) առաջարկում և համապատասխան իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցած ծառայությունների դիմաց վարձավճարների չափերը և արտոնությունների ցանկը.
6) նշանակում կամ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրված լինելու դեպքում հաստատում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին, ինչպես նաև պաշտոնից ազատում նրան.
7) վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
8) մասնակցում է նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
9) ապահովում է պայմաններ` նախադպրոցական կրթություն ստանալու համար.
10) կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.
11) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման միջոցառումների իրականացումը.
12) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 26. |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
i
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 27. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Ներքին գնահատումը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները և ծնողները:
3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը հրապարակում է:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ: Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
5. Արտաքին գնահատումը կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների և տվյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչները:
7. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սանին մատուցվող կրթական ծառայությունների որակի, ուսուցման և խնամքի, նախադպրոցական կրթության չափորոշչի վերջնարդյունքների ապահովման հիման վրա:
8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:
9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
10. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 28. |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Նախադպրոցական կրթության և խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը և ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են` կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից և այլ հանգամանքներից:
3. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն սաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ`
1) ձայնի և խոսքի.
2) լսողական.
3) տեսողական.
4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.
5) շարժողական:
4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Կառավարությունը:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են`
1) հիմնադիրների հատկացումները.
2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում` պետական բյուջեից հատկացումները.
3) համայնքի բյուջեն.
4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.
5) միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները.
6) օրենսդրությամբ չարգելված և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները.
7) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.
2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ` իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.
3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.
4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ.
5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք:
7. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:
8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, ուսումնամեթոդական և ծրագրային նյութեր, զարգացնող խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 17 Երևան ՀՕ-236-Ն
|