Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

21.05.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Օրենքը խմբ. 06.05.20 ՀՕ-267-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:

 

i
Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

 

1. Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և աշխատանքային օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նախադպրոցական կրթություն` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման և խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան և իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.

2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը.

3) նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

5) նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

6) նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

7) նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը` պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության հիմնական ծրագրերից դուրս ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման և խնամքի լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.

9) փորձաքննություն` յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական և նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց.

 10) նախադպրոցական տարիք` երեխայի 0-6 տարեկան հասակը.

 11) սան` նախադպրոցական կրթության և զարգացման ծրագրով ուսումնառող նախադպրոցական տարիքի երեխա.

 12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` երեխաների տարիքի հիման վրա ձևավորված խումբ.

13) նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ` նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր.

14) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ.

15) նախադպրոցական ծառայություններ` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի կրթության, զարգացման, ուսուցման, խնամքի, հոգածության ու հսկողության, դաստիարակության, ինչպես նաև առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում` պայմանագրային հիմունքներով.

16) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.

17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` սան, որի նախադպրոցական կրթության և զարգացման համար անհրաժեշտ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ.

18) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ` ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

19) երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում.

20) անհատական ուսուցման և զարգացման պլան` երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում` նաև աջակցող ծառայությունները) և ժամկետները` երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները.

21) երեխաների խնամք` սաների օրվա ռեժիմի, սննդի, անձնական հիգիենայի, անվտանգության, երեխայի ինքնասպասարկման և սոցիալ-կենցաղային սպասարկման ապահովման համալիր միջոցառումներ.

22) ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ` զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր.

23) մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև զարգացման, ուսուցման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և երեխայի զարգացումն ու խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

24) նախադպրոցական ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար:

 

Հոդված 4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք:

2. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է։

3. Պետությունը աջակցում է պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը` համաձայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման և համաֆինանսավորման կարգի և պետական բյուջեով նախատեսված միջոցառումների (ծրագրերի) ֆինանսավորման սկզբունքների ու մեթոդաբանության:

4. Պետությունը երաշխավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը և խթանում ծառայությունների բազմազանությունը` անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից:

i

5. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

7. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը և համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին.

2) երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը.

 3) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի մտավոր, հոգեկան, ֆիզիկական և սոցիալական զարգացման ձեռքբերումների արժևորմանն ու անհատականության բացահայտմանն ուղղված երեխայակենտրոն, ներառական և զարգացնող միջավայրի ապահովման առաջնայնությունը.

4) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը.

5) հանրակրթության, մասնավորապես նախադպրոցական և միջնակարգ կրթության աստիճանակարգությունների անցման հաջորդականությունն ու շարունակականությունը.

6) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը:

 

Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները

 

1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի`

1) մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացմանը.

2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.

3) աշխարհաճանաչման ինքնուրույնության և ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.

4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին:

2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են`

1) նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով.

2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով.

3) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով.

4) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը.

5) նախադպրոցական կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավումը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման և մասնագիտական զարգացման միջոցով.

6) նախադպրոցական կրթությունից հանրակրթության սահուն անցման ապահովումը:

 

ԳԼՈՒԽ 2
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 6. Նախադպրոցական տարիքը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (կամ ծառայություններ) ընդգրկվում են այն երեխաները, որոնց նախադպրոցական տարիքը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ` 0-ից մինչև 1 տարեկան հասակը.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ` 1-ից մինչև 2 տարեկան հասակը.

3) կրտսեր առաջին խումբ` 2-ից մինչև 3 տարեկան հասակը.

4) կրտսեր երկրորդ խումբ` 3-ից մինչև 4 տարեկան հասակը.

5) միջին խումբ` 4-ից մինչև 5 տարեկան հասակը.

6) ավագ խումբ` 5-ից մինչև 6 տարեկան հասակը:

3. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը` անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

 

Հոդված 7. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը

 

1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):

3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)` անկախ ազգային պատկանելությունից:

4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով:

5. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են`

1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները.

2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

3) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

4) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) աշխատակիցների երեխաները:

 

Հոդված 8. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները

 

1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում`

1) նախադպրոցական մակարդակ` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ` հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:

2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման և կրթության կազմակերպման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

3. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով:

 

Հոդված 9. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

 

1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված` երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը վկայագրում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը:

2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

 

Հոդված 10. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

 

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`

1) ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.

2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը.

3) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, որոնք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

5) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի և աղետներին պատրաստվածության չափանիշները:

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է Կառավարությունը:

4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 11. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

 

1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:

2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են`

1) երեխայի շարժողական և ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և սովորությունների ձևավորումը.

2) երեխայի խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.

3) երեխայի ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, ինքնուրույն գործունեության, այդ թվում` ուսումնական և ստեղծագործական, խրախուսումը.

4) երեխայի սովորելը խթանելը, ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.

5) երեխայի սոցիալ-անձնային, հուզակամային զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը.

6) երեխայի հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը.

7) երեխայի մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, ազգային, ավանդական, էկոլոգիական, իրավական, տնտեսագիտական, բարոյական դաստիարակությունը:

3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները` օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:

4. Նախադպրոցական կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) երեխաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

4) երեխաների սննդի կազմակերպումը.

5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

5. Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում` դրա ցանկացած տեսակի և նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է:

6. Նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում` նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

 

1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական օգնության, սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպությունը:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, իսկ դրա անհնարինության դեպքում ծառայությունն ապահովում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպության հետ համագործակցության միջոցով:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում վերահսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

Հոդված 13. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի և օրինակելի սննդակազմի։

2. Սաների սնունդը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սննդակազմի, սանիտարահիգիենիկ ու տեխնոլոգիական նորմերին համապատասխան կազմակերպելու և օրվա ճաշացուցակը ապահովելու համար պատասխանատու է տնօրենը:

 

ԳԼՈՒԽ 3
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 14. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները

 

1. Նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են`

1) նախադպրոցական տարիքի երեխան.

2) ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը).

3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), դաստիարակը, դաստիարակի օգնականը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչը, բուժաշխատողը, խմբակի ղեկավարը և այլ մասնագետներ։

 

Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

 

1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:

2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)`

1) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.

3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

2) բժշկական օգնության և սպասարկման.

3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.

4) զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

5) կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը` իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան:

 

Հոդված 16. Ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները և պարտականությունները

 

1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.

2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.

4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.

5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.

7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.

8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:

2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.

3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

4) հարգել երեխայի արժանապատվությունը.

5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

 

Հոդված 17. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, մանկավարժական աշխատողի վերապատրաստումը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մասնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.

4) օգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.

5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.

6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

7) ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.

8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան` մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.

9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

10) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից.

11) իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.

2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը` համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի.

4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.

5) համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.

6) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.

7) անցնել պարտադիր բուժզննություն` տարեկան առնվազն մեկ անգամ։

4. Յուրաքանչյուր տարի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը անցնում է պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան։

 

Հոդված 18. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը

 

1. Նախադպրոցական կրթության բնագավառի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

3. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության կամ դրա ստորաբաժանման գործադիր մարմինը` տնօրենը, որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը: Բացառություն կարող են լինել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները:

 3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

 4: Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ։

6. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել, ընտրվել այն անձը, որը`

1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

7. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

8. Պետական և համայնքային ուսումնական հաստատության տնօրենը`

1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.

3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.

4) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 20. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները

 

1. Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում` համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են`

1) մսուր` 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

 2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

 3) մանկապարտեզ` 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

 4) նախակրթարան` 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

 5) կենտրոն` 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի` տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակների կողմից առաջարկվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը և ծառայությունները կազմվում են` հաշվի առնելով երեխայի ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կարիքները` ապահովելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` երեխայի առողջության պահպանման ու անվտանգության նորմերը։

6. Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն` անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման` համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի։

 

Հոդված 21. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:

2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:

3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 22. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է (են) հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը, տնօրենը` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

2. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են`

1) Կառավարությունը.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.

4) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիրը:

 

Հոդված 23. Նախադպրոցական կրթության բնագավառում կառավարության լիազորությունները

 

1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը`

1) հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ.

2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.

4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները.

6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.

8) սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները և նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը.

9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.

10) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 24. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

 

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) մշակում և իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի և երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.

3) մշակում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.

4) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը.

5) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.

6) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը.

7) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը.

8) համակարգում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության կազմակերպումն ու իրականացումը.

9) հաստատում է կրթական ծրագրից բխող ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները, ուսումնադիդակտիկ պարագաները.

10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.

12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.

13) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձևերը և վարելու կարգը.

14) սահմանում է ձեռնարկատիրական գործունեության տեսակներով ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.

15) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության ոլորտի գերակա ուղղությունները.

16) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը.

17) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, կրթական ծրագրերին համապատասխանության փորձաքննության կարգը.

18) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.

19) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 25. Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) լիազորությունը

 

1. Մարզպետը, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը (Երևանի քաղաքապետը)` յուրաքանչյուրն իր ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունում`

1) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառում սույն օրենքով և օրենսդրությամբ լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները.

2) ապահովում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան.

3) ապահովում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը, դրանց անվտանգությունը և մատչելիությունը.

4) ապահովում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.

5) առաջարկում և համապատասխան իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցած ծառայությունների դիմաց վարձավճարների չափերը և արտոնությունների ցանկը.

6) նշանակում կամ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրված լինելու դեպքում հաստատում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին, ինչպես նաև պաշտոնից ազատում նրան.

7) վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.

8) մասնակցում է նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

9) ապահովում է պայմաններ` նախադպրոցական կրթություն ստանալու համար.

10) կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.

11) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման միջոցառումների իրականացումը.

12) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ։

 

Հոդված 26. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

Հոդված 27. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատումը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը։

2. Ներքին գնահատումը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները և ծնողները։

3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը հրապարակում է:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

5. Արտաքին գնահատումը կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:

6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների և տվյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչները։

7. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սանին մատուցվող կրթական ծառայությունների որակի, ուսուցման և խնամքի, նախադպրոցական կրթության չափորոշչի վերջնարդյունքների ապահովման հիման վրա:

8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։

9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:

10. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

 

ԳԼՈՒԽ 6
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Նախադպրոցական կրթության և խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը և ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են` կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից և այլ հանգամանքներից։

3. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն սաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ`

1) ձայնի և խոսքի.

2) լսողական.

3) տեսողական.

4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

5) շարժողական։

4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Կառավարությունը։

5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են`

1) հիմնադիրների հատկացումները.

2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում` պետական բյուջեից հատկացումները.

3) համայնքի բյուջեն.

4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.

5) միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները.

6) օրենսդրությամբ չարգելված և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները.

7) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.

2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ` իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.

3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.

4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ.

5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։

7. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:

8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 29. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, ուսումնամեթոդական և ծրագրային նյութեր, զարգացնող խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 17
Երևան
ՀՕ-236-Ն

 

pin
ՀՀ 15.11.2005
N ՀՕ-236-Ն օրենք