Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 սեպտեմբերի 2005 թվականի N 39

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 28-ի

նիստի N 39 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման մասին սույն հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տրանսպորտի առանձին բնագավառներում շահագործվող տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ոլորտի արդի վիճակը, առկա հիմնախնդիրները և առաջարկում դրանց լուծման ռազմավարական կարևորագույն ուղիները:

Հայեցակարգային խնդիրների վերլուծությունը և լուծմանն ուղղված մոտեցումները ներկայացված են` հաշվի առնելով այս ոլորտում զարգացած երկրների առաջավոր փորձը և այն ընդօրինակող երկրների ռազմավարական ուղղվածությունը, որոնք երաշխավորում են ոլորտում ծառացած հիմնախնդիրների լուծման աստիճանական կարգավորումը:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործմանն առնչվող հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոլորտի ներկայիս իրավիճակն ակնհայտորեն հեռու է բավարար լինելուց, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալն հանգամանքներով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման համակարգը ձևավորվել է Խորհրդային Միության տարիներին և կարգավորվել է սահմանված ոլորտին ներկայացվող միասնական իրավական պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության անկախության անցած տարիներին համակարգն էական, սկզբունքային փոփոխությունն է կրել և պարզապես դուրս է մնացել կարգավորման ոլորտից: Խորհրդային Միության տարիներին ձևավորված օրենսդրական դաշտով սահմանված պահանջներն ըստ էության չեն գործում, ոլորտի նկատմամբ պետության կողմից ոչ հետևողական ռազմավարության իրականացման հետևանքով նշված պահանջների կատարումն իրականացվում է առանձին կառավարման մարմինների կամ համակարգի տնտեսվարող սուբյեկտների հայեցողությամբ: Մինչդեռ, ազատական շուկայական զարգացման, պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխհարաբերությունների ներկայիս պայմաններում, համակարգի պետական կարգավորումը պետք է անհետաձգելի օրակարգային բնույթ կրի:

Տրանսպորտային համակարգը պետության այն եզակի բնագավառներից մեկն է, եթե ոչ եզակին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել տնտեսության որևէ այլ բնագավառի բնականոն գործունեությունը: Տնտեսության մյուս ճյուղերի հետ անմիջական շաղկապակցվածությունը և ներդաշնակցվածությունը առավել են կարևորում տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության գործոնը, քանի որ այն անկախ տրանսպորտային միջոցի տիրապետման ձևից, պետք է դիտվի ոչ թե սեփականատիրոջ կամքի արտահայտության դրսևորում, այլ նախ և առաջ քաղաքացու կյանքի, առողջության և անվտանգության ապահովման կարևորագույն և առաջնահերթ խնդիր:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգը ըստ տրանսպորտի առանձին բնագավառների ձևավորվել է այն չափով, ինչ չափով այն անհրաժեշտ է եղել երկրի տնտեսությանը և ինչ չափով հնարավորություն են ընձեռել աշխարհագրական և ռելիեֆային առանձնահատկությունները: Ըստ այդմ, տրանսպորտի որոշ բնագավառներ առհասարակ չեն ձևավորվել, մի մասը նմանակում է այլ երկրներում ձևավորված այդ բնագավառներին, մնացյալը, թեկուզև լինելով անկատար զարգացման հիմքերով, ծառայում են տնտեսության և հանրային պահանջարկի բավարարման խնդրին: Թերևս, խնդրի նման հիմնավորումից էլ ձևավորվել է տրանսպորտային համակարգը, որում ներառված տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը պահանջում է ենթահամակարգի պետական կարգավորում:

Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին տրանսպորտային համակարգի կառավարումը լուրջ փոփոխությունն է կրել, ինչն առավելապես բացատրվում է այն Մասնավորապես` օդային, ջրային, խողովակաշարային տրանսպորտի, վերգետնյա էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի, ճոպանուղու բնագավառները գտնվում են տարբեր կառավարման մարմինների (սեփականատերերի) իրավասության ներքո: Սակայն, անկախ բնագավառի տիրապետման կազմակերպական տնտեսական-իրավական տրանսպորտային միջոցների պատկանելության ձևերից, անվտանգ շահագործման ենթահամակարգը պետք է գործի միասնական պահանջներին համապատասխան:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը տրանսպորտային ենթահամակարգ է, որի համար սահմանվող պահանջները պետք է բխեն և այդ ոլորտին առնչվող միջազգային կոնվենցիաների պահանջներից: Հարկ է նշել, որ անվտանգ շահագործման համատեքստում նկատելի աշխատանքներ են տարվել և տարվում քաղաքացիական ավիացիայի բնագավառում: Այլ տրանսպորտային տեսակների անվտանգ շահագործման պահանջների հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքը` կոնվենցիաներին միացած երկրների տարածք կամ չի թույլատրվում, կամ էլ թույլատրվում է միջազգային (միջպետական) պայմանագրերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի առանձին բնագավառները, գերազանցապես տրանսպորտային միջոցները, հանդիսանում են մասնավոր սեփականություն: Եթե բնագավառների որոշակի մասը, կարգավորվում է նախկին շահագործումը, ապա գերակշիռ մասը, պարզապես չի կարգավորվում, քանի որ կատարման ենթակա պահանջները պետական իրավական ակտերով չեն ամրագրված, հետևաբար պարտադիր կատարման ենթակա չեն կարող լինել: Առկա վիճակի հրամայականը պետք է լինի տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պատասխանատվության ամրագրումը` տրանսպորտային միջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգը ձևավորվում է հաշվի առնելով տվյալ տրանսպորտային միջոցը (տրանսպորտատեսակի) շահագործման առանձնահատկությունները: Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հետ կապված խնդիրը բազմատարր և համալիր բնույթ է կրում, ինչը պայմանավորված է մի շարք հիմնախնդիրներով, որոնք ընդհանուր նկարագրով տարբերակվում են հետևյալ տարանջատմամբ.

ա) տրանսպորտային միջոցների պահպանության կազմակերպում,

բ) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների և նորոգումների կազմակերպում (տեխնիկական պատրաստականության ապահովում),

գ) տրանսպորտային միջոցի նշանակությանը համապատասխան և տրանսպորտի մասին օրենսդրության պահանջներով շահագործման կազմակերպում,

դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգի նշված հիմնախնդիրները, որպես տրամաբանական ամբողջություն կազմավորվում են առանձին տարրերի բնույթով տարանջատվող ենթախնդիրներով, որոնք տարանջատվում են հետևյալ բաղադրամասերով.

ա) տրանսպորտային միջոցների անվտանգ պահպանման կազմակերպում.

բ) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների և նորոգումների ժամանակին, լիարժեք և ամբողջական ծավալով կազմակերպում և իրականացում,

գ) տրանսպորտային միջոցների տեխնիկական և տրանսպորտային միջոցները վարողի առողջական վիճակի նախաերթային զննման կազմակերպումը,

դ) տրանսպորտային միջոցների համար երաշխավորված նվազ վտանգավոր վառելիքաքսուքային նյութերի կիրառման ապահովումը,

ե) տրանսպորտային միջոցների նորոգման համար երաշխավորված պահեստամասերի կիրառման ապահովումը,

զ) տրանսպորտային միջոցների համար նախատեսված (երաշխավորված) անվադողերի (անվազույգերի) օգտագործման, դրանց վազքի հաշվառման ապահովումը,

է) տրանսպորտային միջոցների տեխնիկական ռեսուրսի (պաշարի) նորմատիվ պահանջների կիրառման ապահովումը,

ը) տրանսպորտային միջոցների ըստ նշանակության և փոխադրումների բնույթի օգտագործումը, փոխադրումներին ներկայացվող պահանջների կատարումը,

թ) տրանսպորտային միջոցների կառուցվածքային փոփոխությունների, հարմարադասման և կահավորման սահմանված պահանջների կատարման ապահովումը,

ժ) տրանսպորտային միջոցները վարողի որակավորմանը, մասնագիտական ուսուցմանը, վերաորակավորմանը, երթևեկության անվտանգության հրահանգավորմանը ներկայացվող պահանջների կատարման ապահովումը,

ժա) տրանսպորտային միջոցները շահագործողի կողմից` ինժեներատեխնիկական և տեխնիկական սպասարկումներն ու նորոգումներ իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման պահանջների կատարման ապահովումը,

ժբ) ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների կատարման ապահովումը (ճանապարհային երթևեկության կազմակերպումը),

ժգ) ճանապարհային ցանցի նախագծման, ծածկի բաղադրամասերի ճիշտ ընտրության, ճանապարհային սպասարկող ենթակառուցվածքների ճիշտ տեղադրման աշխատանքների կազմակերպումը,

ժդ) տրանսպորտային ուղիների լուսաազդանշանային սարքավորումներով կահավորման կազմակերպումը,

ժե) տրանսպորտային միջոցները վարողի աշխատանքի և հանգստի ռեժիմի պահանջների կատարման ապահովումը,

ժզ) տրանսպորտային միջոցների շահագործման արագությունների նորմավորման իրատեսական մեթոդոլոգիայի մշակումը և դրանց հիման վրա իրատեսական չվացուցակների կազմումը,

ժէ) բնական սեղմված (հեղուկ) գազով (այլ վառելիքով) տրանսպորտային միջոցների վերասարքավորման դեպքում անվտանգության պահանջների կատարման ապահովումը,

ժը) տրանսպորտային առաքման աշխատանքների մասնագիտացված, ինչպես նաև բարձման և բեռնաթափման աշխատանքների ճիշտ կազմակերպումը,

ժթ) վտանգավոր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման ապահովումը,

ի) տրանսպորտային միջոցների պահեստամասերի, վառելիքաքսուքային նյութերի, ավտոդողերի Հայաստանի Հանրապետությունում արտադրության հավատարմագրման (սերտիֆիկացման) գործընթացի ներդրման կազմակերպումը,

իա) տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հետ կապված ապահովագրական գործընթացի պարտադիր կազմակերպումը (հատկապես ուղևորափոխադրումների բնագավառում):

Գործնականում, ապահովել տրանսպորտային միջոցների շահագործման լիարժեք անվտանգությունը հնարավոր չէ, թերևս այն պարզ պատճառով, որ նույնիսկ ծառացած խնդիրները տեխնիկապես լուծում ստանալու դեպքում, հնարավոր չէ վերցնել տրանսպորտային միջոցների վնասակար արտանետումները` մինչև պակաս վտանգավոր վառելիքի ներդրումը: Տեխնիկական լուծումների արդյունքում, հնարավոր կլինի պարզապես նվազեցնել տրանսպորտային միջոցների վտանգավորության աստիճանը (աղմկայնությունը, օդային ավազանի աղտոտվածությունը և այլն) և այդ գործոնի համար կարևորագույն խթան պետք է հանդիսանա առավելապես տրանսպորտային պարկի թարմացումը և փոխարինումը ժամանակակից արտադրության առավել անվտանգ տրանսպորտային միջոցներով:

Վնասակար արտանետումների նվազեցման առումով հատկապես կարևոր է էլեկտրատրանսպորտի զարգացումը և վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների կիրառման խրախուսումը:

Նկատի ունենալով, որ տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդիրները պայմանավորված են տրանսպորտային համակարգի տարբեր բնագավառների առկա իրավիճակով, զարգացման առաջիկա հեռանկարներով, տրանսպորտային միջոցների թվային գերակշռության հանգամանքով, հայեցակարգային մոտեցումներն առավելապես ներառել են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը: Ելնելով տրանսպորտի այլ բնագավառների կառավարման և զարգացման առանձնահատկություններից, Հայեցակարգում ընդգրկվել են նաև որոշակի ակնարկներ տրանսպորտի այդ բնագավառների վերաբերյալ:

Հայեցակարգի առանձին բաղադրամասերով հիմնախնդիրների լուծումը պետք է իրականացվեն աստիճանական կարգով (հաջորդաբար կամ զուգահեռաբար):

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր նպատակները և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային պարկը ներառում է տնտեսության բոլոր բնագավառներում առկա և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ունեցող բոլոր տրանսպորտային միջոցները: Անկախ դրանց օգտագործման նշանակությունից և վայրից, դրանց շահագործողների կազմակերպական-իրավական ձևերից, տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը պետության կարևորագույն խնդիրներից մեկն է և լուծում պետք է ստանա պետության ռազմավարական քաղաքականության արդյունքում: Ըստ էության, շահագործման մեջ գտնվող ցանկացած տրանսպորտային միջոց, անկախ դրա տեխնիկական փաստացի վիճակից, թողարկման տարեթվից և արտադրության որակական ցուցանիշներից, պակաս կամ ավելի չափով պոտենցիալ վտանգ է պարունակում շրջակա միջավայրի և հասարակության առողջության վրա ներազդեցության առումով, ըստ այդմ էլ ցանկացած տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործման ապահովումը պետք է հանդիսանա պետության ռազմավարական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Պետության որդեգրած ռազմավարական քաղաքականությունը պետք է կառուցվի սույն Հայեցակարգով նախատեսված պահանջների հիման վրա և ապահովի ցանկացած տրանսպորտային միջոցի համապատասխանությունը անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և Հայաստանի Հանրապետության ստանդարտներին:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման ռազմավարության կարևորագույն բաղադրամասերն են.

1. տրանսպորտային միջոցների շահագործման նախապատրաստման և շահագործման ընթացքում անվտանգ շահագործման օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների լիարժեք կատարման ապահովումը` անհրաժեշտ արտադրական բազաների ստեղծման միջոցով,

2. տրանսպորտի ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորումը և շարունակական կատարելագործումը,

3. տրանսպորտային պարկի նորացումը և աստիճանական փոխարինումը բարձրակարգ և պակաս անվտանգ տրանսպորտային միջոցներով,

4. վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տրանսպորտի ոլորտի նկատմամբ վերահսկողական գործառույթների հստակեցումը և վերահսկողության գործունեության արդյունավետության բարձրացում,

5. տրանսպորտի ոլորտի զարգացման պետական ֆինանսավորման ապահովումը:

 

2. Օդային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման

ապահովման ռազմավարությունը

 

Բնագավառը կարգավորվում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով: Օդային տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովման հիմնախնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում և տրանսպորտային պարկի նորացման միջոցով բարձրացվում է թռիչքների իրականացման հուսալիությունը, անվտանգությունը, ինչպես նաև վերգետնյա ծառայությունների կողմից իրականացվող սպասարկումների որակն ու արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ԻԿԱՕ/ լիիրավ անդամ է 1992 թվականից: Ներկայումս քաղաքացիական ավիացիայի կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմինն է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որը սերտորեն համագործակցում է ինչպես ԻԿԱՕ-ի անդամ երկրների, այնպես էլ օդագնացության զարգացման հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ նորմատիվ փաստաթղթերի մշակման, օդանավերի գրանցման, շահագործման և վերահսկման, օդային երթևեկության սպասարկման գործընթացի բարելավման, ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշների համապատասխանեցման հարցերում:

ՀՀ օդային երթևեկության տրանսպորտային միջոցները բաղկացած են ինչպես ժամանակակից օտարերկրյա օդանավերից, այնպես էլ Խորհրդային Միության արտադրության օդանավերից: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի թվից մեծ քանակով օդանավեր աշխատում են ՀՀ սահմաններից դուրս:

ՈՒստի վերը նշված օդանավերի թռիչքային անվտանգության խնդիրների նկատմամբ վերահսկողությունը ապահովելու և պետական հսկողության մեխանիզմները միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ բերելու նպատակով անհրաժեշտ է կնքել Փոխըմբռնման հուշագրեր համապատասխան երկրների ավիացիոն իշխանությունների հետ:

ՀՀ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2004 թվականից ներդրվել և գործում է ժամանակակից անվտանգության համակարգ, որը իր մեջ ներառում է թվային տեսահսկման սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել ինչպես օդանավակայանում ուղևորների սպասարկման ողջ գործընթացը, այնպես էլ օդանավակայանի արտաքին վերահսկելի գոտու անվտանգությունը: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի զննման կետերը համալրված են «Ռապիսքան» տիպի անվտանգության հատուկ համակարգերով որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների լիարժեք զննումը:

Սակայն նշված սարքավորումները մի որոշ ժամանակ անց, հաշվի առնելով ներկայումս զարգացման տեմպերը, չեն համապատասխանելու ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին: ՈՒստի անհրաժեշտ է պետության կողմից իրականացնել հետևողական քաղաքականություն նշված գործընթացի շարունակական և արդյունավետ ապահովման ուղղությամբ, նկատի ունենալով նաև, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև այլ օդանավակայաններ, որտեղ նույնպես անհրաժեշտ է անվտանգության ժամանակակից համակարգերի ներդրումը:

Օդային տրանսպորտի ավիանավիգացիոն սպասարկման բնագավառում թռիչքների անվտանգության ապահովման բոլոր միջոցառումներն իրականացվում են ԻԿԱՕ-ի միջազգային ստանդարտների և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության` Եվրոկոնտրոլի մշակած եվրոպական չափորոշիչների հիման վրա: Ընդ որում, այս վերջինները շատ դեպքերում իրենց բնույթով նույնիսկ ավելի խիստ են, քան ԻԿԱՕ-ի միջազգային ստանդարտները: Իրականացվող միջոցառումները կրում են համալիր բնույթ և ներառում են բնագավառում իրականացվող գործունեության բոլոր ուղղությունները:

Վերջին տարիներին բնագավառում դրված հիմնական խնդիրները, այն է` ապահովել վերը նշված միջազգային պահանջներին բավարարող նոր համակարգի ներդրումը, ըստ էության արդեն իրականացվել է: Այսօր իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են ներդրված համակարգի պլանաչափ զարգացմանը` առաջացող նոր խնդիրների ու պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

 

3. Երկաթուղային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման

ապահովման ռազմավարությունը

 

Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտը (Հայկական երկաթուղային) տրանսպորտի համակարգի կարևորագույն բնագավառներից մեկն է: Երկաթուղային տրանսպորտի միջոցների անվտանգ շահագործումը բարդ համալիր խնդիր է, որի կարգավորումն իրականացվել և իրականացվում է նախկին Խորհրդային Միության համապատասխան վերադաս կառույցի կողմից երաշխավորված պահանջներով: Գործող նախկին իրավական դաշտը, ըստ էության, ուղեցույց է նաև ներկայիս պայմաններում: Սակայն, եթե ներկայիս պայմաններում, դեռևս հնարավոր է ապահովել երկաթուղային շարժակազմերի շահագործման նախապատրաստման անվտանգությունը, ապա գծային տնտեսության ոչ բարվոք վիճակը` տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովմանը համապատասխանեցնելու համար պետության կողմից աննախադեպ ռազմավարական քայլեր են պահանջում, ինչը կապված է հսկայական ֆինանսական միջոցների ներդրման հետ:

Երկաթուղու գծային տնտեսության անմխիթար վիճակի պատճառով` ցածր են փոխադրումների արագությունները, իսկ գնացքների բարձր արագություններով շահագործումը բարձրացնում է նաև երկաթուղային վագոնների (շարժակազմերի) գծանկումների հնարավորությունը: Խնդիրը բարդանում է նաև հանրապետության աշխարհագրական-ռելիեֆային բարդ կտրտվածության հետ կապված` ինչպես փոքր շառավղային կորանցումների անհրաժեշտության, այնպես էլ մեծ թեքություններով հատվածներում շահագործման կազմակերպման դժվարության հանգամանքներով:

Անկախության տարիներին Հայկական երկաթուղու անվտանգ շահագործման ապահովման խնդրի պատասխանատվությունը դարձել է պետության կարևորագույն խնդիր, քանի որ պահանջվող մեծ ծախսատարության պայմաններում, համակարգի անվտանգությունը, առանց կենտրոնացված ֆինանսավորման, հնարավոր չէ ապահովել: Խնդրի կարգավորումը, բարդանում է նաև նրանով, որ առաջնահերթ ռազմավարական քայլերը պետք է զուգորդվեն նաև երկաթուղու համակարգի արհեստական կառույցների, երկաթուղային կամուրջների և թունելների, երկաթուղային այլ ենթակառուցվածքների, կապի և ազդանշանային համակարգերի պահպանման և նորացման անվտանգության միջոցների կատարելագործման և ներդրման հսկայական ծավալի աշխատանքներով:

Հայկական երկաթուղու շրջափակման ներկայիս պայմաններում չեն շահագործվում երկաթուղային գծերի մի շարք հատվածներ, որոնց շահագործման պիտանիության վերականգնումը կապված կլինի մեծ ֆինանսական միջոցների ներդրման հետ: Պակաս կարևոր չէ բնածին աղետային հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների և ներդրումների իրականացումը, մասնավորապես սողքային տեղամասերում հողային պաստառի ամրացման և անվտանգության, ջրհեղեղների հնարավոր ազդեցության գոտում պաստառի կայունության ապահովումը: Երկաթուղային տրանսպորտի միջոցների անվտանգ շահագործման ապահովման համար մեծ խոչընդոտ են ներկայացնում երկաթուղային գծերի երկայնքով, հաճախակի պաշտպանական գոտու սահմաններում իրականացված ապօրինի շինությունների կառուցումը, ոռոգման համակարգերի անվերահսկողությունը, երկաթուղային գծանցումների հատվածներում կառավարման համակարգերի բացակայությունը և այլն:

Նկատի ունենալով, որ շրջափակման պայմաններում երկաթուղային շարժակազմերի մի մասը չի շահագործվում, ապաշրջափակման պայմաններում կարիք կլինի ապահովել նաև դրանց վերականգնման և անվտանգ շահագործման պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացումը: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ հիմնավոր կասկած է առաջացնում Հայկական երկաթուղու պատրաստականությունը` Եվրոինտեգրման գործընթացների արդյունքում` ապաշրջափակման պայմաններում սպասվող մեծ ինտենսիվությամբ փոխադրումների պարագայում:

Պետության և Հայկական երկաթուղու հնարավոր աշխատանքներ են տարվում երկաթուղային տրանսպորտի շահագործման անվտանգության բարձրացման ուղղությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է կապի և ազդանշանային համակարգի հուսալիության բարձրացման և երկաթուղային գծերի որոշ տեղամասերի վերականգնողական աշխատանքներ, սակայն երկաթուղային տրանսպորտի միջոցների անվտանգ շահագործմանը հնարավոր է ապահովել կայուն ֆինանսավորման պայմաններում:

Հայկական երկաթուղու անվտանգ շահագործման հիմնադրույթների լուծմանը պետք է նպաստի նաև «Երկաթուղու մասին» ՀՀ օրենքի Հայկական երկաթուղու զարգացման առաջիկա տարիների համար սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև Հայկական երկաթուղու տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հետ կապված տեխնիկական կանոնակարգերի և իրավական այլ ակտերի մշակումը:

 

4. Երևանի մետրոպոլիտենի անվտանգ շահագործման

ապահովման ռազմավարությունը

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգում մետրոպոլիտենը համեմատաբար նոր ձևավորված բնագավառ է, որը դասվում է պետության ռազմավարական կարևորագույն օբյեկտների անվանացանկին: Որպես գծային (ռելսային) տրանսպորտ, մետրոպոլիտենը շահագործման անվտանգության առումով և շատ առանձնահատկություններով նմանակում է երկաթուղային տրանսպորտին: Մետրոպոլիտենի շահագործման հիմնադրույթները սահմանվել են Խորհրդային Միության համապատասխան կառույցների կողմից, շահագործումն իրականացվել և իրականացվում է այդ հիմնադրույթների և երաշխավորված տեխնիկական պահանջներին համապատասխան:

Ի տարբերություն երկաթուղային տրանսպորտի, մետրոպոլիտենը ստորգետնյա կառույց է` մեծամասամբ խորը տեղադրմամբ ստորգետնյա կայաններով: Չնայած մետրոպոլիտենի գծերը մեծ երկարություն չունեն, այդուհանդերձ, այդ գծերը, անկախ պատրաստման նյութի բարձր որակից, գնացքների շարժման ինտենսիվության հետ կապված, արագ մաշվածքի կարող են ենթարկվել: Բացի դրանից, մետրոպոլիտենի գծերը «աշխատում են» ստորգետնյա ջրերի մշտական ազդեցության տակ, որը լրացուցիչ ծախսատարություն է առաջացնում դրենաժային ջրերի հեռացման համակարգի և գծերի շահագործման անվտանգության առումով:

Մետրոպոլիտենը նախատեսված է զուտ ուղևորափոխադրումների համար, որից ստացված եկամուտը չի կարող ապահովել նույնիսկ գնացքների շարժման անվտանգության խնդիրների լուծումը: Մետրոպոլիտենի անվտանգ շահագործման ապահովման խնդիրներին մասնակի լուծում կարող է տալ մետրոպոլիտենի առևտրայնացումը, մետրոպոլիտենի ուղեգծի երկայնքով զուգահեռաբար գործող վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղիների թվի կրճատումը, հնարավոր ֆինանսական աղբյուրների առկայության և ներդրման պայմաններում մետրոպոլիտենի ցանցի ճյուղավորման ապահովումը: Սակայն, մինչև նշված հեռանկարային ծրագրերի իրականացումը, անհրաժեշտ է ապահովել նախ և առաջ մետրոպոլիտենի անվտանգ շահագործումը ներկայումս: Թերևս, երաշխավորված չի կարելի համարել մետրոպոլիտենի շահագործման անվտանգությունը այն պարագայում, երբ շարժակազմերի շահագործումը տևական ժամանակահատվածում իրականացվի հաստատուն մեծ բեռնավորվածությամբ և սահմանված ներկայիս արագություններով:

Մետրոպոլիտենի երաշխավորված անվտանգ շահագործման ապահովմանը կարող է նպաստել բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը, առաջիկա սոցիալ-տնտեսական զարգացման և բարեփոխումների ծրագրերի մշակման և կատարման հետևողական ապահովումը, անվտանգ շահագործման բաղադրամասերին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ մշտական հսկողության սահմանումը և դրանց աստիճանական լուծումների արդյունքում մետրոպոլիտենի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգերի և իրավական անհրաժեշտ ակտերի մշակումը:

 

5. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների անվտանգ շահագործման

ապահովման ռազմավարությունը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը, կապված ավտոտրանսպորտային միջոցների տարատեսակության և թվաքանակի հետ, առավել վտանգավորն է տրանսպորտային համակարգում: Այդ առումով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման խնդիրը առավել կարևորագույնն է տրանսպորտի բնագավառում իրականացվող ռազմավարության մեջ: Նկատի ունենալով, որ բնագավառի քաղաքացիաիրավական հարաբերությունները որոշակի կարգավորում են ստանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հարկ է արձանագրել, որ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը և ուղևորների կանոնավոր փոխադրումների մասով ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի հ. 762 որոշմամբ հաստատված կարգն իր լրացումներով և ամրագրված դրույթներով, չեն կարող հանդիսանալ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման երաշխիքը: Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը բարդ, բազմաբնույթ և բազմատարր միջոցառումների համալիր է, որի բոլոր բաղադրամասերի պահանջների կատարումը մշտական բնույթ պետք է կրի և որևէ բաղադրամասին ներկայացվող պահանջների չկատարումը կամ ոչ լիարժեք կատարումը, հավասարազոր կլինի ավտոտրանսպորտային միջոցի անվտանգ շահագործման պահանջների չկատարմանը:

Պետության ռազմավարությունը և կարգավորիչ դերը ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդրում, պետք է կառուցվի ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հուսալիության, փոխադրումներին համապատասխանության և անվտանգության պահանջների հիման վրա և ռազմավարության ուղղվածությամբ պետք է տարբերակվի ըստ դրանց առանձին տարրերի առանձնահատկությունների:

Մասնավորապես.

1. Տարբեր ավտոգործարանների կողմից թողարկված ավտոտրանսպորտային միջոցները, կապված արտադրության որակի, տեխնոլոգիական անվտանգության խնդիրների նախագծային լուծումների հետ, չեն կարող համեմատվել վտանգավորության աստիճանով: Որպես կանոն, արտադրված էժանագին ավտոտրանսպորտային միջոցները անվտանգ շահագործման ապահովման տեսակետից, հիմնախնդրի լուծմանը ի սկզբանե չեն կարող նպաստել:

2. Հին ավտոտրանսպորտային միջոցները անվտանգ շահագործման մեծ ռիսկայնություն են պարունակում: Տրանսպորտային պարկի համալրումն ի հաշիվ ներմուծվող հին ավտոտրանսպորտային միջոցների և թարմացումը ցածրակարգ, ոչ անվտանգ նոր ավտոտրանսպորտային միջոցներով, ավելի են խորացնում հիմնախնդրի լուծման ռազմավարական բարդությունը:

Խնդրի լուծմանը այս ուղղությամբ կարող են նպաստել ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման հետ կապված պետության ռազմավարական մոտեցումների վերանայումը պետության կարգավորիչ դերը` ըստ ավտոտրանսպորտային միջոցների շարժիչի բանվորական ծավալի, արտադրության որակի և թողարկման տարեթվի` հարկման մեխանիզմների հստակեցման, դիֆերենցված դրույքաչափերի ներդրման ուղղությամբ:

3. Անհրաժեշտ է ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում օգտագործվող վառելիքաքսուքային և այլ նյութերի ներմուծման, ազատական շուկայում իրացման և շահագործման ընթացքում օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետ իրականացումը, այն զուգորդելով տեխնոլոգիական խորն ուսումնասիրություններով և վերլուծություններով:

4. Պետության կողմից պետք է իրականացվի ավտոտրանսպորտային միջոցների համար հանրապետության տարածքում ավտոպահեստամասերի արտադրության հստակ չափորոշիչների, տեխնիկական և տեխնոլոգիական պայմանների, վերահսկողական գործառույթների սահմանում դրանց հավաստագրման, ինչպես նաև ներմուծվող պահեստամասերի կիրառելիության նկատմամբ:

5. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդրում պետության կողմից պետք է կարևորվի ավտոտրանսպորտային միջոցների պահպանման (ընդհանուր օգտագործման համար` պարտադիր) կազմակերպումը կենտրոնացված հավաքակայաններում, պահպանմանը ներկայացվող պահանջների հստակ սահմանումը և այդ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

6. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման նախապատրաստական փուլը պետք է ներառի տեխնիկական սպասարկումների և նորոգումների` ավտոտրանսպորտային միջոցների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների լիարժեք իրականացումը անհրաժեշտ հագեցվածությամբ արտադրական բազայում կամ տեխնիկական սպասարկման կայաններում: Տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան աշխատանքների իրականացման հավատարմագիր (սերտիֆիկատ), իսկ աշխատանքներն իրականացնողները` համապատասխան որակավորում և հավաստագիր, որոնց ներկայացվող պահանջները պետք է սահմանվեն օրենքով, և տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով:

7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համար պարտադիր պետք է նախատեսվեն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և վարորդների առողջական վիճակի նախաերթային զննման անցկացումը, անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների համար այդ պատասխանատվությունը պետք է կրեն դրանց սեփականատերերը:

Մեծ կարևորություն պետք է ներկայացնի վարորդների` անվտանգ երթևեկության պարբերաբար և երթուղի դուրս գալուց առաջ ճանապարհակլիմայական պայմանների նախաերթային հրահանգավորման աշխատանքների կազմակերպումը, ավտոկայարանային սպասարկման անվտանգության ապահովումը:

8. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը երթուղիներում կարգավորվում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններով: Անվտանգ շահագործման այս խնդրի լուծումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, ավտոտրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների կողմից պետք է ճիշտ իրականացվեն ավտոտրանսպորտային միջոցների շահագործական արագությունների նորմավորումը (առանձնապես ուղևորատար տրանսպորտում), ապա կարևորվում է ճանապարհների ճիշտ նախագծումը և կառուցումը, ինչպես նաև վերանորոգումը, ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով և պաշտպանական գոտու սահմաններում տեխնիկական սպասարկման և լցավորման կայանների, արհեստական կառույցների, սպասարկման և հանգստի օբյեկտների ճիշտ տեղադրումը, վարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպումը:

9. Փոխադրումների գործընթացում պետք է կարևորել ավտոտրանսպորտային միջոցների ըստ նշանակության, թույլատրելի տեղատարողության և բեռնունակության սահմաններում շահագործումը, սահմանված կառավարման և կառուցվածքային վերասարքավորումների պահանջների կատարման ապահովումը: Խիստ ուշադրություն պետք է դարձվեն ուղևորատար փոխադրումներում` ավտոտրանսպորտային միջոցների հարմարադասման փոփոխություններին, նստատեղերի խտացմանը, ուղեբեռների փոխադրման պահանջներին, բեռնափոխադրումների բեռների տվյալ տրանսպորտային միջոցով փոխադրելու համապատասխանությանը, բեռների` տրանսպորտային միջոցի թափքում ճիշտ տեղադրմանը, ամրակապմանը, վտանգավոր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման պահանջներին:

10. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը` ավտոտրանսպորտային միջոցների կառուցվածքային փոփոխությունների սեղմված բնական գազով (հեղուկ գազով) և այլ վառելիքով շահագործման համար վերասարքավորման հետ կապված, պետք է համաձայնեցվեն ավտոտրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի հետ և համապատասխանեն դրանց կողմից սահմանված կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով նախատեսված տեխնիկական պայմաններին: Գազագլանաանոթային (գազաբալոնային) սարքավորումների տեղադրման սխեմաների մշակումը և տեղադրումը, տեխնիկական շահագործումը չպետք է բացասաբար անդրադառնան ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման վրա:

Գազաբալոնային սարքավորումներով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները պետք է անցնեն հատուկ դասընթացներ, ունենան սեղմված բնական գազով (հեղուկ գազով) և այլ վառելիքով վերասարքավորված ավտոտրանսպորտային միջոցները վարելու (աշխատելու) հատուկ թույլտվություն:

11. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդիրը պետք է ներառի ավտոտրանսպորտային միջոցները շահագործող անձանց համար ուսումնամեթոդական ծրագրերի և հրահանգների մշակումը, բնագավառում աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի պատրաստման, ուսուցման, վերաորակավորման և ատեստավորման կազմակերպումը: Պետության կարգավորիչ դերն այս առումով պետք է ամրագրի` ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդրում` շարժակազմը շահագործող անձնակազմի պատասխանատվության բարձրացումը:

12. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման վերաբերյալ գործող միջազգային կոնվենցիաներին միանալու գործընթացի, ենթահամակարգում գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպումը և առաջավոր փորձի ուսումնասիրությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը և նորմատիվ-տեխնիկական ու իրավական այլ փաստաթղթերի նախագծումը և մշակման աշխատանքների կազմակերպումը:

 

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի այլ

բնագավառներում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման

ռազմավարությունը

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգում ձևավորվել են տրանսպորտային բնագավառներ, որոնք անկախ նշանակությունից և տնտեսության մեջ ունեցած կարևորությունից, ընդգծված զարգացման ուղղվածություն չեն ունեցել ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ Հայաստանի անկախության տարիներին: Տրանսպորտի այդպիսի բնագավառներ են համարվում վերգետնյա էլեկտրատրանսպորտը, ջրային տրանսպորտը, ճոպանուղին և խողովակաշարային տրանսպորտը: Նշված բնագավառներում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը կարգավորվել և երաշխավորվել է միութենական միասնական կանոնակարգերով, հրահանգներով և ստանդարտներով: Հայաստանի անկախության տարիներին, ըստ էության, նշված բնագավառներում նոր օրենսդրական դաշտ չի ձևավորվել և կարգավորումը շարունակաբար իրականացվել և իրականացվում է նախկինում գործող նորմատիվային փաստաթղթերի հիման վրա:

Խողովակաշարային տրանսպորտը, չնայած այն հանգամանքին, որ որպես այդպիսին, երբևէ տրանսպորտի համակարգում չի դիտվել, ըստ այդմ էլ դրանց անվտանգ շահագործման խնդիրները կարգավորվել են էներգետիկայի համակարգում երաշխավորված տեխնիկական և տեխնոլոգիական կանոնակարգերով, քանի որ խողովակաշարային տրանսպորտը ի սկզբանե գտնվել է էներգետիկայի նախարարության համակարգում: Անկախ այն հանգամանքից, որ խողովակաշարային տրանսպորտը մեծ ճյուղավորվածության լայն հեռանկարներ չունի, այդուհանդերձ անհրաժեշտ պետք է լինի մշակել բնագավառի անվտանգ շահագործման նորմատիվ-իրավական փաստաթղթերը, որոնք էլ պետք է սահմանեն խողովակաշարային տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովման պատասխանատվության շրջանակները, դրանից բխող ներազդեցության միջոցները:

Ճոպանուղու շահագործման անվտանգությունը պետք է առաջնահերթ կարգավորում ստանա դրա շահագործմանը, ճոպանային համակարգերի սպասարկմանը սնուցմանը ներկայացվող պահանջներով, տեխնիկական սպասարկումների և նորոգումների ժամանակին և երաշխավորված պայմաններով կատարմամբ, տրանսպորտային սարքավորումների և շարժակազմի թարմացմամբ: Ճոպանուղու անվտանգ շահագործման ուղեցույց կարող են հանդիսանալ նմանատիպ տրանսպորտի բնագավառով երկրների առաջավոր փորձը, առկա նորմատիվ-իրավական բազան:

Հայաստանի Հանրապետությունը ծովային տերություն չէ, այդ իսկ պատճառով ջրային տրանսպորտը, որպես այդպիսին ձևավորված չէ և գործում է հիմնականում զբոսաշրջային մակարդակով: Ջրային տրանսպորտային միջոցները սակավաթիվ են, հիմնականում թիավոր նավակներ և փոքրաչափս մոտորանավակներ են, որոնց շահագործումը պայմանավորված է հիմնականում ուղևորների (զբոսաշրջիկների) փոխադրումների և բնապահպանական անվտանգությամբ: Ջրային տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը պետք է կարգավորվի դրանք արտադրողների և շահագործողների կողմից երաշխավորված տեխնիկական պայմաններին և շահագործման պահանջներին համապատասխան, որի երաշխավորը պետք է հանդիսանա պետությունը:

Հայաստանի Հանրապետության վերգետնյա էլեկտրատրանսպորտի պարկը ներկայումս բաղկացած է միայն տրոլեյբուսներից, այն բանից հետո, երբ դադարեցվեց տրամվայների հետագա շահագործումը: Ըստ էության, տրոլեյբուսների շահագործման անվտանգությունը նմանակում է ավտոբուսներին, բացառությամբ այն դրույթների, որոնք վերաբերում են այդ տրանսպորտային միջոցների սնուցման համակարգերին, քարշիչ ենթակայանների և հպակային ցանցի յուրահատուկ սպասարկման և պահպանման առանձնահատկություններին, էլեկտրական սարքավորումների անվտանգությանը: Նկատի ունենալով, որ առաջիկա տարիներին վերգետնյա էլեկտրատրանսպորտը չունի ընդգրկված զարգացման հնարավորություն, դեռ ավելին, փոքրաթիվ տրոլեյբուսային պարկը ֆիզիկապես մաշված լինելու պատճառով աստիճանաբար դուրս է գալիս շահագործումից բնագավառի ռազմավարությունը պետք է պայմանավորված լինի նորմատիվ-իրավական ակտերի և հրահանգների մշակման և դրանց պահանջների հստակ կիրառման միջոցով կարգավորել անվտանգ շահագործման ենթահամակարգը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման գործընթացը պետք է կրի որոշակի հաջորդականությամբ իրականացվելիք միջոցառումների շարունակական բնույթ և կառուցողական մոտեցումներ ունենա ենթաոլորտային խնդիրների կարգավորման գործում: Հայաստանում անվտանգ տրանսպորտային պարկի ձևավորումը և երաշխավորված զարգացումը պետք է իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան և պետք է ապահովի տրանսպորտային միջոցների շահագործման բազմատարր անվտանգությունը: Ոլորտի ռազմավարական քաղաքականությունը պետք է ներառի հետևյալ հիմնական ուղղությունները.

1. Օրենսդրական դաշտի կատարելագործումը.

2. Տրանսպորտային համակարգին վերաբերող միջազգային կոնվենցիաներին միանալու գործընթացի իրականացումը.

3. Միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանող տրանսպորտային միջոցների ներմուծումը խրախուսող միջոցառումների իրականացումը.

4. Էլեկտրատրանսպորտի զարգացումը և վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների կիրառման խրախուսումը.

5. Անվտանգ շահագործման պահանջները չբավարարող տրանսպորտային միջոցների շահագործման արգելմանն ուղղված միջոցառումների նախատեսումը.

6. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև պահեստամասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի Հայաստանի Հանրապետությունում արտադրության հավատարմագրման (սերտիֆիկացման) ներդրման գործընթացի կազմակերպումը.

7. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգի ֆինանսական ապահովում.

8. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգի կադրային ապահովումը.

9. Սույն Հայեցակարգի դրույթներին համապատասխան նախատեսված այլ միջոցառումների աստիճանական իրականացումը.

10. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ մշտական վերահսկողության իրականացումը:

 

1. Օրենսդրական դաշտի կատարելագործմանը նպատակաուղղված

միջոցառումների իրականացումը

 

Տրանսպորտային համակարգի, այդ թվում տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթաոլորտը կարգավորում պետք է ստանա օրենքներով և դրանցից բխող իրավական ակտերով: Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված օրենսդրական դաշտը պետք է բխի շրջակա միջավայրի և քաղաքացու առողջության վրա տրանսպորտային միջոցների վտանգավոր ազդեցության նվազեցման հիմնախնդրից և պետք է ընդգրկի տրանսպորտային միջոցների պահպանման, բնապահպանական, արտադրական, շահագործման և այլ տարրերի անվտանգության շրջանակները: Օրենսդրական դաշտի կազմավորումը պետք է իրականացվի և կատարելագործվի կառավարման որոշակի բարեփոխումների արդյունքում, տրանսպորտային համակարգի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմամբ և պետք է ապահովի անհրաժեշտ իրավական ակտերի նախագծումը, մշակումը, տրանսպորտի մասին օրենսդրության շտեմարանի կազմումը:

Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ ռազմավարական քաղաքականության հիմնարար մոտեցումները հնարավոր չէ կենտրոնացնել մեկ միասնական օրենսդրական փաստաթղթում: Թերևս, հիմնախնդիրներն իրենց արտացոլումը պետք է գտնեն առանձին օրենքներում, որոնց միջև կտարաբաժանվեն տարբեր ոլորտներին ամրագրվող առանձնահատուկ պահանջները և իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման առարկան:

Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը և փոխադրումների անվտանգության մասով իր արտացոլումը պետք է գտնի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում: Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի կարգավորելու ինչպես ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգն, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտի ամբողջ բնագավառը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը կոչված պետք է լինի կարգավորելու հիմնականում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող հիմնախնդիրները և սահմանի փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես.

1. տրանսպորտային միջոցների տեխնիկական պատրաստականության ապահովման նախաերթային միջոցառումների և պահանջների սահմանումը,

2. տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների և նորոգումների իրականացման պահանջների սահմանումը,

3. տրանսպորտային միջոցները սպասարկող անձնակազմի պարտականությունների սահմանումը,

4. տրանսպորտային միջոցների կահավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը ըստ փոխադրումների նշանակության,

5. վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմին ներկայացվող պահանջների սահմանումը,

6. տրանսպորտային միջոցների շահագործական արագությունների նորմավորումը, շահագործմանը ներկայացվող պահանջների սահմանումը,

7. տրանսպորտային օրենսդրության և փոխադրումներին ներկայացվող այլ պահանջների սահմանումը:

Օրենքը պետք է նախատեսի այն իրավական ակտերի ընդունումն, որոնք կարգավորելու են բնագավառի ընթացակարգային հարաբերությունները, սահմանի տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովմանը վերաբերող մասով պատասխանատու անձանց ծառայողական պարտականությունները և պատասխանատվության շրջանակները:

Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովումը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով կարգավորվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով: Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման այլ պահանջները ենթահամակարգին վերաբերող մասերով, պետք է արտացոլվեն ՀՀ այլ օրենքներում և իրավական այլ ակտերում (ցանկը կցվում է` Հավելված 1): Մասնավորապես, այդպիսի կարգավորման, առարկա կարող են հանդիսանալ բնապահպանական, սանիտարահիգիենիկ, վարորդների առողջական վիճակի գնահատման, ճանապարհային կառույցներին, կանգառներին ներկայացվող և այլն պահանջները:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում անվտանգ շահագործման ապահովման ենթաոլորտում նախատեսվող սկզբունքային բարեփոխումները, ռազմավարական քաղաքականությունը պետք է հնարավորինս համապատասխանեցվի պետական կարգավորման բուն նպատակին: Նկատի ունենալով, որ կարգավորման ենթակա խնդիրները բազմաբնույթ են, առնչվում են տարբեր կառավարման մարմինների իրավասություններին և միաժամանակ պահանջում են տարբեր մասնագիտական գիտելիքներ, փորձառություն, բնագավառի իմացություն, հետևողական անընդհատ և ծավալուն աշխատանքների իրականացում, պետության կողմից պետք է նպատակահարմար դիտվի նշված աշխատանքները կենտրոնացնել մեկ համակարգող մարմնի մեջ: Որպես այդպիսին կարող է դիտվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում «Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական կենտրոն» ՓԲ ընկերության ստեղծումը:

Կենտրոնն իր մեջ կարող է ներառել բնագավառի` մասնագիտական իմացությամբ տարբեր մասնագետներ: Կենտրոնի ֆինանսավորումը կիրականացվի համակարգում գոյացած ազատ միջոցների և իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացած միջոցների հաշվին: Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեությունը կարտահայտվի խորհրդատվական, մասնագիտական փորձագիտական և այլ ծառայություններով: Այդպիսի ծառայություններ ստանալու հնարավորությունը պետք է պետության կողմից երաշխավորված լինի` պայմանով, որ մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները կատարվելու են ծառայությունները ստացողների կողմից: Կենտրոնի ճանաչման և հեղինակության աստիճանական բարձրացման պարագայում, ստացվող եկամուտները կկազմեն նրա լիարժեք գործունեության ապահովման համար անհրաժեշտ գումարի գերակշիռ մասը, ինչը կկայունացնի ընկերության ֆինանսավորումը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական կենտրոն» ընկերության հիմնական գործառույթները պետք է լինեն.

ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի մշակումը,

բ) տրանսպորտի բնագավառում առաջավոր փորձի, գիտատեխնիկական նորույթների ուսումնասիրությունը,

գ) տրանսպորտի ոլորտին առնչվող փաստաթղթերի շտեմարանի կազմումը,

դ) տրանսպորտի ոլորտի ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը,

ե) խորհրդատվական մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը,

զ) գիտատեխնիկական աշխատանքների, գիտաժողովների կազմակերպումը,

է) օրենքով, չարգելված այլ ծառայությունների իրականացումը:

 

2. Տրանսպորտի բնագավառին վերաբերող միջազգային կոնվենցիաներին

միանալու գործընթացի կազմակերպումը

 

Տրանսպորտի բնագավառում գործում են 55 միջազգային կոնվենցիաներ, որոնցից երկու տասնյակից ավելին վերաբերում են տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման խնդիրներին: Հայաստանի Հանրապետությունը ներկայումս անդամակցում է ընդամենը երկու կոնվենցիաների: Նկատի ունենալով, որ կոնվենցիաների մի մասը 30-40 տարիների պատմություն ունի, պետք է փաստել, որ միջազգային կոնվենցիաներին անդամակցելու ուղղությամբ լուրջ գործընթաց չի ծավալվել անցած տարիների ընթացքում: Հայաստանը տարանցիկ պետություն է և հնարավոր ապաշրջափակման պայմաններում միջազգային կոնվենցիաների չափանիշներն էլ ավելի են կարևորվելու, քանի որ այդ չափանիշներին համապատասխանող տրանսպորտային միջոցների օրինական (անդամակցող) հիմքերով կտարանցեն ՀՀ տարածքը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցները կարող են չթույլատրվել մուտք գործել (տարանցելու) կոնվենցիաներին անդամակցող երկրների տարածք` նույնիսկ այլ պայմանագրային հիմքերով հարաբերությունների դեպքում:

Առաջիկա տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի կազմակերպել միջազգային մի շարք կոնվենցիաներին (անվանացանկը կցվում է` Հավելված 2) անդամակցելու գործընթացը, որի նախահիմքը պետք է լինի այդ կոնվենցիաների խորն ուսումնասիրությունը, կազմակերպական-տեխնիկական միջոցառումների իրականացումը: Կոնվենցիաներին անդամակցելու գործընթացը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

 

3. Նվազ վտանգավոր տրանսպորտային միջոցների ներմուծումը խրախուսող

միջոցառումների իրականացումը

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացի կառուցողական մոտեցումները պետք է բխեն տրանսպորտային միջոցների անվտանգության` միջազգային չափանիշներին համապատասխանությունից: Գործընթացի նախահիմքում պետք է դրվի ոչ թե միայն տնտեսության պահանջարկի բավարարումը, տրանսպորտային միջոցների ձեռքբերման ցածր գները, երկրորդային կարևորության այլ գործոնները, այլ ամենակարևորը` տրանսպորտային միջոցների բազմատարր անվտանգությունը: Այլապես ստացվում է, որ մի շարք երկրներում շահագործման համար անթույլատրելի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը վերածվում է դրանց արտահանման ազատ շուկայի: Եթե, այդ տեսակետից հասարակական տրանսպորտային միջոցների ներմուծումը կարելի է ինչ-որ ձևով արդարացված համարվել, ապա բեռնատար, առավել ևս անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների (այն էլ աննախադեպ աճի պայմաններում) ներմուծումն առանց որոշակի ուղեցույց չափանիշների, անթույլատրելի պետք է դիտվի: Այս առումով, անհրաժեշտ կլինի նախապատրաստական խորը մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա հստակեցնել տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը` միջոցառումները նպատակաուղղելով տրանսպորտային միջոցների որոշակի տիպաժային և կարիքային սահմանափակումներին կամ մաքսային քաղաքականության վերանայմանը և խստացմանը:

 

4. Նվազ վտանգավոր շահագործման պահանջներին չհամապատասխանող

տրանսպորտային միջոցների շահագործման արգելմանն ուղղված

միջոցառումների իրականացումը

 

Նույնիսկ տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացի կանոնակարգման պարագայում, հանրապետությունում կշարունակի գերակշիռ մաս կազմել հին և շահագործման մեծ վտանգավորությամբ տրանսպորտային պարկը: Խնդրի լուծումը պետք է նպատակաուղղված լինի հիշյալ տրանսպորտային միջոցների թվաքանակի աստիճանական կրճատմանը և օրենսդրական ձևավորվող պահանջներին համապատասխանեցմանը: Խնդիրը պարունակում է որոշակի սոցիալական հիմքեր, ըստ այդմ, շահագործման համար ոչ պիտանի, մեծ վտանգավորությամբ կամ հին, ֆիզիկապես մաշված տրանսպորտային միջոցի հետագա պահպանումը և շահագործումը ամենևին էլ չի կարելի դիտարկել սեփականատիրոջ ցանկություն մի կողմից, մյուս կողմից` այն չի կարելի հիմնավորել անձնական կամ առևտրային շահերով:

Հանրապետության տրանսպորտային պարկի թարմացումը և անվտանգ շահագործման պահանջներին համապատասխանեցումը պետք է կրի աստիճանական բնույթ և չառաջացնի մեծ վտանգավորությամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի իրավունքների ոտնահարման հետևանքներ: Մասնավորապես, գործընթացը կարող է ներառել հետևյալ ռազմավարական մոտեցումները.

ա) տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության անցկացման արդյունավետության բարձրացում, շահագործմանը ներկայացվող պահանջների խստացում,

բ) շահագործման համար ոչ անվտանգ տրանսպորտային միջոցների համար բնապահպանական և այլ վճարների դրույքաչափերի վերանայում,

գ) շահագործման անվտանգության պահանջների չկատարման (անհամապատասխանության) համար ներազդեցության միջոցների խստացում,

դ) որոշակի ժամանակահատվածում` հին և շահագործական անվտանգությանը ներկայացվող պահանջներին չբավարարող տրանսպորտային միջոցների` դրանց սեփականատերերի որոշակի ֆինանսական փոխհատուցմամբ, առաջարկվող ժամկետում լիկվիդացում,

ե) ըստ տրանսպորտային միջոցների տիպաժի և տարիքային առանձնահատկությունների, շահագործման վերջնական թույլատրելի ժամկետների սահմանում:

 

5. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ

իրականացնող, Հայաստանի Հանրապետությունում վառելիքաքսուքային և

այլ նյութեր, պահեստամասեր արտադրող կազմակերպությունների

հավատարմագրման համակարգի ներդրման կազմակերպումը

 

Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումները և նորոգումները պետք է երաշխավորեն տրանսպորտային միջոցի պատրաստականությունը, այդ առումով, նշված աշխատանքների կատարումը պետք է երաշխավորվի դրանք իրականացնողների իրավասությամբ և պատասխանատվությամբ: Կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների համար արտադրվող պահեստամասերը, վառելիքաքսուքային և այլ նյութերը (արգելակային վերդիրներ, լցավորման հեղուկներ, ապակիներ և այլն), անկախ թե դրանք ու կողմից են արտադրվում (ներմուծվում), պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի տեխնոլոգիական պահանջներին և տեխնիկական պայմաններին և ապահովեն դրանց օգտագործման (շահագործման) անվտանգությունը: Կարևորագույն ռազմավարական ուղղվածություն պետք է դիտվի այս ոլորտի հավատարմագրման և հավաստագրման գործընթացի կազմակերպումը: Տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման և հավաստագրման գործընթացը կարող ներդրվել «Տեխնիկական սպասարկումների և նորոգումների հավաստագրման մասին» ՀՀ օրենքի ընդունման պարագայում, որով պետք է ամրագրվեն նաև կատարված աշխատանքների համար պատասխանատվության շրջանակները:

Տրանսպորտային միջոցների պահեստամասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի արտադրությունը պետք է իրականացվի այդ տրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի երաշխավորված պայմաններին, Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին համապատասխան, որոնց խախտումը պետք է նախատեսի պատասխանատվության խստացված միջոցներ:

 

6. Ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված միջոցառումների

իրականացումը

 

Բարդ լեռնային աշխարհագրական դիրք ունեցող Հայաստանի նման երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի նախագծման, կառուցման, պահպանման և զարգացման ճիշտ կազմակերպումը: Նկատի ունենալով, որ ներհանրապետական փոխադրումների գերակշիռ մասը (մոտ 95%) իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով և այն հանգամանքը, որ ավտոմոբիլային ճանապարհների որոշակի տեղամասեր անցնում են ծովի մակերևույթից 1800-2500 մ բարձրությամբ գտնվող 19 լեռնանցքներով, պետական ավտոճանապարհային բնագավառի խնդիրները պետք է լինեն.

ա) անընդհատ օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը, նորոգումն ու պահպանումը, դրանց տեխնիկական մակարդակի և տրանսպորտաշահագործողական որակի բարձրացումը,

բ) ճանապարհային ցանցի զարգացումը և կատարելագործումը,

գ) ավտոմոբիլային ճանապարհների վճարովի համակարգի ներդրումը,

դ) ավտոճանապարհային թունելների նախագծումը և կառուցումը,

ե) ավտոմոբիլային ճանապարհների որակական ցուցանիշների համապատասխանեցումը տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջներին,

զ) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ավտոմոբիլային ճանապարհների բարելավման միջոցառումների իրականացումը:

Ավտոմոբիլային ճանապարհային ցանցի բարելավումը պետք է նպատակաուղղված լինի նաև Հայաստանի Հանրապետության տարածքը տարանցող տրանսպորտային միջոցների երթևեկության ճիշտ, ինչպես նաև վտանգավոր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների անվտանգ կազմակերպմանը: Ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված միջոցառումների թվին պետք է դասել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի արմատական վերանայումը:

 

7. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ֆինանսական

ապահովումը

 

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնական գրավականը հանդիսանում է ենթահամակարգի ֆինանսական ապահովումը: Եթե անվտանգ շահագործման որոշ բաղադրամասերով ֆինանսական ներդրումների կատարումը թելադրված է օրենքով սահմանված պահանջներով, ըստ էության, պարտադիր կատարման ենթակա է, ապա որոշ բաղադրամասերով ֆինանսական ապահովումը չի կարելի դիտարկել որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձի խնդիր: Այս առումով, տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման որոշ բաղադրամասերի ֆինանսական ապահովումը պետք է սոսկ պետության խնդիրը լինի: Նշված հիմքերով պետության ռազմավարության կարևորագույն ուղղությունները պետք է լինեն.

1. տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգի օրենսդրական դաշտի կատարելագործմանը նպատակաուղղված ֆինանսական ապահովումը, ճանապարհային ցանցի բարելավմանն ու զարգացմանը նպատակաուղղված ֆինանսական ապահովումը,

2. հանրային բարձրակարգ տրանսպորտային համակարգի ստեղծմանը, նոր և բարձրակարգ հանրային տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսական ապահովումը,

3. ճանապարհային երթևեկության կազմակերպմանը նպատակաուղղված ֆինանսական ապահովումը,

4. տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթահամակարգին անհրաժեշտ կադրերի, մասնագետների պատրաստմանը, որակավորմանը և վերաորակավորմանը նպատակաուղղված միջոցառումների ֆինանսական ապահովումը,

5. ենթահամակարգի կարգավորմանը նպատակաուղղված երաշխիքային և իրատեսական վարկային ֆինանսավորման համակարգի ստեղծումը,

6. ենթահամակարգի կառավարելիության և վերահսկելիության բարձրացմանը նպատակաուղղված կազմակերպական-տեխնիկական միջոցառումների ֆինանսական ապահովումը,

7. պետության կարգավորիչ դերի առարկա հանդիսացող սույն Հայեցակարգի ռազմավարական այլ ուղղությունների, ինչպես նաև ենթահամակարգի կառուցվածքային և կառավարման բարեփոխումների նպատակներով ֆինանսական ապահովումը:

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Վերահսկողական ցանկացած գործառույթի սահմանում, անկախ այն հանգամանքներից, թե ինչ իրավական հիմքով է և որ մարմնին է ամրագրված, նախատեսում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, պարտականությունների սահմանում: Որպես դրա բանական արդյունք, վերահսկողական գործառույթներից բխում են պատասխանատվության տեսակները, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը և այլն: Ըստ այդմ էլ, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի /հոդված 9-րդ/ պահանջների, ցանկացած վերահսկողական գործառույթ, անկախ գործողության ոլորտից, այս առումով նաև տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման ենթահամակարգում, պետք է ամրագրվի միմիայն օրենքով:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության վերահսկողական համակարգը ձևավորվել է անվտանգ շահագործման բաղադրամասերի առանձնահատկություններով` պետական վերահսկողական բարեփոխումների արդյունքում: Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման հիմնախնդիրները միշտ գտնվել են պետության ուշադրության կենտրոնում և այդ առումով, կախված ենթահամակարգի բազմատարրությունից, ՀՀ իրավական ակտերով առանձին տարրերի մասով վերահսկողական իրավասություններ են վերապահվել տարբեր կառավարման և տեսչական մարմինների: Մասնավորապես, ենթահամակարգի առանձին պահանջների կատարման մասով վերահսկողական գործառույթներ են իրականացնում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության նախարարության ՀՀ բնապահպանական տեսչության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ Հայլեռտեխհսկողության տեսչության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության և այլ տեսչական մարմինները: Սակայն հարկ է նշել, որ տեսչական գործունեությունը մեծամասամբ պակաս արդյունավետ է, իսկ նրանց կողմից կանոնադրական գործառույթների իրականացումը` երբեմն անհնար և անիմաստ, քանի որ ըստ էության, բացակայում են այդ մարմինների և տրանսպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև իրավահարաբերությունների հստակ կարգավորումները:

Արդյունքում ստացվել է, որ տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը համարյա բոլոր տեսչական մարմինների ազդեցության իրավական դաշտում է: Շատ դեպքերում, տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման վերահսկողության իրավական դաշտը լուրջ հակասական բնույթ է կրում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես.

ա) տեսչական մարմիններին վերապահված են վերահսկողական իրավասություններ, սակայն բացակայում են օրենքով սահմանված այն պահանջները, որոնց կառավարման նկատմամբ պետք է իրականացվեն այդ վերահսկողական գործառույթները,

բ) տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջները սահմանված են ոչ թե օրենքներով, այլ իրավական (ենթաօրենսդրական) ակտերով, սակայն ներազդեցության միջոցներ են կիրառվում օրենքով սահմանված կարգով,

գ) վերահսկողական իրավասությունները սահմանված են ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության հաստատած կանոնադրություններով, և բնականաբար օրենքով սահմանված չեն ներազդեցության համապատասխան միջոցները,

դ) վերահսկողական գործառույթները որոշ դեպքերում նմանակում են միմյանց, կամ ամրագրված են ոչ ըստ վերահսկող պահանջների նշանակության,

ե) տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման առանձին բաղադրամասերով, առհասարակ սահմանված են պահանջներ և դրանց կատարման նկատմամբ վերահսկողական գործառույթներ,

զ) տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման բաղադրամասերի ոչ բոլոր տարրերով են սահմանված ներազդեցության միջոցներ, սահմանված ներազդեցության միջոցները կրում են մեղմ բնույթ, որոշ դեպքերում ըստ խմբավորված պահանջների` սահմանված ներազդեցության միջոցները չեն արտահայտում պատասխանատվության համարժեքությունը,

է) տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական գործառույթների տարաբնույթությունը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի (միջոցների) տնօրինողի ամենամսյա կամ միաժամանակյա տեսչական միջամտություններին,

ը) տարբեր տեսչական մարմինների համագործակցության մեխանիզմների և վերահսկողության իրականացման մեխանիզմների բացակայությունը,

թ) վերահսկողության ընթացքում կիրառվող ներազդեցության միջոցների ճշգրտման և բողոքարկման մեխանիզմների բացակայությունը:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հիմնախնդրում պետության կարգավորիչ դերը պետք է հենվի նշված կառուցողական մոտեցումների վրա և նպատակաուղղված լինի դրանց տրամաբանական լուծմանը: Մասնավորապես.

1. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական իրավասությունները պետք է սահմանվեն օրենքով և պետք է կազմի անհրաժեշտությունից բխող տրամաբանական շարունակություն: Անթույլատրելի պետք է դիտվի չամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը պատասխանատու պետք է լինեն այն պահանջների կատարման համար, որոնք սահմանված են օրենքով և հնարավորություն ունենան ձևավորելու այդ պահանջների կատարման ենթավերահսկողական (հսկողական) ներտնտեսական համակարգը: Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման համար պետք է նշանակվեն պատասխանատու աշխատողներ, կամ կազմակերպվի հատուկ ծառայություն, կամ պահանջների կատարման պատասխանատվությունն ամրագրվի (համատեղվի) այլ պաշտոնատար անձանց պարտականություններում, այնպես, որ ամրագրված աշխատանքների կատարումը հնարավոր և իրատեսական լինի:

2. Հայաստանի Հանրապետությունում, տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործմանը ներկայացվող ոչ բոլոր պահանջներն են սահմանված օրենքներով: Մասնավորապես այդպիսին կարելի է դիտել ճանապարհային անվտանգության, բնապահպանական, շահագործական և այլ պահանջներ, որոնց չկատարման համար ներազդեցության միջոցների կիրառումը, նույնիսկ օրենքով ամրագրված դրույթներով, կարող են դիտարկվել ոչ օրինական` իրավական հիմք չունենալու պատճառով:

3. Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները, որոշակի բացառություններով (ՀՀ ոստիկանության պետավտոտեսչությունը, ՀՀ ագրարային տեսչությունները և այլն), իրենց վերահսկողական գործառույթներն իրականացնում են ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:

Տեսչական այդ մարմինների (մասնավորապես ՀՀ տրանսպորտային տեսչության, ՀՀ բնապահպանական տեսչության և այլն) գործունեությունը մեծամասամբ պակաս արդյունավետ է, իսկ նրանց կողմից կանոնադրական գործառույթների իրականացումն` երբեմն նաև անհնար, քանի որ ըստ էության, բացակայում են այդ մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև իրավահարաբերությունների հստակ օրենսդրական կարգավորումները: Հետևանքում ստացվում է մի իրավիճակ, երբ այդպիսի տեսչական մարմինների կողմից կամ չեն կարող կիրառվել ներազդեցության միջոցներ` միարժեք իրավական հիմքեր չունենալու պատճառով, կամ կիրառվող ներազդեցության միջոցները, նույն հիմքերով` պատասխանատվություն չեն կարող առաջացնել:

Պետության կողմից տեսչական մարմինների ձևավորումը և նրանց պահպանմանը, գործունեության ապահովմանը նպատակաուղղված պետական բյուջեից ֆինանսական ապահովումը պետք է կառուցված լինի փոխհատուցելիության սկզբունքով, անկախ այն հանգամանքից, թե փոխհատուցումն իրականացվում է ֆինանսական մուտքագրումների արդյունքում, թե բնագավառի վերահսկելիության ու կառավարելիության արդյունավետության բարձրացմամբ: Այս առումով, պետության կողմից կատարվող ծախսերը պետք է արդարացված լինեն և հետապնդեն իրական նպատակներ: Պետության կողմից պետք է իրականացվի տեսչական գործառույթների անհրաժեշտության հիմնավորում, դրանց հնարավորինս կենտրոնացման նպատակահարմարության որոշում և դրանց վերահսկողական գործառույթների օրենսդրական կարգավորում:

4. Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման վերահսկողության ոլորտի ձևավորումը պետության ռազմավարության մեջ, պետք է իրականացվի ենթաոլորտի մանրամասն ուսումնասիրության և բոլոր բաղադրամասերով հստակ պահանջների սահմանմամբ և պետք է բացառի ոչ նմանատիպ պահանջների խմբավորմամբ` միևնույն ներազդեցության միջոցների սահմանումը: Անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների չկատարումը պետք է առաջացնի դրանց կարևորությունը համապատասխան ներազդեցության միջոցներ, ապահովելով դրանց շաղկապված համարժեքությունը:

5. Պետության ռազմավարության մեջ պետք է կարևորվի վերահսկողական գործառույթների և միջամտությունների հնարավորինս նվազեցումը և այդ առումով անհրաժեշտ կլինի հնարավորության սահմաններում` կրճատելու տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների թվաքանակը` վերահսկողական գործառույթների հնարավորինս կենտրոնացման միջոցով: Բացի դրանից, տեսչական տարբեր մարմինների հաճախակի և տարաբնույթ միջամտությունները կարող են խաթարել տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունը:

Պետությունը պետք է կարգավորիչ դեր խաղա տեսչական մարմինների միջև համագործակցության կազմակերպման և արդյունքում տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտությունների նվազեցման գործընթացներում: Մասնավորապես, դրան կարող է նպաստել համատեղ ժամանակացույցերով ստուգայցերի կազմակերպումը, վերահսկողական հստակ մեխանիզմների սահմանումը: Պետության կարգավորիչ դերը, միաժամանակ պետք է նպատակաուղղված լինի տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պահանջների լիարժեք և ամբողջական ծավալով կատարմանը, վերահսկողական մարմինների պատասխանատվության բարձրացմանը:

Պետության ուշադրության մշտական կենտրոնում պետք է գտնվի ներազդեցության միջոցների տրամաբանորեն կատարելագործումը և տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթաոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության որակական գնահատումը, այդ առումով տեսչական մարմինների կատարած աշխատանքների վերլուծությունը, վերահսկողական գործառույթների իրականացման օրինականության վերահսկողությունը: Պետության կողմից պետք է ապահովվեն տնտեսվարող սուբյեկտների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների, մեխանիզմների մշակումը, իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթաոլորտը վերահսկողության բնագավառում պետության կարգավորիչ դերը պետք է կարևորվի` պահանջների սահմանման, ինչպես նաև տեսչական մարմինների վերահսկողական գործառույթների օրենսդրական կարգավորմամբ: Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, յուրաքանչյուր տեսչական մարմնի գործունեության իրավական հիմք պետք է հանդիսանա` տվյալ տեսչության մասին ընդունված օրենքը, որը պետք է կարգավորի վերահսկողության գործողության ոլորտը, առարկան, իրավահարաբերությունները տնտեսվարող սուբյեկտների հետ: Ռազմավարական այլ մոտեցումները կարող են ձևավորվել կառավարման մարմինների կառուցվածքային և օրենսդրական դաշտի բարեփոխումների արդյունքում:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ենթաոլորտի նկատմամբ վերահսկողական գործունեության արդյունավետ իրականացման համար հիմք կարող է ծառայել այդ բնագավառում առաջավոր երկրների փորձը և վերահսկողության օրենսդրական հիմնավորումները:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Հայեցակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների անվտանգության ենթահամակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցումներն ու իրականացվող պետական ռազմավարական քաղաքականության սկզբունքներն արտացոլող հիմնական փաստաթուղթը: Այն հնարավորություն է ընձեռում` պետության նոր գործառույթներին համապատասխան, որոշակի սկզբունքներով իրականացնել տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված պահանջների, նորմերի և կանոնների սահմանումը, տրանսպորտային միջոցները շահագործող անձանց կողմից դրանց անվտանգ շահագործման պարտավորությունների ամրագրումը, հստակեցնել այդ պահանջների և պարտավորությունների հետ կապված իրավասությունների, իրավահարաբերությունների և պատասխանատվության շրջանակները:

Սույն հայեցակարգով նախատեսված ռազմավարությունը, հետևողական կենսագործման արդյունքում, հնարավորություն կընձեռի առաջիկա տարիների ընթացքում հանրապետությունում ձևավորել տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման միասնական սկզբունքներով կառավարվող արդյունավետ համակարգ` իրավասությունների, գործառույթների և պատասխանատվության շրջանակների հստակ տարանջատմամբ: Համակարգի վերջնական կայացումը կնպաստի տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման բնագավառի բարելավմանը, հնարավորինս կնվազեցնի տրանսպորտային միջոցների վտանգավորությունը և վնասակարությունը շրջակա միջավայրի և հասարակության առողջության համար:

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված սույն հայեցակարգային ուղղվածությունը պետք է զուգորդվի տրանսպորտային անվտանգ շահագործման առանձին բաղադրամասերի վերաբերյալ առանձին հայեցակարգերի (ճանապարհային երթևեկության անվտանգության, բնապահպանական և այլն) մշակմամբ և դրանցից բխող ուղղությունների սահմանմամբ: Նկատի ունենալով, որ շարունակական տնտեսական զարգացման արդյունքում, ակնկալվում է տրանսպորտային պարկի աննախադեպ աճ, ինչը կուղեկցվի տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման խնդրի խորացմամբ` առավել նշանակալից պետք է դառնա պետության կարգավորիչ դերը հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված նախադրյալներ ստեղծելու գործում:

 

Հավելված 1

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հետ կապված

առաջնահերթ մշակվելիք օրենքների և իրավական ակտերի

 

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը

2. «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների և նորոգումների հավատարմագրման մասին» ՀՀ օրենքը

3. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

4. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքը

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

6. «Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները

7. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը

8. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգը

9. Հայաստանի Հանրապետությունում մարդատար թեթև տաքսի-ավտոմեքենաներով փոխադրումների կազմակերպման կարգը

10. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը

11. Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային ծառայությունների կազմակերպման հրահանգը

12. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպություններում անվտանգ երթևեկության կազմակերպման կարգը

13. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության կարգը

14. Ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպությունների արտադրական գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքային միավորների և պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները սահմանելու մասին կարգը

15. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպություններում վարորդների առողջական վիճակի զննման կազմակերպման կարգը

16. Ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպություններում վարորդների հանգստի և աշխատանքի ռեժիմի կազմակերպման կարգը

17. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում արագությունների նորմավորման և երթուղիների սպասարկման չվացուցակների կազմման մեթոդոլոգիան

18. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման և սկզբնական հաշվառմամբ փաստաթղթերի օրինակելի ձևանմուշների մշակումը

19. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհների պաշտպանական գոտիներում գովազդի տեղադրման կարգը

20. Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների պահեստամասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի արտադրության հավատարմագրման կարգը

21. Ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպություններում տրանսպորտային միջոցների պահպանման կազմակերպման կարգը

22. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը:

 

Հավելված 2

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործմանն առնչվող Հայաստանի

Հանրապետության կողմից անդամակցելու առաջնահերթ միջազգային

կոնվենցիաների և համաձայնագրերի

 

1. Ավտոմոբիլային երկաթուղային և ներքին ջրային տրանսպորտով վտանգավոր բեռների տեղափոխման ժամանակ պատճառված վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին կոնվենցիան (Նյու-Յորք 1989 թ.)

2. Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիա (1968 թ. նոյեմբերի 8-ի)

3. Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին Եվրոպական համաձայնագիր. (1975 թ. նոյեմբերի 15-ի)

4. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին Եվրոպական համաձայնագիր. (1970 թ. հուլիսի 1-ի)

5. Մեխանիկական տրանսպորտային միջոցների սարքավորումների և մասերի պայմանների ընդունման և ճանաչման մասին համաձայնագիրը (1958 թ. մարտի 20-ի)

6. Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրերի մասին կոնվենցիա. (1956 թ. մայիսի 19-ի)

7. Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրերի մասին կոնվենցիայի արձանագրություն. (1978 թ. հուլիսի 5-ի)

8. Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիա. (1952 թ. հունվարի 10-ի)

9. Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիա. (1972 թ. դեկտեմբերի 2-ի)

10. Երկաթուղային փոխադրումների մասին միջազգային կոնվենցիա. (1980 թ. մայիսի 9-ի)

11. Մասնավոր ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին մաքսային կոնվենցիա. (1954 թ. հունիսի 4-ի)

12. Երկաթուղով փոխադրվող ուղևորների և ուղեբեռի սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիա. (1952 թ. հունվարի 10-ի)

13. Վարորդական իրավունքի տրմանը և ուժի մեջ մտնելուն վերաբերյալ նվազագույն պահանջների մասին համաձայնագիրը. (1975 թ. ապրիլի 1-ի):

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2005
N 39
Արձանագրային որոշում