Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17 ՀՈԴՎԱԾԻ` ...

 

 

020.0056.190597

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ կողմերը ներկայացնող` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Վ. Դարբինյանի, Ֆ. Խառատյանի, Վ. Սաֆարյանի, Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Է. Եգորյանի և Ազգային Ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալ Ա. Մկրտումյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով և 101 հոդվածի 2 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 25 հոդվածի 2 կետով և 55 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 65 պատգամավորների` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:

Սահմանադրական դատարանը, 1997 թվականի մայիսի 6-ի նիստում քննարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 65 պատգամավորների դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել` գործն ընդունել քննության: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու և գործի նյութերը դատական նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի անդամներ Հ. Խաչատրյանը և Մ. Սևյանը:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40 և 57 հոդվածներով, սահմանադրական դատարանի որոշմամբ սույն գործով կողմ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, որը սահմանադրական դատարանում վիճարկվող իրավական ակտն ընդունած մարմինն է:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, կից փաստաթղթերը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ գերագույն դատարանի նախագահի պարզաբանումները, կողմերի լրացուցիչ փաստարկները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմող կողմը գտնում է, որ Երևանի Աջափնյակ համայնքի ղեկավարի 1996 թվականի նոյեմբերի 24-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփման վերաբերյալ դատարանի վճիռը 1996 թվականի հունիսի 10-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով սահմանված կարգով գանգատարկվել է ՀՀ գերագույն դատարան, որը սահմանված ժամկետում, կոլեգիալ կարգով կայացրել է վերջնական որոշում: Ուստի այդ որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից չէր կարող բողոքարկվել ՀՀ գերագույն դատարանի նախագահություն, որը, իր հերթին, բեկանել է կոլեգիալ կարգով ընդունված որոշումը:

Ըստ դիմող կողմի, նմանատիպ տարբեր գործերով ՀՀ դատախազության և գերագույն դատարանի կողմից հիշյալ հոդվածի գործադրման հակասական իրավակիրառական պրակտիկան առաջ է բերել «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի սահմանադրականության որոշման հիմնահարց:

Ընդունելով, որ այդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դիմող կողմը գտնում է, որ օրենքը բացառել է ընտրությունների արդյունքների առնչությամբ ՀՀ գերագույն դատարանի` կոլեգիալ կարգով ընդունած որոշման բողոքարկման հնարավորությունը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ներկայացնող կողմը նույնպես գտնում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Միաժամանակ, դրսևորվում է այն մոտեցումը, որ հիշյալ հոդվածի հիման վրա ՀՀ գերագույն դատարանի` կոլեգիալ կարգով ընդունած որոշման վերջնական լինելու հանգամանքը վերաբերում է միայն գանգատարկմանը, և դատարանների ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների ու որոշումների հսկողական կարգով բողոքարկման` դատախազության սահմանադրական լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով չի սահմանափակվում:

3. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ ՀՀ գերագույն դատարանի երեք անդամից կազմված դատական կոլեգիան 1996 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1997 թվականի մայիսի 12-ը քննության է առել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված 41 դատական վճիռների ու որոշումների դեմ տրված գանգատներ:

Գերագույն դատարանի դատական կոլեգիայի որոշման վերջնական լինելու, դրա հետագա գանգատարկման և բողոքարկման ենթակա չլինելու մասին դատական կոլեգիայի նիստերում նախագահողները հայտարարել են յուրաքանչյուր գործով կայացրած որոշումը հրապարակելիս:

Նմանատիպ գործերով ՀՀ գերագույն դատարանում կոլեգիալ կարգով ընդունված 41 որոշումներից ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատական հսկողության կարգով բողոքարկվել է միայն Երևանի Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ կոլեգիայի կայացրած վերոնշյալ որոշումը: Ընդ որում, 1996 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1997 թվականի մայիսի 12-ը ՀՀ դատախազություն մուտք են եղել դատարաններում քննված այդ բնույթի 11 գործերի վերաբերյալ գանգատներ, որոնցից երկուսի կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից պատասխան է տրվել, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի համաձայն ՀՀ գերագույն դատարանի` կոլեգիալ կարգով ընդունած որոշումը վերջնական է և հսկողության կարգով բողոքարկման ենթակա չէ:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի գործադրման ընթացքում իրավակիրառողները տարաբնույթ և հակասական մոտեցում են դրսևորել այդ հոդվածում ամրագրված նորմերի և ՀՀ Սահմանադրության 5, 93, 103, 110 հոդվածների, 116 հոդվածի 7, 12, 13 կետերի, 1964 թ. ընդունված և ընտրությունների մասով փոփոխության չենթարկված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23, 34, 35, 36 գլուխներում ամրագրված դրույթների առնչությամբ:

Հետևողական չի եղել մոտեցումն այն հարցին, որ ընտրությունների մասին ՀՀ Սահմանադրության հիման վրա ընդունված օրենսդրությունը կարգավորում է պետաիրավական այնպիսի հարաբերություններ, որի նպատակն է ի կատարումն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 3, 27, 50, 51, 68, 105, 110 հոդվածների, սահմանված ժամկետներում ձևավորել Հանրապետության իշխանությունների ընտրովի ինստիտուտները:

Սահմանադրության հիման վրա ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ընդունված օրենքներն ունեն միասնական տրամաբանական հենք և ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ առաջացած վեճերով առաջին երկու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի, վերջին դեպքում` ՀՀ գերագույն դատարանի` կոլեգիալ կարգով ընդունած որոշումները վերջնական են:

ՀՀ դատախազությունը, մինչև դատախազության մասին օրենքի ընդունումը, ինչպես սահմանադրորեն ամրագրված է, պետք է գործի ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 116 հոդվածի 12 կետի պահանջներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 101 և 102 հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված դատական վեճերով իրավակիրառական պրակտիկան պետք է համապատասխանի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածում ամրագրված` գերագույն դատարանի` կոլեգիալ կարգով կայացրած որոշումների վերջնական լինելու մասին դրույթին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 մայիսի 1997 թ.

ՍԴՈ-56

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.1997
N ՍԴՈ-56
Որոշում