Սեղմել Esc փակելու համար:
ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ...

 

 

020.0058.020997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքմենստանի միջև տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքմենստանի միջև տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 13-ին` Սերախս քաղաքում: Համաձայնագրի նպատակն է օժանդակել Կողմերի միջև առևտրատնտեսական և այլ կապերի զարգացմանը: Այդ նպատակով Կողմերը նախատեսում են ազատ տարանցիկի կարգ` չհարկվող բեռնափոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ տրանսպորտային և վարչական ծառայությունների ծախսերի, որոնք հատուցվում են ամենաարտոնյալ պայմաններով: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ապահովել տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող անձնակազմի անվտանգությունը և տարանցիկ բեռների ու շարժակազմի պահպանումը: Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման նպատակով նախատեսվում է Կողմերի ներկայացուցիչների հանդիպումներ, ընդ որում, համաձայնագրով չկարգավորվող հարցերը ենթակա են լուծման Կողմերի ազգային օրենսդրությամբ և միջազգային նորմերով նախատեսված կարգով:

Համաձայնագիրը բաց է բոլոր այն պետությունների համար, որոնց տրանսպորտային ցանցը տեխնոլոգիական կապ ունի Կողմ պետությունների տրանսպորտային ցանցերի հետ:

Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով և կգործի մինչև Կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, կամ` կգործի ևս 10 տարի ժամկետով, եթե Կողմերն այլ հայտարարություն չանեն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքմենստանի միջև տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներին,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1996 թվականի մայիսի 13-ին Սերախս քաղաքում ստորագրված` Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքմենստանի միջև տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 սեպտեմբերի 1997 թ.

ՍԴՈ-58

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.09.1997
N ՍԴՈ-58
Որոշում