Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈ ...

 

 

020.0049.140497

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ.Շիրխանյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական և քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական և քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական և քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման գործողությունների անցկացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի կազմի համար առանձնացվող զինվորական և քաղաքացիական անձնակազմի պատրաստումը, որն իրականացվելու է խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոններում` ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատվող միասնական ծրագրերով:

Խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոնները, դրանց թվաքանակը, աշխատանքի պատրաստ լինելու ժամկետները, ինչպես նաև առանձնացվող անձնակազմի պատրաստման կարգը որոշում է համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհուրդը:

Խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոնների նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը կատարվում է այն պետությունների հաշվին, որոնց տարածքում գտնվում են այդ կենտրոնները:

Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետության, ինչպես նաև համաձայնագրի նպատակները կիսող այլ պետությունների միանալու համար:

Համաձայնագրի ցանկացած մասնակից կարող է նրանից դուրս գալ` իր մտադրության մասին վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական և քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 ապրիլի 1997 թ.

ՍԴՈ-49

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.04.1997
N ՍԴՈ-49
Որոշում