Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0407.230997

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«23» սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 407

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 23-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 83 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

սեպտեմբերի 23-ի թիվ 407 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Երևանի քաղաքապետարանը (այսուհետև` քաղաքապետարան) ապահովում է Երևանի քաղաքապետի (այսուհետև` քաղաքապետ) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը Երևան քաղաքի տարածքում:

2. Քաղաքապետարանն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում` սույն կանոնադրությամբ, քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով:

3. Քաղաքապետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

4. Քաղաքապետարանի շենքի վրա և քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

5. Քաղաքապետարանը բյուջետային հիմնարկ է:

6. Քաղաքապետարանի իրավաբանական հասցեն է` քաղ. Երևան, 375015, Գրիգոր Լուսավորիչի 13:

 

II. Քաղաքապետարանի գործունեության

կազմակերպումը

 

7. Քաղաքապետարանի կազմակերպական կառուցվածքն է` քաղաքապետի աշխատակազմ և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներ:

Քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են վարչությունները և բաժինները: Վարչությունն իր կազմում կարող է ունենալ բաժիններ:

Քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` քաղաքապետի ներկայացմամբ:

Քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի քարտուղարը, վարչությունների և բաժինների պետերը չեն կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից) և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

8. Քաղաքապետը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Քաղաքապետն իր որոշմամբ սահմանում է քաղաքապետի տեղակալների և քաղաքապետարանի քարտուղարի կողմից համակարգվող, ինչպես նաև իր կողմից անմիջապես համակարգվող ոլորտները:

Քաղաքապետը պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքապետի տեղակալներին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի համաձայնությամբ, և քաղաքապետարանի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու քաղաքապետարանի մյուս աշխատողներին:

9. Քաղաքապետն ունի երկու տեղակալ:

Քաղաքապետի տեղակալն իր կողմից համակարգող ոլորտներում`

ա) համակարգում է քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելու համար.

գ) քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման ու լուծարման վերաբերյալ.

դ) քննության է առնում քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու դրանց ղեկավարների աշխատանքների վերաբերյալ հանրապետական գործադիր մարմինների ներկայացրած առաջարկությունները և համապատասխան եզրակացություններ ներկայացնում քաղաքապետին.

ե) եզրակացություն է տալիս քաղաքապետին` քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի` իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքապետին ուղղված գրավոր առաջարկության վերաբերյալ.

զ) քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարների պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ.

է) նախապատրաստում է նյութեր քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ.

ը) պարբերաբար քաղաքապետին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.

թ) ապահովում է քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում քաղաքապետին.

ժ) քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացած առաջարկությունների հիման վրա կազմում է համապատասխան մասով քաղաքապետարանի գործունեության մասին ամենամյա և Երևան քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություններ, նախապատրաստում նյութեր քաղաքապետի գործունեության մասին ընթացիկ հաշվետվության վերաբերյալ.

ժա) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին` հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող և Երևան քաղաքին առնչվող հարցերը նրանց քննարկմանը ներկայացնելու համար.

ժգ) առաջարկություն է ներկայացնում քաղաքապետին` իր կողմից համակարգվող ոլորտներին առնչվող հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև դրա ղեկավարի` իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին համապատասխան հանրապետական գործադիր մարմին առաջարկություն ներկայացնելու համար:

Քաղաքապետի տեղակալը`

ա) քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Երևան քաղաքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.

բ) քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության, ինչպես նաև թաղային համայնքների, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման ծառայությունների ղեկավարներին Երևան քաղաքում քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման հարցերով կարգադրություններ անելու վերաբերյալ.

գ) քաղաքապետի հանձնարարությամբ իր կողմից համակարգվող ոլորտում գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների և թաղային համայնքների ղեկավարների հաշվետվությունների, ինչպես նաև քաղաքապետի մյուս տեղակալի ներկայացրած, նրա կողմից համակարգվող ոլորտում գտնվող ստորաբաժանումների գործունեության մասին ամփոփ հաշվետվության հիման վրա կազմում և քաղաքապետին է ներկայացնում քաղաքապետարանի գործունեության մասին ամենամյա և Երևան քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություններ, կազմում է քաղաքապետի գործունեության մասին ընթացիկ հաշվետվությունը.

դ) քաղաքապետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, փոխարինում է նրան.

ե) քաղաքապետի հանձնարարությամբ եզրակացություն է տալիս թաղային համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին թաղային համայնքի ավագանու առաջարկության վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքապետին է ներկայացնում առաջարկություն թաղային համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախաձեռնության վերաբերյալ.

է) քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

10. Քաղաքապետի աշխատակազմն անմիջականորեն ենթարկվում է քաղաքապետին և կատարում նրա հանձնարարությունները: Քաղաքապետի աշխատակազմի մեջ մտնում են գլխավոր խորհրդականը, խորհրդականները, օգնականները:

11. Քաղաքապետարանի քարտուղարը`

ա) նախապատրաստում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում քաղաքապետարանում գործավարության կարգը.

բ) կազմակերպում է քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, այլ պաշտոնական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը, քաղաքապետարանի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

գ) կազմակերպում է քաղաքապետի նորմատիվ բնույթի որոշումների պետական գրանցումը և հրապարակումը.

դ) կազմակերպում է քաղաքապետի որոշումների և կարգադրությունների առաքումը համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպություններ ու ձեռնարկություններ, քաղաքացիներին.

ե) քաղաքապետի որոշմամբ համակարգում է քաղաքապետարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը.

է) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների սահմանված կարգով քննարկումը, ապահովում կապը հասարակության հետ.

ը) ապահովում է իր կողմից համակարգվող ոլորտներին վերաբերող քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում քաղաքապետին.

թ) ապահովում է քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.

ժ) քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ իր կողմից համակարգվող ոլորտներում քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ.

ժա) իրականացնում է Երևանի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները.

ժբ) քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

12. Քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում` սույն կանոնադրությամբ, ինչպես նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքը, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների կանոնադրությունները հաստատում է քաղաքապետը` տվյալ ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալի կամ քաղաքապետարանի քարտուղարի ներկայացմամբ, իսկ քաղաքապետի կողմից անմիջապես համակարգվող ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումներինը` դրանց ղեկավարների ներկայացմամբ:

Վարչությունը (բաժինը) ղեկավարում է վարչության (բաժնի) պետը:

Վարչության պետը համակարգում է վարչության կազմում ընդգրկված բաժինների աշխատանքները:

Վարչությունը (բաժինը)`

ա) մշակում է իր բնագավառում քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և դրանք ներկայացնում քաղաքապետին.

բ) ապահովում է քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումն ու կատարման հսկողությունը.

գ) համակարգում է իր բնագավառի Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը, քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ դրանց ղեկավարների ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու կամ կասեցնելու վերաբերյալ.

դ) իր իրավասության սահմաններում վերահսկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և դրանց խախտման փաստերի մասին տեղյակ է պահում քաղաքապետին.

ե) մշակում է առաջարկություններ իր բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և գանգատներին.

է) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող քաղաքապետի տեղակալի, քաղաքապետարանի քարտուղարի և վարչության պետի հանձնարարությունները:

 

III. Քաղաքապետի քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը

 

13. Հարցերը քաղաքապետի քննարկմանն են ներկայացվում, որպես կանոն, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերի ձևով:

14. Քաղաքապետի քննարկմանը հարցեր ներկայացնում են քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի քարտուղարը, քաղաքապետի կողմից անմիջականորեն համակարգվող ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

15. Քաղաքապետի տեղակալի կամ քաղաքապետարանի քարտուղարի կողմից համակարգվող ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները քաղաքապետի քննարկմանը հարցեր են ներկայացնում, համապատասխանաբար, քաղաքապետի տեղակալի կամ քաղաքապետարանի քարտուղարի միջոցով:

16. Քաղաքապետի քննարկմանը ներկայացվող հարցերի հիմնավորվածության, որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատու են հարցեր ներկայացնողները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.1997
N 407
Որոշում