Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԺՆԵՎԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1)

/35-67 հոդվածներ/

 

Ընդունվել է Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային
մարդասիրական իրավունքի ամրապնդման և զարգացման հարցերով դիվանագիտական
կոնֆերանսի կողմից` 1977 թվականի հունիսի 8-ին

 

Ուժի մեջ է մտել 1978 թվականի դեկտեմբերի 7-ին` համաձայն 95 հոդվածի

 

ՄԱՍ 3-ՐԴ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

ԲԱԺԻՆ 1
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 35. Հիմնական նորմաները

 

1. Ցանկացած ռազմական կոնֆլիկտի դեպքում պատերազմի վարման մեթոդների և միջոցների ընտրության` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավունքը սահմանափակ չէ:

2. Արգելվում է կիրառել այնպիսի զենք, նյութեր և պատերազմի վարման այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3. Արգելվում է ռազմական գործողությունների վարման այնպիսի մեթոդներ կիրառել, որոնք նպատակ ունեն բնության միջավայրին պատճառելու, կամ, կարելի է սպասել, որ կպատճառեն լայնածավալ, երկարատև և լուրջ վնաս:

 

Հոդված 36. Զենքի նոր տեսակները

 

Զենքի նոր տեսակներ, պատերազմի միջոցներ կամ մեթոդներ ուսումնասիրելիս, մշակելիս, ձեռք բերելիս կամ գործողության մեջ դնելիս Բարձր Պայմանավորվող Կողմը պետք է որոշի, թե դրանց կիրառումը որոշ կամ բոլոր հանգամանքներում ընկնո՞ւմ է սույն Արձանագրության մեջ կամ Բարձր Պայմանավորվող Կողմի նկատմամբ միջազգային որևէ ուրիշ նորմաներում բովանդակվող արգելքի տակ:

 

Հոդված 37. Ուխտադարձության արգելումը

 

1. Արգելվում է հակառակորդին սպանել, վիրավորել կամ գերի վերցնել` ուխտադրժության դիմելով: Ուխտադրժություն են համարվում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի վստահություն առաջացնեն հակառակորդի մոտ և ստիպեն նրան հավատալու, որ նա ունի պաշտպանության իրավունք կամ պարտավոր է այդպիսի պաշտպանություն տրամադրել զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող միջազգային իրավունքի նորմաների համաձայն, նպատակ ունենալով խաբել այդպիսի վստահությունից օգտվելով: Ուխտադրժության օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները.

ա) հաշտության դրոշի ներքո բանակցություններ վարելու մտադրություն ձևացնելը կամ կապիտուլացում ձևացնելը,

բ) վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով շարքից դուրս գալ ձևացնելը,

գ) քաղաքացիական անձի կամ ոչ կոմբատանտի կարգավիճակ ունենալ ձևացնելը, և

դ) Միավորված Ազգերի Կազմակերպության, չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող այլ պետությունների նշանների, խորհրդանշանների կամ համազգեստի օգտագործման միջոցով պաշտպանություն տրամադրող կարգավիճակ ունենալ ձևացնելը:

2. Ռազմական խորամանկությունները չեն արգելվում: Այդպիսի խորամանկություններ են հանդիսանում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հակառակորդին թյուրիմացության մեջ գցեն կամ հրահրեն գործելու անմտածված, որոնք սակայն չեն խախտում միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների շրջանում կիրառվող որևէ նորմա, և որոնք չեն հանդիսանում ուխտադրուժ գործողություններ, քանի որ դրանք չեն խաբում հակառակորդ կողմի վստահությունը այդ իրավունքով տրամադրվող պաշտպանության նկատմամբ: Այդպիսի խորամանկությունների օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները. քողարկման, թակարդի, կեղծ օպերացիաների և ապատեղեկատվության օգտագործումը:

 

Հոդված 38. Խորհրդանշանի ճանաչումը

 

1. Արգելվում է Կարմիր խաչի, Կարմիր կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և արևի տարբերիչ խորհրդանշանի կամ Կոնվենցիաներով, կամ սույն Արձանագրությամբ նախատեսված մյուս խորհրդանշանների, նշանների և ազդանշանների օգտագործումը ոչ իրենց նշանակությամբ: Նաև արգելվում է զինված կոնֆլիկտի ժամանակ միտումնավոր կերպով չարաշահել միջազգայնորեն ճանաչված խորհրդանշանները, նշանները և ազդանշանները, ներառյալ հաշտության դրոշակը և մշակութային արժեքների պաշտպանական խորհրդանշանը:

2. Արգելվում է օգտագործել Միավորված Ազգերի Կազմակերպության տարբերիչ խորհրդանշանը, և դա միայն այդ Կազմակերպության թույլտվությամբ:

 

Հոդված 39. Ազգային խորհրդանշանները

 

1. Զինված կոնֆլիկտի մեջ արգելվում է օգտագործել չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող այլ պետությունների դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:

2. Արգելվում է օգտագործել հակառակորդ կողմերի դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը հարձակումների ժամանակ կամ ռազմական գործողությունները քողարկելու, դրանց նպաստելու, պաշտպանելու կամ դրանք դժվարացնելու համար:

3. Սույն հոդվածում կամ 37 հոդվածում (կետ 1 գ) ոչինչ չի շոշափում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած այն նորմաները, որոնք կիրառվում են լրտեսության նկատմամբ կամ ծովում զինված կոնֆլիկտների ժամանակ դրոշների օգտագործման նկատմամբ:

 

Հոդված 40. Գթությունը

 

Արգելվում է ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման տալը, դրանով սպառել հակառակորդին կամ ռազմական գործողություններ վարել այդ հիման վրա:

 

Հոդված 41. Հակառակորդ կողմի` շարքից դուրս եկած անձանց

երաշխիքները

 

1. Արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ճանաչված է կամ որը տվյալ հանգամանքներում հարկ է ճանաչել որպես շարքից դուրս եկած անձ:

2. Շարքից դուրս եկած է համարվում այն անձը, որը.

ա) գտնվում է հակառակորդ կողմի իշխանության տակ.

բ) բացահայտորեն մտադրություն է արտահայտում հանձնվել գերի, կամ

գ) գտնվում է գիտակցությունը կորցրած վիճակում կամ որևէ ձևով շարքից դուրս է եկել վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով և այդ պատճառով ընդունակ չէ պաշտպանվելու, պայմանով, որ ցանկացած այդպիսի դեպքում այդ անձը ձեռնպահ է մնում որևէ թշնամական գործողությունից և չի փորձում փախչել:

3. Երբ որպես ռազմագերիներ պաշտպանության իրավունք ունեցող անձինք հակառակորդ կողմի իշխանության տակ են ընկնում ռազմական գործողությունների անսովոր պայմաններում, որոնց ժամանակ հնարավոր չէ նրանց էվակուացումը, ինչպես դա նախատեսված է Երկրորդ կոնվենցիայի 1 մասում (բաժին 3-րդ), ապա նրանք ազատվում են, և նրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվում են նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները:

 

Հոդված 42. Թռչող ապարատներում գտնվող անձինք

 

1. Աղետի ենթարկվող թռչող ապարատից պարաշյուտով հեռացած ոչ մի անձ հարձակման չի ենթարկվում նրա վայրէջքի ամբողջ ընթացքում:

2. Աղետի ենթարկվող թռչող ապարատից պարաշյուտով հեռացած, հակառակորդ կողմից վերահսկվող տարածքում վայրէջք կատարած անձին հնարավորություն է տրվում գերի հանձնվել մինչև օբյեկտ դառնալը, եթե ակնառու չի երևում, որ նա թշնամական գործողություն է կատարում:

3. Ռազմա-դեսանտային զորքերը չեն ընկնում այդ հոդվածի տակ:

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 43. Զինված ուժերը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի զինված ուժերը բաղկացած են բոլոր կազմակերպված զինված ուժերից, խմբերից և ստորաբաժանումներից, որոնք գտնվում են իր բոլոր ենթակաների վարքագծի համար այդ կողմի առջև պատասխանատու անձի հրամանատարության ներքո, եթե անգամ այդ կողմը ներկայացված է հակառակորդ պետության կողմից ճանաչված կառավարությամբ կամ իշխանությամբ: Այդպիսի զինված ուժերը ենթարկվում են ներքին կարգապահական համակարգի, որը այլ հանգամանքներից բացի, ապահովում է միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակ կիրառվող նորմաների պահպանումը:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք (բացի բժշկական և հոգևոր անձնակազմից, որի մասին խոսվում է Երրորդ կոնվենցիայի 33 հոդվածում), հանդիսանում են կոմբատանտներ, այսինքն, նրանք իրավունք ունեն անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:

3. Ամեն անգամ, երբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը իր զինված ուժերի կազմի մեջ մտցնում է կիսառազմական կազմակերպություն կամ զինված կազմակերպություն, որն ապահովում է կարգի պահպանությունը, այդ մասին ծանուցում է կոնֆլիկտի մեջ գտնվող մյուս կողմերին:

 

Հոդված 44. Կոմբատանտները և ռազմագերիները

 

1. Ցանկացած կոմբատանտ, ինչպես դա սահմանված է 43 հոդվածում, որն ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում է ռազմագերի:

2. Թեև բոլոր կոմբատանտները պարտավոր են պահպանել զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող միջազգային իրավունքի նորմաները, այդ նորմաների խախտումները կոմբատանտին չեն զրկում կոմբատանտ համարվելու նրա իրավունքից կամ, եթե նա ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, ռազմագերի համարվելու նրա իրավունքից, բացառությամբ 3 և 4 կետերում նախատեսված դեպքերի:

3. Ռազմական գործողությունների հետևանքներից քաղաքացիական բնակչության պաշտպանության ուժեղացմանը նպաստելու համար, կոմբատատները պարտավոր են քաղաքացիական բնակչությունից իրենց տարբերել այն ժամանակ, երբ նրանք մասնակցում են հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական օպերացիային: Սակայն այն բանի կապակցությամբ, որ ռազմական կոնֆլիկտների ժամանակ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ռազմական գործողությունների բնույթի հետևանքով զինված կոմբատանտը չի կարող իրեն տարբերել քաղաքացիական բնակչությունից, նա պահպանում է կոմբատանտի իր կարգավիճակը պայմանով, որ այդպիսի իրավիճակներում նա իր զենքը կրում է բացեիբաց.

ա) ամեն մի ռազմական բախման ժամանակ, և

բ) այն ժամանակ, երբ նա գտնվում է հակառակորդի աչքի առաջ մարտակարգերի` այն հարձակման սկզբին նախորդող ծավալման ընթացքում, որին նա պետք է մասնակցի:

Սույն կետի պահանջներին համապատասխանող գործողությունները չեն դիտվում որպես ուխտադրուժ գործողություններ 37 հոդվածի (կետ 1 գ) նշանակությամբ:

4. Կոմբատանտը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա չի կատարում 3 կետի երկրորդ դարձվածքում շարադրված պահանջները, զրկվում է ռազմագերի համարվելու իրավունքից, բայց և այնպես նրան տրամադրվում է պաշտպանության բոլոր տեսակետներից հավասարազոր այն պաշտպանությունը, որը տրամադրվում է ռազմագերիներին` Երկրորդ կոնվենցիային և սույն Արձանագրությանը համապատասխան: Այդպիսի պաշտպանությունը ներառում է այն պաշտպանությանը հավասարազոր պաշտպանություն, որը տրամադրվում է ռազմագերիներին Երրորդ կոնվենցիային համապատասխան այն դեպքում, եթե այդպիսի անձը տրվում է դատարան և պատիժ կրում ցանկացած այն իրավախախտումների համար, որոնք նա կատարել է:

5. Ցանկացած կոմբատանտ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում, երբ նա չի մասնակցում հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական օպերացիային, չի կորցնում կոմբատանտ և ռազմագերի համարվելու իր իրավունքը` նախկինում նրա կողմից կատարված գործողությունների պատճառով:

6. Տվյալ հոդվածը ոչ մի վնաս չի հասցնում Երրորդ կոնվենցիայի 4 հոդվածին համապատասխան ռազմագերի համարվելու ցանկացած անձի իրավունքին:

7. Տվյալ հոդվածը նպատակ չունի փոխելու այն կոմբատանտների կողմից համազգեստ կրելու վերաբերմամբ պետությունների համընդհանուր ընդունված պրակտիկան, որոնք մտցված են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կանոնավոր զորքերի համազգեստ հագած զինված ստորաբաժանումների կազմի մեջ:

8. Ի լրումն Առաջին և Երկրորդ կոնվենցիաների 13 հոդվածում հիշատակված անձանց կատեգորիաների, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից բոլոր անձինք, ինչպես դա սահմանված է սույն Արձանագրության 43 հոդվածում այդ Կոնվենցիաներին համապատասխան պաշտպանության իրավունք ունեն, եթե նրանք վիրավորված են կամ հիվանդ, կամ Երկրորդ կոնվենցիայի կիրառմամբ, եթե նրանք նավաբեկության են ենթարկվել ծովում կամ այլ ջրերում:

 

Հոդված 45. Ռազմական գործողություններին մասնակցող

անձանց պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններին մասնակցող և հակառակորդ կողմի իշխանության տակ ընկնող անձը համարվում է ռազմագերի և դրա հետևանքով օգտվում է Երրորդ Կոնվենցիայի պաշտպանությունից, եթե նա հավակնում է ռազմագերու կարգավիճակի, եթե ներկայացվում է, որ նա այդպիսի կարգավիճակի իրավունք ունի, կամ եթե այն կողմը, որից նա կախված է, նրա համար պահանջում է այդպիսի կարգավիճակ` նրան պահող տերությանը կամ Հովանավոր տերությանը ծանուցելու միջոցով: Որևէ տարակուսանք առաջանալու դեպքում, թե ցանկացած այդպիսի անձ ռազմագերու կարգավիճակի իրավունք ունի՞, այդ անձը շարունակում է պահպանել այդպիսի կարգավիճակը և, հետևաբար, Երրորդ կոնվենցիայի և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել իրավասու դատական ատյանի կողմից:

2. Եթե անձը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկել, չի պահվում որպես ռազմագերի և ենթակա է այդ կողմի դատի ռազմական գործողությունների հետ կապված իրավախախտման համար, նա դատական մարմինների առջև ռազմագերու կարգավիճակի և այդ հարցով որոշման իրավունք ունի: Այդ դեպքերում, երբ կիրառվող ընթացակարգին համապատասխան դա հնարավոր է, այդ որոշումը կայացվում է մինչև իրավախախտման համար դատը: Հովանավոր տերությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա լինելու դատավարությանը, որտեղ վճիռ է կայացվում այդ հարցի առթիվ, եթե միայն, որպես բացառություն այն տեղի չի ունենում դռնփակ դատական նիստում ի շահ պետական անվտանգության: Այդպիսի դեպքում պահող տերությունը համապատասխան ձևով ծանուցում է Հովանավոր տերությանը:

3. Ռազմական գործողություններին մասնակցող ցանկացած անձ, որը ռազմագերու կարգավիճակի իրավունք չունի և չի օգտվում առավել նպաստավոր վերաբերմունքից` Չորրորդ կոնվենցիային համապատասխան, բոլոր դեպքերում իրավունք ունի պաշտպանության, որը նախատեսված է սույն Արձանագրության 75 հոդվածով: Օկուպացված տարածքում ցանկացած այդպիսի անձ, եթե միայն նա չի պահված որպես լրտես, անկախ Չորրորդ կոնվենցիայի 5 հոդվածից, ունի նաև կապի` տվյալ Կոնվենցիայի կողմից հատկացվող իրավունք:

 

Հոդված 46. Լրտեսները

 

1. Անկախ Կոնվենցիաների և սույն Արձանագրության ցանկացած այլ դրույթից, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի ցանկացած անձ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ, չունի ռազմագերու կարգավիճակի իրավունք, և նրա հետ կարող են վերաբերվել որպես լրտեսի:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անձը, որն այդ կողմի անունից հավաքում կամ փորձում է հավաքել տեղեկատվություն հակառակորդ պետության կողմից վերահսկվող տարածքում, չի համարվում այնպիսի անձ, որն զբաղվում է լրտեսությամբ, եթե, գործելով այդ ձևով, նա կրում է իրենց զինված ուժերի համազգեստը:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անձը, որը բնակվում է հակառակորդ կողմից օկուպացված տարածքում, և որը այն կողմի անունից, որից նա կախում ունի, հավաքում կամ փորձում է այդ տարածքում հավաքել ռազմական նշանակություն ունեցող տեղեկատվություն, չի համարվում լրտեսությամբ զբաղվող անձ, եթե նա գործում է խաբեբայական ճանապարհով կամ գիտակցաբար չի դիմում գաղտնի մեթոդների: Ավելին, այդպիսի անձը չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, եթե նա չի բռնվել այն ժամանակ, երբ զբաղվում էր լրտեսությամբ:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձը, որը չի բնակվում հակառակորդ կողմից օկուպացված տարածքում, և որն զբաղվում է լրտեսությամբ այդ տարածքում, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է մինչև վերստին այն զինված ուժերին միանալը, որոնց նա պատկանում է:

 

Հոդված 47. Վարձկանները

 

1. Վարձկանը չունի կոմբատանտի կամ ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Վարձկան համարվում է ցանկացած անձ, որը.

ա) տեղում կամ արտասահմանում հատուկ հավաքագրվել է, որպեսզի կռվի զինված կոնֆլիկտի մեջ.

բ) փաստորեն մասնակցում է ռազմական գործողություններին.

գ) ռազմական գործողություններին է մասնակցում, ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին կոնֆլիկտի մեջ գտնվող կողմից կամ այդ կողմի հանձնարարությամբ տրվել է այնպիսի նյութական վարձատրության խոստում, որն էապես գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող` այդ նույն դասի և ֆունկցիաների կոմբատանտին:

դ) չի հանդիսանում ոչ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի քաղաքացին, ոչ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմից վերահսկվող տարածքում մշտապես բնակվող անձ.

ե) չի մտնում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմի մեջ.

է) չի ուղարկված այն պետության կողմից, որը չի հանդիսանում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ, որպես նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ` պաշտոնական պարտականություններ կատարելու համար:

 

ՄԱՍ 4-ՐԴ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ 1-ԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

 

ԳԼՈՒԽ 1-ԻՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՈԼՈՐՏԸ

 

Հոդված 48. Հիմնական նորման

 

Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքի և դրանց պաշտպանության ապահովման համար, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է մշտապես տարբերություն դնեն քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների միջև և դրան համապատասխան իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ:

 

Հոդված 49. Հարձակումների սահմանումը և կիրառման ոլորտը

 

1. «Հարձակումներ» նշանակում են հակառակորդի նկատմամբ ճնշման գործողությունները, անկախ այն բանից, դրանք կատարվում են հարձակման, թե պաշտպանության ժամանակ:

2. Սույն Արձանագրության` հարձակումներին վերաբերող դրույթները կիրառվում են բոլոր հարձակումների նկատմամբ, անկախ այն բանից, թե դրանք որ տարածքի վրա են կատարվում, ներառյալ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին պատկանող, բայց հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող ազգային տարածքը:

3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ցամաքում, օդում կամ ծովում ընթացող ցանկացած ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք կարող են վնաս պատճառել քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց կամ ցամաքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին: Դրանք նաև կիրառվում են ցամաքում գտնվող այն օբյեկտների վրա ծովից կամ օդից կատարվող բոլոր հարձակումների նկատմամբ, որոնք, սակայն, որևէ այլ կերպ չեն շոշափում միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում ծովում և օդում կիրառվող նորմաները:

4. Սույն բաժնի դրույթները լրացնում են մարդասիրական պաշտպանությանը վերաբերող` Չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես այդ Կոնվենցիայի երկրորդ մասում, և Բարձր Պայմանավորվող Կողմերի համար պարտադիր մյուս միջազգային համաձայնագրերում բովանդակվող նորմաները, ինչպես նաև լրացնում են միջազգային իրավունքի` ռազմական գործողությունների հետևանքներից ցամաքում, ծովում և օդում քաղաքացիական անձանց ու քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմաները:

 

ԳԼՈՒԽ 2-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 50. Քաղաքացիական անձանց և քաղաքացիական

բնակչության սահմանումը

 

1. Քաղաքացիական անձ է հանդիսանում ցանկացած անձ, որը չի պատկանում Երրորդ կոնվենցիայի 4 Ա), 1), 2), 3) և 6) հոդվածում և սույն Արձանագրության 43 հոդվածում նշված անձանց կատեգորիաներից ոչ մեկին: Տարակուսանք առաջանալու դեպքում, թե որևէ անձ հանդիսանո՞ւմ է քաղաքացիական անձ, նա համարվում է քաղաքացիական անձ:

2.Քաղաքացիական բնակչությունը բաղկացած է քաղաքացիական անձինք հանդիսացող բոլոր անձանցից:

3. Քաղաքացիական անձանց սահմանման տակ չընկնող առանձին անձանց առկայությունը քաղաքացիական բնակչության մեջ այդ բնակչությանը չի զրկում նրա քաղաքացիական բնույթից:

 

Հոդված 51. Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք օգտվում են ռազմական օպերացիաների կապակցությամբ առաջացած վտանգների ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանության իրականացման նպատակով, ի լրումն միջազգային իրավունքի կիրառվող մյուս նորմաների, բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմաները.

2. Քաղաքացիական բնակչությունը որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հանդիսանան հարձակումների օբյեկտ: Արգելվում են բռնության կամ բռնության սպառնալիքի ներքո այնպիսի գործողությունները, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն Բաժնով նախատեսված պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այնպիսի ժամանակաշրջանում, քանի դեռ նրանք անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին:

4. Անընտրական բնույթի հարձակումներն արգելվում են: Անընտրական բնույթի հարձակման թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների, կամ

գ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ և միջոցներ, որոնց հետևանքները չեն կարող սահմանափակված լինել, ինչպես դա պահանջվում է սույն Արձանագրությանը համապատասխան:

և որոնք, այդկերպ, այդպիսի յուրաքանչյուր դեպքում ռազմական օբյեկտներին և քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին վնաս են հասցնում առանց տարբերության:

5. հարձակումների այլ տեսակների շարքում հարկ է անընտրական հարձակումներ համարել.

ա) ցանկացած մեթոդներով կամ միջոցներով ռմբակոծմամբ հարձակումը, որի ժամանակ որպես մեկ միասնական օբյեկտ է դիտվում պարզորոշ կողք-կողքի գտնվող և տարբերակվող այն ռազմական օբյեկտների շարքը, որոնք տեղավորված են քաղաքում, գյուղում կամ այլ շրջանում, որտեղ կենտրոնացված են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտներ, և

բ) այն հարձակումը, որը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական բնակչության շրջանում զուգահեռաբար կառաջացնի կյանքի կորուստներ, քաղաքացիական անձանցից` վիրավորներ, և վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, կամ կառաջացնի թե մեկը և թե մյուսը, որոնք չափից ավելի կլինեին այն կոնկրետ և անմիջական ռազմական առավելության վերաբերմամբ, որը ենթադրվում է ստանալ այդ կերպ:

6. Արգելվում են հարձակումները քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վրա բռնարարքների ձևով:

7. Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական առանձին անձանց ներկայությունը կամ տեղափոխությունը չպետք է օգտագործվեն ռազմական գործողություններից որոշակի կետերի կամ շրջանների պաշտպանության համար, մասնավորապես, հարձակումից ռազմական օբյեկտները պաշտպանելու կամ ռազմական գործողությունները պաշտպանելու, դրանց նպաստելու կամ խոչընդոտելու փորձերում: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը չպետք է ուղղություն տան քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց տեղափոխմանը` նպատակ ունենալով փորձել ռազմական օբյեկտները պաշտպանել հարձակումից կամ պաշտպանել ռազմական օպերացիաները:

8. Այս արգելքների ցանկացած խախտում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին չի ազատում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական անձանց հանդեպ նրանց իրավական պարտավորություններից, այդ թվում` նախազգուշական միջոցներ ձեռնարկելու` 57 հոդվածում նախատեսված պարտավորություններից:

 

ԳԼՈՒԽ 3-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 52. Քաղաքացիական օբյեկտների ընդհանուր

պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ բռնարարքների օբյեկտ: Քաղաքացիական օբյեկտներ են հանդիսանում բոլոր այն օբյեկտները, որոնք չեն հանդիսանում ռազմական օբյեկտներ, ինչպես դրանք սահմանված են 2 կետում:

2. Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն օբյեկտներով: Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության կամ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողությունների մեջ, և որոնց լրիվ կամ մասնակի խարխլումը, գրավումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներով տալիս են բացահայտ ռազմական առավելություն:

3. Տարակուսանք առաջանալու դեպքում, թե արդյոք օբյեկտը, որը սովորաբար նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, օրինակ, որպես պաշտանմունքի կատարման տեղ, բնակելի տուն կամ այլ շինություններ, կամ դպրոց, չի օգտագործվում ռազմական գործողություններին արդյունավետ աջակցելու համար, ենթադրվում է, որ այդպիսի օբյեկտն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով:

 

Հոդված 53. Մշակութային և պաշտանմունքի կատարման

տեղերի պաշտպանությունը

 

Առանց դիպչելու զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի Կոնվենցիայի և միջազգային համապատասխան ուրիշ փաստաթղթերի դրույթներին, արգելվում է.

ա) կատարել որևէ թշնամական գործողություն` ուղղված այն պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտանմունքի կատարման վայրերի դեմ, որոնք հանդիսանում են Ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն,

բ) այդպիսի օբյեկտներն օգտագործել ռազմական ուժեղացված պաշտպանության համար,

գ) այդպիսի օբյեկտները դարձնել բռնարարքների օբյեկտներ:

 

Հոդված 54. Քաղաքացիական բնակչության գոյատևման համար

անհրաժեշտ օբյեկտների պաշտպանությունը

 

1. Արգելվում է քաղաքացիական բնակչության շրջանում սովն օգտագործել որպես պատերազմի վարման մեթոդ:

2. Արգելվում է հարձակման ենթարկել կամ ոչնչացնել, դուրս տանել կամ շարքից հանել այն օբյեկտները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, այնպիսիք, ինչպիսիք են սննդամթերքի պահուստները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, խմելու ջրով մատակարարելու կառուցվածքները և ջրի պահուստները, ինչպես նաև ոռոգման կառուցվածքները` հատուկ նպատակ ունենալով թույլ չտալ դրանց օգտագործումը քաղաքացիական բնակչության կողմից կամ հակառակորդ պետության կողմից որպես գոյության պահպանման միջոց, անկախ դրդապատճառներից, լինի դա քաղաքացիական անձանց մեջ սով առաջացնելու, նրանց մեկնել ստիպելու նպատակով կամ որևէ այլ պատճառով:

3. 2 կետում նախատեսված արգելքները չեն կիրառվում այդ կետում նշված այնպիսի օբյեկտների նկատմամբ, որոնք հակառակորդ պետության կողմից օգտագործվում են.

ա) բացառապես նրա զինված ուժերի անձնակազմի գոյության պահպանման համար, կամ

բ) եթե ոչ թե գոյության պահպանման համար, ապա ռազմական գործողությունների ուղղակի պաշտպանության համար, պայմանով սակայն, որ այդ օբյեկտների դեմ ոչ մի դեպքում չեն ձեռնարկվում գործողություններ, որոնց հետևանքով կարելի է սպասել, որ քաղաքացիական բնակչությունը մնում է առանց պարենի կամ ջրի բավարար քանակության, որը բնակչության շրջանում կառաջացնի սով կամ կստիպի նրան մեկնել:

4. Այդ օբյեկտները չպետք է դառնան բռնարարքների օբյեկտ:

5. Ելնելով ներխուժումից իր ազգային տարածքի պաշտպանության համար կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի կենսականորեն կարևոր պահանջների ճանաչումից, թույլատրվում է 2 կետում նախատեսված արգելքներից նահանջ` կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նրա վերահսկած այնպիսի տարածքում, որտեղ դա հրամայաբար պահանջում է ռազմական անհրաժեշտությունը:

 

Հոդված 55. Բնական միջավայրի պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններ վարելիս հոգատարություն է ցուցաբերվում բնական միջավայրը լայնածավալ, երկարատև և լուրջ վնասից պաշտպանելու մասին: Այդպիսի պաշտպանությունն իր մեջ ներառում է պատերազմի վարման այնպիսի մեթոդների և միջոցների օգտագործման արգելում, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել, ինչպես կարելի է սպասել, այդպիսի վնաս կհասցնեն բնական միջավայրին և դրանով իսկ վնաս կպատճառեն բնակչության առողջությանը կամ գոյատևմանը:

2. Բնական միջավայրին բռնարարքի միջոցով վնաս հասցնելը արգելվում է:

 

Հոդված 56. Վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումների

և կառուցվածքների պաշտպանությունը

 

1. Վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումներն ու կառուցվածքները, այսինքն, ջրամբարները, ամբարտակները և ատոմային էլեկտրակայանները, չպետք է դառնան հարձակման օբյեկտ անգամ այն դեպքերում, երբ այդպիսի օբյեկտները հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ սարքավորումներում և կառուցվածքներում տեղավորված կամ դրանց մերձակա մյուս ռազմական օբյեկտները չպետք է դառնան հարձակման օբյեկտ, եթե այդպիսի հարձակումը կարող է այդպիսի սարքավորումներից կամ կառուցվածքներից առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

2. Հարձակումից` 1 կետում նախատեսված ընդհանուր պաշտպանությունը դադարում է`

ա) ջրամբարների և ամբարտակների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ինչ-որ այլ ձևով, որը տարբերվում է դրանց նորմալ գործողությունից, և ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով էական և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը.

բ) ատոմային էլեկտրակայանների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք էլեկտրական հոսանք են արտադրում ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով կայուն և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը.

գ) այդ սարքավորումներում և կառուցվածքներում տեղավորված կամ դրանց մերձակա մյուս ռազմական օբյեկտների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով էական և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը:

3. Բոլոր դեպքերում քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք շարունակում են օգտվել միջազգային իրավունքով նրանց տրամադրված լիակատար պաշտպանության իրավունքից, ներառյալ 57 հոդվածում նախատեսված նախազգուշական միջոցների ձեռնարկման ուղիով պաշտպանությունը: Եթե պաշտպանությունը դադարեցվում է, և 1 կետում հիշատակված որևէ սարքավորում կառուցվածք կամ ռազմական օբյեկտ ենթարկվում է հարձակման, ապա ձեռնարկվում են նախազգուշական բոլոր գործնական միջոցները խուսափելու համար վտանգավոր ուժերի ազատումից:

4. Արգելվում է 1 կետում նշված սարքավորումները, կառուցվածքները կամ ռազմական օբյեկտները դարձնել բռնարարքների օբյեկտ:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է ձգտեն խուսափել 1 կետում նշված սարքավորումներին և կառուցվածքներին մերձակա որևէ ռազմական օբյեկտ տեղավորելուց: Սակայն թույլատրվում են այնպիսի շինություններ, որոնք կառուցված են պաշտպանությունից օգտվող սարքավորումները և կառուցվածքները հարձակումից պաշտպանելու միակ նպատակի համար, և դրանք իրենք չպետք է դառնան հարձակման առարկա, պայմանով, որ դրանք չեն օգտագործվում ռազմական գործողություններ վարելու համար, բացառությամբ պաշտպանական գործողությունների, որոնք անհրաժեշտ են պաշտպանությունից օգտվող սարքավորումների կամ կառուցվածքների վրա հարձակումները ետ մղելու համար, և որ դրանց սպառազինությունը սահմանափակվում է զենքով, որն ընդունակ է միայն ետ մղելու պաշտպանությունից օգտվող սարքավորումների և կառուցվածքների վրա հակառակորդի հարձակումը:

6. Բարձր Պայմանավորվող Կողմերին և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին կոչ է արվում միմյանց միջև կնքել այլ համաձայնագրեր վտանգավոր ուժեր պարունակող օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունը ապահովելու համար:

7. Այն բանի համար, որպեսզի դյուրացվի այն օբյեկտների ճանաչումը, որոնք օգտվում են սույն հոդվածի պաշտպանությունից, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են դրանք նշել հատուկ նշանով` վառ նարնջագույն շրջանակների խմբի տեսքով, որոնք տեղադրվում են միևնույն առանցքի վրա, ինչպես ցույց է տրված Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 16 հոդվածում: Այդպիսի նշանացույցի բացակայությունը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկին ոչ մի կերպ չի ազատում սույն հոդվածով նրա վրա դրված պարտավորություններից:

 

ԳԼՈՒԽ 4-ՐԴ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 57. Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ

 

1. Ռազմական օպերացիաներ անցկացնելիս մշտապես հոգատարություն է ցուցաբերվում խնայելու քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները:

2. Հարձակումների վերաբերմամբ ձեռնարկվում են նախազգուշական հետևյալ միջոցները.

ա. 1) անում են գործնականորեն ամեն հնարավորը, որպեսզի համոզվեն, որ հարձակման օբյեկտները չեն հանդիսանում ոչ քաղաքացիական անձինք, ոչ քաղաքացիական օբյեկտներ և ենթակա չեն հատուկ պաշտպանության, այլ հանդիսանում են ռազմական օբյեկտներ 52 հոդվածի (2կետ) նշանակությամբ և, որ սույն Արձանագրության դրույթներին համապատասխան դրանց վրա հարձակումը չի արգելվում:

ա. 2) Հարձակման միջոցները և մեթոդներն ընտրելիս ձեռնարկում են նախազգուշական գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այն հաշվով, որպեսզի խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում կյանքի պատահական կորուստներից, քաղաքացիական անձանց վիրավորվելուց և քաղաքացիական օբյեկտներին պատահական վնաս հասցնելուց և, համենայն դեպս, դրանք նվազագույնի հասցնեն.

ա. 3) Ձեռնպահ են մնում ցանկացած այնպիսի հարձակում իրականացնելու մասին որոշումներ ընդունելուց, որը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի կյանքի պատահական կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը թե մյուսը միասին, որոնք ավելի կոնկրետ կլինեին և ուղղակի ռազմական այն առավելության վերաբերմամբ, որը նախատեսվում է ստանալ.

բ) հարձակումը վերացվում կամ դադարեցվում է, եթե ակնառու է դառնում, որ օբյեկտը ռազմական չէ, որ այն ենթակա է հատուկ պաշտպանության կամ որ հարձակումը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի կյանքի պատահական կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում, վիրավորներ` քաղաքացիական անձանց մեջ և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը և թե մյուսը միասին, որոնք չափից ավելի կոնկրետ կլինեին և ուղղակի ռազմական այն առավելության վերաբերմամբ, որը նախատեսվում է ստանալ.

գ) արվում է նախնական արդյունավետ զգուշացում այլ հարձակումների մասին, որոնք կարող են դիպչել քաղաքացիական բնակչությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները թույլ չեն տալիս այդ բանն անել:

3. Երբ հնարավոր է ընտրության մի քանի ռազմական օբյեկտների միջև հավասարազոր ռազմական առավելություն ստանալու համար ընտրվում է այն օբյեկտը, որի վրա հարձակումը, ինչպես կարելի է սպասել. քաղաքացիական անձանց կյանքի համար և քաղաքացիական օբյեկտների համար կստեղծի ամենանվազ վտանգը:

4. Ծովում կամ օդում ռազմական գործողություններ անցկացնելիս, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ, միջազգային իրավունքի զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող նորմաների համաձայն իր իրավունքներին և պարտականություններին համապատասխան ձեռնարկում է նախազգուշական բոլոր խելամիտ միջոցները այն հաշվով, որպեսզի խուսափի կյանքի կորուստներից քաղաքացիական բնակչության շրջանում և քաղաքացիական օբյեկտներին պատճառվող վնասից:

5. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա որևէ հարձակում թույլատրող դրույթ:

 

Հոդված 58. Նախազգուշական միջոցները հարձակումների

հետևանքների վերաբերմամբ

 

Կոնֆլիկտների մեջ գտնվող կողմերը գործնականորեն հնարավոր առավելագույն չափով.

ա) ձգտում են առանց Չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածին վնասելու, իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտներին մերձակա շրջաններից,

բ) խուսափում են խիստ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց,

գ) ձեռնարկում են նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները ռազմական օպերացիաների հետևանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:

 

ԳԼՈՒԽ 5-ՐԴ
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՏԻՆԵՐԸ

 

Հոդված 59. Չպաշտպանվող վայրերը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին արգելվում է չպաշտպանվող վայրերը ենթարկել հարձակման որևէ եղանակով.

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են չպաշտպանվող վայր հայտարարել ցանկացած բնակելի կետ, որը գտնվում է զինված ուժերի շփման գոտում կամ դրան մոտ, որը օկուպացման համար բաց է նրա հակառակորդ կողմի առջև: Այդպիսի վայրը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

ա) բոլոր կոմբատանտները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և շարժական ռազմական հանդերձանքը պետք է էվակուացված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները և կառուցվածքները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով.

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ.

դ) չպետք է ձեռնարկվի ոչ մի գործողություն ի պաշտպանություն ռազմական գործողությունների:

3. Այդ վայրում Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց առկայությունը և օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու միակ նպատակով այստեղ թողնված ոստիկանական ուժերի առկայությունը չեն հակասում 2 կետում շարադրված պայմաններին:

4. Հակառակորդ կողմին տրվում է 2 կետում նախատեսված հայտարարություն, որում տրվում է չպաշտպանվող վայրի սահմանների հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որին ուղղված է այդպիսի հայտարարությունը, հաստատում է դրա ստացումը և այդ վայրի նկատմամբ վերաբերվում է որպես չպաշտպանվող վայրի, բացառությամբ այն դեպքերի, երբ 2 կետում նախատեսված պայմանները փաստորեն չեն պահպանվել. այդ դեպքում նշված կողմը այդ մասին անմիջապես տեղյակ է պահում հայտարարություն անող կողմին: Անգամ այն դեպքում, երբ 2 կետում շարադրված պայմանները չեն պահպանվել, այդպիսի վայրը շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են համաձայնել վայրերը չպաշտպանվող հայտարարել, անգամ եթե այդպիսի վայրերը չեն համապատասխանում 2 կետի պայմաններին: Այդպես համաձայնագրի մեջ պետք է հնարավորին չափ առավել ճշգրիտ տրվեն չպաշտպանվող վայրի սահմանների բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այդ համաձայնագրի մեջ կարող են նախատեսվել վերահսկողության մեթոդները:

6. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի համաձայնագրի առարկա հանդիսացող վայրը, նշում է այդ վայրը, որքան դա հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ նրանք հստակ երևում են, հատկապես ըստ վայրի պարագծի, նրա սահմաններում և ճյուղային ճանապարհներում:

7. Վայրը կորցնում է չպաշտպանվող վայրի իր կարգավիճակը, երբ դադարում է համապատասխանել 2 կետում կամ 5 կետում հիշատակված համաձայնագրում շարադրված պայմաններին: Այդ դեպքում այդ վայրը շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

 

Հոդված 60. Ապառազմականացված գոտիները

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին արգելվում է իրենց ռազմական օպերացիաները տարածել այն գոտիների վրա, որոնց նրանք համաձայնագրով տրամադրել են ապառազմականացված գոտիների կարգավիճակ, եթե այդպիսի տարածումը հակասում է այդպիսի համաձայնագրի դրույթներին:

2. Այդպիսի համաձայնագիրը պետք է լինի հստակ արտահայտված համաձայնագիր, որը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով անմիջականորեն, կամ Հովանավոր տերության կամ ցանկացած անկանխակալ մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ, և կարող է իրենից ներկայացնել փոխադարձ և համաձայնեցված հայտարարություններ: Համաձայնագիրը կարող է կնքվել խաղաղ ժամանակ, ինչպես նաև ռազմական գործողություններն սկսելուց հետո, և դրա մեջ պետք է տրված լինեն ապառազմականացված գոտու հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը:

3. Այդպիսի համաձայնագրի առարկան սովորաբար հանդիսանում է այն գոտին, որը համապատասխանում է հետևյալ պայմաններին.

ա) բոլոր կոմբատանտները, ինչպես նաև շարժական մարտական միջոցները և շարժական մարտական ռազմական հանդերձանքը պետք է էվակուացված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները և կառուցվածքները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով,

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ, և

դ) ռազմական ջանքերի հետ կապված ամեն մի գործողություն պետք է դադարեցվի: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է համաձայնության գան այն մեկնաբանման վերաբերյալ, որ պետք է տալ դ) ենթակետում շարադրված պայմաններին և այն անձանց վերաբերյալ, որոնց պետք է թույլատրվի մուտք գործել ապառազմականացված գոտի, բացի 4 կետում հիշատակված անձանցից:

4. Այդ գոտում Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք այստեղ են թողնվել օրինականության և կարգ ու կանոնի պահպանման միակ նպատակով, չի հակասում 3 կետում շարադրված պայմաններին:

5. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի գոտին, այն նշում է, որքան դա հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ դրանք հստակ են երևում, հատկապես ըստ գոտու պարագծի, դրա սահմաններում և խճուղային ճանապարհներում:

6. Եթե ռազմական գործողությունները մոտենում են ապառազմականացված գոտուն, և եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը եկել են այդպիսի համաձայնության, դրանցից ոչ մեկը չի կարող այդ գոտին օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք առնչություն ունեն ռազմական գործողությունների վարման հետ, կամ միակողմանիորեն վերացնել այդ գոտու կարգավիճակը:

7. Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկը թույլ տա 3 և 6 կետերի դրույթների էական խախտում, մյուս կողմն ազատվում է այդ գոտուն ապառազմականացված գոտու կարգավիճակ տրամադրելու մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից: Այդպիսի դեպքում այդ գոտին կորցնում է իր կարգավիճակը, բայց շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

 

ԳԼՈՒԽ 6-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 61. Սահմանումները և կիրառման ոլորտը

 

Սույն Արձանագրության նպատակների համար.

ա) «Քաղաքացիական պաշտպանությունը» հանդիսանում է մի քանի կամ ստորև հիշատակված մարդասիրական բոլոր այն խնդիրների կատարումը, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի քաղաքացիական բնակչությանը պաշտպանեն վտանգներից և օգնեն նրան վերացնելու ռազմական գործողությունների կամ աղետների անմիջական հետևանքները, ինչպես նաև նրա գոյատևման համար ստեղծեն անհրաժեշտ պայմաններ: Այդ խնդիրներն են հանդիսանում.

ա. 1) ծանուցումը,

ա. 2) էվակուացումը,

ա. 3) պատսպարանների տրամադրումը և դրանց կարգավորումը,

ա. 4) լուսաքողարկման միջոցառումների անցկացումը,

ա. 5) փրկարար աշխատանքները,

ա. 6) բժշկական սպասարկումը` ներառյալ առաջին օգնությունը, ինչպես նաև կրոնական օգնությունը,

ա. 7) պայքարը հրդեհների դեմ,

ա. 8) վտանգավոր շրջանների հայտնաբերումը և նշումը,

ա. 9) վնասազերծումը և պաշտպանության մյուս համանման միջոցառումները,

ա.10) ապաստանի շտապ տրամադրումը և մատակարարումը,

ա.11) շտապ օգնությունը աղետի շրջաններում կարգ ու կանոնի վերականգնմանը

և պահպանմանը,

ա.12) անհրաժեշտ կոմունալ ծառայությունների վերականգնումը,

ա.13) դիակների արագ թաղումը,

ա.14) օգնությունը` գոյատևման համար էապես անհրաժեշտ օբյեկտների

պահպանմանը,

ա.15) վերը շարադրված խնդիրներից ցանկացած խնդրի իրականացման համար

անհրաժեշտ լրացուցիչ գործունեությունը, ներառյալ պլանավորումը և

կազմակերպումը, բայց դրանով չսահմանափակվող գործունեությունը:

բ) «քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը» նշանակում են հիմնարկներն ու կազմակերպված մյուս միավորները, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի իշխանությունների կողմից կազմակերպվել են կամ լիազորվել կատարելու ա) կետում հիշատակված խնդիրներից ցանկացած խնդիրը, և որոնք նախատեսված և օգտագործվում են բացառապես այդ խնդիրները կատարելու համար,

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «անձնակազմ» նշանակում են այնպիսի անձինք, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես ա) կետում հիշատակված խնդիրների կատարման համար, ներառյալ այնպիսի անձնակազմը, որը կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նշանակված է այդ կազմակերպությունները կառավարելու համար,

դ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «նյութական մաս» նշանակում են քաղաքացիական պաշտպանության` ա) կետում հիշատակված խնդիրների կատարման համար այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող սարքավորումը, նյութերը և տրանսպորտի միջոցները:

 

Հոդված 62. Ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունները և դրանց անձնակազմն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն Արձանագրության դրույթներին համապատասխան, հատկապես տվյալ բաժնի դրույթներին համապատասխան: Նրանք իրավունք ունեն կատարելու քաղաքացիական պաշտպանության գծով իրենց հանձնարարված խնդիրները, բացառությամբ ստիպողական ռազմական անհրաժեշտության դեպքերի:

2. 1 կետի դրույթները կիրառվում են նաև այն քաղաքացիական անձանց նկատմամբ, ովքեր թև չեն հանդիսանում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անդամներ, բայց իրավասու իշխանությունների կոչով և դրանց վերահսկողության ներքո կատարում են քաղաքացիական պաշտպանության խնդիրներ:

3. Սույն Արձանագրության 52 հոդվածը տարածվում է քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության համար տրամադրվող պատսպարանների վրա: Քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող օբյեկտները չեն կարող ոչնչացվել կամ օգտագործվել ոչ նրանց ուղղակի նշանակությամբ, բացի այն պետության կողմից, որին նրանք պատկանում են:

 

Հոդված 63. Քաղաքացիական պաշտպանությունը օկուպացված

տարածքներում

 

1. Օկուպացված տարածքներում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները իրենց խնդիրների կատարման համար իշխանություններից ստանում են անհրաժեշտ աջակցություն: Ոչ մի հանգամանքներում դրանց անձնակազմը չի կարող պարտադրվել մի գործունեության, որը կդժվարացներ այդ խնդիրների պատշաճ կատարումը: Օկուպացրած տերությունը ոչ մի փոփոխություն չի մտցնում այդ կազմակերպությունների կառուցվածքի կամ անձնակազմի մեջ, որ կարող էր սպառնալիքի տակ դնել այդ խնդիրների արդյունավետ կատարումը: Այդ կազմակերպություններից չի պահանջվում այդ տերության քաղաքացիներին կամ շահերին գերապատվության տրամադրում:

2. Օկուպացրած տերությունը չպետք է քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին ստիպի, հարկադրի կամ դրդի իրենց խնդիրները կատարել այնպես, որպեսզի դա որևէ բանով կործանարար ներազդեցություն ունենա քաղաքացիական բնակչության շահերի վրա:

3. Օկուպացված տերությունը կարող է քաղաքացիական պաշտպանության անձնակազմը զինաթափել` անվտանգության նկատառումներով:

4. Օկուպացրած տերությունը չպետք է ոչ փոխի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին պատկանող կամ դրանց կողմից օգտագործվող շենքերի կամ նյութական մասի ուղղակի նշանակությունը, ոչ բռնագրավի դրանք, եթե նշանակության այդպիսի փոփոխությունը կամ բռնագրավումը վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը:

5. Այն պայմանով, որ 4 կետում բովանդակված ընդհանուր դրույթը շարունակում է պահպանվել, օկուպացրած տերությունը կարող է բռնագրավել կամ փոխել այդ ռեսուրսների նշանակությունը հետևյալ կոնկրետ պայմանների առկայության դեպքում.

ա) որ այդ շենքերը և նյութական մասը անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության այլ կարիքների համար, և

բ) որ բռնագրավումը և նշանակության փոփոխությունը կատարվում են մինչև այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդպիսի անհրաժեշտություն:

6. Օկուպացրած տերությունը չպետք է փոխի պատսպարանների նշանակությունը, ոչ էլ բռնագրավի դրանք, որոնք նախատեսված են քաղաքացիական բնակչության կողմից օգտագործելու համար կամ անհրաժեշտ են այդ բնակչության համար:

 

Հոդված 64. Չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող

կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական

պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները և

միջազգային կոորդինացիոն կազմակերպությունները

 

1. 62, 63, 65 և 66 հոդվածների դրույթները կիրառվում են նաև չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անձնակազմի և նյութական մասի նկատմամբ, որոնք քաղաքացիական պաշտպանության 61 հոդվածում հիշատակված խնդիրները կատարում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի տարածքում` այդ կողմի համաձայնությամբ և վերահսկողության ներքո: Ցանկացած շահագրգիռ հակառակորդ կողմ այդպիսի օգնության մասին ծանուցում է այնպես արագ, որքան դա հնարավոր է: Սակայն այդ գործունեությունը անհրաժեշտ է իրականացնել կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի անվտանգության պատշաճ հաշվառմամբ հանդերձ:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, որոնք ստանում են օգնություն, որի մասին խոսվում է 1 կետում, և այդպիսի օգնություն տրամադրող Բարձր Պայմանավորվող Կողմերը պետք է, երբ դա անհրաժեշտ է, աջակցեն քաղաքացիական պաշտպանության բնագավառում այդպիսի գործունեության միջազգային կոորդինացմանը: Այդպիսի դեպքերում համապատասխան միջազգային կազմակերպությունների վրա տարածվում են սույն Գլխի դրույթները:

3. Օկուպացված տարածքներում օկուպացրած տերությունը կարող է չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների և միջազգային կոորդինացնող կազմակերպությունների գործունեությունն արգելել կամ սահմանափակել միայն այն դեպքում, երբ այդ տերությունը կարող է ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների պատշաճ կատարումը կամ իր սեփական միջոցներով, կամ օկուպացված տարածքում եղած միջոցներով:

 

Հոդված 65. Պաշտպանություն տրամադրելու դադարեցումը

 

1. Պաշտպանության տրամադրումը, որի իրավունքն ունեն քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը, պատսպարանները և նյութական մասը, դադարեցվում է միայն այն դեպքում, եթե դրանք, իրենց սեփական խնդիրներից բացի կատարում են հակառակորդին վնաս հասցնող գործողություններ կամ օգտագործվում են այդպիսի գործողություններ կատարելու համար: Սակայն պաշտպանության տրամադրումը կարող է դադարեցվել միայն այն բանից հետո, երբ արված է նախազգուշացում, որն ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ է, սահմանում է խելամիտ ժամկետ, և այն բանից հետո, երբ այդպիսի նախազգուշացումը ուշադրության չի արժանանում:

2. Հետևյալ գործողությունները չեն համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություններ

ա) քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը զինվորական իշխանությունների ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ,

բ) զինվորական անձնակազմի հետ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարման գործում կամ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների որոշ թվով զինծառայողների կցելը,

գ) այն հանգամանքը, որ քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը կարող է զուգընթացաբար օգուտ բերել զինվորականների թվից տուժածներին, մասնավորապես նրանց, ովքեր շարքից դուրս են եկել:

3. Կարգուկանոնի պահպանման կամ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի կողմից անձնական թեթև զենքի կրումը ևս չի համարվում այնպիսի գործողություն, որը վնաս է հասցնում հակառակորդին: Սակայն, ցամաքի շրջաններում, որտեղ տեղի են ունենում, կամ, հավանաբար, կարող են տեղի ունենալ մարտեր, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` նպատակ ունենալով այդ զենքը սահմանափակել այնպիսի ձեռքի զենքով, ինչպիսիք են ատրճանակները, որպեսզի հեշտ լինի քաղաքացիական պաշտպանության անձնակազմը տարբերել կոմբատանտներից: Անգամ, եթե այդպիսի շրջաններում քաղաքացիական պաշտպանության անձնակազմը կրում է անձնական թեթև զենքի ուրիշ տեսակներ, այդ անձնակազմը, այնուամենայնիվ, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից, հենց որ ճանաչվում է որպես այդպիսին:

4. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների ձևավորումը զինվորական ձևով և դրանցում պարտադիր ծառայությունը ևս դրանց չեն զրկում սույն Գլխով տրամադրվող պաշտպանությունից:

 

Հոդված 66. Ճանաչումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որպեսզի քաղաքացիական պաշտպանության իր կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը և նյութական մասը կարողանան ճանաչվել այն ժամանակ, երբ դրանք նախատեսված են բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար: Հարկ է նույն ձևով ապահովել քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատսպարանների ճանաչելիությունը:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է նաև ընդունել և կիրառել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ճանաչել քաղաքացիական պատսպարանները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության անձնակազմը, շենքերը և նյութական մասը, որոնց վրա տեղադրվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանը:

3. Օկուպացված տարածքներում և շրջաններում, որտեղ մարտեր են տեղի ունենում կամ կարող են տեղի ունենալ, քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմը ճանաչվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանի և կարգավիճակը հաստատող անձնական վկայականի օգնությամբ:

4. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշան է հանդիսանում նարնջագույն ֆոնի վրա կապույտ հավասարակողմ եռանկյունին, երբ այն օգտագործվում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների, դրանց անձնակազմի, շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական պատսպարանների պաշտպանության համար:

5. Տարբերիչ նշանից բացի, քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են պայմանավորվել տարբերիչ ազդանշանային նշանների օգտագործման վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-4 կետերի դրույթների կիրառումը կանոնակարգվում է սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 5-րդ Գլխով:

7. Խաղաղ ժամանակ, 4 կետում նկարագրված տարբերիչ նշանից պետական իրավասու իշխանությունների համաձայնությամբ կարելի է օգտվել քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով:

8. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանի օգտագործման նկատմամբ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ և դրա որևէ չարաշահումը կանխելու և կասեցնելու համար:

9. Քաղաքացիական պաշտպանության բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների ճանաչումը ևս կանոնակարգվում է 18 հոդվածով:

 

Հոդված 67. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար

նշանակված զինված ուժերի անձնական կազմը և

զինվորական ստորաբաժանումները

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված զինված ուժերի անձնական կազմը և զինվորական ստորաբաժանումները հարգանքից և պաշտպանությունից օգտվում են պայմանով, որ

ա) այդպիսի անձնական կազմը և զինվորական ստորաբաժանումները նշանակված են մշտական և զբաղվում են բացառապես 61 հոդվածում հիշատակված խնդիրներից ցանկացած խնդրի կատարմամբ,

բ) այդ ձևով նշանակված այդ անձնական կազմը կոնֆլիկտի ժամանակ չի կատարում ռազմական որևէ այլ պարտականություն,

գ) այդպիսի անձնական կազմը զինված ուժերի կազմի մեջ մտնող մյուս անձանցից տարբերվում է աչքի ընկնող տեղում կրվող քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանով, որը պետք է լինի այնքան խոշոր, որքան դա հնարավոր է, և այդ անձնական կազմը ապահովվում է սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 5-րդ Գլխում հիշատակված անձնական վկայականով, որը հաստատում է նրա կարգավիճակը,

դ) այդպիսի անձնական կազմը և այդպիսի զինվորական ստորաբաժանումները զինված են միայն անձնական թեթև զենքով` կարգուկանոնը պահպանելու նպատակով և ինքնապաշտպանության համար: 65 հոդվածի (3 կետ) դրույթները ևս կիրառվում են այս դեպքում,

ե) այդպիսի անձնական կազմը անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին և չի կատարում կամ չի օգտագործվում, բացի քաղաքացիական պաշտպանության իր խնդիրներից, հակառակորդ կողմին վնաս հասցնող գործողություններում,

է) այդպիսի անձնական կազմը և այդպիսի զինվորական ստորաբաժանումները քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարում են իրենց երկրի ազգային տարածքի սահմաններում:

Վերը շարադրված պայմանները չպահպանելը զինված ուժերի կազմի մեջ մտնող ցանկացած անձի կողմից, որը կապված է վերը` ա) և բ) կետերում նախատեսված պայմաններով, արգելվում է:

2. Զինված ուժերի կազմի մեջ մտնող և քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններում ծառայող անձինք, եթե նրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում են ռազմագերիներ: Օկուպացված տարածքում, այն դեպքում, եթե առաջանում է դրա անհրաժեշտությունը, նրանք կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար, բայց միայն ի շահ այդ տարածքի քաղաքացիական բնակչության և պայմանով, որ, եթե այդպիսի աշխատանքը վտանգավոր է, նրանք կամավոր են համաձայնում կատարել այդ աշխատանքը:

3. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված զինվորական ստորաբաժանումների շենքերը, խոշոր սարքավորումը և տրանսպորտային միջոցները պետք է հստակ նշվեն քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանով: Այդ տարբերիչ նշանը պետք է լինի այնքան խոշոր, որքան դա հնարավոր է:

4. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված և բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար նախատեսված զինվորական ստորաբաժանումների նյութական մասը և շենքերը, այն դեպքում, երբ դրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ, շարունակում են ենթարկվել պատերազմի օրենքներին: Դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի քաղաքացիական պաշտպանության նպատակներից, այնքան ժամանակ, քանի դեռ դրանք պահանջվում են քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարելու համար, բացառությամբ պարտադիր ռազմական անհրաժեշտության դեպքերի, եթե միայն նախօրոք չեն ձեռնարկվել միջոցներ քաղաքացիական բնակչության կարիքների բավարար ապահովման համար:

 

-----------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
08.06.1977
Արձանագրություն