Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԺՆԵՎԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1)

/68-102 հոդվածներ/

 

Ընդունվել է Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային
մարդասիրական իրավունքի ամրապնդման և զարգացման հարցերով դիվանագիտական
կոնֆերանսի կողմից` 1977 թվականի հունիսի 8-ին

 

Ուժի մեջ է մտել 1978 թվականի դեկտեմբերի 7-ին` համաձայն 95 հոդվածի

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

 

Հոդված 68 Կիրառման ոլորտը

 

Սույն Բաժնի դրույթները կիրառվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ, ինչպես դա սահմանված է սույն Արձանագրությամբ, և հանդիսանում են 23, 55, 59, 60, 61 և 62 և Չորրորդ կոնվենցիայի մյուս համապատասխան դրույթների լրացումը:

 

Հոդված 69. Հիմնական պահանջմունքները օկուպացված

տարածքներում

 

1. Ի լրումն Չորրորդ կոնվենցիայի 55 հոդվածում թվարկված պարտավորությունների, որոնք վերաբերում են պարենով ու դեղամիջոցներով մատակարարելուն, օկուպացրած տերությունը, առավելագույն հնարավոր չափով, օգտագործելով իր ունեցած միջոցները և առանց որևէ աննպաստ տարբերության, ապահովում է նաև հագուստով, անկողնային պարագաներով, ապաստանի միջոցներով և այլ այն պահուստներով մատակարարումը, որոնք կենսականորեն կարևոր օկուպացված տարածքում քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպես նաև այնպիսի պարագաներով մատակարարումը, որոնք անհրաժեշտ են կրոնական արարողություններ կատարելու համար:

2. Օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչությանը օգնություն ցույց տալու միջոցառումները կարգավորվում են Չորրորդ կոնվենցիայի 59, 60, 61, 62, 108, 109, 110 և 111 հոդվածներով, ինչպես նաև սույն Արձանագրության 71 հոդվածով, և իրականացվում են առանց ուշացվելու:

 

Հոդված 70. Օգնություն ցուցաբերելու օպերացիաները

 

1. Եթե կոնֆլիկտին մասնակցող կողմի վերահսկողության տակ գտնվող ցանկացած տարածքի քաղաքացիական բնակչությունը, բացի օկուպացված տարածքից, ոչ բավարար է ապահովվում 69 հոդվածում հիշատակված պահուստներով, ապա անցկացվում են օգնություն ցուցաբերելու օպերացիաներ, որոնք կրում են մարդասիրական և անկողմնակալ բնույթ և իրականացվում են ըստ օգնություն ցուցաբերելու այդպիսի օպերացիաների նկատմամբ շահագրգիռ կողմերի միջև կնքված պայմանագրի` առանց որևէ աննպաստ տարբերության: Օգնություն ցուցաբերելու մասին վերը նշված պայմաններին համապատասխանող առաջարկությունները չեն դիտվում որպես միջամտություն զինված կոնֆլիկտին կամ որպես ոչ բարեկամական գործողություններ: Օգնության մատակարարումները բաշխելիս գերապատվությունը տրվում է այնպիսի անձանց, ինչպես երեխաներն են, հղի կանայք, ծննդաբեր և կերակրող կանայք, որոնք Չորրորդ կոնվենցիային կամ սույն Արձանագրությանը համապատասխան օգտվում են հատուկ արտոնություններից և հատուկ պաշտպանությունից:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ թույլ են տալիս արագ և անարգել փոխադրումը բոլոր մատակարարումների, սարքավորման և անձնակազմի, որոնք տրամադրվում են օգնություն ցուցաբերելու նպատակով տվյալ բաժնին համապատասխան, և նպաստում են այդ փոխադրմանը, եթե անգամ նման օգնությունը նախատեսվում է հակառակորդ կողմի քաղաքացիական բնակչության համար:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ, որոնք թույլատրում են օգնություն ցուցաբերելու նպատակով մատակարարումների, սարքավորման և անձնակազմի փոխադրումը, 2 կետին համապատասխան.

ա) իրավունք ունեն նշանակել տեխնիկական միջոցներ, ներառյալ ստուգումը, որոնց կատարման պայմաններում է թույլատրվում այդպիսի փոխադրումը,

բ) կարող են այդպիսի թույլտվությունը պայմանավորել նրանով, որպեսզի այդ օգնության բաշխումը կատարվի Հովանավոր տերության վերահսկողության ներքո,

գ) ոչ մի ձևով չեն փոխում օգնության մատակարարումների սկզբնական նշանակումը և ետ չեն պահում դրանց փոխադրումը, բացառությամբ պարտադրված շտապ անհրաժեշտության` ի շահ համապատասխան քաղաքացիական բնակչության:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն ապահովում են օգնության մատակարարումների պաշտպանությունը և աջակցում դրանց արագ բաշխմանը:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, և յուրաքանչյուր շահագրգիռ Բարձր Պայմանավորվող Կողմ խրախուսում են օգնություն ցուցաբերելու` 1 կետում հիշատակված օպերացիաների միջազգային արդյունավետ կոորդինացումը և նպաստում են այդ կոորդինացմանը:

 

Հոդված 71. Օգնություն ցուցաբերելու օպերացիաներին

մասնակցող անձնակազմը

 

1. Անհրաժեշտության դեպքում օգնության ցուցաբերման օպերացիաների կատարմանը նպաստելու համար անձնակազմի առանձնացումը, հատկապես օգնության մատակարարումների փոխադրման և բաշխման համար, կարող է կազմել այդ օպերացիաների մասը. օգնություն ցուցաբերելու օպերացիաներին այդպիսի անձնակազմի մասնակցության առթիվ պետք է ստացվի այն կողմի համաձայնությունը, որի տարածքում այդ անձնակազմը պետք է կատարի իր պարտականությունները:

2. Այդպիսի անձնակազմը օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

3. Օգնության մատակարարումներ ստացող յուրաքանչյուր կողմ գործնականորեն առավելագույն հնարավորության չափով օգնում է 1 կետում հիշատակված անձնակազմին կատարելու օգնություն ցուցաբերելու նրա առաքելությունը: Միայն պարտադրված ռազմական անհրաժեշտության դեպքում այդպիսի անձնակազմի գործունեությունը և նրա տեղափոխումները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:

4. Ոչ մի հանգամանքներում օգնություն ցուցաբերելու օպերացիաների անցկացման անձնակազմը չպետք է դուրս գա իր առաքելության սահմաններից սույն Արձանագրությանը համապատասխան: Մասնավորապես, այդ անձնակազմը պետք է ուշադրության առնի այն երկրի անվտանգության պահանջները, որի տարածքում կատարում է իր պարտականությունները: Տվյալ անձնակազմի մեջ մտնող ցանկացած այն անձի գործունեությունը, որը չի պահպանում այդ պայմանները, կարող է դադարեցվել:

 

ԲԱԺԻՆ 3-ՐԴ
ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 1-ԻՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 72. Կիրառման ոլորտը

 

Տվյալ Բաժնում բովանդակվող դրույթները հանդիսանում են կոնֆլիկտին մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների մարդասիրական պաշտպանությանը վերաբերող այն նորմաների լրացումը, որոնք բովանդակվում են Չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես, դրա 1-ին և 3-րդ մասերում, ինչպես նաև միջազգային իրավունքի` միջազգային զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մարդու հիմնական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմաների լրացումը:

 

Հոդված 73. Փախստականները և ապատրիդները

 

Այն անձինք, որոնք շահագրգիռ պետությունների կողմից ընդունված համապատասխան միջազգային ակտերի կամ պատսպարան հատկացրած պետության, կամ բնակության պետության ազգային օրենսդրության համաձայն մինչև պատերազմական գործողությունների սկիզբը դիտվել են որպես ապատրիդներ կամ փախստականներ, Չորրորդ կոնվենցիայի 1-ին և 3-րդ մասերի իմաստով հանդիսանում են պաշտպանությունից օգտվող անձինք` բոլոր հանգամանքներում և առանց որևէ աննպաստ տարբերության:

 

Հոդված 74. Անջատված ընտանիքների վերամիացումը

 

Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ցանկացած հնարավոր ուղիներով նպաստում են այն ընտանիքների վերամիացմանը, որոնք անջատվել են զինված կոնֆլիկտների հետևանքով և, մասնավորապես, խրախուսում են այդ խնդիրն իրականացնող մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին համապատասխան և անվտանգության դրանց համապատասխան կանոնների համաձայն:

 

Հոդված 75. Հիմնական երաշխիքները

 

1. Այն չափով, որչափ որ նրանց շոշափում է սույն Արձանագրության 1 հոդվածում նշված իրադրությունը, կոնֆլիկտին մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող, և Կոնվենցիաներին համապատասխան կամ սույն Արձանագրությանը համապատասխան առավել նպաստավոր վարվելակերպից չօգտվող անձանց հանդեպ բոլոր հանգամանքներում վերաբերվում են մարդասիրաբար և նրանք, որպես նվազագույնը, օգտվում են նույն հոդվածում նախատեսվող պաշտպանությունից, առանց որևէ աննպաստ տարբերության` հիմնված ռասայի, կաշվի գույքի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ կարգավիճակի հատկանիշների վրա, կամ որևէ այլ համանման չափանիշների վրա: Յուրաքանչյուր կողմ պետք է հարգանքով վերաբերվի այդպիսի բոլոր անձանց անհատի, պատվի, համոզմունքների և կրոնական ծիսակատարությունների նկատմամբ:

2. Արգելված և ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում արգելված կմնան հետևյալ գործողությունները, անկախ այն բանից` դրանք կատարում են քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական մարմինների ներկայացուցիչները.

ա) բռնությունը անձանց կյանքի, առողջության և ֆիզիկական կամ հոգեկան վիճակի նկատմամբ,

ա.1) սպանությունը,

ա.2) բոլոր տեսակի խոշտանգումները, լինեն դրանք ֆիզիկական թե հոգեկան

ա.3) մարմնական պատիժները, և

ա.4) խեղումները

բ) անարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունքը, պոռնկության ստիպելը կամ անարժան ոտնձգությունը` ցանկացած ձևով,

գ) պատանդներ վերցնելը,

դ) կոլեկտիվ պատիժները, և

ե) վերը նշված գործողություններին ցանկացած գործողությունով սպառնալը:

3. Ռազմական կոնֆլիկտի հետ կապված գործողությունների համար ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող ցանկացած անձ առանց ուշացվելու նրա համար հասկանալի լեզվով պետք է տեղյակ պահվի այդպիսի միջոցների ձեռնարկման պատճառների մասին: Բացառությամբ քրեական իրավախախտումների համար ձերբակալման կամ կալանման դեպքերի, այդպիսի անձինք պետք է ազատվեն ցանկացած դեպքում, հենց որ ձերբակալումը, կալանումը կամ ներկալումը արդարացնող հանգամանքները դադարեն գոյություն ունենալուց:

4. Զինված կոնֆլիկտի հետ կապված քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ չի կարող կայացվել ոչ մի վճիռ, և նա չի կարող ենթարկվել ոչ մի պատժի, առանց անկողմնակալ և հարկ եղածին պես հիմնված այնպիսի դատարանի որոշման, որը պահպանում է սովորական դատավարության համընդհանուր ճանաչված սկզբունքները, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալը.

ա) ընթացակարգը պետք է նախատեսի, որպեսզի մեղադրյալն առանց ուշացվելու տեղեկացվի որպես մեղադրանք նրան հարուցվող իրավախախտման մանրամասների մասին, և մեղադրյալին մինչև դատը և դատի ժամանակ տրամադրվեն պաշտպանության բոլոր անհրաժեշտ իրավունքները և միջոցները,

բ) ոչ մի անձ չի կարող իրավախախտման համար դատապարտվել, բացի քրեական պատասխանատվության հիմքից,

գ) ոչ մի անձ չի կարող մեղադրվել քրեական իրավախախտում կատարելու մեջ կամ դրա համար դատապարտվել ցանկացած այնպիսի գործողության կամ բացթողման հիման վրա, որոնք իրենցից քրեական իրավախախտում չեն ներկայացրել ազգային օրենսդրության կամ միջազգային իրավունքի նորմաներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվել է այդ անձի վրա այդպիսի գործողություն կատարելու կամ բացթողում թույլ տալու ժամանակ: Հավասարապես չի կարող առավել խիստ պատիժ նշանակվել, քան այն պատիժը, որը կիրառվել է այն ժամանակ, երբ կատարվել է տվյալ իրավախախտումը, եթե իրավախախտում կատարելուց հետո օրենքով սահմանվում է առավել թեթև պատիժը, ապա այդ օրենքի գործողությունը տարածվում է և տվյալ իրավախախտողի վրա,

դ) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով,

ե) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր ներկայությամբ դատական քննություն կատարելու իրավունք,

է) ոչ մի անձ չի կարող հարկադրվել ցուցմունք տալու իր դեմ կամ իրեն ճանաչել մեղավոր,

ը) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունք, կամ պահանջելու, որպեսզի այդ վկաները հարցաքննվեն, ինչպես նաև իր օգտին վկաների կանչելու և հարցաքննելու իրավունք` այդ նույն պայմաններով, ինչ որ նրա դեմ ցուցմունքներ տվող վկաների համար,

թ) ոչ մի անձ չի կարող իրավախախտման համար հետապնդվել կամ պատժվել այդ նույն կողմից, որի համար այդ նույն օրենքին համապատասխան և դատական գործընթացով տվյալ անձի նկատմամբ արդեն ավելի վաղ կայացվել է արդարացնող կամ նրան դատապարտող վերջնական վճիռ,

ժ) յուրաքանչյուր մարդ, որը իրավախախտման համար հետապնդվում է դատական կարգով, ունի այն բանի իրավունքը, որպեսզի դատարանի վճիռը ընթերցվի հրապարակայնորեն, և

ի) վճիռ կայացնելիս, դատապարտյալին պետք է տեղեկացվի և դատական կամ այլ կարգով գանգատարկելու նրա իրավունքի մասին, ինչպես և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

5. Կանայք, որոնց ազատությունը սահմանափակվում է զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով, պահվում են տղամարդկանց շենքերից անջատ շենքերում: Նրանք գտնվում են կանանց անմիջական հսկողության ներքո: Սակայն, այն դեպքերում, երբ կալանման կամ ներկալման են ենթարկվում ընտանիքներ, դրանք, հնարավորության սահմաններում տեղավորվում են միևնույն տեղում և պահվում են որպես առանձին ընտանիքներ:

6. Զինված կոնֆլիկտների հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող անձինք օգտվում են տվյալ հոդվածով նախատեսված պաշտպանությունից մինչև նրանց վերջնական ազատումը, հայրենադարձությունը կամ նրանց գործերի կարգավորումը` նույնիսկ մինչև զինված կոնֆլիկտի ավարտը:

7. Ռազմական հանցագործությունների մեջ կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետապնդման և նրանց դատելու վերաբերմամբ ցանկացած տարակուսանքից խուսափելու նպատակով, կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) այդպիսի հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք պետք է հետապնդվեն և դատարան հանձնվեն միջազգային իրավունքի կիրառվող նորմաներին համապատասխան, և

բ) ցանկացած այդպիսի անձինք, ովքեր Կոնվենցիաներին համապատասխան կամ սույն Արձանագրության համաձայն չեն օգտվում առավել նպաստավոր վարվելակերպից, օգտվում են սույն հոդվածով նախատեսված վարվելակերպից, անկախ այն բանից` այն հանցագործությունները, որոնց մեջ նրանք մեղադրվում են, հանդիսանո՞ւմ են, թե՞ չեն հանդիսանում Կոնվենցիաների և սույն Արձանագրության լուրջ խախտումներ:

8. Սույն հոդվածի դրույթներից ոչ մի դրույթ չի կարող օգտագործվել միջազգային իրավունքի կիրառվող ցանկացած նորմաներին համապատասխան այն անձանց մեծ պաշտպանություն հատկացնող ցանկացած առավել նպաստավոր վիճակը սահմանափակող կամ վնաս բերող դրույթ, որոնց մասին խոսվում է 1 կետում:

 

ԳԼՈՒԽ 2-ՐԴ
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 76. Կանանց պաշտպանությունը

 

1. Կանայք օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը, մասնավորապես, բռնաբարությունից, պոռնկության ստիպելուց և անվայելուչ ոտնձգությունների ցանկացած մյուս ձևերից:

2. Այն հղի կանանց և փոքրահասակ երեխաների այն մայրերի գործերը, որոնցից կախված են այդպիսի երեխաները, և որոնք ռազմական կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ենթարկվում են ձերբակալման, կալանման կամ ներկալման, քննարկվում են առաջնահերթ կարգով:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության չափով ձգտում են խուսափել ռազմական կոնֆլիկտի հետ կապված իրավախախտումների համար հղի կանանց կամ փոքրահասակ երեխաների այն մայրերի նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուց, որոնցից կախված են այդ երեխաները: Այդպիսի կանանց նկատմամբ այդպիսի իրավախախտումների համար մահվան դատավճիռը ի կատար չի ածվում:

 

Հոդված 77. Երեխաների պաշտպանության միջոցները

 

1. Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այն բանի համար, որպեսզի տասնհինգ տարեկանին չհասած երեխաներն անմիջական մասնակցություն չունենան ռազմական գործողություններին, և մասնավորապես, կողմերը ձեռնպահ են մնում իրենց զինված ուժերի մեջ նրանց հավաքագրումից: Տասնհինգ տարեկանին հասած, բայց դեռ տասնութ տարին չլրացած անձանց թվից հավաքագրելիս, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձգտում են նախապատվությունը տալ առավել ավագ հասակի անձանց:

3. Եթե, բացառիկ դեպքերում, հակառակ 2 կետի դրույթների, տասնհինգ տարին չլրացածները անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին և ընկնում հակառակ կողմի իշխանության տակ, նրանք շարունակում են օգտվել սույն հոդվածով հատկացվող հատուկ պաշտպանությունից, անկախ այն բանից` նրանք հանդիսանո՞ւմ են ռազմագերիներ, թե՞ ոչ:

4. Զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման դեպքում, երեխաները պահվում են մեծահասակների շենքերից անջատ շենքերում, բացի այն դեպքերից երբ ընտանիքները տեղավորվում են առանձին, ինչպես դա նախատեսված է 75 հոդվածով (կետ 5):

5. Զինված կոնֆլիկտի հետ կապված իրավախախտման համար մահվան դատավճիռը ի կատար չի ածվում այն անձանց նկատմամբ, ովքեր չեն հասել տասնութ տարեկան հասակին այն ժամանակ, երբ այդ իրավախախտումը կատարվել է:

 

Հոդված 78. Երեխաների էվակուացումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող ոչ մի կողմ միջոցներ չի ձեռնարկում օտարերկրյա պետություն էվակուացնելու երեխաներին, բացի միայն իր սեփական քաղաքացիներից, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսք է գնում ժամանակավոր էվակուացման մասին, որն անհրաժեշտ է երեխաների առողջական վիճակի կամ նրանց բուժման կամ, եթե նրանք չեն գտնվում օկուպացված տարածքում` նրանց անվտանգության հետ կապված անհետաձգելի պատճառներով: Այն դեպքում, եթե կարող են գտնվել ծնողները կամ օրինական խնամակալները, պահանջվում է այդպիսի էվակուացմանը նրանց գրավոր համաձայնությունը: Եթե այդպիսի անձինք չեն կարող գտնվել, ապա պահանջվում է այդպիսի էվակուացման այն անձանց գրավոր համաձայնությունը, որոնք օրենքով կամ սովորաբար կրում են երեխաների խնամքի գլխավոր պատասխանատվությունը: Ցանկացած այդպիսի էվակուացում անցկացվում է Հովանավոր տերության հսկողությամբ` շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելով, այսինքն, էվակուացումն իրականացնող կողմի հետ երեխաներին ընդունող կողմի և ցանկացած այն կողմի հետ համաձայնեցնելով, որոնց քաղաքացիները էվակուացվում են: Յուրաքանչյուր դեպքում կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր կողմերը ձեռնարկում են նախազգուշության գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները` խուսափելու էվակուացման համար սպառնալիք առաջանալուց:

2. 1 կետին համապատասխան էվակուացման իրականացման բոլոր դեպքերում, յուրաքանչյուր երեխայի ուսումը, ներառյալ նրա կրոնական և բարոյական դաստիարակությունը` նրա ծնողների ցանկությունների համաձայն, ապահովվում է, քանի դեռ նա գտնվում է էվակուացման մեջ, առավելագույն հնարավոր չափով անընդհատ:

3. Իրենց ընտանիքները և իրենց երկիրը այն երեխաների վերադարձը դյուրացնելու նպատակով, որոնք էվակուացվել են սույն հոդվածին համապատասխան, էվակուացումը իրականացնող կողմի իշխանությունները, և երբ դա նպատակահարմար է` ընդունող կողմի իշխանությունները յուրաքանչյուր երեխայի համար լրացնում են լուսանկարներով հանդերձ քարտ, որը նրանք ուղարկում են Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի Կենտրոնական տեղեկատու գործակալություն: Յուրաքանչյուր քարտի մեջ պետք է բովանդակվի, երբ դա հնարավոր է և երբ դա երեխային վնաս հասցնելու վտանգ չի ներկայացնում, հետևյալ տեղեկատվություն.

ա) երեխայի ազգանունը (ազգանունները).

բ) երեխայի անունը (անունները).

գ) երեխայի սեռը.

դ) ծննդյան տեղը և տարեթիվը (կամ, եթե ծննդյան տարեթիվն անհայտ է, մոտավոր հասակը).

ե) հոր լրիվ անունը.

զ) մոր լրիվ անունը և աղջկական ազգանունը, եթե այդպիսին պահպանվում է.

է) երեխայի մերձավոր հարազատները.

ը) երեխայի ազգությունը.

թ) երեխայի մայրենի լեզուն և ցանկացած այլ լեզուները, որոնցով նա խոսում է.

ժ) երեխայի ընտանիքի հասցեն.

ի) երեխայի ցանկացած անձնական համարը.

լ) երեխայի առողջական վիճակը.

խ) երեխայի արյան խումբը.

ծ) տարբերիչ նշանները.

կ) տարեթիվը և տեղը, որտեղ գտնվել է երեխան.

հ) երեխայի` իր երկրից մեկնելու տարեթիվը և այն տեղի անվանումը, որտեղից նա մեկնել է.

ձ) երեխայի կրոնը, եթե այդպիսին գոյություն ունի.

ղ) երեխայի իսկական հասցեն ընդունող երկրում.

ճ) մինչև վերադարձը երեխայի մահվան դեպքում` մահվան տարեթիվը, տեղը և հանգամանքները, և նրա թաղման տեղը:

 

ԳԼՈՒԽ 3-ՐԴ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 79. Լրագրողների պաշտպանության միջոցները

 

1. Զինված կոնֆլիկտի շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք 50 հոդվածի (1 կետ) նշանակությամբ:

2. Որպես այդպիսիք նրանք օգտվում են պաշտպանությունից Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ նրանք ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարում, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և գործում են առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` Երրորդ կոնվենցիայի 4 A) 4) հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին:

3. Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը մեջբերվում է սույն Արձանագրությանն առընթեր 2-րդ Հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, ու որտեղ նա աշխատում է, հավաստում է նրա ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրողի:

 

ՄԱՍ 5-ՐԴ

ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 80. Կատարման միջոցները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, առանց ձգձգելու ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ նրանց վրա դրված պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

2. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հրամաններ են արձակում և կարգադրություններ անում Կոնվենցիաների և սույն Արձանագրության իրագործման ապահովման նպատակով և վերահսկողություն են իրականացնում դրանց կատարման նկատմամբ:

 

Հոդված 81. Կարմիր խաչի և մարդասիրական մյուս

կազմակերպությունների գործունեությունը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը իրենց հնարավորությունների սահմաններում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին տրամադրում են բոլոր միջոցները, որոնք թույլ են տալիս կոմիտեին կատարելու կոնֆլիկտներից տուժածների պաշտպանության և օգնության ապահովման նպատակով Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ նրա վրա դրված մարդասիրական ֆունկցիաները: Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կարող է նաև իրականացնել ցանկացած այլ մարդասիրական գործունեություն հօգուտ այդպիսի տուժածների` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) իր համապատասխան կազմակերպություններին տրամադրում է միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացնելու համար իրենց մարդասիրական գործունեությունը հօգուտ տվյալ կոնֆլիկտից տուժածների` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից:

3. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ամենայն հնարավոր եղանակներով նպաստում են այն օգնությունը ցուցաբերելուն, որը Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) և Կարմիր խաչի ընկերությունների Լիգայի կազմակերպությունները տրամադրում են կոնֆլիկտներից տուժածներին` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր Խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից:

4. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը տրամադրում են, որքան դա հնարավոր կլինի, միջոցներ, համանման այն միջոցներին, որոնց մասին խոսվում է 2 և 3 կետերում, Կոնվենցիաներում և սույն Արձանագրության մեջ հիշատակված մյուս մարդասիրական կազմակերպություններին, որոնք պատշաճ ձևով լիազորված են կոնֆլիկտի մեջ գտնվող համապատասխան պետությունների կողմից, և իրենց մարդասիրական գործունեությունը ծավալում են Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին համապատասխան:

 

Հոդված 82. Իրավական խորհրդականները զինված ուժերում

 

Բարձր Պայմանավորվող կողմերը ցանկացած ժամանակ և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը զինված կոնֆլիկտի ժամանակաշրջանում ապահովում են իրավական խորհրդականների առկայությունը, որոնք կկարողանային, երբ դա անհրաժեշտ է, զինվորական հրամանատարներին համապատասխան մակարդակով խորհուրդներ տալ Կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման մասին և այդ հարցի առթիվ զինված ուժերը համապատասխանորեն հրահանգավորելու մասին:

 

Հոդված 83. Տարածումը

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ զինված կոնֆլիկտների ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել կոնվենցիաները և սույն Արձանագրությունը իրենց երկրներում և, մասնավորապես, դրանց ուսումնասիրումը մտցնել զինվորական պատրաստության ծրագրերի մեջ և քաջալերել դրանց ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից այն հաշվով, որպեսզի այդ փաստաթղթերը կարողանային հայտնի լինել զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը:

2. Ցանկացած զինվորական կամ քաղաքացիական իշխանություններ, որոնք զինված կոնֆլիկտների ժամանակ իրենց վրա են վերցնում Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառման պատասխանատվությունը, պետք է լրիվ ծանոթ լինեն դրանց տեքստերին:

 

Հոդված 84. Կիրառման կանոնները

 

Բարձր Պայմանավորվող Կողմերը ամենակարճ ժամկետներում, ավանդապահի միջնորդությամբ և, անհրաժեշտության դեպքում, Հովանավոր տերության միջնորդությամբ, միմյանց են ուղարկում սույն Արձանագրության իրենց պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքները և կանոնադրությունները, որոնք կարող են ընդունվել Արձանագրության կիրառումն ապահովելու համար:

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Հոդված 85. Սույն Արձանագրության խախտումների կասեցումը

 

1. Խախտումների և լուրջ խախտումների կասեցմանը վերաբերող Կոնվենցիաների դրույթները, որոնք լրացվել են սույն Բաժնի կողմից, կիրառվում են սույն Արձանագրության խախտումների և լուրջ խախտումների կասեցման նկատմամբ:

2. Այն գործողությունները, որոնք Կոնվենցիաներում բնութագրվում են որպես լուրջ խախտումներ, հանդիսանում են սույն Արձանագրության լուրջ խախտումներ, եթե դրանք կատարվում են հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող և սույն Արձանագրության 44, 45 և 73 հոդվածների պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմին պատկանող հիվանդների, վիրավորների և նավաբեկության ենթարկված և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող բժշկական կամ հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների կամ սանիտարա-տրանսպորտային միջոցների նկատմամբ:

3. Ի լրումն 11 հոդվածում լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն Արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված ի խախտումն սույն Արձանագրության համապատասխան դրույթների և հանդիսանում են մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի կամ առողջությանը հասցված վնասի պատճառ.

ա) քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վերածումը հարձակման օբյեկտի,

բ) անընտրական բնույթի այնպիսի հարձակման իրագործումը, որը շոշափում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտները, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա կյանքի անչափ կորուստների, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորվածների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածում, կետ 2ա), ա.3),

գ) վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումների և կառուցվածքների վրա հարձակման իրագործումը, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա կյանքի անչափ կորուստների, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորվածների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածում, կետ 2), ա.3),

դ) չպաշտպանվող վայրերի և ապառազմականացված գոտիների վերծանումը հարձակման օբյեկտի,

ե) հարձակում կատարելն այն անձի վրա, երբ հայտնի է, որ նա դադարել է մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին,

է) ի խախտումն 37 հոդվածի, Կարմիր խաչի, կարմիր Կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և Արևի` Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ ճանաչված տարբերիչ խորհրդանշանի կամ պաշտպանական մյուս նշանների երդմնազանց օգտագործումը:

4. Ի լրումն նախորդ կետերում և Կոնվենցիաներում նշված լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն Արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված և ի խախտումն Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության:

ա) օկուպացված տերության կողմից սեփական բնակչության մի մասի տեղափոխումը իր կողմից օկուպացվող տարածք կամ օկուպացված տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթը կամ տեղափոխումը այդ տարածքի սահմաններում կամ դրա սահմաններից դուրս` ի խախտումն Չորրորդ Կոնվենցիայի 49 հոդվածի,

բ) ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց հայրենադարձության չարդարացված ձգձգումը,

գ) ապարտեիդ և մյուս ոչ մարդասիրական և անհատի արժանապատվությունը վիրավորող, նվաստացուցիչ այնպիսի գործողությունների պրակտիկայի կիրառումը, որոնք հիմնված են ռասայի խտրականության վրա,

դ) պարզորոշ ճանաչվող այնպիսի պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի կատարման տեղերի վերածումը հարձակման օբյեկտի, որոնք հանդիսանում են ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, և որոնց հատուկ համաձայնագրով, կնքված, օրինակ, իրավասու կազմակերպությունների շրջանակներում, տրամադրվում է հատուկ պաշտպանություն, այդ հարձակման հետևանքով դրանց հասցվում են մեծ ավերումներ, երբ չկա վկայություն հակառակորդ կողմից 53 հոդվածի բ) կետի խախտման մասին և, երբ այդպիսի պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները և պաշտամունքի կատարման տեղերը չեն գտնվում ռազմական օբյեկտներից անմիջական մոտիկության սահմաններում,

է) Կոնվենցիաների պաշտպանությունից օգտվող կամ սույն հոդվածի 2 կետում հիշատակված անձին անկողմնակալ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը:

5. Առանց Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառմանը վնաս հասցնելու, այդ փաստաթղթերի լուրջ խախտումները դիտվում են որպես ռազմական հանցագործություններ:

 

Հոդված 86. Միջոցներ չձեռնարկելը

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է կասեցնեն լուրջ խախտումները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության բոլոր մյուս այն խախտումների կասեցման համար, որոնք հանդիսանում են այնպիսի միջոցներ չձեռնարկելու հետևանք, որոնք պետք է ձեռնարկվեն:

2. Այն փաստը, որ Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության խախտումը կատարվել է ենթակա անձի կողմից, նրա պետերին չի ազատում քրեական կամ կարգապահական պատասխանատվությունից` նայած դեպքի հանգամանքներին, եթե նրանք իմացել կամ իրենց տրամադրության տակ ունեցել են տեղեկատվություն, որը պետք է նրանց հնարավորություն ընձեռներ եզրակացության գալ այն իրադրության մեջ, որ գոյություն է ունեցել այն ժամանակ, որ այդպիսի ենթակա անձը կատարում է կամ մտադրվում է կատարել նման խախտում և, եթե իրենց իրավասությունների սահմաններում նրանք չեն ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այդպիսի խախտումը կանխարգելելու կամ կասեցնելու համար:

 

Հոդված 87. Հրամանատարների պարտականությունները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է զինվորական հրամանատարներից պահանջեն, որքան դա վերաբերում է նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ենթակայության տակ գտնվող մյուս անձանց, որպեսզի նրանք թույլ չտան Կոնվենցիաների և սույն Արձանագրության խախտումներ և անհրաժեշտության դեպքում կասեցնեն այդ խախտումները և դրանց մասին տեղյակ պահեն իրավասու իշխանություններին:

2. Խախտումները կանխելու և կասեցնելու նպատակով, Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն, որպեսզի հրամանատարները, նրանց վրա դրված պատասխանատվության սահմաններում, միջոցներ ձեռնարկեն այն բանի համար, որպեսզի նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք իմանան այն պարտականությունները, որոնք նրանց վրա դրվում են Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ:

3. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն յուրաքանչյուր հրամանատարից, որը տեղյակ է այն մասին, որ նրա վերահսկողության տակ գտնվող նրա ենթակաները կամ այլ անձինք, մտադրվում են կատարել կամ կատարել են Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության խախտում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության նման խախտումները և, անհրաժեշտության դեպքում, կարգապահական կամ քրեական հետապնդում հարուցեն նրանց նկատմամբ, ով թույլ է տվել նշված խախտումները:

 

Հոդված 88. Փոխադարձ օգնությունը քրեական հետապնդման

հարցերում

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը միմյանց առավելագույն աջակցություն են ցույց տալիս Կոնվենցիաների և սույն Արձանագրության լուրջ խախտումների դեպքում հարուցվող քրեական հետապնդման կապակցությամբ,

2. Առանց դիպչելու Կոնվենցիաներով և սույն Արձանագրության 85 հոդվածով (կետ 1) սահմանված իրավունքներին և պարտավորություններին, Բարձր Պայմանավորվող Կողմերը համագործակցում են այն բանում, որը վերաբերում է հանձնելուն: Դրանք հարկ եղած ձևով հաշվի են առնում այն պետության խնդրանքը, որի տարածքում է իբրև թե կատարվել տվյալ հանցագործությունը:

3. Բոլոր դեպքերում կիրառվում է հանձնման մասին խնդրանք ստացած Բարձր Պայմանավորվող Կողմի օրենսդրությունը: Սակայն, նախորդ կետերում բերված դրույթները չեն շոշափում ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրից բխող պարտավորությունները, որը լրիվ կամ մասնակիորեն սահմանում է, կամ կսահմանի փոխադարձ օգնություն ցուցաբերելը քրեական հետապնդման հարցերում:

 

Հոդված 89. Համագործակցությունը

 

Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության լուրջ խախտումների դեպքերում Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ձեռնարկել ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն միջոցներ` Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցության ասպարեզում և Միավորված Ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 90. Փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողովը

 

1. ա) Հիմնվում է փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողով (կոչվում է «Հանձնաժողով») տասնհինգ անդամների կազմով, որոնք ունեն բարոյական բարձր հատկանիշներ և ճանաչված անաչառություն:

բ) Այն բանից հետո, երբ քսանից ոչ պակաս Բարձր Պայմանավորվող Կողմեր համաձայնեն ընդունել Հանձնաժողովի իրավասությունը` 2 կետին համապատասխան, ավանդապահը այդ ժամանակ, իսկ հետագայում ամեն հինգ տարին մեկ, հրավիրում է այդպիսի Բարձր Պայմանավորվող Կողմերի կոնֆերանս Հանձնաժողովի անդամներ ընտրելու նպատակով: Կոնֆերանսում ներկայացուցիչները գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանձնաժողովի անդամներ այն ցուցակում եղած անձանցից, որի մեջ Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կարող է մտցնել մեկ թեկնածություն:

գ) Հանձնաժողովի անդամները անցնում են իրենց անձնական պարտականություններին և իրենց ֆունկցիաները կատարում ընդհուպ մինչև հաջորդ կոնֆերանսում նոր անդամների ընտրությունը:

դ) Ընտրությունների Ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերը հետևում են այն բանին, որպեսզի Հանձնաժողովում ընտրվող անձինք, յուրաքանչյուրն առանձին վերցրած, ունենա անհրաժեշտ հատկանիշներ և որպեսզի Հանձնաժողովում ընդհանուր առմամբ ապահովվի աշխարհագրական արդարացի ներկայացուցչությունը:

ե) Չնախատեսված թափուր տեղ առաջանալու դեպքում ինքը` Հանձնաժողովն է լրացնում այդ թափուր տեղը, ընդսմին հարկ եղածին պես հաշվի առնելով նախորդ ենթակետերի դրույթները:

է) Ավանդապահը Հանձնաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ վարչական օգնություն` նրա ֆունկցիաներն իրագործելու ասպարեզում:

2. ա) Արձանագրության ստորագրման, վավերացման կամ դրան միանալու ժամանակ կամ հետագա ցանկացած այլ ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են և առանց համանման պարտավորություն ստանձնող ցանկացած այլ Բարձր Պայմանավորվող Կողմի վերաբերմամբ հատուկ համաձայնագրի, unco fakto հայտարարել Հանձնաժողովի իրավասությունը այդպիսի այլ կողմի դիմումների հետաքննության նկատմամբ, ինչպես դա թույլատրվում է սույն հոդվածով:

բ) Վերը հիշատակված դիմումները հանձնվում են ավանդապահին, որն այդ դիմումների պատճենները ուղարկում է Բարձր Պայմանավորվող Կողմերին:

գ) Հանձնաժողովն իրավասու է.

գ. 1) հետաքննել ցանկացած փաստերը, որոնք, ինչպես ենթադրվում է, իրենցից ներկայացնում են լուրջ խախտումներ, ինչպես դա բնորոշվում է Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ, կամ Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության ուրիշ լուրջ խախտում:

գ. 2) իր բարի ծառայությունները մատուցելու միջոցով նպաստել Կոնվենցիաների և սույն Արձանագրության հանդեպ հարգալից վերաբերմունքի վերականգնմանը,

դ) այդ իրադրություններում Հանձնաժողովը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի խնդրանքով հետաքննություն է նշանակում միայն մյուս շահագրգիռ կողմի կամ կողմերի համաձայնությամբ:

ե) սույն կետի վերոհիշյալ դրույթների հաշվառմամբ, համապատասխանաբար Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Կոնվենցիաների 52 հոդվածի, 53 հոդվածի, 132 հոդվածի և 149 հոդվածի դրույթները շարունակում են կիրառվել Կոնվենցիաների ցանկացած ենթադրվող խախտման նկատմամբ և տարածվում են Արձանագրության ցանկացած ենթադրվող խախտման վրա:

3. ա) եթե շահագրգիռ կողմերի միջև չբերվի այլ համաձայնություն, ապա բոլոր հետաքննությունները կատարվում են յոթ անդամից կազմված պալատի կողմից, որոնք նշանակվում են հետևյալ կերպ.

ա. 1) Հանձնաժողովի` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող հինգ անդամները նշանակվում են Հանձնաժողովի նախագահի կողմից` աշխարհագրական շրջանների արդարացի ներկայացուցչության հիման վրա և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ անցկացված խորհրդատվությունից հետո.

ա. 2) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող երկու հատուկ անդամները նշանակվում են մեկական` կողմերից յուրաքանչյուրի անունից:

բ) Հետաքննություն կատարելու մասին խնդրանք ստանալիս, Հանձնաժողովի նախագահը սահմանում է Պալատի հիմնման համապատասխան ժամկետ: Եթե սահմանված ժամկետի ընթացքում որևէ հատուկ անդամ չի նշանակվել, նախագահը անհապաղ նշանակում է Հանձնաժողովի այդպիսի լրացուցիչ անդամներ կամ անդամ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Պալատի կազմի համալրման համար:

4. ա) Հետաքննություն անցկացնելու համար 3 կետին համապատասխան հիմնված Պալատը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկում է իրեն աջակցել և ապացույցներ ներկայացնել: Պալատը նաև կարող է փնտրել այդպիսի ուրիշ ապացույցներ, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել, և իրավիճակի հետաքննություն կատարել տեղում:

բ) Բոլոր ապացույցների մասին տեղյակ են պահվում շահագրգիռ կողմերը, որոնք իրավունք ունեն Հանձնաժողովին դիտողություններ ներկայացնել այդ ապացույցների առթիվ:

գ) Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ իրավունք ունի վիճարկել այդ ապացույցները:

5.ա) Հանձնաժողովը շահագրգիռ կողմերին ներկայացնում է զեկուցագիր Պալատի կողմից հայտնաբերած փաստերի մասին` իր այն հանձնարարականներով հանդերձ, որոնք նա անհրաժեշտ կհամարի:

բ) Եթե Պալատը հնարավորություն չունի բավարար ապացույցներ ստանալ արդարամիտ և անաչառ եզրակացություններ մշակելու համար, ապա Հանձնաժողովը հաղորդում է այն պատճառները, որոնց բերումով նա չի կարողացել այդ բանն անել:

գ) Հանձնաժողովն իր եզրակացությունների մասին չի հաղորդում հրապարակայնորեն, եթե միայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը Հանձնաժողովին չխնդրեն այդ բանն անել:

6. Հանձնաժողովը սահմանում է ընթացակարգի իր սեփական կանոնները, ներառյալ այն կանոնները, որոնք վերաբերում են Հանձնաժողովում նախագահելուն և Պալատում նախագահելուն: Այդ կանոնները ապահովում են Հանձնաժողովի նախագահի կողմից իր ֆունկցիաների կատարումը ցանկացած ժամանակ, իսկ հետաքննության կատարման դեպքում` դրանց կատարումը այդպիսի անձի կողմից, որը չի հանդիսանում կոնֆլիկտի մեջ գտնվող որևէ կողմի քաղաքացի:

7. Հանձնաժողովի վարչական ծախսերը փակվում են Բարձր Պայմանավորվող Կողմերի անդամավճարների հաշվին, որոնք հայտարարություն են անում 2 կետին համապատասխան, և կամավոր մուծումների հաշվին: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կամ կողմերը, որոնք դիմում են հետաքննություն կատարելու մասին խնդրանքով, կանխավճարում են անհրաժեշտ միջոցներ փակելու համար Պալատի ծախսերը, որոնք Պալատի գումարների հիսուն տոկոսի չափով նրան փոխհատուցվում են այն կողմից կամ կողմերից, որոնց նկատմամբ այդպիսի հայտարարություններ են արվել: Պալատին կողմերի հանդիպական հայտարարությունների ներկայացման դեպքում, յուրաքանչյուր կողմ մուծում է կանխավճար անհրաժեշտ միջոցների հիսուն տոկոսի չափով:

 

Հոդված 91. Պատասխանատվությունը

 

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որը խախտում է Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության դրույթները, պետք է հատուցի հասցված վնասները, եթե դրա համար հիմք կա: Այդ կողմը պատասխանատվություն է կրում բոլոր այն գործողությունների համար, որոնք կատարվել են նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց կողմից:

 

ՄԱՍ 6-ՐԴ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 92. Ստորագրումը

 

Սույն Արձանագրությունը Կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտի ստորագրումից հետո վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 93. Վավերացումը

 

Սույն Արձանագրությունը պետք է վավերացվի հնարավորին չափ շուտ: Վավերագրերը հանձնվում են ի պահ Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, Կոնվենցիաների ավանդապահին:

 

Հոդված 94. Միանալը

 

Սույն Արձանագրությունը բաց է դրան Կոնվենցիաների ցանկացած այն մասնակցի միանալու համար, որը չի ստորագրել այն: Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին:

 

Հոդված 95. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագրեր կամ միանալու մասին երկու փաստաթղթեր ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

2. Կոնվենցիաների` սույն Արձանագրությունը վավերացնող յուրաքանչյուր մասնակցի կամ հետագայում դրան միացողի համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

 

Հոդված 96. Պայմանագրային հարաբերությունները սույն

Արձանագրությունը ուժի մեջ մտցնելուց հետո

 

1. Եթե Կոնվենցիաների մասնակիցները նաև հանդիսանում են սույն Արձանագրության մասնակիցներ, Կոնվենցիաները կիրառվում են դրանց մեջ սույն Արձանագրությամբ մտցված լրացումներով հանդերձ:

2. Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկը կապված չէ սույն Արձանագրությամբ, ապա վերջինս մնում է պարտադիր Արձանագրությանը մասնակից կողմերի համար` նրանց փոխհարաբերություններում: Դրանից բացի, սույն Արձանագրությունը դրանց համար հանդիսանում է պարտադիր այն կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ, որոնք կապված չեն Արձանագրությամբ, եթե այդ կողմը ճանաչում և կիրառում է դրա դրույթները:

3. Ժողովուրդը ներկայացնող իշխանությունը, որը պայքար է մղում Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի դեմ զինված կոնֆլիկտի մեջ, նման 1 հոդվածի 4 կետում հիշատակված կոնֆլիկտի, կարող է այդպիսի կոնֆլիկտի նկատմամբ իր վրա պարտավորություն վերցնել կիրառելու Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը ավանդապահին հղված միակողմ հայտարարության միջոցով: Այդպիսի հայտարարությունը, ավանդապահի կողմից այն ստանալիս, տվյալ կոնֆլիկտի վերաբերմամբ կարող է ունենալ հետևյալ գործողությունը.

ա) հիշատակված իշխանության համար Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը ուժի մեջ են մտնում որպես կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի, անհապաղ.

բ) հիշատակված իշխանությունն ստանում է միևնույն իրավունքները և ստանձնում միևնույն պարտականությունները, ինչպես այն և իրավունքները, և պարտականությունները, որոնք ստացել և ստանձնել է Կոնվենցիաների և սույն Արձանագրության Բարձր Պայմանավորվող Կողմը, և

գ) Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը հանդիսանում են հավասարապես պարտադիր տվյալ կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր կողմերի համար:

 

Հոդված 97. Ուղղումները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերից ցանկացած կողմ կարող է սույն Արձանագրության առթիվ ուղղումներ առաջարկել: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստը ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություն անցկացնելուց հետո, որոշում է, թե հարկ կա՞ կոնֆերանս գումարել առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:

2. Ավանդապահը այդ կոնֆերանսին է հրավիրում բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից, նրանք ստորագրե՞լ են, թե չեն ստորագրել սույն Արձանագրությունը:

 

Հոդված 98. Հավելվածի վերանայումը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան չորս տարի անց, իսկ այնուհետև ոչ պակաս, քան չորս տարվա ընդմիջումներից հետո, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն խորհրդատվություն է անցկացնում Բարձր Պայմանավորվող Կողմերի հետ սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի վերաբերյալ և, եթե գտնում է անհրաժեշտ, ապա կարող է առաջարկել հրավիրել տեխնիկական փորձագետների խորհրդակցություն 1 Հավելվածի վերանայման և դրա առթիվ այնպիսի ուղղումների առաջարկության համար, որոնք կարող են ցանկալի համարվել: Եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրելու առաջարկության մասին Բարձր Պայմանավորվող Կողմերին հաղորդելուց հետո վեց ամսվա ընթացքում առաջարկություններ չեն ստացվի Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդից, ապա Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն գումարում է այդպիսի խորհրդակցություն և դիտորդներ հրավիրում նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից: Այդպիսի խորհրդակցություն կարող է հրավիրվել նաև Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից ցանկացած ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդի խնդրանքով:

2. Ավանդապահը հրավիրում է Բարձր Պայմանավորվող Կողմերի և Կոնվենցիաների մասնակից կողմերի կոնֆերանս տեխնիկական փորձագետների խորհրդակցության կողմից առաջարկված ուղղումները քննության առնելու համար, եթե խորհրդակցությունից հետո Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդը խնդրում է այդ մասին:

3. 1 Հավելվածի ուղղումները կարող են այդպիսի կոնֆերանսում ընդունվել ներկա և քվեարկությանը մասնակցող Բարձր Պայմանավորվող Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ:

4. Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին հաղորդում է այդ ձևով ընդունված ցանկացած ուղղման մասին: Ուղղումը ընդունված է համարվում դրա մասին այդպիսի հաղորդումից հետո մեկ տարին լրանալիս, եթե այդ ժամանակաշրջանի ընթացքում ավանդապահի հասցեով Բարձր Պայմանավորվող Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի կողմից չստացվեն ուղղումը չընդունելու մասին հայտարարություններ:

5. 4 կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի համար ուժի մեջ է մտնում դրա ընդունումից հետո երեք ամիս անց, բացառությամբ այն կողմերի, որոնք այդ կետին համապատասխան հայտարարություն են արել այն չընդունելու մասին: Այդպիսի հայտարարություն արած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը, և այդ դեպքում ուղղումը այդ կողմի համար ուժի մեջ է մտնում երեք ամիս անց:

6. Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին և Կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է ցանկացած ուղղումը ուժի մեջ մտնելու մասին, այն կողմերի մասին, որոնց վրա տարածվում է այդ ուղղումը, յուրաքանչյուր կողմի համար դրա ուժի մեջ մտնելու տարեթվի մասին, ուղղումը չընդունելու այն հայտարարությունների մասին, որոնք արվել են 4 կետին համապատասխան, և այդպիսի հայտարարությունները հետ վերցնելու մասին:

 

Հոդված 99. Չեղյալ հայտարարվելը

 

1. Այն դեպքում, եթե բարձր Պայմանավորվող Կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, չեղյալ հայտարարելը ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթը ստանալուց հետո մեկ տարին լրանալիս: Սակայն, եթե մեկ տարին լրանալիս չեղյալ է հայտարարած կողմը հայտնվի 1 հոդվածում հիշատակված իրադրություններից մեկնումեկում, չեղյալ հայտարարվելը ուժի մեջ չի մտնում զինված կոնֆլիկտի կամ օկուպացման ավարտը և ցանկացած դեպքում մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտված Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց վերջնական ազատման, հայրենադարձման և նրանց գործերի կարգավորման հետ կապված օպերացիաները:

2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով հղվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին:

3. Չեղյալ հայտարարվելը ուժ ունի միայն չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն արած կողմի համար:

4. Ոչ մի չեղյալ հայտարարելը 1 կետին համապատասխան չի շոշափում այն պարտավորությունները, որոնք չեղյալ հայտարարած կողմը սույն Արձանագրությանը համապատասխան արդեն ստանձնել է զինված կոնֆլիկտի կապակցությամբ` ցանկացած այն գործողության նկատմամբ, որ կատարվել է մինչև այդպիսի չեղյալ հայտարարելը ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 100. Ծանուցումները

 

Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին հաղորդում է, անկախ այն բանից, նրանք ստորագրել են, թե չեն ստորագրել սույն Արձանագրությունը:

ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների և 93 և 94 հոդվածներին համապատասխան վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու մասին.

բ) 95 հոդվածին համապատասխան սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,

գ) 84, 90 և 97 հոդվածներին համապատասխան` ստացված հայտարարությունների մասին,

դ) 95 հոդվածին ( կետ 3) համապատասխան` ստացված այն հայտարարությունների մասին, որոնք հաղորդվում են ամենաարագ եղանակով, և

ե) 99 հոդվածին համապատասխան` չեղյալ հայտարարելու մասին:

 

Հոդված 101. Գրանցումը

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը ուղարկվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարություն, ավանդապահին` գրանցման և հրապարակման համար` Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածին համապատասխան:

2. Ավանդապահը նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարությանը տեղեկացնում է իր կողմից ստացված բոլոր վավերագրերի մասին, միանալու մասին փաստաթղթերի և սույն Արձանագրության վերաբերմամբ չեղյալ հայտարարելու հայտարարությունների մասին:

 

Հոդված 102. Նույնական միջոցները

 

Սույն Արձանագրության իսկականը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն տեքստերը հավասարապես նույնական են, հանձնվում է ի պահ ավանդապահին, որը հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:

 

Արձանագրությանը կից հավելվածները չեն բերվում:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
08.06.1977
Արձանագրություն