ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի շարք ֆինանսավարկային և այլ կազմակերպությունների կողմից թույլ տրված անտնտեսվարության, ապօրինի գործողությունների և չարաշահումների հետևանքով հազարավոր մարդիկ նյութական ու բարոյական լուրջ վնաս են կրում,
հաշվի առնելով այս ոլորտի հարաբերությունների օրենսդրական կարգավորման բնագավառում առկա բացերը և իրավասու մի շարք կազմակերպությունների կողմից իրենց պարտականությունների կատարման հարցում ցուցաբերած ակնհայտ թերացումները,
նպատակ ունենալով անհրաժեշտ երաշխիքներ ստեղծել ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում, ինչպես նաև իրական հնարավորություններ գտնել նրանց պատճառված վնասը օրինական ճանապարհով փոխհատուցելու համար,
կարևորելով ֆինանսավարկային համակարգի և մասնավորապես բանկերի տեղն ու դերը տնտեսական վերափոխումների և հանրապետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման համակարգում, որոշում ե մ.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
ա) քննության առնել և երկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել.
- Հայաստանի Հանրապետությունում ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխավորված մեխանիզմներ մշակելու և ներդնելու վերաբերյալ,
- ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության համապարփակ իրավական կարգավորման հարցերում թերություններն ու առկա բացթողումները հաղթահարելու վերաբերյալ,
բ) համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բանկերի և ֆինանսավարկային այլ կազմակերպությունների գործունեության հատուկ ուսումնասիրություն` պարզելու համար նրանց կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների օրինականությունը` նպատակ ունենալով առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց օրինական գործունեությունը խթանելու համար, միաժամանակ կանխելով ապօրինի և չարտոնված ցանկացած գործունեություն:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել տուժած ավանդատուների իրավունքների խախտման և օրինական շահերի ոտնահարման հարցերով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև եզրակացություն` պետական տարբեր մարմինների կողմից այս հարցում իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման մեջ թերացումների և պատասխանատվության մասին:
Հարուցված քրեական գործերի քննության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել տուժած ավանդատուներին հասցված վնասը օրինական կարգով փոխհատուցելու ուղիների, հնարավորությունների ու միջոցների խնդրին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` առավելագույնս աջակցել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ավանդատուների իրավունքների խախտման և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, ավանդատուներին հասցված վնասը փոխհատուցելու հարցերում և ձեռնարկվող միջոցառումների մասին յուրաքանչյուր 7 օրը մեկ զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում քննության առնել և համապատասխան առաջարկություններ ներկայացնել հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի բանկային և ֆինանսավարկային այլ գործունեությամբ զբաղվելը կանխելու անհրաժեշտ մեխանիզմների մշակման և այդ գործում տարբեր գերատեսչությունների ֆունկցիոնալ պարտականությունների հստակեցման վերաբերյալ:
Ազգաբնակչությանը հնարավոր թյուրիմացություններից զերծ պահելու նպատակով մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ գովազդային ամբողջ համակարգը կանոնակարգելու և օրինականության շրջանակներում կազմակերպելու ուղղությամբ.
բ) 15-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ֆինանսավարկային համակարգում հարաբերությունների օրենսդրական կարգավորման թերությունները վերացնելու և առկա բացը հաղթահարելու հրատապ խնդիրները լուծելու վերաբերյալ:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության դատախազության և այլ մարմինների առաջարկությունների հիման վրա քննության առնել ավանդատուներին հասցված վնասը փոխհատուցելու լրացուցիչ հնարավորություններ գտնելու հարցը:
6. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար Կ. Ռուբինյանի վրա:
7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 նոյեմբերի 1994 թվական
ՆՀ-397