Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱ ...

 

050.0296.271097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 1997 թվականի թիվ 296

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում որպես հաշվարկային փոխարժեք օգտագործել 1 ԱՄՆ-ի դոլարի դիմաց 521 դրամ միջին տարեկան փոխարժեքը և համապատասխան փոփոխություններ կատարել եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի հոդվածներում.

բ) վերոհիշյալ նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները.

- 2-րդ հոդվածից հանել 1-ին կետը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարկ-2.8մլրդ դրամ», ըստ այդմ փոփոխություն կատարել 1-ին

հոդվածում,

- 3-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.

Միջնաժամկետ տնտեսական քաղաքականության նպատակների իրագործման

համար 1998 թվականի տարեկան սղաճի առավելագույն չափը սահմանել 9.5%»,

- 4-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.

1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի հանդեպ Հայաստանի Հանրապետության կառավարության

պարտավորությունների տարեկան չափաքանակը սահմանել 1998 թվականի

հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

հանդեպ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների

չափաքանակին հավասար»:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ 1998 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի

նախագծի վերաբերյալ

 

Շուկայական հարաբերությունների արմատավորման և կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացման ընդհանուր պատկերի վրա 1997թ. ՀՀ տնտեսության մեջ նկատվեցին մի շարք նոր դրսևորումներ, որոնց նախադրյալները ձևավորվել էին դեռևս նախորդ տարիներին: Մասնավորապես, խորացող մակրոտնտեսական կայունությունը փոխարինվեց սղաճի մակարդակի զգալի աճով` 17.5 % 1997թ. երեք եռամսյակների արդյունքում` նախորդ ամբողջ տարվա 5.7 %-ի դիմաց, տեղի ունեցավ տնտեսական աճի տեմպի անկում` 1997թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ի 1.4% փաստացի աճ` նախորդ երկու տարիների մինչև 6% աճի փոխարեն, 1997թ. առաջին կիսամյակում վճարային հաշվեկշռի ճեղքվածքի զգալի աճ` ներկրման շարունակական աճի` 15.6%, և արտահանման 20.7% անկման պայմաններում: Անհանգստացնող են միտումները նաև արտաքին պարտքի աճի տեսանկյունից: Կանխատեսվող արդյունքների համաձայն, ՀՀ արտաքին պարտքը 1997թ. կկազմի ՀՆԱ-ի 46.7%-ը, այսինքն` նախորդ տարվա համեմատ նույն ցուցանիշը կաճի 31.9 %-ով: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, թերևս, ամենածանր բնութագրերն հատուկ են սոցիալական իրավիճակը բնութագրող կենսամակարդակի աճի և գործազրկության ցուցանիշներին:

Նշված պատկերն իր վրա է կրում մի շարք քաղաքական և տնտեսական դրսևորումների ազդեցությունը, սակայն ամենաէականն այն է, որ արդեն առկա են 1996թ. սոցիալ-տնտեսական ծրագրային մի շարք չլուծված հիմնախնդիրներ, կառուցվածքային բարեփոխումների ոչ ամբողջական իրականացման, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության ճկունության թուլացման երևույթներ:

Վերոհիշյալ պատկերն արդեն իսկ նախապահանջ է ՀՀ բյուջեի նախագծում արձանագրվող հիմնախնդիրների, սոցիալ-տնտեսական միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների, ծրագրավորվող բյուջետային և, հետևաբար, դրամավարկային քաղաքականության իրագործման առումով: Կարևոր են դառնում նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնց ծրագրավորումը երաշխիք կհանդիսանա ոչ միայն 1998թ. բյուջեի կատարման, այլև հետագա տարիների ընթացքում ՀՀ տնտեսական կայուն աճի ապահովման գործում:

Հետևաբար, ելնելով նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից` ներկայացված նախագծում, մեր կարծիքով, իրենց արտացոլումը պետք է գտնեն մի շարք հիմնախնդիրներ` ընդհանրացվելով բյուջետային ուղերձի հիմնական բովանդակությունը կազմող այն միջոցառումների ցանկում, որոնք նպատակաուղղված կլինեն տնտեսական քաղաքականության ամբողջականացմանը և 1998թ. բյուջեի նախագծով նախատեսված խնդիրների իրականացմանը:

Այդ առումով, «ՀՀ 1997 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մեջ նախանշված մի շարք հիմնահարցեր հրատապ են նաև այսօր, որոնցից են`

1. Վիճակագրական բազայի կատարելագործումն ու նոր մեթոդների կիրառումը, վիճակագրության որակի կտրուկ բարձրացումը, վիճակագրական տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և հրապարակման ժամկետների, մասնավորապես, ՀՆԱ-ի, նրա կառուցվածքի և ՀՆԱ դեֆլյատորի հաշվարկին, վճարային հաշվեկշռին, կապիտալ և ընթացիկ հաշվին, արտաքին և ներքին, մասնավոր պարտքին վերաբերող վիճակագրության հստակեցումը:

2. Չվճարումների, հատկապես բյուջեի առջև պարտավորությունների հիմնահարցի կարգավորումը, դրանց լուծման մեխանիզմների հստակեցումը:

3. Ազգային խնայողությունների աճի խրախուսումը և դրանց ներգրավումը բանկային համակարգ:

4. Գանձապետական համակարգի ձևավորումը, որը պետք է ավարտվեր դեռևս 1996 թվականի հոկտեմբեր ամսին:

Գանձապետարանի հետ կապված ներկայումս առկա խնդիրներն են.

- կենտրոնական բանկում գանձապետարանի միասնական հաշվի ձևավորումն ու բոլոր պետական ծախսումների իրականացումն այդ հաշվի միջոցով,

- միջազգային հաշվառման չափանիշների ներդրումն ու գանձապետարանի ավտոնոմ հաշվառման իրագործումը,

- գանձապետարանի գործունեության համակարգչային ապահովումը:

Վերոհիշյալ և մի շարք այլ խնդիրների ամբողջականացումը, որոնք նախանշված էին նախորդ տարիների ծրագրերով, ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ տնտեսական քաղաքականության մասին համատեղ հայտարարություններով, պետք է համալրվի նորանոր խնդիրներով, որոնց թվում, մեր կարծիքով, կարևորվում են.

1. Տնտեսության մեջ հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին անցումն ու ֆինանսական հաշվետվությունների նոր պահանջների ձևավորումն ապահովող միջոցառումների ցանկը:

2. Տնտեսության գործունեության մեջ սեզոնայնության հարթեցումը, որն իր արտահայտությունը պետք է գտնի թե՛ տնտեսության առանձին ճյուղերի, թե՛ հարկային ու բյուջետային քաղաքականության արդյունքների մեջ:

3. Բյուջեի եկամուտների և ծախսերի երկարաժամկետ և ընթացիկ կանխատեսումների արդյունավետության բարձրացումը:

4. Համախմբված բյուջեի վիճակագրության ստեղծումն ու կառավարումը, որը պետք է ներառի համայնքների բյուջեները, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեն և այլ արտաբյուջետային գործունեության արդյունքները: Բյուջեի կառավարման այս մեխանիզմն հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել պետական ծախսումները: Բյուջեի ծախսերի առաջնահերթության և նպատակաուղղվածության տեսանկյունից անհրաժեշտ է բյուջեում ներառել նաև բոլոր տիպի պետական ներդրումային ծրագրերը, իսկ ինչ վերաբերում է արտոնյալ ցանկացած գործիքի կիրառմանը, ապա հարկ է, որ պետությունն այդ հարցում ձեռնպահ մնա, հատկապես տնտեսության այն հատվածներում, որտեղ արդեն ստեղծված է մրցակցային առողջ մթնոլորտ (այդ թվում` օտարերկրյա կապիտալի միջամտությամբ):

5. Սոցիալ-տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող ծրագրավորված միջոցառումների և որոշումների հրապարակայնության ապահովումը:

6. Ծրագրային ցուցանիշներից շեղումների` արդյունավետ քաղաքականության միջոցով վերացման մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը:

7. Միկրոտնտեսական քաղաքականության ակտիվացումը, առանձին ճյուղերի և ոլորտների նպատակային ծրագրերի ձևավորումը` նախապատվությունը տալով արտահանման ուղղվածություն ունեցող և ներմուծման փոխարինիչներ ապահովող ճյուղերի զարգացմանը:

8. Կապիտալի և ֆինանսական շուկաների զարգացումը, ոչ ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության և կարգավորման մեխանիզմների ձևավորումը:

9. Հարկային քաղաքականության հստակեցումը, հարկային նոր օրենսդրության վերջնական ձևավորումը, տնտեսության և ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող հարկային արդյունավետ մեխանիզմների մշակումը և ներդրումը, որը նախատեսում է.

ա) հարկային կոդեքսի մշակում, որի հիմքում կդրվեն բացառապես դատական կարգով հարկատուներից տույժերի և տուգանքների գանձումը և վեճերի լուծումը: Կոդեքսը հարկային մարմիններին իրավունք կվերապահի դատարանում ապացուցելու հարկատուի կողմից հարկը թաքցնելու փաստը, և դատարանի վճռի առկայության դեպքում դրանց կտրվի դատական կատարածուի ֆունկցիա: Դրանով, ըստ էության, կբացառվի հարկային մարմինների կողմից առանց դատարանի որոշման հարկատուի հաշվի վրա անվիճելի կարգով կալանք (ինկասո) դնելը,

բ) տնտեսության բոլոր այն ոլորտների, ճյուղերի գործունեության տեսակների համար հաստատագրված վճարումների սահմանումը, որոնք հարկման առումով դժվար վերահսկելի են,

գ) եկամտահարկի հավաքագրման հետ կապված հայտարարագրերի համակարգի մշակումը և կիրառումը:

10. Գալիք` 1998 թվականի և առաջիկա տարիների բյուջեի օրենքի նախագիծը պետք է ներառի նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 16 (2ա) կետի պահանջով, վերոհիշյալ միջոցառումներից բխող և բյուջեի կատարումն ապահովող այլ օրենքների նախագծերը, ընդունված օրենքների գործունեությունն ապահովող նորմատիվային և հրահանգչական բազայի ձևավորմանն առնչվող հարցադրումները:

11. ՀՀ տնտեսական կայուն և համաչափ զարգացման առումով կարևորագույն խնդիր է դարձել կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի հստակեցումն ու իրագործումը, մասնավորապես.

- «Պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը,

- կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունների ամբողջականացումը, կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների հստակեցումն ու օրենսդրական ամրագրումը,

- կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, պետական ծառայողների մասնագիտական աճի երաշխիքների ապահովումը, վարձատրության չափերի կտրուկ աճի և սոցիալական երաշխիքների համակարգի ապահովման ծրագրի ընդունումը և իրագործումը:

12. Շուկայական հարաբերությունների խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների իրավունքների ապահովմանը և պարտականությունների կատարմանը նպատակաուղղված իրավական համակարգի և դատական մարմինների բարեփոխումների ծրագրի իրականացումը:

13. Հանրապետության սոցիալական զարգացմանը, մասնավորապես, մարդկային պոտենցիալի զարգացումն ապահովող կրթական համակարգին առնչվող ծրագրերի հստակեցումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջին համապատասխան, անհրաժեշտ է նախագծում ներառել նաև ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների կանխատեսումը, որը հնարավորություն կտա մակրոտնտեսական ծրագրերը դիտարկել տնտեսության զարգացման միջնաժամկետ հատվածում և երաշխիք կհանդիսանա տարեկան մակրոտնտեսական ծրագրի իրագործման համար:

Միևնույն ժամանակ, տնտեսական քաղաքականության նկատմամբ համընդհանուր վստահության ձեռքբերման միակ գրավականը տնտեսության արագ և կայուն աճն է, որի համար բարենպաստ պայմաններ են հանդիսանում ներքին խնայողությունների աճի խթանումը, դրանց և արտասահմանյան կապիտալի ներհոսքն արդյունավետ ներդրումային քաղաքականությանը նպատակաուղղելը: Խնդրի լուծումը մեծապես պայմանավորված է.

- 1998-99 թվականներին ՀՆԱ-ի մեջ բյուջեի դեֆիցիտի տոկոսային հարաբերակցությունը մինչև 3-4%-ի իջեցմամբ, իսկ հետագայում` միայն հավելուրդային կամ 2-3%-ից ոչ ավել մակարդակի ապահովմամբ,

- միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մինչև 17-20%-ի ապահովումը:

Առաջարկում ենք նաև ներկայացված «ՀՀ 1998 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությունների 1999- 2000թ.թ. ժամանակահատվածն ընդլայնել մինչև 2002 թվականը: Ըստ այդմ, ներկայացված աղյուսակ 1-ում առաջարկվում է 1999-2002թթ. դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության զուգորդմամբ ապահովել 6-8% սղաճի տարեկան տեմպերի դինամիկա, ՀՆԱ-ում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազում 20.7%-ից մինչև 11.4%-ի, ներքին խնայողությունների տեմպերի ավելացում:

Ընդ որում, նշված աղյուսակում պետք է առանձնացվեն 1998 թվականը բնութագրող ցուցանիշները և նպատակային խնդիրները, որոնց թվում, մեր կարծիքով, կարևորվում են.

ա) արտահանման առնվազն 1996 թվականի մակարդակի ապահովումը,

բ) ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի ճեղքվածքի մինչև 21 % մակարդակի ապահովումը,

գ) դրամական զանգվածի տարվա ընթացքում սահուն աճի ապահովումը (բայց 14%-ից ոչ ավել),

դ) ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական պահուստների ներմուծման առնվազն երեք ամսվա պաշարների ապահովումը,

ե) համախմբված բյուջեի դեֆիցիտի ՀՆԱ-ի մինչև 5.5 %-ի կրճատումը, ամբողջ տարվա ընթացքում ցածր մակարդակի պահպանումը,

զ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետբյուջեի զրոյական վարկավորումը:

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 1996-2002ԹԹ.

Աղ.1

.________________________________________________________________________.

|ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ                 | 1996| 1997| 1998| 1999| 2000| 2001 |2002  |

|____________________________|_____|_____|_____|_____|_____|______|______|

|ՀՆԱ, իրական աճը, %          |  5.8|    4|  5.2|    6|  6.2|  6.2 | 6.2  |

|Սղաճ, նախորդ տարվա վերջի    |  5.7|   23|  9.5|    8|    6|    6 |   6  |

|նկատմամբ, %                 |     |     |     |     |     |      |      |

|Սղաճ, նախորդ տարվա նույն    | 18.6| 13.7| 9.71|    6|    6|    6 |   6  |

|ժամ.նկատմամբ %              |     |     |     |     |     |      |      |

|ՀՆԱ անվանական, մլրդ դրամ    |660.3|772.3|920.1| 1033| 1160|1304.3|1465.5|

|Դրամական զանգված, մլրդ դրամ | 54.5| 67.3| 76.7| 85.9| 96.8|108.96| 122.6|

|Դրամական զանգվածի աճը ,%    | 32.8| 23.5| 14.0| 12.0| 12.6|  12.6|  12.5|

|Արտահանում/ՀՆԱ, %           | 22.9| 22.4| 21.3| 24.7| 24.8|    25|  25.4|

|Ներմուծում/ՀՆԱ, %           | 55.9| 61.4| 54.9| 51.6| 48.2|  45.4|  42.7|

|Վճ. հաշվեկշռի ընթացիկ       |     |     |     |     |     |      |      |

|հաշիվ/ՀՆԱ, %                |-26.6|-29.3|-21.3|-20.7|-16.3|   -14| -11.4|

|ՀՀ պետբյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ, %| -9.1| -6.7| -5.5|   -4|   -3|    -3|    -2|

|Ներքին խնայողություններ, %  | -6.6| -3.5| -2.6| -0.2|    1|   2.4|   3.4|

|Ինվեստիցիաներ, %            |  4.1|  5.3|    7|    7|    7|     7|     7|

|Համախառն արտաքին պահուստներ,|     |     |     |     |     |      |      |

|մլն դոլ.                    |  167|  226|  267|  268|  269|   269|   276|

|Ներմուծումն ամիսներով,      |  2.2|  2.8|  3.2|  3.2|  3.1|   3.2|   3.1|

.________________________________________________________________________.

 

Աղյուսակը պետք է համալրվի նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մի շարք այլ ցուցանիշների կանխատեսումներով, որը կհանդիսանա բյուջեի մասին օրենքի կարևորագույն հատվածներից մեկը, ինչն էլ կազմում է հանրապետության տնտեսական քաղաքականության միջին և երկարաժամկետ ռազմավարությունը:

Թեև «ՀՀ 1998 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ի տարբերություն բյուջետային ուղերձի, առանձնանում է հստակությամբ և նպատակայնությամբ, այդուհանդերձ, նրանում առկա են մի շարք թերություններ, մասնավորապես.

- Օրենքում ներկայացված պետբյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև գրանտները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, քանզի վերջիններիս գերագնահատման դեպքում քաղաքականության իրականացման ռիսկը կարող է ճնշումներ ստեղծել բյուջեի նախատեսվող ծախսերի չկատարման կամ դեֆիցիտի ֆինանսավորման ինֆլյացիոն աղբյուրների նկատմամբ պահանջի առումով:

- Ծախսային հոդվածներում առանձին տողով տրված չէ ՀՀ կառավարության երաշխիքներով տրամադրված վարկերից ստանձնած պարտավորությունները, ինչը չի համապատասխանում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջներին :

- Ըստ մեզ, դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրներից հրաժարվելը նպատակահարմար չէ, քանզի դրանք ուղղվելով արտաքին պարտքի մարմանը, կթեթևացնեին պարտքի բեռը: Միաժամանակ, արտաքին աղբյուրների առկայությունը կբացառեր դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ՀՀ ԿԲ վարկի, որպես ինֆլյացիոն աղբյուրի, առկայությունը:

- Մակրոտնտեսական առումով պետք է համադրելի լինեն տնտեսական աճի, պետական բյուջեի և վճարային հաշվեկշռի կանխատեսումային ցուցանիշները, որոնց համար իրական նախադրյալներ են ցածր սղաճը, արտաքին առևտրի պայմանների բարելավումը, ներքին խնայողությունների խրախուսումը և լողացող փոխարժեքի ռեժիմի իրագործումը:

- Սեփականաշնորհված օբյեկտների վերաբերյալ տվյալները ենթակա են ճշգրտման:

- 1998 թվականի պետական բյուջեի դեֆիցիտում ներառված չեն արտաքին աղբյուրներից ստացված կապիտալը և կառավարության երաշխիքներով տրված վարկերը, որի հետևանքով օրենքի նախագծում նշված ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի տոկոսային հարաբերակցությունը չի համապատասխանում ուղերձում բերված 5.7% ցուցանիշին:

- Բյուջեի օրենքի նախագծում և բյուջետային ուղերձում կան նաև որոշ թվային անհամապատասխանություններ:

- 1997-98 թվականներին արտաքին պարտքի սպասարկման նախատեսվող վճարումները կկազմեն համապատասխանաբար 30.7մլն ԱՄՆ- ի դոլար և 32.2 մլն ԱՄՆ-ի դոլար` ներկայացված 25.7 մլն ԱՄՆ-ի դոլարի և 26.5 մլն ԱՄՆ-ի դոլարի փոխարեն: Նշվածից ելնելով` անհամապատասխանություններ են առաջացել նաև արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշների մեջ:

Ամփոփելով նշենք, որ ինչպես նախորդ տարվա, 1998 թվականի պետական բյուջեի նախագիծը ևս կարելի է բնութագրել իբրև համարձակ քայլ: Բյուջեի դեֆիցիտի էական կրճատումը` ՀՆԱ-ի մեջ մինչև 5.7%, եկամուտների ծրագրավորված աճը` 49.8%-ով, ընդ որում հարկային եկամուտների աճը` 42.3%-ով, ինքնին բնութագրում է հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների գործընթացի արագացմանն ուղղված կառավարության ջանքերը: Սակայն կրկին, ինչպես նաև նախորդ տարի, առաջ է գալիս անհանգստություն` արձանագրված նպատակների իրագործման վերաբերյալ: Այդ տեսանկյունից կարևորվում է առկա բոլոր առաջարկությունների և հարցադրումների քննարկման, միջոցառումների ծրագրի հստակեցման ու ամբողջականացման, կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

 

_______________________________

1 Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ սղաճի հաշվարկման համար հիմք է ընդունվել 1997 թվականի բնականոն սղաճը, որի մեջ ներառված չեն պետության կողմից կարգավորվող գների, մրգի և բանջարեղենի գների փոփոխությունները:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.10.1997
N 296
Որոշում