040.0521.211197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«21» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 1997 թ. թիվ 521
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ֆիտոսանիտարական վիճակը բարելավելու և գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը և 1998 թվականից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին և առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հիմնավորված հաշվարկների` վերջինիս վրա դնելով պետական պատվիրատուի պարտականությունները:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների հետ կնքել պայմանագրեր` գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին և առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներն ավիացիայի միջոցների օգտագործմամբ իրականացնելու համար.
բ/ հսկողություն սահմանել գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին և առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի զարգացման, տարածման նկատմամբ, ապահովել դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացումը և դրա վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ/ յուրաքանչյուր տարվա համար օգտագործվող թունաքիմիկատների տեսականին, դրանց քանակը, գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին և առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացման տարածքներն ու ժամկետները սահմանված կարգով համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 21-ին: