Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
i

(ուժը կորցրել է բացառությամբ 3-րդ կետի բ ենթակետի 06.11.03 թիվ 1694-Ն որոշում)

040.0551.021297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 1997 թ. թիվ 551

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի անվտանգ շահագործումը, զարգացումը, սեփականաշնորհման նախապատրաստումը ֆինանսական կենսունակությունը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումն ապահովելու, իրականացվող բարեփոխումները շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման համալիր միջոցառումների ծրագրին (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի սեփականաշնորհման ռազմավարությունը (կցվում է):

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների կողմից ձեռնարկություններին, կազմակերպություններին և այլ սպառողներին, ինչպես նաև բնակչությանն առաքված էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի դիմաց առաջացած և գույքագրման արդյունքով 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի արձանագրված պարտքերին համապատասխանող ապրանքային արտադրանքի ինքնարժեքը դուրս է գրվում ձեռնարկության վնասների հաշվին (դրան համապատասխան մատակարարների օգտին հաշվարկված ավելացված արժեքի հարկը ձևակերպելով վնասներով) և դրան համամասնորեն դուրս են գրվում համապատասխան կրեդիտորական պարտքեր` բացառելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը ենթակա կրեդիտոր ձեռնարկությունների կողմից դուրս գրված պարտքերի չափով հայցերի ներկայացումը.

բ) սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հստակեցման (վերակառուցման) արդյունքում չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման աղբյուրներ են ԱՄՆ-ի կառավարության կողմից մարդասիրական օգնության կարգով 1997 թվականին տրամադրված և Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կարիքների համար օգտագործված գազի արժեքը` էլեկտրական էներգիայի սակագներում ներառված գազի գնով, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի ձևավորման ընթացքում առաջանալիք ակտիվները, երկարաժամկետ վարկերը և էլեկտրական ու ջերմային էներգիայի և բնական գազի սակագները.

գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական բաժնետիրական ընկերությունների խորհուրդներում պարտադիր ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հավասար թվով լիազորված ներկայացուցիչներ.

դ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները 1998 թվականի հունվարի 1-ից ներկայացնում են`

եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների մեկական օրինակներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն.

էներգակիրների, ֆինանսական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների հետ հաշվարկների շարժի հստակ հաշվառումն ապահովելու համար` ամսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` վերջիններիս հաստատած ձևերով և կարգով.

ե) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների տարեկան հաշվետվությունները (1998 թվականի և հետագա տարիների) հրապարակվելուց կամ սահմանված հասցեատերերին ներկայացվելուց առաջ ենթակա են հաշվեքննության (աուդիտի):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 1996 թվականի մարտի 19-ին Թուրքմենստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկության Թուրքմենստանի նկատմամբ ունեցած 34023 հազ. ԱՄՆ-ի դոլարի պարտքը որպես միջպետական պարտք ձևակերպելու հիման վրա մարել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկություններին` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» պետական ձեռնարկության, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» պետական ձեռնարկության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ունեցած պարտքերը (կարգը կցվում է):

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության որոշ ձեռնարկություններին բյուջետային վարկ տրամադրելու մասին» թիվ 243 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) 1994 - 1997 թվականներին «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության վերագործարկման, անվտանգության բարձրացման աշխատանքների կատարման համար տրամադրված Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկերը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային ֆինանսավորում «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Միջուկային վառելիքի ձեռքբերման նպատակով տրամադրված Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկերը մեկամսյա ժամկետում ձևակերպել որպես բյուջետային վարկ` «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության համար միջպետական պայմանագրերով նախատեսված պայմաններով, բացառությամբ վարկերի այն մասի, որի հաշվին ձեռք բերված միջուկային վառելիքի արժեքը չի ներառվել սակագնում: Սակագնում չներառված միջուկային վառելիքի արժեքը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային ֆինանսավորում «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի, ջեռուցման նպատակով օգտագործված էներգակիրների դիմաց առաջացած պարտքերի չափով մարել 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով ունեցած ապառքները.

գ) ազատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկություններին բյուջետային վարկերի (փոխատվությունների) ժամանակին չվճարման համար 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից և տուգանքներից` սույն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմաններով.

դ) 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկության և «Հայգազարդ» պետական կոնցեռնի հաշվեկշիռներում արտացոլված և էլեկտրական էներգիայի ու գազի տեղափոխման ընթացքում առաջացած և սահմանված կարգով հաշվառված գերպլանային կորուստների գծով ծախսերը ձևակերպել «Հայէներգո» պետական ձեռնարկության և «Հայգազարդ» պետական կոնցեռնի վնասներով.

ե) ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնադրամին 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների կողմից ունեցած ժամկետանց պարտքերի դիմաց հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից ազատելու վերաբերյալ.

i

զ) համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի, մինչև 1997 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ մատակարարվող էլեկտրական և ջերմային էներգիա, բնական գազ սպառողների ցանկը հաստատելու մասին (անհրաժեշտ տվյալներով).

է) մինչև 1998 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների կողմից բնակչությանը մատակարարված էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի դիմաց կանխիկ դրամական վճարումները Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով կազմակերպելու վերաբերյալ ծրագիր և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մասնակցել այդ ծրագրի մշակմանը:

i

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների նկատմամբ 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված տույժերից ազատելու մասին` սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բյուջետային հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ էներգակիրներ սպառած ձեռնարկությունների պարտքերի նկատմամբ 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերը և տուգանքները չեն գանձվելու.

բ) առաքված էլեկտրաէներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնություններից մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը օգտվող քաղաքացիներին (հարկային գործակալներին) այդ մասով եկամտահարկից, շահութահարկից ու ավելացված արժեքի հարկից ազատելու մասին (բացառությամբ 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված և գանձվածի)` սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չփոխհատուցված և ապրանքային արտադրանքում 1997 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ չներառված գումարներն այդ ցուցանիշում չեն արտացոլվում.

գ) բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների, էլեկտրական ու ջերմային էներգիա արտադրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների համար շահույթից դեբիտորական անհուսալի պարտքերի պահուստավորման կարգի մասին.

դ) ըստ հաշվեգրման մեթոդի «իրացումից հասույթ» ցուցանիշը հաշվարկելիս դեբիտորական պարտքերի պահուստային ֆոնդերի օգտագործման դեպքում ավելացված արժեքի հարկի ձևակերպման կարգի մասին:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`

շահագրգիռ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված, «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների, ջերմային էներգիայից օգտվելու կանոնների, բնական գազից օգտվելու կանոնների նախագծերը.

Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման ծրագիրը.

բ) մինչև 1998 թվականի փետրվարի 15-ը`

էներգակիրների կորուստների նվազեցման ծրագիրը.

մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված` էներգակիրների տեխնիկական և առևտրային կորուստների, ինչպես նաև էլեկտրակայանների սեփական կարիքների համար օգտագործվող էներգակիրների ծախսերի վերանայված նորմատիվները:

i

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հիմնական միջոցների վերագնահատման կարգի մասին:

i

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ մինչև 1998 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1994-1995 թվականներին միջպետական փոխկապակցված առաքումների տնտեսական արդյունավետության որոշման, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկության փոխադարձ հաշվարկների հաշվեքննության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության և «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Ռեգուլ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ու «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների այլ կրեդիտորների և դեբիտորների հետ 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ֆինանսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուրն իր մասով, մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոռոգման և խմելու ջրի համակարգերի ֆինանսական առողջացման ծրագրեր` ապահովելով օգտագործված էլեկտրական էներգիայի դիմաց առաջացած պարտքերի վճարումը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ քննության առնել սույն որոշման կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 2-ից:

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում իրականացվող բարեփոխումների և ՀԱԷԿ-ի վերագործարկման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վերականգնվել է վճարունակ սպառողներին շուրջօրյա անխափան էլեկտրամատակարարումը: Դրական տեղաշարժեր կան նաև առաքված էլեկտրական էներգիայի վճարումների բարելավման գործում: Սակայն նախորդ տարիների ճգնաժամն իր խոր սպիներն է թողել էներգահամակարգում: 1992-1997 թվականներին բնակչությանը, կենսաապահովման օբյեկտներին, արդյունաբերական ձեռնարկություններին էլեկտրական և ջերմային էներգիան չհավասարակշռված և ծախսածածկումը չապահովող սակագներով մատակարարման, էներգակիրների թանկացման, գերկորուստների, թերիրացման, էներգիայի ոչ լիարժեք հաշվառման (բնակչության մասով` գրեթե իսպառ բացակայության) պատճառով էներգահամակարգը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ`

 

ա) անհետաձգելի կրեդիտորական պարտքերի մարում` իրացման գումարների և ռեալ դեբիտորական պարտքերի հաշվին.

բ) էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի առաքման ծախսածածկի ապահովում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանվող սակագներով.

գ) մատակարարված էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի դիմաց (ներառյալ` բնակչությանը) առաջացած պարտքերի հստակեցում և անհուսալի պարտքերի դուրսգրում.

դ) անհուսալի դեբիտորական պարտքերի և դրանց հետ կապված հարկային ապառքներին ու տույժերին վերաբերող հարցերի լուծման մեխանիզմների մշակում.

ե) նոր անհուսալի պարտքերը հնարավոր նվազագույնի հասցնելու համալիր միջոցառումների իրականացում.

զ) էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկում` համապատասխան աղբյուրների հաշվին`

մարդասիրական օգնություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

երկարաժամկետ վարկեր

կրեդիտորական պարտքերի վճարման հետաձգում (վերակառուցում)

սակագին

հուսալի դեբիտորական պարտքերի հավաքագրում

առաքված ապրանքանյութական արժեքներ և առկա դրամական միջոցներ.

է) յուրաքանչյուր սպառողի հետ հաշվարկների հստակ հաշվառման և ֆինանսական հոսքերի թափանցիկության ու վերահսկելիության ապահովում.

ը) պետական քաղաքականության մշակման, տնտեսական գործունեության և կարգավորման գործառույթների տարանջատում:

 

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

Համաձայն կառուցվածքային բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք երկրորդ վարկային ծրագրի, Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական ծրագրի վերականգնման շրջանակներում Համաշխարհային բանկի հավանությամբ և Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Ինտելեկտ» ՊՁ-ի կողմից էներգաիրացնող ձեռնարկություններում 1997 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրմամբ և հստակեցմամբ հաստատվեց էներգահամակարգում ֆինանսական ճեղքվածքի գոյությունը (հավելված):

Էներգահամակարգի ձեռնարկությունների ֆինանսական ճեղքվածքի դիտարկումը և գնահատումը կատարված են ինչպես ամբողջ էներգահամակարգի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և վճարային մուտքերի ու ելքերի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին տնտեսավարող ձեռնարկության կտրվածքով:

Բացի դրանից, 1992-1997 թվականներին էներգահամակարգում, գերաշահագործման հետևանքով և ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված ձևավորվել է նաև «թաքնված» ճեղքվածք` հիմնական միջոցների ֆիզիկական արագացված մաշվածքի (ժամկետից շուտ շարքից դուրս գալու) տեսքով:

 

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ`

 

ա) 1992 թվականից հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված էներգակիրների և շահագործման համար անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների համար վճարումը կատարվել է տարադրամով, որի կուրսային փոփոխությունները, ինչպես նաև դրամի արժեզրկումը, փաստորեն, չեն փոխհատուցվել էլեկտրական էներգիայի համապատասխան սակագնով.

բ) 1992-1996 թվականներին ոչ հավասարակշռված (1-14 դրամ) սակագներով էլեկտրական էներգիայի հարկադրական վաճառքը.

գ) տարբեր ոլորտների էներգակիրների խոշորագույն սպառողների («Նաիրիտ» ՓԲԸ, խմելու և ոռոգման ջրերի համակարգեր, ջեռուցում, բյուջետային կազմակերպություններ, արդյունաբերական ձեռնարկություններ) և այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների պարտքերը.

դ) սոցիալական արտոնություններից օգտվող քաղաքացիների կողմից էլեկտրական էներգիայի արժեքը զեղչով վճարելու պատճառով առաջացած վնասը.

ե) Երևան քաղաքի և հանրապետության այլ բնակավայրերի ջեռուցման համար ջերմային տնտեսությունների սպառած էներգակիրների դիմաց առաջացած պարտքերը.

զ) էներգահամակարգի ծայրահեղ լարված, բայց հիմնականում անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի դիմաց վճարումներ կատարելու համար տարբեր առևտրային բանկերում ձևակերպված բարձրատոկոս և կարճաժամկետ, ինչպես նաև ժամկետանց վարկերի տոկոսները.

է) լուծարված և փաստացի իրավահաջորդ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև անհուսալի (անվճարունակ) ձեռնարկությունների պարտքերը.

ը) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների դեբիտորների և կրեդիտորների հետ չկարգավորված ֆինանսական հարաբերությունները.

թ) հաշվառման գործերի բարելավման նպատակով հաշվիչների և այլ սարքավորումների համար սակագներում չնախատեսված միջոցների բացակայությունը.

ժ) էներգահամակարգի թերբեռնվածության, ոչ լավագույն ռեժիմի և անհամաչափ սպառման պատճառով բուն տեխնիկական կորուստների աճը.

ժա) էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի համակարգում հաշվառման գործի անբավարար մակարդակի պատճառով առաջացած առևտրային գերկորուստները:

 

ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

Դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ կատարվող աշխատանքները կզուգակցվեն կրեդիտորական պարտքերի վերակառուցման (հետաձգման) անհրաժեշտ միջոցառումներով, այսպես`

- 1997 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 1996 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի դիմաց 25445,6 հազ. ԱՄՆ-ի դոլար ապրանքային ծածկույթով պարտքը վերակառուցվել է 17048,6 հազ. ԱՄՆ-ի դոլար տարադրամային պարտքի, որից 1997 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ չվճարված 10943,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի պարտքը վերակառուցվել է, և շուրջ 4 մլն ԱՄՆ-ի դոլարի վճարումներ հետաձգվել են մինչև 1998 թվականի հունվար և փետրվար ամիսները.

1997 թվականի ընթացքում առ այսօր ներկրված և մինչև տարեվերջ ներկրվելիք բնական գազի դիմաց առաքումներ (վճարումներ) կատարելու նպատակով ստորագրվել են բազմակողմ համաձայնագրեր, որոնց իրականացումը թույլ կտա, մի կողմից, պարտք չունենալ «Իտերա» կորպորացիային («Հայգազարդ» ՊԿ-»Իտերա» կորպորացիա-Թուրքմենստան-Իրան` 20 մլն ԱՄՆ-ի դոլար, «Հայգազարդ» ՊԿ-»Իտերա» կորպորացիա-Թուրքմենստան` 30 մլն ԱՄՆ-ի դոլար), մյուս կողմից, ապրանքային առաքման լուրջ ծավալներ պատվիրել հանրապետության արդյունաբերական ձեռնարկություններին` վերջիններիս վճարումների մի մասը կատարելով այդ ձեռնարկությունների սպառած էլեկտրական էներգիայի, բնական գազի և գոլորշու դիմաց պարտքերի հաշվանցումներով, մյուս մասը` գումարների որոշակի հետաձգմամբ (մինչև 1998 թվականի հուլիս-օգոստոս ամիսները և հետագա տարիները):

Նկատի ունենալով նախադեպը չունեցող նման համաձայնագրերի ժամանակ առաջացող օբյեկտիվ դժվարությունների հաղթահարման խնդիրը` քայլեր են ձեռնարկվում իրանական և թուրքմենական կողմերի հետ համաձայնագրերի կատարման ժամկետի երկարաձգման ուղղությամբ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ ձեռք է բերվել ցածրատոկոս և 3 տարի մարման ժամկետով 7 մլն ԱՄՆ-ի դոլարի վարկ, և մարվել են էներգահամակարգի ձեռնարկությունների 1997 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 7 մլն ԱՄՆ-ի դոլարի ժամկետանց վարկերն ու տոկոսները.

- 1997 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի վառելիքի գծով Ռուսաստանի Դաշնության մատակարար կազմակերպություններին ունեցած 6,7 մլրդ դրամ պարտքի մարումը կիրականացվի 13 տարվա ընթացքում` միջին տարեկան համամասնությամբ:

Նշված միջոցառումների իրականացմամբ մասամբ կմեղմվի էներգահամակարգի ֆինանսական վիճակը, ուստի, ֆինանսական ճեղքվածքը ծածկելու և ձեռնարկությունների շրջանառու միջոցները պահպանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ֆինանսական ներարկումներ:

Առաջին հերթին հարկավոր է ԱՄՆ-ի կառավարության կողմից մարդասիրական օգնության կարգով տրամադրված և օգտագործված բնական գազի արժեքն էլեկտրական էներգիայի սակագներում ներառված գազի գնով ձևակերպել որպես նպատակային և անվերադարձ ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկություններին:

Ֆինանսական ներարկումների աղբյուր են նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի ձևավորման ընթացքում առաջանալիք ակտիվները:

 

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Էներգահամակարգի ձեռնարկությունների շրջանառու միջոցների պահպանման համար անհրաժեշտ է տալ լուծում էներգաիրացնող ձեռնարկություն - «Հայէներգո» ՊՁ - արտադրող կայաններ - «Հայգազարդ» ՊԿ - «Հայթուրթրեյդ» ՊՁ շղթայում տնտեսավարող սուբյեկտներում առկա ֆինանսական ճեղքվածքի ծածկման համալիր միջոցառումների իրականացման, պարտքերի վերաձևակերպման (զիջման) ընթացքում առանձնահատկությամբ պայմանավորված` բնական գազ ներկրող, տեղափոխող, արտադրող և իրացնող ձեռնարկությունների, էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների համար մշակել դեբիտորական անհուսալի պարտքերի պահուստավորման և պահուստային ֆոնդի օգտագործման դեպքում ավելացված արժեքի հարկի ձևակերպման համապատասխան կարգերը:

 

ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նախատեսվում է, որ 1997 թվականի չորրորդ եռամսյակում իրացման տոկոսը պետք է կազմի 75, իսկ 1998 թվականի երկրորդ եռամսյակում` 80 տոկոս: Նպատակ է դրվել էներգիա արտադրող ձեռնարկություններին կատարվող վճարումները (բոլոր ձեռնարկությունների համար հաշվարկված միջինը) 1997 թվականի չորրորդ եռամսյակում հասցնել 60, իսկ 1998 թվականի երկրորդ եռամսյակում` 70 տոկոսի:

Քանի որ Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի շուրջ 75 տոկոսն օգտագործվում է էներգիայի արտադրման համար, արտադրողներին կատարվող վճարումների բարելավումը «Հայգազարդ» ՊԿ-ին հնարավորություն կտա միջին հաշվով հավաքագրվող միջոցները 1997 թվականի չորրորդ եռամսյակում հասցնել առնվազն 70, իսկ 1998 թվականի երկրորդ եռամսյակում` 75 տոկոսի: 1997-1998 թվականներին սպառած էլեկտրական էներգիայի դիմաց ապրանքային վճարումները կսահմանափակվեն 25, բնական գազի դիմաց մինչև 30 տոկոսով:

Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության կողմից էլեկտրացանցերի վերականգնման համար տրամադրվելիք վարկի հաշվին էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգի նորացման, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ու օրենքի պահանջներին համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ և առաքված էլեկտրական էներգիայի իրացման ու հաշվառման, գումարների գանձման համալիր այլ միջոցառումների իրականացման շնորհիվ գանձումների միջին մակարդակը 1998 թվականին առանց գերպլանային կորուստների կկազմի 86, 1999 թվականին 93 տոկոս: 2000 թվականից սկսած կապահովվեն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջական վճարումները:

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրավական դաշտն ապահովելու համար հրատապ է դարձել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների, ջերմային էներգիայից օգտվելու կանոնների, բնական գազից օգտվելու կանոնների լրամշակումն ու նոր խմբագրումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

Էլեկտրական էներգիայի հաշվառման արդիականացման միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ըստ փուլերի` 1998-2000 թվականներին, և միջազգային փորձագետների ու կազմակերպությունների կողմից գնահատվում է շուրջ 130 մլն ԱՄՆ-ի դոլար, որը գերազանցապես ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության տրամադրած վարկի հաշվին:

 

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

Հաշվի առնելով ֆինանսական ճեղքվածքի ծածկման աստիճանական բնույթը` վարկերի ձեռքբերման և մարման գործում անհրաժեշտ է կարևորել հետևյալը`

ա) բանակցել 1996 թվականի նոյեմբերի 22-ին «Հայգազարդ» ՊԿ-ին տրամադրված 5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի մարման ժամկետը (1997 թվականի նոյեմբերի 22) առնվազն մինչև 1999 թվականը երկարաձգելու վերաբերյալ.

բ) բնակեցնել 1996 թվականին «Հայգազարդ» ՊԿ-ին 4,5 մլն ԱՄՆ-ի դոլար և «Հայէներգո» ՊՁ-ին 5 մլն ԱՄՆ-ի դոլար տրամադրված վարկերի մարման ժամկետը (1999 թվական) մինչև 2001 թվականը երկարաձգելու վերաբերյալ.

գ) ձեռնպահ մնալ առևտրային բանկերում բարձրատոկոս վարկերի ձեռքբերումից, որոնց տոկոսավճարների գումարը կգերազանցի սակագներում (ինքնարժեքում) արտահայտված վարկերի տոկոսագումարը.

դ) վարկեր ձեռքբերել գլխավորապես շահութաբեր գործունեություն ծավալելու և ներդրումներ իրականացնելու համար (օրինակ, գազահաշվիչների արտադրություն, բնակավայրերի գազամատակարարման վերականգնում և այլն)` հիմնավորված բիզնես-պլանների (արտադրական ծրագրերի) առկայության դեպքում:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրման, տեղափոխման և իրացման, ինչպես նաև բնական գազի ներկրման, տեղափոխման ու իրացման գործընթացն առանձնացված է և իրականացվում է համապատասխան տնտեսավարող սուբյեկտների` պետական ձեռնարկությունների միջոցով, որոնց միջև տնտեսական ու իրավական հարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» և «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ու ենթաօրենսդրական այլ ակտերի հիման վրա կազմված պայմանագրերի միջոցով, իսկ առք ու վաճառքը կատարվում են քանակագումարային փոխադարձ հաշվարկի ակտերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ Հայներարտբանկի միջոցով արտասահմանյան բանկերից ձեռք բերված վարկերի սպասարկման, ռիսկային գործոնի նվազեցման նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության (ձեռնարկությունների լիազորությամբ) և Հայներարտբանկի միջև կնքված համաձայնագրի, «Հայէներգո» ՊՁ-ի, «Հայգազարդ» ՊԿ-ի, «Հայտրանսգազ» ՊՁ-ի, «Հայգազ» ՊՁ-ի, «Մարզային էլեկտրացանց» պետական ձեռնարկությունների հաշվարկային հաշիվները 1997 թվականի հոկտեմբեր ամսից տեղափոխվում են Հայներարտբանկի համապատասխան բաժանմունքներ, իսկ որտեղ բացակայում են Հայներարտբանկի բաժանմունքները, էներգահամակարգի ձեռնարկությունների հաշիվների սպասարկումը կատարվելու է հանրապետության այլ բանկերի միջոցով (Արդշինբանկ, Ագրոբանկ, Հայէկոնոմբանկ)` Հայներարտբանկի վերահսկողությամբ կնքված պայմանագրերի համաձայն, ինչը թույլ կտա էներգահամակարգի ֆինանսական հոսքերը դարձնել լիովին վերահսկելի:

Ներկայումս, երբ հիմնականում վերացել է բնակչության կողմից չվճարումների «հոգեբանական» սովորույթը, և, գնալով, ավելի վերահսկելի է դառնում առաքված էլեկտրական էներգիայի հաշվառման գործընթացը, բանկերի տեխնիկական հագեցվածության աճին զուգընթաց նպատակահարմար է դառնում բնակչությանն առաքված էլեկտրական ու ջերմային էներգիայի և բնական գազի դիմաց գումարների գանձումն իրականացնել հանրապետության բանկերի միջոցով, մրցութային կարգով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողությամբ և սահմանված կարգի համաձայն:

Ֆինանսական հոսքերի կարգավորումը ներառում է

- դրամական հոսքերի կանխատեսում և վերահսկում.

- բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի կանխիկ գումարների դրամարկղացում` Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով.

- առաքված էլեկտրական էներգիայի իրացման հասույթի նպատակային օգտագործում և էներգահամակարգի շահագործման նվազագույն ծախսերի ապահովում.

- շրջանառու միջոցների շրջանառելիության արագացման համալիր միջոցառումների իրականացում.

- արտաքին նոր պարտքերի առաջացումը կանխելու համար դրամական միջոցների առաջնահերթ ուղղում ներկրված բնական գազի վճարմանը.

- էներգահամակարգի ձեռնարկությունների ներքին և արտաքին պարտքերի կառավարում.

- հին պարտքերի վերակառուցում և նոր պարտքերի առաջացումը կանխարգելող միջոցառումների իրականացում.

- էներգահամակարգի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխադարձ մարում:

Դրամական հոսքերի վերահսկելիության, ինչպես նաև կառավարելիության աստիճանը բարձրացնելու, սակագների հաշվարկի, ֆինանսական հաշվետվությունների կազմման և ֆինանսական վերլուծություններ կատարելու նպատակով էներգահամակարգի ձեռնարկություններում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված կառուցվածքային բարեփոխումների, տեխնիկական աջակցության երկրորդ վարկի և USAID-ի միջոցների հաշվին անհրաժեշտ է`

- ստեղծել էներգահամակարգի ձեռնարկությունների ֆինանսական մոդելը.

- իրականացնել հաշվապահական հաշվառման համակարգչային և ծրագրերի ներդրում ապահովելով ձեռնարկությունների ներսում լիակատար հաշվառման և ներքին վերահսկման մեխանիզմների ստեղծումը.

- 1998 թվականին նախատեսել միջազգային հաշվապահական ստանդարտներին համապատասխան համակարգչային ծրագրի ներդրման գործընթաց` սակագների հաշվարկման և ֆինանսական թափանցելի հաշվետվությունների կազմման ու վերլուծությունների իրականացման համար.

- ապահովել մասնագիտական կադրերի պատրաստումը:

 

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո երկու տարվա ընթացքում էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից կսահմանվեն այնպես, որպեսզի ապահովվեն անվտանգ և արդյունավետ շահագործման, պահպանման, միջազգային ստանդարտներին համապատասխան և հիմնական միջոցների վերագնահատված հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման, կապիտալ ներդրումների, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցումը և շահութաբերությունը: Սակագները պետք է ներառեն նաև ֆինանսական վերականգնման ծրագրով նախատեսված պարտքերի երկարաձգման (պարտքերի, վարկերի սպասարկում) հետ կապված համապատասխան ծախսերը: 1998 թվականից հայտարարվող սակագները կսահմանեն նաև հզորությունների օգտագործման համապատասխան վճարումներ:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Էներգետիկ համակարգի ձեռնարկությունների վերակառուցումը պետք է ավարտվի մինչև 1998 թվականի հունվարի 1-ը: Մինչև նշված ժամկետը բոլոր ձեռնարկությունները պետք է գրանցվեն որպես 100 տոկոսանոց պետական մասնակցության բաժնետիրական ընկերություններ: Համակարգը բաղկացած կլինի 6 էներգաարտադրող ձեռնարկությունից, մեկ ազգային տեղափոխող և կարգավորող ձեռնարկությունից և 11 էլեկտրաէներգիա իրացնող ձեռնարկությունից: «Երևանի էլեկտրացանց»` ՊՁ-ի գործունեությունը կարտոնագրվի նոր իրավական կարգավորման շրջանակներում` մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը, իսկ մնացած բոլոր էներգետիկ ձեռնարկությունները կարտոնագրվեն մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է մշակի և ընդունի էներգահամակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհման ռազմավարությունը: Այն պետք է որոշի սեփականաշնորհման ենթակա ձեռնարկություններն ու միջոցները, պետությանը մնացող սեփականության բաժինը, վաճառքի իրականացման մեթոդները և սեփականաշնորհման ժամանակացույցը: Վաճառքի մեթոդոլոգիան պետք է իր մեջ ներառի միջազգային մրցույթով սեփականաշնորհման ստրատեգիական ներդրողի կարևոր դերը` ներդրման հեռանկարները, տեխնոլոգիաների և փորձի փոխանակումը` առավելագույնի հասցնելու նպատակով: Լավագույն պայմաններով մասնավոր կապիտալ ներգրավելու նպատակով մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պայմանագիր կկնքի միջազգային ֆինանսական խորհրդատուների հետ, որպեսզի նրանք սեփականաշնորհման ռազմավարության իրականացման ընթացքում ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը: Էներգահամակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհումը կսկսվի 1998 թվականին և ակնկալվում է այն ամբողջությամբ ավարտել մինչև 2000 թվականը:

Ֆինանսական ճեղքվածքի ծածկումը հնարավորություն կտա սեփականաշնորհման ժամանակ ավելի գրավիչ դարձնել էներգահամակարգը և բարձրացնել նրա արժեքը:

Միաժամանակ էներգահամակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհումը հզոր խթան կհանդիսանա էներգահամակարգում առկա ֆինանսական հիմնախնդիրների հավասարակշռված լուծման և անհրաժեշտ ներդրումների ներգրավման համար:

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 1997-1998 թվականներին սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկը կցվում է:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Համալիր միջոցառումների իրականացմամբ էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկումը, բացառելով էներգակիրների սակագների շեշտակի աճը, կնպաստի ոչ միայն էներգահամակարգի ձեռնարկությունների ֆինանսական կենսունակության վերականգնմանը, այլև նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսության կարևորագույն այն ոլորտների զարգացման համար, որոնց արտադրանքի ինքնարժեքում էներգակիրների ծախսերը կազմում են գերակշռող մասը, և կապահովի Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի աշխատանքը ծախսերի ինքնածածկման սկզբունքով` սկսած 1999 թվականի չորրորդ եռամսյակից:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

 

Ֆինանսական կենսունակության վերականգնման ծրագրի կատարումը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում և վերահսկվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, նշված ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև Համաշխարհային բանկ` վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում` ծրագրի կատարման ընթացքում առաջացող շեղումների նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք ցուցաբերելու և էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման հիմնախնդիրներին համարժեք լրացուցիչ միջոցառումների իրականացման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՃԵՂՔՎԱԾՔԸ

 

.________________________________________________________________________.

|Թիվ  |             |  ԳՈՒՄԱՐԸ |               |  ԳՈՒՄԱՐԸ |  ԾԱՆՈԹԱԳՐՈՒ- |

|Թիվ  | ԱԿՏԻՎՆԵՐ    |(մլն դրամ)|  ՊԱՍՍԻՎՆԵՐ    |(մլն դրամ)|  ԹՅՈՒՆ       |

|Ը/Կ  |             |          |               |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|1.   |Հնարավոր     | 42366    |Կրեդիտորական   |75325,7   |              |

|     |գանձվելիք    |          |պարտքի մնացորդը|          |              |

|     |գումարը 1997 |          |1997 թվականի   |          |              |

|     |թվականի      |          |ապրիլի 1-ի     |          |              |

|     |ապրիլի 1-ի   |          |դրությամբ      |          |              |

|     |դրությամբ    |          |               |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|2.   |ԱՄՆ-ի        |          |               |          |              |

|     |կառավարության|          |               |          |              |

|     |կողմից 1997թ.|  8646    |               |          |              |

|     |տրամադրված   |          |               |          |              |

|     |բնական գազի` |          |               |          |              |

|     |էներգահամա-  |          |               |          |              |

|     |կարգում      |          |               |          |              |

|     |թողնվող      |          |               |          |              |

|     |գումարը`     |          |               |          |              |

|     |էլեկտրաէներ- |          |               |          |              |

|     |գիայի        |          |               |          |              |

|     |սակագնում    |          |               |          |              |

|     |արտահայտված  |          |               |          |              |

|     |բնական գազի  |          |               |          |              |

|     |արժեքի չափով`|          |               |          |              |

|     |հաշվի առած   |          |               |          |              |

|     |անապահով     |          |               |          |              |

|     |ընտանիքներին |          |               |          |              |

|     |տրամադրվելիք |          |               |          |              |

|     |անվճար       |          |               |          |              |

|     |էլեկտրաէներ- |          |               |          |              |

|     |գիան         |          |               |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|3.   |Նպատակային   | 6674,1   |               |          |              |

|     |ֆինանսավորում|          |               |          |              |

|     |ՀԱԷԿ-ին      |          |               |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ`    | 57686,1  |               |          |              |

|     |ԱԿՏԻՎՆԵՐ     |          |               |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|1.1. |«Նաիրիտ» ՓԲԸ | 4980,6   |Թուրքմենստան   |18435,3   |»Հայթուրթրեյդ»|

|     |Խմելու ջուր  | 4887,5   |               |          |ՊՁ-ի          |

|     |Ոռոգման ջուր | 5245,3   |               |          |Թուրքմենստանին|

|     |Ջեռուցում    | 3321,9   |               |          |ունեցած պարտքի|

|     |             |          |               |          |վերաձևակերպ-  |

|     |             |          |               |          |ման հաշվին    |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|1.2. |ՀՀ պետական   | 2751,1   |էներգահամակարգի| 1831     |էներգահամակար-|

|     |բյուջեից     |          |ձեռնարկություն-|          |գի ձեռնարկու- |

|     |ֆինանսավորվող|          |ների ՀՀ պետական|          |թյունների     |

|     |կազմակերպու- |          |բյուջեին և     |          |կրեդիտորների, |

|     |թյուններ     |          |ԿևԶՀ-ին        |          |ՀՀ պետական    |

|     |Ջեռուցում    | 1071,9   |ունեցած        |          |բյուջեին և    |

|     |(տարբերու-   |          |ապառքներ       |          |ԿևԶՀ-ին       |

|     | թյուն)      |          |  այլ կրեդիտոր-| 2612,4   |ունեցած       |

|     |ԼՂՀ          |  620,4   |  ներ          |          |պարտքերի      |

|     |             |          |               |          |մարում`       |

|     |             |          |               |          |փոխադարձ      |

|     |             |          |               |          |հաշվանցումների|

|     |             |          |               |          |միջոցով       |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|1.3. |             |          |ՀԱԷԿ-ի         | 6674,1   |Նպատակային    |

|     |             |          |կրեդիտորական   |          |ֆինանսավորում |

|     |             |          |պարտքը`        |          |ՀՀ պետական    |

|     |             |          |միջուկային     |          |բյուջեի կողմից|

|     |             |          |վառելիքի գծով  |          |              |

|_____|_____________|__________|_______________|__________|______________|

|1.4. |Առկա դրամական|  977,9   |բանկի վարկեր   | 15880    |Ենթակա են     |

|     |միջոցներ     |          |               |          |վերակառուցման:|

|     |Ապրանքանյու- | 5660,2   |Ռուսաստան      | 22899    |              |

|     |թական        |          |(«Իտերա»)      |          |              |

|     |արժեքների և  |          |               |          |              |

|     |ծառայություն-|          |               |          |              |

|     |ների գծով    |          |               |          |              |

|     |Այլ ակտիվներ | 13249,2  |աշխատավարձ     | 605,1    |Հնարավոր      |

|     |             |          |այլ պարտքեր    |6388,8    |գանձվելիք     |

|     |             |          |               |          |գումարի       |

|     |             |          |               |          |մնացորդի      |

|     |             |          |               |          |հաշվին        |

|     |             |          |               |          |կրեդիտորական  |

|     |             |          |               |          |պարտքի մարում |

|_____|_____________|__________|_______________|__________|______________.

|     |Ճեղքվածքը`   |          |               | 17639,6  |

|     |պարտքերի     |          |               |          |

|     |վերակառուցու-|          |               |          |

|     |մից հետո     |          |               |          |

|_____|_____________|__________|_______________|__________|

|     |             |          |Վարկի տոկոսներ | 3200     |

|     |             |          |01.04.97 -     |          |

|     |             |          |- 01.01.98 թթ. |          |

|     |             |          |(ճեղքվածքի     |          |

|     |             |          |ավելացում)     |          |

|     |             |          |01.04.97 -     |          |

|     |             |          |- 01.01.98 թթ. | 13300    |

|     |             |          |սպասվելիք      |          |

|     |             |          |ֆինանսական     |          |

|     |             |          |ճեղքվածք       |          |

|     |             |          |(ճեղքվածքի     |          |

|     |             |          | ավելացում)    |          |

|_____|_____________|__________|_______________|__________|

|     |Հաշվարկային  |          |               | 34139,6  |

|     |ճեղքվածքը    |          |               |          |

|     |1998 թվականի |          |               |          |

|     |հունվարի 1-ի |          |               |          |

|     |դրությամբ    |          |               |          |

._________________________________________________________.

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ 1997-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

1997 ԹՎԱԿԱՆ

 

1. «Հայէներգանորոգում» ՊՁ

2. «Հայէներգահատուկնորոգում» ՊՁ

3. «Հայէներգաշինարդ» ՊՁ

4. «Էներգաբետոն» ՎՁ

5. «Շինվերանորոգում» ՊՁ

6. «Մարմարիկ» ՊՁ

7. «Հայէներգո» ՊՁ-ի «Բնակկենցաղային տնտեսություն» ԴՁ

8. «Հայգազարդ» ՊԿ-ի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսություն

9. «Հայգազարդ» ՊԿ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության և

վերամշակման ԴՁ

 

1998 ԹՎԱԿԱՆ

 

1. «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՁ

2. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ

3. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ

4. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ

5. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ

6. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ

7. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ

8. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ

9. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ

10. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ

11. «Երևանի մարզային էլեկտրացանց» ՊՁ

 

_________________

Ծանոթագրություն.- Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության

էներգահամակարգի բոլոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը կատարել

100 տոկոսով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 551 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Էլեկտրական և ջերմային էներգիայի նկատմամբ ներքին պահանջարկի կրճատման ու հարևան երկրներ էլեկտրական էներգիայի արտահոսքի ըստ էության բացակայության պատճառով (80-ական թվականների համեմատ տարեկան շուրջ 13 մլրդ կՎտԺ-ի փոխարեն ներկայումս արտադրվում է շուրջ 6,2 մլրդ կՎտԺ էլեկտրական էներգիա) զգալիորեն թերբեռնված են աշխատում Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հզորությունները:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հիմնական ֆոնդերի զգալի մասը ֆիզիկապես և բարոյապես մաշված է և դրանց տեխնիկական վերազինման ու զարգացման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ ԱՄՆ-ի դոլար, ինչը չի կարող ապահովվել ներքին աղբյուրներից:

Սակայն տնտեսության ընդհանուր զարգացման հետ էլեկտրական էներգիայի ներքին շուկայի ընդլայնումը և հարևան պետությունների էլեկտրական էներգիայի չբավարարված պահանջն առաջիկա տարիներին էապես կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհման արժեքը, ինչը հատկապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փոքրածավալ եկամուտների պայմաններում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, անհրաժեշտ է ստեղծել բոլոր նախադրյալները` Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքը բարձրացնելու համար, գերակայությունը տալով համակարգի արդյունավետության և անվտանգության բարձրացման խնդրին, որը հնարավոր է իրականացնել ռազմավարական ներդնողի շնորհիվ:

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի բոլոր ձեռնարկությունները, բացի Հայկական ատոմային էլեկտրակայանից, «Հայէներգո» ՊՁ-ից, որը էլեկտրական էներգիայի միակ ազգային փոխադրողն է և իրականացնում է համակարգի տեխնոլոգիական կարգավորման գործառույթը, և «Էներգետիկայի ինստիտուտ» ՊՁ-ից:

Սեփականաշնորհումն անհրաժեշտ է իրականացնել հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 2000 թվականը ներառյալ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի հիմնական պատճառներն են սպառողներից վճարումների թերգանձումը, բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների անթույլատրելի չափերը և էլեկտրական էներգիայի անբավարար հաշվառումը, նպատակահարմար է սեփականաշնորհումն սկսել 10 մարզային և Երևան քաղաքի մեկ բաշխիչ էլեկտրացանցային պետական ձեռնարկություններից` յուրաքանչյուրը դիտարկելով որպես գույքային համալիր:

Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը բեկում կմտցնի գանձումների մակարդակի բարձրացման ու կորուստների նվազեցման գործում, և դրանց սեփականաշնորհումը պետք է սկսել 1998 թվականից:

Նպատակահարմար է 1998 թվականին սեփականաշնորհել նաև համակարգի ինֆրաստրուկտուրայի (այդ թվում` արտադրական, նախագծային և շինարարական) ձեռնարկությունները:

1999 թվականից, բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո, երբ սպառողներից էլեկտրական էներգիայի դիմաց գանձումները կհասցվեն առնվազն 90-95 տոկոսի, սպառողների, բաշխիչ ցանցերի, «Հայէներգո» ՊՁ-ի և արտադրողների հարաբերությունները գործնականում կառուցված կլինեն պայմանագրային հիմքերի վրա (ֆինանսական հստակ պատասխանատվությամբ), և կապահովվի համակարգում քաղաքականություն իրականացնող մարմնի (նախարարության), տնտեսավարող մարմինների (ձեռնարկությունների) և կարգավորող մարմնի (էներգետիկ հանձնաժողովի) իրավական և փաստացի անկախությունը միմյանցից, հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրակայանների սեփականաշնորհումը:

«Հայգազնախագիծ» և «Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտների սեփականաշնորհումն անհրաժեշտ է իրականացնել «Հայգազարդ» ՊԿ-ի և «Հայէներգո» ՊՁ-ի կազմում:

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

Ռազմավարական ներդրողներին առաջարկել սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքի առնվազն 51 տոկոսը:

Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հիմնական ձև համարել միջազգային մրցույթի կազմակերպումը:

Սեփականաշնորհման արժեքի ազատ մասը վաճառել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ` կապիտալի շուկայում:

Միջազգային մրցույթով երկրորդ անգամ չսեփականաշնորհված բաժնեմասերը վաճառել ազատ բաժանորդագրությամբ:

Այն ձեռնարկությունները, որոնք չեն սեփականաշնորհվի միջազգային մրցույթով և ազատ բաժանորդագրությամբ, հանձնել լիազորագրային կառավարման, վարձակալության լիզինգի կամ կոնցեսիայի:

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհումը նախապատրաստելու համար Համաշխարհային բանկի աջակցությամբ ընտրել արտասահմանյան հեղինակավոր և փորձառու խորհրդատվական ֆիրմաներ:

Ձևավորել ֆինանսական տեղեկատվության հատուկ համակարգ: Այդ նպատակով համակարգի ձեռնարկությունների տարեկան հաշվապահական հաշվեկշիռները պարտադիր ենթարկել անկախ հաշվեքննության (աուդիտի):

Կազմակերպել հատուկ հաշվառում յուրաքանչյուր սպառողի, դեբիտորի և կրեդիտորի հետ` ապահովելով հաշվառման թափանցիկությունն ու ֆինանսական հոսքերի վերահսկելիությունը:

Ապահովել էլեկտրակայանների կողմից սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի օգտագործման, տեղափոխման, բաշխման փուլերում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների և էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսի գիտականորեն հիմնավորված նորմատիվների մշակումը:

Մինչև սեփականաշնորհումն իրականացնել ձեռնարկությունների ֆինանսական կենսունակության վերականգնում, դրանց լիակատար վճարունակության ապահովում:

Մշակել արտադրողներից էլեկտրաէներգիայի եզակի գնորդից մրցութային շուկայի աստիճանական անցման վերաբերյալ ծրագիր:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտ փոփոխությունների նախագծեր էլեկտրաէներգիայի արտադրության, ներմուծման և արտահանման չափաքանակների հարցում ազատականացման վերաբերյալ:

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` «ՆԱԻՐԻՏ» ՓԲԸ-Ի, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՊՁ-Ի, ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊՁ-Ի ԵՎ «ՀԱՅՋՐՏՆՏ» ՀՆՊՁ-Ի ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «Հայթուրթրեյդ» ՊՁ-ից ընդունում է 1994-1995 թվականներին գազի մատակարարման համար Թուրքմենստանի նկատմամբ «Հայթուրթրեյդ» ՊՁ-ի ունեցած 34023 հազ. ԱՄՆ-ի դոլարի պարտքը:

2. Դրա դիմաց «Հայթուրթրեյդ» ՊՁ-ի նկատմամբ «Հայէներգո» ՊՁ-ի և «Հայգազարդ» ՊԿ-ի ունեցած նույն չափով պարտքերը համարվում են մարված և հանձնված (որպես փոխանցվող պարտք) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նկատմամբ «Հայէներգո» ՊՁ-ի և «Հայգազարդ» ՊԿ-ի նույն չափով ունեցած պարտքերը համարվում են մարված նրանց նկատմամբ «Նաիրիտ» ՓԲԸ-ի, «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ի, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՁ-ի և «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի ունեցած պարտքերի դիմաց այդ գումարները վերաձևակերպելով որպես վերջիններիս պարտքեր` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «Նաիրիտ» ՓԲԸ-ի, «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ի, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՁ-ի և «Հայջրտնտ' ՀՆՊՁ-ի հետ կնքում է պարտքերի մարման պայմանագրեր` 5 տարվա մարման ժամկետով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.1997
N 551
Որոշում