ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 1992թ. թիվ 273
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը 1992 թվականի մայիսի 15-ից Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի գանձման մետաղանիշային /ժետոնային/ համակարգի անցնելու մասին:
2. Սահմանել, որ մետաղանիշերի /ժետոնների/ մուտքի և ելքի փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և ազգային անվտանգության պետական վարչությանը` մետաղանիշերի արտահոսքը կանխելու նպատակով խիստ վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ձեռնարկության կողմից մետաղանիշերի արտադրության և բացթողման նկատմամբ:
4. Արգելել այլ ձեռնարկություններում, կազմակերպություններում և օբյեկտներում մետաղանիշերի պատրաստումը:
5. Մետաղանիշերի ստացման ու իրացման վերահսկողությունը և հաշվառումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ներքին գործերի նախարարության ու տրանսպորտի եվ հաղորդակցության նախարարության վրա: