040.0567.051297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 567
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի խոշորագույն ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանը կոչել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունով:
2. Սահմանել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ուսանողական երկու կրթաթոշակ Երևանի պետական համալսարանում, մեկական` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`
ա) ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին տեղադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում և Բյուրականի աստղադիտարանի տարածքում.
բ) Բյուրականում ստեղծել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան.
գ) երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել համբարձումյանական միջազգային ընթերցումներ.
դ) լավագույն գիտական հետազոտության համար հիմնել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ոսկե մեդալ` համապատասխան դրամական պարգևով, և դրանով պարգևատրել գիտության գործիչներին` երեք տարին մեկ անգամ.
ե) սահմանել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ակադեմիական մրցանակ և այն շնորհել գիտության գործիչներին` երեք տարին մեկ անգամ.
զ) կազմակերպել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի գիտական աշխատանքների ակադեմիական հրատարակությունը.
է) սահմանել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ասպիրանտական երկու կրթաթոշակ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինների հետ վարել բանակցություններ` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` թողարկել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարով նամականիշ և ծրար:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` թողարկել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարով դրամանիշ:
8. Երևանի քաղաքապետին`
ա) Երևան քաղաքի փողոցներից մեկը կոչել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունով.
բ) Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկը կոչել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունով.
գ) ապահովել հուշատախտակի տեղադրումը Երևան քաղաքի այն շենքի վրա, որտեղ ապրել և աշխատել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:
9. Արագածոտնի մարզպետին` ապահովել հուշատախտակի տեղադրումը ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի` Բյուրական գյուղի տան վրա:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից: