041.0606.251297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 606
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 1998 թվականի հունվարի 8-16-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի մշակույթի շաբաթ կազմակերպելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախապատրաստել Հայաստանի մշակույթի շաբաթվա ծրագիրը և միջոցներ ձեռնարկել նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ժամանակավորապես արտահանվող թանգարանային ցուցանմուշների մաքսային ստուգումներն առաքման և հետբերման ժամանակ կատարել համապատասխան թանգարաններում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերի համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված թանգարանային ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը թանգարաններ:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել Հայաստանի պատվիրակության մեկնումը, ցուցանմուշների առաքումը Կահիրե և վերադարձը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերի համաձայն և նրա միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի պատվիրակության Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվելու ծախսերը հոգալու է եգիպտական կողմը: