Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՆ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ ՑԱՄԱՔՈՎ, ԾՈՎՈՎ ԵՎ ՕԴՈՎ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԴԵՄ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունները,

հայտարարելով, որ ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներմուծման կանխարգելման վերաբերյալ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ է համընդգրկուն միջազգային մոտեցում, ներառյալ համագործակցությունը, տեղեկության փոխանակումը և այլ պատշաճ միջոցները, այդ թվում` ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով սոցիալ-տնտեսական միջոցները,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1999 թվականի դեկտեմբերի 22-ի հմ. 54/212 բանաձևը, որում Ասամբլեան հետևողականորեն կոչ է արել անդամ պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության համակարգին` ամրապնդել միջազգային համագործակցությունը միջազգային միգրացիայի և զարգացման բնագավառներում` դրա արմատական պատճառների վերացմանն աջակցելու նպատակով, հատկապես` այնպիսիներին, որոնք կապված են չքավորության և միջազգային միգրացիայից օգուտների առավելագույն ավելացմանը նրանց համար, ում դա վերաբերում է, և միջտարածաշրջանային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մեխանիզմներին համապատասխան դեպքերում հանձնարարել է շարունակել զբաղվել միգրացիայի և զարգացման վերաբերյալ հարցի քննարկումով,

համոզված լինելով միգրանտներին մարդասիրական վերաբերմունք և նրանց իրավունքների լրիվ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության մեջ,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած այն աշխատանքին, որ կատարվում են այլ միջազգային համաժողովներում, չկա համապարփակ փաստաթուղթ, որում կշոշափվեին միգրանտների անօրինական ներմուծման կողմերը և դրա հետ կապված այլ հարցերը,

մտահոգված լինելով կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության զգալի ընդլայնումով` կապված միգրանտների անօրինական ներմուծման և դրա հետ կապված այլ հանցավոր գործունեության հետ, որը նշված է սույն Արձանագրության մեջ, որը զգալի վնաս է պատճառում համապատասխան պետություններին,

մտահոգված լինելով նաև նրանով, որ միգրանտների անօրինական ներմուծումը կարող է սպառնալիք ստեղծել դրա մեջ ներգրավված միգրանտների կյանքի և անվտանգության համար,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1998 թվականի դեկտեմբերի 9-ի հմ. 53/111 բանաձևը, որում Ասամբլեան որոշել է ստեղծել բաց կազմով հատուկ միջկառավարական կոմիտե` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ համընդգրկուն միջազգային կոնվենցիա մշակելու և դրա մշակման մասին հարցը քննարկելու, մասնավորապես` միգրանտների անօրինական ներմուծման և փոխադրման դեմ պայքարի միջազգային փաստաթղթի մշակումը, այդ թվում` ծովով,

համոզված լինելով, որ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներմուծման դեմ միջազգային փաստաթղթով լրացնելը նպաստելու է այդպիսի հանցագործությունների կանխմանը և դրանց դեմ պայքարին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԿԱՊԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ

 

1. Սույն Արձանագրությունը լրացնում է Միավորված ազգերի կազմակերպության անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան: Այն մեկնաբանվում է Կոնվենցիայի հետ համատեղ:

2. Կոնվենցիայի դրույթները սույն Արձանագրության նկատմամբ կիրառվում են պարտադիր, եթե դրանում այլ բան նախատեսված չէ:

3. Հանցագործությունները, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրության 6-րդ հոդվածի համապատասխան, դիտվում են որպես հանցագործություն, որոնք այդպիսին են ճանաչվել Կոնվենցիային համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն Արձանագրության նպատակը կայանում է միգրանտների անօրինական մուտքի կանխարգելման և դրա դեմ պայքարի մեջ, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար Մասնակից պետությունների միջև համագործակցությունը խրախուսելու մեջ` անօրինական ներմուծված միգրանտների իրավունքների պաշտպանումով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ

 

Սույն Արձանագրության նպատակների համար.

ա) «միգրանտների անօրինական ներմուծում» նշանակում է` որևէ Մասնակից պետություն որևէ անձի, որը չի հանդիսանում նրա քաղաքացին կամ մշտապես չի բնակվում նրա տարածքում, անօրինական ներմուծման ապահովում` ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով.

բ) «անօրինական մուտք» նշանակում է` սահմանների հատումը առանց ընդունող պետություն օրինական մուտքի համար անհրաժեշտ պահանջների պահպանման.

գ) «մուտքի/ելքի կամ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ» նշանակում է` մուտքի/ելքի կամ անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ, որը.

i) ցանկացած անձի կամ հիմնարկի կողմից կեղծվել կամ որևէ նյութական ձևով փոփոխվել է, բացի նրանցից, որոնք օրինական կարգով լիազորված են պետության անունից պատրաստել կամ տալ մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթուղթ, կամ

ii) տրվել է ոչ պատշաճ ձևով կամ ստացվել է ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու, կաշառակերության կամ հարկադրանքի օգնությամբ կամ որևէ այլ անօրինական ձևով, կամ

iii) օգտագործվում է ոչ թե օրինական տիրոջ, այլ ուրիշ անձի կողմից,

դ) «նավ» նշանակում է` ցանկացած տեսակի լողացող միջոցներ, ներառյալ ոչ ջրատար տեսակի նավերը և հիդրոինքնաթիռները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես ջրի վրայով փոխադրման միջոց, բացառությամբ ռազմանավերի, օժանդակ ռազմածովային նավերի կամ այլ նավերի, որոնք պատկանում են պետությանը կամ շահագործվում են նրա կողմից և համապատասխան պահին օգտագործվում են միայն պետական ոչ առևտրային ծառայության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Արձանագրությունը, եթե դրանում այլ բան նշված չէ, կիրառվում է այն հանցագործությունների կապակցությամբ կանխարգելման, քննության և քրեական հետապնդման նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան, եթե այդ հանցագործությունները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, ինչպես նաև այն անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ, որոնք այդպիսի հանցագործությունների օբյեկտ են դարձել:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

 

Սույն Արձանագրությունը չի կիրառվում միգրանտների քրեական հետապնդման համար սոսկ այն հանգամանքի ուժով, որ նրանք սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ են դարձել:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով.

ա) միգրանտների անօրինական ներմուծումը.

բ) երբ դրանք կատարվում են միգրանտների անօրինական ներմուծման համար պայմաններ ստեղծելու նպատակով.

i) մուտքի/ելքի կամ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ պատրաստելը.

ii) այդպիսի փաստաթուղթ ձեռք բերելը կամ տրամադրելը կամ այն տիրապետելը.

գ) որևէ անձի հետապնդելը, որը համապատասխան պետության քաղաքացի չի համարվում կամ նրա տարածքում մշտապես չի բնակվում, այդ պետությունում առանց դրանում օրինական գտնվելու համար անհրաժեշտ պահանջների պահպանության, գտնվելու հնարավորությունը` սույն կետի «բ» ենթակետում նշված միջոցների կամ ցանկացած այլ անօրինական միջոցի օգտագործման միջոցով:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները.

ա) իր իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով` որևէ հանցագործություն կատարելու փորձը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան.

բ) որպես հանցակից մասնակցությունը որևէ հանցագործության իրականացմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1 (ա), (բ) (i) կամ (գ) կետի համապատասխան և իր իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով` որպես հանցակից մասնակցությունը որևէ հանցագործության իրականացմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1 (բ) (ii) կետի համապատասխան.

գ) այլ անձանց կազմակերպելը կամ ղեկավարելը` որևէ հանցագործության կատարման նպատակով, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել, որպեսզի ծանրացնող հանգամանքներ ճանաչվեն այն հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1 (ա), (բ) (i) և (գ) կետերին համապատասխան և իրենց իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով` հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 2 (բ) և (գ) կետերին համապատասխան,

ա) որոնք համապատասխան միգրանտների կյանքը կամ անվտանգությունը վտանգի տակ են դնում կամ կարող են դնել, կամ

բ) որոնք կապված են այդպիսի միգրանտների հետ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ, այդ թվում` շահագործման նպատակով:

4. Ոչինչ սույն Արձանագրության մեջ չի խոչընդոտում Մասնակից պետությանը միջոցներ ձեռնարկելու որևէ անձի նկատմամբ, որի արարքը քրեորեն պատժելի է համարվում նրա ներքին օրենսդրության համաձայն:

 

2. ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԾՈՎՈՎ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Մասնակից պետությունները առավելագույն հնարավոր չափով համագործակցում են միգրանտների` ծովով անօրինական ներմուծումը նախազգուշացնելու և կանխարգելելու նպատակով` միջազգային ծովային իրավունքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԾՈՎՈՎ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Մասնակից պետությունը, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ այն նավը, որ կրում է իր դրոշը կամ հայտարարում է այն մասին, որ այն գրանցված է այդ պետությունում կամ ազգություն չունի կամ էլ թեև օտարերկրյա դրոշ է կրում կամ հրաժարվում է դրոշը ցույց տալ, իրականում ունի այդ Մասնակից պետության ազգությունը, մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը, կարող է հայցել մյուս Մասնակից պետությունների օգնությունը` տվյալ նավը այդ նպատակով օգտագործելը կանխարգելելու գործում: Մասնակից պետությունները, որոնց ուղղված է նման հարցումը, այդպիսի օգնությունը տրամադրում են այն չափով, որքանով առկա միջոցների շրջանակներում դա հնարավոր է:

2. Մասնակից պետությունը, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ նավը, որը, միջազգային իրավունքին համապատասխան, նավարկության ազատություն է իրականացնում և կրում է այլ Մասնակից պետության դրոշը, կամ այդպիսի պետությունում գրանցման նշաններ կրող նավը մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը, կարող է այդ մասին ծանուցել դրոշի պետությանը, պահանջել գրանցման հաստատումը և հաստատման դեպքում խնդրել դրոշի պետության թույլտվությունը` այդ նավի նկատմամբ պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար: Դրոշի պետությունը կարող է հայցող պետությանը թույլ տալ, մասնավորապես`

ա) բարձրանալ այդ նավը.

բ) կատարել այդ նավի զննում, և

գ) այդ նավի` ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը մասնակցելու ապացույցներ հայտնաբերելու դեպքում պատշաճ միջոցներ ձեռնարկել այդ նավի, ինչպես նաև նրա մեջ գտնվող անձանց և բեռի նկատմամբ` դրոշի պետության կողմից թույլատրված կարգով:

3. Մասնակից պետությունը, որը սույն հոդվածի 2-րդ կետի համապատասխան իրականացնում է ցանկացած միջոց, արդյունքների մասին անհապաղ տեղեկացնում է շահագրգիռ դրոշի պետությանը:

4. Մասնակից պետությունը անհապաղ պատասխանում է մյուս Մասնակից պետությունից ստացված հարցմանը, որպեսզի պարզի` այդ պետությունում իր գրանցման մասին հայտարարող կամ նրա դրոշը կրող նավն ունի՞ արդյոք դրա իրավունքը, ինչպես նաև պատասխանում է այն թույլտվության վերաբերյալ հարցմանը, որն արվել է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

5. Դրոշի պետությունը, սույն Արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, կարող է իր թույլտվությունը ուղեկցել այնպիսի պայմաններով, որոնք պետք է համաձայնեցվեն նրա և հայցող պետության միջև, այդ թվում` այն պայմանների, որոնք վերաբերում են պատասխանատվությանը և այն արդյունավետ միջոցների ծավալին, որոնք պետք է ընդունվեն: Մասնակից պետությունը առանց դրոշի պետության ուղղակի համաձայնության լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում, բացառությամբ այնպիսիների, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքի համար անմիջական վտանգը վերացնելու համար, կամ որոնք բխում են համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից:

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նշանակում է մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մարմիններ, որոնք պետք է հարցումներ ստանան օգնության գրանցման կամ նրա դրոշը կրելու նավի իրավունքի հաստատման մասին, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և այդ հարցումներին պատասխանելու թույլտվության վերաբերյալ: Այդպիսի նշանակման մասին ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի միջոցով մյուս Մասնակից պետություններին է ուղարկվում նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում:

7. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ նավը մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը և ազգություն չունի կամ կարող է հավասարեցվել առանց ազգության նավի, կարող է բարձրանալ այդ նավ և զննություն կատարել: Եթե հայտնաբերվել են այդ կասկածը հաստատող ապացույցները, ապա այդպիսի Մասնակից պետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում` ներքին և միջազգային իրավունքի համապատասխան դրույթներին համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՇՏՊԱՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երբ Մասնակից պետությունը սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան միջոցներ է ձեռնարկում որևէ նավի նկատմամբ, նա`

ա) ապահովում է դրանում գտնվող անձանց անվտանգությունը և դրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը.

բ) պատշաճորեն հաշվի է առնում նավի կամ դրա բեռի անվտանգությունը վտանգի տակ չդնելու անհրաժեշտությունը.

գ) պատշաճորեն հաշվի է առնում դրոշի պետության կամ որևէ այլ շահագրգիռ պետության առևտրային կամ իրավաբանական շահերին վնաս չհասցնելու անհրաժեշտությունը.

դ) գոյություն ունեցող հնարավորությունների սահմաններում ապահովում է, որ նավի նկատմամբ ընդունված ցանկացած միջոց համապատասխանի բնապահպանական անվտանգության նկատառումներին:

2. Եթե շարժառիթները, որոնք հաշվի առնելով միջոցներ են ձեռնարկվել սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համաձայն, համարվեն չհիմնավորված, ապա նավը փոխհատուցում կստանա պատճառված վնասների կամ վնասի համար` պայմանով, որ այդ նավը որևէ արարք չի կատարել, որն արդարացներ ձեռնարկվող միջոցները:

3. Ցանկացած միջոց, որը կատարվել է կամ իրականացվել է սույն գլխին համապատասխան, պատշաճորեն արտացոլում է անհրաժեշտությունը` չխոչընդոտելու կամ վնաս չպատճառելու.

ա) առափնյա պետությունների իրավունքներին ու պարտավորություններին և իրավասության իրականացմանը` միջազգային ծովային իրավունքին համապատասխան, կամ

բ) նավի հետ կապված վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերով իրավասություն և վերահսկողություն իրականացնելու դրոշի պետության լիազորություններին:

4. Ցանկացած միջոց, որը, սույն գլխին համապատասխան, ձեռնարկվում է ծովում, իրականացվում է միայն ռազմական նավերի կամ ռազմական թռչող սարքերի կողմից կամ այլ նավերի կամ թռչող սարքերի կողմից, որոնք ունեն հստակ արտաքին նշաններ, որոնք թույլ են տալիս ճանաչել դրանց որպես պետական ծառայության մեջ գտնվող, և որոնք կոչված են այդ նպատակի համար:

 

3. ԿԱՆԽՈՒՄԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Առանց Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին վնասելու` Մասնակից պետությունները, առաջին հերթին այն Մասնակից պետությունները, որոնք ընդհանուր սահմաններ ունեն կամ գտնվում են այն երթուղիներում, որոնցով իրականացվում է միգրանտների անօրինական ներմուծումը, սույն Արձանագրության նպատակներին հասնելու համար, իրենց ներքին իրավական և վարչական համակարգերին համապատասխան, տեղեկություն են փոխանակում այնպիսի հարցերով, ինչպիսիք են.

ա) ուղարկման և նշանակման կետերը, ինչպես նաև` երթուղիները, փոխադրողները և տրանսպորտային միջոցները, որոնք, ինչպես դա հայտնի է կամ կասկածվում է, օգտագործվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարման մեջ մասնակցող որևէ կազմակերպված հանցավոր խմբի կողմից.

բ) տվյալները կազմակերպությունների կամ կազմակերպված հանցավոր խմբերի մասին, որոնք, ինչպես դա հայտնի է կամ կասկածվում է, մասնակցում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարմանը, և այն մեթոդները, որոնք նրանք օգտագործում են.

գ) Մասնակից պետության կողմից տրվող մուտքի/ելքի փաստաթղթերի իսկության տարբերակիչ հատկանիշները և տեղեկություններ առևանգված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի ձևաթղթերի կամ դրանց հետագա անիրավաչափ օգտագործման մասին.

դ) մարդկանց թաքցնելու և տեղափոխելու միջոցներն ու մեթոդները, մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի անօրինական փոփոխելը, վերարտադրելը կամ ձեռք բերելը կամ դրանց անիրավաչափ օգտագործելը, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքները կատարելիս, և դրանց բացահայտման միջոցները.

ե) օրենսդրական փորձը, ինչպես նաև պրակտիկան և այն միջոցները, որոնք ուղղված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին, և

զ) գիտատեխնիկական տեղեկատվությունը, որն օգտակար է իրավապահ մարմինների գործունեության համար` սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելման, բացահայտման ու քննության և դրանց հետ առնչություն ունեցող անձանց քրեական հետապնդման նրանց հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

2. Մասնակից պետությունը, որը տեղեկություն է ստանում, կատարում է տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության ցանկացած այն խնդրանքը, որն առնչվում է դրա օգտագործման սահմանափակումներ նախատեսելու հետ:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Առանց մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ միջազգային պարտավորություններին վնասելու` Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, նախատեսում են սահմանային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել միգրանտների անօրինական ներմուծման կանխարգելման և հայտնաբերման համար:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական և այլ պատշաճ միջոցներ` կանխարգելելու, որքանով դա հնարավոր է, առևտրային փոխադրողների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների օգտագործումը այնպիսի հանցագործություն կատարելիս, որն այդպիսին է ճանաչվել սույն Արձանագրության 6-րդ հոդվածի 1 (ա) կետին համապատասխան:

3. Պատշաճ դեպքերում և առանց կիրառելի միջազգային կոնվենցիաներին վնասելու` այդպիսի միջոցները ներառում են առևտրային փոխադրողների, այդ թվում` ցանկացած տրանսպորտային ընկերության կամ տիրապետողի կամ ցանկացած տրանսպորտային միջոցների օպերատորի համար պարտավորության նախատեսում` համոզվելու այն բանում, որ բոլոր ուղևորներն ունեն ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի/ելքի փաստաթղթերը:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտավորությունը խախտելու համար սանկցիաներ նախատեսելու նպատակով:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք, նրա ներքին օրենսդրությանը համապատասխան, թույլ են տալիս մերժելու այն անձանց մուտքը, որոնք մասնակից են այնպիսի հանցագործությունների կատարմանը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրությանը համապատասխան, կամ չեղյալ համարել նրանց մուտքի արտոնագրերը:

6. Առանց Կոնվենցիայի 27-րդ հոդվածին վնասելու` Մասնակից պետությունները քննարկում են սահմանային վերահսկողության մարմինների միջև համագործակցության ամրապնդման հնարավորությունը, այդ թվում` ուղիղ կապի ուղիների ստեղծման և պահպանման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն առկա հնարավորությունների սահմաններում ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալի համար.

ա) իր կողմից տրվող մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի այնպիսի որակ ապահովելու, որը առավելագույն չափով կդժվարացնի դրանց անիրավաչափ օգտագործելը և կեղծելը կամ անօրինական փոփոխելը, վերարտադրելը կամ տրամադրելը, և

բ) այդ Մասնակից պետության կողմից կամ նրա անունից տրված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի պաշտպանվածությունը և հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև դրանց անօրինական պատրաստելը, հանձնելը և օգտագործելը կանխարգելելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մասնակից պետությունը մյուս Մասնակից պետության խնդրանքով, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, ողջամիտ ժամկետում անցկացնում է իր կամ իբրև թե իր անունից տրված մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի օրինականության և վավերականության ստուգում, որոնց վերաբերյալ կասկածներ կան, որ դրանք օգտագործվում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մասնակից պետությունները ապահովում կամ կատարելագործում են միգրացիոն և այլ համապատասխան մարմինների աշխատակիցների մասնագիտացված պատրաստումը սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելման և այդպիսի արարքների օբյեկտ դարձած միգրանտների հետ մարդասիրական վերաբերմունքի հարցերով` սույն Արձանագրությամբ սահմանված նրանց իրավունքների հարգման ապահովմամբ:

2. Մասնակից պետությունները պատշաճ դեպքերում միմյանց և իրավասու միջազգային կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցում են իրենց տարածքում կադրերի պատշաճ պատրաստման ապահովման գործում` այն արարքների կանխարգելման, նախազգուշացման և արմատախիլ անելու նպատակով, որոնք նշված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում, ինչպես նաև այդպիսի արարքների օբյեկտ դարձած միգրանտների իրավունքների պաշտպանության նպատակով: Նշված պատրաստումը ներառում է.

ա) մուտքի/ելքի փաստաթղթերի հուսալիության և որակի բարձրացումը.

բ) մուտքի/ելքի և անձը հաստատող կեղծ փաստաթղթերի հայտնաբերումը և բացահայտումը.

գ) հանցագործությունների մասին օպերատիվ տեղեկություն հավաքելը, որը, մասնավորապես, վերաբերում է այն կազմակերպված հանցավոր խմբերի բացահայտմանը, որոնք, ինչպես դա հայտնի է, կասկածվում կամ մասնակցում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարմանը, այն մեթոդներին, որոնք օգտագործվում են անօրինական ներմուծվող միգրանտների տեղափոխման, մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի անիրավաչափ օգտագործման համար` սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքները կատարելու նպատակով, և միգրանտների անօրինական ներմուծման ժամանակ օգտագործվող պարտակման միջոցների բացահայտմանը.

դ) անօրինական ներմուծվող անձանց սահմանված և չսահմանված կետերում հայտնաբերելու ընթացակարգերի կատարելագործումը.

ե) մարդասիրական վերաբերմունքը միգրանտների հետ և նրանց այն իրավունքների պաշտպանությունը, որոնք սահմանված են սույն Արձանագրությամբ:

3. Մասնակից պետությունները, որոնք համապատասխան մասնագետներ և փորձ ունեն, քննարկում են այն պետություններին տեխնիկական օգնություն տրամադրելու հնարավորությունը, որոնք հաճախ են ծագման կամ տարանցման երկիր համարվում այն անձանց համար, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ: Մասնակից պետությունները բոլոր ջանքերը գործադրում են անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու համար, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները, համակարգչային համակարգերը և փաստաթղթեր կարդալու համար սարքավորումները` այն արարքների դեմ պայքարելու նպատակների համար, որոնք նշված են 6-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն միջոցներ է ձեռնարկում տեղեկատվական ծրագրերի ստեղծման կամ կատարելագործման ապահովման ուղղությամբ, որոնք ուղղված են հասարակության կողմից այն հանգամանքի ըմբռնման խորացմանը, որ արարքները, որոնք նշված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում, իրենցից այնպիսի հանցավոր գործունեություն են ներկայացնում, որը հաճախ կազմակերպված հանցավոր խմբերն իրականացնում են շահադիտական նպատակներով, և որը համապատասխան միգրանտների համար լուրջ վտանգ է ստեղծում:

2. Կոնվենցիայի 31-րդ հոդվածին համապատասխան Մասնակից պետությունները համագործակցում են հասարակական տեղեկատվության բնագավառում` պոտենցիալ միգրանտների` կազմակերպված հանցավոր խմբերի զոհեր դառնալը կանխելու նպատակով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն աջակցում է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ծրագրերի մշակմանը և համագործակցությանը կամ, պատշաճ դեպքերում, կատարելագործում է այդպիսի ծրագրերը և համագործակցությունը` հաշվի առնելով միգրացիայի սոցիալ-տնտեսական իրողությունը և հատուկ ուշադրություն դարձնելով անբարենպաստ տնտեսական և սոցիալական դրության մեջ գտնվող շրջաններին` միգրանտների անօրինական ներմուծման այնպիսի արմատական սոցիալ-տնտեսական պատճառների դեմ պայքարի նպատակով, ինչպիսիք են չքավորությունը և զարգացման ցածր մակարդակը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Սույն Արձանագրությունը իրականացնելիս յուրաքանչյուր Մասնակից պետություն, Միջազգային իրավունքով իր պարտավորություններին համապատասխան, ձեռնարկում է բոլոր պատշաճ միջոցները, այդ թվում, եթե դա անհրաժեշտ է, օրենսդրության բնագավառում, այն անձանց իրավունքների պաշտպանության համար, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, ինչպես այդ իրավունքները նախատեսված են միջազգային իրավունքի կիրառելի նորմերով, մասնավորապես` կյանքի իրավունքը և խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների չենթարկվելու իրավունքը:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պատշաճ միջոցներ է ձեռնարկում միգրանտներին այնպիսի բռնությունից համապատասխան պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ, որին առանձին անձանց կամ խմբերի կողմից նրանք կարող են ենթարկվել այն պատճառով, որ նրանք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհրաժեշտ օգնություն է տրամադրում այն միգրանտներին, որոնց կյանքն ու անվտանգությունը վտանգի տակ են դրված այն պատճառով, որ նրանք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

4. Սույն հոդվածի դրույթները կիրառելիս Մասնակից պետությունները նկատի են ունենում կանանց և երեխաների հատուկ պահանջմունքները:

5. Որևէ անձի ձերբակալման դեպքում, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, յուրաքանչյուր Մասնակից պետություն կատարում է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, երբ դա կիրառելի է, այդ թվում` այդ անձին այն դրույթների վերաբերյալ անհապաղ տեղեկացնելու պարտավորությունը, որոնք վերաբերում են հյուպատոսական պաշտոնատար անձանց ուղարկվող ծանուցագրերին և այդպիսի պաշտոնատար անձանց հետ հաղորդակցություններին:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մասնակից պետությունները քննարկում են երկկողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր կամ օպերատիվ պայմանավորվածություններ կամ փոխըմբռնումներ կնքելու հնարավորությունը, որոնք ուղղված են.

ա) այն արարքների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ առավել պատշաճ և արդյունավետ միջոցների ընդունմանը, որոնք նշված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում.

բ) նրանց միջև հարաբերություններում սույն Արձանագրության դրույթների կիրառման զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն համաձայնում է աջակցել այն անձի վերադարձին և ընդունել նրան առանց չհիմնավորված կամ ոչ ողջամիտ ուշացումների, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, և որը նրա քաղաքացին է համարվում, կամ որը վերադառնալու պահին նրա տարածքում մշտական բնակվելու իրավունք ունի:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, քննարկում է այն անձի վերադարձմանն աջակցելու և նրան ընդունելու հնարավորությունը, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, և որն ընդունող պետություն մուտքի պահին նրա տարածքում մշտապես բնակվելու իրավունք ունի:

3. Ընդունող Մասնակից պետության խնդրանքով հայցվող Մասնակից պետությունը, առանց չհիմնավորված կամ ոչ ողջամիտ ուշացումների, ստուգում է` հանդիսանո՞ւմ է արդյոք այն անձը, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, նրա քաղաքացին կամ ունի՞ արդյոք նրա տարածքում մշտապես բնակվելու իրավունք:

4. Այն անձի վերադարձմանն աջակցելու նպատակով, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ և չունի անհրաժեշտ փաստաթղթեր, Մասնակից պետությունը, որի քաղաքացին է համարվում այդ անձը, կամ որի տարածքում այդպիսի անձը ունի մշտապես բնակվելու իրավունք, ընդունող Մասնակից պետության խնդրանքով համաձայնում է տալ մուտքի/ելքի այնպիսի փաստաթղթեր կամ այլ թույլտվություններ, ինչպիսիք կարող են պահանջվել այդ անձին նրա տարածք վերադարձնելու համար:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը կապ ունի այն անձին վերադարձնելու հետ, որը դարձել է սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ, բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկում է այդպիսի վերադարձը կարգավորված ձևով իրականացնելու համար` այդ անձի անվտանգության ապահովման և արժանապատվությունը հարգելու հարցերը պատշաճորեն հաշվի առնելով:

6. Սույն հոդվածի իրականացման հարցերով Մասնակից պետությունները կարող են համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

7. Սույն հոդվածը, ընդունող Մասնակից պետության ներքին օրենսդրության որևէ դրույթի ուժով, չի վնասում այն անձանց տրամադրված որևէ իրավունքին, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

8. Սույն հոդվածը չի շոշափում որևէ այլ պայմանագրով ստանձնած պարտավորությունները` լինեն դրանք երկկողմ թե բազմակողմ կամ որևէ այլ կիրառելի օպերատիվ համաձայնությամբ կամ պայմանավորվածությամբ, որոնք լրիվ կամ մասամբ կարգավորում են այն անձանց վերադարձնելու հարցերը, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 19. ԲԱՑԱՌՈՂ ԴՐՈՒՅԹ

 

1. Ոչինչ սույն Արձանագրությունում չի շոշափում պետությունների և առանձին անձանց միջազգային իրավունքի համաձայն այլ իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքը և, մասնավորապես, երբ դա կիրառելի է, փախստականների կարգավիճակին վերաբերող 1951 թ. Կոնվենցիան և 1967 թ. Արձանագրությունը և չվտարման սկզբունքը, որն ամրագրված է դրանցում:

2. Սույն Արձանագրությամբ նախատեսված միջոցները մեկնաբանվում և կիրառվում են այնպես, որ դա անձանց վերաբերյալ խտրական չհամարվի այն բանի հիման վրա, որ նրանք սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ են դարձել: Այդ միջոցների մեկնաբանումը և կիրառումն իրականացվում են անխտրականության միջազգայնորեն ճանաչված սկզբունքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Մասնակից պետությունները ձգտում են սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով:

2. Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Մասնակից պետությունների միջև ցանկացած վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, այդ Մասնակից պետություններից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային քննության: Եթե արբիտրաժի մասին խնդրանքով դիմելու օրվանից վեց ամսվա ընթացքում այդ Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել դրա կազմակերպման շուրջ, այդ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան` Դատարանի Կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Արձանագրությունը ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտնել այն մասին, որ ինքը իրեն կապված չի համարում սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով: Մյուս Մասնակից պետությունները կապված չեն սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով` այդպիսի վերապահում արած ցանկացած Մասնակից պետության նկատմամբ:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի համապատասխան վերապահում կատարած ցանկացած Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՍՏՈՐԱԳՐԵԼԸ, ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ ԵՎ ՄԻԱՆԱԼԸ

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր պետությունների կողմից 2000 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 15-ը` Պալերմոյում` Իտալիա, իսկ հետագայում` Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը:

2. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է նաև տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստորագրել է սույն Արձանագրությունը:

3. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունն իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել: Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը հայտարարում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ: Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին:

4. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է ցանկացած պետության կամ ցանկացած տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Արձանագրության Մասնակից է համարվում: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միանալիս տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտնում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ: Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում քառասուներորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը, բայց այն ուժի մեջ չի մտնում մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Սույն կետի նպատակների համար ցանկացած այդպիսի վավերագիր կամ փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի դիտվում որպես լրացուցիչ այն վավերագրերին կամ փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից:

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան քառասուներորդ վավերագիրը կամ այդպիսի գործողության մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան վավերագիրը կամ փաստաթուղթն ի պահ հանձնվելու ամսաթվից հետո երեսուներորդ օրը կամ, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվին` կախված նրանից, թե որն է ավելի ուշ տեղի ունենում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՈՒՂՂՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հինգ տարին լրանալուց հետո սույն Արձանագրության Մասնակից պետությունը կարող է ուղղում առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետ առաջարկվող ուղղումն ուղարկում է Մասնակից պետություններին և Կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովին` այդ առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով: Սույն Արձանագրության Մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Մասնակիցների խորհրդաժողովին, բոլոր ջանքերը գործադրում են յուրաքանչյուր ուղղման վերաբերյալ համաձայնության գալու համար: Եթե համաձայնության գալու բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես ծայրահեղ միջոց, ուղղումն ընդունելու համար պահանջվում է սույն Արձանագրության այն Մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությունը, որոնք Մասնակիցների խորհրդաժողովի նիստին ներկա են և մասնակցում են քվեարկությանը:

2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության ոլորտում ընդգրկվող հարցերով ձայնի իրենց իրավունքն իրականացնում են սույն հոդվածի համաձայն` ունենալով ձայների այնքան քանակ, որը հավասար է իրենց անդամ պետությունների քանակին, որոնք սույն Արձանագրության Մասնակիցներ են համարվում: Այդպիսի կազմակերպություններն իրենց ձայնի իրավունքը չեն իրականացնում, եթե նրանց անդամ պետությունները իրականացնում են իրենց ձայնի իրավունքը և ընդհակառակը:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը ենթակա է Մասնակից պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա կողմից այդ ուղղման վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու ամսաթվից հետո իննսուն օր անց:

5. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում այն Մասնակից պետությունների համար, որոնք դրանով կապված լինելու համաձայնություն են արտահայտել: Մյուս Մասնակից պետությունները շարունակում են կապված լինել սույն Արձանագրության դրույթներով և նրանց կողմից նախկինում վավերացված, ընդունված կամ հաստատված ցանկացած ուղղումով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

1. Մասնակից պետությունը կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով: Գործողության այդպիսի դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից մեկ տարին լրանալուց հետո:

2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը դադարում է սույն Արձանագրության Մասնակից լինել, երբ նրա բոլոր անդամ պետությունները դադարեցնում են սույն Արձանագրության գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԱՎԱՆԴԱՊԱՀԸ ԵՎ ԼԵԶՈՒՆԵՐԸ

 

1. Սույն Արձանագրության ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

2. Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի կատարումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճորեն դրա համար լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 28-ից:

 

 

pin
''
12.12.2000
Արձանագրություն