Սեղմել Esc փակելու համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՌԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹ ...

 

 

ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՌԱՑՄԱՆ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Կոնվենցիայի կողմերը,

հաշվի առնելով վտանգավոր և այլ թափոնների և դրանց անդրսահմանային փոխադրման հասցրած վտանգը մարդու առողջությանը և շրջակա միջավայրին,

գիտակցելով արտադրության աճի և վտանգավոր ու այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հետևանքով մարդու առողջությանը և շրջակա միջավայրին աճող սպառնալիքը,

գիտակցելով նաև, որ այդ թափոնների սպառնալիքից մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելու առավել արդյունավետ միջոցը դրանց արտադրության նվազեցումն է քանակական և վտանգավորության առումով,

վստահ լինելով, որ պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն, որ վտանգավոր և այլ թափոնների օգտագործումը, այդ թվում` դրանց անդրսահմանային փոխադրումը և հեռացումը համատեղելի լինեն մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության հետ` անկախ հեռացման վայրից,

նշելով, որ պետությունները պետք է ապահովեն, որ արտադրողը կատարի իր պարտականությունները վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման վերաբերյալ շրջակա միջավայրի պահպանության հետ համատեղելի ձևով, անկախ հեռացման վայրից,

լիովին ընդունելով, որ յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի արգելելու այլ պետությունների` վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը իր տարածքով հեռացումը այդտեղից,

ընդունելով նաև վտանգավոր և այլ թափոնների փոխադրումը արգելելու հարաճուն ձգտումը այլ, հատկապես զարգացող երկրներում,

վստահ լինելով, որ, այն չափով, որը համապատասխանում է վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ օգտագործմանը, այդ թափոնները պետք է հեռացվեն այն պետություններից, որտեղ դրանք արտադրվել են,

գիտակցելով նաև, որ նման թափոնների անդրսահմանային փոխադրումները դրանք արտադրող պետությունից յուրաքանչյուր այլ պետություն պետք է թույլատրվեն միայն այն պայմաններում, որոնք վտանգ չեն ստեղծում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար և սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն,

համարելով, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողության ուժեղացումը կխթանի դրանց էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը և անդրսահմանային փոխադրման ծավալը,

վստահ լինելով, որ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն պատշաճ տեղեկատվական փոխանակում ապահովելու համար թափոնները այդ պետություններից արտահանելու, այնտեղ ներմուծելու կամ այդ փոխադրումը վերահսկելու ընթացքում,

նշելով, որ մի շարք միջազգային և ռեգիոնալ պայմանագրերում հաշվի է առնվում շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման հարցը վտանգավոր բեռների տարանցիկ փոխադրման կապակցությամբ,

նկատի ունենալով շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի Կոնֆերանսի Հռչակագիրը /Ստոկհոլմ, 1972 թ./, Կահիրեի ղեկավարող դրույթները և սկզբունքները վտանգավոր թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կառավարիչների Խորհրդի 1987 թ. հունիսի 17-ի 14/30 որոշմամբ, վտանգավոր բեռների փոխադրման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների Կոմիտեի հանձնարարականները /ընդունված 1957 թ. և յուրաքանչյուր երկու տարին մեկ վերանայվող/, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում ընդունված համապատասխան հանձնարարականները, հռչակագրերը, փաստաթղթերը և կանոնները, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում կատարվող աշխատանքը և հետազոտությունները,

հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի երեսունյոթերորդ նստաշրջանում /1982 թ./ ընդունված` բնության միջազգային խարտիայի ոգին, սկզբունքները, նպատակներն ու խնդիրները որպես շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վերաբերյալ վարքի կանոններ,

հաստատելով, որ պետությունները պատասխանատու են մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունների կատարման համար` միջազգային իրավունքին համապատասխան,

ընդունելով, որ սույն Կոնվենցիայի դրույթների կամ դրա վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության զգալի խախտման դեպքում կիրառվում են միջազգային իրավունքի պայմաններին համապատասխան դրույթները,

հաշվի առնելով էկոլոգիապես հիմնավորված սակավաթափոն տեխնոլոգիաների, կրկնակի շրջանառության մեթոդների, վարչատնտեսական գործունեության և թափոնների օգտագործման արդյունավետ համակարգերի մշակման և ներդրման անհրաժեշտությունը` վտանգավոր և այլ թափոնների արտադրությունը նվազագույնի հասցնելու նպատակով,

հաշվի առնելով նաև միջազգային հանրության հարաճուն տագնապը վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչպես նաև նման փոխադրումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը,

մտահոգվելով վտանգավոր և այլ թափոնների անօրինական անդրսահմանային շրջանառության հարցով,

նկատի ունենալով նաև զարգացող երկրների սահմանափակ հնարավորությունները վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման առումով,

ընդունելով տեխնոլոգիաների փոխանցման ընդլայնման անհրաժեշտությունը հատկապես զարգացող երկրներին, որի նպատակն է երկրի ներսում արտադրվող վտանգավոր և այլ թափոնների հիմնավորված օգտագործմամբ Կահիրեի ղեկավարող դրույթների ոգով և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կառավարողների Խորհրդի 14/16 որոշման համաձայն բնապահպանական տեխնոլոգիայի փոխանցումը ընդլայնելը,

ընդունելով նաև, որ վտանգավոր և այլ թափոնները պետք է փոխադրվեն համապատասխան միջազգային կոնվենցիաների և հանձնարարականների համաձայն,

հավատացած լինելով նաև, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ այդ թափոնների տրանսպորտային փոխադրումը և վերջնական հեռացումը իրականացվում է էկոլոգիապես հիմնավորված ձևով, և

խիստ հսկողության միջոցով մարդու առողջությունը և շրջակա միջավայրը զերծ պահել այն կործանիչ ազդեցությունից, որը կարող է առաջ գալ վտանգավոր և այլ թափոնների արտադրությունից և օգտագործումից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` «վտանգավոր թափոններ» են համարվում անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող հետևյալ թափոնները.

ա/ թափոններ, որոնք ընդգրկված են 1-ին հավելվածի նշված կատեգորիաներից յուրաքանչյուրում, եթե դրանք չունեն 3-րդ հավելվածում թվարկված որևէ հատկություն,

բ/ թափոններ, որոնք ընդգրկված չեն «ա» կետում, բայց որոշված են կամ վտանգավոր են համարվում Կողմ հանդիսացող` ներմուծող, արտահանող կամ տարանցիկ փոխադրող պետության ներքին օրենսդրության համաձայն:

2. Թափոնները, որոնք ընդգրկված են 2-րդ հավելվածում նշված յուրաքանչյուր կատեգորիայում և ենթակա են անդրսահմանային փոխադրման, սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով, համարվում են «այլ թափոններ»:

3. Թափոնները, որոնք իրենց ռադիոակտիվության պատճառով ենթարկվում են այլ միջազգային հսկողության համակարգերի, այդ թվում` միջազգային համաձայնագրերի, որոնք հատուկ կիրառվում են ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ, բացառվում են սույն կոնվենցիայի գործողության ոլորտից:

4. Թափոնները, որոնք գոյանում են ծովային նավերի նորմալ գործունեության արդյունքում, որոնց արտադրումը ընդգրկվում է այլ միջազգային իրավական փաստաթղթերով, բացառվում են սույն Կոնվենցիայի գործողության շրջանակներից:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Թափոններ» - նյութեր կամ առարկաներ, որոնք հեռացվում են, նախատեսվում են հեռացման համար կամ ենթակա են հեռացման` համաձայն ազգային օրենսդրության դրույթներին,

2. «օգտագործում» - վտանգավոր և այլ թափոնների հավաքում, տեղափոխում և հեռացում, այդ թվում` հեռացման վայրերի հետագա հսկողություն,

3. «անդրսահմանային փոխադրում» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր տեղափոխում տվյալ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջանից այլ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով կամ էլ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով` պայմանով, որ այդպիսի տեղափոխումը ներգրավի առնվազն երկու պետություն,

4. «հեռացում» - յուրաքանչյուր գործողություն, որը նշված է սույն Կոնվենցիայի 4-րդ հավելվածում,

5. «հատկացված վայրեր կամ օբյեկտներ» - վայրեր կամ օբյեկտներ վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար, որոնց վերաբերյալ թույլտվություն կամ լիցենզիա է ստացվել այն պետության համապատասխան մարմնից, որի տարածքում գտնվում են այդ վայրերը կամ օբյեկտները,

6. «իրավասու մարմին» - պետական մարմին, որին Կողմը պատասխանատու է կարգել այն աշխարհագրական սահմաններում, որոնք կարող է պատշաճ համարել վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում կամ դրա հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվության ստացման, ինչպես նաև, 6-րդ հոդվածի համաձայն, այդ ծանուցման պատասխանը ապահովելու համար,

7. «հատկացված կենտրոն» - 5-րդ հոդվածում նշված Կողմի իրավաբանական անձ, որը պատասխանատու է 13-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելու համար,

8. «վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործում» - գործնականում հնարավոր բոլոր միջոցների ձեռնարկում, որպեսզի վտանգավոր կամ այլ թափոնների օգտագործման արդյունքում մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանվեն այդ թափոնների հնարավոր բացասական ազդեցությունից,

9. «պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան» - ցամաքի կամ ծովի յուրաքանչյուր շրջան կամ օդային տարածք, որի սահմաններում պետությունը, միջազգային իրավունքին համաձայն, վարչական և նորմատիվ պատասխանատվություն է կրում մարդու առողջության պահպանման և շրջակա միջավայրի վիճակի համար,

10. «արտահանող պետություն» - յուրաքանչյուր Կողմ, որից նախատեսվում կամ սկսվել է վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը,

11. «ներմուծող պետություն» - Կողմ, որտեղ նախատեսվում կամ իրագործվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը հեռացման կամ նախքան հեռացումը բարձելու նպատակով այն շրջանում, որի վրա չի տարածվում որևէ պետության իրավազորությունը,

12. «տարանցիկ փոխադրման պետություն» - յուրաքանչյուր պետություն, որը ներմուծող կամ արտահանող չէ, և որի տարածքով իրականացվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը,

13. «շահագրգիռ պետություններ» - Կողմեր, որոնք հանդիսանում են ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրման պետություններ` անկախ այն բանից` Կողմեր են, թե ոչ,

14. «անձ» - յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

15. «արտահանող» - արտահանող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը,

16. «ներմուծող» - ներմուծող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը,

17. «փոխադրող» - յուրաքանչյուր անձ, որն իրականացնում է վտանգավոր կամ այլ թափոնների տրանսպորտային փոխադրումը,

18. «արտադրող» - յուրաքանչյուր անձ, որի գործունեությունը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների գոյացմանը, կամ, եթե այդ անձը անհայտ է, այդ թափոնները տնօրինող կամ դրանք վերահսկող անձ,

19. «հեռացման համար պատասխանատու անձ» - յուրաքանչյուր անձ, որին հասցեագրված են վտանգավոր կամ այլ թափոնները, և որն իրականացնում է այդ թափոնների հեռացումը,

20. «քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն»- կազմակերպություն, որը բաղկացած է ինքնիշխան պետություններից, որին իր անդամ պետությունները վերապահել են սույն Կոնվենցիայով կարգավորող հարցերում իրավասություն, և որը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հավանություն տալու, պաշտոնապես հաստատելու կամ միանալու այդ Կոնվենցիային` իր ներքին ընթացակարգի համաձայն,

21. «անօրինական շրջանառություն» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում` 9-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիային Կողմ դառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում, տեղեկացնում է Կոնվենցիայի քարտուղարությանը այն թափոնների մասին, որոնք այլ են, քան 1-ին և 2-րդ հավելվածներում նշվածներն են, և որոնք դիտարկվում կամ որոշվում են որպես վտանգավոր իր ազգային օրենսդրության կամ այդ թափոնների վրա տարածվող անդրսահմանային փոխադրումների վերաբերյալ ցանկացած պահանջի համապատասխան:

2. Յուրաքանչյուր Կողմ հետագայում քարտուղարությանը տեղեկացնում է ի կատարումն 1-ին կետի ներկայացրած տեղեկատվության բոլոր նկատելի փոփոխությունների մասին:

3. Քարտուղարությունն անմիջապես բոլոր Կողմերին ուղարկում է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ստացած տեղեկատվությունը:

4. Կողմերը պատասխանատու են քարտուղարությունից 3-րդ կետի համաձայն ստացած տեղեկատվությունը իրենց արտահանողներին հասցնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ա/ Կողմերը, իրականացնելով հեռացման նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը արգելելու իրենց իրավունքը, այլ Կողմերին տեղեկացնում են իրենց որոշման մասին` 13-րդ հոդվածի համաձայն,

բ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն Կողմերին, որոնք արգելք են դրել այդ թափոնների ներմուծման վրա, եթե այդ մասին տեղեկացվել են վերը նշված «ա» ենթակետին համաձայն,

գ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն ներմուծող պետությունների տարածք, որոնք արգելք չեն դրել վտանգավոր և այլ թափոնների ներմուծման վրա, եթե ներմուծող պետությունը գրավոր համաձայնություն չի տալիս տվյալ ներմուծվող բեռը ստանալուն:

2. Յուրաքանչյուր Կողմ պատշաճ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի`

ա/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոնների արտադրությունը հասցվի նվազագույնի սոցիալական, տեխնիկական և տնտեսական առումով,

բ/ ապահովի համապատասխան հեռացման օբյեկտների առկայությունը, անկախ հեռացման վայրից, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման նպատակով,

գ/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոններ օգտագործող անձինք ձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են շրջանառության արդյունքում վտանգավոր և այլ թափոններով աղտոտումը կանխելու համար, և եթե այդպիսի աղտոտում այնուամենայնիվ տեղի է ունենում, դրա հետևանքները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար հասցվեն նվազագույնի,

դ/ ապահովի, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը հասցվի նվազագույնի, այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ օգտագործման համաձայն, և իրականացվի այնպես, որ մարդու առողջությունը և շրջակա միջավայրը զերծ մնան այդպիսի փոխադրման հնարավոր բացասական ազդեցություններից,

ե/ չթույլատրի վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը տնտեսական և կամ քաղաքական ինտեգրացման կազմակերպության պատկանող Կողմ պետություններին կամ պետությունների խմբերին, որոնք Կողմ են հանդիսանում, մասնավորապես, զարգացող երկրներին, որոնք իրենց օրենսդրության շրջանակներում արգելել են ներմուծումը, կամ եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի կատարվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով` Կողմերի առաջին խորհրդակցության ընթացքում որոշվելիք չափանիշների համաձայն,

զ/ պահանջի շահագրգիռ պետություններին տեղեկատվության տրամադրում վտանգավոր և այլ թափոնների առաջարկվող անդրսահմանային փոխադրման վերաբերյալ, 5.Ա հավելվածի համաձայն, որը հստակ պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա առաջարկվող փոխադրման հետևանքների մասին,

է/ թույլ չտա վտանգավոր և այլ թափոնների ներմուծում, եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի իրականացվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով,

ը/ անմիջապես կամ քարտուղարության միջոցով համագործակցի այլ Կողմերի և շահագրգիռ կազմակերպությունների հետ միջոցների կիրառման, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների փոխադրման վերաբերյալ տեղեկատվության տարածման հարցում` այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը կատարելագործելու և դրանց անօրինական շրջանառությունը կանխելու նպատակով:

3. Կողմերը վտանգավոր կամ այլ թափոնների անօրինական շրջանառությունը համարում են հանցավոր արարք:

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է պատշաճ իրավական, վարչական և այլ միջոցներ` սույն Կոնվենցիայի դրույթները կատարելու և պահպանելու, այդ թվում` Կոնվենցիային հակասող վարվելակերպը կանխելու և նման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու համար:

5. Կողմը թույլ չի տալիս վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում Կողմ չհանդիսացող պետությունից:

6. Կողմերը պայմանավորվում են, որ թույլ չտան վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում հեռացման նպատակով հարավային լայնության 60o-ից դեպի հարավ` տարածքից դուրս, անկախ այն բանից` այդ թափոնները անդրսահմանային փոխադրման օբյեկտ են, թե ոչ:

7. Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ.

ա/ արգելում է իր ազգային իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց զբաղվել վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումով կամ հեռացումով, եթե միայն այդ անձինք չեն ստացել այդպիսի գործողություններ կատարելու թույլտվություն կամ համաձայնություն,

բ/ պահանջում է, որ անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող վտանգավոր կամ այլ թափոնները փաթեթավորվեն, պիտակավորվեն և փոխադրվեն` համաձայն փաթեթավորման, պիտակավորման և փոխադրման բնագավառում ընդունված միջազգային կանոնների և նորմերի, և որ հաշվի առնվի համապատասխան միջազգային ճանաչում ստացած գործելակերպը,

գ/ պահանջում է, որ վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը, սկսած անդրսահմանային փոխադրման ելակետից մինչև հեռացման վայրը, ուղեկցվի փաստաթղթով:

8. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ արտահանվող վտանգավոր կամ այլ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով ներմուծող պետությունում կամ այլ պետություններում: Սույն Կոնվենցիային համաձայն` թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ տեխնիկական բնույթի ղեկավարող սկզբունքները Կողմերը կորոշեն իրենց առաջին խորհրդակցության ժամանակ:

9. Կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը թույլատրվի միայն այն դեպքում, եթե.

ա/ արտահանող պետությունը չունի տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ օբյեկտներ, հզորություններ կամ համապատասխան վայրեր այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ հեռացման համար, կամ

բ/ այդ թափոնները անհրաժեշտ են ներմուծող պետությանը որպես հումք վերականգնման կամ կրկնակի շրջանառության ձեռնարկությունների համար, կամ

գ/ այդպիսի անդրսահմանային փոխադրումը համապատասխանում է այլ չափանիշների, որոնք կորոշեն Կողմերը` այն պայմանով, որ այդ չափանիշները չեն հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին:

10. Վտանգավոր և այլ թափոններ արտադրող պետության պարտավորությունը, սույն Կոնվենցիայի շրջանակներում, պահանջել, որ այդ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով, որևէ պարագայում չի կարող տարածվել ներմուծող կամ տարանցիկ փոխադրման պետության վրա:

11. Սույն Կոնվենցիայի որևէ կետ չի խոչընդոտում, որ Կողմը սահմանի սույն Կոնվենցիայի դրույթներն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լրացուցիչ պահանջները մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը բարելավելու նպատակով:

12. Սույն Կոնվենցիայի որևէ կետ որևէ կերպ չի ազդում իր տարածքային ծովի հանդեպ պետության ինքնիշխանության վրա, որը սահմանվել է միջազգային իրավունքին համապատասխան, պետության ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը իր բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային ելուստի հանդեպ` միջազգային իրավունքին համապատասխան, բացի այդ, ոչինչ չի խոչընդոտում, որ բոլոր պետությունների ծովային և օդային նավերը իրագործեն նավագնացության իրավունքներն ու ազատությունները այն տեսքով, որոնցով նախատեսվում են միջազգային իրավունքով և արտահայտվում են համապատասխան միջազգային փաստաթղթերում:

13. Կողմերը պարտավորվում են պարբերաբար վերանայել այլ պետություններ, մասնավորապես, զարգացող երկրներ արտահանվող վտանգավոր և այլ թափոնների ծավալը և/կամ աղտոտող հատկությունները նվազեցնելու հնարավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիայի իրականացմանը նպաստելու համար Կողմերը.

1. Նշանակում կամ սահմանում են մեկ կամ մի քանի իրավասու մարմին և մեկ հատկացված կենտրոն: Մեկ իրավասու մարմինը նշանակվում է տարանցիկ փոխադրման պետության պարագայում ծանուցում ստանալու համար:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում քարտուղարությանը տեղյակ են պահում իրենց կողմից որպես հատկացված կենտրոն և իրավասու մարմիններ նշանակված հաստատությունների մասին:

3. Որոշում ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քարտուղարությանը տեղեկացնում են 2-րդ կետի համաձայն կատարած նշանակումներին վերաբերող յուրաքանչյուր փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Արտահանող պետությունը տեղեկացնում է կամ արտադրողից կամ արտահանողից պահանջում է արտահանող պետության իրավասու մարմնի միջոցով գրավոր տեղեկացնել շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր նախատեսվող փոխադրման մասին: Նման տեղեկացումները /ծանուցումները/ պետք է պարունակեն 5-րդ հավելվածով նախատեսված դիմումները և տեղեկություն ներմուծող պետության համար ընդունելի լեզվով: Յուրաքանչյուր շահագրգիռ պետության բավական է ուղարկել մեկ ծանուցում:

2. Ներմուծող պետությունը ծանուցողին գրավոր պատասխան է հղում ծանուցման ստացման մասին, որով փոխադրման համաձայնություն է տալիս որոշակի պայմաններով կամ առանց դրանց, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու հարցում անում: Ներմուծող պետությանը հղած վերջնական պատասխանի օրինակը ուղարկվում է Կողմ հանդիսացող շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին:

3. Արտահանող պետությունը արտադրողին կամ արտահանողին չի թույլատրում անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ գրավոր հավաստիացում ստանա այն մասին, որ.

ա/ ծանուցողը գրավոր համաձայնություն է ստացել ներմուծող պետությունից,

բ/ ծանուցողը ներմուծող պետությունից հավաստիացում է ստացել արտահանողի և թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի առկայության փաստի վերաբերյալ, որում շեշտվում է այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը:

4. Յուրաքանչյուր Կողմ հանդիսացող տարանցիկ փոխադրման պետություն անհապաղ ծանուցողին հավաստում է ծանուցում ստանալու մասին: Այնուհետև նա 60 օրվա ընթացքում ծանուցողին հղում է գրավոր պատասխան, որով փոխադրման համաձայնություն է տալիս /որոշակի պայմաններով կամ առանց դրանց/, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ հարցում անում լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ: Արտահանող պետությունը թույլ չի տալիս անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ տարանցիկ փոխադրման պետությունից գրավոր համաձայնություն չստացվի: Սակայն եթե Կողմը ցանկացած պահի որոշում ընդունի ընդհանրապես կամ որոշակի պարագաներում չպահանջել նախնական գրավոր համաձայնություն վտանգավոր կամ այլ թափոնների տարանցիկ փոխադրման վերաբերյալ կամ փոխի իր պահանջը այդ առումով, նա անհապաղ իր որոշման մասին պետք է տեղեկացնի այլ Կողմերին` 13-րդ հոդվածի համաձայն: Այդ վերջին դեպքում, եթե տարանցիկ փոխադրման պետության կողմից տվյալ ծանուցումը ստանալուց հետո` 60 օրվա ընթացքում, արտահանող պետությունը պատասխան չի ստանում, ապա արտահանող պետությունը կարող է թույլատրել արտահանում սկսել տարանցիկ փոխադրման պետության տարածքով:

5. Թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, երբ այդ թափոնները օրենքի հիման վրա որոշվում կամ դիտարկվում են որպես վտանգավոր թափոններ, միայն.

ա/ արտահանող պետության կողմից սույն հոդվածի 9-րդ կետի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի կամ հեռացման համար պատասխանատու անձի և ներմուծող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, արտահանողի և արտահանող պետության նկատմամբ,

բ/ Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ ներմուծող և տարանցիկ փոխադրման պետությունների կողմից, սույն հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի և արտահանող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ ներմուծող պետության նկատմամբ, կամ

գ/ Կողմ հանդիսացող յուրաքանչյուր տարանցիկ փոխադրման պետության կողմից, ապա այդ պետության նկատմամբ կիրառվում են միայն 4-րդ կետի դրույթները:

6. Արտահանող պետությունը, շահագրգիռ պետությունների գրավոր համաձայնության պայմանով, նույն ֆիզիկական և քիմիական հատկություններով վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար պատասխանատու նույն անձին, արտահանող պետության նույն արտահանման մաքսային կետերից և ներմուծող պետության նույն ներմուծման մաքսային կետերից, իսկ տարանցիկ փոխադրումների դեպքում` տարանցիկ փոխադրման պետության կամ պետությունների նույն ներմուծման և արտահանման մաքսային կետերից կանոնավոր առաքումներ կատարելու դեպքում կարող է թույլատրել արտադրողին կամ արտահանողին օգտագործել ընդհանուր ծանուցում:

7. Շահագրգիռ պետությունները կարող են արտահայտել իրենց գրավոր համաձայնությունը 6-րդ կետում նշված ընդհանուր ծանուցման գործառույթի օգտագործման վերաբերյալ` որոշակի տեղեկատվություն ներկայացնելու պայմանով, այն է` բեռնառաքման ենթակա վտանգավոր կամ այլ թափոնների հստակ քանակությունը կամ պարբերական ցուցանակները:

8. 6-րդ և 7-րդ կետերում նշված ընդհանուր ծանուցումը կամ գրավոր համաձայնությունը կարող են ընդգրկել վտանգավոր կամ այլ թափոնների բազմակի բեռնառաքումները 12 ամիս առավելագույն տևողությամբ:

9. Կողմերը պահանջում են, որ յուրաքանչյուր անձ, որն իր վրա է վերցնում վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, փոխադրման փաստաթուղթը ստորագրի կամ այլ թափոնների առաքման կամ դրանց ստացման ժամանակ: Նրանք պահանջում են նաև, որ թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և արտահանողին, և արտահանող պետության իրավասու մարմնին տեղեկացնի այդ թափոնների ստացման մասին, ինչպես նաև հեռացման ավարտի մասին, ինչպես նշված է տեղեկացման մեջ: Եթե արտահանող պետությունը այդպիսի տեղեկություն չի ստանում, արտահանող պետության իրավասու մարմինը կամ արտահանողը այդ մասին տեղեկացնում են ներմուծող պետությանը:

10. Ծանուցումը և դրա պատասխանը, որոնք պահանջվում են սույն հոդվածի համաձայն, ուղարկվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմիններին կամ Կողմ չհանդիսացող պետությունների համապատասխան կառավարական մարմնին:

11. Վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ տարանցիկ փոխադրման պետության պահանջով հատուցվում է ապահովագրությամբ, երաշխիքով կամ այլ գրավականով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՂՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը mutatis mutandis կիրառվում է վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրմանը Կողմ հանդիսացող պետությունից Կողմ չհանդիսացող պետության կամ պետությունների տարածքով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԿՐԿՆԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Երբ վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, որի համար շահագրգիռ պետությունները համաձայնություն են տվել, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, չի կարող ավարտին հասցվել պայմանագրի համաձայն, արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները վերադարձվեն արտահանող կողմից 90 օրվա ընթացքում` այն պահից սկսած, երբ ներմուծող պետությունը տեղեկացրել է արտահանող պետությանը և քարտուղարությանը այն ժամանակահատվածում, որի մասին շահագրգիռ պետությունները պայմանավորվածության կգան, չեն գտնվել թափոնները էկոլոգիապես հիմնավորված կերպով հեռացնելու այլ հնարավորություններ:

Այդ նպատակով արտահանող պետությունը և տարանցիկ փոխադրման պետություն հանդիսացող յուրաքանչյուր Կողմ չեն առարկում, խոչընդոտ չեն ստեղծում կամ չեն խանգարում այդ թափոնները արտահանող պետություն վերադարձնելուն:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում, որը կատարվում է.

ա/ առանց բոլոր շահագրգիռ պետությունների տեղեկացման` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

բ/ առանց շահագրգիռ պետությունների համաձայնության` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

գ/ շահագրգիռ պետություններից կեղծարարությամբ, մոլորության մեջ գցելու կամ խաբեության միջոցով ստացած համաձայնությամբ,

դ/ որը էապես չի համապատասխանում փաստաթղթերին,

ե/ որը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների կանխավ հեռացման, օրինակ` սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքի խախտումով, համարվում է անօրինական շրջանառություն:

2. Արտահանողի կամ արտադրողի վարքագծից ելնելով` անօրինական շրջանառության կատեգորիային դասվող վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները.

ա/ վերադարձվեն արտահանողի կամ արտադրողի կամ, անհրաժեշտության դեպքում, արտահանող պետության կողմից իր տարածք կամ, եթե դա գործնականում նպատակահարմար չէ,

բ/ հեռացվեն այլ կերպ` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, արտահանող պետությանը անօրինական շրջանառության մասին տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին կարող են պայմանավորվել շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը չեն առարկում, չեն խանգարում կամ խոչընդոտ չեն ստեղծում այդ թափոնների վերադարձմանը արտահանող պետություն:

3. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, որը անօրինական շրջանառության շարքին է դասվում ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի գործելակերպի հիման վրա, ներմուծող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները հեռացվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ էլ, անհրաժեշտության դեպքում, հենց ներմուծող պետության կողմից` անօրինական շրջանառության մասին ներմուծող պետությանը տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին համաձայնության կգան շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը, ըստ անհրաժեշտության, համագործակցում են թափոնների` էկոլոգիապես հիմնավորված հեռացման հարցում:

4. Այն դեպքում, երբ անօրինական շրջանառության համար պատասխանատվությունը չի կարող դրվել արտահանողի կամ արտադրողի կամ էլ ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի վրա, շահագրգիռ Կողմերը կամ, ըստ անհրաժեշտության, այլ Կողմերը համագործակցության հիման վրա ապահովում են այդ թափոնների շուտափույթ հեռացումը էկոլոգիապես հիմնավորված կերպով, համապատասխանաբար, արտահանող պետությունում, ներմուծող պետությունում կամ այլ վայրում:

5. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է համապատասխան ազգային/ներքին օրենսդրություն` անօրինական շրջանառությունը կանխելու և դրա համար պատժելու նպատակով: Կողմերը համագործակցում են իրար հետ սույն հոդվածի նպատակներին հասնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Կողմերը իրար հետ համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը բարելավելու և դրանում հաջողության հասնելու նպատակով:

2. Այդ նպատակով Կողմերը.

ա/ խնդրանք ստացվելու դեպքում երկկողմանի կամ բազմակողմանի հիման վրա տրամադրում են առկա տեղեկատվությունը, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը օժանդակելու ցանկությամբ դրդված, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների օգտագործման տեխնիկական նորմերն ու ընթացքը,

բ/ համագործակցում են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր և այլ թափոնների օգտագործման հետևանքների մոնիտորինգի բնագավառում,

գ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` համագործակցում են էկոլոգիապես հիմնավորված սակավաթափոն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վտանգավոր և այլ թափոնների արտադրական հնարավոր վերացման նպատակով առկա տեխնոլոգիաների կատարելագործման և այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման ավելի արդյունավետ և գործուն մեթոդների մշակման հարցերում, այդ թվում` այդպիսի նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաների ներդրման տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հետևանքների ուսումնասիրման առումով,

դ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` ակտիվորեն համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման հետ կապված տեխնոլոգիաների և գործընթացների փոխանցման հարցերում: Նրանք համագործակցում են նաև Կողմերի տեխնիկական ներուժի ընդլայնման հարցերում, հատկապես նրանց, որոնք կարող են այդ ոլորտում տեխնիկական օգնության կարիք ունենալ, և դիմեն այն տրամադրելու խնդրանքով,

ե/ համագործակցում են համապատասխան տեխնիկական ղեկավարող սկզբունքների և/կամ վարվելակարգի օրենսգրքի մշակման հարցերում:

3. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ համագործակցության նպատակով` զարգացող երկրների կողմից 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի կատարումը օժանդակելու համար:

4. Զարգացող երկրների պահանջները հաշվի առնելով` խրախուսվում է համագործակցությունը Կողմերի և իրավասու միջազգային կազմակերպությունների միջև` հասարակայնության կողմից խնդիրը inter alia գիտակցելուն օժանդակելու, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես արդարացված օգտագործումը ընդլայնելու և նոր սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԿԿՈՂՄ, ԲԱԶՄԱԿՈՂՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

1. Անկախ 5-րդ հոդվածի 4-րդ կետից` Կողմերը կարող են կնքել երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր կամ պայմանագրեր Կողմերի կամ Կողմ չհանդիսացող պետությունների միջև վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման վերաբերյալ` պայմանով, որ այդպիսի համաձայնագրերը կամ պայմանագրերը չեն հակասի սույն Կոնվենցիայով նախատեսվող` վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջին: Այդ համաձայնագրերի կամ պայմանագրերի դրույթները չպետք է նվազ պահանջկոտ լինեն էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ, քան նրանք են, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, մասնավորապես, հաշվի առնելով զարգացող երկրների շահերը:

2. Կողմերը քարտուղարությանը տեղեկացնում են 1-ին կետում նշված յուրաքանչյուր երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրի կամ պայմանագրի մասին, ինչպես նաև նրանց մասին, որոնք իրենք կնքել են նախքան իրենց համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, միմիայն այդպիսի համաձայնագրերի կողմերի միջև իրականացվող վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով: Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վերաբերում անդրսահմանային փոխադրմանը, որը իրականացվում է այդպիսի համաձայնագրերի համաձայն, պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն հակասում սույն Կոնվենցիայով նախատեսված` վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Կողմերը համագործակցում են, որ հնարավորին չափ արագ ընդունվի վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման արդյունքում պատճառված վնասի պատասխանատվության և փոխհատուցման հարցերում պատշաճ կանոններ և ընթացակարգ պարունակող արձանագրություն:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման կամ դրանց հեռացման ժամանակ տեղի ունեցած վթարի դեպքում, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար այլ պետություններում, Կողմերը այդ մասին տեղեկանալուն պես ապահովում են, որ այդ պետությունները անհապաղ տեղեկացվեն:

2. Կողմերը քարտուղարության միջոցով իրար տեղեկացնում են.

ա/ համաձայն 5-րդ հոդվածի` իրավասու մարմինների և/կամ հատկացված կենտրոնների նշանակմանը վերաբերող փոփոխությունների մասին,

բ/ համաձայն 3-րդ հոդվածի` հնարավորինս սեղմ ժամկետներում վտանգավոր թափոնների ազգային սահմանումներին վերաբերող փոփոխությունների մասին,

գ/ իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում հեռացնելու նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծման վերաբերյալ լիակատար կամ մասնակի անհամաձայնության որոշում ընդունելու մասին,

դ/ վտանգավոր և այլ թափոնների արտահանումը սահմանափակելու և/կամ արգելելու նպատակով իրենց ընդունած որոշումների մասին,

ե/ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն:

3. Կողմերը, իրենց ազգային օրենքների ու կանոնների համաձայն, քարտուղարության միջոցով 15-րդ հոդվածի հիման վրա հրավիրվող Կողմերի Կոնֆերանսին մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջը փոխանցում են նախորդ տարվա վերաբերյալ զեկույց, որը, մասնավորապես, պարունակում է.

ա/ տեղեկատվություն իրենց կողմից 5-րդ հոդվածի համաձայն նշանակված իրավասու մարմինների և հատկացված կենտրոնների մասին,

բ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրման մասին, որին իրենք մասնակցել են, այդ թվում`

. ծանուցման մեջ նշված` արտահանված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, դրանց տեսակի, հատկությունների, նշանակման վայրի, տարանցիկ փոխադրման երկրի և հեռացման ձևի մասին,

. ներմուծված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, տեսակի, հատկությունների, ծագման և հեռացման մեթոդների մասին,

. հեռացման գործողությունների մասին, որոնք իրականացվել են ոչ այնպես, ինչպես ենթադրվում էր,

. անդրսահմանային փոխադրման ենթակա վտանգավոր և այլ թափոնների ծավալները կրճատելու ջանքերի մասին:

գ/ տեղեկատվություն սույն Կոնվենցիայի իրականացման համար իրենց ձեռնարկած միջոցների մասին,

դ/ տեղեկատվություն մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և այլ թափոնների արտադրության, փոխադրման և հեռացման ներգործության վերաբերյալ իրենց հավաքած հավաստի վիճակագրական տվյալների մասին,

ե/ տեղեկատվություն, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն կնքված երկկողմ, բազմակողմ ու տարածաշրջանային համաձայնագրերին և պայմանագրերին,

զ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և հեռացման ընթացքում տեղի ունեցած վթարների և դրանց հետևանքների վերացման համար ձեռնարկած միջոցների մասին,

է/ տեղեկատվություն հեռացման հնարավոր միջոցների մասին, որոնք օգտագործվում են իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում,

ը/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների արտադրության կրճատմանը և/կամ դադարեցմանը ուղղված տեխնոլոգիաների մշակման համար ընձեռված միջոցների մասին,

թ/ այլ հարցեր, որոնք Կողմերի Կոնֆերանսը տեղին կհամարի:

4. Կողմերը, իրենց ազգային օրենքների և կանոնների համաձայն, ապահովում են, որ վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր տվյալ անդրսահմանային փոխադրման ծանուցման և դրա պատասխանի օրինակները ուղարկվեն քարտուղարություն, եթե այդպիսի խնդրանք է ներկայացնում Կողմը, որի շրջակա միջավայրը կարող է տուժել այդպիսի անդրսահմանային փոխադրման արդյունքում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

 

1. Կողմերը համաձայնում են, որ, տարբեր տարածաշրջանների և սուբռեգիոնների պահանջներին համապատասխան, ստեղծվում են կադրերի պատրաստման և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման և դրանց արտադրությունը նվազագույնի հասցնելու առումով: Կողմերը որոշում կընդունեն կամավոր հիմունքներով ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ ստեղծելու մասին:

2. Կողմերը որոշում կընդունեն ժամանակավոր հիմունքներով արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալու համար շրջանառու ֆոնդի ստեղծման մասին` վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումների արդյունքում առաջացած վթարների վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿՈՂՄԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ

 

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի Կոնֆերանս: Կողմերի առաջին Կոնֆերանսը հրավիրում է Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի Գործադիր տնօրենը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի Կոնֆերանսի հերթական խորհրդակցությունները հրավիրվում են առաջին խորհրդակցությունում Կոնֆերանսի սահմանած հաջորդականությամբ:

2. Կողմերի Կոնֆերանսի արտահերթ խորհրդակցությունները հրավիրվում են, երբ Կոնֆերանսը դա անհրաժեշտ է համարում, կամ Կողմերից մեկի գրավոր խնդրանքով` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ խնդրանքը Կողմերին հասցեագրվելուց հետո այդ խնդրանքին կմիանա ոչ պակաս, քան Կողմերի մեկ երրորդը:

3. Կողմերի Կոնֆերանսը միաձայնությամբ համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ բոլոր օժանդակ մարմինների ընթացակարգերի կանոնները, ինչպես նաև ֆինանսական կանոնները, մասնավորապես, սույն Կոնվենցիայի շրջանակներում Կողմերի ֆինանսական մասնակցությունը որոշելու նպատակով:

4. Կողմերը իրենց առաջին խորհրդակցության ժամանակ կքննարկեն բոլոր լրացուցիչ միջոցառումները, որոնք կարող են օգնել ծովային միջավայրի պաշտպանման և պահպանման հարցում իրենց պարտականությունների կատարմանը` սույն Կոնվենցիայի ենթատեքստով:

5. Կողմերի Կոնֆերանսը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի արդյունավետ կատարմանը և, բացի այդ.

ա/ նպաստում է համապատասխան քաղաքականության, ռազմավարության և միջոցների համաձայնեցմանը վտանգավոր և այլ թափոնների կողմից մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու նպատակով,

բ/ քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն Կոնվենցիայի և դրա հավելվածների ուղղումները` հաշվի առնելով inter alia առկա գիտական, տեխնիկական, տնտեսական և էկոլոգիական տեղեկատվությունը,

գ/ քննարկում և ընդունում է ցանկացած լրացուցիչ միջոցառում, որը կարող է պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար դրա կատարման ընթացքում կուտակած փորձի ներքո, ինչպես նաև 11-րդ հոդվածով նախատեսված համաձայնությունների և պայմանավորվածությունների կատարման ընթացքում,

դ/ անհրաժեշտության դեպքում քննարկում և ընդունում է արձանագրություններ,

ե/ ստեղծում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի կատարման համար:

6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հիմնարկները, ինչպես նաև Կողմ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն կարող են ներկայացվել Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին` որպես դիտորդներ: Այլ մարմինները կամ հիմնարկները` ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական, որոնք օժտված են վտանգավոր կամ այլ թափոնների ոլորտին վերաբերող իրավասությամբ և քարտուղարությանը տեղեկացրել են որպես դիտորդ Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին ներկայացված լինելու իրենց ցանկության մասին, կարող են մասնակցելու թույլտվություն ստանալ, եթե դրա դեմ չի առարկում ներկա Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մասնակցության թույլտվությունը կարգավորվում է Կողմերի Կոնֆերանսի կողմից ընդունվելիք ընթացակարգի կանոններով:

7. Կողմերի Կոնֆերանսը սույն Կոնվենցիան ուժի մեջ մտցնելուց երեք տարի անց, իսկ այնուհետև ոչ ուշ, քան վեց տարին մեկ անգամ, կատարում է նրա արդյունավետության գնահատում և, եթե անհրաժեշտ է համարում, քննարկում է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման լրիվ կամ մասնակի արգելքի սահմանման հնարավորությունը` հաշվի առնելով վերջին գիտական, էկոլոգիական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Քարտուղարության վրա դրվում են հետևյալ գործառույթները.

ա/ խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում, ինչպես որ նախատեսվում է 15-րդ և 17-րդ հոդվածներում,

բ/ 3-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկատվության, 15-րդ հոդվածի համաձայն սահմանված օժանդակ մարմինների խորհրդակցությունների տեղեկատվության, ինչպես նաև, եթե դա կիրառելի է, համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության վրա հիմնված զեկույցների նախապատրաստում և փոխանցում,

գ/ սույն Կոնվենցիայի համաձայն իր գործառույթների կատարման ուղղությամբ ծավալած գործունեության մասին զեկույցների նախապատրաստում և ներկայացում Կողմերի Կոնֆերանսին,

դ/ գործունեության անհրաժեշտ համակարգման ապահովում համապատասխան միջազգային մարմինների հետ և, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնությունների կնքում, որոնք կարող են պետք լինել իր գործառույթների արդյունավետ կատարման համար,

ե/ կապի պահպանում Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն ստեղծված` հատկացված կենտրոնների և իրավասու մարմինների հետ,

զ/ տեղեկատվության կազմում Կողմերի հաստատված ազգային տեղերի և օբյեկտների մասին, որոնք կարող են օգտագործվել դրանց վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար և այդ տեղեկատվության տարածում Կողմերի միջև,

է/ Կողմերից հետևյալ բովանդակությամբ տեղեկատվության ստացում և ուղարկում իրենց.

- առկա գիտատեխնիկական գիտելիքների և փորձի,

- խորհրդատվական օժանդակության և փորձաքննության,

- ռեսուրսների առկայության վերաբերյալ, իրենց խնդրանքով, հետևյալ բնագավառներում օժանդակություն ցույց տալու նպատակով,

- տեղեկացման համակարգի կիրառում սույն Կոնվենցիայի շրջանակներում,

- վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործում,

- վտանգավոր և այլ թափոնների հետ կապված` էկոլոգիապես հիմնավորված տեխնոլոգիայի ներդրում, ինչպիսիք սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաներն են,

- հնարավորությունների և հեռացման վայրերի գնահատում,

- վտանգավոր և այլ թափոնների մոնիտորինգ, և

- միջոցների ձեռնարկում արտակարգ իրավիճակներում,

ը/ Կողմերին, իրենց խնդրանքով, տեղեկատվությամբ ապահովում անհրաժեշտ տեխնիկական իրավասությամբ օժտված խորհրդատուների կամ խորհրդատվական ծառայությունների մասին, որոնք կարող են իրենց օժանդակել` ուսումնասիրելու անդրսահմանային փոխադրման մասին տեղեկացումը, վտանգավոր և այլ թափոնների ենթադրվող բեռնաթափումը ստացված տեղեկացմանը համապատասխանելու մասին հարցը և/կամ այն փաստը, որ վտանգավոր թափոնների հեռացման համար առաջարկվող օբյեկտները կրում են էկոլոգիապես հիմնավորված բնույթ, եթե հիմք կա ենթադրելու, որ տվյալ թափոնները չեն օգտագործվի էկոլոգիապես հիմնավորված կերպով: Յուրաքանչյուր այդպիսի հարցի ուսումնասիրումը կատարվում է ոչ քարտուղարության հաշվին,

թ/ Կողմերին, իրենց խնդրանքով, օգնության տրամադրում անօրինական շրջանառության դեպքերի որոշման հարցում և շահագրգիռ Կողմերի միջև անօրինական շրջանառության վերաբերյալ քարտուղարության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվության անհապաղ տարածում,

ժ/ համագործակցություն Կողմերի և համապատասխան իրավասու միջազգային կազմակերպությունների և հիմնարկների միջև փորձագետներ և սարքավորում տրամադրելու հարցում` արտակարգ իրավիճակների դեպքում պետություններին օպերատիվ օգնություն ցույց տալու նպատակով, և

ժա/ սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված այնպիսի այլ գործառույթների կատարում, որոնք կորոշի Կողմերի Կոնֆերանսը:

2. Քարտուղարության գործառույթները ժամանակավոր կատարում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիրը, մինչև Կողմերի Կոնֆերանսի առաջին խորհրդակցության ավարտը, որը հրավիրվել է` ի կատարումն 15-րդ հոդվածի:

3. Իր առաջին խորհրդակցության ժամանակ Կողմերի Կոնֆերանսը քարտուղարություն է ստեղծում այն գոյություն ունեցող ոչ կառավարական իրավասու կազմակերպություններից, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարելու քարտուղարության գործառույթները` սույն Կոնվենցիայի համաձայն: Այդ խորհրդակցության ընթացքում Կողմերի Կոնֆերանսը կտա նաև ժամանակավոր քարտուղարության կողմից իր վրա դրված գործառույթների իրագործման ընթացիկ գնահատականը, մասնավորապես, վերը բերված 1-ին կետի շրջանակներում, և որոշում կընդունի այդ գործառույթների կատարման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում ուղղումներ և որևէ արձանագրության յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ առաջարկել այդ արձանագրությունում: Այդ ուղղումներում հավուր պատշաճի հաշվի են առնվում intcr alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:

2. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվում են Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցության ժամանակ: Յուրաքանչյուր արձանագրության ուղղումներ ընդունվում են համապատասխան արձանագրության Կողմերի խորհրդակցության ժամանակ: Սույն Կոնվենցիայում և յուրաքանչյուր արձանագրությունում յուրաքանչյուր առաջարկած ուղղումի տեքստ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, հաղորդվում է Կողմերին քարտուղարության կողմից ոչ ուշ, քան նշված ընթացակարգը կիրառվում է յուրաքանչյուր արձանագրությանը ներկայացված ուղղումների նկատմամբ, բացառությամբ, երբ դրանց ընդունման համար բավական է խորհրդակցությանը ներկա և քվեարկությանը մասնակցող արձանագրության Կողմերի ձայների երկու երրորդը:

3. Կողմերը ամեն ջանք կգործադրեն սույն Կոնվենցիայում ցանկացած ուղղման համաձայնեցման համար` միաձայնության սկզբունքով: Եթե միաձայնությանն ուղղված բոլոր ջանքերը ձախողվել են և համաձայնություն չի կայացվել, ուղղումը որպես վերջին միջոց կընդունվի խորհրդակցությանը ներկա և քվեարկող Կողմերի երեք քառորդ մեծամասնության կողմից և ավանդապահի կողմից կփոխանցվի բոլոր Կողմերին` վավերացման հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման համար:

4. Վերոհիշյալ 3-րդ կետում նշված ընթացակարգը կկիրառվի ցանկացած արձանագրությունում կատարվող ուղղումների նկատմամբ, բացառությամբ, եթե խորհրդակցության ներկա և քվեարկող այդ արձանագրության Կողմերի երկու երրորդը բավարար կլինի դրանց ընդունման համար:

5. ՈՒղղումների ընդունման մասին վավերագրերը, հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընդունվող ուղղումները ուժի մեջ են մտնում այն Կողմերի համար, որոնք համաձայն են դրանց, ավանդապահի կողմից վավերագիրը կամ դրանց հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթը ստանալուց հետո, դրանք ընդունած Կողմերի առնվազն երեք քառորդի կողմից ընդունված կամ Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից տվյալ արձանագրության վերաբերյալ ուղղումներ ընդունած, եթե միայն այդ արձանագրությամբ այլ կերպ նախատեսված չէ: Յուրաքանչյուր այլ Կողմի համար ուղղումները ուժի մեջ են մտնում տվյալ Կողմի կողմից վավերագիրը կամ հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման կամ այդ ուղղումները ընդունելու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելու իննսուներորդ օրը:

6. Սույն հոդվածի նպատակների համար «ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմեր» արտահայտությունը նկատի ունի այն Կողմերին, որոնք մասնակցում և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության հավելվածները, համապատասխանաբար, կազմում են սույն Կոնվենցիայի և տվյալ արձանագրության անբաժանելի մասը. եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը սույն Կոնվենցիային կամ նրա որևէ արձանագրությանը միևնույն ժամանակ հղում է դրա յուրաքանչյուր հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են գիտատեխնիկական և վարչական հարցերով:

2. Եթե որևէ արձանագրությամբ չեն նախատեսվում այլ դրույթներ դրա հավելվածների վերաբերյալ, ապա օգտագործվում է սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների կամ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու հետևյալ ընթացակարգը.

ա/ սույն Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների հավելվածները առաջարկվում կամ ընդունվում են 17-րդ հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում սահմանված ընթացակարգի համաձայն,

բ/ յուրաքանչյուր Կողմ, որը հնարավոր չի գտնում ընդունել սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության, որի մասնակիցն է հանդիսանում, լրացուցիչ հավելված, գրավոր այդ մասին տեղեկացնում է ավանդապահին վեց ամսվա ընթացքում այն օրից, երբ ավանդապահը հայտնել է դրա ընդունման մասին: Ավանդապահը անհապաղ բոլոր Կողմերին տեղեկացնում է յուրաքանչյուր այդպիսի ստացված տեղեկացման մասին: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ առարկության մասին նախկինում ուղարկած իր դիմումը փոխարինել ընդունման մասին դիմումով, որից հետո հավելվածները ուժի մեջ կմտնեն տվյալ Կողմի համար,

գ/ ավանդապահի կողմից հաղորդագրությունն ուղարկվելուց վեց ամիս անց հավելվածը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր համապատասխան արձանագրության բոլոր այն Կողմերի համար, որոնք տեղեկացում չեն ներկայացրել վերը բերված «բ» ենթակետի դրույթների համաձայն:

3. Սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության հավելվածներին վերաբերող ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում են այնպիսի ընթացակարգով, որը համանման է Կոնվենցիայի հավելվածների կամ որևէ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգին: Դրանց հավելվածներում և ուղղումներում պատշաճ կերպով հաշվի են առնվում inter alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:

4. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածին վերաբերող ուղղումը կապված են սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության մեջ ուղղում մտցնելու հետ, ապա այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ ուղղումներով հավելվածը ուժի մեջ են մտնում միայն սույն Կոնվենցիային կամ համապատասխան արձանագրությանը վերաբերող ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՍՏՈՒԳՈՒՄ

 

Յուրաքանչյուր Կողմ, որը հիմք ունի համարելու, որ մյուս Կողմը գործում կամ գործել է սույն Կոնվենցիայի վերաբերյալ իր պարտավորությունների խախտմամբ, կարող է այդ մասին տեղեկացնել քարտուղարությանը. այդ դեպքում նա անհապաղ անմիջականորեն կամ քարտուղարության միջոցով տեղեկացնում է այն Կողմին, որը խախտման կասկած է հարուցել: Քարտուղարությունը Կողմերին է ներկայացնում այդ դեպքում անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիայի կամ նրա յուրաքանչյուր արձանագրության մեկնաբանության, կիրառման կամ կատարման վերաբերյալ Կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում նրանք ձգտում են վեճը կարգավորել բանակցությունների կամ որևէ այլ խաղաղ ճանապարհով` իրենց ընտրությամբ:

2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարողանում վեճը կարգավորել նախորդ կետում նշված ձևով, վեճը, փոխադարձ պայմանավորվածությամբ, փոխադրվում է Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան` 6-րդ հավելվածում որոշված միջնորդ դատարանի մասին պայմաններին համաձայն: Եթե անհնարին է հասնել փոխադարձ համաձայնության վեճը Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան փոխադրելու վերաբերյալ, ապա Կողմերը պարտավոր են շարունակել փնտրել ուղիներ դրա կարգավորման համար` 1-ին կետում նշված ճանապարհով:

3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ դրան միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած պահի յուրաքանչյուր պետություն կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն կարող են հայտարարել, որ իրենք պարտադիր են համարում ipso facto և առանց հատուկ համաձայնության իր վրա նույն պարտավորությունները վերցնող յուրաքանչյուր Կողմի նկատմամբ.

ա/ վեճը փոխադրել Միջազգային դատարան, և/կամ

բ/ վեճը փոխադրել միջնորդ դատարան` 6-րդ հավելվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

Այդպիսի հայտարարության մասին տեղեկացումը գրավոր ուղարկվում է քարտուղարություն, որն այն հասցնում է Կողմերի գիտությանը:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան բաց է պետությունների, Նամիբիայի, որը ներկայացված է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի Խորհրդի կողմից, և քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների ստորագրման համար` Բազելում 1984 թ. մարտի 22-ին, Բեռնում, Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտում` 1989 թ. մարտի 23-ից առ հունիսի 30-ը, և Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայաններում` 1989 թ. հուլիսի 1-ից առ 1990 թ. մարտի 22-ը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի Խորհրդով ներկայացված Նամիբիայի վավերացման, ընդունման կամ հավանության և պաշտոնական քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների հաստատման կամ հավանության: Վավերագրերը և ընդունման, պաշտոնական հաստատման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Վերոնշյալ 1-ին կետում նշված յուրաքանչյուր կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, ընդ որում, իր անդամ պետություններից որևէ մեկը այդպիսի Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայից բխող բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդ կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմ են հանդիսանում, այդ կազմակերպությունը և իր անդամ պետությունները ընդունում են որոշումներ իրենց պարտավորությունների կատարման նպատակով համապատասխան պարտականությունների վերաբերյալ:

3. Պաշտոնական հաստատման կամ հավանության մասին իրենց փաստաթղթում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին` Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին տեղեկացնում են նաև իրենց իրավասության շրջանակների որևէ էական փոփոխության մասին, որն այդ մասին հայտնում է Կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՄԻԱՑՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիան բաց է պետությունների, Նամիբիայի, որը ներկայացված է Նամիբիայի հարցով Միավորված ազգերի կազմակերպության խորհրդի կողմից, և քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների միանալու համար` Կոնվենցիայի ստորագրման ժամկետի դադարեցման հաջորդ օրվանից: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Միանալու մասին իրենց փաստաթղթերում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին` Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին նաև տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակների յուրաքանչյուր էական փոփոխության մասին:

3. 22-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, բացառությամբ ստորև նշվող 2-րդ կետի, ունի մեկ ձայն:

2. Քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունները իրենց իրավասության մեջ մտնող հարցերում 22-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն իրականացնում են իրենց ձայնի իրավունքը` ունենալով ձայների քանակ, որը հավասար է Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրությունների Կողմ հանդիսացող անդամ պետությունների քանակին:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, պաշտոնական հաստատման, հավանության կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հավանություն է տալիս կամ պաշտոնապես հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամկետից հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը այդ պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հետո:

3. Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար յուրաքանչյուր քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտարկվում որպես լրացուցիչ` այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ոչ մի վերապահում սույն Կոնվենցիային չի թույլատրվում:

2. Սույն հոդվածի 1-ին կետը չի խոչընդոտում ոչ մի պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հավանության և պաշտոնական հաստատման կամ նրան միանալու ժամանակ հանդես գալ հռչակագրով կամ հայտարարությամբ` ցանկացած ձևակերպումով և անվանումով, իր օրենքներն ու կանոնները inter alia համապատասխանեցնելու սույն Կոնվենցիայի դրույթների իրավական գործողության բացառում կամ փոփոխություն այդ պետության կողմից կիրառման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամկետից երեք տարի անց` ցանկացած ժամանակ, այդ Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` գրավոր ծանուցելով ավանդապահին:

2. Դուրս գալը ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահի ստանալուց մեկ տարի անց կամ ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշվել ծանուցման մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԱՎԱՆԴԱՊԱՀ

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հանդիսանում է սույն Կոնվենցիայի և նրա յուրաքանչյուր արձանագրության ավանդապահը:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐ

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնօրինակները հավասարազոր են:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, հավուր պատշաճի լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բազել քաղաքում 1989 թվականի մարտի 22-ին:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
22.03.1989
Կոնվենցիա