Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 46

 

i

17. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 23-ի

նիստի N 46 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

2006 թվականի մարտի 20-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան` հավաստելով իր պատրաստակամությունը ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ազգային մշակութային ծրագրերի մշակմանը և միջազգային մշակութային կառույցների հետ համագործակցությանը:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի» (այսուհետ` հայեցակարգ) ընդունումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներից է, որով ՀՀ կառավարությունը հավաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության կարևորությունը, ընդունում ոչ նյութական մշակութային ժառանգության ավանդական ձևերի պահպանման ու դրանց զարգացման օրինաչափություններին, դրանց կենսունակությանը նպաստելու անհրաժեշտությունը` պաշտպանելով ժողովուրդների ինքնության վերարտադրության իրավունքը և այդ իրավունքի ավանդական ու արդիական ձևերը: Այն նախատեսում է ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակականության և կենսունակության ապահովման միջոցառումներ:

Ոլորտին առնչվող հիմնախնդիրների համակարգմամբ, կանոնակարգմամբ և անհրաժեշտ միջոցառումների իրագործմամբ հնարավորություն կստեղծվի ձևավորել ազգային մշակույթների ոչ նյութական ձևերի հանդեպ հարգանքի մթնոլորտ, դրանց օրինաչափ զարգացում, կձևավորվի համապատասխան օրենսդրական դաշտ, պայմաններ կստեղծվի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և միջազգային կոնվենցիայով նախատեսված գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու համար:

Հայեցակարգում առաջադրված խնդիրներն ու նպատակները համապատասխանում են պետական մշակութային քաղաքականությանը. միջազգային կոնվենցիայի դրույթներին և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին:

 

2. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

19-րդ դարի սկզբին Եվրոպայում սկիզբ առած նորագույն քաղաքակրթությունը, ի թիվս այլ հարցերի, մեծ տեղ հատկացրեց մի կողմից` հնագույն «մեռած» քաղաքակրթությունների վերծանմանն ու ուսումնասիրմանը, մյուս կողմից հաստատեց ճշգրիտ գիտությունների, մասնագիտական կրթության և մշակութային նյութական ժառանգության պահպանման գերակայությունը: Սակայն անտեսվեց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության միջև եղած սերտ փոխկապակցվածությունը: Անցած մեկուկես դարը չնպաստեց ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանությանը: Ոչ նյութական մշակութային արժեքների ավանդական և ժողովուրդների ինքնության պահպանությանը ծառայող արժեքների շատ ձևերի շարունակությունը ընթացավ ինքնակարգավորման ուղիով, և քաղաքական, գաղափարախոսական կամ այլ նկատառումներով ներկրված կամ վերաձևավորվող ոչ նյութական մշակութային արժեքների էլիտարության ներդրումը զգալի չափով ազդեց էթնիկ մշակույթների ոչ նյութական արժեքների ստորակարգմանը, դրանց «գավառայնացմանը» և դրանց կարևորության և ինքնատիպության հանդեպ հարգանքի ու հպարտության զգացողության նվազմանը: Պահպանական միջոցների սակավությունը, հանրության և համապատասխան գիտամշակութային կազմակերպությունների անուշադրությունն ու հոգածության աստիճանական նվազումը, ոչ նյութական մշակութային արժեքների կենսունակությանն ու զարգացման պաշտպանությանն ուղղված ծրագրերի սակավությունը, իսկ երբեմն էլ` ուղղակի բացակայությունը հանգեցրին այն բանին, որ ոչ նյութական մշակութային արժեքները մի դեպքում համալրվեցին գաղափարախոսությանը ծառայող արժեքներով, այլ դեպքում` ձևափոխվեցին, ընդ որում ձևափոխությունն ընթացավ երկու ուղիով, ժողովրդական մշակույթի զարգացման օրինաչափություններով և քաղաքական գաղափարախոսությունը հաստատող նորմերով: Արդյունքում ոչ նյութական մշակութային արժեքների զգալի մասի զարգացումն ընթացավ պասիվ և «գավառայնության» կնիքով, ինչով վերջիններս մեծ կորուստ կրեցին զարգացման օրինաչափությունների ընթացքում և հայտնվեցին երկրորդական արժեքների ցանկում:

Այսօր համաշխարհային հանրությունը, մշակութային ժառանգության պահպանմանն աջակցող տեղական և միջազգային կառույցներն անհանգստացած են և ձեռնարկում են որոշակի քայլեր կանխելու մշակույթի բազմազանության շտեմարան հանդիսացող ոչ նյութական մշակութային ժառանգության` ազգերի ուրույն բանավոր, հոգևոր և հասարակական մշակույթների անհետացումը: Ներդրվում են միջոցներ դիմակայելու մշակույթի համաշխարհայնացման /գլոբալիզացիա/ և անհարկի համահարթման մարտահրավերներին: Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության գործում թերացումները կարող են հանգեցնել ազգերի միջև մշակութային անհանդուրժողականության ձևավորմանն ու ծավալմանը: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը անգնահատելի դեր ու նշանակություն ունի մարդկանց, նրանց որոշակի խմբերի, ժողովուրդների փոխըմբռնման, մշակույթների մերձեցման և անհրաժեշտ մշակութային փոխազդեցությունների համար:

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության և դրանց կենսունակության պաշտպանության վերաբերյալ որոշ քայլեր արվել են:

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության հետազոտման և պահպանման խնդիրներով մինչ օրս զբաղվել են Գիտությունների ազգային ակադեմիան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետը և հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Երևանի պետական համալսարանում գործում են բանահյուսության, ազգագրության ամբիոններ: Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագիր նյութերը պահվում են Ազգային արխիվում և հանրապետության մի շարք թանգարաններում: Սակայն մեծ մասը գտնվում է տարբեր կազմակերպությունների պահոցներում, վերոհիշյալ գիտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների արխիվներում, համայնքների ենթակայությամբ գործող թանգարաններում, մարդկանց առանձին խմբերի և անհատ բանահավաքների անձնական հավաքածուներում:

Անցած տասնամյակների ընթացքում հանրապետությունում կուտակվել է բանահավաքչական աշխատանքի զգալի փորձ, սակայն վերջին տարիների սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումն իր ազդեցությունն է թողել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցի վրա: Հավաքված նյութերի վերծանման, պահպանման և մշակման համար չկան պահանջվող տեխնիկական, տեղեկատվական միջոցներ: Բանահավաքչական, պահպանական աշխատանքներն ու ուսումնասիրությունները կազմակերպվում են տեխնիկական և նյութական ոչ բավարար պայմաններում: Նյութերի` ժամանակակից կրիչների փոխադրումը, թվայնացումը պահանջում են ֆինանսական ներդրումներ:

Այսպիսով` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը լինելով մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը պահանջում է առանձնակի հոգածություն և դրա կենսունակության պաշտպանությանն ուղղված միջոցառումների հետևողական իրագործում:

 

3. Ոչ նյութական մշակութային ժառանգությունը

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգությունը»` հանրությունների, խմբերի, և որոշ դեպքերում, առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգություն ճանաչված ծեսերն են, պատկերացումներն ու արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արվեստի գործերը և մշակութային տարածքները: Այն մշակութային արժեքների ամբողջություն է, որը հիմնականում դրսևորվում է հետևյալ բնագավառներում.

 

Բանահյուսական ժառանգություն

ա) բանավոր արտահայտման ձևերը, ներառյալ լեզուն և բարբառները,

բ) վիպական բանարվեստն իր ժանրերով` դյուցազնավեպ, առասպել, հեքիաթ, ավանդություն, զրույց, առակ, հանելուկ, առած և ասացվածք, անեծք և օրհնանք, երդում, աղոթք, նաև ողջույնի, հրաժեշտի, մաղթանքի բանաձևեր և այլն,

գ) քնարական բանարվեստն իր ժանրերով` դյուցազներգություն, վիպերգ, պատմական, ռազմի երգ, հայրեն, աշխատանքային-ծիսական երգ, օրորոցային ու մանկախաղաց երգ, սիրերգ, պարերգ և այլն,

 

Կատարողական արվեստներ

ա) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով` աշխատանքային, ծիսական պար, շուրջպար, զուգապար, մենապար և այլն,

բ) գործիքային երաժշտությունն իր տեսակներով` ծիսական, հովվական, ռազմի և այլն,

գ) դրամատիկական բանարվեստն իր տեսակներով` թատերայնացված խաղ, հանդիսություն, դիմակահանդես, լարախաղացություն, ստվերների թատրոն և այլն:

 

Ազգագրական ժառանգություն

ա) տոմարային տարեպտույտ տոներն ու ծեսերը,

բ) մարդու կյանքի կարևոր շրջափուլերը նշանավորող տոներն ու ծեսերը /ծնունդ, ամուսնություն, մահ/,

գ) ազգային հավատալիքներն ու սովորույթները,

դ) ընտանեկան նիստուկացը, հասարակական վարք ու բարքը, բարոյական նորմերը, ազգային հոգեբանությունը և այլն,

ե) Տնտեսվարման հմտություններ, այդ թվում նաև երկրագործական և անասնապահական հմտությունները,

զ) բնության և տիեզերքին վերաբերող գիտելիքներ, հմտություններ և սովորույթներ, ժողովրդական աստղագիտությունն ու տոմարը,

է) ազգային խոհանոցն ու սննդատեսակների գործածությունը:

 

Ավանդական արհեստների հետ կապված փոխանցվող հմտություններ և գիտելիքներ

ա) քարագործության, մետաղագործության, դարբնության, արծաթագործության, ոսկերչության, փայտագործության, կավագործության, կարպետագործության, գորգագործության, մանածագործության, ասեղնագործության հմտությունները,

բ) հագուկապ /տարազ/ կրելը և զարդարվեստի գործածությունը,

գ) բնակարանի կահավորման առանձնահատկությունները, կահկարասու նախընտրությունը,

դ) երաժշտական գործիքներ պատրաստելու և դրանք կիրառելու հմտությունները:

Ոչ նյութական մշակույթին հատուկ են «Ժողովրդագրական սեփական տարածքը» և անմիջական կրողները: Ժողովրդական ավանդույթները ստեղծում են մշակույթի ընդհանրական դաշտ, բավարարում հանրության, մարդկանց որոշակի խմբերի մտավոր և հոգևոր պահանջները, ապահովում անհատի և հասարակության տեղն ու դերը ազգի հոգևոր զարգացման տարբեր փուլերում: Ոչ նյութական մշակույթի բանավոր գոյաձևը մշակույթի փոխանցման յուրօրինակ ոլորտ է, դպրոց, համընդհանուր ուսուցման միջոց, որն ապահովում է իմացողից չիմացողին, ավագից կրտսերին տրվող գիտելիքների ամբողջության փոխանցումը և պահպանությունը:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանություն» նշանակում է ոչ նյութական մշակութային ժառանգության նույնականացումը, դրանց զարգացման խթանումը, բարելավումը, հաջորդ սերունդներին փոխանցումը` պաշտոնական և ոչ պաշտոնական կրթության և դրանց վերաբերյալ ճանաչողության ապահովման միջոցով, այդ ժառանգության տարբեր ուղղությունների վերակենդանացումը, փաստաթղթերով ձևակերպումը, թվայնացումը, հետազոտությունը, թանգարանային կամ արխիվային պահպանությունը:

 

4. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակներն են`

1) ազգային դիմագծի և ինքնության պահպանումը,

2) ազգային և համամարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի ձևավորումը,

3) ոչ նյութական մշակութային արժեքների զարգացման միջավայրի ապահովում,

4) ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների փոխանցումը սերունդներին,

5) Հայաստանի Հանրապետության ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին,

6) համագործակցության, միջազգային փորձի փոխանակման և տարածման խթանումը,

7) մշակութային կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ներդրումը:

 

5. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն են`

1) պետական միասնական քաղաքականության առաջնային ուղղությունների նախանշումն ու սահմանումը,

2) ոչ նյութական մշակութային պահպանվող և պաշտպանվող արժեքների ցանկի կազմումը, դրանց կենսունակության ապահովման միջոցառումների ծրագրավորումը, ներդրումը, պահպանության և պաշտպանության իրագործումը,

3) պետական արխիվներում, գիտական և մշակութային կազմակերպություններում պահվող գրառված, տեսագրված նյութերի թվայնացումը,

4) Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակների ստեղծումն ու այդ տեղեկատվության հրատարակումը,

5) ավանդական ոչ նյութական մշակույթի ուսուցումը ֆորմալ և ոչ ֆորմալ եղանակով,

6) ոչ նյութական մշակույթի վերաբերյալ հրատարակված ժողովածուներին, հավաքածուներին, ուսումնասիրություններին նվիրված մատենագիտության ստեղծումը,

7) ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող անտիպ նյութերի և գիտական ուսումնասիրությունների հրատարակումը,

8) ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող կայքերի ստեղծումը,

9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության գործում համագործակցության ապահովումը,

10) Հայաստանի Հանրապետության մարզերում, արտերկրում բանահյուսական, ազգագրական, արհեստագործական նյութերի հետագա հավաքման համար պայմանների ստեղծումը, կազմակերպական աշխատանքների անընդհատության ապահովումը,

11) ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցադրման համար անհրաժեշտ տարածքների և հիշարժան վայրերի պահպանությունը և դրանց ներառումը զբոսաշրջության ոլորտ,

12) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և տարածման համար կադրերի ներգրավումը, կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, վերաորակավորումը,

13) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների մասնակցությամբ ծիսակարգերի և հանդիսությունների կազմակերպումը և անցկացումը,

14) Հայաստանի Հանրապետության մարզերում ոչ նյութական մշակութային ժառանգությամբ զբաղվող մշակութային հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների միությունների, համապատասխան մշակութային կազմակերպությունների գործունեության պետական աջակցությունը և խթանումը,

15) օրենքով չարգելված այլ միջոցներով աջակցություն և օգնություն, դրամաշնորհային ծրագրերի ներդրումը:

 

6. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գերակայություններն են`

1) «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու դրանից բխող ենթաօրենսդրական համապատասխան ակտերի մշակումը,

2) ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը,

3) ՀՀ մարզերում և համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով` մշակույթի տների կառուցումը, վերակառուցումը, նյութատեխնիկական բազայի ստեղծումը, համալրումն ու արդիականացումը,

4) ուսուցման և վերապատրաստման միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցումը,

5) միջազգային մշակութային կապերի սերտացում, ընդլայնում և փոխանակումների կազմակերպումը:

 

7. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում պետական մշակութային քաղաքականությունն իրագործվում է «Մշակութային քաղաքականության հիմունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի /տարեկան, եռամյա և հեռանկարային/ միջոցով, սույն հայեցակարգով, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով,

2. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման պետական քաղաքականության սկզբունքն է`

ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը սահմանել որպես մտավոր և մշակութային գործունեության կարևորագույն ոլորտ և պետության կողմից պաշտպանվող ու պահպանվող ազգային անձեռնմխելի հարստություն:

3. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման պետական քաղաքականությունն ուղղված է ապահովելու`

ա) ոչ նյութական մշակութային ժառանգության (արժեքների ամբողջության) պաշտպանությունը ու պահպանությունը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում,

բ) ոչ նյութական մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու մատչելիությունը,

գ) ոչ նյութական մշակութային արժեքների (ավանդույթների կիրառմամբ ստեղծված ժողովրդական մշակութային արժեքներ) պահպանությունը և նորովի վերարտադրման գործընթացում ընդհանուր հասարակական մասնակցությունը,

դ) ոչ նյութական մշակութային ավանդական ժառանգությունը երիտասարդ սերնդին փոխանցելու նոր եղանակների և միջոցների որոնումը, ներդրումը և կիրառումը,

ե) ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակելիության պահելու գործընթացը:

 

8. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Ոլորտի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն,

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները,

3) ձեռնարկատիրական և վճարովի ծառայություններից ստացվող եկամուտները,

4) միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհները,

5) օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ աղբյուրները:

 

9. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներն են`

1) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը,

2) պետական արարողակարգերում հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային արժեքների ներդրումը` իրավիճակին համապատասխան տարրեր,

3) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության և պաշտպանության նպատակով «Ժողովրդական ստեղծագործությունների և արհեստագործության» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընդլայնումը,

4) ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակարգում և համապատասխան նյութերի նույնականացումը,

5) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանությանը նվիրված ծրագրերի մշակումը, մշակութային միջոցառումների կազմակերպումը և իրագործումը /հանդիպումներ, համերգներ, ծիսակարգեր և հանդիսություններ, տոներ/,

6) ոչ նյութական մշակույթին վերաբերող կրթական ծրագրերի մշակումը, ներդրումը և իրագործումը,

7) ՀՀ մարզերում և համայնքներում հասարակական կազմակերպություններին, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և համապատասխան գործունեության ծավալման գործում, կազմակերպչական ու մեթոդական աջակցության ցուցաբերումը,

8) ոչ նյութական մշակութային ժառանգության նյութերի ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական և մշակութային կազմակերպություններին, արշավախմբերին պետական աջակցության տրամադրումը,

9) ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող առանձին կայքերի ստեղծումը և տեղակայումը համացանցում,

10) ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ բազմաբնույթ նյութերի հրատարակումը և տարածումը,

11) ժողովրդական արհեստագործական հմտություններին վերաբերող ուսումնական, խորհրդատվական, օժանդակ ձեռնարկների կազմումը և հրատարակումը,

12) բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով (բանահավաքություն, ազգագրագետներ և այլն) կադրերի պատրաստումը,

13) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մշակութային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 46
Արձանագրային որոշում