Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

020.0674.300107

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 407 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հունվարի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի /զեկուցող/, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող քաղաքացիներ Հ. Վարդանյանի, Գ. Սարգսյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հրաչ Վարդանյանի և Գագիկ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ քաղաքացիներ Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի դիմումներն են սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի պարզաբանումները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 և 407 հոդվածները, գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածը վերնագրված է. «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք»: Մինչև 01.06.2006թ. փոփոխությունները գործած` այդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված է եղել, որ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն` վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով: Նշված հոդվածի 3-րդ կետը` 01.06.2006թ. ընդունված նոր խմբագրությամբ, սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. «Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը...բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

3. Ըստ դիմողների` իրենց նկատմամբ կիրառված քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 14, 14.1., 18, 19, 20 հոդվածներին, 91 հոդվածի 1-ին, 92 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքներն առանց քննության թողնելով, խախտել է դատական պաշտպանության` արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործերի հրապարակային քննության իրավունքը, այսինքն` զրկվել են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Հ. Վարդանյանի` իրավասու մարմիններին ուղղված բողոքի էությունը կայանում է նրանում, որ մինչև 2004թ. հունվարի 16-ն ինքն աշխատել է «Արմենտել» 32 հեռախոսահաղորդակցման բաշխիչ ցանցում, սակայն 13.01.2004թ. աշխատանքից ազատվելու մասին իր անունից կեղծ դիմում է գրվել և 16.01.2004թ. իրեն ազատել են աշխատանքից, բացի դրանից, իրեն անհիմն կերպով դատապարտել են խուլիգանության համար: Նա, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, խնդրել է պարզել, թե ով է գրել դիմումն ու կեղծել իր ստորագրությունը և այդ առնչությամբ հարուցել քրեական գործ:

27.05.2005թ. նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Վարդանյանի ստորագրությունը կեղծելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ` հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշման մասին 08.06.2005թ. գրությամբ տեղյակ է պահվել Հ. Վարդանյանը:

Հ. Վարդանյանը 17.02.2006թ. քննիչի կողմից իր ստորագրությունը կեղծելու փաստով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոք է բերել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որի հիման վրա դատարանը 21.02.2006թ. Հ. Վարդանյանի բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Գործում եղած նյութերով հիմնավորված է նաև, որ Գ. Սարգսյանը բազմիցս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակի, ԴԱՀԿ-ի և ՆԳ աշխատակիցների նկատմամբ, հայտնելով, որ վերջիններս դեռ դատաքննությունը չավարտված, առանց իր գիտության ներխուժել են իր սեփական բնակարան և տնօրինել իր գույքը:

ՀՀ գլխավոր դատախազությունը 16.03.2006թ. գրությամբ տեղեկացրել է Գ. Սարգսյանին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն իր իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել դատարան:

Գ. Սարգսյանը 20.04.2006թ. դիմել է վերաքննիչ դատարան` խնդրելով դատախազության կողմից իրեն ուղղված գրությունը «... դիտել որպես նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում և այն վերացնել անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանը 03.05.2006թ. Գ. Սարգսյանի բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ դատախազության գրությունը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի` կարող է բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան և ոչ թե վերաքննիչ դատարան, ինչը հիմք է բողոքն առանց քննության թողնելու համար (դատավորը որոշումը կայացրել է միանձնյա):

Վերաքննիչ դատարանի կողմից Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի նկատմամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ Հ. Վարդանյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի համաձայն վճռաբեկ բողոք բերող սուբյեկտ չէ, իսկ Գ. Սարգսյանի դեպքում` վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Այդ պայմաններում օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն ատյան չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա կարող են դառնալ, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար»:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Պատասխանողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանում գործը քննելու ժամանակ (2006 թ. փետրվարի 21-ին) ՀՀ քր. դատ. օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասով սահմանված էր հետևյալը. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»: Մեջբերված դրույթը բողոքարկման ժամկետային սահմանափակում չի բովանդակել: Վերոգրյալից բխում է, որ դատական կարգով քննիչի` նյութերով քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար ՀՀ քր. դատ. օր.-ով սահմանափակումներ չեն եղել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2006թ. ապրիլի 7-ի որոշման պատճառաբանական մասում հղում կատարելով ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետին` նշել է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերող սուբյեկտների սպառիչ ցանկը: Հ. Վարդանյանը նշված սուբյեկտներից որևէ մեկի դատավարական վիճակ ձեռք չի բերել, հետևաբար, ՀՀ քր. դատ. օր.-ի 407 հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավունք չունի բողոքարկել վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումը: Այդ հիմքով վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետով, Հ. Վարդանյանի 2006թ. մարտի 24-ի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Նշվածից, ըստ պատասխանողի, կարելի է փաստել, որ Հ. Վարդանյանի գործով վերաքննիչ դատարանի վճիռը համարվել է վերջնական և բողոքարկման ոչ ենթակա:

ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի նորմերը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու գործի քննության ընթացքում անհրաժեշտ է, ըստ պատասխանողի, հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասը 2006թ. մայիսի 25-ի ՀՕ-91-Ն օրենքով փոփոխվել և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»: Այդ կարգը սահմանված է ՀՀ քր. դատ. օր.-ի 278 և 290 հոդվածներով:

Գ. Սարգսյանի գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իր` 03.05.2006թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ գլխավոր դատախազության գրությունը ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի համաձայն կարող է բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան և ոչ թե վերաքննիչ դատարան, ինչը հիմք է բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար: Ըստ պատասխանողի` Գ. Սարգսյանը չի օգտվել ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածում նախատեսված բողոքարկման կարգից:

5. Գործի նյութերի վերլուծությունը վկայում է, որ.

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 07.04.2006թ. և 06.06.2006թ. որոշումներով բողոքները թողել է առանց քննության: Հ. Վարդանյանի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշումը հիմնավորվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 407 հոդվածի 3-րդ մասով, այսինքն` Հ. Վարդանյանը չի հանդիսանում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձ: Գ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ «... օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն ատյան, չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա կարող են դառնալ, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար»:

Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջներով` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով լիազորված չլինելով մեկ դատավորի կազմով կայացնելու որոշում բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ, 03.05.2006թ. կայացրել է նման որոշում: Մյուս կողմից, այդ պահին գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի այն դրույթը, համաձայն որի` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»: Տվյալ դեպքում բողոքը ներկայացնելու համար օրենքով ժամկետային որևէ սահմանափակում չի նախատեսվել, որը փաստեց նաև պատասխանող կողմը: Լիազորված չլինելով գնահատելու ընդհանուր իրավասության դատարանի ակտերի սահմանադրականությունը, միաժամանակ կոչված լինելով ապահովելու ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը, սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարցն ուղղակիորեն առնչվում է մարդկանց սահմանադրական իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը, միայն դատական սխալի հաղթահարման և գործի հանգամանքների համակողմանի քննության արդյունքում է հնարավոր ստեղծել անհրաժեշտ արդարադատական նախադեպ և երաշխավորել Սահմանադրության 1, 3, 5, 6, 14 և մի շարք այլ հոդվածների պահանջների հետևողական կատարումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ սույն գործի շրջանակներում ուշադրություն է հրավիրում իր այն իրավական դիրքորոշումների վրա, որոնք արտահայտվել են դատարանի 18 հոկտեմբերի 2006թ. ՍԴՈ-652 որոշման պատճառաբանական մասում և վերաբերում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի սահմանադրականության գնահատմանը:

6. Ըստ ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետի` վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Փաստորեն, օրենքի տվյալ նորմով վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել քրեական դատավարության բոլոր մասնակիցներին: Նման իրավունքով օժտված չեն «այլ անձինք», քանի որ խոսքը վերաբերում է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի այն դատավճիռների և վերջինիս այն որոշումների բողոքարկմանը, որոնցով կատարվել է դատաքննություն և գործերին տրվել է վերջնական լուծում:

Մինչդեռ քրեական դատավարությունը բաղկացած է մի քանի փուլերից` հետաքննություն, նախաքննություն և այլն, որոնցով վարույթն իրականացնող մարմինները տարբեր են, և դատարանը քրեական գործն իր վարույթ է ընդունում միայն դատաքննության փուլում: Դատավարական մյուս փուլերի, մասնավորապես` մինչդատական վարույթի նկատմամբ, օրենսդիրը սահմանել է դատական վերահսկողության առանձնակի կարգ, որը բխում է այդ հարաբերություններում անձի իրավական կարգավիճակի առանձնահատկություններից:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ քննության առարկա գործով դիմողների դատական պաշտպանության իրավունքի չապահովման պատճառը ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության խնդրով է պայմանավորված, այլ իրավակիրառական պրակտիկայի արդյունք է, ուստի նպատակահարմար է համարում սույն գործով որոշման պատճառաբանական մասի վրա հրավիրել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուշադրությունը` դիմող կողմերի սահմանադրական իրավունքի օրենքով սահմանված կարգով իրացումն ապահովելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետը և 407 հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հունվարի 2007 թվականի

ՍԴՈ-674

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.01.2007
N ՍԴՈ-674
Որոշում