Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳ ...

 

 

040.0151.220207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2007 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 05.05.2022 թիվ 607-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հունվարի 11-ի

N 151-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնագրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության (այսուհետ` պարեկապահակետային ծառայություն) գործունեության կազմակերպման խնդիրները, նպատակը, իրավական հիմքերը, ինչպես նաև պարեկապահակետային ծառայություն իրականացնելու կարգը, տրվում են պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ վերակարգերի պարտականությունները:

2. Պարեկապահակետային ծառայություն իրականացվում է հատուկ նշանակված ոստիկանական վերակարգերի միջոցով` հասարակական վայրերում, երթուղային կայարաններում և փողոցներում հասարակական կարգը, ինչպես նաև քաղաքացիների ու պահպանվող օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով:

3. Ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկապահակետային ծառայությունը`

ա) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը,

բ) իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերում, կանխում, խափանում, բացահայտում է հանցագործությունները,

գ) իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով ոստիկանության (բացառությամբ ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների) քննությանը ենթակա վարչական իրավախախտումները (այսուհետ` վարչական իրավախախտում) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ է կիրառում:

4. Պարեկապահակետային ծառայության գործունեության իրավական հիմքն են «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտեր:

5. Պարեկապահակետային ծառայողը (այսուհետ` ծառայող) պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն, լինի զգոն և կարգապահ, ծառայողական պարտականությունները կատարելիս` գործի վճռականորեն և խիզախաբար, հավատարիմ լինի տված երդմանը:

Ֆիզիկական անձանց դիմելիս` ծառայողը պարտավոր է լինել ուշադիր, կիրթ և քաղաքավարի: Նրա գործողությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լինեն հասկանալի:

6. Պարեկապահակետային ծառայության իրականացումը ոստիկանության խնդիրների կատարման ուղիներից մեկն է, որն ապահովվում է`

ա) ոստիկանության ծառայողների կողմից պահակետերում և երթուղիներում օպերատիվ իրավիճակի, իրենց իրավունքների ու պարտականությունների իմացությամբ, ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանմամբ.

բ) հանցագործությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի անմիջական հակազդման, դրանց կանխման ու խափանման ուղղությամբ ոստիկանության վերակարգերի ակտիվ գործողություններով.

գ) ծառայողների արդյունավետ և ճիշտ տեղաբաշխմամբ, վերակարգերի փոխհամագործակցության ու ղեկավարման համակարգի կատարելագործմամբ, ավտոտրանսպորտային և կապի միջոցների ճիշտ և նպատակային օգտագործմամբ.

դ) ծառայության կազմակերպման գործում նոր մարտավարական հնարքների և տեխնիկական միջոցների ներդրմամբ.

ե) ոստիկանության մյուս ծառայությունների հետ անմիջական համագործակցությամբ.

զ) ղեկավարության կողմից իրենց ենթականերին ճանաչելը` նրանց գործնական և բարոյական հատկանիշների նկատմամբ բարձր պահանջկոտության ցուցաբերմամբ, ծառայության նկատմամբ մշտական հսկողության կազմակերպմամբ.

է) երդմանը հավատարիմ մնալու, ծառայողական պարտքը կատարելու, մշտական պատրաստակամությամբ և անձնվիրությամբ հասարակական կարգի ապահովման համար պատասխանատվության բարձրացմամբ, իրավախախտների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով, մասնագիտական որակավորման կատարելագործմամբ (բարձրացմամբ):

7. Ոստիկանությունում պարեկապահակետային ծառայություն իրականացնում են`

ա) պարեկապահակետային շարային ստորաբաժանումները,

բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումները,

գ) պետական պահպանության վարչության ստորաբաժանումները:

8. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումները պարեկային երթուղիներում հասարակական կարգի ու անվտանգության պահպանություն, իսկ պետական պահպանության ստորաբաժանումներն իրենց կողմից պահպանվող տարածքում հասարակական կարգն ապահովում են սույն կանոնագրքով սահմանված կարգով:

9. Ոստիկանության պարեկապահակետային ծառայությունն իրականացվում է հետևյալ վերակարգերի միջոցով`

ա) պարեկ,

բ) պարեկային խումբ,

գ) պահակետ,

դ) պարեկային տեղամաս,

ե) ուղեկցող վերակարգ,

զ) հսկիչ անցագրային կետ,

է) ոստիկանության հսկիչ կետ,

ը) պահեստային ստորաբաժանում (խումբ),

թ) պատնեշ,

ժ) շարժական խումբ:

10. Պարեկը հասարակական կարգի ապահովման գործընթացում ներգրավված ոստիկանության ծառայող է, որը մտնում է երկու և ավելի ծառայողներից կազմված ոստիկանության շարժական վերակարգի մեջ, կատարում է իր վրա դրված պարտականությունները` սահմանված երթուղում:

Պարեկային ծառայություն իրականացվում է`

ա) ավտոմոբիլով (ավտոպարեկ),

բ) մոտոցիկլետով (մոտոպարեկ),

գ) մոտորանավակով (ջրային պարեկ),

դ) ուղղաթիռով,

ե) հետիոտն (հետիոտն պարեկ),

զ) ծառայողական ձիերով,

է) ծառայողական շներով:

Պարեկային ծառայություն կատարելու համար սահմանվում է երթուղի, որի սահմանները որոշվում են` ելնելով կոնկրետ պայմաններից, տեղանքից և օպերատիվ իրավիճակից:

Պարեկային ծառայության երթուղու երկարությունը սահմանվում է` ավտոպարեկինը` 6-8 կմ, մոտոպարեկինը` 3-4 կմ, հետիոտն պարեկինը` 800-1500 մ:

Ելնելով օպերատիվ իրավիճակից` ստորաբաժանման ղեկավարի հրամանով միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին պարեկային երթուղու երկարությունն ավելացվում կամ պակասեցվում է:

11. Պարեկային խումբը հասարակական կարգի գործընթացում ներգրավված ոստիկանության կարգախումբ է` բաղկացած երկու և ավելի պարեկներից, որոնք սահմանված երթուղիներում (տարածքներում), միասնական ղեկավարման ներքո, իրականացնում են համալիր գործառույթներ:

Հասարակական վայրում կամ որոշակի տարածքներում ծառայություն կատարելու համար պարեկային խմբին հատկացվում են մի քանի երթուղիներ: Պարեկային խմբի հիմք հանդիսանում է ավտոպարեկը, որը ապահովված է ռադիոկապով, լուսաձայնային ազդանշանով, բարձրախոսով և այլ տեխնիկական միջոցներով: Խմբի կազմի մեջ մտնում են դյուրակիր ռադիոկայաններ և հատուկ միջոցներ կրող պարեկային հետիոտն կարգախմբեր` հատկացված տեղամասում ծառայություն կատարելու համար:

Պարեկային խմբի ղեկավար է նշանակվում ծառայության տեսուչը կամ ջոկի հրամանատարը, որն ունի խմբի գործողությունները ղեկավարելու առավել փորձ և ունակություն:

12. Պահակետը վայր կամ տարածքի մաս է, որտեղ ծառայողներն իրականացնում են հասարակական կարգի պահպանությանն ուղղված` իրենց վրա դրված պարտականությունները:

Պահակետը նշանակվում է այն վայրում, որտեղ անհրաժեշտ է ծառայողի մշտական ներկայությունը:

Պահակետի համար սահմանվում են կենտրոն և սահմաններ:

Պահակետի կենտրոնը նշանակվում է այնտեղ, որտեղից ավելի հարմար է կատարել դիտումներ և ժամանակին ձեռնարկել միջոցներ` իրավախախտումների հայտնաբերման համար: Պահակետի սահմանների հեռավորությունը կենտրոնից չպետք է գերազանցի 300 մ:

13. Պարեկային տեղամասը բնակավայրի որոշակի մաս է, որի սահմաններում ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի համապատասխան ստորաբաժանումների հետ, իրականացնում են հասարակական կարգի ապահովման գործունեություն, ինչպես նաև կանխում և խափանում են հանցագործությունները, հայտնաբերում վարչական իրավախախտների:

Յուրաքանչյուր պարեկային տեղամաս ներառում է մեկ կամ մի քանի պարեկային երթուղիներ (հիմնական և լրացուցիչ), որոնց թիվը սահմանվում է համաձայն տեղադիրի` հաշվի առնելով սպասարկվող վարչական տարածքի բնակչության թիվը, օպերատիվ իրավիճակը, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերի առկայությունը:

14. Պարեկային երթուղին տեղանքի որոշակի հատված է, որտեղ ծառայողը կատարում է իր վրա դրված պարտականությունները` հասարակական կարգի ապահովման համար:

15. ՈՒժերի և միջոցների տեղաբաշխման միասնական տեղադիրը (այսուհետ` տեղադիր) ոստիկանության ուժերի և միջոցների հաշվարկ է` դրանց տեղաբաշխմամբ: Տեղադիրը ներառում է վարչական տարածքում պարեկային տեղամասերը, համապատասխան` հիմնական և լրացուցիչ երթուղիներով, ճանապարհապարեկային ծառայության իրականացման երթուղիները` հիմնական և լրացուցիչ երթուղիներով, պահպանվող օբյեկտների ու պահակետերի անվանացանկը: Տեղադիրով սահմանվում են երթուղիների երկարությունը, ծառայության իրականացման ժամերը, վերակարգերի ազդականչերը և նրանց հատուկ պարտականությունները:

Տեղադիրը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար` ելնելով ոստիկանության ուժերի և միջոցների թվից, հաշվի առնելով կարևորագույն օբյեկտների, հասարակական վայրերի, բնակչության հավաքատեղերի տեղակայումը, տիրող օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև տվյալ վարչական տարածքի սեզոնային առանձնահատկությունները:

Տեղադիրը հաստատվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից, որի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն), երկրորդ օրինակը` ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայության կազմակերպման ղեկավարությանը, իսկ երրորդը պահվում է ստորաբաժանման հերթապահ մասում:

16. ՈՒղեկցող վերակարգը տրանսպորտային միջոցներում ընթացքի ժամանակ հասարակական կարգի և անվտանգության ապահովման, հանցագործությունների ու իրավախախտումների կանխման և խափանման նպատակով իրականացնում է գնացքների, ինքնաթիռների և նավերի ուղեկցում:

17. Հսկիչ անցագրային կետը նշանակվում է անցագրային ռեժիմի ապահովման կամ որոշակի տարածաշրջանում զանգվածային միջոցառումների անցկացման, տարերային աղետների, համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում` հետիոտնի շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման համար:

18. Ոստիկանության հսկիչ կետը նշանակվում է միջտարածքային արգելափակման համակարգ ստեղծելու նպատակով, ոստիկանության տարբեր ծառայությունների միջև փոխհամագործակցության միջոցով, հանցագործության մեջ կասկածվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև անձանց հայտնաբերման և ձերբակալման համար:

19. Պահեստային ստորաբաժանումը (խումբը) նախատեսված է օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում, հատուկ առաջադրանքների կատարման, ծառայության մեջ ընդգրկված ուժերին աջակցելու, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության վերակարգերին փոխարինելու համար:

Պահեստայինների կազմը, դրա տեղաբաշխման և օգտագործման յուրաքանչյուր դեպք որոշվում են այն ղեկավարի կողմից, որի տրամադրության տակ գտնվում է վերակարգը:

20. Պատնեշը ոստիկանության վերակարգերի խմբեր են, որոնք հսկում են որոշակի տարածք կամ փակում տրանսպորտային միջոցների երթևեկության առանձին ուղղություններ:

21. Շարժական ոստիկանական խումբը միացյալ (տարբեր ոստիկանության ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած) ոստիկանության վերակարգ է, որի հիմնական պարտականությունն է իրավախախտումների կանխումը և խափանումը, հանցագործությունների բացահայտումը, հանցագործություն կատարող անձին «տաք հետքերով» բռնելը, հասարակական կարգի ապահովումը միջոցառումների անցկացման վայրերում և հանգստի գոտիներում, որտեղ պարեկապահակետային երթուղիներ նախատեսված չեն կամ դրանք գտնվում են բնակավայրերից հեռու որոշակի տեղանքում:

22. Ծառայողները ծառայությունը կատարում են սահմանված ձևի համազգեստով:

23. Պարեկապահակետային ծառայություն կատարելիս` ծառայության ժամանակը սահմանվում է օպերատիվ հերթապահի կամ այն պաշտոնատար անձանց կողմից, ովքեր ղեկավարում են ծառայությունը: Պարեկապահակետային ծառայությունը համարվում է սկսված` վերակարգերի հրահանգավորման պահից, և ավարտված` ծառայության ավարտի մասին հրամանով:

Ոստիկանության ծառայողների համար աշխատանքային ժամի ընդհանուր տևողությունը շաբաթական չպետք է գերազանցի 40 ժամը:

Անընդմեջ ծառայությունը պահակակետում կամ երթուղում չպետք է շարունակվի 4 ժամից ավելի: Հերթափոխի ընթացքում ոստիկանության ծառայողին տրվում է մեկ ժամ ընդմիջում` հանգստանալու և սնվելու համար:

Ընդհանուր ծառայության ժամանակից ընդմիջման ժամը հանվում է:

Հրահանգավորման, ծառայողական խորհրդակցությունների և պարապմունքների անցկացման ժամերը մտնում են ծառայության ժամանակի մեջ:

Ոստիկանության բաժնի պետը կամ պարեկապահակետային ծառայության շարային ստորաբաժանման հրամանատարն օպերատիվ իրավիճակի բարդացման, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ժամանակ իրավասու է երկարացնելու վերակարգերի ծառայողական ժամանակի տևողությունը, որը չպետք է գերազանցի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակը:

Հանգստյան օրերը տրվում են ըստ ժամանակացույցի` այն հաշվարկով, որ ամսական երկու անգամ դրանք համընկնեն շաբաթ և կիրակի օրերին:

Պահակակետերում և երթուղիներում ոստիկանության վերակարգերի կողմից անընդմեջ ծառայության կատարման տևողությունը -20 օC և ցածր, ինչպես նաև +35 օC և բարձր օդի ջերմաստիճանի դեպքում չպետք է գերազանցի 2 ժամը: Նման դեպքերում կատարվում է վերակարգերի պարբերական փոխարինում:

24. Օպերատիվ իրավիճակի բարդացման և արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ հասարակական-քաղաքական, մշակութային, ինչպես նաև մարզական միջոցառումների անցկացման ժամանակ կարող է մտցվել պարեկապահակետային ծառայության կատարման ուժեղացված տարբերակ: Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ իրականացվում է ուժեղացված տարբերակով պարեկապահակետային ծառայություն, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում ուժեղացված տարբերակով պարեկապահակետային ծառայությունը մտցվում է անմիջապես` համաձայն ոստիկանության բաժինների արտակարգ իրավիճակների գործողությունների պլանի:

25. Պարեկապահակետային ծառայության իրականացման ժամանակ օգտագործվում են հետևյալ միջոցները`

ա) ավտոմեքենա, հատուկ ավտոմեքենա, զրահամեքենա, ուղղաթիռ, մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտորանավակ,

բ) ռադիոկապի, հեռախոսակապի միջոցներ, ինչպես նաև հատուկ տեխնիկական այլ միջոցներ (բարձրախոս, տեսախցիկով դիտարկում),

գ) լուսավորող սարքեր և հատուկ սարքավորումներ,

դ) ծառայողական շներ և ձիեր:

Պարեկապահակետային ծառայության իրականացման ժամանակ ծառայողները կրում են հաշվեցուցակային զենք, անհատական պաշտպանության և հատուկ միջոցներ:

Պարեկային ավտոմեքենաները պետք է սարքավորված լինեն կապի և այլ տեխնիկական միջոցներով, ըստ օգտագործման հաշվեցուցակի` օրվա ընթացքում 12-16 ժամից ոչ պակաս ծանրաբեռնվածությամբ:

Յուրաքանչյուր ավտոմեքենային ամրակցվում են 2-3 հերթափոխային ոստիկան-վարորդներ, և դրանք օգտագործվում են միայն պարեկապահակետային ծառայության կազմակերպման նպատակով:

 

II. ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Պարեկապահակետային ծառայության կազմակերպումը և ղեկավարումը

 

26. Պարեկապահակետային ծառայության վերակարգերի ղեկավարումը ներառում է`

ա) օպերատիվ իրադրության վերլուծությունը և դրա հիման վրա պարեկապահակետային ծառայության կազմակերպման մասին որոշման մշակումն ու ընդունումը,

բ) առաջադրված խնդիրների լուծման համար ուժերի և միջոցների նախապատրաստումը, վերակարգերի հրահանգավորումն ու տեղակայումը,

գ) պարեկապահակետային վերակարգերի հետ մշտական կապի և տեղեկատվության փոխանակման ապահովումը,

դ) համագործակցության կազմակերպումը, պարեկապահակետային ծառայության ուժերի և միջոցների նպատակային օգտագործումը, անհրաժեշտության դեպքում արագ տեղաշարժի հնարավորությունը,

ե) պարեկապահակետային ծառայության կազմակերպման և իրականացման վերահսկումը,

զ) պարեկապահակետային ծառայության գործունեության արդյունքների հաշվառումը և գնահատումը:

Պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումների ղեկավարները վերակարգերի ղեկավարումն իրականացնում են անձամբ` իրենց տեղակալների, ինչպես նաև վերակարգերի ավագների` պարեկային տարածքի պետի, պարեկային խմբի ավագի միջոցով:

27. Պարեկապահակետային ծառայության կազմակերպման մասին որոշումներն ընդունվում և ձևակերպվում են բանավոր կամ գրավոր հրամանով, ինչպես նաև տեղադիրով:

28. Օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման և վերլուծության ժամանակ որպես տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում`

ա) ամփոփիչ հաշվետվությունները, վերլուծական տեղեկանքները, օպերատիվ և աշխատանքային քարտեզները (ուրվագիծը), ինչպես նաև այլ փաստաթղթերի կազմումն ու ապահովումը, որոնք բնութագրում են հանցագործության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման վիճակը, կատարված հանցագործություններն ու վարչական իրավախախտումները,

բ) ոստիկանության այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ծառայողների կողմից տրված օպերատիվ տվյալները և տեղեկատվությունը,

գ) պարեկապահակետային վերակարգերի զեկույցները,

դ) ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից, քրեակատարողական հիմնարկներից, ոստիկանության զորքերի ստորաբաժանումներից ստացված տվյալները,

ե) այլ իրավապահ մարմինների տվյալները,

զ) իրավաբանական անձանց, հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հաղորդագրությունները, բնակիչների դիմումները:

29. Պարեկապահակետային ծառայության կազմակերպման մասին ընդունված որոշումը ներառում է`

ա) ոստիկանության ստորաբաժանման ընդհանուր խնդիրները` ելնելով ստեղծված իրավիճակից,

բ) անձնակազմի ծառայության ընդգրկման պարտադիր նորմերը, հատուկ և տեխնիկական միջոցների տրամադրումը,

գ) պարեկապահակետային ծառայության վերակարգերի կազմը, տեղաբաշխումը և խնդիրները, ծառայության առանձնահատկությունները, դրանց համագործակցությունը ոստիկանության այլ ծառայությունների հետ,

դ) իրադրության փոփոխման դեպքում ուժերի և միջոցների տեղաշարժի հնարավորությունը,

ե) վերակարգերի հետ կապի կազմակերպման համակարգը, տեղեկությունները ներկայացնելու ժամկետները և հաղորդակցման ազդանշանները,

զ) պարեկապահակետային ծառայության կատարմանը հետևելու կարգը:

30. Պարեկապահակետային ծառայության իրականացման յուրաքանչյուր երթուղու համար կազմվում է երթուղային քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: Երթուղային քարտում նշվում են`

ա) պարեկի երթուղին, դրա երկարությունը, սահմանները և երթուղու կենտրոնը,

բ) ծառայության ժամանակահատվածը,

գ) հատուկ կարևորագույն օբյեկտները և տարածքները,

դ) երթուղով շարժվելու կարգը և ծառայության մարտավարական եղանակները,

ե) վերակարգերի հատուկ պարտականությունները հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և բացահայտման գործում,

զ) ոստիկանության ստորաբաժանումների, բաժինների այլ վերակարգերի, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կապի և համագործակցության կարգը:

Պահակետերի կենտրոնը և դրանց սահմանները, պարեկների երթուղին ու դրանց կանգ առնելու վայրերը, ծառայության առանձնահատկությունները որոշվում են ըստ օպերատիվ իրադրության և պարբերաբար վերահաստատվում ծառայության ընթացքում:

Երթուղու քարտը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է հերթապահ մասում, իսկ մյուսը տրվում է վերակարգին` ծառայություն իրականացնելու համար:

31. Հերթափոխի ընթացքում ծառայությունն իրականացվում է մեկ կամ մի քանի երթուղիներում, որոնցից յուրաքանչյուրի համար տրվում են համապատասխան քարտեր:

Հրահանգավորման ժամանակ նշվում են մեկ երթուղուց մյուսին անցնելու կարգը և ժամանակահատվածը: Լրացուցիչ պահակետեր կամ պարեկային երթուղի նշելու անհրաժեշտության դեպքում ծառայության առանձնահատկությունները բացատրվում են հրահանգավորման ժամանակ և գրանցվում ծառայողական գրքույկում:

32. Վերակարգերի տեսակները և դրանց կազմը որոշվում են ըստ տարածքի առանձնահատկությունների ու օպերատիվ իրադրության: Պահակետեր նշանակվում են այն վայրերում, ուր անհրաժեշտ է ծառայողների ներկայությունը:

Պարեկային ծառայությունն օգտագործվում է այն դեպքում, երբ վերակարգերի մշտական ներկայությունն անհրաժեշտ է, իսկ պարեկների զույգ վերակարգեր նշանակվում են այն վայրերում, ուր մեկ ոստիկանը չի կարող ապահովել առաջադրված խնդրի լուծումը (մարդկանց մեծ կուտակումներ ունեցող վայրերում, քաղաքների ծայրամասերում, անտառային զանգվածներում, գիշերային ծառայության ժամանակ, գնացքների ուղեկցման ընթացքում):

33. Վերակարգերի նշանակման ժամանակը և ծառայության տևողությունը սահմանվում են այն վայրերում, որտեղ իրավախախտումների ու հանցագործությունների հավանականությունն ավելի շատ է, և` այնպես, որպեսզի օրվա լարված ժամերին ոստիկանության ուժերն ու միջոցները համալրվեն:

34. Հասարակական վայրերում և երթուղիներում պարեկապահակետային ծառայության կազմակերպման համար վերակարգերի ու ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա ծառայության ելքի քանակը որոշվում է այդ ստորաբաժանման կամ բաժնի ուժերի և միջոցների առավելագույն նպատակային օգտագործման եղանակով` ծառայություն իրականացնող անձնակազմի անդամների թվի 1,81-րդ մասի (ծառայության կազմակերպման օգտակարության գործակից)` մեկ հերթափոխի ընթացքում (8-ժամյա տևողությամբ) ծառայության ներգրավմամբ: Եթե, ելնելով ծառայական անհրաժեշտությունից, երթուղիներում (պահակետում) ծառայության ժամանակն օրվա ընթացքում գերազանցում է 8 ժամը, ապա այդ դեպքում ծառայության օգտակարության 1,81 գործակցին յուրաքանչյուր մեկ ժամվա համար ավելացվում է 0,23 միավոր: Ծառայության օգտակարության գործակցի հաշվարկային կիրառումն ապահովում է ծառայող վերակարգերի հերթափոխի ընթացքում ծառայության և հանգստի ռեժիմը:

35. Հատուկ առաջադրանքների կատարման, օպերատիվ իրավիճակի սրման, արտակարգ իրավիճակների ծագման, զանգվածային միջոցառումների անցկացման դեպքում, կախված դրանց նշանակությունից ու ծավալներից, կազմվում են ծառայության կազմակերպման առանձին պլաններ և հաստատվում ստորաբաժանման ղեկավարի կողմից տրվող հրամանով:

36. Հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև օբյեկտների պահպանության ծառայության մեջ ընդգրկված վերակարգերը ծառայության անցնելուց առաջ նախապատրաստվում և հրահանգավորվում են ծառայության հատուկ լսարաններում կամ նշանակված վայրում:

37. Պարեկապահակետային ծառայության վերակարգերում ընդգրկված ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանում կամ հատուկ նշանակված վայր ներկայանում են հրահանգավորումից 30 րոպե առաջ` զեկուցելով պատասխանատու հերթապահին և անմիջական ղեկավարին: Օրինակ, «Պարոն կապիտան, սերժանտ Պողոսյանը ներկայացել է ծառայության»:

38. Օպերատիվ հերթապահը հրահանգավորմանը ներկայացած ոստիկանության ծառայողներին գրանցում է վերակարգի ծառայության մատյանում, նրանց հատկացնում հաշվեցուցակային զենք, անհրաժեշտ սպառազինություն, կապի միջոց, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներ, ծառայողական փաստաթղթեր և այլ պարագաներ, հայտնում ծառայության կատարման վայրի (երթուղու կամ պահակետի) և ժամանակի մասին:

Վերակարգի ծառայության մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

39. Վերակարգի անմիջական ղեկավարը, հրամանատարը կամ ղեկավարության կողմից նշանակված պատասխանատու անձը`

ա) վերակարգը շարում է հրահանգավորման.

բ) ստուգում է յուրաքանչյուր ծառայողի արտաքին տեսքը, նրա սպառազինման, ծառայողական փաստաթղթերի և ծառայության համար անհրաժեշտ պարագաների առկայությունը, տեղեկանում հրահանգավորվող վերակարգի առողջական վիճակի մասին.

գ) թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է համապատասխան միջոցներ` դրանք վերացնելու համար, և անձնակազմի ծառայության կատարման պատրաստականության մասին զեկուցում է հրահանգավորողին:

40. Զենքը լիցքավորվում է հրահանգավորման շարվելուց առաջ` հերթապահի և անմիջական ղեկավարի հսկողության ներքո, զենքի լիցքավորման-լիցքաթափման համար հատուկ հատկացված տեղում: Լիցքավորման ժամանակ փամփուշտը փամփշտակալ չի ուղարկվում:

41. Ծառայության անցնող վերակարգը`

ա) պետք է ունենա կոկիկ արտաքին տեսք և կրի հատուկ համազգեստ, որի տեսակը, ելնելով իրականացվող խնդիրների բնույթից և պայմաններից, սահմանվում է ոստիկանության ստորաբաժանման ղեկավարի կողմից.

բ) պետք է ունենա ծառայողական վկայական, ծառայողական գրքույկ, երթուղու քարտ, պահակետի տեղադիր, ծոցատետր, սուլիչ, գրիչ, կապի միջոց, հաշվեցուցակային զենք` երկու լիցքավորված փամփշտակալներով, ելնելով իրականացվող խնդրի բնույթից` բարձրախոսներ, գրպանի լապտեր (1 և 3 հերթափոխի համար), անհատական և ակտիվ պաշտպանության միջոցներ, ճանապարհային ոստիկանության վերակարգերը` տարբերիչ կրծքանշան:

42. Ծառայության անցնելուց առաջ վերակարգերի ամենօրյա հրահանգավորումներն անցկացնում են ոստիկանության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` անմիջական ղեկավարի և օրվա պատասխանատու սպայի մասնակցությամբ` նախապես հաստատված ժամանակացույցի հիման վրա:

Հրահանգավորման ժամանակը չպետք է գերազանցի 30 րոպեն:

43. Հրահանգավորողը պարտավոր է իմանալ սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը, երթուղիներում և պահակետերում ծառայության կատարման կարգն ու առանձնահատկությունները, ինչպես նաև` գնահատել նախորդ օրվա վերակարգերի գործողությունները և աշխատանքի արդյունքները, մշակել հարցեր և մտացածին խնդիրներ` անձնակազմի գիտելիքներն ստուգելու և նրանց տարբեր իրավիճակներում ճիշտ գործել սովորեցնելու համար:

Մտացածին խնդիրներն ու հարցերն անհրաժեշտ է պարբերաբար նորացնել և բարդացնել:

44. Հրահանգավորողին մոտենալիս` հերթապահը կամ վերակարգի ղեկավարը տալիս է հրաման` «Վերակարգ, զգաստ, հավասարությունը` դեպի աջ (ձախ, կենտրոն)», և հրահանգավորողին զեկուցում է վերակարգի պատրաստականության մասին: Օրինակ, «Պարոն գնդապետ, վերակարգը, թվով 40 ծառայողներ, հրահանգավորման համար շարված է: Զեկուցող` դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Ավագյան»:

Ընդունելով զեկույցը` հրահանգավորում անցկացնողը դիմում է վերակարգին. «Ողջույն», վերակարգը պատասխանում է. «Ողջույն, պարոն գնդապետ», որից հետո հրահանգավորող ղեկավարը հրամայում է. «Ազատ»:

45. Հրահանգավորողը պարտավոր է`

ա) համոզված լինել անձնակազմի ծառայության անցնելու պատրաստականության մեջ և վերացնել հայտնաբերված թերությունները.

բ) ստուգել պարեկների և պահակետայինների կողմից իրենց իրավունքների ու պարտականությունների, հետախուզվող անձանց և հետախուզվող իրերի ու առարկաների մասին իմացությունը.

գ) հայտնել նախորդ վերակարգերի աշխատանքի արդյունքները, անհրաժեշտության դեպքում պարզաբանել բացթողումները, օրինակ բերել պարեկապահակետային ծառայության օրինակելի գործողությունները, ընթերցել ծառայողների խրախուսման և տույժերի մասին հրամանները.

դ) վերակարգերին իրազեկել սպասարկվող տարածքի, պահպանվող օբյեկտների օպերատիվ իրավիճակի մասին, տալ հատուկ հանձնարարականներ, պարզել կապի և այլ ծառայությունների հետ համագործակցության կարգը.

ե) վերակարգերի հետ մշակել մտացածին խնդիրների կատարումը` ուսումնասիրելով ծառայության կատարման առավել բնորոշ մարտական հնարքները, այդ թվում` հատուկ պայմաններում (աննշան տվյալներով հանցագործի հայտնաբերում, ահաբեկչությունների, հասարակական կարգի խմբակային իրավախախտումների կանխում և խափանում, զինված հանցագործներին բռնելը և այլն).

զ) պատասխանել վերակարգերի մոտ առաջացած ծառայողական բնույթի հարցերին:

46. Ամենօրյա հրահանգավորումն ավարտվում է հրահանգավորումն անցկացնող ղեկավարի կողմից վերակարգերին տրվող ծառայության անցնելու մասին հրամանով: Օրինակ` «Վերակարգ, զգաստ, հրամայում եմ անցնել ծառայության` Երևան քաղաքում հասարակական կարգի ապահովման համար: Ծառայության ընթացքում քաղաքացիների հետ լինել հարգալից` պահպանելով օրինականությունը: Աջ (ձախ) դարձ, դեպի երթուղիներ (պահակետեր) քայլով մարշ»:

47. Առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ անցկացվում է տեղադիրով նախատեսված հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովող ոստիկանության ստորաբաժանումների համատեղ հրահանգավորումներ (քաղաքի, համայնքի կամ մարզի տարածաշրջանում):

48. Համատեղ հրահանգավորման նախապատրաստման և անցկացման կազմակերպչական բնույթի հարցերի իրականացումը դրվում է ոստիկանության տարածքային բաժնի, վարչության պետի վրա:

49. Հրահանգավորումից առաջ` ընդհանուր շարքում հրահանգավորում անցկացնող ղեկավարն ստուգում է վերակարգերի արտաքին տեսքը և հանդերձավորումը, իսկ ինժեներներն ու մեխանիկները` ավտոտրանսպորտային և կապի միջոցների տեխնիկական վիճակը:

50. Հրահանգավորված վերակարգերի հրահանգավորումը կարող է փոխվել միայն արտակարգ իրադրության պայմաններում` հրահանգավորող ղեկավարի հրամանով:

51. Ոստիկանության շարային ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է կազմակերպել և ապահովել ենթակա ստորաբաժանումների ու վերակարգերի հետ կապը` հետևյալ ձևով`

ա) կապի միջոցների աշխատանքային ռեժիմի ընտրությամբ` ելնելով օպերատիվ իրավիճակից, կապի կազմակերպման սխեմայից.

բ) ռադիոազդանշանների, ծածկագրերի կիրառում` օպերատիվ միջոցառումների անցկացումը գաղտնի պահելու նպատակով.

գ) կապի միջոցների պահպանման ճիշտ կազմակերպման և տրամադրման միջոցով` դրանց ժամանակին տեխնիկական սպասարկմամբ ու վերանորոգմամբ:

52. Ստորաբաժանումների և վերակարգերի ղեկավարման համար օգտագործվում են ռադիոկապի, լարային, բջջային ու ազդանշանային կապի միջոցները, հեռուստատեսությունը և փոստատարի ծառայությունները: Շարժվող վերակարգերի հետ հիմնական կապն ապահովվում է ռադիոկայանների միջոցով:

Լարային միջոցները գործածվում են ռադիոկապ չունեցող վերակարգերի հետ կապ ստեղծելու համար:

Կապի միջոցների բացակայության կամ դրանց գործածման անհնար լինելու դեպքում, ինչպես նաև առանձին հրահանգների կրկնօրինակման և ճշգրտման համար օգտագործվում են տրանսպորտով ապահովված ցրիչների կամ հետիոտն կապավորների ծառայությունները:

Ձայնային և տեսողական ազդանշաններով կապը կազմակերպվում է անմիջապես վերակարգերի միջև` հրահանգների փոխանցման և համագործակցության համար: Հեռուստատեսությունը կիրառվում է ծառայողական տարածքի առավել կարևոր մասերի հասարակական կարգի պահպանման և վերակարգերի գործողությունների ստուգման համար:

53. Բնակավայրերում, ելնելով անհրաժեշտությունից, կատարվում է պարեկապահակետային ծառայության վերակարգերի և ոստիկանության այլ ուժերի արագ տեղաշարժ, որի վերաբերյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից ընդունվում է որոշում` դրա մեջ նշելով նպատակը, խնդիրները, տրամադրվող վերակարգերի և լրացուցիչ ուժերի թիվը, նշված տարածքում ծառայության իրականացման ժամանակը: Արագ տեղաշարժի դեպքում վերակարգերի տեղափոխումը գրանցվում է պարեկային ամփոփագրում: Արագ տեղաշարժի միջոցառման ավարտից հետո վերակարգերը տեղափոխվում են իրենց համար նշանակված երթուղիներ: Օպերատիվ իրադրության կտրուկ սրման կամ արտակարգ իրավիճակներում ուժերի արագ տեղաշարժը կատարվում է համաձայն նախօրոք հաստատված հատուկ պլանի:

Օպերատիվ և անհետաձգելի տեղաշարժի դեպքում վերակարգերի տեղակայման վերաբերյալ որոշում ընդունում է օպերատիվ հերթապահը, որի վերաբերյալ անմիջապես զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին: Անհրաժեշտության դեպքում պարեկապահակետային ծառայության վերակարգերի դասավորման մեջ փոփոխությունների կատարման իրավունքը վերապահվում է պարեկային խմբերի ղեկավարին կամ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանման պետին, ովքեր որոշման վերաբերյալ զեկուցում են ոստիկանության ստորաբաժանման պետին կամ հերթապահին:

 

Զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ պարեկապահակետային

ծառայության ղեկավարումը

 

54. Զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ ուժերը և միջոցները ղեկավարվում են հատուկ կազմակերպված կետերից, ուր պատրաստվում են աշխատանքային տեղեր` օպերատիվ շտաբի, կառավարման խմբերի և կապի կազմակերպման համար:

Դրանք սովորաբար ստեղծվում են զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում և տեղակայվում օպերատիվ կառավարման համար հարմար տեղամասերում: Կառավարման կետերը կարող են լինել տեղային (շենքերում, կառույցներում) կամ շարժական (ավտոմեքենաներում): Դրանք ապահովվում են կապի միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` կինոնկարահանման, լուսանկարահանման, տեսանկարահանման սարքավորումներով:

55. Զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանման վերաբերյալ խնդրի հստակեցումից հետո իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք ընդգրկում են`

ա) ծրագրի, վայրի, ժամանակի, անցկացման կարգի հաստատումը, մասնակիցների կազմը և հնարավոր թիվը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տվյալ միջոցառումների իրականացման արգելման հիմքերն ու պատճառները:

Միջոցառման վայրի ուսումնասիրմամբ ճշտվում են տարածքի առանձնահատկությունները, մասնակիցների շարժի և տեղավորման կարգը, տրանսպորտի կանգառի վայրերը, անհրաժեշտության դեպքում` միջոցառման անցկացման վայրից մասնակիցների փոխադրման ուղիները, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման ուժերի ու պահեստային միջոցների տեղակայման վայրերը.

բ) զանգվածային միջոցառումը նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ որոշվում է հասարակական կարգի ապահովման գործողությունների կարգը, և միջոցներ են ձեռնարկվում թերությունների վերացման համար:

56. Մինչև զանգվածային միջոցառումների անցկացումը` բոլոր անհրաժեշտ տվյալների և հաշվարկների հիման վրա կազմվում է հասարակական կարգի պահպանման պլան, որում նախատեսվում են`

ա) միջոցառման անցկացման ծրագիրը և բովանդակությունը, վայրը, ժամանակը, մասնակիցների ու հանդիսատեսի մոտավոր թիվը,

բ) ծառայության իրականացման սահմանները, պահակետերը,

գ) հասարակական կարգի ապահովման համար նախատեսվող ուժերի և միջոցների կազմը, քանակը, տեղակայման վայրը, վերակարգերի տեսակները, խնդիրները, ղեկավարման կարգն ու կապի միջոցները,

դ) այլ պետական մարմինների հետ համագործակցելու կարգը,

ե) հասարակական կարգի ապահովումը հանդիսատեսների կուտակման վայրերում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառներում և ստուգիչ կետերում,

զ) մասնակիցների և հանդիսատեսների շարժը, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթուղիները, դրանց կարգավորումը (միջոցառման սկզբում և վերջում), միջոցառման ավարտին` մասնակիցների կազմակերպված ելքը, անհրաժեշտության դեպքում` փոխադրման կարգը,

է) հակահրդեհային, բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը:

Հասարակական կարգի միջոցառումների պլանը պատկերվում է նաև քարտեզ-սխեմայի վրա` դրանց կցելով ուժերի և միջոցների հաշվարկը: Հասարակական կարգի ապահովման միջոցառումների պլանը հաստատում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

Անհրաժեշտության դեպքում զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ նախապես հայտարարվում է տրանսպորտի երթուղիների փոփոխության, զանգվածային միջոցառումների վայր մարդկանց մուտքի սահմանափակումների մասին:

57. Հասարակական կարգի ապահովման գործընթացում ներգրավված ուժերը միջոցառումից 2 ժամ առաջ հրահանգավորվում և տեղակայվում են նախատեսված վայրերում: Հրահանգավորման ժամանակ վերակարգերին տրվում են կոնկրետ առաջադրանքներ և խնդիրներ` ծառայության կազմակերպման նպատակով:

58. Միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվում են նախապես` մեկ օր առաջ, ընդ որում, հստակեցվում են վերակարգերի խնդիրները, ճշտվում ուժերի տեղակայման ժամկետները, մշակվում է ոստիկանության վերակարգերի համագործակցության կարգը` արտակարգ իրավիճակների ծագման դեպքում:

59. Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգը և անվտանգությունն ապահովող վերակարգի անձնակազմին հրազեն չի տրվում: Պահեստայինները կարող են լինել զինված:

60. Զանգվածային միջոցառումների ժամանակ ստեղծվում են պարեկապահակետային ծառայության իրականացման ոստիկանական հետևյալ խմբերը`

ա) շղթաներ` դրանց միջոցով շրջափակվում է միջոցառման անցկացման վայրի տարածքը, և ապահովվում է մասնակիցների ու հանդիսատեսների կազմակերպված տեղաշարժը: Շղթաները լինում են նոսր, երբ անձնակազմը տեղավորվում է 2 մետր հեռավորությամբ, նորմալ` 1-2 մետր հեռավորությամբ, ուժեղացված` մեկ մետր հեռավորությամբ, բազմաշարք` 2 և ավելի շարքերով: Շղթաների ամրացման համար` առավել վտանգավոր վայրերում պատրաստվում են հատուկ պատնեշներ, ինչպես նաև օգտագործվում են ավտոմեքենաներ և ռազմական տեխնիկա.

բ) ուղեկցող խումբ` ապահովում է հասարակական կարգը շարքերում` հանդիսատեսների ուղեկցման և նախատեսված վայրերում տեղավորման նպատակով.

գ) դիտարկման պահակետեր` ապահովում են անհրաժեշտ տեղեկատվությունը միջոցառման ընթացքի և իրավիճակի փոփոխման մասին: Պահակետը տեղակայվում է դիտարկման համար հարմար տարածքում և ապահովվում անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով.

դ) պահեստային խումբ` նախատեսված է զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ իրադրության բարդացման դեպքում առաջադրանքների կատարման նպատակով: Պահեստային խումբը պետք է տեղակայվի այնպիսի վայրում, որտեղից հնարավոր լինի այն արագ օգտագործել:

Հասարակական կարգի ապահովման պատասխանատու անձի ղեկավարման ներքո գտնվող պահեստային խումբը կազմված է հասարակական կարգի պահպանման գործում ներգրավված ուժերի 20 տոկոսից:

Պահեստային խումբ է նախատեսվում նաև տարածքային ոստիկանության պետի տրամադրության ներքո` օգտագործելով անձնակազմի 15 տոկոսը: Պահեստային խմբի ուժերի օգտագործումից անմիջապես հետո այն համալրվում է այլ ստորաբաժանումների ուժերի և միջոցների հաշվին.

ե) պարեկային` կազմվում է ոստիկանության մարմինների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների և ոստիկանության զորքերի անձնակազմից.

զ) տրանսպորտի շարժը սահմանափակող խումբ` կազմվում է ճանապարհապարեկային ծառայության ծառայողներից, որը կազմակերպում է տրանսպորտի, հետիոտների շարժը` շրջափակված տարածքի շրջանցումներով, ինչպես նաև ապահովում է ոստիկանության և ոստիկանության զորքերի տրանսպորտի անարգել շարժը միջոցառման անցկացման վայրում.

է) կապն ապահովող խումբ` կազմվում է ոստիկանության կապի ստորաբաժանումներից, ապահովվում է հատուկ տեխնիկայով և կապի միջոցներով.

ը) շրջափակող խումբ` կազմվում է պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումների անձնակազմից, տեղամասային տեսուչներից, քրեական հետախուզության և այլ ծառայողներից: Խումբը շրջափակում է համապատասխան տարածքը` ապահովելով կողմնակի անձանց մուտքի սահմանափակումը, անհրաժեշտության դեպքում` իրավախախտների ձերբակալումը.

թ) հետաքննություն իրականացնող խումբ` կազմվում է ոստիկանության հետաքննության քրեական հետախուզության ծառայողներից:

61. Զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ հասարակական կարգի ապահովման գործում պետք է ներգրավվեն միայն անհրաժեշտ քանակությամբ ուժեր և միջոցներ:

62. Զանգվածային միջոցառման ավարտից հետո իրականացվում է ուժերի և միջոցների դուրսբերում, անձնակազմի անհատական պաշտպանության և այլ տեխնիկական միջոցների առկայության ստուգում, ծառայության կազմակերպման արդյունքների վերլուծություն և ամփոփում:

 

Պարեկապահակետային ծառայության կազմակերպման և կատարման

նկատմամբ հսկողությունը

 

63. Պարեկապահակետային ծառայության կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունը հասարակական կարգի պահպանման գործում անձնակազմի ակտիվ մասնակցության, վարչական իրավախախտումների, հանցագործությունների կանխման և խափանման կարևորագույն տարրերից մեկն է:

64. Հսկողությունն իրականացվում է ծառայություն իրականացնող վերակարգերի պարբերական ստուգումների անցկացման միջոցով, որի ընթացքում պարզվում են`

ա) ելնելով ստեղծված օպերատիվ իրավիճակից և համաձայն ընդունված որոշման` անձնակազմի օգտագործման և տեղակայման համապատասխանելիությունը, պահակետերում ու երթուղիներում վերակարգերի առկայությունը,

բ) վերակարգերի կառավարման օպերատիվությունը և ծառայական առանձնահատկություններին համապատասխանելիությունը, իրադրության փոփոխման մասին տեղեկատվության ապահովումը,

գ) վերակարգերի կողմից պահակետի, երթուղու տարածքում, օպերատիվ իրավիճակի, հանձնարարված խնդիրների, մոտակա պահակետերի երթուղիների սահմանների, նրանց հետ կապի ապահովման, ինչպես նաև իրենց ընդհանուր և հատուկ պարտականությունների իմացությունը,

դ) վարչական իրավախախտումների, հանցագործությունների կանխման ու խափանման գործում վերակարգերի ակտիվությունը և կատարվող ծառայության որակը,

ե) փոխհամագործակցությունը հասարակական կարգի պահպանմանը մասնակցող պարեկապահակետային ծառայության վերակարգերի միջև, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների հետ,

զ) վերակարգերի կողմից կարգապահության և օրինականության պահպանումը,

է) պահակետի, երթուղու տարածքում վարչական իրավախախտումների և կատարված հանցագործությունների թիվը և ձեռնարկված միջոցները,

ը) ծառայողական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:

65. Պարեկապահակետային ծառայության վերակարգերն ստուգվում են`

ա) ոստիկանության կենտրոնական ապարատի, ինքնուրույն և մարզային վարչությունների վերադաս ծառայությունների ներկայացուցիչները` ոստիկանության բաժիններում և ստորաբաժանումներում ստուգումներ կատարելու և գործնական-մեթոդական օգնություն ցույց տալու ժամանակ,

բ) ոստիկանության ստորաբաժանման պետերը, իրենց տեղակալները, գնդի և գումարտակի հրամանատարները` ամսական առնվազն 2 անգամ,

գ) գնդի և գումարտակի հրամանատարների տեղակալները` շաբաթական առնվազն մեկ անգամ,

դ) վաշտերի հրամանատարները, նրանց տեղակալները, դասակների հրամանատարները` ամեն օր (հանգստյան օրերին` ըստ ժամանակացույցի),

ե) պահակախմբերի պետերը, նրանց օգնականները և ջոկի հրամանատարները` յուրաքանչյուրը օրվա ընթացքում` առնվազն 3 անգամ, ընդ որում, գիշերային ժամերին` 2 անգամից ոչ պակաս,

զ) ոստիկանության տեղամասային տեսուչները` իրենց տեղամասերում ծառայություն կատարելու ժամանակ:

66. Վերակարգերի ծառայության ստուգումը կարող է լինել բացահայտ և գաղտնի:

Բացահայտ ստուգման նպատակով ժամանած անծանոթ անձանցից պարեկը պահանջում է ծառայողական վկայական, իսկ ուղղակի պետի կողմից լիազորված անձանցից` նաև ստուգման իրավունքի մասին գրավոր կարգադրություն:

67. Պարեկը մոտենում և ներկայանում է ստուգողին, օրինակ, «Պարոն լեյտենանտ, պարեկային ոստիկանության սերժանտ Գևորգյան», և ներկայացնում երթուղում տիրող իրավիճակը:

Այն դեպքում, երբ ստուգումը կատարվում է երկու անձի կողմից, պարեկը ներկայանում է պաշտոնով ավագին, իսկ հավասարազոր պաշտոնների դեպքում` կոչումով ավագին:

Երթուղում վերակարգի բացակայության դեպքում ստուգողը պարտավոր է անմիջապես պարզել պատճառը և ճշտել նրա գտնվելու վայրը:

68. Արգելվում է ծառայության ստուգման ընթացքում վերակարգերից վերցնել զենքը:

69. Պարեկապահակետային ծառայության կատարման և կազմակերպման գործում թերություններ (երթուղին կամ պահակետը լքել, քնել, ոչ սթափ վիճակում լինել, համազգեստը կրելու կանոնների խախտում և այլն) հայտնաբերելու դեպքում ստուգողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար:

Սույն կանոնագրքի պահանջների խախտման դեպքում վերադաս ստուգող անձի կողմից հասարակական կարգի ապահովման ստորաբաժանման պետի անունով զեկուցագիր է ներկայացվում ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ, իսկ կարգազանց վերակարգն ստորաբաժանման պետի կամ հերթապահի հրամանով դադարեցնում է հետագա ծառայությունը:

Ստուգողը պարեկապահակետային ծառայության ստուգման արդյունքների վերաբերյալ նշումներ է կատարում ծառայողական գրքում, իսկ այնուհետև` ոստիկանության բաժնի հերթապահ մասում գտնվող վերակարգի ծառայության մատյանում` նշելով վերակարգերի ծառայության բնութագիրը, իր կողմից կատարված դիտողությունները, ստուգման ժամը և իր պաշտոնական տվյալները:

Նշված տվյալներն օգտագործվում են վերակարգերի ծառայության գնահատման և հրահանգներ տալու նպատակով:

70. Գաղտնի ստուգման դեպքում ստուգողը գաղտնի կերպով հետևում է վերակարգի գործողություններին: Վերակարգի կողմից ծառայության կատարման կարգի խախտման կամ նրան օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում ստուգողը դադարեցնում է հսկողությունը և միջոցներ ձեռնարկում խախտումների վերացման ու անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար: Գաղտնի ստուգման արդյունքների մասին ստուգողը զեկուցում է վերադասության կարգով կամ ստուգումը նշանակող ղեկավարին:

71. Տարածքային ոստիկանության պետը կամ շարային ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ օպերատիվ խորհրդակցության ժամանակ վերլուծում է պարեկապահակետային վերակարգերի ծառայության կատարման արդյունավետությունը:

72. Վերակարգերի աշխատանքի արդյունքները գնահատվում և հաշվառվում են հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև անձնակազմի առջև դրված խնդիրների իրականացման արդյունքների վերլուծության միջոցով:

73. Վերակարգերի ծառայության արդյունքները գնահատվում և հաշվառվում են ամենօրյա ամփոփումների ժամանակ, որոնց վերաբերյալ նշումներ են կատարվում յուրաքանչյուր ծառայողի համար նախատեսված աշխատանքների գնահատման ամսական ամփոփագրում:

74. Հասարակական վայրերում, ինչպես նաև վերակարգերի ծառայության երթուղիներում ծառայության ժամանակ կատարված յուրաքանչյուր միջադեպի համար կատարվում է ծառայողական ստուգում, որի արդյունքների վերաբերյալ զեկուցվում է ոստիկանության ստորաբաժանման ղեկավարությանը, վերջինս էլ` իր վերադասին:

75. Պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկանի աշխատանքը գնահատվում է`

ա) պահակետում կամ երթուղում հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման և խափանման, վարչական իրավախախտների հայտնաբերման ցուցանիշներով,

բ) հրամանների և կարգադրությունների պահանջների կատարմամբ,

գ) հայտնաբերված ու ձերբակալված հանցագործների և հետախուզվողների թվով,

դ) կարգապահության, ծառայողական կեցվածքի և ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու ունակություններով,

ե) հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ կիրառելու կարգի իմացությամբ:

76. Հանգստի գոտիներում, առողջարաններում և ամառանոցային վայրերում հասարակական կարգի ապահովման նպատակով իրականացվում է պարեկապահակետային ծառայություն` առկա ուժերով կամ վերակարգերի թվի ավելացման հաշվին: Նշված վայրերում ստեղծվում է վերակարգերի տեղավորման և հերթափոխի ժամանակավոր հենակետ: Անհրաժեշտության դեպքում հասարակական կարգի պահպանման գործում ներգրավվում են ոստիկանության ուսումնական հաստատությունների և ոստիկանության զորքերի ուժերը:

 

Պարեկապահակետային ծառայություն իրականացնող ստորաբաժանման

ղեկավարի պարտականությունները

 

77. Ոստիկանության պարեկապահակետային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարն սպասարկվող վարչական տարածքում կազմակերպում է հասարակական կարգի ապահովումը: Պարեկապահակետային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է`

ա) պահպանելով ոստիկանության համակարգում հիմնված ժամանակակից տեխնիկական միջոցների և առաջատար փորձի կիրառման դրույթները` կատարելագործել պարեկապահակետային ծառայության կազմակերպման մեթոդներն ու ձևերը հասարակական կարգի ապահովման գործում,

բ) կազմակերպել հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումն ու խափանումը, ոստիկանության տարածքային առանձին բաժինների ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործումը, այլ ծառայությունների հետ փոխհամագործակցությունը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության ուժերի արագ տեղաշարժման հնարավորությունը,

գ) իրականացնել ամենօրյա հսկողություն ոստիկանության շարային ստորաբաժանումների մասնագիտացման մակարդակի բարձրացման նկատմամբ,

դ) կազմակերպել ստորաբաժանումների կադրերի ընտրությունը, համալրումը, նրանց մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, սոցիալական և իրավական պաշտպանության ապահովումը, մշտական ուշադրություն դարձնել պարեկապահակետային ծառայության նյութատեխնիկական մատակարարման ապահովման, ավտոտրանսպորտի և սպառազինության միջոցներով ապահովման հարցերին:

78. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության ստորաբաժանման պետը պարտավոր է`

ա) մշտապես վերլուծել սպասարկվող վարչական տարածքում, հասարակական վայրերում և երթուղիներում հանցավորության վիճակը, վարչական իրավախախտումների շարժը, որի վրա հիմնվելով` կազմակերպել պարեկապահակետային ծառայության տեղաբաշխում, երթուղիների վերադասավորում, ծառայության կազմակերպման միասնական տեղադիրի հիմնում,

բ) իրականացնել հսկողություն պարեկապահակետային ծառայության կատարման և կազմակերպման, անձնակազմի կողմից օրինականության ու կարգապահության պահպանման, համազգեստը կրելու կանոնների, պարեկապահակետային ծառայության ուժերի և միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ,

գ) անձամբ մասնակցել պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումների նյութատեխնիկական մատակարարման, հատուկ զինվորական տեղամասերի և ծառայողական այլ տեղերի կառուցման ու շահագործման վերահսկմանը, ինչպես նաև անձնակազմի սոցիալ-կենցաղային ապահովման հարցերի լուծմանը,

դ) բարձրացնել վերակարգերի հրահանգավորման որակը, արդյունավետ կազմակերպել պարեկապահակետային ծառայությունը,

ե) հասարակական կազմավորումների և բնակչության հետ անցկացնել հասարակական կարգի պահպանման ամենօրյա աշխատանքներ:

79. Ոստիկանության շարային ստորաբաժանման հրամանատարը և նրա տեղակալներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակա ստորաբաժանումների ծառայողական գործունեության կազմակերպման, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանը վերաբերող խնդիրների իրականացման, ուժերի և միջոցների ճիշտ օգտագործման, կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի համար:

Ոստիկանության շարային ստորաբաժանման հրամանատարը և նրա տեղակալները պարտավոր են`

ա) կազմակերպել անձնակազմի ծառայողական և ֆիզիկական պատրաստվածությունը, անձնապես ղեկավարել ենթակաների ուսուցումը,

բ) կատարելագործել ստորաբաժանման ղեկավարման մեթոդները, ներդնել գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության կատարման առաջատար ձևերն ու մեթոդները,

գ) օպերատիվ իրավիճակի վերլուծության հիման վրա ներկայացնել առաջարկություններ պարեկապահակետային ծառայության ուժերի և միջոցների միասնական տեղաբաշխման մշակման ժամանակ վերակարգերի դասավորման վերաբերյալ,

դ) ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ անցկացնել ոստիկանության վերակարգերի հրահանգավորում, մշտապես հսկել դրանց ծառայությունը, հետևել անձնակազմի շարային կեցվածքին, ինչպես նաև հանդերձանքին և համազգեստը կրելու կանոններին,

ե) տեղյակ լինել շարային ստորաբաժանումների գործունեության իրական վիճակի, անձնակազմի, տրանսպորտի, սպառազինության, կապի միջոցների, հատուկ և այլ տեխնիկական միջոցների առկայության ու պիտանիության մասին,

զ) ինչպես ոստիկանության շարային ամբողջ ստորաբաժանման, այնպես էլ յուրաքանչյուր ծառայողի աշխատանքի վերաբերյալ հաշվառում կատարել, վերլուծել վերակարգերի կողմից կատարվող ծառայության արդյունքները և միջոցներ ձեռնարկել դրա արդյունավետության բարձրացման համար,

է) կատարել անձնակազմի ճիշտ ընտրություն և դասավորում, ճանաչել ստորադասների բարոյական և գործնական հատկանիշները, մշակել նրանց գործառութային պարտականությունները,

ը) հսկողություն իրականացնել հաշվեցուցակային զենքի օգտագործման և հատուկ միջոցների գործադրման անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ,

թ) ծառայողական շների առկայության դեպքում ապահովել դրանց խնամքը և վարժեցումը,

ժ) ներկայացնել առաջարկություն ոստիկանության վերադաս մարմիններին ծառայողական նպատակներով տարածքներ, սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ հատկացնելու վերաբերյալ, հետևել այդ տարածքների սանիտարական ու հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը,

ժա) միջոցներ ձեռնարկել շարային ստորաբաժանման անձնակազմի կողմից ծառայողական բնույթի խախտումների կանխման համար, դրանց հայտնաբերման դեպքում զեկուցել վերադասին:

80. Ոստիկանության շարային ստորաբաժանման, տարածքային բաժնի հերթապահն ապահովում է վերակարգի հրահանգավորման անցկացումն ու նախապատրաստումը, պարեկապահակետային ծառայության ուժերի և միջոցների ղեկավարումը` ոստիկանության բաժնի միասնական տեղադրին համապատասխան: Հերթապահը պարտավոր է`

ա) մշտապես տիրապետել սպասարկվող վարչական տարածքի օպերատիվ իրավիճակին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության ուժերի և միջոցների տեղաբաշխմանը, դրանց ծառայության ընթացքին ու իրականացման կարգին, ապահովել վերակարգերի միջև գործող ծառայողական կապը, պարբերաբար նրանցից ընդունել զեկույցներ` ծառայության իրականացման և երթուղում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ,

բ) իրականացնել հսկողություն վերակարգերի նշանակման կարգի, անձնակազմերի և պարեկային ավտոտրանսպորտի նպատակային օգտագործման նկատմամբ,

գ) ընդունել վերակարգերի զեկույցները ծառայության կատարման վերաբերյալ, նրանց ժամանակին նոր տեղեկություններ հայտնել կատարված հանցագործությունների, հետախուզվող անձանց և ավտոտրանսպորտի մասին,

դ) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների կանխման ու խափանման, իրավախախտների ձերբակալման, բարդ իրավիճակներում վերակարգերի տեղաբաշխման, ուժերի և միջոցների դասավորման համար, կատարվող փոփոխությունների մասին զեկուցել ոստիկանության ստորաբաժանման ղեկավարությանը,

ե) ոստիկանության ստորաբաժանման օրվա պատասխանատուի և հրամանատարական կազմի հետ համատեղ հսկել վերակարգերի ծառայության ստուգումների իրականացման գործընթացը,

զ) ծառայության ավարտից հետո ապահովել վերակարգերի կողմից զենքի ու զինամթերքի, հատուկ և կապի միջոցների, ծառայողական փաստաթղթերի ամբողջական և ճիշտ ժամանակին հանձնումը,

է) ստորաբաժանման պետին զեկուցել նախորդ հերթափոխի (օրվա) պարեկապահակետային վերակարգերի աշխատանքի արդյունքների և ծառայողական կարգապահության մասին:

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2007
N 151-Ն
Որոշում