Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳ ...

 

 

040.0151.220207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2007 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

III. ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

81. Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերի իրավունքները սահմանվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-28-րդ հոդվածներով:

82. Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը պարտավոր են`

ա) տիրապետել հասարակական կարգի ապահովման ոլորտը, ինչպես նաև ոստիկանությունում ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական ակտերին,

բ) կանխել և խափանել հանցագործությունները, հայտնաբերել վարչական իրավախախտումները, բացահայտել դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, իրենց իրավունքների սահմաններում միջոցներ ձեռնարկել այդ հանգամանքների վերացման համար,

գ) օգնություն ցույց տալ այն անձանց, ովքեր տուժել են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և դժբախտ պատահարների հետևանքով և գտնվում են անօգնական վիճակում,

դ) ապահովել հասարակական կարգը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ավտոճանապարհներին, կայարաններում, օդանավակայաններում ու այլ հասարակական վայրերում և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը խախտողների նկատմամբ,

ե) իրենց իրավունքների սահմաններում աջակցել պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` գործունեություն իրականացնելու համար,

զ) արտակարգ իրադրության, դժբախտ պատահարների և վթարների վերաբերյալ անհապաղ զեկուցելով ոստիկանության ստորաբաժանման հերթապահին` պահպանել դեպքի վայրը` մինչև օպերատիվ խմբի և համապատասխան ծառայությունների ժամանումը,

է) ֆիզիկական անձանցից ընդունել նրանց կողմից գտնված փաստաթղթերը, իրերը, թանկարժեք և այլ գույքը, համապատասխան զեկուցագրով դրանք ներկայացնել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին` զեկույցում նշելով գտնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի նկարագրությունը և դրանք գտած անձանց տվյալները:

 

Պարեկապահակետային վերակարգերի պարտականությունները`

հանցագործությունները և իրավախախտումները կանխելիս ու խափանելիս

 

83. Պարեկապահակետային վերակարգերը պարտավոր են`

ա) հասարակական վայրերում, երթուղու տարածքում և պահակետի սահմաններում տիրապետել ու իրականացնել հսկողություն ընդհանուր իրավիճակի նկատմամբ, ծառայություն կատարելու ընթացքում իմանալ հանցագործություն կատարած անձանց հնարավոր հայտնվելու և թաքնվելու վայրերը,

բ) նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անմիջապես զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին, միջոցներ ձեռնարկել դրանց խափանման համար,

գ) հանցագործությունների կատարման վերաբերյալ ֆիզիկական անձանցից հաղորդումներ ստանալու դեպքում կատարել դրանց վերաբերյալ մանրակրկիտ ճշտումներ, պարզել տեղեկացնողի տվյալները, ինչպես նաև ստացված հաղորդման համառոտ բնութագիրը և անմիջապես զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին ու անմիջական ղեկավարին, միջոցներ ձեռնարկել հանցագործություն կատարող անձանց բացահայտման ու ձերբակալման, տուժողներին օգնություն ցույց տալու, վկաներին պարզելու համար, մինչև քննչական օպերատիվ խմբի ժամանումը պահպանել դեպքի վայրը,

դ) կատարել դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խմբի ղեկավարի հանձնարարությունները` դրա մասին զեկուցելով հերթապահին,

ե) պարեկության իրականացման տարածքում արտաքին նշանների հիման վրա բացահայտել հետախուզվող, անհայտ կորած անձանց,

զ) քրեական հետախուզության ծառայողներին աջակցել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման գործում,

է) կանխել անձանց` հասարակական կարգը խախտող գործողությունները և անմիջապես զեկուցել հերթապահին,

ը) ոստիկանության ստորաբաժանման պետի և նրա տեղակալների, ինչպես նաև անմիջական ղեկավարի հրամանով կատարել հանցագործությունների բացահայտման վերաբերյալ` ոստիկանության քրեական հետախուզության, քննչական մարմինների և տվյալ տարածքի տեղամասային տեսուչի կողմից տրված հանձնարարականները:

84. Մասնակցելով անչափահասների կողմից կատարված իրավախախտումների դեմ ուղղված պայքարին` պարեկապահակետային վերակարգերը պարտավոր են`

ա) նախազգուշացնել և կանխել հասարակական վայրերում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն ու իրավախախտումները,

բ) կորած կամ մոլորված երեխաներին հասցնել բնակության վայր, փոխանցել ծնողներին կամ նրանցով զբաղվող անձանց, իսկ դրա անհնարինության դեպքում` ոստիկանություն,

գ) հայտնաբերել հակահասարակական գործողությունների կատարման գործում ներգրավված անչափահասների կենտրոնացման վայրերը` դրա մասին զեկուցելով ոստիկանության ստորաբաժանման հերթապահին,

դ) ճանաչել երթուղու տարածքում ազատազրկման դատապարտված, քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անչափահասներին, նրանց վարքագծի, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումների մասին տեղեկացնել անչափահասների գծով տեսուչին,

ե) հայտնաբերել այն անձանց, ովքեր անչափահասներին ներգրավում են մոլախաղերի, թմրանյութերի և ոգելից խմիչքների օգտագործման, հակահասարակական գործողությունների կամ իրավախախտումների կատարման մեջ, կատարվածի մասին զեկուցել հերթապահին, ինչպես նաև տեղեկացնել տեղամասային և անչափահասների գծով տեսուչներին ու քրեական հետախուզության աշխատողին:

85. Տրանսպորտի բնագավառում իրավախախտումները կանխելիս` պարեկապահակետային վերակարգերը պարտավոր են`

ա) իմանալ ճանապարհային երթևեկության կանոնները և դրանց խախտման դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվության դրույթները,

բ) կանխել հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը,

գ) հետիոտների և տրանսպորտի առավել լարված երթևեկության վայրերում ապահովել հասարակական կարգը, հետևել, որպեսզի հետիոտների կողմից ճանապարհը հատվի անցումներով,

դ) երթուղում և տեղամասում կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զեկուցել հերթապահին կամ նույն տեղամասում ծառայություն իրականացնող ճանապարհապարեկային ծառայության վերակարգերին,

ե) մինչև ճանապարհապարեկային ծառայության վերակարգի կամ քննչական օպերատիվ խմբի ժամանումը` միջոցներ ձեռնարկել պատահարի մասնակիցների անձը ճշտելու, պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի փաստաթղթերը վերցնելու, տրանսպորտի հետքերը և դեպքի վայրը պահպանելու, տուժածներին օգնություն ցույց տալու, վկաներին հայտնաբերելու համար, ստացված տվյալները և փաստաթղթերը տրամադրել դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խմբին և ճանապարհային ոստիկանության փորձագետին, կատարվածի մասին անհապաղ զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին:

Եթե վարորդը կամ ուղևորներից որևէ մեկը հնարավորություն չունի ներկա լինելու փաստաթղթերի ձևակերպմանը, ապա պարեկապահակետային վերակարգը պարտավոր է գրի առնել պատահարի մասնակցի մասին անհրաժեշտ տվյալները:

86. Տրանսպորտում ծառայություն կատարող պարեկապահակետային վերակարգերը պետք է իմանան երթուղու, օդանավակայանի, կայարանի տարածքի տեղադիրը, նշված տարածքներում ոստիկանության այլ վերակարգերի տեղաբաշխումը, նրանց հետ կապի սխեման, ուղևորափոխադրումների չվացուցակները, ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսակները, տրանսպորտային աշխատողների հիմնական պարտականությունները, տրանսպորտում հանցագործությունների և իրավախախտումների կատարման առանձնահատկությունները:

87. Տրանսպորտում կամ ուղևորափոխադրումների տարածքում պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը պարտավոր են`

ա) անձամբ կամ տրանսպորտի աշխատողների օգնությամբ միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման, վարչական իրավախախտումների և հանցագործությունների կանխման ու խափանման համար,

բ) հայտնաբերել և ձերբակալել հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող անձանց,

գ) ուղևորներին արգելել չնախատեսված ժամերին դուրս գալ գնացքների երթևեկության գոտի և օդանավերի կայանման վայր, ինչպես նաև մուտք գործել տրանսպորտային հատուկ գոտիներ,

դ) հայտնաբերել կառամատույցներում և սպասասրահներում ուղևորների կողմից թողնված բեռները, ճամպրուկները և այլ իրեր, դրանք տեղափոխել ոստիկանության հենակետ` պարզելու համար դրանք մոռացած անձանց ինքնությունը, իսկ կասկածի դեպքում` չտեղաշարժել, դրա մասին զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին, պահպանել դրանք` մինչև ոստիկանության օպերատիվ խմբի ժամանումը, իսկ հայտնաբերված կորած փաստաթղթերի, առարկաների և այլ արժեքավոր իրերի մասին կազմել արձանագրություն և դրանք համապատասխան զեկուցագրով հանձնել ոստիկանության ստորաբաժանման հերթապահ մաս` մինչև դրանց տերերին հայտնաբերելը,

ե) պարբերաբար շրջել կառամատույցներում և նախասրահներում, թույլ չտալ մարդկանց կուտակումներ այն վայրերում, որտեղ դրանք խոչընդոտներ կառաջացնեն ուղևորների անցումների և տրանսպորտային միջոցների երթևեկության համար,

զ) հայտնաբերել արգելված բեռների փոխադրումները,

է) կայարաններում և սպասասրահներում տեղի ունեցած պատահարների, վթարների ու հրդեհների դեպքում անմիջապես զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին և միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման, փրկարարական աշխատանքների, դեպքի վայրի պահպանման համար:

 

Ծառայողի վարքագծի նորմերը

 

88. Ծառայողը պարտավոր է`

ա) անձին դիմել քաղաքավարի, հասկանալի և համոզիչ կերպով,

բ) անձին դիմելիս` պատիվ առնելով ներկայանալ, հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը և նրան դիմելու պատճառն ու նպատակը: Անձի պահանջով ցույց տալ իր ծառայողական վկայականը` այն պահելով իր ձեռքում,

գ) թույլ տրված իրավախախտման դեպքում, վկայակոչելով համապատասխան օրենքը և իրավական ակտերը, պարզաբանել նրա վարքի անճշտությունը, պահանջել դադարեցնել այն և պահպանել օրինականությունը: Ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու դեպքում իրավախախտին տեղեկացնել վերջինիս նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու ծառայողի` օրենքով նախատեսված իրավունքի մասին:

Իրավախախտին ուղղված նկատողություններին վերջինիս կողմից հուզված արձագանքման դեպքում նրան ժամանակ տալ հանգստանալու և հնարավորություն ընձեռել հակաիրավական գործողությունների վերաբերյալ բացատրություններ տալու:

Այն իրավախախտներին, որոնց հետ կան երեխաներ, նրանց կողմից թույլ տրված հակաիրավական գործողությունների վերաբերյալ դիտողություններն արվում են երեխաների բացակայությամբ, նրանցից հեռու,

դ) խուսափել իրավախախտ անձի հետ վիճաբանելուց, համոզելու միջոցով իրավախախտին դուրս բերել մարդաշատ վայրից կամ հրավիրել նրան ոստիկանության հենակետ:

89. Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ստուգման ժամանակ ծառայողն ուշադրություն է դարձնում անձնագրի վավերականության ժամկետին և հաշվառման վայրին:

90. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը խախտած օտարերկրացիների հայտնաբերման դեպքում ծառայողը նրանց հրավիրում է ոստիկանություն:

91. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձի կատարած իրավախախտումների դեպքում ծառայողը պարտավոր է իրավախախտից պահանջել դադարեցնել հակաիրավական գործողությունները, օրենքով սահմանված կարգով կազմել արձանագրություն, գրանցել իրավախախտի անունը, ազգանունը, նրա անձեռնմխելիությունը հավաստող փաստաթղթի համարը և կատարվածի մասին զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին կամ անմիջական պետին:

 

IV. ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

92. Ծառայողը ենթարկվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետին, նրա տեղակալներին, իր անմիջական ղեկավարին (ոստիկանության բաժնի պետ, գնդի, գումարտակի, վաշտի, դասակի հրամանատարներ), ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանման հերթապահին, ովքեր իրավունք ունեն ծառայողին ներգրավելու հասարակական կարգի ապահովման միջոցառումների իրականացման գործում, անելու համապատասխան կարգադրություններ, նրանց հանելու երթուղուց կամ փոխելու ծառայության իրականացման վայրը:

93. Ծառայության իրականացման ժամանակ պարեկը կարգապահական տույժի չի ենթարկվում:

94. Երթուղում պարեկային ծառայությունն իրականացվում է 2 և ավելի պարեկների միջոցով (պահակետում` պահակետային միավոր հերթափոխով), անհրաժեշտության դեպքում պարեկներին թույլատրվում է երթուղում ծառայությունը կատարել առանձին` լսելիության կամ տեսանելիության սահմաններում:

95. Վերակարգը պարտավոր է ամբողջ ծառայության ընթացքում կատարել իր պարտականությունները տվյալ երթուղում: Նա կարող է ժամանակավորապես հեռանալ պահակետից (երթուղուց)` ոստիկանության ստորաբաժանման պետի, նրա տեղակալի, հրամանատարի, հերթապահի ցուցումներով կամ թույլտվությամբ` հանցագործության կամ վարչական իրավախախտման դեպքերում, թաքնված հանցագործին հետապնդելու, իրավախախտներին ոստիկանություն հասցնելու, հասարակական վայրերում և փողոցներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու, հրդեհաշիջման համար միջոցներ ձեռնարկելու, պատահարի վայրը պահպանելու, անհրաժեշտ բժշկական օգնություն, հարևան պարեկներին աջակցություն ցուցաբերելու համար: Վերակարգը երթուղուց իր հեռանալու մասին զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման հերթապահին:

96. Պարեկապահակետային ծառայության վերակարգերը, ժամանելով ծառայության վայր, ոստիկանության ստորաբաժանման հերթապահին զեկուցում են իրենց ժամանման և տարածքում տիրող իրադրության մասին:

97. Պարեկապահակետային ծառայության վերակարգերի հերթափոխը կատարվում է երթուղու (պահակետի) նախապես հաստատված վայրում: Վերակարգ ընդունողը մոտենում է ծառայությունն ավարտած վերակարգին և ներկայանում, օրինակ` «Պարոն սերժանտ, պարեկային խումբը ներկայացել է հերթափոխի, վերակարգի ավագ, ոստիկանության սերժանտ Գևորգյան»: Փոխարինվող վերակարգի ավագը ծառայությունն ստանձնող վերակարգին տեղեկացնում է երթուղում (պահակետում) տիրող իրադրության մասին, միասին շրջագայում են երթուղում և պահակետի տարածքում, ծանոթանում տեղանքի իրադրությանն ու առանձնահատկություններին:

Փոխարինվող վերակարգի ավագը երթուղում ծառայության ավարտի վերաբերյալ զեկուցում է հերթապահին: Պահակետում հերթափոխը կատարվում է պահակետը հանձնող-ընդունող պահակետայինների` հերթապահին զեկույցով` պահակետային ամփոփագրում նշելով պահակետը հանձնելու-ընդունելու վերաբերյալ (ամփոփագրում նշվում են հերթափոխի ժամանակը, պահպանվող օբյեկտի իրավիճակը և ծառայության առանձնահատկությունները):

98. Որոշված ժամանակ, փոխարինող հերթափոխի չժամանման դեպքում, վերակարգը զեկուցում է հերթապահին և կատարում նրա կարգադրությունը:

99. Տեղամասում և երթուղում (պահակետում) հետիոտն պարեկի (պահակետայինի) տեղաշարժման կարգը որոշվում է` հաշվի առնելով երթուղու (պահակետի) օպերատիվ իրավիճակը, հրահանգավորման և ծառայական առանձնահատկությունները, ինչպես նաև առաջադրված խնդիրները:

100. Ծառայության ընթացքում ոստիկանության վերակարգերը պետք է կողմնորոշվեն երթուղում` իրադրությունից ելնելով, և դրա հիման վրա ընտրեն ծառայության կատարման համար առավել նպատակահարմար մարտավարություն:

101. Ծառայության ընթացքում վերակարգերը պետք է ուշադրություն դարձնեն`

ա) երթուղու (պահակետի) տարածքում գտնվող բոլոր օբյեկտների տեղակայման առանձնահատկություններին,

բ) կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծող գործողություններին, իրավախախտների հնարավոր հայտնվելու վայրերին, վտանգավոր վայրերում խաղացող երեխաներին, ճանապարհային երթևեկությունը խանգարող անձանց, կասկածելի աղմուկներին, օբյեկտներում և շենքերում կրակի կամ ծխի հայտնվելուն:

102. Ոստիկանության վերակարգերը պետք է զգոն լինեն իրենց ծառայության ընթացքում` հանկարծակի հարձակման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Գիշերային ժամերին վերակարգը պետք է շարժվի շինություններից և այլ կառույցներից որոշակի հեռավորության վրա, անհրաժեշտ տարածություն պահպանի անձանցից և ոչ ոքի չթողնի իր հետևում, մարդուն մոտենա լուսավոր կողմից: Մթության պայմաններում, ոչ մարդաշատ վայրերում, եթե մարդը վերակարգին մոտենում է հետևից, ապա անհրաժեշտ է շրջանցել, կանգնել, ճանապարհ տալ նրան կամ փոխել շարժման ուղղությունը:

103. Տեղամասում ծառայություն կատարող հարևան վերակարգերից, ոստիկանության այլ ծառայողներից օգնություն ստանալու կամ համագործակցության համար պարեկայինը (պահակետայինը) օգտագործում է կապի բոլոր միջոցները և ազդանշանում սուլիչով: Այսպես`

ա) «բռնիր»` մեկ երկար ազդանշան.

բ) «օգնություն, ինձ մոտ»` երկու կարճ ազդանշան:

Անհրաժեշտության դեպքում ազդանշանները կրկնվում են: Օրենքով նախատեսված դեպքում ծառայողը, ազդանշան տալու նպատակով, կարող է օգտագործել հաշվեցուցակային զենքը` կրակելով վերև:

Պարեկայինները, լսելով ազդանշանները, պարտավոր են «Բռնիր» ազդանշանի դեպքում ավելի ուշադիր լինել և միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու և ձերբակալելու համար այն անձանց, ովքեր փորձում են խույս տալ հետապնդումից, իսկ «Օգնություն, ինձ մոտ» ազդանշանին պարտավոր են պատասխանել մեկ կարճ ազդանշանով և անմիջապես ուղղվել կանչի վայր` օգնության:

 

Ավտոմեքենաներով (մոտոցիկլետներով) վերակարգերի ծառայության

առանձնահատկությունները

 

104. Պարեկային ավտոմեքենաները (մոտոցիկլետները) նախատեսված են երթուղիներում պարեկության, հանցագործների հետապնդման և վարչական իրավախախտումներ կամ հանցագործություններ կատարողներին ոստիկանություն հասցնելու, հատուկ տրանսպորտի բացակայության դեպքում` թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց, հասարակական վայրերում հարբած վիճակում գտնվող և ինքնուրույն տեղափոխվելու կամ միջավայրում կողմնորոշվելու ունակությունը կորցրած, շրջապատին կամ իրեն վնաս պատճառած անձանց հատուկ ընդունիչ կայաններ կամ բժշկական հաստատություններ տեղափոխելու համար:

Պարեկային ավտոմեքենաները (մոտոցիկլետները) պետք է սարքավորված լինեն ռադիոկայաններով, լուսաձայնային և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև պետք է ունենան գունագրաֆիկ ձևավորում:

105. Երթուղու տարածքում ավտոմեքենայով (մոտոցիկլետով) պարեկների տեղաշարժման կարգը սահմանվում է անմիջական պետերի հրամանով` ելնելով առաջադրված խնդիրներից և ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, օրվա ժամերը: Օպերատիվ բարդ իրավիճակ ունեցող վայրերում նշանակվում են կանգառի տեղեր, որոշվում հատուկ խնդիրներ, ծառայության ժամանակը և տևողությունը, ինչպես նաև մեկ վայրից մյուսը տեղափոխվելու հերթականությունը, հերթապահի հետ կապվելու ժամանակը: Նշված տվյալները գրանցվում են նախապես կազմված պարեկային երթուղու քարտի մեջ:

106. Ավտոմեքենայով ծառայող վերակարգի (ավտոպարեկի) ավագը պատասխանատու է ծառայության ճիշտ կատարման կարգի, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կանոնների, ոստիկանության բաժին տեղափոխվող իրավախախտի նստեցման և իջեցման կարգի պահպանման համար:

Հրահանգավորումից հետո վերակարգի ավագը ճշտում է մեքենայում վերակարգի տեղավորման կարգը և պարտականությունները, ամեն վերակարգի համար նշանակում հսկման հատված, հստակեցնում է ծառայության կատարման վայրի երթուղին, մեկ կետից մյուսը տեղափոխվելու կարգը, ռադիոկապով հերթապահին զեկուցում է երթուղի դուրս գալու մասին:

107. Երթուղիով շարժման ընթացքում ավտոպարեկը կանգ է առնում կամ շեղվում երթուղուց` հանցագործություն, վարչական իրավախախտում հայտնաբերելիս, հասարակական կարգի խախտումների դադարեցման համար միջոցներ ձեռնարկելու և վարչական իրավախախտումները կամ հանցագործությունները կանխելու նպատակով` դրա մասին զեկուցելով հերթապահին:

Կանգառների ժամանակ վերակարգի ավագը կազմակերպում է հետիոտն պարեկություն: Պարեկային ավտոմեքենայի մոտ մնում է ոստիկան վարորդը, որն ապահովում է մեքենայի պահպանությունը և կազմակերպում կապը վերակարգի ավագի և հերթապահի հետ: Անձնակազմի հավաքվելու համար նշանակվում է պայմանական ազդանշան: Ռադիոկապով ապահովված ավտոպարեկները կանգառների ժամանակ հետիոտն պարեկություն են իրականացնում` 30-50 րոպե տևողությամբ: Հետիոտն պարեկները մեքենաներից հեռանում են մինչև 300 մետր, անցնում այն վայրերով, որտեղ հնարավոր են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կատարման դեպքեր, միջոցներ է ձեռնարկում դրանց կանխման ու խափանման համար:

108. Ավտոմեքենաներով պարեկները (բացի ճանապարհապարեկային ծառայությունից) պարեկության ընթացքում շարժվում են մինչև 40 կմ/ժամ արագությամբ, որպեսզի հնարավոր լինի մեքենայից հետևել շրջակայքում տիրող իրավիճակին:

109. Ավտոպարեկները համագործակցում են հետիոտն պարեկային վերակարգերի հետ, փոխանակում օպերատիվ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում օգնություն:

110. Իրավախախտներին ավտոմեքենա նստեցնելու ժամանակ պարեկայինները պետք է պահպանեն անվտանգության կանոնները, որը կբացառի հարկադրաբար նստեցման ժամանակ դիմադրություն ցույց տվող անձանց վնասներ պատճառելը, ինչպես նաև պետք է ստուգեն ավտոմեքենայի դռների փականների վիճակը և հուսալիությունը: Բերվածին ավտոմեքենայից հանելուց հետո վերակարգը պետք է ստուգի ավտոմեքենայի ներսը` մոռացված իրերի և փաստաթղթերի հայտնաբերման նպատակով:

111. Ավտոմեքենայով պարեկին ծառայության ժամանակ արգելվում է`

ա) տեղափոխել կողմնակի անձանց և բեռներ, ինչպես նաև պարեկային ավտոմեքենան թողնել առանց հսկողության.

բ) գերազանցել երթևեկության թույլատրելի արագությունը, ինքնակամ շեղվել նշանակված երթուղուց և փոխել ծառայության կարգը, եթե դա չի բխում ծառայողական անհրաժեշտությունից.

գ) մեքենայի վարումը վստահել ուրիշին.

դ) ազատությունից զրկված անձին ավտոմեքենայում թողնել` առանց հսկողության:

112. Պարեկապահակետային ծառայության կազմակերպման գործում օգտագործվում են ծառայողական շներ` հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին, զբոսայգիների տարածքներում, բնակավայրերի ծայրամասերում ու դրանցից հեռու այլ վայրերում, չլուսավորվող փողոցներում:

113. Պարեկային ծառայության ժամանակ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում կարող են օգտագործվել ծառայողական շները:

114. Արգելվում են ծառայողական շներին այլ անձանց փոխանցելը կամ պարեկության ընթացքում առանց հսկողության թողնելը, ինչպես նաև մարդաշատ վայրերում, հասարակական տրանսպորտում, գնացքներում պարեկություն կատարելը ծառայողական շան հետ` առանց դնչկալի:

 

Վերակարգերի գործողությունները հանցագործությունների և

պատահարների դեպքում

 

115. Վերակարգը կատարված հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում պարզում է`

ա) հանցագործության կատարման վայրը, ժամանակը և դեպքի հանգամանքները,

բ) տեղեկություններ կասկածյալի մասին (բնութագրող նշանները),

գ) տեղեկություններ վկաների մասին,

դ) տեղեկություններ տուժածների և նրանց վիճակի մասին,

ե) հաղորդում տվողի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը:

Վերակարգի կողմից այդ տվյալները գրանցվում են ծառայողական գրքույկում և զեկուցվում հերթապահին:

Անհետաձգելի դեպքերում, վերակարգն անմիջապես ժամանում է հանցագործության կատարման վայր և դրա մասին զեկուցում հերթապահին:

116. Հանցագործության կատարման վայրում վերակարգը պարտավոր է`

ա) միջոցներ ձեռնարկել հանցագործության կանխման համար,

բ) կազմակերպել հանցագործների հետապնդումը և ձերբակալումը,

գ) օգնություն ցույց տալ տուժածներին, անհրաժեշտության դեպքում` կանչել շտապ օգնություն,

դ) հայտնաբերել վկաների,

ե) պահպանել դեպքի վայրը,

զ) կատարվածի մասին զեկուցել հերթապահին և գործել նրա հրամանների համաձայն:

Գործողությունների հերթականությունը կախված է կատարված հանցագործության բնույթից, վերակարգերի կազմից և ստեղծված իրավիճակի բնույթից:

117. Թարմ հետքերով հանցագործի հետապնդումը և հետախուզումն իրականացվում են մինչև նրա վնասազերծումը և ձերբակալումը: Հետապնդման և հետախուզման ընթացքում վերակարգերը պետք է գործեն` չխախտելով նախազգուշական միջոցները:

118. Հանցագործություն կատարած անձի հետապնդման ընթացքում դեպքի վայրը պահպանվում է ոստիկանության հարևան վերակարգերի կողմից կամ անձանց օգնությամբ:

119. Հետապնդում և հետախուզում կազմակերպելն անհնար լինելու դեպքում պարեկը պարտավոր է գտնվել հանցագործության կատարման վայրում` մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը կամ հերթապահի կարգադրությունը: Նա պարտավոր է դեպքի վայրից անմիջապես հեռացնել անձանց ու տուժածներին, որպեսզի նրանք չոչնչացնեն կամ վնասեն հետքերը:

Մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը` վերակարգն իրավունք չունի տեղափոխելու իրերն ու առարկաները կամ դրանց դիրքը փոխելու: Իրերի ու առարկաների տեղափոխումը նախնական դիրքի արձանագրմամբ` թույլատրվում է միայն վտանգի առաջացման, բնական ոչնչացման կամ այլ հանգամանքներում: Վերակարգն անհրաժեշտության դեպքում շրջափակում է դեպքի վայրը` օգտվելով անձանց օգնությունից:

Դեպքի վայրում վերակարգերի կողմից թողնված հետքերը նշվում են պարզ երևացող ցուցիչներով և նշաններով:

120. Հանցագործության դեպքի վայրում պարեկայինն առաջին հերթին պետք է հիշի և հնարավորինս կատարի գրառումներ որոշակի հանգամանքների վերաբերյալ, որոնք ժամանակի ընթացքում կարող են անհետանալ կամ փոխվել (հոտերը, եղանակը, ջերմաստիճանը, քամու ուղղությունը, լուսավորման բնույթը):

Պետք է հատուկ ուշադրություն դարձվի իրադրության պահպանման և հանցագործության գործիքների անփոփոխ դիրքի, մատնահետքերի, ոտնահետքերի, տրանսպորտի, արյան հետքերի, մազերի, հագուստի, ապակու բեկորների, փայտի կտորների, հողի մասնիկների, ծխուկների, լուցկու մնացորդների պահպանմանը:

Ծառայողը հանցագործության դեպքի վայրում պարտավոր է գործել վճռականորեն, հանգիստ, վստահ, թույլ չտալ շտապողականություն կամ այլ գործողություններ, որոնք կարող են առաջ բերել քաղաքացիների հետ փոխհարաբերությունների սրում:

Ոստիկանությունը հանցագործության դեպքի վայրում գտնվող անձանց դիմում է տեղում մնալու և ինքնուրույն որևէ գործողություններ չկատարելու խնդրանքով, փաստաթղթերով պարզում է նրանց ինքնությունը, գրանցում անունը, հայրանունը, ազգանունը, տան հասցեն, աշխատանքի վայրը, պարզում հանցագործություն կատարած անձանց թիվը, նրանց արտաքին տեսքը, ո՛ր ուղղությամբ են հեռացել, եթե օգտագործել են տրանսպորտային միջոց, ճշտում է համարանիշը և հատուկ նշանները, ի՛նչ փոփոխություններ են կատարվել հանցագործության վայրում, ու՛մ կողմից և ի՛նչ նպատակով:

121. Ցույց տալով առաջին բժշկական օգնություն կամ տուժածին բժշկական հաստատություն ուղարկելով` պարեկայինը զննում է նրա հագուստը և մարմնի բաց մասերը` նպատակ ունենալով հայտնաբերելու հանցագործությանը վերաբերող իրեր, հետքեր և նշաններ, հնարավորության դեպքում որոշում է նրա անձը:

Տուժածի գտնվելու վայրը, դիրքը, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրքը նշվում են կավիճով, ածխով կամ այլ միջոցներով:

Եթե տուժածը ցույց չի տալիս կյանքի նշաններ, ապա նախ և առաջ ստուգվում է` ողջ է նա, թե ոչ, հնարավորինս չփոխելով նրա դիրքն ու շրջապատող միջավայրը:

Մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը` դիակները չեն տեղափոխվում հանցագործության վայրից:

122. Տեղումների պատճառով` հետքերի, իրերի և առարկաների ոչնչացման վտանգի դեպքում վերակարգերը միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանման համար` օգտագործելով ձեռքի տակ եղած իրերն ու միջոցները (արկղեր, նրբատախտակ, բրեզենտ, ստվարաթուղթ և այլն): ՈՒղղահայաց դիրքում գտնվող հետքերի պահպանման համար թիթեղյա կամ այլ չթրջվող նյութերից պատրաստվում են հովհարներ: Նշված իրերն ու նյութերը չպետք է ունենան սուր հոտեր` ծառայողական շների օգտագործումը չդժվարացնելու համար:

Վերակարգը, մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է մուտք գործել շինություն, տարածք կամ հողամաս: Օպերատիվ-հետախուզական խմբի կամ համապատասխան մասնագետի ժամանման դեպքում պարեկայինը զեկուցում է հանցագործությանը վերաբերող հանգամանքների, ձեռնարկված միջոցների մասին, որից հետո գործում է ըստ նրանց հրամանի կամ հերթապահի կարգադրության:

123. Հանցագործության մեջ կասկածվող անձանց ձերբակալմանն ուղղված գործողություններում պահանջվում են օրինականություն, լրջախոհություն, վճռականություն, զսպվածություն, իրադրության մեջ արագ կողմնորոշվելու ունակություն և սկզբունքայնություն:

124. Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում պարեկայինը կազմակերպում է նրանց հսկողությունը` առանց ուշադրություն գրավելու: Կասկածելի անձի ձերբակալման վերաբերյալ ընդունելով որոշում` նա պետք է պարզի իր գործողությունների օրինականությունը, հաշվի առնի իր հնարավորությունները, պլանավորի ձերբակալման կարգը և դրա ճիշտ ձևը: Օրենքով սահմանված կարգով ձերբակալում իրականացնելիս` անհրաժեշտ է`

ա) հաշվի առնել ձերբակալվողի անձը, նրա հնարավորությունները (ֆիզիկական ուժը և զինվածությունը).

բ) ձերբակալման ժամանակ հնարավոր բարդությունները, որոնք կարող են առաջանալ, եթե ձերբակալվողը դիմադրություն ցուցաբերի.

գ) զինված հարձակման կամ դիմադրության հնարավորությունը.

դ) զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները:

125. Հանցագործության կատարման մեջ կասկածվողներին ազատությունից զրկելիս` պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրանց մոտ հրազենի կամ սառը զենքի առկայությանը և պատրաստ պահել հրազենը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անմիջապես գործադրելու նպատակով (պատյանը տեղափոխվում է զենքի օգտագործման համար հարմար դիրքի, ատրճանակը հանվում է ապահովիչից, փամփուշտն իջեցվում է փամփշտակալի մեջ):

Ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

126. Հանցագործություն կատարած անձի ձերբակալման վայրը որոշվում է ըստ իրավիճակի և այն գործոնների, որոնք բացառում են փախուստի հնարավորությունը և այլ անձանց վնաս պատճառելը:

Վերակարգը, աննկատ մոտենալով հանցագործություն կատարող անձին, ընտրում է հարմար պահ, երբ նա պատրաստ չէ դիմադրության, տալիս է հրաման` «Կանգնեք, ձեռքերը վեր» և հայտարարում նրա ձերբակալման մասին:

Հանցագործության կատարման համար կասկածվող անձին ազատությունից զրկելիս` դիմադրությունից խուսափելու համար կարող են օգտագործվել շեղող պատճառներ` հասարակական կարգի խախտում, փողոցի անցում չթույլատրված տեղում, փաստաթղթերի ստուգում և այլն: Այդ դեպքերում «Կանգնեք, ձեռքերը վեր» հրամանը չի կիրառվում:

Ազատությունից զրկված անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է անձնական խուզարկության:

127. Փաստաթղթերի ստուգման և կասկածվող անձի հետ խոսակցության ժամանակ պարեկայինը պետք է կանգնի կիսադարձ դիրքով, ստուգվողից մեկ քայլ հեռավորության վրա և պատրաստ լինի հնարավոր հարձակումը հետ մղելուն:

128. Ազատությունից զրկված անձանց ոստիկանություն են տեղափոխում պարեկային ավտոմեքենայով կամ ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմեքենայով, իսկ դրա բացակայության դեպքում` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաներով: Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել հասարակական տրանսպորտը, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` հրշեջ, շտապ օգնության մեքենաներ (բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցույց տալ), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական կամ հյուպատոսական և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներ:

129. Ազատությունից զրկված անձի տեղափոխման ժամանակ պարեկայինը պետք է նախատեսի նախազգուշական միջոցներ` փախուստի դիմելու հնարավորությունը կանխելու նպատակով, հետևի, որպեսզի ազատությունից զրկված անձը չնետի կամ չստանա իրեր և առարկաներ:

130. Ազատությունից զրկված անձին ոտքով ոստիկանություն տարվում է ոստիկանության երկու և ավելի ծառայողների կողմից, որոնցից մեկն ուղեկցում է նրան` բռնելով ձեռքը կամ պարանոցը, իսկ մյուսը` հետևից հետևում է տեղափոխվողի ու շրջապատի պահվածքին:

Եթե տեղափոխումն իրականացվում է մեկ ոստիկանի կողմից, ապա վերջինս պետք է քայլի ազատությունից զրկված անձի աջ կողմից կամ հետևից: Տեղափոխման ժամանակ պետք է խուսափել մարդաշատ վայրերի, բակերի, զբոսայգիների և անտառային վայրերի շրջանցի ճանապարհներից:

131. Ազատությունից զրկված անձին ոստիկանություն հասցրած պարեկայինը գրավոր զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին` զեկուցագրում նշելով ազատությունից զրկված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ձերբակալման հանգամանքներն ու պատճառները, վկաների, ինչպես նաև աջակցություն ցուցաբերողների մասին տեղեկություններ:

132. Ծառայության կատարման ժամանակ ոստիկանության վերակարգերը պարտավոր են զննել երթուղիներում գտնվող` հանցագործություն կամ իրավախախտում կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրերը:

Հնարավոր թաքստոցները զննվում են առնվազն երկու ծառայողի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` ծառայողական շների օգնությամբ: Դրան կարող են մասնակցել տարածքի առանձնահատկություններին տեղյակ անձինք, ովքեր պատասխանատու են կամ տեղյակ են տվյալ տարածքի առանձնահատկություններին: Եթե կան տվյալներ, որ զննման ենթակա վայրերում թաքնվում են զինված անձինք, ապա վերակարգի ավագը դրա մասին զեկուցում է հերթապահին և գործում ըստ նրա կարգադրության:

133. Մինչև հանցագործություն կատարած անձանց հնարավոր թաքստոցների զննումը` վերակարգի ավագը պետք է նախապես ճշտի օբյեկտի դիրքը, դրա հատակագիծը, ելքերի և մուտքերի առկայությունը, մոտեցման գաղտնի ուղիները, առաջադրի յուրաքանչյուր պարեկայինի պարտականությունը, իրար հետ կապի և հաղորդակցվելու, ազդանշանային կարգն ու գործողությունների հաջորդականությունը:

134. Հանցագործություն կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրը զննվում է վերակարգի ավագի հրամանով: Զննվող վայրին մոտենում են անաղմուկ: Արգելվում է խոսել և ծխել:

Հրամանները տրվում են ցածր ձայնով կամ հատուկ որոշված ազդանշաններով:

Ստուգվող վայր մուտք գործելու ժամանակ` հնարավոր հարձակումից զերծ մնալու համար անհրաժեշտ է ձեռնարկել նախազգուշական միջոցներ, եթե հնարավոր չէ աննկատ մտնել, ապա նախապես տրվում է հրաման` «Ով է այստեղ, դուրս եկեք»:

Վերակարգի ամբողջ խմբին արգելվում է մեկ մուտքով` միաժամանակ մտնել զննվող տարածք:

Այն անձանց հայտնաբերման դեպքում, որոնց վարքը և գործողությունները հիմք են հանդիսանում նրանց հանցագործության կատարման մեջ կասկածելու, վերակարգը կասկածվող անձին բերման է ենթարկում ոստիկանության բաժին:

 

Արտակարգ իրավիճակներում պարեկապահակետային ծառայության

առանձնահատկությունները

 

135. Երբ զանգվածային միջոցառումները վերածվում են զանգվածային անկարգությունների, կամ առաջանում է անկանխատեսելի արտակարգ իրավիճակ, ոստիկանության ստորաբաժանումները պարեկապահակետային ծառայությունը կազմակերպում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

136. Արտակարգ իրավիճակներն առաջանում են զանգվածային անկարգությունների, բնական աղետների, հրդեհների, արտադրական վթարների, համաճարակների ծագման դեպքում, երբ դրանք սպառնում են մարդկանց կյանքին, առողջությանը և պահանջում վթարափրկարարական ու վերականգնողական աշխատանքների կատարում:

137. Արտակարգ իրավիճակներում մշակվում է գործողությունների կարգավորման օպերատիվ պլան, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

138. Գործողությունների կարգավորման օպերատիվ պլանով նախատեսվում են`

ա) առաջացած իրավիճակի գնահատումը և բնութագրումը,

բ) ոստիկանության ստորաբաժանումների ուժերի և միջոցների հաշվառումը, կիրառման կարգը, դրանց կենտրոնացումը` թիվ 1 պատրաստականության բերելու միջոցով,

գ) ծառայողական վերակարգերի, հատուկ խմբերի տեսակները, դրանց խնդիրները և պարտականությունները, օգտագործման կարգը,

դ) բնակչության տարահանման, հատուկ նշանակության օբյեկտների պահպանության իրականացման կարգը, սպառազինության, հատուկ միջոցների, թանկարժեք գույքի և ծառայողական փաստաթղթերի դուրսբերման միջոցառումները,

ե) ոստիկանության ստորաբաժանումների համագործակցության կարգը,

զ) կառավարման և կապի կազմակերպման կարգը,

է) ուժերի և միջոցների հաշվարկները, դրանց տեղակայումը:

139. Պարեկապահակետային վերակարգերն արտակարգ իրադրությունների առաջացման դեպքում պարտավոր են`

ա) հրդեհի դեպքում` անմիջապես տեղեկացնել փրկարար ծառայությանը, ոստիկանության ստորաբաժանման հերթապահին, կազմակերպել հրդեհաշիջման, մարդկանց և գույքի փրկարարական աշխատանքներ, միջոցներ ձեռնարկել հրդեհի ծագման պատճառների հայտնաբերման, պատահարի վայրի պահպանման և կասկածվող անձանց ձերբակալման համար, տուժածների առկայության դեպքում` կանչել բժշկական օգնություն, արգելել այլ անձանց մուտքը հրդեհի գոտի,

բ) չպայթած ռումբերի, ականների, պայթուցիկ նյութերի, ռադիոակտիվ, քիմիական և այլ վտանգավոր իրերի հայտնաբերման դեպքում` հայտնել ստորաբաժանման հերթապահին, փրկարար ծառայությանը, շրջափակել տարածքը, կազմակերպել մարդկանց տարահանումը,

գ) փլուզումների, աղետների և վթարների առաջացման դեպքում` զեկուցել հերթապահին, միջոցներ ձեռնարկել բնակչության տարահանման, գույքի պահպանման, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար, արգելել կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր` բացի վթարի հետևանքների վերացմանը մասնակցող անձանցից,

դ) ջրհեղեղի դեպքում` զեկուցել հերթապահին, տեղեկացնել փրկարար ծառայությանը, միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և գույքի պահպանության համար, անհրաժեշտության դեպքում` կազմակերպել բնակչության տարահանում (առաջին հերթին` կանանց, երեխաներին, մեծահասակներին և հիվանդներին), օգնել տուժածներին, կազմակերպել մարդկանց տեղափոխումը ջրհեղեղի վայրից,

ե) համաճարակների նշանների հայտնաբերման դեպքում` զեկուցել ոստիկանության ստորաբաժանման հերթապահին, տեղեկացնել բժշկական հաստատությունների ղեկավարներին, պահպանելով անձնական անվտանգության կանոնները` սահմանափակել բնակչության, տրանսպորտի շարժը, կենդանիների տեղափոխումը վարակված գոտի,

զ) երկրաշարժի դեպքում` կապ հաստատել հերթապահի, այլ վերակարգերի և ոստիկանության ծառայողների հետ, փրկել մարդկանց և պահպանել գույքը, օգնել տուժածներին,

է) փոթորիկների և մրրիկների դեպքում` զեկուցել հերթապահին, աջակցել բնակչության տարահանման ու փրկարարական աշխատանքներին, օգնություն ցույց տալ տուժածներին և անօգնական վիճակում գտնվողներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2007
N 151-Ն
Որոշում