Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԿԱՐԳԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԻՐԱՎԱԿԱՐԳԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԻՐԱՎԱԿԱՐԳԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ
ԱՆՁԱՆՑ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի
34/169 ԲԱՆԱՁԵՎՈՎ

 

Գլխավոր ասամբլեան`

նկատի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված նպատակները ներառում են միջազգային համագործակցության իրականացում ի խրախուսումն ու զարգացումն մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգման բոլորի համար` առանց ցեղի, սեռի, լեզվի ու կրոնի խտրության,

վկայակոչելով մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (108) և մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերը (109),

վկայակոչելով նաև Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր մարդկանց պաշտպանելու մասին հռչակագիրը, որը Գլխավոր ասամբլեան ընդունել է 1975 թվականի դեկտեմբերի 9-ի իր 3452 (XXX) բանաձևով,

ուշադրության առնելով այն հանգամանքը, որ, ի պաշտպանություն հասարակական կարգուկանոնի, իրավակարգի պահպանման գործառույթների բնույթը և դրանց իրականացման կերպը անմիջականորեն ազդում են առանձին անձանց, ինչպես նաև ընդհանրապես ողջ հասարակության կյանքի որակի վրա,

գիտակցելով այն խնդրի կարևորությունը, որը բարեխղճորեն և արժանապատվությամբ են իրականացնում իրավակարգի պահպանման նպատակով` մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան,

հիշատակելով, սակայն, այդ պարտականությունների իրականացման հետ կապված հնարավոր չարաշահումները,

ընդունելով, որ իրավակարգը պահպանելու պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագիրք մտցնելը սոսկ մեկն է իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց կողմից սպասարկվող քաղաքացիներին իրենց բոլոր իրավունքների ու շահերի պաշտպանություն տրամադրելու մի քանի կարևոր միջոցներից,

գիտակցելով, որ գոյություն ունեն իրավակարգի պահպանման գործառույթների մարդասիրական իրականացման լրացուցիչ կարևոր սկզբունքներ ու նախադրյալներ, այն է`

ա) ինչպես որ քրեական արդարադատության համակարգի մյուս բոլոր հիմնարկները, կարգի պահպանության յուրաքանչյուր մարմին պետք է ներկայացնի ամբողջությամբ վերցված հասարակությունը, պատասխանատվություն կրի նրա հանդեպ և հաշվետու լինի նրան,

բ) իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց շրջանում բարոյական նորմերի արդյունավետ պահպանումը կախված է օրենքների լավ մտածված, ամենուր ընդունված և մարդասիրական համակարգի գոյությունից,

գ) իրավակարգը պահպանող յուրաքանչյուր պաշտոնատար անձ քրեական արդարադատության համակարգի մասն է, համակարգ, որի նպատակն է կանխել հանցագործություններն ու պայքարել դրանց դեմ, և որ այդ համակարգի յուրաքանչյուր պաշտոնատար անձի վարքագիծը ազդում է ամբողջ համակարգի վրա,

դ) կարգի պահպանության յուրաքանչյուր մարմնից, ցանկացած մասնագիտության հիմնական նախադրյալին համապատասխան, անհրաժեշտ է պահանջել ինքնահսկողություն իրականացնել սույն փաստաթղթում շարադրված սկզբունքներին ու նորմերին լիովին համապատասխան, և որ իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց գործողությունները պետք է մանրակրկիտ ստուգման ենթարկվեն հասարակայնության կողմից, ինչը կարող է իրականացվել կամ խորհրդի, նախարարության, դատախազության, դատարանի, օմբուդսմենի (խորհրդարանական վերահսկչի), քաղաքացիների կոմիտեի կամ այդ մարմինների ցանկացած զուգակցման կամ ցանկացած այլ հսկիչ մարմնի կողմից,

ե) նորմերն իբրև այդպիսիք գործնական արժեք չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դրանց բովանդակությունն ու նշանակությունը ուսուցման ու նախապատրաստման միջոցով և վերահսկողության իրականացմամբ չեն դառնա իրավակարգը պահպանող յուրաքանչյուր պաշտոնատար անձի հավատամքի մասը,

ընդունում է սույն բանաձևի հավելվածի բովանդակած Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագիրքը և որոշում է այն ուղարկել կառավարություններին` հանձնարարելով դրականորեն քննարկել ազգային օրենսդրության կամ գործելակերպի շրջանակներում այն որպես սկզբունքների ժողովածու օգտագործելու հարցը, սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց կողմից:

 

106-րդ լիագումար նիստ,

17 դեկտեմբերի, 1979 թվական

 

Հ ա վ ե լ վ ա ծ

 

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար

անձանց վարվելակերպի կանոնագիրք

 

ՀՈԴՎԱԾ 1.

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք, իրենց մասնագիտությանը համապատասխան բարձր պատասխանատվությամբ, մշտապես կատարում են օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, ծառայելով հանրությանը և բոլոր անձանց պաշտպանելով հակաօրինական գործողություններից:

 

Մեկնաբանություններ (110)

ա) «Իրավակարգը պաշտպանող անձինք» տերմինը ներառում է այն բոլոր նշանակված կամ ընտրովի պաշտոնատար անձանց, որոնք, կապված լինելով օրենքի կիրառման հետ, ունեն ոստիկանական, հատկապես իրավախախտներին ձերբակալելու լիազորություններ:

բ) Այն երկրներում, ուր ոստիկանական լիազորություններն իրականացնում են զինվորական իշխանությունների համազգեստով կամ քաղաքացիական հագուստով ներկայացուցիչները կամ պետական անվտանգության ուժերը, «իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք» հասկացությունն ընդգրկում է նման ծառայությունների աշխատակիցներին:

գ) Նկատի է առնված, որ հասարակությանը ծառայելը ներառում է, մասնավորապես, հանրության այն անդամներին ծառայություն մատուցելը կամ օգնելը, ովքեր անձնական, տնտեսական, սոցիալական կամ այլ արտակարգ բնույթի պատճառներով անհապաղ օգնության կարիք ունեն:

դ) Նկատի է առնված, որ այս դրույթն ընդգրկում է ոչ միայն բոլոր բռնի, կողոպտչական և այլ վնասակար գործողություններ, այլև տարածվում է քրեական օրենքներին համապատասխան սահմանված արգելքների բոլոր ձևերի վրա: Այս դրույթը տարածվում է նաև քրեական պատասխանատվություն կրելու անկարող անձանց վարքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2.

Իրենց պարտականությունները կատարելիս իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք հարգում և պաշտպանում են մարդկային արժանապատվությունը, սատարում ու պաշտպանում են մարդու իրավունքները բոլոր անձանց նկատմամբ:

 

Մեկնաբանություններ

ա) Նշված մարդու իրավունքները սահմանվում և պաշտպանվում են ազգային և միջազգային իրավունքով: Համապատասխան միջազգային փաստաթղթերից են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանելու մասին հռչակագիրը, Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին Միավորված ազգերի կազմակերպության հռչակագիրը, Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիան, Ապարտեիդի հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին միջազգային կոնվենցիան, Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և նրա համար պատիժ կրելու մասին կոնվենցիան, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիան:

բ) Ազգային մեկնաբանություններում սույն դրույթին կից պետք է մատնանշվեն այդ իրավունքները սահմանող ու պաշտպանող տարածաշրջանային և ազգային դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 3.

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք ուժ կարող են գործադրել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար:

 

Մեկնաբանություններ

ա) Սույն դրույթում ընդգծվում է, որ իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի կիրառումը պետք է բացառիկ բնույթ կրի, չնայած այն ենթադրում է, որ իրավակարգը պահպանող պաշտոնատար անձինք կարող են լիազորված լինել տվյալ իրավիճակներում տրամաբանորեն անհրաժեշտ ուժ գործադրել հանցագործությունը կանխելու, հանցագործներին կամ իրավախախտման մեջ կասկածվողներին օրինականորեն ձերբակալելու նպատակով կամ այդպիսի ձերբակալման ժամանակ օգնություն ցուցաբերելիս չի կարող կիրառվել այդ նպատակների համար անհրաժեշտ սահմանները գերազանցող ուժ:

բ) Ազգային օրենսդրությունը, իբրև կանոն, համամասնության սկզբունքի համաձայն, սահմանափակում է իրավակարգը պահպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի կիրառումը: Սա պետք է հասկանալ այնպես, որ սույն դրույթի մեկնաբանման ժամանակ պետք է հարգվեն համամասնության այդ ազգային սկզբունքները: Սույն դրույթը երբեք չպետք է մեկնաբանվի այնպես, թե իբր այն լիազորում է կիրառել այնպիսի ուժ, որն անհամաչափ է օրինականորեն հասանելի նպատակին:

գ) Հրազենի կիրառումը համարվում է ծայրահեղ միջոց: Պետք է բոլոր ջանքերը գործադրել, հատկապես երեխաների հանդեպ, հրազենի օգտագործումը բացառելու համար: Իբրև կանոն, հրազեն չպետք է կիրառել, բացի այն դեպքերից, երբ կասկածվող իրավախախտողը ցույց է տալիս զինված դիմադրություն կամ այլ կերպ վտանգում է ուրիշների կյանքը և երբ մյուս միջոցները, որոնք պակաս բացառիկ են, բավարար չեն կասկածվող իրավախախտողին զսպելու կամ ձերբակալելու համար: Հրազենի օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ պետք է տեղեկացնել իրավասու իշխանություններին:

 

ՀՈԴՎԱԾ 4.

Խորհրդապահական բնույթի տեղեկությունները, որոնք ստանում են իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք, գաղտնի են պահվում, եթե պարտականությունների կատարումը կամ արդարադատության կարիքները այլ բան չեն պահանջում:

 

Մեկնաբանություն

Իրավակարգը պահպանող պաշտոնատար անձինք, իրենց պարտականությունների բնույթին համապատասխան, ստանում են լրատվություն, որը կարող է վերաբերել այլ մարդկանց անձնական կյանքին կամ պոտենցիալ ձևով վնասել այդ մարդկանց շահերին և հատկապես նրանց հեղինակությանը: նման լրատվությունը պահպանելիս կամ օգտագործելիս պետք է մեծ զգուշություն հանդես բերել, այն հրապարակվում է միայն պարտականությունները կատարելու կամ արդարադատության նպատակներով: նման տեղեկության ցանկացած հրապարակումը այլ նպատակներով լիովին անօրինական է:

 

ՀՈԴՎԱԾ 5.

Ոչ մի իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձ չի կարող իրականացնել, հրահրել կամ հանդուրժել որևէ գործողություն, որն իրենից ներկայացնում է խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի այլ ձև: Իրավակարգը պահպանող ոչ մի պաշտոնատար անձ չի կարող հիմնվել վերադաս անձանց կարգադրությունների կամ այնպիսի բացառիկ իրավիճակների վրա, ինչպիսիք են պատերազմի առկայությունը կամ վտանգը, ազգային անվտանգության սպառնալիքը, ներքին քաղաքական անկայունությունը կամ ցանկացած այլ արտակարգ իրադրություն` արդարացնելու համար խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքն ու պատժաձևը:

 

Մեկնաբանություններ

ա) Այս արգելքը բխում է Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքից և պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանելու մասին Գլխավոր ասամբլեայի ընդունած հռչակագրից, ըստ որի` «(այդպիսի գործողությունը) վիրավորանք է մարդկային արժանապատվության նկատմամբ, դատապարտվում է իբրև Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակների խախտում և իբրև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մյուս փաստաթղթերում) հռչակված մարդու իրավունքների և հիմնական ազատությունների խախտում»:

բ) Հռչակագիրը խոշտանգումը սահմանում է հետևյալ կերպ.

«... խոշտանգում է կոչվում ցանկացած գործողություն, որի միջոցով պաշտոնատար անձի կողմից կամ նրա հրահրմամբ, անձին դիտավորյալ կերպով հասցվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն կորզելու, գործած կամ կասկածվող հանցանքի համար պատժելու, նրան կամ այլ անձանց վախեցնելու նպատակով: Այս մեկնաբանությունը չի ներառում միայն օրինական ազատազրկմամբ առաջացած ցավը կամ տառապանքը, նկատի առնելով դրան հատուկ կամ դրանից բխող իրավիճակն այնքանով, որքանով դա համատեղելի է Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների հետ» (111):

գ) «Դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի ձև» արտահայտությունը Գլխավոր ասամբլեան չի սահմանել, բայց հարկ է այն մեկնաբանել այնպես, որ, ըստ հնարավորի, առավել լայն ընձեռվի պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բնույթի չարաշահումներից:

 

ՀՈԴՎԱԾ 6.

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք լիովին ապահովում են ձերբակալվածների առողջության պաշտպանությունը, մասնավորապես, անհապաղ միջոցներ են ձեռք առնում անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ապահովելու համար:

 

Մեկնաբանություններ

ա) «Բժշկական օգնությունը» , որը ենթադրում է ցանկացած, ներառյալ հարկ եղած վկայագրեր ունեցող պրակտիկ բժիշկներին ու բժշկական օժանդակ անձնակազմը, բժշկական անձնակազմի կողմից կատարվող ծառայությունները, ցույց է տրվում անհրաժեշտության դեպքում կամ խնդրանքին ի պատասխան:

բ) Քանի որ սովորաբար իրավակարգը պահպանելու գործին կցված է բժշկական անձնակազմ, իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք պետք է հաշվի առնեն այդ անձնակազմի կարծիքը, երբ վերջիններս առաջարկում են բժշկական անձնակազմի միջոցով կամ իրավակարգի պահպանման գործին չմասնակցող բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելով, համապատասխան բժշկական օգնություն հատկացնել ձերբակալվածին:

 

ՀՈԴՎԱԾ 7.

Իրավակարգը պահպանող պաշտոնատար անձինք չեն կատարում կոռուպցիայի որևէ գործողություն: Նրանք նաև համակողմանիորեն խոչընդոտում են նմանօրինակ ամեն մի գործողության և պայքարում են նրա դեմ:

 

Մեկնաբանություններ

ա) Ամեն մի կոռուպցիոն գործողություն, ինչպես նաև իշխանության ցանկացած այլ չարաշահում, անհամատեղելի է իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձի ծառայողական կարգավիճակի հետ: Կոռումպացված ցանկացած իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձի նկատմամբ օրենքը պետք է կիրառվի ամբողջ խստությամբ, քանզի կառավարությունները չեն կարող քաղաքացիներից սպասել իրավակարգի պահպանում, եթե իրենք չեն կարող կամ չեն ուզում ապահովել օրինականության պահպանումն իրենց իսկ պաշտոնատար անձանց կողմից և իրենց հիմնարկների շրջանակներում:

բ) Թեև կոռուպցիա հասկացությունը պետք է որոշակիացվի ազգային իրավունքին համաձայն, անհրաժեշտ է հասկանալ, որ այն ընդգրկում է պարտականությունները իրականացնելիս կամ այդ պարտականությունների պատճառով պահանջած կամ ընդունած նվերների, խոստումների կամ այլ դրդապատճառների հետևանքով որևէ գործողություն կատարելը կամ չկատարելը, կամ դրանց ստացումն ամեն անգամ, երբ համանման գործողությունը կատարվում է կամ չի կատարվում:

գ) «Կոռուպցիոն գործողություն» արտահայտությունը, որի մասին վերևում խոսվեց, պետք է հասկանալ իբրև կաշառք տալու ընդգրկուն փորձ:

 

ՀՈԴՎԱԾ 8.

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք հարգում են օրենքն ու սույն կանոնագիրքը: Օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները, նրանք նաև կանխում են դրանց խախտումը և ամեն կերպ խոչընդոտում դրանց:

Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար այն անձինք, ովքեր հիմք ունեն ենթադրելու, թե կատարվել է կամ կկատարվի սույն կանոնագրքի խախտում, այդ մասին տեղեկացնում են վերադաս ատյաններին, իսկ անհրաժեշտության դեպքում, հսկողության ու իրավական վերահսկողության լիազորություններ ունեցող համապատասխան այլ ատյանների ու մարմինների:

 

Մեկնաբանություններ

ա) Սույն կանոնագիրքը հաշվի է առնվում բոլոր դեպքերում, երբ այն ներառվում է ազգային օրենսդրության կամ պրակտիկայի մեջ: Եթե օրենսդրությունը կամ պրակտիկան նախատեսում են առավել խիստ դրույթներ, քան սույն կանոնագրքի դրույթները, այդ դեպքում իրականացվում են առաջինները:

բ) Սույն հոդվածը կոչված է պահպանելու հավասարակշռությունը մի կողմից այն հիմնարկում ներքին կարգուկանոնի անհրաժեշտության, որից մեծապես կախված է հասարակական անվտանգությունը, և մյուս կողմից` մարդու հիմնական իրավունքների խախտման դեմ պայքարի անհրաժեշտության միջև: Իրավակարգը պատպանող պաշտոնատար անձինք խախտումների մասին տեղեկացնում են ատյաններին և ձեռնարկում ատյանների շրջանակներից դուրս իրավական այլ գործողություններ լոկ այն դեպքում, երբ մնացած բոլոր հնարավորությունները բացակայում են կամ արդյունավետ չեն: Հասկանալի է, որ իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք ենթակա չեն պատժի վարչական կամ այլ միջոցների` սույն կանոնագրքի խախտումների կատարման հնարավորության մասին հայտնելու համար:

գ) «Հսկողության և իրավական վերահսկողության լիազորություններ ունեցող համապատասխան ատյաններ կամ մարմիններ» հասկացությունը ներառում է ցանկացած հիմնարկ կամ մարմին, որը, ինչպես կարգը պահպանող հիմնարկի շրջանակներում, այնպես էլ նրանից անկախ, ազգային իրավունքի հիման վրա` օրենսդրական, սովորական և այլ լիազորություններով իրականացնում է սույն Կոդեքսի գործողության ոլորտում խախտումների հետ կապված բողոքների ու հայցերի քննարկումը:

դ) Որոշ երկրներում զանգվածային լրատվության միջոցները կարող են դիտվել իբրև վերոհիշյալ գ ենթակետում նկարագրված բողոքները քննարկելու գործառություն ունեցող հիմնարկներ: Ուստի իրավակարգը պահպանող պաշտոնատար անձինք կարող են հիմնավորված կերպով, իբրև ծայրահեղ միջոց, իրենց սեփական երկրների օրենքների ու սովորույթների, ինչպես նաև սույն կանոնագրքի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն, զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խախտումների վրա:

ե) Սույն կանոնագրքի դրույթներին հետևող իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք արժանի են հարգանքի, լիակատար աջակցության և համագործակցության թե՛ իրավակարգը պահպանող հիմնարկների կողմից, որտեղ իրենք ծառայում են, ինչպես նաև այն անձանց կողմից, ովքեր զբաղված են իրավակարգի պահպանմամբ:

 

108. Բանաձև 217 Ա (III)

109. Բանաձև 2200 Ա (XXI)

110. Սույն մեկնաբանությունները տեղեկատվություն են տալիս` ազգային օրենսդրության և գործելակերպի շրջանակներում կանոնագրքի կիրառմանը օժանդակելու համար: Բացի այդ` ազգային կամ տարածաշրջանային մեկնաբանություններում կարող են երևան գալ տարբեր պետությունների կամ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների իրավական համակարգերի կամ գործելակերպի յուրօրինակ առանձնահատկություններ, որոնք կարող են նպաստել կանոնագրքի կիրառմանը:

111. Միավորված ազգերի կազմակերպության առաջին Կոնգրեսը` նվիրված հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվելակերպին. Քարտուղարության պատրաստած զեկուցումը (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է 1956, IY, 4 համարի տակ):

 

 

pin
ՄԱԿ
17.12.1979
N 34/169
Միջազգային պայմանագիր