Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

 

ՀԵԼՍԻՆԿԻ, 1975

 

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունը, որն սկսվեց Հելսինկիում` 1973 թվականի հուլիսի 3-ին և շարունակվեց Ժնևում` 1973 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1975 թվականի հուլիսի 21-ը, ավարտվեց Հելսինկիում, 1975 թվականի օգոստոսի 1-ին` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության, Դանիայի, Թուրքիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կանադայի Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սրբազան գահի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի Բարձր ներկայացուցիչների կողմից:

Խորհրդակցության սկզբնական և եզրափակիչ փուլերի ժամանակ նրա մասնակիցների առջև, որպես պատվավոր հյուր, ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը: Խորհրդակցության երկրորդ փուլի ընթացքում իրենց ավանդը ներդրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

Խորհրդակցության երկրորդ փուլի նիստերի ժամանակ օրակարգի տարբեր կետերի առթիվ ավանդ ներդրեցին նաև չմասնակցող միջերկրածովյան հետևյալ պետությունների` Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Թունիսի Հանրապետության, Իսրայելի, Մարոկոյի թագավորության, Սիրիայի Արաբական Հանրապետության ներկայացուցիչները:

Ոգեշնչված լինելով, ի շահ ժողովուրդների, նրանց հարաբերությունները բարելավելու և ակտիվացնելու, Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը, ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը, ինչպես նաև նրանց և աշխարհի մյուս պետությունների մերձեցմանը աջակցելու քաղաքական կամքով,

այս կապակցությամբ տոգորված լինելով վճռականությամբ` լիակատար արդյունավետություն հաղորդելու խորհրդակցության արդյունքներին և ապահովելու այդ արդյունքներից բխող պտուղների իրագործումը իրենց պետությունների միջև և ամբողջ Եվրոպայում, և դրանով իսկ ընդլայնելու, խորացնելու և շարունակական ու կայուն դարձնելու լարվածության թուլացման գործընթացը,

մասնակից պետությունների Բարձր ներկայացուցիչները հանդիսավորությամբ ընդունեցին հետևյալը.

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

ցանկանալով նպաստել ժողովուրդների միջև խաղաղությանն ու փոխըմբռնմանը և մարդ անհատի հոգևոր հարստացմանը` առանց ռասայի, սեռի, լեզվի և կրոնի խտրության,

գիտակցելով, որ մշակույթի և կրթության բնագավառի կապերի զարգացումը, լրատվության ավելի լայն տարածումը, մարդկանց շփումները և հասարակական խնդիրների կարգավորումը կնպաստեն այդ նպատակների իրականացմանը,

ուստի համակված լինելով վճռականությամբ համագործակցելու միմյանց հետ` անկախ իրենց քաղաքական, տնտեսական ու սոցիալական համակարգերից, որպեսզի լավագույն պայմաններ ստեղծեն վերը նշված բնագավառներում, զարգացնեն և ամրապնդեն համագործակցության գոյություն ունեցող ձևերը, ինչպես նաև մշակեն այդ նպատակներին համապատասխանող նոր ուղիներ ու միջոցներ,

համոզված լինելով, որ այդ համագործակցությունը պետք է իրականացվի մասնակից պետությունների փոխհարաբերությունները կարգավորող սկզբունքների լրիվ պահպանմամբ, ինչպես որ դրանք շարադրված են համապատասխան փաստաթղթում,

ընդունեցին հետևյալը.

 

1. Շփումներ մարդկանց միջև

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

քննարկելով շփումների` որպես ժողովուրդների բարեկամական հարաբերությունների և վստահության կարևոր տարրի զարգացումը,

հավաստելով այդ բնագավառում պայմանները բարելավելու իրենց ներկայիս ջանքերի հետ կապված այն կարևոր նշանակությունը, որ նրանք տալիս են մարդասիրական նկատառումներին,

ցանկանալով այդ ոգով այսուհետև էլ լարվածության թուլացման գործընթացի զարգացման համեմատ ջանքեր գործադրել` այդ բնագավառում հետագա առաջընթացի նպատակով

և գիտակցելով, որ դրան վերաբերող հարցերը պետք է շահագրգիռ պետությունների կողմից կարգավորվեն փոխադարձաբար ընդունելի պայմաններով,

իրենց առջև նպատակ են դնում դյուրացնել ավելի ազատ տեղաշարժը և անհատական ու կոլեկտիվ, ոչ պաշտոնական և պաշտոնական հիմքի վրա շփումները մասնակից պետությունների մարդկանց, հիմնարկների և կազմակերպությունների միջև և օժանդակել տվյալ բնագավառում ծագող մարդասիրական բնույթի հարցերի լուծմանը,

հայտարարում են, որ իրենք պատրաստ են այդ նպատակով ձեռնարկել միջոցներ, որոնք իրենք հարմար կգտնեն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, միմյանց միջև համաձայնագրեր կնքել կամ պայմանավորվածությունների հասնել և

արտահայտում են իրենց մտադրությունը ներկայումս ձեռնամուխ լինել ներքոշարադրյալի իրականացմանը.

 

ա) Շփումներ և կանոնավոր հանդիպումներ ընտանեկան կապերի հիման վրա

 

Ընտանեկան կապերի հիման վրա շփումների հետագա զարգացմանը նպաստելու նկատառումով մասնակից պետությունները բարյացակամորեն կքննարկեն իրենց ընտանիքների անդամների հետ հանդիպելու համար մարդկանց ժամանակավոր և, եթե ցանկանում են, կանոնավոր հիմքի վրա իրենց տարածք մուտք գործելու կամ այնտեղից մեկնելու թույլտվության մասին խնդրանքները:

Իրենց ընտանիքների անդամների հետ հանդիպելու համար ժամանակավոր ուղևորությունների մասին դիմումները կքննարկվեն անկախ այն երկրից, որտեղից մեկնում կամ որտեղ մուտք են գործում ուղևորության փաստաթղթերի և այցեհրավերների ձևակերպման գոյություն ունեցող կարգը կկիրառվի այդ ոգով: Այդ փաստաթղթերի և այցեհրավերների ձևակերպումն ու հանձնումը կիրականացվեն խելամիտ ժամկետներում. շտապ անհրաժեշտության դեպքերում` (ինչպես, օրինակ, լուրջ հիվանդությունը, մահը) արտահերթ կարգով: Նրանք քայլեր կձեռնարկեն, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու համար գանձումների ընդունելի մակարդակը` պաշտոնական ուղևորության փաստաթղթեր և այցեհրավերներ տալու համար:

Նրանք հավաստում են, որ ընտանեկան կապերի հիման վրա շփումներին վերաբերող խնդրագրի հանձնումը չի հանգեցնի խնդրագիր տված անձի կամ նրա ընտանիքի անդամների իրավունքների ու պարտականությունների փոփոխման:

 

բ) Ընտանիքների վերամիավորում

 

Մասնակից պետությունները դրական և մարդասիրական ոգով կքննարկեն այն անձանց խնդրանքները, որոնք ցանկանում են վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ, հատուկ ուշադրություն դարձնելով շտապ բնույթի միջնորդություններին, ինչպիսիք են հիվանդներից կամ զառամյալներից ստացվող խնդրագրերը:

Նրանք այդ խնդրագրերը կքննարկեն հնարավորին չափ արագ:

Նրանք, անհրաժեշտության դեպքում, կնվազեցնեն այդ խնդրագրերի առնչությամբ գանձվող տուրքերը, որպեսզի ապահովեն դրանց չափավոր մակարդակը:

Ընտանիքների վերամիավորման մասին չբավարարված խնդրագրերը կարող են նորից տրվել համապատասխան մակարդակով և քննության կառնվեն կարճ ժամանակ անց, համապատասխան բնակության երկրի կամ ընդունող երկրների իշխանությունների կողմից. նման հանգամանքներում տուրքերը կգանձվեն միայն խնդրանքի բավարարման դեպքում:

Այն անձինք, որոնց ընտանիքների հետ վերամիավորվելու խնդրագրերը կբավարարվեն, կարող են իրենց հետ տանել կամ առաքել տնային գործածության և անձնական օգտագործման իրեր. այդ նպատակով մասնակից պետությունները կօգտագործեն գոյություն ունեցող կանոնների բովանդակած հնարավորությունները:

Քանի դեռ նույն ընտանիքի անդամները չեն միավորվել, նրանց հանդիպումներն ու շփումները կարող են իրականացվել ընտանեկան կապերի հիման վրա, շփումների համար նախատեսված կարգին համապատասխան:

Մասնակից պետությունները կպաշտպանեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի այն ընկերությունների ջանքերը, որոնք զբաղվում են ընտանիքների վերամիավորման խնդիրներով:

Նրանք հավաստում են, որ ընտանիքների վերամիավորման խնդրագրերի հանձնումը չի հանգեցնի խնդրագիր տված անձի կամ նրա ընտանիքի անդամների իրավունքների ու պարտականությունների փոփոխման:

Ընդունող մասնակից պետությունը համապատասխանաբար հոգատարություն կդրսևորի ուրիշ մասնակից պետություններից այն անձանց աշխատանքի տեղավորելու նկատմամբ, որոնք այդ պետություն են ժամանում ընտանիքների վերամիավորման շրջանակներում նրա քաղաքացիների հետ մշտապես բնակվելու համար, և հոգ կտանեն այն մասին, որ նրանց տրվեն սեփական քաղաքացիների հետ կրթություն, բուժօգնություն և սոցիալական ապահովություն ստանալու հավասար հնարավորություններ:

 

գ) Ամուսնություններ տարբեր պետությունների քաղաքացիների միջև

 

Մասնակից պետությունները բարյացակամորեն և մարդասիրական նկատառումների հիման վրա կուսումնասիրեն այն անձանց մուտք գործելու և մեկնելու թույլտվությունների խնդրագրերը, որոնք որոշել են ամուսնանալ այլ մասնակից պետության քաղաքացու հետ:

Վերոհիշյալ նպատակների և ամուսնանալու համար պահանջվող փաստաթղթերի ձևակերպումն ու հանձնումը կիրականացվեն ընտանիքների վերամիավորման վերաբերյալ ընդունված դրույթներին համապատասխան:

Մասնակից տարբեր պետություններից արդեն ամուսնական կապերի մեջ մտած ամուսիններից ստացված այն խնդրագրերը քննարկելիս, որ իրենց և իրենց ամուսնությունից անչափահաս երեխաներին հնարավորություն ընձեռվի իրենց մշտական բնակության վայրը տեղափոխելու այն պետություն, որտեղ սովորաբար ապրում է նրանցից մեկը, մասնակից պետությունները նույնպես կկիրառեն ընտանիքների միավորման վերաբերյալ ընդունված դրույթները:

 

դ) Ուղևորություններ անձնական կամ մասնագիտական պատճառներով

 

Մասնակից պետությունները մտադիր են նպաստել անձնական կամ մասնագիտական պատճառներով իրենց քաղաքացիների կողմից ուղևորություններ իրականացնելու ավելի լայն հնարավորություններին, և այդ նպատակով նրանք մտադիր են մասնավորապես`

. աստիճանաբար պարզեցնել և ճկունորեն կիրառել երկրից մեկնելու և երկիր մուտք գործելու կարգը.

. դյուրացնել մասնակից այլ պետություններից իրենց տարածքով քաղաքացիների երթևեկության կարգը` պատշաճ կերպով հաշվի առնելով անվտանգության պահանջները:

Նրանք կձգտեն, որտեղ անհրաժեշտ է, աստիճանաբար նվազեցնել այցեհրավերների և ուղևորության պաշտոնական փաստաթղթերի համար գանձվող տուրքերը:

Նրանք մտադիր են, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրել հյուպատոսական ծառայության երկկողմ գործելակերպի, այդ թվում` իրավաբանական և հյուպատոսական օգնության միջոցները, ներառյալ, որքանով որ դա նպատակահարմար է, բազմակողմ կամ երկկողմ հյուպատոսական կոնվենցիաներ կամ համապատասխան այլ համաձայնագրեր կնքելն ու պայմանավորվածություններ ձեռք բերելը:

 

*  *  *

 

Նրանք հավաստում են, որ մասնակից պետությունների սահմանադրական շրջանակներում գործող կրոնական պաշտամունքները, հիմնարկներն ու կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները կարող են իրենց գործունեության ոլորտում շփումներ ու հանդիպումներ իրականացնել իրենց միջև և տեղեկատվություն փոխանակել:

 

ե) Անհատական կամ կոլեկտիվ հիմքի վրա զբոսաշրջության պայմանների բարելավում

 

Մասնակից պետությունները այն կարծիքին են, որ զբոսաշրջությունը նպաստում է ավելի լիակատար գիտելիքների ձեռքբերմանը ուրիշ երկրների կյանքի, մշակույթի և պատմության մասին, ժողովուրդների փոխըմբռնման աճին, շփումների բարելավմանը և ժամանցի ավելի լայն օգտագործմանը: Նրանք մտադիր են նպաստել զբոսաշրջության զարգացմանը անհատական կամ կոլեկտիվ հիմքի վրա և մասնավորապես նկատի ունեն`

. օժանդակել իրենց երկրներ ձեռնարկվող ուղևորություններին, խրախուսելով համապատասխան հնարավորություններ տրամադրելը, ինչպես նաև նման ուղևորություններին վերաբերող անհրաժեշտ ձևականությունների պարզեցումն ու արագացումը.

. համապատասխան համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա, որտեղ անհրաժեշտ է, ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության զարգացման գործում, մասնավորապես երկկողմ տեսանկյունից քննարկել դեպի այլ երկրներ կատարվող ուղևորություններին, զբոսաշրջիկների ընդունմանն ու սպասարկմանը վերաբերող տեղեկատվության մեծացման հնարավոր ուղիները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան այլ հարցեր:

 

զ) Երիտասարդական հանդիպումներ

 

Մասնակից պետությունները մտադիր են նպաստել երիտասարդության շփումների և փոխանակումների զարգացմանը, խրախուսելով`

. մասնագիտական պատրաստություն անցնող աշխատավոր կամ սովորող երիտասարդության փոխանակումների և շփումների ընդլայնումը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հիմքի վրա` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կամ կանոնավոր ծրագրերի միջոցով այն բոլոր դեպքերում, որտեղ դա հնարավոր է թվում.

. իրենց երիտասարդական կազմակերպությունների կողմից հնարավոր համաձայնագրերի հարցի ուսումնասիրումը, որոնք վերաբերում են երիտասարդության բազմակողմանի համագործակցության ձևերին.

. այն համաձայնագրերը կամ կանոնավոր ծրագրերը, որոնք վերաբերում են ուսանողների փոխանակման, միջազգային երիտասարդական սեմինարների, մասնագիտական ուսուցման դասընթացների և օտար լեզուների յուրացման դասընթացների կազմակերպմանը.

. երիտասարդական զբոսաշրջության հետագա զարգացումը և համապատասխան արտոնությունների տրամադրումը այդ նպատակի համար.

. մասնագիտական պատրաստություն անցնող աշխատավոր և սովորող երիտասարդության լայն խավերը ներկայացնող իրենց կազմակերպությունների միջև փոխանակումների, շփումների զարգացումը, որտեղ դա հնարավոր է, երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա.

. ժողովուրդների փոխըմբռնման, բարեկամական հարաբերությունների և վստահության ամրապնդման կարևորության գիտակցումը երիտասարդության կողմից:

 

է) Սպորտի մասին

 

Սպորտի բնագավառում գոյություն ունեցող կապերի և համագործակցության ընդլայնման նպատակով մասնակից պետությունները կխրախուսեն համապատասխան շփումներն ու փոխանակումները, ներառյալ մարզական հանդիպումներն ու բոլոր մարզաձևերից մրցումները, որոնք անց են կացվում հանրաճանաչ միջազգային կանոնների, կանոնադրությունների և պրակտիկայի հիման վրա:

 

ը) Շփումների ընդլայնում

 

Պետական հիմնարկների, ոչ կառավարական և հասարակական, ներառյալ կանանց կազմակերպությունների հետագա զարգացման կարգով մասնակից պետությունները կդյուրացնեն հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պատվիրակությունների, խմբերի և առանձին անձանց ուղևորությունների իրականացումը:

 

2. Տեղեկատվություն

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

գիտակցելով մյուս մասնակից պետությունների կյանքի տարբեր կողմերը հետզհետե ավելի լավ ճանաչելու և ըմբռնելու պահանջը,

նշելով այդ գործընթացի ներդրումը ժողովուրդների միջև վստահության աճի հարցում,

ցանկանալով մասնակից պետությունների փոխըմբռնման զարգացման և նրանց փոխհարաբերությունների հետագա բարելավման հետ մեկտեղ այսուհետև էլ շարունակել ջանքերը` այդ բնագավառում առաջընթացի հասնելու նպատակով,

նշելով մյուս մասնակից պետություններից ստացվող տեղեկատվության տարածման և այդ տեղեկատվությանը լավագույնս ծանոթացնելու կարևորությունը,

ուստի և ընդգծելով մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության, կինոյի և հեռագրական գործակալությունների և այդ բնագավառներում աշխատող լրագրողների էական ու ազդեցիկ դերը,

իրենց առջև նպատակ են դնում է՛լ ավելի ազատորեն ու լայնորեն տարածել տեղեկատվության բոլոր ձևերը, խրախուսել համագործակցությունը լրատվության բնագավառում և ուրիշ երկրների հետ լրատվության փոխանակումը և բարելավել այն պայմանները, որոնցում մի մասնակից պետության լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում մեկ այլ մասնակից պետությունում, և

արտահայտում են իրենց մտադրությունը, մասնավորապես`

 

ա) Տեղեկատվության տարածման մատչելիության և փոխանակման բարելավում

 

ա. 1) Բանավոր տեղեկատվություն

. Նպաստել բանավոր տեղեկատվության տարածմանը` խրախուսելով ուրիշ մասնակից պետությունների աչքի ընկնող գործիչների և մասնագետների դասախոսություններն ու դասախոսական ուղևորությունները, ինչպես նաև կարծիքների փոխանակումը` կլոր սեղանի, սեմինարների, գիտաժողովների, ամառային դասընթացների, կոնգրեսների և այլ երկկողմ և բազմակողմ հանդիպումների ձևով:

 

ա. 2) Տպագիր տեղեկատվություն

. Նպաստել ուրիշ մասնակից պետությունների պարբերական և ոչ պարբերական թերթերի ու տպագիր հրատարակությունների տարածման բարելավմանը իրենց տարածքում: Այդ նպատակով`

նրանք կխրախուսեն իրենց ֆիրմաներին և իրավասու կազմակերպություններին` կնքել համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք նպատակամղված լինեն մյուս մասնակից պետություններից ներմուծվող թերթերի ու տպագիր հրատարակությունների քանակի և անվանումների թվի աստիճանական ավելացմանը: Ցանկալի է, որ այդ համաձայնագրերում և պայմանագրերում նշվեն մասնավորապես շուտափույթ փոխադրման պայմանները, յուրաքանչյուր երկրում սովորաբար գոյություն ունեցող նրա տպագիր հրատարակությունների և թերթերի տարածման ուղիների օգտագործումը, ինչպես նաև կողմերի միջև համաձայնեցված վճարային հաշվարկների ձևերն ու եղանակները, որոնք թույլ են տալիս իրականացնել այդ համաձայնագրերի և պայմանագրերի նպատակները.

այնտեղ, որտեղ անհրաժեշտ է թվում` նրանք համապատասխան միջոցներ կձեռնարկեն վերոհիշյալ նպատակներն ու համաձայնագրերի ու պայմանագրերի դրույթները իրականացնելու համար:

. Նպաստել հասարակայնության համար վերը նշված հիմքի վրա ներմուծվող պարբերական և ոչ պարբերական տպագիր հրատարակությունների մատչելիության բարելավմանը: Մասնավորապես`

նրանք կխրախուսեն նման հրատարակությունների վաճառման կետերի թվի ընդլայնումը.

կդյուրացնեն այդ պարբերական հրատարակությունների առաջարկը կոնգրեսներ, խորհրդաժողովներ, պաշտոնական այցեր ու միջազգային այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ և զբոսաշրջիկներին` զբոսաշրջության շրջանի ժամանակ.

կընդլայնեն յուրաքանչյուր երկրին ներհատուկ կանոնների հիման վրա բաժանորդագրության հնարավորությունը.

կբարելավեն այդ հրատարակությունները ժամանակավոր օգտագործման և ընթերցման տրամադրելու հնարավորությունը հանրային խոշոր գրադարաններում և նրանց ընթերցասրահներում, ինչպես նաև համալսարանական գրադարաններում:

Նրանք մտադիր են բարելավել պաշտոնական լրատվության տեղեկագրերին ծանոթանալու հնարավորությունները, որ թողարկում են դիվանագիտական ներկայացուցչությունները և տարածվում են այդ ներկայացուցչությունների միջոցով` շահագրգիռ կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների հիման վրա:

 

ա. 3) Կինոտեղեկատվություն, ռադիոհեռուստատեսային լրատվություն

. Նպաստել կինոտեղեկատվության և ռադիոհեռուստատեսային լրատվության տարածման բարելավմանը: Այդ նպատակով`

նրանք կխրախուսեն ժապավենի վրա նկարահանված առավել բազմազան լրատվության ցուցադրման ու հաղորդման ընդլայնումը ուրիշ մասնակից պետություններից, որն արտացոլում է նրանց երկրների կյանքի տարբեր կողմերը և որն ստացվում է այնպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կարող են անհրաժեշտ լինել անմիջականորեն շահագրգռված կազմակերպությունների ու ֆիրմաների միջև.

Նրանք կդյուրացնեն ուրիշ մասնակից պետություններից ժապավենի վրա տեսագրված լսատեսողական նյութերի ներմուծումը իրավասու կազմակերպությունների ու ֆիրմաների կողմից:

Մասնակից պետությունները նշում են ռադիոլրատվության տարածման ընդլայնումը և հույս հայտնում այդ գործընթացը շարունակելու այնպես, որ դա համապատասխանի ժողովուրդների փոխըմբռնման շահերին և սույն խորհրդակցության սահմանած նպատակներին:

 

բ) Համագործակցություն տեղեկատվության բնագավառում

 

. Խրախուսել տեղեկատվության բնագավառի համագործակցությունը կարճատև կամ երկարատև համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա: Մասնավորապես`

նրանք կնպաստեն ավելի լայն համագործակցությանը, զանգվածային լրատվության մարմինների, այդ թվում հեռագրական գործակալությունների, հրատարակչությունների և հրատարակչական կազմակերպությունների միջև.

կնպաստեն ռադիոհաղորդման և հեռուստատեսային կազմակերպությունների` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ազգային ու միջազգային ռադիոհաղորդման և հեռուստատեսային կազմակերպությունների համագործակցությանը, մասնավորապես` ուղղակի կամ տեսաձայնագրված ռադիոհեռուստատեսային ծրագրերի փոխանակման, նման ծրագրերի համատեղ պատրաստման ու տարածման միջոցով.

կխրախուսեն մասնակից պետությունների ինչպես լրագրողների կազմակերպությունների, այնպես էլ լրագրողների հանդիպումներն ու շփումները.

բարեհաճ կվերաբերվեն մասնակից պետությունների պարբերական հրատարակությունների միջև, ներառյալ լրագրերը, հոդվածները և դրանց հրապարակումների փոխանակման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությանը.

կխրախուսեն տեխնիկական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև համատեղ հետազոտությունների անցկացումը և մասնագետների հանդիպումների անցկացումը մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառի փորձի ու կարծիքների փոխանակման շուրջ:

 

գ) Լրագրողների աշխատապայմանների բարելավում

 

Մասնակից պետությունները, ձգտելով հասնել այն պայմանների բարելավմանը, երբ մասնակից պետություններից մեկի լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում մեկ այլ մասնակից պետությունում, մասնավորապես նկատի ունեն`

. բարյացակամ ոգով ուսումնասիրել այցեհրավերներ տալու լրագրողների խնդրանքները` հարմար և խելամիտ ժամկետներում.

. պայմանավորվածության հիման վրա բազմակի մուտք ու ելքի այցեհրավերներ տրամադրել մասնակից պետությունների մշտապես հավատարմագրված լրագրողներին.

. դյուրացնել մասնակից պետությունների հավատարմագրված լրագրողներին ժամանակավորապես նրանց գտնվելու երկրում բնակության թույլտվություն տալը և, եթե և երբ այդպիսիք անհրաժեշտ են, նրանց հարկ եղած այլ պաշտոնական փաստաթղթեր տալը.

. փոխադարձ հիման վրա դյուրացնել մասնակից պետությունների լրագրողների ուղևորությունների ձևակերպման ընթացակարգերը այն երկրում, որտեղ նրանք իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը, և աստիճանաբար մեծ հնարավորություններ ընձեռել նման ուղևորությունների համար` պահպանելով այն կանոնները, որոնք կապված են անվտանգության նկատառումներով փակ շրջանների առկայության հետ.

. ապահովել, որ նման ուղևորությունների մասին այդպիսի լրագրողների խնդրանքներին պատասխան տրվի հնարավորին չափ արագ, նկատի առնելով հարցման ժամկետը.

. մեծացնել իրենց տեղեկատվության աղբյուրների, ներառյալ կազմակերպությունների և պաշտոնական հիմնարկների հետ մասնակից պետությունների լրագրողների հետ անձնական շփման հնարավորությունները.

. մասնակից պետությունների լրագրողներին իրավունք տալ ներմուծել (միայն հետագայում դուրս տանելու պայմանով) տեխնիկական սարքավորումներ (լուսանկարչական, կինոնկարահանման, մագնիտաֆոնային, ռադիոհեռուստատեսային), որոնք անհրաժեշտ են նրանց մասնագիտական գործունեության իրականացման համար*.

. մյուս մասնակից պետությունների լրագրողներին, լինեն նրանք մշտապես կամ ժամանակավորապես հավատարմագրված, հնարավորություն ընձեռել մասնակից պետությունների կողմից ճանաչված հաղորդակցության ուղիներով նրանց ներկայացրած տեղեկատվության մարմիններ փոխանցելու նրանց մասնագիտական գործունեության արդյունքները, ներառյալ մագնիտաֆոնային ձայնագրություններն ու չերևակված ժապավենը` հրապարակելու կամ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հաղորդելու նպատակով:

Մասնակից պետությունները հավաստում են, որ լրագրողները չեն կարող ենթարկվել արտաքսման կամ այլ կերպ պատժվել իրենց մասնագիտական գործունեության օրինական իրականացման հետևանքով: Հավատարմագրված լրագրողին արտաքսելու դեպքում նա իրազեկ կպահվի դրա պատճառների մասին և կարող է դիմել իր գործի վերանայման խնդրանքով:

 

_____________

* Ընդունելով, որ շատ դեպքերում օտարերկրյա լրագրողները օգտագործում են համապատասխան տեղական անձնակազմին, մասնակից պետությունները նշում են, որ վերը շարադրված դրույթները կկիրառվեն ուրիշ մասնակից պետությունների անձանց նկատմամբ հարմար կանոնների կիրառման դեպքում, որոնք կանոնավոր կերպով և իրենց մասնագիտության բերումով աշխատում են որպես մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի տեխնիկներ, լուսանկարիչներ և օպերատորներ:

 

3. Համագործակցություն և փոխանակումներ մշակույթի բնագավառում

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

այն կարծիքին լինելով, որ մշակութային փոխանակումներն ու համագործակցությունը նպաստում են մարդկանց և ժողովուրդների լավագույն փոխըմբռնմանը և այդպիսով նպաստում պետությունների փոխհամաձայնության ամրապնդմանը,

հավաստելով բազմակողմանի առումով արդեն համաձայնեցված հետևություններն այդ բնագավառում, մասնավորապես Եվրոպայի մշակույթի բնագավառի քաղաքականությանը նվիրված միջկառավարական խորհրդաժողովում, որը 1972 թվականի հունիսին Հելսինկիում կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որտեղ հետաքրքրություն էր դրսևորվել ավելի ու ավելի բազմազան մշակութային կյանքին հասարակության ամենալայն խավերի եռանդագին մասնակցության նկատմամբ,

ցանկանալով մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության զարգացման և հարաբերությունների հետագա բարելավման հետ մեկտեղ այսուհետև էլ շարունակել ջանքերը` այդ բնագավառում առաջընթացի հասնելու նպատակով,

այդ ոգով պատրաստակամություն հայտնելով էապես մեծացնել նրանց մշակութային փոխանակումները ինչպես մարդկանց, այնպես էլ ստեղծագործությունների նկատառումով, և զարգացնել նրանց եռանդուն համագործակցությունը մշակույթի բոլոր բնագավառներում` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիման վրա.

համոզված լինելով, որ նրանց փոխհարաբերությունների նման ամրապնդումը կնպաստի համապատասխան մշակույթների հարստացմանը` հարգելով յուրաքանչյուրի ինքնատիպությունը, ինչպես նաև ընդհանուր արժեքների գիտակցման ամրապնդումը նրանց միջև` աշխարհի ուրիշ երկրների հետ մշակութային համագործակցության հետագա զարգացմամբ հանդերձ,

հայտարարում են, որ իրենց առջև համատեղ դնում են հետևյալ նպատակները.

ա) զարգացնել փոխադարձ տեղեկատվությունը` մշակույթի նվաճումներին միմյանց լավագույնս ծանոթացնելու նպատակով,

բ) բարելավել մշակութային արժեքների փոխանակման ու տարածման նյութական հնարավորությունները,

գ) նպաստել մշակույթի համապատասխան նվաճումների մատչելիությանը բոլորի համար,

դ) զարգացնել մշակույթի գործիչների շփումներն ու համագործակցությունը,

ե) գտնել մշակութային համագործակցության նոր բնագավառներ ու ձևեր,

դրանով իսկ ցուցադրում են իրենց ընդհանուր ձգտումը` աստիճանաբար հետևողական երկարաժամկետ գործողություններ ձեռնարկել սույն հռչակագրի նպատակներին հասնելու համար, և

իրենց մտադրությունն են հայտնում ներկայումս ձեռնամուխ լինել հետևյալի իրականացմանը.

 

Կապերի ընդլայնում

 

Տարբեր մակարդակներով ընդլայնել և բարելավել համագործակցություններն ու կապերը մշակույթի բնագավառում, մասնավորապես`

. համապատասխան դեպքերում համաձայնագրեր կնքել երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա, որոնք կնախատեսեն կապերի ընդլայնում մշակույթի բնագավառի իրավասու պետական հիմնարկների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև մշակույթի գործիչների միջև, հաշվի առնելով գոյություն ունեցող համաձայնագրերի ինչպես ճկունության, այնպես էլ լրիվ օգտագործման հնարավորությունը, և նկատի ունենալով, որ համաձայնագրերը, ինչպես նաև մյուս պայմանավորվածությունները մշակութային համագործակցության և փոխանակումների զարգացման կարևոր միջոց են.

. օժանդակել համապատասխան պետական հիմնարկների և ոչ կառավարական կազմակերպությունների անմիջական կապերի ու համագործակցության զարգացմանը, ներառյալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այնպիսի կապերն ու համագործակցությունը, որոնք իրականացվում են հատուկ համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա.

. խրախուսել մշակույթի գործիչների անմիջական շփումներն ու կապերը, ներառյալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այնպիսի շփումներն ու կապերը, որոնք իրականացվում են հատուկ համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա:

 

Փոխադարձ ծանոթացում

 

Իրենց իրավասության սահմաններում, երկկողմ և բազմակողմ հիմքի վրա, համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք նպատակամղված կլինեն իրենց ժողովուրդների ավելի լայն և լիովին փոխադարձ ծանոթացմանը մշակույթի տարբեր բնագավառների նվաճումներին, այդ թվում`

. համատեղ ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան միջազգային կազմակերպությունների, մշակույթի բնագավառի տվյալների հաստատության կառուցվածք ստեղծելու հնարավորությունը Եվրոպայում, որը կհավաքեր մասնակից երկրներից ստացվող տվյալները և դրանք կտրամադրեր իր թղթակիցներին` ըստ նրանց հարցումների, և այդ նպատակով գումարել շահագրգիռ պետությունների փորձագետների խորհրդակցություն.

. քննարկել, անհրաժեշտության դեպքում` համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, Եվրոպայում մասնակից պետությունների մշակութային կամ գիտական բնույթի վավերագրական ֆիլմերի քարտարան ստեղծելու միջոցները.

. նպաստել գրքերի ցուցահանդեսների առավել հաճախակի կազմակերպմանը և ուսումնասիրել կանոնավոր կերպով Եվրոպայում մասնակից պետությունների գրքերի խոշոր ցուցահանդես անցկացնելու հնարավորությունը.

. նպաստել գրքերի քարտարանների, ինչպես նաև ըստ հնարավորին հրատարակման բոլոր հրապարակումների վերաբերյալ գովազդային նյութերի պարբերաբար փոխանակմանը համապատասխան հիմնարկների ու հրատարակչությունների միջև և խթանել նյութերի փոխանակումը հանրագիտարանային գրականության հրատարակչությունների միջև` յուրաքանչյուր երկրի արտացոլումը բարելավելու նպատակով.

. համատեղ ուսումնասիրել մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես, օրինակ, թատրոնի, երաժշտության, գրադարանային գործի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումն ընդլայնելու և բարելավելու հարցերը, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանումն ու վերականգնումը:

 

Փոխանակումներ և տարածում

 

Նպաստել մշակութային արժեքները հարմար եղանակներով փոխանակելու և տարածելու հնարավորությունների բարելավմանը, մասնավորապես`

. ուսումնասիրել առևտրական հիմքի վրա գրքերի և մշակութային բնույթի այլ նյութերի միջազգային փոխանակման հետ կապված հարկումների ներդաշնակման և նվազեցման հնարավորությունները, ինչպես նաև արտասահմանում անցկացվող ցուցահանդեսներում արվեստի ստեղծագործությունների ապահովագրման և փոխադրումների հետ կապված այդ ստեղծագործությունների հնարավոր վնասման կամ կորստի վտանգը նվազեցնելու նոր միջոցները.

. հեշտացնել մաքսային ձևականությունների ընթացակարգը գեղարվեստական միջոցառումների օրացույցի հետ համատեղելի ժամկետներում, արվեստի այն ստեղծագործությունների և ենթաիրերի նկատմամբ, որոնք թվարկված են այդ միջոցառումների կազմակերպիչների միջև համաձայնեցված ցուցակներում.

. խրախուսել իրավասու կազմակերպությունների և համապատասխան ֆիրմաների ներկայացուցիչների հանդիպումները` նրանց տնօրինությանը ենթակա միջոցների ուսումնասիրման նպատակով, այնպիսիների, ինչպիսին պատվերների, մատակարարումների ժամկետների ձևակերպման և վճարումների պայմանների պարզեցումն է, որոնք կարող էին դյուրացնել գրքերի միջազգային փոխանակումը առևտրական հիմքի վրա.

. օժանդակել ժամանակավոր օգտագործման համար ֆիլմերի տրամադրմանը և դրանց փոխանակմանը նրանց գիտահետազոտական կինեմատոգրաֆիական ինստիտուտների և ֆիլմադարանների միջև.

. խրախուսել մշակութային բնույթի այն միջոցառումների մասին տեղեկությունների փոխանակումը շահագրգիռ կողմերի միջև, որոնք պլանավորված է անցկացնել մասնակից պետություններում` առավել հարմար բնագավառներում, ինչպես երաժշտությունը, թատրոնն ու կերպարվեստը` նման միջոցառումների օրացույցի կազմմանն ու հրատարակմանը նպաստելու նկատառումով և, եթե անհրաժեշտ է, համապատասխան միջազգային կազմակերպությունների օգնությամբ.

. նպաստել այն հետևանքների ուսումնասիրմանը, որոնք մշակույթի տարածման համար օգտագործվող տեխնիկական միջոցների կանխատեսվող զարգացումն ու շահագրգիռ կողմերի միջև հնարավոր ներդաշնակումը կարող էին ունենալ մշակութային համագործակցության և փոխանակումների զարգացման համար, ընդսմին նկատի ունենալով նրանց համապատասխան մշակույթների բազմազանության և ինքնատիպության պահպանումը.

. իրենց մշակութային քաղաքականության շրջանակներում խրախուսել մյուս մասնակից պետությունների մշակութային սեփականության նկատմամբ հետաքրքրության հետագա զարգացումը, նրանց հարմար եղանակներով, գիտակցելով, որ յուրաքանչյուր մշակույթ արժանիքներ և արժեք ունի.

. հոգ տանել հեղինակային իրավունքի մասին և մշակութային արժեքների տարածման մասին միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների լիակատար ու արդյունավետ կիրառման նկատմամբ, որոնց իրենք միացել են կամ որոնց իրենք կորոշեն միանալ ապագայում:

 

Մատչելիություն

 

Օժանդակել իրենց երկրների մշակույթի տարբեր բնագավառների նվաճումների` ստեղծագործությունների, փորձի, կիրառական արվեստի, առավել լիակատար փոխադարձ մատչելիությանը բոլորի համար, և այդ նպատակով հնարավոր ջանքեր գործադրել իրենց իրավասությանը համապատասխան, մասնավորապես`

. օժանդակել գրքերի և գեղարվեստական ստեղծագործությունների տարածման հետագա ընդլայնմանը, մասնավորապես այնպիսի միջոցներով, ինչպես` լիովին հաշվի առնելով հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, որոնց իրենք միացել են, նպաստել հեղինակների և հրատարակիչների, ինչպես նաև մշակույթի այլ հիմնարկների միջազգային շփումներին ու կապերին, նկատի ունենալով մշակույթի նվաճումների առավել լրիվ, փոխադարձ մատչելիությունը.

հանձնարարել, որ հրատարակչությունները, տպաքանակները որոշելիս, հաշվի առնեն նաև մասնակից այլ պետությունների պահանջմունքները, և որ այլ մասնակից պետություններում, որտեղ հնարավոր է, շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ, վաճառքի իրավունք տրվի ներմուծող երկրների մի քանի առևտրական կազմակերպությունների.

իրավասու կազմակերպություններին և համապատասխան ֆիրմաներին խրախուսել համաձայնագրեր ու պայմանագրեր կնքել և այդ կերպ օժանդակել մասնակից այլ պետությունների հեղինակների ստեղծագործությունների քանակի ու բազմազանության աստիճանական ավելացմանը, որոնք բնագրով և թարգմանությամբ կան նրանց գրադարաններում և գրախանութներում.

այնտեղ, որտեղ հարմար կհամարվի, նպաստել այն կետերի թվի ավելացմանը, որոնցում կվաճառվեն մասնակից այլ պետությունների հեղինակների` համաձայնագրերով և պայմանագրերով ներմուծվող գրքերի բնագրերն ու թարգմանությունները.

խրախուսել մասնակից այլ պետությունների լեզուներից գրականության բնագավառի և մշակութային գործունեության այլ ոլորտների ստեղծագործությունների, մասնավորապես նվազ տարածված լեզուներով ստեղծված երկերի թարգմանության, ինչպես նաև թարգմանական ստեղծագործությունների հրատարակման ու տարածման ընդլայնումը այնպիսի միջոցներով, ինչպես օրինակ`

շահագրգիռ հրատարակչությունների առավել կանոնավոր շփումներին օժանդակելը,

նրանց ջանքերի զարգացումը թարգմանիչներ պատրաստելու և կատարելագործելու ասպարեզում,

իրենց երկրների հրատարակչություններին հարմար միջոցներով օժանդակություն ցույց տալը թարգմանական ստեղծագործությունների հրատարակման խնդրում,

հրատարակիչների և շահագրգիռ հիմնարկների միջև այն գրքերի ցուցակների փոխանակման խրախուսումը, որոնք կարող էին թարգմանվել,

իրենց երկրների թարգմանիչների մասնագիտական գործունեությանն ու համագործակցությանն օժանդակելը,

թարգմանության հետագա զարգացման և թարգմանական ստեղծագործությունների տարածման ուղիների համատեղ ուսումնասիրումը,

բարելավել և ընդլայնել գրափոխանակությունն ու մատենագիտությունների և մատենագրական քարտերի փոխանակումը գրադարանների միջև.

. նկատի ունենալ այլ հարմար միջոցառումներ, որոնք, երբ անհրաժեշտ է, թույլ կտան շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնությամբ նպաստել միմյանց մշակույթի նվաճումներից օգտվելու հնարավորությանը, մասնավորապես գրահրատարակչության բնագավառում.

. համապատասխան ձևով օժանդակել զանգվածային լրատվության միջոցների ավելի լայն օգտագործմանը` իրենց մշակութային կյանքին փոխադարձաբար լավագույնս ծանոթանալու նպատակով.

. ձգտել բարելավել գաղթյալ բանվորների և նրանց ընտանիքների անհրաժեշտ պայմանները այն նկատառումով, որ նրանք կարողանան պահպանել կապերն իրենց ազգային մշակույթի հետ և մերվել մշակութային նոր միջավայրին.

. իրավասու կազմակերպություններին և ֆիրմաներին խրախուսել ավելի լայնորեն ընտրելու և վարձույթով ցուցադրելու մասնակից այլ պետությունների գեղարվեստական ու վավերագրական կինոնկարները, ինչպես նաև օժանդակել առավել հաճախակի ոչ առևտրական ցուցադրումներին, ինչպիսիք են պրեմիերաները, կինոշաբաթներն ու փառատոնները, պատշաճ ուշադրություն դարձնելով այն երկրների կինոնկարներին, որոնց կինոարվեստը ավելի քիչ է հայտնի.

. հարմար միջոցներով օժանդակել հնարավորությունների ընդլայնմանը մասնակից այլ պետությունների մասնագետների աշխատանքի համար` կապված կինոարխիվների և դիտալսողական արխիվների մշակութային բնույթի նյութերի հետ այն կանոնների շրջանակներում, որոնք գոյություն ունեն նման արխիվային նյութերի հետ աշխատելու համար.

. խրախուսել շահագրգիռ կազմակերպությունների կողմից (համապատասխան դեպքերում ներգրավելով միջազգային իրավասու կազմակերպությունների) նրանց մշակութային բնույթի հեռուստատեսային կինոնկարների ծրագրերի ցուցակի, ինչպես նաև դրանց ընտրությունն ու հնարավոր ձեռքբերումը դյուրացնելու նպատակով արագ դիտման միջոցների ստեղծման նպատակահարմարության ու պայմանների համատեղ ուսումնասիրումը:

 

Շփումներ և համագործակցություն

 

Հարմար միջոցներով նպաստել շփումների ու համագործակցության զարգացմանը մշակույթի տարբեր բնագավառներում, մասնավորապես ստեղծագործական աշխատողների և մշակույթի գործիչների միջև, հատկապես ձգտելով`

. նպաստել մշակույթի գործիչների ուղևորություններին և հանդիպումներին, ներառյալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այնպիսի ուղևորություններն ու հանդիպումները, որոնք իրականացվում են համաձայնագրերի, պայմանագրերի կամ այլ հատուկ պայմանավորվածությունների հիման վրա և որոնք վերաբերում են նրանց մշակութային համագործակցությանը.

. այդ կերպ խրախուսել ստեղծագործական աշխատողների, կատարողների և գեղարվեստական կոլեկտիվների շփումները` համատեղ աշխատանքի, մասնակից այլ պետություններում նրանց ստեղծագործություններին ծանոթացնելու կամ նրանց համատեղ գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով.

. համապատասխան պայմանավորվածությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում, խրախուսել ստաժորների ու մասնագետների փոխանակումները և կրթաթոշակներ տալը մշակույթի տարբեր բնագավառներում` ինչպիսիք են արվեստն ու ճարտարապետությունը, թանգարանային և գրադարանային գործը, գրականագիտությունն ու գրական թարգմանությունը, պատրաստվելու և կատարելագործվելու համար, և օժանդակել համապատասխան հիմնարկներում ընդունելության նպաստավոր պայմանների ստեղծմանը.

. օժանդակել մշակույթի բնագավառում կազմակերպական գործունեությամբ զբաղվող անձնակազմի, ինչպես նաև այնպիսի բնագավառների դասախոսների ու մասնագետների պատրաստման փորձի փոխանակմանը, ինչպիսիք են թատրոնը, օպերան, բալետը, երաժշտությունը և կերպարվեստը.

. այսուհետև էլ խրախուսել ստեղծագործական աշխատողների և մասնավորապես երիտասարդ ստեղծագործական աշխատողների միջազգային հանդիպումների կազմակերպումը գեղարվեստական և գրական ստեղծագործության հրատապ հարցերի շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում համատեղ քննարկման համար.

. ուսումնասիրել մշակույթի գործիչների փոխանակումների և համագործակցության զարգացման ուրիշ հնարավորություններ` մասնակից պետությունների մշակութային կյանքին փոխադարձաբար ավելի լավ ծանոթանալու նպատակով:

 

Համագործակցության բնագավառներն ու ձևերը

 

Խրախուսել մշակութային համագործակցության նոր բնագավառների ու ձևերի որոնումները, այդ նպատակով օժանդակելով, որտեղ անհրաժեշտ է, համապատասխան համաձայնագրերի ու պայմանագրերի կնքմանը շահագրգիռ կողմերի միջև և այդ առնչությամբ օժանդակել`

. մշակույթի, մասնավորապես նրա սոցիալական հայեցակետերի բնագավառի քաղաքականության հարցերի, ինչպես նաև հատակագծման, քաղաքաշինության, կրթության, շրջակա միջավայրի և զբոսաշրջության մշակութային կողմերի բնագավառի քաղաքականության հետ նրա կապի համատեղ ուսումնասիրմանը.

. մշակութային բազմազանության հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակմանը` այդ կերպ նպաստելով, որ շահագրգիռ կողմերը լավագույնս ըմբռնեն նման բազմազանությունն այնտեղ, որտեղ այն հանդիպում է.

. տեղեկատվության և, որտեղ հարմար է, փորձագետների հանդիպումների փոխանակմանը, հետազոտական ծրագրերի ու նախագծերի նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև դրանց համատեղ գնահատմանը և վերը նշված հարցերին վերաբերող արդյունքների տարածմանը.

. մշակութային համագործակցության այնպիսի ձևերին և այնպիսի համատեղ միջոցառումների հետագա իրականացմանը, ինչպես`

կերպարվեստի, կինոյի, թատրոնի, բալետի, երաժշտության, ժողովրդական ստեղծագործության և այլ բնագավառների միջազգային միջոցառումները, գրքերի տոնավաճառներն ու ցուցահանդեսները, ներկայացումների համատեղ բեմադրումները օպերային ու դրամատիկ թատրոններում, ինչպես նաև մենակատարների, գործիքային համույթների, նվագախմբերի, երգչախմբային և գեղարվեստական այլ, այդ թվում ինքնագործ կոլեկտիվների ելույթները, պատշաճ ուշադրություն դարձնելով երիտասարդության միջազգային մշակութային միջոցառումների կազմակերպմանը և երիտասարդ արտիստների փոխանակմանը.

մասնակից այլ պետությունների գրողների և կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկումը մենակատարների և գեղարվեստական կոլեկտիվների խաղացանկում.

հոդվածների, ակնարկների, մենագրությունների, ինչպես նաև գրքերի նախապատրաստումը, թարգմանությունն ու հրատարակումը, որոնք նպաստում են մշակույթի համապատասխան նվաճումներին ծանոթանալուն, այդ նպատակներով նախատեսելով հրատարակչությունների փորձագետների և ներկայացուցիչների հանդիպումներ,

կինոնկարների, ինչպես նաև հեռուստառադիոծրագրերի համատեղ ստեղծումն ու փոխանակումը` օժանդակելով մասնավորապես կինոձեռնարկատերերի, տեխնիկական մասնագետների և պետական հիմնարկների ներկայացուցիչների հանդիպումներին` որոշակի համատեղ նախագծերի իրականացման բարենպաստ պայմանների ի հայտ բերելու նպատակով, և նպաստելով նկարահանման միջազգային խմբերի ստեղծմանը համատեղ արտադրության բնագավառում.

ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի մրցույթների կազմակերպումը` նկատի ունենալով լավագույն նախագծերի իրականացման և այնտեղ, որտեղ հնարավոր է, միջազգային խմբերի կազմման հնարավորությունը.

արվեստի ստեղծագործությունների, պատմական ու հնագիտական հուշարձանների և մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերի պահպանման, վերականգնման ու վերածնման համատեղ նախագծերի իրականացումը, հարմար դեպքերում` իրավասու և այդ բնագավառում գործունեություն իրականացնող կառավարական ու ոչ կառավարական բնույթի միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հիմնարկների մասնակցությամբ, այդ նպատակներով նախատեսելով`

շահագրգիռ կողմերի փորձագետների պարբերական հանդիպումներ` անհրաժեշտ առաջարկություններ մշակելու համար, նկատի ունենալով այդ հարցերը սոցիալական ու տնտեսական ավելի լայն համատեքստում քննարկելու անհրաժեշտությունը,

համապատասխան պարբերական հրատարակություններում հոդվածների հրապարակում` առավել նշանակալի նվաճումներին ու նորամուծություններին ծանոթացնելու և մասնակից պետությունների միջև դրանք համադրելու նպատակով,

իրենց երկրների պատմական հուշարձանների և մշակութային վայրերի ցուցակներ ու քարտարաններ կազմելու համար կիրառվող տարբեր համակարգերի համատեղ ուսումնասիրում` դրանց բարելավման և հնարավոր ներդաշնակման նպատակով,

տարբեր մասնագիտությունների գծով վերականգնողների պատրաստման միջազգային դասընթացներ կազմակերպելու հնարավորության ուսումնասիրում:

 

*  *  *

 

Ազգային փոքրամասնություններ կամ տարածաշրջանային մշակույթներ:

Մասնակից պետությունները, ճանաչելով այն ավանդը, որը ազգային փոքրամասնությունները կամ տարածաշրջանային մշակույթները կարող են ներդնել մշակույթի տարբեր բնագավառներում նրանց համագործակցության մեջ, մտադիր են իրենց տարածքում նման փոքրամասնությունների կամ մշակույթների առկայության դեպքում նպաստել այդ ներդրմանը` հաշվի առնելով նրանց անդամների օրինական շահերը:

 

4. Համագործակցություն և փոխանակումներ կրթության բնագավառում

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

գիտակցելով, որ կրթության և գիտության բնագավառի միջազգային հարաբերությունների զարգացումը նպաստում է լավագույն փոխըմբռնմանը, օգտակար է բոլոր ժողովուրդներին և բավարար է ապագա սերունդների համար,

պատրաստ լինելով օժանդակելու գիտելիքների ու փորձի փոխանակումների, ինչպես նաև շփումների հետագա զարգացմանը կրթության և գիտության կազմակերպությունների, հիմնարկների ու գործիչների միջև` հատուկ պայմանավորվածությունների հիման վրա, որտեղ այդպիսիք անհրաժեշտ են,

ցանկանալով ամրապնդել ուսումնական և գիտական հիմնարկների կապերը, ինչպես նաև խրախուսել նրանց համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, մասնավորապես այնտեղ, որտեղ գիտելիքների ու ռեսուրսների մակարդակը պահանջում է ջանքերի միջազգային միավորում, և

համոզված լինելով, որ այդ բնագավառներում առաջընթացը պետք է ուղեկցվի և պահպանվի օտար լեզուների ավելի լայն իմացությամբ,

այդ նպատակով արտահայտում են իրենց մտադրությունը, մասնավորապես`

 

ա) Կապերի ընդլայնում

 

Տարբեր մակարդակներում ընդլայնել և բարելավել համագործակցությունն ու կապերը կրթության և գիտության բնագավառում, մասնավորապես`

. համապատասխան դեպքերում երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կնախատեսեն համագործակցություն ու փոխանակումներ պետական հիմնարկների, ոչ կառավարական կազմակերպությունների և կրթության և գիտության գործիչների միջև, ընդսմին նկատի առնելով գոյություն ունեցող համաձայնագրերի և պայմանավորվածությունների ինչպես ճկունության, այնպես էլ առավել լրիվ օգտագործման անհրաժեշտությունը.

. օժանդակելով համալսարանների և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտական հիմնարկների միջև անմիջական պայմանավորվածության հաստատմանը` համապատասխան դեպքերում միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում.

. կրթության և գիտության գործիչների անմիջական շփումների ու կապերի խրախուսման միջոցով, ներառյալ այնպիսիք, որոնք իրականացվում են հատուկ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա այնտեղ, որտեղ վերջիններս անհրաժեշտ են:

 

բ) Մատչելիություն և փոխանակումներ

 

Բարելավել մասնակից պետությունների ուսանողների, դասախոսների ու գիտնականների փոխադարձաբար ընդունելի պայմաններով մուտքը միմյանց ուսումնական, մշակութային ու գիտական հիմնարկներ և զարգացնել այդ հիմնարկների միջև փոխանակումները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում, մասնավորապես`

. օտարերկրյա մասնակիցների համար բաց ուսուցման հնարավորությունների ու մասնագիտությունների, ինչպես նաև ընդունելության և մնալու պայմանների մասին տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու միջոցով.

. ուսման, դասավանդման, գիտական աշխատանքի համար, ինչպես նաև միմյանց կրթության, գիտության ու մշակույթի նվաճումներին ավելի լավ ծանոթանալու համար մասնակից պետությունների մի մասից մյուսը ուսանողների, դասախոսների և գիտնականների ուղևորություններին նպաստելու միջոցով.

. իրենց երկրներում ուսումնառության, դասավանդման կամ գիտական աշխատանքի իրականացման համար մասնակից այլ պետությունների ուսանողներին, դասախոսներին և գիտնականներին կրթաթոշակներ և թոշակներ տալը խրախուսելու միջոցով.

. ուսանողների, դասախոսների և գիտնականների ավելի լայն փոխանակումներ, ներառյալ գիտաժողովների, սեմինարների, համատեղ նախագծերի կազմակերպում և ուսումնական ու գիտական տեղեկատվության, ինչպես, օրինակ, համալսարանական հրատարակությունների և գրադարանային նյութերի փոխանակում նախատեսող ծրագրեր մշակելու, զարգացնելու կամ խրախուսելու միջոցով.

. համալսարաններ և ինստիտուտներ գիտնականների, դասախոսների և ուսանողների ընդունելության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները և նրանց համար նախատեսված ծրագրերը ժամանակին ուղարկելու միջոցով. նման միջոցառումների ու ծրագրերի արդյունավետ իրականացմանն օժանդակելու, նրանց համար համապատասխան ուսումնական, գիտական և բաց արխիվային նյութերից օգտվելու հնարավորություն ապահովելու, ինչպես ուսումնական կամ գիտական նպատակներով, այնպես էլ սովորական կարգի հիման վրա արձակուրդային շրջագայությունների ձևով ընդունող պետության ներսում իրականացվող նրանց ուղևորություններին նպաստելու միջոցով.

. ուսուցման կազմակերպման, տևողության ու բովանդակության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը խրախուսելու, գիտելիքների և գիտական որակավորման մակարդակների գնահատման եղանակները համեմատելու և, որտեղ հնարավոր է, կա՛մ կառավարական համաձայնագրերի հիման վրա, որտեղ դա անհրաժեշտ է, կա՛մ համալսարանների և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտական հիմնարկների միջև անմիջական պայմանավորվածությունների հիման վրա գիտական աստիճանների ու դիպլոմների փոխադարձ ճանաչմանը հասնելու, գիտական աստիճանների ու դիպլոմների համեմատելիության և համարժեքության խնդիրների ավելի խոր վերլուծությանը նպաստելու միջոցով.

. բացի այդ, համապատասխան միջազգային կազմակերպությունների հանձնարարականներ հասցեագրելու միջոցով, որպեսզի նրանք բազմապատկեն իրենց ջանքերը` գիտական աստիճանների և դիպլոմների համեմատելիության ու համարժեքության խնդիրների հանուրի կողմից ընդունելի լուծմանը հասնելու նպատակով:

 

գ) Գիտություն

 

Իրենց իրավասության սահմաններում ընդլայնել և բարելավել համագործակցությունն ու փոխանակումները գիտության բնագավառում, մասնավորապես`

Երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա զարգացնել գիտական տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակումն ու տարածումը այնպիսի միջոցներով, ինչպիսիք են`

. այդ տեղեկատվությունը ավելի լայնորեն տրամադրելը մասնակից այլ պետությունների գիտնականներին ու գիտական աշխատողներին, օրինակ` գիտական տեղեկատվության միջազգային համակարգերին մասնակցելու կամ համապատասխան այլ պայմանավորվածությունների միջոցով.

. նմուշների և այլ գիտական նյութերի փոխանակումը ընդլայնելն ու բարելավելը, մասնավորապես այնպիսիք, որոնք օգտագործվում են բնական գիտությունների և բժշկագիտության բնագավառների հիմնարար հետազոտությունների դեպքում.

. ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրենց ընթացիկ և ապագա հետազոտությունների մասին միմյանց ավելի լրիվ ու կանոնավոր իրազեկման կոչով գիտական հիմնարկներին և համալսարաններին դիմելը:

Նպաստել համալսարանների, գիտական հիմնարկների, գիտական ընկերությունների և գիտնականների ու գիտական աշխատողների կապերի, ինչպես նաև անմիջական շփումների ընդլայնմանը, ներառյալ նրանք, որոնք, որտեղ դա անհրաժեշտ է, իրականացվում են հատուկ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա այնպիսի միջոցներով, ինչպիսիք են`

. գիտնականների և գիտական աշխատողների փոխանակումների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական թեմաների շուրջ նախապատրաստական խորհրդակցություններ կամ աշխատանքային խմբեր հրավիրելու խրախուսման հետագա զարգացումը.

. գիտնականների միացյալ կոլեկտիվների ստեղծման խրախուսումը` մի քանի երկրների գիտական հաստատությունների պայմանավորվածությունների հիման վրա հետազոտական նախագծեր իրականացնելու համար.

. միջազգային խորհրդակցությունների ու սեմինարների նախապատրաստմանն ու հաջող անցկացմանը և դրանցում իրենց գիտնականների ու գիտաշխատողների մասնակցությանն օժանդակելը.

. բացի այդ, մոտ ապագայում գիտության արդի և ապագա զարգացման բնագավառում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող համալիր խնդիրների քննարկման և գիտական հիմնարկների ու գիտնականների շփումների, կապերի ու նրանց միջև տեղեկությունների փոխանակման հետագա ընդլայնմանը օժանդակելու համար մասնակից պետությունների գիտության առաջատար գործիչների հանդիպում ներկայացնող «Գիտական համաժողով» գումարելու հնարավորությունը.

. մասնակից պետությունները և նրանց ազգային գիտական հիմնարկները ներկայացնող փորձագետների խորհրդակցության հնարավոր գումարումը ամենամոտ ժամանակներս` «Գիտական համաժողովի» նախապատրաստման համար, խորհրդակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը.

. հարկ եղած ժամանակ հետագա քայլերի ուսումնասիրումը, որոնք կարող էին ձեռնարկվել «Գիտական համաժողովի» առնչությամբ:

Երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա գիտական հետազոտությունների բնագավառում զարգացնել համատեղ ծրագրերի փոխհամակցումը, մասնավորապես ստորև հիշատակվող հատվածներում, որտեղ կարող են անհրաժեշտ լինել գիտնականների համատեղ ջանքերն ու, որոշ դեպքերում, թանկարժեք կամ եզակի սարքավորումների օգտագործումը: Այդ հատվածներում թվարկված բնագավառների անվանումները բերվում են որպես օրինակներ, իսկ կոնկրետ նախագծերը պետք է հետագայում որոշվեն մասնակից պետությունների հնարավոր գործընկերների կողմից` հաշվի առնելով այն ներդրումը, որ կարող էր արվել համապատասխան միջազգային կազմակերպությունների և գիտական հիմնարկների կողմից.

. ճշգրիտ և բնական գիտություններ, մասնավոր հիմնարար հետազոտություններ այնպիսի բնագավառներում, ինչպես մաթեմատիկան, ֆիզիկան, տեսական ֆիզիկան, երկրաֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, բնապահպանությունը և աստղագիտությունը.

. բժշկագիտություն, մասնավորապես ուռուցքաբանական և սրտանոթային հիվանդությունների հիմնարար հետազոտություններ, տեղաճարակ հիվանդությունների ուսումնասիրում զարգացող երկրներում, ինչպես նաև սոցիալական բժշկության բնագավառի հետազոտություններ, որոնք վերաբերում են հիմնականում մասնագիտական հիվանդությունների, ֆիզիկական թերություններով անձանց աշխատունակության վերականգնմանը և մորը, երեխային ու զառամյալներին օգնություն ցույց տալուն.

. հասարակական ու սոցիալական գիտություններ, ինչպես պատմությունը, աշխարհագրությունը, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, մանկավարժությունը, լեզվաբանությունը, հասարակագիտությունը, իրավաբանական, քաղաքական ու տնտեսական գիտությունները, մասնակից պետությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող սոցիալական, սոցիալ-տնտեսական ու մշակութային երևույթների, մասնավորապես մարդուն շրջապատող միջավայրի և քաղաքների զարգացման խնդիրների համեմատական հետազոտությունները, ինչպես նաև հուշարձանների և արվեստի ստեղծագործությունների պահպանման ու վերականգնման եղանակների բնագավառի գիտական հետազոտությունները:

 

դ) Օտար լեզուներ և քաղաքակրթություններ

 

Խրախուսել օտար լեզուների և քաղաքակրթությունների ուսումնասիրումը` որպես ժողովուրդների շփումն ընդլայնելու, յուրաքանչյուր երկրի մշակույթին նրանց ավելի լավ ծանոթացնելու, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու կարևոր միջոցի, և այդ նպատակով, իրենց իրավասության սահմաններում, խթանել օտար լեզուների ուսուցման հետագա զարգացումն ու բարելավումը և դրանց ընտրության բազմազանությունը ուսուցման տարբեր մակարդակներում, պատշաճ ուշադրություն դարձնելով ավելի պակաս տարածված կամ ավելի քիչ ուսումնասիրվող լեզուներին, և մասնավորապես`

. զարկ տալ օտար լեզուների դասավանդման որակի բարելավմանը նպատակամղված համագործակցությանը` տեղեկատվության փոխանակման և սովորողների տարբեր կատեգորիաների կարիքներին հարմարեցված ուսուցման արդյունավետ եղանակների, մշակման ու կիրառման փորձի ու տեղեկատվության փոխանակման միջոցով, ներառյալ արագացված ուսուցման փորձը, և նկատի ունենալ երկկողմ կամ բազմակողմ հիման վրա օտար լեզուների ուսուցման նոր եղանակների հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը.

. խրախուսել երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա համապատասխան հիմնարկների համագործակցությունը` օտար լեզուների ուսուցման ժամանակակից միջոցների հնարավորություններն ավելի լայնորեն օգտագործելու նպատակով, որն իրականացվում է, օրինակ, դրանց մասնագետների կողմից անցկացվող համեմատական հետազոտությունների ձևով, և պայմանավորվածության առկայության դեպքում տեսադիտողական նյութերի, ինչպես նաև դասագրքեր գրելիս օգտագործվող նյութերի և լեզուներ ուսուցանելիս օգտագործվող տեխնիկական ապարատների նոր տեսակների մասին տեղեկատվության փոխանակման կամ հանձնման ձևով.

. նպաստել օտար լեզուների դասախոսների պատրաստման փորձի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումների իրականացմանը և երկկողմ հիման վրա ընդլայնել դասախոսների ու լեզվաբան ուսանողների փոխանակումները, ինչպես նաև օժանդակել նրանց մասնակցությանը օտար լեզուների և քաղաքակրթությունների ամառային դասընթացներին, որտեղ այդպիսիք կազմակերպված են.

. խրախուսել բառարանագրության բնագավառի փորձագետների համագործակցությունը` անհրաժեշտ տերմինաբանական համարժեքները պարզելու նպատակով, հատկապես գիտական ու տեխնիկական առարկաների բնագավառում` գիտական հիմնարկների և մասնագետների շփմանը օժանդակելու նկատառումով.

. օժանդակել օտար լեզուների ուսումնասիրման ավելի լայն տարածմանը զանազան կարգի միջնակարգ ուսումնական հաստատություններում և եվրոպական լեզուների մեծ թվից ընտրության հնարավորության մեծացմանը և այդ առնչությամբ, որտեղ հարկ է, քննարկել դասախոսների հավաքագրումն ու պատրաստումը ընդլայնելու և անհրաժեշտ ուսումնական խմբեր կազմակերպելու հնարավորությունները.

. խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատություններում լեզուների մեծ ընտրության ընձեռումը լեզվաբան ուսանողներին և ընդլայնել տարբեր օտար լեզուներ յուրացնելու հնարավորությունները այլ ուսանողների համար, ինչպես նաև, որտեղ ցանկալի է, օժանդակել լեզվի ու քաղաքակրթության վերաբերյալ դասախոսությունների կազմակերպմանը հատուկ պայմանավորվածությունների հիման վրա, որտեղ անհրաժեշտ է` օտարերկրյա դասախոսների կողմից, մասնավորապես եվրոպական այն պետություններից, որոնց լեզուները ավելի քիչ են տարածված կամ ավելի քիչ են ուսումնասիրվում.

. տարեց մարդկանց կրթության շրջանակներում օժանդակել բազմակողմանի հետաքրքրություններին ու պահանջմունքներին համապատասխանող մասնագիտացված ծրագրերի հետագա մշակմանը` իրենց երկրների քաղաքացիներին օտար լեզուներ ուսուցանելու և դրանով հետաքրքրվող այլ երկրների տարեց քաղաքացիներին ընդունող երկրի լեզուն ուսուցանելու համար, և այդ առնչությամբ խրախուսել շահագրգիռ հիմնարկների համագործակցությունը, օրինակ, ռադիոյով ու հեռուստատեսությամբ կամ արագացված եղանակներով ուսուցանելու ծրագրերի ստեղծման, ինչպես նաև, այնտեղ, որտեղ դա ցանկալի է, նման ծրագրերի կոնկրետ նշանակության որոշման ասպարեզում, նկատի ունենալով լեզուների գծով պատրաստման համեմատելի մակարդակների նվաճումը.

. խրախուսել, որտեղ դա հարկ է, օտար լեզուների ուսուցման զուգակցումը համապատասխան քաղաքակրթությունների ուսումնասիրման հետ, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրել օտար լեզուների յուրացման նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար, ներառյալ արտադասարանական հարմար միջոցառումները:

 

ե) Դասավանդման եղանակներ

 

Օժանդակել ուսուցման այն եղանակների փորձի փոխանակմանը երկկողմ կամ բազմակողմ հիմքի վրա, որոնք կիրառվում են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում նրանց, որոնք օգտագործվում են անընդհատ կրթության մեջ և մեծահասակներին ուսուցանելիս, ինչպես նաև ուսումնական նյութերի փոխանակմանը, մասնավորապես`

. մանկավարժական գիտության տարբեր բնագավառներում շփումների և համագործակցության տարբեր ձևերի հետագա զարգացման, օրինակ, շահագրգիռ հիմնարկների կողմից անցկացվող համեմատական կամ համատեղ հետազոտությունների կամ մանկավարժական գիտափորձերի արդյունքների մասին տեղեկությունների փոխանակման միջոցով.

. կրթության տարբեր համակարգերում կիրառվող ուսուցման եղանակների մասին և աշակերտների ու ուսանողների կողմից գիտելիքների յուրացման գործընթացների հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումներն ընդլայնելու միջոցով` հաշվի առնելով տարբեր տիպի մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան փորձը.

. մեծահասակների համար նախատեսված կրթության կազմակերպմանն ու գործընթացին, ներառյալ ուսուցման պարբերական շարունակումը, կրթության այդ և մյուս ձևերի ու մակարդակների միջև կապերի իրականացմանը, ինչպես նաև իրենց երկրների տնտեսական ու սոցիալական զարգացման պահանջմունքների հետ կրթության, ներառյալ արհեստակցական և տեխնիկական կրթության զուգակցման եղանակներին վերաբերող փորձի փոխանակմանն օժանդակելու միջոցով.

. երիտասարդությանը, ինչպես նաև մեծահասակներին ժողովուրդների փոխըմբռնման ոգով դաստիարակելու փորձի փոխանակումները խրախուսելու միջոցով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մարդկության կարևոր խնդիրներին, որոնց լուծումը ընդհանուր մոտեցում և ավելի լայն միջազգային համագործակցություն է պահանջում.

ուսումնական նյութերի, ներառյալ դպրոցական դասագրքերի փոխանակումները, նկատի ունենալով փոխադարձ ծանոթացմանը օժանդակելու և նման դասագրքերում յուրաքանչյուր երկրի ներկայացմանը նպաստելու հնարավորությունը, ինչպես նաև կրթության բնագավառի տեխնիկական նորամուծությունների մասին տեղեկատվության փոխանակումները խրախուսելու միջոցով:

 

*  *  *

 

Ազգային փոքրամասնություններ կամ տարածաշրջանային մշակույթներ:

Մասնակից պետությունները, ճանաչելով այն ավանդը, որը ազգային փոքրամասնությունները կամ տարածաշրջանային մշակույթները կարող են ներդնել կրթության տարբեր բնագավառներում իրենց համագործակցության մեջ, մտադիր են իրենց տարածքում, նման փոքրամասնությունների կամ մշակույթների առկայության դեպքում, նպաստել այդ ներդրմանը` հաշվի առնելով նրանց անդամների օրինական շահերը:

 

ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

քննարկելով և գնահատելով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունում ձեռք բերված առաջընթացը,

այնուհետև համարելով, որ ավելի լայն համաշխարհային համատեքստում Խորհրդակցությունը Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու գործընթացի կարևոր մասն է և որ նրա արդյունքները նշանակալի ավանդ կներդնեն այդ գործընթացում,

մտադրված լինելով կենսագործել խորհրդակցության Եզրափակիչ ակտի դրույթները այն նկատառումով, որ լիակատար գործունեություն հաղորդվի նրա արդյունքներին և դրանով իսկ առաջ շարժվի Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու գործընթացը,

համոզված լինելով, որ խորհրդակցության հետապնդած նպատակներին հասնելու համար իրենք պետք է նոր միակողմ, երկկողմ ու բազմակողմ ջանքեր գործադրեն և ստորև շարադրված համապատասխան ձևերով շարունակեն խորհրդակցության սկսած բազմակողմանի գործընթացը,

1. արտահայտում են իրենց վճռականությունը` խորհրդակցությունից հետո ընկած ժամանակամիջոցում պատշաճ կերպով հաշվի առնել և կատարել խորհրդակցության Եզրափակիչ ակտի դրույթները`

ա) միակողմանի կարգով` բոլոր այն դեպքերում, որոնք հարմար են նման գործողության համար.

բ) երկկողմանի կարգով` մյուս մասնակից պետությունների հետ բանակցությունների միջոցով.

գ) բազմակողմանի կարգով` մասնակից պետությունների փորձագետների հանդիպումների միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, երբ խնդիրը վերաբերում է կրթության, գիտության ու մշակույթի բնագավառի համագործակցությանը.

2. Այնուհետև արտահայտում են իրենց վճռականությունը շարունակելու խորհրդակցության սկսած բազմակողմանի գործընթացը`

ա) ինչպես Եզրափակիչ ակտի դրույթների և խորհրդակցության սահմանած խնդիրների կատարման, այնպես էլ նրանում քննարկված հարցերի համատեքստում իրենց փոխհարաբերությունների բարելավման, Եվրոպայում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման, ապագայում լարվածության թուլացման գործընթացի զարգացման շուրջ կարծիքների խորացված փոխանակում անցկացնելու միջոցով.

բ) այդ նպատակներով իրենց ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպելու միջոցով` սկսած արտաքին գործերի նախարարների կողմից նշանակված ներկայացուցիչների մակարդակով հանդիպումից: Այդ հանդիպումը կորոշի մյուս հանդիպումների անցկացման համապատասխան պայմանները, որոնք կարող էին ներառել նման կարգի հետագա հանդիպումներ և նոր խորհրդակցության հնարավորությունը:

3. Վերոհիշյալ հանդիպումներից առաջինը կկայանա Բելգրադում 1977 թ.: Այդ հանդիպման կազմակերպման համար նախապատրաստական հանդիպում կկայանա Բելգրադում, 1977 թվականի հունիսի 15-ին: Նախապատրաստական հանդիպումը որոշում կընդունի արտաքին գործերի նախարարների նշանակած ներկայացուցիչների հանդիպման ամսաթվի, տևողության, օրակարգի և մյուս պայմանների մասին:

4. Ներկա խորհրդակցության ընթացակարգի կանոնները, աշխատանքային եղանակներն ու ծախսերի բաշխման սանդղակը` mutatis mutandis, կկիրառվեն վերը 1 (գ), 2 և 3 պարագրաֆներում նախատեսված հանդիպումների նկատմամբ: Վերը նշված բոլոր հանդիպումները կանցկացվեն մասնակից պետություններում շրջափոխման կարգով: Տեխնիկական քարտուղարության կողմից սպասարկումը կապահովի ընդունող կողմը:

Սույն Եզրափակիչ ակտի բնագիրը, որը կազմված է անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, կհանձնվի Ֆինլանդիայի Հանրապետության կառավարությանը, որն այն կպահի իր արխիվներում: Մասնակից պետություններից յուրաքանչյուրը Ֆինլանդիայի Հանրապետության կառավարությունից կստանա սույն Եզրափակիչ ակտի վավերացված պատճենը:

Սույն Եզրափակիչ ակտի տեքստը հրապարակվելու է յուրաքանչյուր մասնակից պետությունում, որը տարածելու է այն և ապահովելու է նրան հնարավորին չափ ավելի լայնորեն ծանոթանալը:

Ֆինլանդիայի Հանրապետության կառավարությանը խնդրանք է ուղղվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկել սույն Եզրափակիչ ակտի տեքստը, որը ենթակա չէ գրանցման Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածի հիման վրա, այն, որպես Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, կազմակերպության բոլոր անդամների միջև տարածելու նպատակով:

Ֆինլանդիայի Հանրապետության կառավարությանը նաև խնդրանք է ուղղվում սույն Եզրափակիչ ակտի տեքստը ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին:

Ի հավաստումն այս ամենի, մասնակից պետությունների ներքոստորագրյալ Բարձր ներկայացուցիչները, գիտակցելով քաղաքական այն մեծ նշանակությունը, որ իրենք տալիս են խորհրդակցության արդյունքներին, և հայտարարելով, որ իրենք լի են վճռականությամբ գործելու վերը շարադրված տեքստերի բովանդակած դրույթներին համապատասխան, իրենց ստորագրությունները դրեցին սույն Եզրափակիչ ակտի տակ:

 

Կնքված է Հելսինկիում,

1975 թվականի օգոստոսի 1-ին

 

 

pin
ԵՎրոպայի երկրներ
01.08.1975
Միջազգային պայմանագիր