Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ (ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

040.0205.050307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«05» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2007 թվականի N 205-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ (ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման) համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով համապատասխանեցնել «Սևան» ազգային պարկի տարածքում կնքված վարձակալական պայմանագրերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կառավարման պլանին (հողերի օգտագործման սխեմային) և ապահովել դրանց պետական գրանցումը:

3. Հայաստանի հանրապետության պետական բյուջեից «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի նախագծով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հունվարի 18-ի

N 205-Ն որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

2007-2011 թթ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

2007-2011 թվականներ

 

Մշակված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության

«Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի»

շրջանակներում

 

Երևան 2006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

2007-2011 թթ.

 

ՄՇԱԿՎԵԼ Է «ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

ԵՐԵՎԱՆ 2006

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲԱԺԻՆ 1. «Սևան» ազգային պարկի ստեղծումը և տեղադրությունը

ԲԱԺԻՆ 2. «Սևան» ազգային պարկի բնական պայմանները 2.1. ԿԼԻՄԱՆ 2.2. ՌԵԼԻԵՖԸ 2.3. ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2.4. ՀՈՂԵՐԸ 2.5. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ 2.5.1. Ֆլորան 2.5.2. Բուսականությունը 2.6. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ 2.6.1. Անողնաշարավորներ 2.6.1.1. Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ. 2.6.1.2. Խեցգետիններ 2.6.2. Ողնաշարավորներ 2.6.2.1. Ձկներ 2.6.2.2. Երկկենցաղներ 2.6.2.3. Սողուններ 2.6.2.4. Թռչուններ 2.6.2.5. Կաթնասուններ

ԲԱԺԻՆ 3. «Սևան» ազգային պարկի սահմանները 3.1. «Սևան» ազգային պարկի սահմանների որոշման սկզբունքները 3.2. «Սևան» ազգային պարկի սահմանների նկարագրությունը 3.3. «Սևան» ազգային պարկի պահպանական գոտու նկարագրությունը 3.4. «Սևան» ազգային պարկի սահմանների փոփոխության վերաբերյալ մեկնաբանություններ 3.5. Համայնքների վարչական սահմաններում պետական սեփականության անտառային տարածքների սահմանների և կատեգորիայի ճշգրտում

ԲԱԺԻՆ 4. «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիները 4.1. «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիների փոփոխությունները 4.2. «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտիների սահմանների և տեղանքների նկարագրությունները 4.2.1. «Նորաշենի» արգելոց 4.2.2. «Լիճք-Արգիչի» արգելոց 4.2.3. «Գիլլի» արգելոց 4.2.4. «Արտանիշի» արգելոց 4.3. «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիների սահմանների և տեղանքների նկարագրությունները 4.3.1. «Գավառագետի» արգելավայր 4.3.2. «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայր 4.3.3 «Նորաշենի» արգելավայր 4.4. «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտիների սահմանների և տեղանքների նկարագրությունները 4.4.1. Առաջին ռեկրեացիոն գոտի 4.4.2. Երկրորդ ռեկրեացիոն գոտի 4.4.3. Երրորդ ռեկրեացիոն գոտի 4.4.4. Չորրորդ ռեկրեացիոն գոտի 4.4.5. Հինգերորդ ռեկրեացիոն գոտի 4.4.6. Վեցերորդ ռեկրեացիոն գոտի 4.4.7. Յոթերորդ ռեկրեացիոն գոտի 4.4.8. ՈՒթերորդ ռեկրեացիոն գոտի 4.5. «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու նկարագրությունը 4.6. «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիների արդյունավետ կառավարմանն ուղղված գործողություններ

ԲԱԺԻՆ 5. «Սևան» ազգային պարկի կառավարման ներկա առանձնահատկությունները և դրա բարելավմանն ուղղված գործողությունների պլանը 5.1. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման բարելավման գործողություններ

ԲԱԺԻՆ 6. «Սևան» ազգային պարկին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական բնութագիրը և շահագրգիռ կողմերի հետ պարկի մասնակցային կառավարման գործողությունների պլանը 6.1. Համայնքների սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը 6.2. Համայնքների կողմից «Սևան» ազգային պարկի բնական պաշարների օգտագործումը 6.2.1. Ջրային ռեսուրսների օգտագործումը 6.2.2. Ձկան և խեցգետնի պաշարների օգտագործումը 6.2.3. Ռեկրեացիոն նպատակներով տարածքների օգտագործումը 6.2.4. Արածեցումը 6.2.5. Բուսական և կենդանական պաշարների օգտագործումը 6.3. Բնական պաշարների օգտագործման բնագավառում բնակչության իրազեկությունը, «Սևան» ազգային պարկի և շահագրգիռ կողմերի միջև փոխհարաբերությունների բնույթը 6.4. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանման գոտու տարածքներում կենսաբանական պաշարների օգտագործումից ստացված շահույթի արդարացի բաշխման առանձնահատկությունները 6.5. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնական պաշարների պահպանումը և օգտագործման կարգավորումը 6.6. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և շահագրգիռ կողմերի մասնակցային կառավարման գործողություններ

ԲԱԺԻՆ 7. «Սևան» ազգային պարկի բնական էկոհամակարգերի ներկա վիճակը և դրանց բարելավմանն ուղղված գործողությունների պլանը 7.1. ՋՐԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ 7.1.1. Սևանա լճի էկոլոգիական վիճակը 7.1.2. Գետերի էկոլոգիական վիճակը 7.1.3. «Սևան» ազգային պարկի ջրային էկոհամակարգերի բարելավման գործողություններ 7.2. ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ 7.2.1. Ձկներ 7.2.2. Սևանա լճի մակարդակի բարձրացման պայմաններում լճի հնարավոր ձկնարդյունաբերության գնահատում 7.2.3. Խեցգետին 7.2.4. «Սևան» ազգային պարկի ջրային կենսաբազմազանության կառավարման բարելավման գործողություններ 7.3. ՑԱՄԱՔԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ 7.3.1. Բուսական աշխարհի հաշվառումը, վիճակը և գործողությունների պլանը 7.3.1.1. Նոր տեսակներ և պոպուլյացիաներ «Սևան» ազգային պարկի տարածքից 7.3.1.2. Էնդեմիկ տեսակներ 7.3.1.3. Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ 7.3.1.4. Դեղաբույսեր 7.3.1.5. ՈՒտելի բույսեր 7.3.1.6. Բույսերի ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ 7.3.1.7. Հազվագյուտ սնկեր 7.3.1.8. ՈՒտելի սնկեր 7.3.1.9. «Սևան» ազգային պարկի բուսականության վիճակը 7.3.2. «Սևան» ազգային պարկի բուսական կենսաբազմազանության կառավարման բարելավման գործողություններ 7.3.3. Կենդանական աշխարհի հաշվառումը, վիճակը և գործողությունների պլանը 7.3.3.1. Անողնաշարավորներ 7.3.3.2. Երկկենցաղներ 7.3.3.3. Սողուններ 7.3.3.4. Թռչուններ 7.3.3.5. Կաթնասուններ 7.3.4. «Սևան» ազգային պարկի կենդանական կենսաբազմազանության կառավարման բարելավման գործողություններ 7.4. «Սևան» ազգային պարկի անտառգույքագրում 7.4.1. Անտառային տարածքների դինամիկան ըստ հողատեսքերի 7.4.2. Ազգային պարկի անտառների գնահատում 7.4.2.1. Ազգային պարկի անտառների բաշխվածությունն ըստ գերակշռող ծառատեսակների 7.4.2.2. Անտառածածկ տարածքների բաշխվածությունն ըստ ծառուտների լրիվության 7.4.2.3. Անտառածածկ մակերեսների և պաշարի բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի 7.4.3. Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցությունն ազգային պարկի անտառածածկ տարածքների վրա 7.4.4. «Սևան» ազգային պարկի անտառային տարածքների կառավարման բարելավման գործողություններ

ԲԱԺԻՆ 8. «Սևան» ազգային պարկում տուրիզմի և ռեկրեացիայի առանձնահատկությունները և դրանց կարգավորման ուղիներն ու գործողությունների պլանը 8.1. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բնական ու մշակութային առանձնահատկությունները 8.1.1. Առողջարարական պաշարներ 8.1.2. Բնական և մշակութային ժառանգություն 8.2. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեությունը տուրիզմի և ռեկրեացիայի կազմակերպման բնագավառում 8.3. Տուրիզմի և ռեկրեացիոն գործունեության գնահատականը «Սևան» ազգային պարկի տարածքում 8.4. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում տուրիզմի զարգացման ձևերը և երթուղիները 8.4.1. Տուրիզմի զարգացման ձևերը 8.4.2. Էկոտուրիզմ 8.4.3. Տուրիստական երթուղիներ 8.5. Տուրիստական և ռեկրեացիոն նշանակության տարածքներին սպառնացող վտանգները 8.6. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում տուրիզմի և ռեկրեացիոն գործունեության կանոնակարգման գործողություններ

ԲԱԺԻՆ 9. «Սևան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիտորինգի համակարգի ներդրման և իրականացման գործողությունների պլանը

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1. «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարելավման գործողությունների պլան

ՀԱՎԵԼՎԱԾ 2. Բնական և մշակութային հուշարձաններ, որոնք գույքագրվել են և առաջարկվել տուրիզմի զարգացման համար

ՀԱՎԵԼՎԱԾ 3. Կենսաբազմազանության մոնիտորինգի համակարգը և դրա ներդրումը «Սևան» ազգային պարկում

Քարտեզ 1. Ռելիեֆը

Քարտեզ 2. Ջրագրությունը

Քարտեզ 3. Ազգային պարկի և դրա պահպանական գոտու սահմանները

Քարտեզ 4. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիները

Քարտեզ 5. Կարմիր գրքում գրանցված առավել ուշադրության արժանի և էնդեմիկ բուսատեսակների բաշխվածությունը

Քարտեզ 6. Դեղաբույսերի բաշխվածությունը

Քարտեզ 7. ՈՒտելի բույսերի բաշխվածությունը

Քարտեզ 8. Կարմիր գրքում գրանցված և հազվագյուտ կենդանիների տեսակների բաշխվածությունը

Քարտեզ 9. Անտառների բաշխվածությունն ըստ գերակշռող ծառատեսակների

Քարտեզ 10. Անտառների բաշխվածությունն ըստ լրիվության

Քարտեզ 11. Անտառների բաշխվածությունն ըստ բոնիտետային դասերի

Քարտեզ 12. Անտառների բաշխվածությունն ըստ հասակային փուլերի

Քարտեզ 13. Սևանա լճի մակարդակը ծովի մակարդակից 1900 և 1903.5 մ բարձրություններում

Քարտեզ 14. Բնական և մշակութային հուշարձանների բաշխվածությունը

Քարտեզ 15. Հիմնական հուշարձանները և տուրիստական երթուղիները

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանը մշակվել է 2004-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային միջոցներով:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման համար հիմք են հանդիսացել ռազմավարական նշանակության այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են`

* Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի կողմից վավերացված Գլոբալ էկոլոգիական խնամառու դրամաշնորհային հիմնադրամի Համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև, որպես Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի իրականացնող գործակալության (2002 թ.).

* Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի գնահատման փաստաթուղթը (2001 թ.):

Բացի այդ, հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններ, որոնք արտահայտված են Հայաստանի Ազգային ժողովի կողմից վավերացված այնպիսի միջազգային կոնվենցիաներում, ինչպիսիք են`

* Կենսաբանական բազմազանության մասին - 1993 թ.

* Միջազգային նշանակության խոնավ տարածքների, որպես ջրլող թռչունների բնադրավայրերի, պահպանության մասին - 1993 թ.

* Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանության մասին - 1994 թ.

* Անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում - 1997 թ.

* Տեղեկատվության հասանելիության, շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին - 1998 թ.

* Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա - 2002 թ.:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել Հայաստանի Հանրապետության այնպիսի օրենքների և օրենսգրքերի պահանջներին, ինչպիսիք են`

* Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքները - 1991 թ.

* Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին - 1991 թ., ինչպես նաև սույն օրենքի նոր նախագծին.

* Բուսական աշխարհի մասին - 1999 թ.

* Կենդանական աշխարհի մասին - 2000 թ.

* Սևանա լճի մասին - 2001 թ.

* Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին - 2001 թ.

* Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին - 2001 թ.

* Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին - 2001 թ.

* Հողային օրենսգիրքը - 2001 թ.

* Ջրային օրենսգիրքը - 2002 թ.:

Բացի այդ, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են`

* Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը - 1998 թ.

* Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը - 1998 թ.

* Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը - 2001 թ.

* Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիրը - 2002 թ.

* Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին - 2003 թ.

* Սևանա լճի առափնյա առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտևորման փաստաթղթերը հաստատելու մասին - 2003 թ.:

Հարկ է նշել, որ «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը Հայաստանի կառավարության 2006 թ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված է որպես գերակա խնդիր:

Կառավարման պլանի մշակման ընթացքում ուսումնասիրվել և գնահատվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման առանձնահատկությունները: Ընդ որում` գնահատումն իրականացվել է 2005 և 2006 թվականներին` Վայրի բնության պահպանության հիմնադրամի (WWF) և Համաշխարհային բանկի մշակած մեթոդիկայով: Գնահատման արդյունքում մշակվել են ազգային պարկի կառավարման բարելավման գործողություններ, որոնք ուղղված են ինչպես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային բարեփոխումներին, այնպես էլ կադրերի մասնագիտական պատրաստվածությանն ու ծառայողական պարտականությունների սահմանմանը:

Մեծ ուշադրություն է հատկացվել «Սևան» ազգային պարկին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրին և շահագրգիռ կողմերի հետ պարկի մասնակցային կառավարման հնարավորություններին: Ընդ որում` մասնակցային կառավարման գործողությունները ուղղված են «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բնական էկոհամակարգերի բարելավմանը, ազգային պարկին հարակից համայնքների վարչական սահմաններում պետական սեփականության անտառային տարածքների կառավարմանը, ինչպես նաև տուրիզմի և ռեկրեացիայի կարգավորմանը:

Կառավարման պլանի մշակման ընթացքում գնահատվել է «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում տնտեսական գործունեության, բնական պաշարների օգտագործման բնագավառում շահագրգիռ կողմերի միջև փոխհարաբերությունների բնույթը, բացահայտվել են պարկին հարակից համայնքների բնակչության կողմից կենսաբանական ռեսուրսների (անտառ, անտառային կողմնարդյունք, արոտավայրեր, ջրային կենսաբազմազանություն) օգտագործման հասանելիության և օգտագործումից ստացված շահույթի արդարացի բաշխման առանձնահատկությունները: Իրականացվել է կենսաբանական և գենետիկական ռեսուրսների (բնափայտ, անտառային պտուղներ և հատապտուղներ, ուտելի բույսեր, կերաբույսեր, դեղաբույսեր, սնկեր, խեցգետիններ, ձկներ, թռչուններ, կաթնասուններ) գույքագրում, բացահայտվել են էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող հիմնական գործոնները, որոշվել են շրջակա միջավայրի վրա տնտեսական գործունեության տարբեր ձևերի ազդեցության չափանիշները և մշակվել են էկոհամակարգերի վիճակի զարգացման միտումների կանխագուշակման մեթոդները: Բացի այդ, դիտարկվել են նաև «Սևան» ազգային պարկի տարածքում տուրիզմի և ռեկրեացիայի զարգացման ուղիները, գույքագրվել են բնական և մշակութային ժառանգության օբյեկտները:

Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու քարտեզագրման ուղղությամբ: Կենսաբազմազանության և անտառային տարածքների գույքագրման արդյունքների հիման վրա որոշվել և քարտեզագրվել են «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիները: Քարտեզագրվել են նաև Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակների տեղաբաշխումը, անտառային տարածքների բաշխվածությունը ըստ ծառուտների լրիվության, բոնիտետի դասերի, տարիքային խմբերի: Տրվել է նաև հիմնական տուրիստական երթուղիների քարտեզը:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանը կապահովի բնապահպանական և տնտեսական ոլորտների ինտեգրացման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացումը: Այդ տեսակետից կարևոր նշանակություն ունի ազգային պարկի և կենսաբանական բազմազանության մոնիտորինգի իրականացումը, որը կարող է հիմք հանդիսանալ ընկալելու ազդեցության էությունը և միջոցներ ձեռնարկել պահպանության համար: Մոնիտորինգի իրականացման գործողությունները կնպաստեն ազգաբնակչության համար ազգային պարկի տնտեսական արժեքների հասանելիությանը, ինչպես նաև տեղական համայնքներին շահույթի մասնահանման արդյունավետ քաղաքականության և մեխանիզմների մշակմանը, որը հնարավորություն կտա ազգային պարկի լիարժեք գործունեության համար ապահովել կայուն ֆինանսավորում:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանը կնպաստի գործող իրավական ակտերի առավել արդյունավետ և հավասարակշռված կիրարկմանը, որի հետևանքով զգալիորեն կկանխարգելվեն գլոբալ կարևորության կենսաբազմազանության կորուստը, կբարելավվի տնտեսական գործունեության հավասարաչափ իրականացումը: Կառավարման պլանի կարևորագույն նպատակն է ապահովել, որպեսզի կենսաբազմազանության պահպանության պահանջները հավասարակշռվեն տեղական բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված օժանդակության հետ:

 

ԲԱԺԻՆ 1. «Սևան» ազգային պարկի ստեղծումը և տեղադրությունը

 

«Սևան» ազգային պարկը հիմնադրվել է Հայկական ՍՍՀ Կոմկուսի Կենտկոմի և Մինիստրների Խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի թիվ 125 որոշմամբ` Սևանա լճի բնական էկոհամակարգը պահպանելու նպատակով:

«Սևան» ազգային պարկը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում` Գեղարքունիքի մարզում: Շրջապատված է Գեղամա, Վարդենիսի, Սևանի, Փամբակի և Արեգունու լեռնաշղթաներով: Այն ընդգրկում է լճի ջրային հայելին և ափամերձ տարածքի ջրից ազատված հատակային գրունտները` հիմնականում մինչև շուրջլճյա ավտոճանապարհը: Ըստ վերը նշված որոշման պարկի տարածքը կազմել է 150,1 հազար հա, որից ջրային մակերեսը 125,3 հազ. հա, իսկ ցամաքային տարածքը` 24.8 հազար հա, որից Սևանի շրջանին բաժին է ընկել 2700 հա, Կամոյի շրջանին` 3200 հա, Մարտունու շրջանին` 3500 հա, Վարդենիսի շրջանին` 11400 հա, Կրասնոսելսկի շրջանին` 4000 հա: Սույն որոշմամբ պարկը բաժանվել է երեք գործառնական գոտիների, 5 արգելոցային (Արտանիշի 6420 հա, Նորատուսի` 3600 հա, Լիճքի` 600 հա, Կարճաղբյուրի` 3750 հա, Գիլլիի` 1000 հա) 15370 հա ընդհանուր մակերեսով և 10 արգելավայրային (Ծովինարի` 400 հա, մնացածները` հետևյալ գետերի գետաբերանային հատվածներում` Գավառագետ - 3.5 կմ, Ծակքար - 6.5 կմ, Լիճք - 2 կմ, Արգիչի - 3 կմ, Մարտունի - 1.8 կմ, Վարդենիս - 2 կմ, Մակենիս- Կարճաղբյուր - 1.5 կմ, Մասրիկ - 8 կմ, Բաբաջան - 6 կմ), ռեկրեացիոն (Սևանի շրջանում` 620 հա, Սևանի և Կրասնոսելսկի շրջաններում` 3150 հա, Մարտունու շրջանում` 2500 հա, Վարդենիսի շրջանում` 400 հա, Կամոյի շրջանում` 600 հա)` 7270 հա ընդհանուր մակերեսով, պարկի մնացած տարածքը կազմել է տնտեսական գոտին: Պարկն ունի պահպանական գոտի, որն ընդգրկում է Սևանա լճի ողջ ավազանը` սահմանն անցնում է լիճը երիզող լեռնաշղթաների ջրբաժանով:

Մինչև 1997 թ. «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները: Վերջիններս 1997 թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանով լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում է «Սևան» ազգային պարկին: ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թ. թիվ 91 հրամանով պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ: ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշմամբ «Սևան» ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմակերպվում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

 

ԲԱԺԻՆ 2. «Սևան» ազգային պարկի բնական պայմանները

 

2.1. ԿԼԻՄԱՆ

 

Սևանա լճի ջրահավաք ավազանում կլիմայի ձևավորման հիմնական գործոններն են` արևի ճառագայթումը և մթնոլորտային շրջապտույտը: Արևային ժամերի քանակը տարեկան տատանվում է 2600-2800-ի միջև:

Սևանա լճի ավազանի տարբեր հատվածներ աչքի են ընկնում տարբեր կլիմայական պայմաններով: Ամենաաննպաստ կլիմայական պայմանները դիտվում են լճի արևմտյան ափին, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -36 օC: Լճի հակադիր` Արեգունու ափին ձմեռը համեմատաբար մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հասնում է -25 օC-ի: Բարձրադիր շրջաններում 0 օC-ից բարձր օրերի թիվը հասնում է 200-ի, ցածրադիր գոտիներում` 260 օր: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է հուլիս-օգոստոս ամիսներին (+28 օC), նվազագույնը` հունվար-փետրվարին: Տարվա միջին ջերմաստիճանը տատանվում է 5-6 օC-ի միջև:

Օդի հարաբերական խոնավությունը ենթակա է օրական և սեզոնային տատանումների: Ձմռանը միջին հարաբերական խոնավությունը Փոքր Սևանում կազմում է 70-75%, Մեծ Սևանում` 80-85%, ամռանը` համապատասխանաբար Փոքր Սևանում 65%, Մեծ Սևանում` 75%:

Ջրի և ցամաքի հարևանությամբ ու ռելիեֆի բազմազանությամբ է պայմանավորված քամիների գերակշռությունը այս տարածքում: Քամիների միջին տարեկան արագությունը ավազանում տատանվում է 1.5-6.0 մ/վրկ:

Սևանա լճի ջրահավաք ավազանում տարեկան գումարային տեղումների բաշխումը ընդհանուր առմամբ համապատասխանում է նրա լեռնագրությանը: Լճի ջրահավաք ավազանում մթնոլորտային տեղումները, կախված տեղանքի բարձրությունից, ավելանում են տարեկան 400 մմ-ից (լճի առափնյա շրջանում) մինչև 900 մմ-ի (շրջապատի լեռների մերձգագաթային շրջանում)` միջինը կազմելով 500-600 մմ: Տարվա ընթացքում լճի հայելու վրա տեղումների միջին քանակը կազմում է 390 մմ, այդ թվում` մայիս-հունիս ամիսներին` 115 մմ: Հիմնական գարնանային առավելագույն տեղումներից բացի դիտվում է նաև երկրորդ առավելագույնը` աշնանայինը: Տարվա ընթացքում նվազագույն քանակությամբ տեղումներ դիտվում են օգոստոս-սեպտեմբեր և հունվար-դեկտեմբեր ամիսներին:

Սևանա լճի ավազանում ձնածածկը ձևավորվում է նոյեմբերի կեսերին, կայուն ծածկը ձևավորվում է դեկտեմբերի սկզբին, իսկ նրա հալոցքը սկսվում է մարտի սկզբից և վերջանում ապրիլի վերջին:

 

2.2. ՌԵԼԻԵՖԸ

 

«Սևան» ազգային պարկի ափամերձ հատվածի ռելիեֆը (լճի ափից մինչև 1916 մետրը) ալիքավոր է և հարթ (Քարտեզ 1): Ափերը հիմնականում մեղմաթեք են, տեղ-տեղ զառիթափ` 3-8 մետր բարձրությամբ (օրինակ` Վարդենիկ-Արծվանիստ, Արտանիշ թերակղզու արևմտյան հատվածների ափերը): Պարկի Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը, ինչպես նաև Սևան և Արտանիշ թերակղզիները ունեն բլրապատ, ժայռոտ և կտրտված ռելիեֆ: Սևանա թերակղզու արևելյան մասը մի ժայռապատ բարձունք է, որի ամենաբարձր կետը հասնում է 1982.3 մետր բարձրության:

Արտանիշ թերակղզու կենտրոնական և արևելյան մասը, 1915-2460.8 մետր բարձրությունների միջև, պատված են լեռնազանգվածով (բացառությամբ նրա արևմտյան մասի, որը հարթ է): Առավելագույն բարձրությունը Ադաթափա գագաթն է` 2460.8 մետր բարձրությամբ, որը գտնվում է թերակղզու կենտրոնական մասում: Արտանիշի թերակղզու կենտրոնական մասից լեռնաբազուկները ձգվում են ճառագայթաձև: Այստեղ մշտական հոսող գետեր չկան` միայն ժամանակավոր հոսող փոքրիկ գետակներ են:

«Սևան» ազգային պարկի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը հիմնականում ընկած է 1950-ից 2500 մետր բարձրությունների միջև: Ռելիեֆը իրենից ներկայացնում է ուժեղ կտրտված լեռնային լանդշաֆտ, թեք ժայռոտ լանջերով, տարբեր խորության և լայնության ձորերով ու ձորակներով: Խոր ձորերով հոսում են մշտական գետերը` Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ:

«Սևան» ազգային պարկի տարածքը ընդգրկում է Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիչի և այլ գետերի գետաբերանային հատվածները, որտեղ լճի մակարդակի իջեցման և գետերի էրոզիայի բազիսի իջեցման հետևանքով առաջացել են 10-6 մետր խորությամբ ձորակներ:

 

2.3. ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Սևան» ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը` Սևանը, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը` 1238 կմ2 (Քարտեզ 2): Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի` հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը` 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4-ը` Փոքր Սևան, 24-ը` Մեծ Սևան: Գետերի ավազանների մակերեսների գումարը կազմում է 2780 կմ2 (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 76.2%), իսկ միջավազանային տարածությունը` 696.0 կմ2 (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 23.8%-ը):

Գեղամա լեռնազանգվածից սկիզբ են առնում 5 գետեր, որոնցից Գավառագետը թափվում է Փոքր Սևան, իսկ մնացած գետերը, Շողվակ, Ծակքար, Բախտակ և Լիճք` Մեծ Սևան: Գեղամա լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 219x10.6 մ3, որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 27.73%-ն է:

Վարդենիսի լեռնազանգվածից սկիզբ են առնում 9 գետեր` Արգիչի, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար, Սելավգետակ, Վարդենիկ, Արծվանիստ, Մակենիս և Մասրիկ, որոնք թափվում են Մեծ Սևան: Վարդենիսի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 483x10.6 մ3, որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 61.9%-ն է:

Սևանի լեռնազանգվածից սկիզբ են առնում 11 գետեր և առվակներ` Փոքր Մասրիկ, Շեկասար, Գյունեյ, Դարանակ, Փամբակ, Շիշկերտ, Ծափաթաղ, Ջիլ, Դալի, Նորուզ և Արտանիշ, որոնք թափվում են Մեծ Սևան: Սևանի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 36.5x10.6 մ3, որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 4.62 %-ն է:

Արեգունու լեռնաշղթայից սկիզբ են առնում 2 ոչ մեծ գետեր` Սպիտակաջուր և Դրախտիկ, իսկ Փամբակի լեռնաշղթայից` միայն Ձկնագետը, որոնք թափվում են Փոքր Սևան: Արեգունի-Փամբակ լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 45.4x10.6 մ3, որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 5.75 %-ն է:

Գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 26.8 մ3/վրկ (առանց Արփա-Սևան ջրատարի): Սևանա լիճ թափվող գետերի ջրածախսի դինամիկան ցույց է տալիս, որ Գավառագետ, Ծակքար, Արգիչի, Վարդենիկ, Մակենիս և Մասրիկ գետերում տարվա ամենաջրառատ ժամանակաշրջանը ապրիլ-հունիս ամիսներն են, որը կապված է գարնանային վարարումների հետ: Դրանք սկսվում են ապրիլի առաջին կամ երկրորդ տասնօրյակից ու հիմնականում ավարտվում հունիսի երկրորդ տասնօրյակի ընթացքում: Գետերի մեծ մասի առավելագույն ելքերը, սովորաբար, դիտվում են գարնանային վարարումների ժամանակ: Սակայն կարող են դիտվել նաև ամառ-աշնանային սակավաջուր փուլի ընթացքում, որի պատճառը այս սեզոնում հաճախակի տեղացող տեղատարափ անձրևներն են: Գետերի մեծ մասն ունեն լավ արտահայտված սակավաջրության երկու փուլ` ամառ-աշնանային և ձմեռային:

Լճից դուրս է գալիս մեկ գետ` Հրազդանը, որի բնական հոսքը մինչև լճի մակարդակի իջեցումը եղել է 110 մլն մ3: Այսօր այս գետը վերածվել է ջրանցքների և ջրատարների մի համակարգի, որով հոսում է Սևանա լճից ոռոգման նպատակներով վերցված ջուրը:

 

2.4. ՀՈՂԵՐԸ

 

«Սևան» ազգային պարկի տարածքի մեծ մասը կազմում են Սևանա լճից ազատված հողագրունտները: Դրանք ավազային են, թեթև, հումուսի աննշան պարունակությամբ: Հիմնականում ձևավորվել են հողագրունտի 3 խմբեր, որոնք ունեն հողագոյացման տարբեր ուղղություններ` խոնավ մարգագետնային ավազային, թերի զարգացած ավազակոպճային և սապրորելիտային տափաստանացված: Զգալի տարածք են զբաղեցնում թերի զարգացած ավազակոպճային հողագրունտները: Գետերի հովիտներում և դրանց դարավանդներում ձևավորվել են գետահովտադարավանդային հողերը: «Սևան» ազգային պարկի Գիհի-կաղնուտային ռելիկտային, Սևանա թերակղզու արևելյան և Արտանիշ թերակղզու կենտրոնական ու արևելյան բլրապատ և լեռնոտ հատվածներում հանդես են գալիս լեռնատափաստանային չոր, իսկ 2400 մետր և ավելի բարձրություններում` լեռնամարգագետնային հողերի տիպերը:

 

2.5. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

 

2.5.1. Ֆլորան

 

2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիումային տվյալների համաձայն, պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ընդ որում` «Սևան» ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում` 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով (բուսատեսակների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին):

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13-ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ: 17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (պահպանական գոտում դրանք 48-ն են):

Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի:

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ), որոնցից 180-ը պատկանում են ագարիկալ սնկերին, 55-ը` աֆիլոֆորայիններին, իսկ 32-ը` գաստերոմիցետներին: Ընդ որում` պարկի տարածքում հայտնաբերված սնկերը հիմնականում հանդիպում են քայքայված բնափայտի, կոճղերի, գոմաղբի և ավազուտների վրա, այսինքն` պատկանում են քսիլոտրոֆ և պսամոտրոֆ էկոլոգիական խմբերին, իսկ պահպանական գոտու սնկերը ավելի բազմազան սուբստրատների վրա են զարգանում:

Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները` ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինիոն սովորական (Agaricus campestris), շամպինիոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոստիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: Դրանք են` ագարիկոմիցետներից 28 տեսակներ, աֆիլոֆորոմիցետներից 17 տեսակներ և գաստերոմիցետներից 8 տեսակներ: Բնակչությունը չի օգտագործում այդ սնկերը, քանի որ տեղեկացված չեն դրանց օգտագործման ձևերին և բուժիչ հատկություններին:

24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինիոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն: Տեղացի բնակիչները այդ տեսակները կոչում են գարշասնկեր (պոգանկա), խուսափում են հավաքել և թունավորման դեպքերը հազվադեպ են:

 

2.5.2. Բուսականությունը

 

Սևանա լիճը շրջապատող լեռների և դրանց լանջերի տարբեր դիրքադրությունների, հողերի տիպերի, ռելիեֆային առանձնահատկությունների և այլ հանգամանքների շնորհիվ Սևանի ավազանի բուսականությունն ունի վառ արտահայտված մոզաիկ բնույթ, լավ է արտահայտված նաև ուղղահայաց գոտիականությունը:

Գեղամա և Վարդենիսի լեռների լանջերին ներկայացված են լեռնային տափաստանային համակեցությունները (ծովի մակարդակից 1900-2200 մ), որոնցում գերիշխում են շյուղախոտ վալեսյան (Festuca valesiaca), բարակոտնուկ սանրաձև (Koeleria cristata), փետրախոտ տխուր (Stipa tirsa) և այլ հացազգիները: Դրանցում զգալի են տրագականտային աստրագալների և ուրցի բազմաթիվ տեսակների մասնակցությունը: Բարձրության հետ տափաստանները փոխարինվում են լեռնային մարգագետնատափաստաններով, որտեղ համակեցություններում գերիշխում են շյուղախոտ վալեսյան (Festuca valesiaca), շյուղախոտ ոչխարային (Festuca ovina), բոշխ ցածր (Carex humilis), դաշտավլուկ մարգագետնային (Poa pratensis) և այլ տեսակները: Ծովի մակարդակից 2300 մ-ից բարձր բուսականության բնույթը աստիճանաբար փոխվում է դեպի մերձալպյան մարգագետինները, որոնց առավել տիպիկ ներկայացուցիչներից են բարակոտնուկ սանրաձև (Koeleria cristata), դաշտավլուկ ալպյան (Poa alpina), գարի մանուշակագույն (Hordeum violaceum), բրոմոպսիս խայտաբղետ (Bromopsis variegata), քոսքոսիկ կովկասյան (Scabiosa caucasica), ոզնախոտ կծկավոր (Dactylis glomerata), զանգակ խմբված (Campanula glomerata), թթվիճ խոշորածաղիկ (Betonica macrantha), երեքնուկի (Trifolium) տարբեր տեսակներ և այլն: 2700-3200 մ բարձրությունները զբաղեցնում են ալպյան ցածրախոտ մարգագետինները և ալպյան գորգերը, ուր հաճախ հանդիպում են զանգակ եռատամ (Campanula tridentata), խատուտիկ Ստևենի (Taraxacum stevenii), բերենիկե բոգային (Veronica gentianoides), շյուղախոտ ոչխարային (Festuca ovina), բոշխ տխուր (Carex tristis) և մի շարք այլ տեսակներ: Լեռնային լանջերի որոշ ձորերում հանդիպում են թփուտներ` կազմված հիմնականում մասրենու (Rosa spinosissima, R.canina) և ասպիրակի (Spiraea crenata) տեսակներից:

Թփուտները լավ են արտահայտված լճի հյուսիս-արևելյան ափին, Սևանի և Արեգունու լեռնաշղթաների լանջերին և Արտանիշ թերակղզում: Այդպիսիք են` արոսենու (արոսենի Կուզնեցովի (Sorbus kuznetsovii), արոսենի, ծտախնձոր (S. aucuparia), արոսենի Հայաստանի (S. hajastana), արոսենի հունական, ասպաբ (S. graeca)), մասրենու (Rosa spinosissima, R. canina), ասպիրակի (Spiraea crenata), ալոճենու (Crataegus orientalis), ուռենու (Salix caprea) և մի շարք այլ թփատեսակների համակեցությունները:

Արեգունու լեռնաշղթայի լանջերին, ինչպես նաև լճի հյուսիսային մասում (Սևանի լեռնաշղթա) ստորին գոտին կազմում են տրագականտային աստրագալների թփուտները` գազ ոսկեգույն (Astragalus aureus), գազ մանրագլուխ (A. microcephalus), գազ գյունեյի (A. gjunaicus) և այլն: Ավելի բարձր, 2000-2100 մ-ից վերև, մարգագետնատափաստանային բուսականության հետ մեկտեղ տարածված են արևելյան կաղնու (Quercus macranthera) մնացորդային կաղնուտները և չորասեր թփերի ու տափաստանային խոտաբույսերի մասնակցությամբ գիհու նոսրանտառները: Վերջիններս բավականին ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Ջիլ, Դարանակ, Բաբաջան և Արտանիշ գյուղերի մոտ: Գերակայող տեսակներն են գիհի բազմապտուղը (Juniperus polycarpos) և գիհի երկարավունը (J. oblonga), որոնք կազմում են ինչպես մոնոդոմինանտ այնպես էլ խառը ասոցիացիաներ: Առանձին տարածքներում գիհիներին միանում են այլ թփատեսակներ` ասպիրակի (Spirea crenata, S. hypericifolia), արոսենի Հայաստանի (Sorbus hajastana), արոսենի հունական, ասպաբ (S. graeca) և այլն: Գիհի սաբինան (J. Sabina) և գիհի փռվողը (J. depressa) որոշ տարածություններ են գրավում նաև մերձալպյան գոտում, երբեմն նույնիսկ տափաստանային գոտում:

Սևանա լճի ավազանում բավականին տարածված են նաև բուսականության այնպիսի էքստրազոնալ տիպեր, ինչպիսիք են փլուզուտային, քարացրոնային և ժայռային բուսականությունը: Դրանք առանձին հատվածներով հանդիպում են բոլոր բարձունքային գոտիներում:

Սևանա լճի ջրից ազատված հողագրունտները ծածկված են արհեստական տնկարկներով (սոճի, չիչխան, բարդի և այլ), որոնց զգալի մասը, Սևանա լճի մակարդակի ենթադրվող բարձրացման դեպքում, կմնա ջրի տակ:

Ինչ վերաբերում է ջրային բուսականությանը, ապա անմիջապես Սևանա լճում, ըստ ջրի խորության և պարզության, այն կազմում է երկու արտահայտված գոտի` մակրոֆիտների (հիմնականում ծաղկավոր բույսեր) և խարային ջրիմուռների ու ջրային մամուռների: Ծովինար, Նորատուս, Զոլաքար, Մարտունի, Լիճք գյուղերի մերձափնյա տարածքներում կան ոչ մեծ ճահիճներ, ուր աճում են բոշխ կարճամազ (Carex hirta), դուն երկար (Cyperus longus), դուն թուխ (C. fuscus), ճլախոտ թաբերնեմոնթանի (Schoenoplectus tabernaemontani) և շատ այլ տեսակներ:

 

2.6. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

 

2.6.1. Անողնաշարավորներ

 

2.6.1.1. Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ.

 

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և Հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին (անողնաշարավոր կենդանիների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

 

2.6.1.2. Խեցգետիններ.

 

Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus Ieptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին` պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

 

2.6.2. Ողնաշարավորներ

 

2.6.2.1. Ձկներ.

 

Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի-Salmonidae, սիգազգի Coregonidae և ծածանազգի-Cyprinidae ընտանիքներով: Սաղմոնազգիներին են պատկանում Սևանի իշխանը (Sevan Trout-Salmo ischchan Kessler 1877) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով` Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii):

Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է (Whitefish - Coregonus lavaretus):

Ծածանազգի ձկնատեսակներին են պատկանում լճի երկու էնդեմիկները` Սևանի կողակը (Khrami carp-Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղլուն (Sevan barble-Barbus goktschaicus): 1980-ական թվականների սկզբից լճում սկսել է հանդիպել նաև արծաթափայլ լճածածանը (Crucian carp-Carassius auratus gibelio), որը պատահաբար լիճ է ներթափանցել Արարատյան դաշտի ջրային համակարգերից:

1987 թվականից Սևանա լճի երկու էնդեմիկ տեսակ` Սևանի իշխանը և Սևանի բեղլուն, ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

 

2.6.2.2. Երկկենցաղներ.

 

Համաձայն 2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքների և համապատասխան գրականության աղբյուրների` «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են երկկենցաղների հետևյալ 4 տեսակները, որոնք պատկանում են Ցատկողներ (Salientia) կարգին` լճագորտ (Rana ridibunda), փոքրասիական գորտ (Rana macrocnemis), կանաչ դոդոշ (Bufo viridis), Շելկովնիկովի ծառագորտ (H.a.shelkovnikovi):

 

2.6.2.3. Սողուններ.

 

Համաձայն 2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքների և համապատասխան գրականության աղբյուրների` «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են սողունների 16 տեսակներ (սողունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին), որոնցից 11 տեսակներ պատկանում են մողեսներ (Lacertilia) կարգին, իսկ 5 տեսակ` օձեր (Serpentes) կարգին: Դրանցից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են խայտաբղետ մողեսիկը (E.a.transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva):

 

2.6.2.4. Թռչուններ.

 

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ (թռչունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին), որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին.

 

1. Սուզակներ (Podicipediformes) - 7 տեսակ.

2. Ձկնկուլ (Pelecaniformes) - 4 տեսակ.

3. Արագիլ, տառեղ, ջրցուլ (Ciconiformes) - 11 տեսակ.

4. Ֆլամինգո (Phoenicopteriformes) - 1 տեսակ.

5. Գիշատիչներ (Falconiformes) - 30 տեսակ.

6. Սագեր, բադեր, կարապներ (Anseriformes) - 28 տեսակ.

7. Հավազգիներ (Galliformes) - 3 տեսակ.

8. Կռունկ, փարփար (Gruiformes) - 9 տեսակ.

9. Որոր, կտցար, քարադր (Charadriiformes) - 49 տեսակ.

10. Աղավնազգիներ (Columbiformes) - 4 տեսակ.

11. Կկուներ (Cuculiformes) - 1 տեսակ.

12. Բու (Strigiformes) - 3 տեսակ.

13. Այծկիթ (Caprimulgiformes) - 1 տեսակ.

14. Մանգաղաթևեր, ծիծեռնակներ (Apodiformes) - 5 տեսակ.

15. Մեղվակեր, հոպոպ, ալկիոն (Coraciiformes) - 5 տեսակ.

16. Փայտփոր, վիզգցուկ (Piciformes) - 4 տեսակ.

17. Ճնճղուկանմաններ (Passeriformes) - 102 տեսակ:

 

39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից մեկը` Հայկական որորը (Laurus armenicus) էնդեմիկ տեսա է:

Ազգային պարկի տարածքում կան 26 տնտեսապես կարևոր նշանակություն ունեցող թռչնատեսակներ: Դրանցից կռնչան բադը, կարմրագլուխ սուզաբադը, քարակաքավը, լորը, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, անտառային աղավնին և այլն հետաքրքրություն են ներկայացնում որսի տեսանկյունից:

 

2.6.2.5. Կաթնասուններ.

 

Համաձայն 2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքների և համապատասխան գրականության աղբյուրների` «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են կաթնասունների 44 տեսակներ (կաթնասունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին), որոնք պատկանում են հետևյալ կարգերին.

* Միջատակերներ (Insectivora) - 7 տեսակ.

* Կրծողներ (Rodentia) - 15 տեսակ.

* Նապաստակներ (Logomorpha) - 1 տեսակ.

* Չղջիկներ (Chiroptera) - 7 տեսակ.

* Գիշատիչներ (Carnivora) - 11 տեսակ.

* Սմբակավոր/կճղակավոր կաթնասուններ (Artiodactyla) - 3 տեսակ:

Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):

 

ԲԱԺԻՆ 3. «Սևան» ազգային պարկի սահմանները

 

3.1. «Սևան» ազգային պարկի սահմանների որոշման սկզբունքները

 

«Սևան» ազգային պարկի առաջարկվող սահմանը փոփոխություն է կրում Հայկական ՍՍՀ Կոմկուսի Կենտկոմի և Մինիստրների Խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի թիվ 125 որոշմամբ նկարագրված սահմանի նկատմամբ` հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները. Սևանա լճի նախկին ափագիծը` ծովի մակարդակից 1915.89 մ բարձրությունը, նախկին անտառտնտեսությունների տարածքները, լճի և շրջակա լանդշաֆտների էկոլոգիական վիճակի ու բնական պաշարների (բուսական, անտառային, կենդանական, ջրային) պահպանության և արդյունավետ օգտագործման խնդիրը, ինչպես նաև ազգային պարկի կառավարման պլանների մշակման շրջանակներում անտառագետների, քարտեզագիրների, կենդանաբանների, բուսաբանների, հիդրոլոգների դաշտային ուսումնասիրությունների արդյունքները և պետական կադաստրով գրանցված համայնքային սահմանները: Ըստ վերը նշված սկզբունքների` առաջարկվող սահմանում «Սևան» ազգային պարկի տարածքը, Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147.34 կմ2 (147 343 հա), իսկ առանց լճի հայելու` 225.85 կմ2 (22 585 հա): Պահպանական գոտու տարածքը կազմում է 3429.20 կմ2 (342 920 հա):

 

3.2. «Սևան» ազգային պարկի սահմանների նկարագրությունը

 

«Սևան» ազգային պարկի սահմանն անցնում է (Քարտեզ 3).

1. Սկսած Երևան-Սևան-Դիլիջան ավտոմայրուղու Սևան քաղաք մտնող խաչմերուկի 910 մ դեպի Սևան թերակղզի հատվածից` Ա կետից (X=495528, Y=4489063, H=1903 մ): Այստեղից գրունտային ճանապարհով իջնում է 300 մետր դեպի հարավ-արևելք, որից հետո թեքվում հարավային ուղղությամբ անցնում 1.0 կմ, կտրում է Սևան-Գավառ ավտոճանապարհը, Սևան քաղաք մտնող խաչմերուկի 1.58 կմ հատվածից` Բ կետից (X=495520, Y=4487871, H=1924 մ), հետո մոտ 1.5 կմ անցնում Լճաշեն գյուղի համայնքային սահմանով և դուրս գալիս Լճաշեն-Չկալովկա միջգյուղական ճանապարհ` Գ կետը (X=495274, Y=4486718, H=1916 մ): Այստեղից միջգյուղական ճանապարհին զուգահեռ Լճաշեն գյուղի համայնքային սահմանով 3.6 կմ անցնում է արևելյան ուղղությամբ և Չկալովկա գյուղի մոտ դուրս գալիս Սևան-Գավառ ավտոճանապարհ: Ապա անցնում է Չկալովկա համայնքի վարչական սահմանով 4,3 կմ մինչև Չկալովկա և Նորաշեն համայնքների վարչական սահմանների հատման կետը: Ապա Նորաշեն համայնքի վարչական սահմանով ձգվում է 0,3 կմ և միանում Սևան-Գավառ ավտոճանապարհին, որով էլ շարունակվում է 0,76 կմ և վերստին միանում Նորաշեն համայնքի վարչական սահմանին և ձգվում 0,96 կմ: Ապա նորից անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհով 1,07 կմ, այնուհետև ձգվում անտառի սահմանով 1,3 կմ հասնում Ծովազարդ բնակավայրի սկիզբ, ապա թեքվում է արևելք, կտրում անտառն ու հասնում Սևան-Գավառ ավտոճանապարհ, ձգվելով 0,9 կմ: Այնուհետև անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհով 0,7 կմ, ապա Ծովազարդի համայնքի վարչական սահմանով 0,9 կմ, այնուհետև վերստին Սևան- Գավառ ավտոճանապարհով 0,3 կմ: Ապա անցնում է 1,4 կմ Ծովազարդի համայնքի վարչական սահմանով, 0,3 կմ Սևան-Գավառ ավտոճանապարհով և 0,1 կմ անտառի սահմանով ու նորից միանում Ծովազարդի համայնքի վարչական սահմանին և նրանով ձգվում 1,7 կմ մինչև Ծովազարդի և Լճափի համայնքների վարչական սահմանների միացման տեղը: Որից հետո սահմանն անցնում է Լճափի համայնքի վարչական սահմանով 0,15 կմ, ապա Անտառի սահմանով 0,2 կմ: Լճափ-Բերդկունք-Հայրավանք հատվածում անցնում է համայնքային հողերի սահմաններով: Չկալովկայից Նորաշեն անցնում է արևելյան ուղղությամբ, մինչև Լճափի հարավ-արևելյան, ապա թեքվում հարավ-արևելք անցնում 19.6 կմ մինչև Հայրավանքի եկեղեցական համալիրը: Շրջանցելով Հայրավանքի եկեղեցական համալիրը անցնում է արհեստական անտառտնկարկների եզրով հարավ-արևելյան ուղղությամբ 1.1 կմ, դուրս գալիս Սևան-Մարտունի ավտոճանապարհ` Նորատուսի համայնքային սահման` Դ կետը (X=509190, Y=4476357, H=1914 մ) և 2.9 կմ անցնում ավտոճանապարհով` Ե կետը (X=511834, Y=4474295, H=1904 մ): Որից հետո թեքվում է դեպի արևելք և 5.8 կմ անցնում Նորատուսի համայնքային սահմանի և արհեստական անտառտնկարկների եզրով մինչև Նորատուս թերակղզու կենտրոնում գտնվող, բարձր հաճախականության ռադիոլոկացիոն կայանի դարպասները` Զ կետը (X=516682, Y=4474634, H=1915 մ): Բարձր հաճախականության ռադիոլոկացիոն կայանից թեքվում է դեպի հարավ անցնում 8.8 կմ արհեստական անտառտնկարկների եզրով և հասնում Սևան-Մարտունի ավտոճանապարհ` Է կետը (X=518005, Y=4467013, H=1916 մ): Այնուհետև շարունակում դեպի հարավ 7.0 կմ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհից 50-150 մ հեռավորությամբ աջ ընկած քարափով, որից հետո շրջանցում Սառիկայա հրվանդանի Կարմիր ամառանոցը և անցնում ավտոճանապարհով 9.1 կմ մինչև Ծակքար գետի ձախակողմյան բազուկը: Երանոս գյուղ մտնող խաչմերուկի մոտ 0.8 կմ շրջանցում է Երանոս գյուղին պատկանող բնակելի տարածքը:

2. Ծակքար համայնքի սահմանաեզրից անցնում է Ծակքար գետի ձախակողմյան բազուկով հոսանքն ի վար 0.2 կմ, որից հետո թեքվում դեպի արևելք և մոտ 0.4 կմ անցնում Բախտակ գետի աջակողմյան մասով հոսանքն ի վեր: Այստեղից անցնելով 1.6 կմ Լիճքի ձկնաբուծարանի մոտից չհասած Գավառ-Մարտունի ավտոճանապարհ զուգահեռ անցնում 2.5 կմ, այնուհետև անցնում ավտոճանապարհով մոտ 800 մետր մինչև Արգիճի գետ: Որից հետո անցնում է ավտոճանապարհի աջակողմյան մասով 40 մ լայնությամբ և 0.8 կմ երկարությամբ և 2.1 կմ անցնում ավտոճանապարհով: Այնուհետև ավտոճանապարհից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս, հասնում ազգային պարկի արտադրական մասին և թեքվում է դեպի արևելք: Անտառի և բացատի սահմանով թեքվում դեպի հյուսիս-արևելք, հետո հանգստյան տան մոտով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևելք, հատում դաշտային ճանապարհը, Մարտունի գետը, հասնում կեղտաջրերի մաքրման և գազի կարգավորիչ կայաններին: Այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, անցնում լիճ տանող ճանապարհով և դուրս գալիս ցամաքուրդ: Անցնելով ցամաքուրդով և առվով դուրս գալիս Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհ: Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ-Ծովինար հատվածում անցնում է 17.5 կմ արհեստական անտառտնկարկների եզրագծով կտրում է ավտոճանապարհը` Ը կետ (X=541524, Y=4447624, H=1904 մ), անցնում ճանապարհի աջակողմյան մասով 0.5 կմ խորությամբ և 1.5 կմ երկարությամբ, որից հետո 200 մ չհասած Արփա-Սևան թունել դուրս գալիս Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհ: Ավտոճանապարհով շարունակում է 1.2 կմ մինչև Արծվանիստ գյուղի խաչմերուկ: Արծվանիստ գյուղի խաչմերուկից մինչև Ծովակ անցնում է արհեստական անտառտնկարկների եզրագծով մոտ 15.0 կմ (միայն Կարճաղբյուր գյուղի տակ մոտ 0.8 կմ երկարությամբ անցնում է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհով):

3. Ծովակ գյուղական բնակավայրի մոտից թեքվում է դեպի հյուսիս անցնում 7.5 կմ Սևանա լճի ցամաքած հատակի ափագծի և արհեստական անտառտնկարկի եզրով անցնող Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհով` մինչև Նորակերտ գյուղ տանող խաչմերուկ: Այնտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և անցնում արհեստական անտառտնկարկի եզրով 16.2 կմ, 1.8 կմ չհասած Փամբակ գյուղի երկաթուղային կայարանը` Թ կետը (X=546565, Y=4470726, H=1915 մ), որից հետո անցնում է Փամբակ-Արտանիշ ավտոճանապարհով մինչև Նավրուզդարա գետի հունը` 19.5 կմ: Այստեղից անցնելով երկաթգծով մոտ 1.5 կմ Արտանիշ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից թեքվում է դեպի արևմուտք անցնում Արտանիշ գյուղի համայնքի հարավային սահմանի գրունտային ճանապարհով` սկզբում թեքվում է դեպի արևմուտք անցնում 4.0 կմ, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք 2.3 կմ: Որից հետո թեքվում է դեպի արևմուտք, շրջանցելով Արտանիշ թերակղզու լեռների հյուսիսային լանջերը անցնում 3.6 կմ: Այստեղից անցնում է Շորժա գյուղի համայնքային սահմանով, սկզբում թեքվում դեպի հարավ անցնում 4.4 կմ, հետո դեպի արևմուտք և հյուսիս դաշտային ճանապարհով անցնում 6.0 կմ և Շորժա գյուղի մոտ (600 մետր չհասած Շորժա գյուղ մտնող ավտոճանապարհի խաչմերուկ) դուրս է գալիս Արտանիշ-Ծովագյուղ ճանապարհ:

4. Դարանակ-Փամբակ-Ծափաթաղ-Ջիլ համայնքային տարածքներում անցնում է առանձին կտորներով, որտեղ տարածված են կաղնու և գիհու ռելիկտային նոսր անտառները.

- Առաջին հատվածը ձգվում է Դարանակ գյուղի վերջից, գետի աջ և ձախ ափերով դեպի հյուսիս-արևելք 1.3 կմ լայնությամբ և դեպի հյուսիս-արևմուտք 2.8-4.0 կմ:

- Երկրորդ հատվածը սկսում է չհասած Դարանակ գետ 2.4 կմ-ից և ձգվում է երկաթգծի երկայնքով մոտ 1.7 կմ երկարությամբ և դեպի հյուսիս` լանջն ի վեր մոտ 800 մետր:

- Երրորդ հատվածն ընկած է Փամբակ գյուղից 800 մետր դեպի հյուսիս և ձգվում է Փամբակ գետի ձախ ափից 370 մետր լայնությամբ և լանջն ի վեր 700 մետր երկարությամբ:

- Չորրորդ հատվածի սահմանը սկսում է 2.0 կմ չհասած Շամպիր գետ, ձգվում է երկաթգծից դեպի լանջն ի վեր մոտ 4.7 կմ երկարությամբ: Շամպիր գետի գետաբերանից մոտ 2.1 կմ հեռավորությունից հատված ձգվում է գետի երկու ափերով մոտ 1.0-1.6 կմ լայնությամբ:

- Հինգերորդ հատվածն ընկած է Ծափաթաղ և Ջիլ գյուղերի միջև: Սահմանը սկսվում է Ջիլ գետից 1.5 կմ ներքևից, ձգվում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ 5.2 կմ լայնությամբ մինչև Ծափաթաղ գետ և երկաթգծից դեպի լանջն ի վեր, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 3.2 կմ երկարությամբ:

5. Շորժա գյուղի մոտից ձգվում է Շորժա-Ծովագյուղ ճանապարհով դեպի արևմուտք 2.9 կմ, ապա դեպի հյուսիս 2.0 կմ, որից հետո թեքվում դեպի հյուսիս-արևմուտք և 3.5 կմ ձգվում ճանապարհով մինչև Դրախտիկ գետ: Դրախտիկ գետի գետաբերանի մոտից անցնում է ավտոճանապարհի հարավից մոտ 50-160 մետր լայնությամբ և 450 մետր երկարությամբ: Հետո ձգվում է մոտ 3.4 կմ ավտոճանապարհով հյուսիս-արևմտյան ուղղությամբ մինչև Դրախտիկի համայնքային սահմանի վերջը` Դերեգոմի ձմեռանոցի մոտ գտնվող գետակը` Ժ կետը (X=515280, Y=4492198, H=1910 մ): Այստեղից թեքվում է դեպի հյուսիս, ձորով 1.9 կմ բարձրանում վեր, հասնում Արեգունու լեռնաշղթայի ջրբաժանին և 2502 մ բարձրության վրա` Ի կետը (X=515000, Y=4494153, H=2502 մ), միանում պահպանական գոտում: Պահպանական գոտուն համընթաց Արեգունու լեռնաշղթայի ջրբաժանով ձգվում է 19.1 կմ մինչև Ծովագյուղի համայնքային սահմանը` 2297 մ բարձրության Լ կետը (X=500256, Y=4500286, H=2292 մ): 2297 բարձրության կետից թեքվում է դեպի հարավ (Ծովագյուղի համայնքային սահմանին համընթաց) 0.85 կմ իջնում լանջն ի վար մինչև Շորժա-Սևան ճանապարհը` Խ կետը (X=500139, Y=4499504, H=1916 մ): Անցնելով ճանապարհով հյուսիս-արևմտյան ուղղությամբ 1.2 կմ թեքվում է հարավ-արևմուտք անցնում 5.0 կմ հասնում Սևան-Դիլիջան ավտոմայրուղուն: Այստեղից անցնելով Սևան-Դիլիջան ավտոմայրուղով 0.9 կմ թեքվում է դեպի հարավ-արևմուտք և Սևան-Դիլիջան հին ճանապարհով անցնում 6.1 կմ մինչև Սևանա թերակղզի: Սևանա թերակղզու մոտից թեքվում է դեպի արևմուտք և 2.0 կմ բարձրանում լանջն ի վեր մինչև 2200-2150 մ բարձրությունները` Ծ կետը (X=497962, Y=4493229, H=2167 մ), որից հետո թեքվում դեպի հարավ-արևելք, 2.1 կմ իջնելով լանջն ի վար, հասնում Ցամաքաբերդ գյուղի ճանապարհ: Ճանապարհով ձգվում է դեպի հյուսիս արևելք, հետո արևելք անցնում 1.7 կմ մինչև Սևանա թերակղզու խաչմերուկ, որից հետո միանում Դիլիջան-Սևան ավտոմայրուղուն: Դիլիջան-Սևան ավտոմայրուղով անցնելով 1.7 կմ Ցամաքաբերդ գյուղի վերջում թեքվում է դեպի արևմուտք: 100 մ չհասած Սևան ՀԷԿ անցնում է Հրազդան գետի ջրանցքի կողքով և ձկնաբուծարանի տակով դուրս գալիս Դիլիջան-Սևան ավտոմայրուղի: Դիլիջան-Սևան ավտոմայրուղով անցնում է 3.4 կմ հասնում է Ա կետին:

 

3.3. «Սևան» ազգային պարկի պահպանական գոտու նկարագրությունը

 

«Սևան» ազգային պարկի պահպանական գոտին սկսվում է Սևան լեռնանցքից (Քարտեզ 3)` 2114.4 մ բարձրությունից և անցնում է Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների, Վարդենիսի և Գեղամա հրաբխային լեռնավահանների ջրբաժաններով: Գեղամա հրաբխային լեռնավահանի ջրբաժանից գոտու սահմանը իջնում է Երևան-Սևան ավտոմայրուղի, անցնում Գեղամավան, Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի համայնքների հարավ արևմտյան սահմաններով: Այնուհետև թեքվում է հյուսիսային ուղղությամբ, անցնում Զովաբեր գյուղի համայնքի արևմտյան սահմանով, բարձրանում Փամբակի լեռնաշղթայի լանջն ի վեր: Այստեղից գոտու սահմանը, մինչև Սևանի լեռնանցք, անցնում է Ձկնագետ գետի ջրբաժանային գծով:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2007
N 205-Ն
Որոշում