Սեղմել Esc փակելու համար:
ԵԱՀԽ-Ի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵԱՀԽ-Ի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԵԱՀԽ-Ի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ
ՄՈՍԿՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

ՄՈՍԿՎԱ, 1991

 

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության մասնակից պետությունների` Ալբանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Թուրքիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիխտենշտեյնի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԽՍՀՄ-ի, Կանադայի, Կիպրոսի, Հարավսլավիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների-Եվրոպական Հանրակցության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնակցային Հանրապետության, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սուրբ Աթոռի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները 1991 թվականի սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 4-ը Մոսկվայում խորհրդակցություն անցկացրին ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովին վերաբերող այն դրույթներին համապատասխան, որոնք բովանդակում է ԵԱՀԽ-ի Վիեննայի հանդիպման Ամփոփիչ փաստաթուղթը:

Նրանք ողջունեցին Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ընդունումը որպես մասնակից պետություններ, որի մասին որոշում էր ընդունվել նախարարների մակարդակով մասնակից պետությունների ներկայացուցիչների լրացուցիչ հանդիպման ժամանակ, որը 1991 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել էր Մոսկվայում մինչև մոսկովյան խորհրդակցության բացումը ԵԱՀԽ-ի խորհրդի նախագահի` Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության արտաքին գործերի համապետական նախարարի առաջարկությամբ:

Խորհրդաժողովի առաջին խորհրդակցությունն անցկացվել է Փարիզում, 1989 թվականի մայիսի 30 - հունիսի 23-ը: Երկրորդ խորհրդակցությունն անցկացվել է Կոպենհագենում, 1990 թվականի հունիսի 5-29-ը:

Մոսկվայի խորհրդակցությունը բացեց ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարը: Ընդունող երկրի անունից ողջույնի ուղերձով հանդես եկավ ԽՍՀՄ-ի նախագահը:

Ներածական հայտարարություններ արեցին մասնակից պետությունների պատվիրակները, այդ թվում` նախարարներ, փոխնախարարներ և Եվրոպական միավորումների հանձնաժողովի փոխնախագահը: Խորհրդակցության մեջ ավանդ ներդրեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Մասնակից պետությունները վերստին հայտարարում են, որ համախոհ են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության Եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրի և մարդկային չափանիշին վերաբերող ԵԱՀԽ-ի մյուս փաստաթղթերի, ներառյալ ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի բոլոր սկզբունքների ու դրույթների ամբողջական իրականացմանը, և լի են վճռականությամբ է՛լ ավելի մեծ առաջընթացի հասնելու այդ դրույթների իրականացման ասպարեզում, քանի որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների լիակատար հարգումը և բազմակարծային ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա հիմնված հասարակությունների զարգացումը անհրաժեշտ պայման են Եվրոպայում հաստատուն խաղաղության, անվտանգության, արդարության ու համագործակցության կայուն մթնոլորտ ստեղծելու համար:

Այդ համատեքստում մասնակից պետություններն ընդգծեցին, որ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության Եզրափակիչ ակտին և Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրին համապատասխան, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման նրանց իրավունքը պետք է հարգվեն` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի, ներառյալ պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ նորմերը:

Մոսկվայի խորհրդակցությունում մասնակից պետություններն արտահայտեցին իրենց տեսակետները մարդկային չափանիշի բնագավառի պարտավորությունների կատարման հարցի վերաբերյալ: Նրանք այն կարծիքը հայտնեցին, որ Կոպենհագենի խորհրդակցությունից հետո նկատվում էր ԵԱՀԽ-ի փաստաթղթերի համապատասխան դրույթների բովանդակած պարտավորությունների կատարման հետ կապված վիճակի հետագա էական բարելավում: Նրանք նաև այն կարծիքը հայտնեցին, որ չնայած ձեռք բերված զգալի առաջընթացին, տակավին լուրջ սպառնալիքներ գոյություն ունեն ԵԱՀԽ-ի սկզբունքների ու դրույթների համար և դրանց խախտումներ են կատարվում, ինչն ստիպում է սթափ գնահատել Եվրոպայի ընդհանուր իրադրությունը: Նրանք մասնավորապես ափսոսանք հայտնեցին ըստ ազգային, էթնիկական կամ կրոնական հատկանիշի անձանց կամ խմբերի դեմ ուղղված խտրականության, թշնամանքի ու բռնության գործողությունների առթիվ: Այդ առնչությամբ մասնակից պետությունները այն կարծիքը հայտնեցին, որ մարդկային չափանիշին վերաբերող իրենց պարտավորությունների լիակատար իրականացման համար տակավին անհրաժեշտ են անդուլ ջանքեր, որոնց զգալիորեն պետք է նպաստեն տեղի ունեցած քաղաքական խոր փոփոխությունները:

Մասնակից պետություններն ընդգծում են, որ մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը վերաբերող հարցերը միջազգային բնույթ են կրում, քանի որ այդ իրավունքների և ազատությունների կիրառումը միջազգային կարգի հիմունքներից մեկն է: Նրանք կտրականապես ու վերջնականապես հայտարարում են, որ ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները այնպիսի հարցեր են, որոնք անմիջականորեն և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակից պետությունների համար և չեն պատկանում համապատասխան պետության բացառապես ներքին գործերի թվին: Նրանք հայտարարում են, որ լի են վճռականությամբ կատարելու մարդկային չափանիշի բնագավառի իրենց բոլոր պարտավորությունները և դրանց հետ կապված ցանկացած հարցերը լուծել խաղաղ միջոցներով, անհատապես կամ համատեղ, փոխադարձ հարգանքի ու համագործակցության հիման վրա: Այս համատեքստում նրանք ընդունում են, որ առանձին անձանց, խմբերի, կազմակերպությունների ու հաստատությունների եռանդուն մասնակցությունը հույժ կարևոր է այդ ուղղությամբ մշտական առաջընթացն ապահովելու համար:

Մասնակից պետություններն իրենց հավաքական վճռականությունն են հայտնում այսուհետև էլ պահպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ամրապնդել ժողովրդավարական նվաճումները իրենց տարածքներում: Նրանք ընդունում են նաև Եվրոպայում խոր վերափոխումներով բնութագրվող ներկա ժամանակամիջոցում իրենց տարածքներում ծագող մարդու իրավունքների խնդիրները կարգավորելիս ԵԱՀԽ-ի արդյունավետությունը բարձրացնելու հրամայական անհրաժեշտությունը:

ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին նվիրված Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի բաժնում շարադրված մարդկային չափանիշի մեխանիզմն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի բովանդակած պարտավորությունները զարգացնելու և խորացնելու նպատակով մասնակից պետություններն ընդունում են հետևյալը.

 

I

 

(1) Մասնակից պետություններն ընդգծում են, որ մարդկային չափանիշի մեխանիզմը, որը շարադրված է Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի` ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին նվիրված բաժնի 1-4 կետերում, ԵԱՀԽ-ի գործընթացի կարևոր նվաճումն է, որը իր կարևորությունը, որպես մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ապահովող միջոց, ապացուցել է երկխոսության ու համագործակցության, ինչպես նաև որոշակիորեն այդ բնագավառին վերաբերող հարցերի լուծմանն օժանդակելու միջոցով: Մարդկային չափանիշի բնագավառում ԵԱՀԽ-ի պարտավորությունների կատարման հետագա բարելավման նպատակով նրանք որոշում են բարձրացնել այդ մեխանիզմի արդյունավետությունը, ինչպես նաև այն ամրապնդել և ընդլայնել այնպես, ինչպես շարադրված է հետևյալ կետերում:

(2) Մասնակից պետությունները փոփոխություններ են մտցնում Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի 42.1 և 42.2 կետերում այն բանի վերաբերյալ, որ հնարավորին չափ կարճ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասն օր անց, գրավոր պատասխան կտան տեղեկատվության և դիմումների վերաբերյալ հարցապնդումներին, որոնցով նրանց գրավոր կդիմեն մյուս մասնակից պետությունները` մարդկային չափանիշի մեխանիզմի 1 կետի համաձայն: Երկկողմ հանդիպումները, որոնց մասին խոսվում է մարդկային չափանիշի մեխանիզմի 2 կետում, անցկացվում են ըստ հնարավորին կարճ ժամկետում, որպես կանոն` հարցումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

(3) ԵԱՀԽ-ի հաստատությունում (1), առանց ուշացման, կկազմվի թեկնածուների

______________

1. Նման հաստատության վերաբերյալ որոշում է ընդունելու Խորհուրդը:

______________

 

ցուցակը, որը յուրաքանչյուր մասնակից պետությունից կներառի մինչև երեք փորձագետ: Որպես փորձագետներ պետք է հանդես գան հանրահայտ մասնագետներ, ցանկալի է` մարդկային չափանիշի բնագավառի փորձ ունեցողներ, որոնք կկարողանան անաչառ կատարել իրենց գործառույթները:

Փորձագետները նշանակվում են երեքից մինչև վեց տարի ժամկետով նշանակող պետության հայեցողությամբ, ընդ որում` ոչ մի փորձագետ չի կարող գործառույթներ կատարել անընդմեջ երկու ժամկետից ավելի: Նշանակման մասին ԵԱՀԽ-ի հաստատության ծանուցումից հետո, չորս շաբաթվա ընթացքում, ցանկացած մասնակից պետություն կարող է վերապահումներ անել ոչ ավելի, քան երկու փորձագետների նկատմամբ, որոնք ենթակա են նշանակման ուրիշ մասնակից պետության կողմից: Այդ դեպքում նշանակող պետությունը կարող է այդ վերապահումների ծանուցման պահից չորս շաբաթվա ընթացքում վերանայել իր որոշումը և նշանակել այլ փորձագետի կամ փորձագետների: Իսկ եթե նա հաստատի նախապես նախատեսած թեկնածությունը, ապա համապատասխան փորձագետը չի կարող մասնակցել որևէ արարողության, որը վերաբերում է վերապահում արած պետությանը, առանց այդ պետության անմիջական համաձայնության:

Թեկնածուների ցուցակի օգտագործումն սկսվում է 45 փորձագետների նշանակումից հետո:

(4) Մասնակից պետությունը կարող է օգտվել մինչև երեք փորձագետից կազմված ԵԱՀԽ-ի բանագնացության օգնությունից` իր տարածքում ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող հարցերը քննարկելու կամ դրանց լուծմանն օժանդակելու համար: Այդ դեպքում պետությունն է թեկնածուների ցուցակից ընտրում համապատասխան անձին կամ անձանց: Փորձագետների պատվիրակության մեջ չեն կարող ընդգրկվել այդ մասնակից պետության սեփական քաղաքացիները կամ գործակալները արտերկրում, թեկնածուների ցուցակի մեջ նրա առաջարկած որոշակի պետության անձինք կամ էլ մեկից ավելի քաղաքացի կամ ռեզիդենտ:

Հրավիրող պետությունը, առանց ձգձգումների, ԵԱՀԽ-ի հաստատությանն իրազեկ է պահում փորձագետների պատվիրակության կազմման մասին, որն էլ իր հերթին տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին: ԵԱՀԽ-ի հաստատությունները անհրաժեշտ դեպքերում նաև իր հարկի աջակցություն են ցույց տալիս այդ պատվիրակությանը:

(5) Փորձագետների բանագնացության նպատակն է օժանդակել ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող կոնկրետ հարցի կամ խնդրի լուծմանը: Նման պատվիրակությունը կարող է իր խնդրի կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ հավաքել և հարկ եղած դեպքերում օգտագործել բարի և միջնորդիչ ծառայությունները` շահագրգիռ կողմերի երկխոսությանն ու համագործակցությանն օժանդակելու համար:

Համապատասխան պետությունը բանագնացության հետ հստակորեն համաձայնեցնում է նրա լիազորությունները և այդ կերպ կարող է փորձագետների բանագնացության վրա դնել ցանկացած լրացուցիչ գործառույթների կատարումը, մասնավորապես փաստերի հաստատումը և խորհրդատվական սպասարկումը` ԵԱՀԽ-ի պարտավորությունների կատարմանը նպաստելու ուղիներ ու միջոցներ առաջարկելու նպատակով:

(6) Հրավիրող պետությունը լիովին համագործակցում է փորձագետների բանագնացության հետ և դյուրացնում նրա աշխատանքը: Նա բանագնացության համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները` նրա կողմից իր գործառույթների անկախ իրականացման համար: Նա, մասնավորապես, առանց ձգձգումների, բանագնացության կողմից իր խնդիրների կատարման համար վերջինիս հնարավորություն է ընձեռում մտնել իր տարածք, այնտեղ քննարկումներ անցկացնել և ազատորեն տեղաշարժվել անարգել հանդիպել պաշտոնատար անձանց, ոչ կառավարական կազմակերպությունների և ցանկացած խմբերի կամ անձանց հետ, որոնցից նա ցանկանում է տեղեկություններ ստանալ: Բանագնացությունը նաև կարող է ցանկացած անձից, խմբից կամ կազմակերպությունից գաղտնաբար տեղեկություններ ստանալ իր կողմից քննարկվող հարցի վերաբերյալ: Նման բանագնացության անդամները պահպանում են իրենց խնդրի գաղտնի բնույթը:

Մասնակից պետությունները ձեռնպահ են մնում անձանց, կազմակերպությունների կամ հաստատությունների դեմ ուղղված ամեն տեսակ գործողություններից` փորձագետների բանագնացության հետ նրանց շփումների կամ նրան հաղորդած որևէ բացահայտ տեղեկության պատճառով: Հրավիրող պետությունը կատարում է տվյալ պետության պաշտոնատար անձանց կողմից իրեն ուղեկցելու փորձագետների բանագնացության ցանկացած խնդրանքը, եթե բանագնացությունը դա անհրաժեշտ համարի իր աշխատանքի դյուրացման կամ իր անվտանգության ապահովման համար:

(7) Փորձագետների բանագնացությունը հնարավորին չափ արագ կերպով իր նկատառումներն է հայտնում հրավիրող պետությանը, ցանկալի է` բանագնացության կազմավորումից հետո երեք շաբաթվա ընթացքում: Հրավիրող պետությունը բանագնացության նկատառումները, ցանկացած միջոցների հետ մեկտեղ, որոնք նա ձեռնարկել է կամ մտադիր է ձեռնարկել այդ հարցի առնչությամբ, ԵԱՀԽ-ի հաստատության միջոցով մյուս մասնակից պետություններին է ուղարկում ոչ ուշ, քան նկատառումները ներկայացնելուց հետո երեք շաբաթ անց:

Այդ նկատառումները և հրավիրող պետության ցանկացած դիտողությունները կարող են քննարկվել Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի կողմից, որը կարող է քննության առնել ցանկացած հնարավոր հետագա միջոցառումների հարցը:

Նկատառումների ու դիտողությունների գաղտնի բնույթը պահպանվում է այնքան ժամանակ, մինչև որ դրանք չհասցվեն ի գիտություն ավագ պաշտոնատար անձանց: Մինչ նկատառումների և ցանկացած դիտողությունների տարածումը` նույն հարցի առնչությամբ չի կարող փորձագետների մեկ ուրիշ բանագնացություն նշանակվել:

(8) Բացի այդ, մարդկային չափանիշի մեխանիզմի 1 կամ 2 կետերն իրականացրած մեկ կամ մի քանի մասնակից պետությունները կարող են ԵԱՀԽ-ի հաստատությանը խնդրել մասնակից այլ պետությունից պարզելու, թե նա արդյոք համաձա՞յն է փորձագետների բանագնացություն հրավիրել` իր տարածքում քննարկելու ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին առնչվող հստակ սահմանված հարցը: Եթե մյուս մասնակից պետությունը համաձայնում է փորձագետների բանագնացություն հրավիրել նշված նպատակով, ապա կիրառվում է 4-7 կետերում շարադրված ընթացակարգը:

(9) Եթե մասնակից որևէ պետություն (ա) 8 կետին համապատասխան հարցապնդում է արել մեկ այլ մասնակից պետության, և այդ պետությունը հարցապնդումն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում փորձագետների բանագնացություն չի կազմել կամ (և) այն կարծիքին է, որ քննարկվող հարցը չի լուծվել փորձագետների բանագնացություն ուղարկելու հետևանքով, նա կարող է, առնվազն հինգ այլ մասնակից պետությունների աջակցությամբ, ձեռնամուխ լինել բանագնացության կազմմանը ԵԱՀԽ-ի մինչև երեք զեկուցողից: Նման որոշումն ուղարկվում է ԵԱՀԽ-ի հաստատություն, որն առանց ձգձգումների ծանուցում է համապատասխան պետությանը, ինչպես նաև մնացած բոլոր մասնակից պետություններին:

(10) Հարցապնդում արած պետությունը կամ պետությունները կարող են մեկ մարդ նշանակել ԵԱՀԽ-ի զեկուցողի գործառույթի կատարման թեկնածուների ցուցակից: Հարցապնդվող պետությունը կարող է, եթե նման որոշում ընդունի, զեկուցող նշանակելու մասին ԵԱՀԽ-ի հաստատության կողմից ծանուցվելուց հետո վեց օրվա ընթացքում նշանակել ևս մեկ մարդու` զեկուցողների ցուցակից: Այս դեպքում նշանակված երկու զեկուցողները, որոնք չեն կարող լինել համապատասխան պետություններից որևէ մեկի քաղաքացիներ կամ արտագործակալներ, ինչպես նաև այդ պետությունների կողմից թեկնածուների ցուցակի մեջ առաջարկված անձինք, ընդհանուր համաձայնությամբ, թեկնածուների ցուցակից նշանակում են երրորդ զեկուցողին: Եթե ութ օրվա ընթացքում նրանք համաձայնության չգան, երրորդ զեկուցողը, որը չի կարող լինել համապատասխան պետություններից որևէ մեկի քաղաքացի կամ արտագործակալ կամ նրանց կողմից ցուցակի մեջ առաջարկված անձ, թեկնածուների ցուցակից նշանակվում է ԵԱՀԽ-ի մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, որին նշանակել է Խորհուրդը:

4 կետի երկրորդ մասի և ամբողջ 6 կետի դրույթները կիրառվում են նաև զեկուցողների բանագնացության նկատմամբ:

(11) ԵԱՀԽ-ի զեկուցողները պարզում են փաստերը, դրանց հիման վրա զեկուցագիր կազմում և կարող են առաջարկություններ անել արծարծված հարցի հնարավոր լուծումների վերաբերյալ: Զեկուցողի (զեկուցողների) զեկուցագիրը, որը բովանդակում է փաստերի շարադրումը, առաջարկությունները կամ հանձնարարականներ, ներկայացվում է համապատասխան մասնակից պետությանը կամ համապատասխան մասնակից պետություններին և (եթե բոլոր համապատասխան պետությունները չպայմանավորվեն այլ բանի շուրջ) ԵԱՀԽ-ի հաստատությանը` ոչ ուշ, քան վերջին զեկուցողի նշանակումից հետո երեք շաբաթ անց: Հարցապնդվող պետությունը զեկուցագրի վերաբերյալ ցանկացած նկատառումները ԵԱՀԽ-ի հաստատությանն է ներկայացնում, եթե համապատասխան պետությունները չեն պայմանավորվում այլ բան, ոչ ուշ, քան այն ներկայացնելուց հետո երեք շաբաթ անց:

ԵԱՀԽ-ի հաստատությունը զեկուցագիրը, ինչպես նաև հարցապնդվողի կամ ցանկացած այլ մասնակից պետության բոլոր նկատառումները առանց ձգձգումների ուղարկում է մասնակից բոլոր պետություններին: Զեկուցագրի հարցը կարող է մտցվել Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի հաջորդ հերթական նիստի օրակարգի մեջ, որը կարող է որոշում ընդունել հետագա ցանկացած հնարավոր գործողությունների մասին: Զեկուցագրի գաղտնի բնույթը պահպանվում է մինչև Կոմիտեի այդ նիստի ավարտը: Մինչև զեկուցագրի տարածումը, նույն հարցի առթիվ չեն կարող այլ զեկուցողներ նշանակվել:

(12) Եթե որևէ մասնակից պետություն համարի, որ մեկ այլ մասնակից պետության մեջ ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող դրույթների կատարումը առանձնապես լուրջ սպառնալիքի տակ է գտնվում, նա կարող է առնվազն ինն այլ մասնակից պետությունների աջակցությամբ օգտագործել 10 կետով սահմանված ընթացակարգը: Այդ դեպքում կկիրառվեն 11 կետի դրույթները:

(13) Ցանկացած մասնակից պետության խնդրանքով Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն կարող է որոշել ԵԱՀԽ-ի փորձագետների կամ զեկուցողների բանագնացություն կազմել: Այս դեպքում Կոմիտեն նաև որոշում է, թե կիրառվելո՞ւ են արդյոք նախորդ կետերի համապատասխան դրույթները:

(14) Փորձագետների կամ զեկուցողների բանագնացություն կազմելու խնդրանքով դիմած մասնակից պետությունը կամ մասնակից պետություններն են վճարում այդ բանագնացության ծախսերը: Ի կատարումն Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի որոշման` փորձագետների կամ զեկուցողների նշանակման դեպքում (1) ծախսերը

___________

1. Սույն փաստաթղթում Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի գործունեության

ցանկացած վկայակոչումներ պետք է հաստատվեն այդ Կոմիտեի և Խորհրդի

որոշմամբ:

___________

 

վճարում են մասնակից պետությունները, ծախսերի բաշխման սովորական սանդղակին համապատասխան: Այդ ընթացակարգերի ամփոփ տեսությունը կտրվի ԵԱՀԽ-ի հետագա քայլերի շրջանակներում կայանալիք Հելսինկիի հանդիպման ժամանակ:

(15) Վերը շարադրվածից ոչ մի բան ամենևին չի շոշափում ԵԱՀԽ-ի գործընթացի շրջանակներում ցանկացած հարցեր արծարծելու մասնակից պետությունների իրավունքները, որոնք վերաբերում են ԵԱՀԽ-ի ցանկացած պարտավորությունների, այդ թվում` ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների կատարմանը:

(16) Որևէ անձի նկատմամբ 9 և 10 կամ 12 կետերում շարադրված ընթացակարգերի կիրառման հարցը քննարկելիս մասնակից պետությունները պետք է ըստ հարկի պարզեն, թե նման անձի գործն արդեն չի՞ քննարկվել արդյոք որևէ միջազգային դատական ընթացակարգի շրջանակներում:

 

II

 

(17) Մասնակից պետությունները

(17,1) - անվերապահորեն դատապարտում են այն ուժերին, որոնք ձգտում են զավթել իշխանությունը ցանկացած մասնակից պետության ներկայացուցչական կառավարությունից, հակառակ ժողովրդի կամքին, որն արտահայտվել է ազատ և արդարացի ընտրությունների ընթացքում, և ի խախտումն օրինականորեն հաստատված սահմանադրական կարգի.

(17,2) - հակաժողովրդական միջոցներով որևէ մասնակից պետության ժողովրդավարական եղանակով ընտրված օրինական կառավարությունը տապալելու կամ տապալման փորձի դեպքում, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան, վճռականորեն կպաշտպանեն այդ պետության օրինական մարմինները, որոնք կանգնած են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պահպանության դիրքերում, ճանաչելով այդ հիմնարար արժեքները սահմանափակելու ցանկացած փորձին հակազդելու իրենց ընդհանուր պարտավորությունները.

(17,3) - ընդունում են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության համատեքստում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը վերաբերող հետագա խաղաղ ջանքեր գործադրելու (անհատապես կամ համատեղ) անհրաժեշտությունը, նպատակ ունենալով անշրջելի բնույթ հաղորդել ժողովրդավարական առաջընթացին և թույլ չտալ որևէ շեղում Եզրափակիչ ակտի, Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի, Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի, Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրի և սույն փաստաթղթի սկզբունքներում և դրույթներում շարադրված ստանդարտներից:

(18) Մասնակից պետությունները հիշեցնում են իրենց հավատարմությունը օրենքի գերակայությանը, որն արտահայտված է Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթում, և հավաստում են իրենց ձգտումը` պահպանելու և զարգացնելու արդարության սկզբունքները, որոնք կազմում են իրավական պետության հիմքը: Նրանք մասնավորապես կրկին հավաստում են, որ ժողովրդավարությունը իրավական պետության անկապտելի տարրն է և որ բազմակարծությունը մեծ նշանակություն ունի քաղաքական կազմակերպությունների գործունեության համար:

(18,1) Օրենսդրությունը մշակվելու և ընդունվելու է բացահայտ գործընթացի միջոցով, որն արտացոլելու է ժողովրդի կամքը կամ անմիջականորեն, կամ նրա ընտրած ներկայացուցիչների միջոցով:

(18,2) Յուրաքանչյուր ոք ունենալու է վարչական որոշումներից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որպեսզի երաշխավորվի հիմնարար իրավունքների հարգումը և ապահովվի իրավական համակարգին վնաս չհասցնելը:

(18,3) Այդ նույն նպատակով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ կնախատեսվեն վարչական դրույթների գործողության հետևանքով վնաս կրած անձանց համար:

(18,4) Մասնակից պետությունները կձգտեն դատական վերահսկողություն ապահովել նման դրույթների և որոշումների նկատմամբ:

(19) Մասնակից պետությունները

(19,1) - կկիրառեն դատավորների և գործնական իրավաբանների անկախությանը և պետական դատական ծառայության անաչառ գործունեությանը վերաբերող միջազգայնորեն ճանաչված նորմերը, ներառյալ մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը.

(19,2) - համապատասխան նորմերն ու պարտավորություններն իրականացնելիս պետք է ապահովվի, որ դատական մարմինների անկախությունը երաշխավորված լինի և ամրագրված երկրի սահմանադրության կամ օրենսդրության մեջ և կենսագործվի` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Դատական համակարգի անկախության հիմնական սկզբունքներին, որոնցով մասնավորապես նախատեսվում է`

(ա) արգելել դատավորների վրա անօրինականորեն ազդելը.

(բ) թույլ չտալ դատավճիռների վերանայում վարչական մարմինների կողմից, բացառությամբ դատավորների կայացրած դատավճիռների խստությունը օրենքին համապատասխան նվազեցնելու կամ դրանք մեղմելու իրավասու իշխանությունների իրավունքի.

(գ) պաշտպանել դատական մարմինների աշխատակիցների խոսքի և միավորումների ազատությունը` հաշվի առնելով սոսկ այնպիսի սահմանափակումները, որոնք համատեղելի են նրանց կողմից իրենց գործառույթների իրականացման հետ.

(դ) ապահովել, որ դատավորները ունենան անհրաժեշտ որակավորում ու պատրաստություն և ընտրվեն անխտրական սկզբունքի հիման վրա.

(ե) ապահովել անփոփոխելիության երաշխիքը և ծառայության պատշաճ պայմաններ, այդ թվում` ծառայության մեջ դատավորների առաջխաղացման հարցերում, որտեղ դա կիրառելի է.

(զ) կիրառել անձեռնմխելիության պայմանները.

(է) ապահովել, որ կարգապահական պատժահրահանգները, պաշտոնից դատավորներին ժամանակավորապես հեռացնելը կամ նրանց ազատելը իրականացվեն օրենքին համապատասխան:

(20) Դատական մարմինների անկախությունն ապահովելու համար մասնակից պետությունները

(20,1) - կճանաչեն այն կարևոր դերը, որը դատավորների և փաստաբանների ազգային ու միջազգային միավորումները կարող են կատարել իրենց անդամների անկախության նկատմամբ առավել հարգանքի ապահովման, ինչպես նաև հասարակության մեջ դատական մարմինների ու իրավաբանների դերի հարցերում մասնագիտական պատրաստության ու կրթության գործում.

(20,2) - կօժանդակեն և կնպաստեն ազգային միավորումների և մյուս խմբերի երկխոսությանը, փոխանակումներին ու համագործակցությանը, որոնք շահագրգռված են դատական մարմինների անկախության հարգման և փաստաբանների պաշտպանության ապահովմամբ.

(20,3) - միմյանց հետ կհամագործակցեն, մասնավորապես երկխոսության, շփումների ու փոխանակումների միջոցով, նպատակ ունենալով բացահայտելու դատավորների ու գործնական իրավաբանների անկախության պաշտպանության վիճահարույց բնագավառները և որոշելու նման խնդիրների քննարկման և լուծման ուղիներն ու միջոցները.

(20,4) - մշտապես կհամագործակցեն այնպիսի բնագավառներում, ինչպես դատավորների և գործնական իրավաբանների ուսուցումն ու մասնագիտական պատրաստությունը, ինչպես նաև նրանց անկախության առավել հարգումն ու պետական դատական ծառայության անաչառ գործունեության ապահովմանը նպատակամղված օրենսդրության մշակումն ու ընդունումը:

(21) Մասնակից պետությունները

(21,1) - բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն ապահովելու համար այն, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հասարակական կարգուկանոն հաստատելիս գործեն ի նպաստ հասարակական շահերի` նկատի առնելով որոշակի պահանջմունքներն ու օրինական նպատակները, ինչպես նաև օգտագործեն հանգամանքներին համաչափ եղանակներ և միջոցներ, որոնք չեն գերազանցի իրավակարգի պահպանմանն ուղղված գործողությունների պահանջները.

(21,2) - կապահովեն, որպեսզի իրավակարգի պահպանմանն ուղղված գործողությունները դատական վերահսկողության ենթարկվեն, իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն կրեն նման գործողությունների համար և որպեսզի որպես վերոհիշյալ պարտավորությունների խախտում որակված գործողություններից տուժածները կարողանան պատշաճ փոխհատուցում պահանջել ազգային իրավունքին համապատասխան:

(22) Մասնակից պետությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ապահովելու, որ իրավապահ մարմինների աշխատակիցների պատրաստման դասընթացի մեջ ընդգրկվեն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից չափից ավելի ուժի օգտագործումն արգելելու վերաբերյալ ուսումնական առարկաներ ու տեղեկություններ, ինչպես նաև համապատասխան միջազգային ու ազգային վարվելակերպի կանոնագրքեր:

(23) Մասնակից պետությունները բոլոր ազատազրկված անձանց հետ կվարվեն մարդասիրաբար և, հարգելով մարդ անհատին բնորոշ արժանապատվությունը, կկիրառեն ձերբակալված անձանց նկատմամբ արդարադատության իրականացմանն ու մարդու իրավունքներին վերաբերող միջազգայնորեն ճանաչված ստանդարտները:

(23,1) Մասնակից պետությունները կապահովեն, որպեսզի`

(ա) անձնավորությունը ազատազրկված լինի միայն այնպիսի հիմունքներով և այնպիսի ընթացակարգերի համապատասխան, որոնք սահմանված են օրենքով.

(բ) կալանավորված ցանկացած անձ, առանց ձգձգումների, իրեն մատչելի լեզվով, իրազեկ պահվի իրեն ձերբակալելու պատճառի և իր դեմ հարուցվող մեղադրանքների մասին.

(գ) ազատազրկված ցանկացած անձ, առանց ձգձգումների, իրազեկ պահվի իր իրավունքների մասին` ազգային օրենսդրությանը համապատասխան.

(դ) ցանկացած կալանավորված կամ ձերբակալված անձ իրավունք ունենա, առանց ձգձգումների, կանգնելու դատավորի կամ այլ պաշտոնատար անձի առջև, որն իրավասու է որոշելու նրա կալանավորման կամ ձերբակալման օրինականությունը, և անօրինական կալանավորման դեպքում նա անհապաղ ազատ արձակվի.

(ե) քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող ցանկացած անձ իրավունք ունենա իրեն պաշտպանել ինքնուրույնաբար կամ իր ընտրությամբ` դատապաշտպանի միջոցով, կամ այն դեպքում, եթե այդ անձը բավականաչափ միջոցներ չունի դատապաշտպանի ծառայությունները վարձատրելու համար, որպեսզի այդ սպասարկումները նրան տրամադրվեն անվճար, երբ դա պահանջում են արդարադատության շահերը.

(զ) ցանկացած կալանավորված կամ ձերբակալված անձ իրավունք ունենա, առանց ձգձգումների, ծանուցելու կամ իրավասու մարմնին խնդրելու իր ընտրությամբ համապատասխան անձանց ծանուցել իր կալանավորման, ձերբակալման, բանտարկման և գտնվելու վայրի մասին. այս իրավունքի իրականացման ցանկացած սահմանափակումներ կսահմանվեն օրենքով և կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին.

(է) ձեռնարկվեն, եթե դա դեռևս չի արվել, արդյունավետ միջոցներ, որպեսզի կալանքի տակ գտնվելը կամ ձերբակալվելը իրավակարգը պահպանող մարմինների կողմից չօգտագործվի անձին խոստովանության, ինքնազրպարտման կամ ուրիշ անձի դեմ հարկադրաբար ցուցմունքներ տալու նպատակով.

(ը) ցանկացած հարցաքննության և հարցաքննությունների ընդմիջումների տևողությունը գրանցվի արձանագրության մեջ և հավաստվի ազգային իրավունքին համապատասխան.

(թ) ձերբակալված անձը կամ նրա դատապաշտպանը իրավունք ունենան նրա հետ վարվեցողության, մասնավորապես խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վարվեցողության դեպքում միջնորդություն հարուցել կամ գանգատով դիմել կալանավայրի կառավարման համար պատասխանատու մարմիններին և վերադաս ատյաններին, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան մարմնին, որն օժտված է հսկողական կամ դրության շտկման այլ լիազորություններով.

(ժ) նման միջնորդագրերը կամ գանգատը օպերատիվորեն քննարկվեն և առանց անհիմն ձգձգման պատասխան տրվի դրանց. միջնորդագրի կամ գանգատի մերժման կամ անօրինական ուշացման դեպքում դիմողը իրավունք կունենա դրանով դիմել դատական կամ այլ մարմնի. ոչ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը, ոչ էլ որևէ այլ դիմող չպետք է տուժեն միջնորդագրով կամ գանգատով դիմելու հետևանքով.

(ժա) անօրինական կալանավորման կամ ձերբակալման զոհ դարձած ցանկացած անձ ունենա փոխհատուցում պահանջելու դատական պաշտպանությամբ ապահովված իրավունք:

(23,2) Մասնակից պետությունները

(ա) կձգտեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բարելավելու այն պայմանները, որոնցում գտնվում են կալանքի տակ պահվող կամ բանտարկված անձինք.

(բ) առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն բանտարկության այլընտրանքի խնդրին:

(24) Մասնակից պետությունները հավաստում են անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, նամակագրության և էլեկտրոնային հաղորդումների գաղտնիության պահպանման իրավունքը: Ի խուսափումն անհատի կյանքին պետության որևէ անօրինական կամ կամայական միջամտության, ինչը կարող է վնաս հասցնել ցանկացած ժողովրդավարական հասարակությանը, այդ իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, որոնք նախատեսված են օրենքով և համատեղելի են մարդու իրավունքների բնագավառի միջազգայնորեն ճանաչված ստանդարտների հետ: Մասնակից պետությունները մասնավորապես կապահովեն, որպեսզի անձանց, ինչպես նաև մասնավոր շենքերի ու գույքի խուզարկություններն ու կալանումները կատարվեն միայն այնպիսի նորմերին համապատասխան, որոնք ապահովված են դատական պաշտպանությամբ:

(25) Մասնակից պետությունները

(25,1) - կերաշխավորվեն, որ իրենց ուժերը և ռազմականացված կազմավորումները, ներքին անվտանգության և հետախուզության ծառայությունները, ինչպես նաև ոստիկանությունը գտնվեն համապատասխան քաղաքացիական իշխանությունների արդյունավետ կառավարման ու վերահսկողության ներքո.

(25,2) - կպահպանեն և այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, կամրապնդեն գործադիր իշխանության վերահսկողությունը զինված ուժերի և ռազմականացված կազմավորումների օգտագործման, ինչպես նաև ներքին անվտանգության ծառայությունների, հետախուզության և ոստիկանության գործունեության նկատմամբ.

(25,3) - պատշաճ միջոցներ կձեռնարկեն ստեղծելու, որտեղ դա դեռևս չի արված, և պահպանելու նման բոլոր ուժերի, ծառայությունների և գործունեության տեսակների նկատմամբ օրենսդիր իշխանության հսկողության արդյունավետ մեխանիզմներ:

(26) Մասնակից պետությունները վերստին հավաստում են սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ներառյալ շփվելու իրավունքը և տեղեկություններ, նորություններ ու կարծիքներ հավաքելու, հաղորդելու և տարածելու լրատվական միջոցների իրավունքը: Այդ իրավունքի իրականացմանը վերաբերող ցանկացած սահմանափակում կնախատեսվի օրենքով և կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: Նրանք այնուհետև ընդունում են, որ լրատվության անկախ միջոցները կարևորագույն պայման են ազատ ու բաց հասարակության և իրենց գործողությունների համար պատասխանատու պետական համակարգերի համար և առանձնահատուկ դեր են խաղում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանման գործում:

(26,1) Նրանք այն կարծիքին են, որ մամուլի և հեռուստառադիոհաղորդումների միջոցները իրենց տարածքում պետք է անսահմանափակ թույլտվություն ունենան առնչվելու նորությունների արտասահմանյան աղբյուրներին ու լրատվական ծառայություններին: Հասարակությունը կօգտվի տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու համանման ազատությունից` առանց պետական իշխանությունների միջամտության, անկախ սահմաններից, այդ թվում արտասահմանյան հրապարակումների և հեռուստածրագրերի միջոցով: Այդ իրավունքի իրականացման ասպարեզում ցանկացած սահմանափակում կսահմանվի օրենքով և կհամապատասխանի միջազգային ստանդարտներին:

(26,2) Մասնակից պետությունները թույլ չեն տա խտրականություն լրատվության անկախ միջոցների նկատմամբ այն բանում, ինչ վերաբերում է լրատվությունից, նյութերից ու տեխնիկական միջոցներից օգտվելու նրանց իրավունքին:

(27) Մասնակից պետությունները

(27,1) - մտադրություն են հայտնում համագործակցելու պետական, վարչական, առևտրական, քաղաքացիական իրավունքին և սոցիալական ապահովության իրավունքին վերաբերող բնագավառներում և մյուս համապատասխան ասպարեզներում` մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը հարգելու վրա հիմնված իրավական համակարգերի զարգացման նպատակով, հատկապես այն պետություններում, որտեղ նման համակարգեր առայժմ գոյություն չունեն.

(27,2) - այդ նպատակով նախատեսում են շարունակել և ընդլայնել երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը իրավունքի և կառավարման բնագավառում, այդ թվում հետևյալ ասպարեզներում.

. արդյունավետ վարչական համակարգի ստեղծում.

. աջակցություն օրենքների և դրույթների մշակման գործում.

. կառավարման և իրավունքի բնագավառի անձնակազմի պատրաստում.

. իրավունքի բնագավառի գիտական աշխատությունների և պարբերական հրատարակությունների փոխանակում:

(28) Մասնակից պետությունները կարևոր են համարում պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները արտակարգ դրության պայմաններում, հաշվի առնել Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի համապատասխան դրույթներն ու պահպանել միջազգային կոնվենցիաները, որի կողմերն են նրանք հանդիսանում:

(28,1) Մասնակից պետությունները հավաստում են, որ արտակարգ դրությունը արդարացված է միայն բացառիկ և ամենալուրջ իրավիճակներում` այդ պետության միջազգային պարտավորություններին և ԵԱՀԽ-ի շրջանակներում նրա պարտավորություններին համապատասխան: Արտակարգ դրությունը չի կարող օգտագործվել ժողովրդավարական սահմանադրական կարգը տապալելու համար և նպատակամղված լինել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոչնչացմանը: Եթե անհնար է խուսափել ուժ գործադրելուց, ապա այն պետք է կիրառվի խելամիտ և առավելագույնս հնարավոր չափով սահմանափակ ժամկետում:

(28,2) Արտակարգ դրություն կարող է հայտարարվել միայն. օրինական սահմանադրական մարմնի կողմից, որն օժտված է համապատասխան լիազորություններով: Այն դեպքերում, երբ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը կարող է օրինական հիմունքներով ընդունվել գործադիր իշխանության մարմինների կողմից, այն պետք է ենթակա լինի օրենսդիր մարմնի կողմից հաստատման կամ վերահսկման ամենասեղմ ժամկետում:

(28,3) Արտակարգ դրություն մտցնելու որոշումը պետք է հայտարարվի պաշտոնապես, հրապարակայնորեն և օրենքով ամրագրված դրույթներին համապատասխան: Այդ որոշման մեջ, այն դեպքերում, երբ հնարավոր է, պետք է նշվեն արտակարգ դրության գործողության տարածքային շրջանակները: Համապատասխան պետությունը, առանց հապաղելու, իր քաղաքացիներին տեղեկատվություն կտրամադրի ձեռնարկված միջոցների մասին: Արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվում հնարավորին չափ շուտ և չի կարող ուժի մեջ մնալ ավելի երկար, քան դա միանգամայն անհրաժեշտ է կոնկրետ իրավիճակում:

(28,4) Չի թույլատրվում արտակարգ դրություն մտցնել կամ երկարաձգել դե ֆակտո` ի խախտումն օրենքով ամրագրված դրույթների:

(28,5) Մասնակից պետությունները ձգտում են ապահովել, որպեսզի արտակարգ դրության գործողության ընթացքում առավելագույնս հնարավորին չափ երաշխավորվի օրենսդրական մարմինների բնականոն գործունեությունը:

(28,6) Մասնակից պետությունները հավաստում են, որ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին վերաբերող պարտավորություններից ցանկացած շեղում պետք է մնա խստիվ այն շրջանակներում, որ նախատեսված են միջազգային իրավունքով, մասնավորապես նրանց համար պարտադիր համապատասխան միջազգային փաստաթղթերով, հատկապես այն իրավունքների նկատմամբ, որոնցից շեղումներ չեն կարող լինել:

(28,7) Մասնակից պետությունները կձգտեն ձեռնպահ մնալ այն պարտավորությունների ամեն տեսակ շեղումից, որոնցից, միջազգային կոնվենցիաներին համապատասխան, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում, արտակարգ դրության պայմաններում նման շեղումները հնարավոր են: Նման պարտավորություններից ընկրկելու միջոցները պետք է ձեռնարկվեն այդ փաստաթղթերում ամրագրված ընթացակարգային պահանջներին խստիվ համապատասխան: Նման միջոցները չեն կարող ոչ խստացվել, ոչ էլ ուժի մեջ մնալ ավելի երկար, քան դա հույժ անհրաժեշտ է կոնկրետ իրադրության մեջ. դրանք իրենց բնույթով բացառիկ միջոցներ են և կիրառվում են սահմանափակ կարգով: Նման միջոցները չեն կարող հանգեցնել խտրականության բացառապես ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, սոցիալական ծագման կամ փոքրամասնությանը պատկանելության հատկանիշի:

(28,8) Մասնակից պետությունները կձգտեն ապահովել, որպեսզի օրենքի գերակայության պահպանման համար անհրաժեշտ իրավական երաշխիքները ուժի մեջ մնան արտակարգ դրության ժամանակ: Նրանք կձգտեն իրենց օրենսդրության մեջ նախատեսել վերահսկողություն արտակարգ դրությանը վերաբերող որոշումների, ինչպես նաև դրանց իրականացման նկատմամբ:

(28,9) Մասնակից պետությունները կձգտեն ապահովել խոսքի ազատությունն ու լրատվության ազատությունը, որոնք համատեղելի են իրենց միջազգային պարտականությունների ու պարտավորությունների հետ, որպեսզի հասարակայնությունը հնարավորություն ունենա քննարկելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանման և արտակարգ դրության վերացման հարցը: Նրանք, միջազգային ստանդարտներին համապատասխան, խոսքի ազատության նկատմամբ որևէ միջոց չեն ձեռնարկի այն նկատառումով, որ լրագրողներին խոչընդոտեն օրինապես իրականացնելու իրենց մասնագիտական գործառույթները, բացի այնպիսի միջոցներից, որոնք միանգամայն անհրաժեշտ են կոնկրետ իրադրության մեջ:

(28,10) Եթե մասնակից պետության մեջ հայտարարվում կամ վերացվում է արտակարգ դրությունը, տվյալ պետությունը այդ որոշման մասին անհապաղ տեղյակ կպահի ԵԱՀԽ-ի հաստատությանը (1), ինչպես նաև մարդու իրավունքների

_____________

1. Այդպիսի հաստատության վերաբերյալ որոշում է ընդունելու Խորհուրդը:

_____________

 

բնագավառում այդ պետության միջազգային պարտավորություններից ցանկացած շեղման մասին: Հաստատությունն, առանց ուշացման, իրազեկ կպահի մյուս մասնակից պետություններին:

(29) Մասնակից պետությունները, ընդունելով իրենց ընդհանուր շահագրգռվածությունը խորհրդարանական վերահսկիչների (օմբուդսմենների) և այն մյուս հաստատությունների միջև շփումների զարգացմամբ և տեղեկատվության փոխանակմամբ, որոնց վրա դրված են պետական մարմինների գործողությունից առանձին քաղաքացիների գանգատների քննարկման համանման գործառույթներ, գոհունակությամբ են նշում Իսպանիայի առաջարկությունը` այդ երկրում անցկացնելու խորհրդարանական վերահսկիչների հանդիպում:

(30) Մասնակից պետություններն առաջարկում են, որ ԵԱՀԽ-ի համապատասխան համաժողովները քննարկեն Ազատ ընտրությունների բյուրոյի գործառույթները ընդլայնելու հարցը, որպեսզի այն կարողանա օգնություն ցույց տալ մասնակից պետություններում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը:

(31) Մասնակից պետությունները ճանաչում են մարդու իրավունքների բնագավառում Եվրախորհրդի կուտակած ընդարձակ փորձն ու գիտելիքները: Նրանք ողջունում են այդ ներդրումը Եվրոպայում ժողովրդավարությունն ամրապնդելու գործում, ներառյալ նրա պատրաստակամությունը` իր փորձը փոխանցելու ԵԱՀԽ-ին:

 

III

 

(32) Մասնակից պետությունները վերստին հայտարարում են, որ իրենք անփոփոխ հավատարիմ են Հելսինկիի Եզրափակիչ ակտի, Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի և ԵԱՀԽ-ի մյուս համապատասխան փաստաթղթերի սկզբունքներին ու դրույթներին, որոնցով նրանք մասնավորապես պարտավորություն են ստանձնել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ապահովել դրանց երաշխիքը բոլորի համար` առանց որևէ խտրականության:

(33) Մասնակից պետությունները կվերացնեն բոլոր իրավական և մյուս սահմանափակումները իրենց տարածքների սահմաններում իրենց և օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժման և մշտաբնակության իրավունք ունեցող անձանց բնակության վայրի նկատմամբ, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք կարող են անհրաժեշտ լինել և պաշտոնապես հայտարարվել` ելնելով ռազմական շահերից , անվտանգության, բնապահպանության կամ այլ օրինական պետական շահերից` իրենց ազգային օրենքներին համապատասխան, որոնք համատեղելի են ԵԱՀԽ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների և մարդու իրավունքների բնագավառի միջազգային պարտավորությունների հետ: Մասնակից պետությունները պարտավորվում են նման սահմանափակումները հասցնել նվազագույնի:

(34) Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքերում, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն մասնագիտական վտանգավոր գործուղումներում գտնվող լրագրողների պաշտպանության համար, հատկապես զինված հակամարտությունների դեպքերում, և կհամագործակցեն այդ նպատակով: Այդ միջոցները կընդգրկեն կորած լրագրողների որոնումը, նրանց ճակատագրի պարզումը, անհրաժեշտ օգնություն ցույց տալը և իրենց ընտանիքներ նրանց վերադառնալուն օժանդակելը:

(35) Մասնակից պետությունները հավաստում են, որ ստեղծագործության ազատության երաշխիքն ու մշակութային ժառանգության պահպանումը ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի բաղկացուցիչ մասն են: Նրանք այն կարծիքին են, որ մտավոր ու մշակութային անկախ կյանքը վճռական դեր է կատարում ազատ հասարակությունների և ժողովրդավարական հաստատությունների գոյության համար: Նրանք կկատարեն իրենց պարտավորությունները մշակույթի ոլորտում, որոնք շարադրված են մշակութային ժառանգությանը նվիրված Կրակովի գիտաժողովի փաստաթղթում, և այն կարծիքն են հայտնում, որ ԵԱՀԽ-ի շրջանակներում պետք է շարունակել մշակույթի խնդիրների, այդ թվում ազատության, տվյալ բնագավառում ստեղծագործական գործունեության և համագործակցության խնդիրների քննարկումը:

(36) Մասնակից պետությունները հիշեցնում են մահապատժի հարցը քննարկման թողնելու Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթով իրենց ստանձնած պարտավորությունը և հաստատում են մահապատժի վերացման հարցի շուրջ տեղեկատվություն փոխանակելու և դրա կիրառման վերաբերյալ հասարակայնությանը տեղեկատվություն տրամադրելու իրենց պարտավորությունները, որոնք բովանդակում է Կոպենհագենի խորհրդակցության փաստաթուղթը:

(36,1) Նրանք նշում են,

(ա) որ 1991 թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ մտավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կից երկրորդ կամընտիր արձանագրությունը, որի նպատակն է վերացնել մահապատիժը.

(բ) որ մի շարք մասնակից պետություններ վերջին ժամանակներս քայլեր են ձեռնարկել մահապատժի վերացման ուղղությամբ.

(գ) մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը մահապատիժը վերացնելու հարցի առնչությամբ:

(37) Մասնակից պետությունները հավաստում են ազգային փոքրամասնությունների խնդիրներին և նրանց թվին պատկանող անձանց իրավունքներին վերաբերող դրույթներն ու պարտավորությունները, որոնք բովանդակում են ԵԱՀԽ-ի բոլոր փաստաթղթերը, մասնավորապես ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթուղթը և ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԽ-ի փորձագետների Ժնևի խորհրդակցության զեկուցագիրը, և կոչ են անում ամբողջությամբ ու շուտափույթ կատարել դրանք: Նրանք կարծում են, որ մասնավորապես ԵԱՀԽ-ի նոր ու ընդլայնված մեխանիզմների ու ընթացակարգերի կիրառումը կնպաստի ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց իրավունքների հետագա պաշտպանությանն ու խրախուսմանը:

(38) Մասնակից պետությունները ընդունում են օրինականորեն մասնակից պետություններում ապրող գաղթյալ աշխատավորների և նրանց ընտանիքների իրավունքների հարգումն ապահովելու և իրենց ազգային, մշակութային, կրոնական ու լեզվական առանձնահատկությունների ազատ դրսևորման նրանց իրավունքը հատկապես նշելու անհրաժեշտությունը: Նման իրավունքների իրականացումը կարող է ենթակա լինել այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

(38,1) Նրանք դատապարտում են ըստ ռասայի, մաշկի գույնի և էթնիկական ծագման հատկանիշի խտրականության, անհանդուրժողության ու օտարախորշության բոլոր դրսևորումները գաղթյալ աշխատավորների նկատմամբ: Նրանք ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան արդյունավետ միջոցներ կձեռնարկեն հանդուրժողությունը, ըմբռնումը, հնարավորությունների հավասարությունը խրախուսելու և գաղթյալ աշխատավոր մարդու հիմնարար իրավունքները հարգելու համար, և միջոցներ կձեռնարկեն, եթե դա դեռևս չեն արել արգելելու այնպիսի գործողությունները, որոնք իրենցից բռնության հրահրում են ներկայացնում` հիմնված ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խտրականության, թշնամանքի կամ ատելության վրա:

(38,2) Նրանք համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որոնք գաղթյալ աշխատավորներին հնարավորություն կընձեռեն մասնակցելու մասնակից պետությունների հասարակական կյանքին:

(38,3) Նրանք նշում են, որ իրենց տարածքում ապրող գաղթյալ աշխատավորների մարդկային չափանիշի հետ կապված հարցերը, ինչպես որ մարդկային չափանիշին վերաբերող մյուս բոլոր հարցերը, կարող էին արծարծվել մարդկային չափանիշի մեխանիզմի շրջանակներում:

(38,4) Նրանք ԵԱՀԽ-ին հանձնարարում են մարդկային չափանիշի բնագավառի իր ապագա գործունեության մեջ քննության առնել համապատասխան միջոցներ գաղթյալ աշխատավորներին վերաբերող բոլոր հարցերի, այդ թվում համապատասխան երկրի լեզվին և հասարակական կյանքին ծանոթացնելու հարցերի նպատակային քննարկում անցկացնելու համար:

(39) Մասնակից պետությունները

(39,1) - կբարձրացնեն նաև լրիվ ծավալով համագործակցելու իրենց պատրաստակամությունը այն առումով, որ ապահովեն մարդասիրական օգնություն ցույց տալու գործողությունների օպերատիվ ու արդյունավետ անցկացումը.

(39,2) - բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն դյուրացնելու արագ և անարգել մուտքը տուժած շրջաններ` օգնություն ցույց տալու նման գործողությունների իրականացման նպատակով.

(39,3) - անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք կբերեն օգնություն ցույց տալու նման գործողությունների իրականացման նպատակով:

(40) Մասնակից պետությունները ընդունում են, որ տղամարդկանց ու կանանց լիակատար և իսկական հավասարությունը օրենքի գերակայության վրա հիմնված արդարացի ու ժողովրդավարական հասարակության էապես կարևոր տարր է: Նրանք ընդունում են, որ հասարակության ամբողջական զարգացումն ու նրա բոլոր անդամների բարեկեցության բարձրացումը պահանջում են հավասար հնարավորություններ տղամարդկանց և կանանց լիակատար ու հավասար մասնակցության համար: Այս համատեքստում նրանք`

(40,1) - կապահովեն, որպեսզի ԵԱՀԽ-ի շրջանակներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խրախուսմանը վերաբերող բոլոր պարտավորությունները կիրառվեն լրիվ ծավալով և առանց որևէ խտրականության` ըստ սեռի հատկանիշի.

(40,2) - լիովին կկիրառեն կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին կոնվենցիան, եթե դեռևս չեն դարձել այդպիսին, քննության կառնեն այդ Կոնվենցիան վավերացնելու կամ դրան միանալու հարցը. այն պետությունները, որոնք վավերացրել են այդ Կոնվենցիան կամ դրան միացել են վերապահումներով, քննության կառնեն դրանք հանելու հարցը.

(40,3) - արդյունավետորեն կիրականացնեն միջազգային պայմանագրերով ստանձնած այն պարտավորությունները, որոնց կողմերն են իրենք հանդիսանում, և պատշաճ միջոցներ կձեռնարկեն իրականացնելու Միավորված ազգերի կազմակերպության Նայրոբիի հեռանկարային ռազմավարությունները կանանց վիճակը բարելավելու ոլորտում.

(40,4) - կհավաստեն, որ իրենց նպատակն է հասնել հնարավորությունների ոչ միայն իրավական, այլև փաստական հավասարության` տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև նպաստել արդյունավետ միջոցների ձեռնարկմանը այդ ասպարեզում.

(40,5) - կստեղծեն կամ կամրապնդեն կանանց վիճակը բարելավելու համապատասխան ազգային մեխանիզմ, որպեսզի ապահովվի նրանց վիճակի վրա ծրագրերի ու քաղաքականության ազդեցության գնահատումը.

(40,6) - արդյունավետորեն կխրախուսեն կանանց համար տնտեսական բոլոր հնարավորությունները ապահովելու միջոցները, ներառյալ խտրականության բացակայությունը վարձման քաղաքականության մեջ և գործնականում, կրթության և մասնագիտական պատրաստության հավասար մատչելիություն և աշխատավոր կանանց ու տղամարդկանց համար աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղումը դյուրացնող միջոցներ. և կձգտեն ապահովել, որ կառուցվածքային վերակառուցում նախատեսող ցանկացած քաղաքականություն կամ ծրագրեր կանանց համար խտրական հետևանքներ չունենան.

(40,7) - կձգտեն վերջ տալ կանանց նկատմամբ գործադրվող բռնության բոլոր ձևերին և կանանց առուծախի ու պոռնկության շահագործման բոլոր ձևերին, այդ թվում նման գործողությունների նկատմամբ համապատասխան իրավաբանական արգելքներ ընդունելու և այլ միջոցներ ձեռնարկելու միջոցով.

(40,8) - կնպաստեն և կօժանդակեն կանանց հավասարությանն ու ամենալայն մասնակցությանը քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր կողմերին ու որոշումների ընդունման բոլոր գործընթացներին, ինչպես նաև, ամբողջությամբ վերցված, միջազգային համագործակցությանը.

(40,9) - կճանաչեն կենսականորեն կարևոր այն դերը, որը կանայք և կանանց կազմակերպությունները կատարում են կանանց իրավունքների զարգացմանն ու ընդլայնմանը նպատակամղված ազգային և միջազգային ջանքերում, մասնավորապես, անմիջական սպասարկումներ տրամադրելու, ինչպես նաև կառավարությունների և նշված կազմակերպությունների միջև լիարժեք գործակցություն պահպանելու և դրան օժանդակելու միջոցով` կանանց ավելի մեծ հավասարություն ապահովելու նպատակով.

(40,10) - կճանաչեն կանանց արժեքավոր ներդրումը քաղաքական, մշակութային, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում և կնպաստեն այդ ներդրման ավելի լայն ճանաչմանը, այդ թվում` ոչ պաշտոնական և չվարձատրվող հատվածներում.

(40,11) - միջոցներ կձեռնարկեն օժանդակելու կանանց վերաբերյալ տեղեկությունների ազատ մատչելիության և նրանց իրավունքների ապահովմանը` միջազգային և ներպետական իրավունքի համաձայն.

(40,12) - կմշակեն իրենց սահմանադրական համակարգերի հետ համատեղելի քաղաքականություն` կրթության բնագավառում, կսատարեն կանանց մասնակցությանը ուսման ու աշխատանքային գործունեության բոլոր ոլորտներին, ներառյալ ոչ ավանդական ոլորտները, և կնպաստեն տղամարդկանց և կանանց հավասարությանն առնչվող հարցերի առավել ըմբռնմանը.

(40,13) - կապահովեն տվյալների հավաքումն ու վերլուծությունը, որպեսզի պատշաճ կերպով գնահատեն, վերահսկողության տակ վերցնեն և բարելավեն կանանց վիճակը. այդ տվյալները անձնական բնույթի ոչ մի տեղեկություն չպետք է բովանդակեն:

(41) Մասնակից պետությունները որոշում են ընդունում`

(41,1) - ապահովել հաշմանդամների մարդու իրավունքների պաշտպանությունը.

(41,2) - միջոցներ ձեռնարկել նման անձանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, որպեսզի նրանք լրիվ ծավալով մասնակցեն հասարակության կյանքին.

(41,3) - նպաստել նման անձանց համապատասխան մասնակցությանը որոշումների ընդունմանը` իրենց վերաբերող բնագավառներում.

(41,4) - զարգացնել սպասարկումներն ու օժանդակել հասարակական աշխատողների պատրաստմանը` հաշմանդամների մասնագիտական ու սոցիալական վերականգնման գծով.

(41,5) - նպաստավոր պայմաններ ստեղծել, որոնք հաշմանդամներին կապահովեն հասարակական շենքեր մուտք ունենալու և սպասարկման տեսակներից, բնակելի կառույցներից, տրանսպորտից օգտվելու, մշակութային կյանքին առնչվելու և հանգստանալու հնարավորություն:

(42) Մասնակից պետությունները

(42,1) - հավաստում են, որ մարդու իրավունքների բնագավառի կրթությունը հիմնարար նշանակություն ունի և որ այդ առնչությամբ հույժ կարևոր է, որ իրենց քաղաքացիներին լուսավորեն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերով հաստատված նման իրավունքներն ու ազատությունները հարգելու պարտավորությունների առումով, որոնց մասնակիցը կարող են հանդիսանալ նրանք.

(42,2) - ընդունում են, որ մարդու իրավունքների բնագավառի արդյունավետ կրթությունը նպաստում է անհանդուրժողության, կրոնական, ռասայական և էթնիկական նախապաշարումների ու ատելության դեմ, այդ թվում` ռոմանների, օտարախորշման (քսենոֆոբիա) և հրեատյացության դեմ մղվող պայքարին.

(42,3) - կօժանդակեն դրանց մշակմանը իրավասու մարմինների կողմից, որոնք զբաղվում են մարդու իրավունքների գծով ուսումնական ծրագրերի, արդյունավետ ուսումնական պլանների և մարդու իրավունքների դասընթացների նախապատրաստմամբ բոլոր մակարդակների ուսանողների, հատկապես իրավունք, կառավարում և հասարակական գիտություններ ուսանողների, ինչպես նաև զինվորական ու ոստիկանական ուսումնական հաստատությունների և պետական կառավարման ինստիտուտների սովորողների համար:

(42,4) - նրանց դասավանդողներին տեղեկություններ կտրամադրեն ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի բոլոր դրույթների մասին.

(42,5) - կխրախուսեն կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների համագործակցությունը մարդու իրավունքների բնագավառի ծրագրերի մշակման ու փոխանակման գործում` ազգային և միջազգային մակարդակով.

(42,6) - կձգտեն այն բանին, որ ավելի լայն իմաստով մարդու իրավունքների բնագավառում կրթությունը զարգացնելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում հաշվի առնվեն գոյություն ունեցող միջազգային կառավարական ու ոչ կառավարական մարմինների, ինչպես Միավորված ազգերի կազմակերպության և Եվրախորհրդի փորձը, ծրագրերն ու համագործակցության ձևերը:

(43) Մասնակից պետությունները որպես ոչ կառավարական կազմակերպություններ կճանաչեն իրենց այդպիսիք հայտարարած կազմակերպությունները` ազգային արարողակարգերին համապատասխան, և կօժանդակեն իրենց տարածքներում նման կազմակերպությունների ազատ գործունեության համար պայմանների ստեղծմանը. այդ նպատակով նրանք`

(43,1) - կձգտեն հնարավորություններ որոնել ոչ կառավարական կազմակերպությունների և համապատասխան ազգային մարմինների ու պետական հիմնարկների միջև շփումների և կարծիքների փոխանակման պայմանների հետագա բարելավման համար.

(43,2) - կձգտեն օժանդակել ցանկացած մասնակից պետության ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրենց երկրներ այցելելուն` մարդկային չափանիշի բնագավառի պայմանների դիտարկման նպատակով.

(43,3) - կողջունեն ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, մասնավորապես ԵԱՀԽ-ի շրջանակներում մարդկային չափանիշի բնագավառում ստանձնած պարտավորությունների կատարման ստուգումը.

(43,4) - ոչ կառավարական կազմակերպություններին, նկատի առնելով նրանց կարևոր դերը ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի շրջանակներում, հնարավորություն կընձեռեն իրենց կարծիքները հասցնելու իրենց կառավարություններին և մյուս մասնակից պետությունների կառավարություններին մարդկային չափանիշի ասպարեզում ԵԱՀԽ-ի ապագա գործունեության ժամանակ:

(43,5) Մարդկային չափանիշի ասպարեզում ԵԱՀԽ-ի ապագա գործունեության ժամանակ ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի կոնկրետ խնդիրների առնչությամբ գրավոր ներդրումներ տարածելու բոլոր պատվիրակությունների շրջանում:

(43,6) ԵԱՀխ-ի քարտուղարությունը, իր ունեցած ռեսուրսների սահմաններում, կբավարարի իրենց ԵԱՀԽ-ի ընդհանուր տարածման փաստաթղթեր տրամադրելու ոչ կառավարական կազմակերպությունների խնդրանքները:

(43,7) Մարդկային չափանիշի բնագավառում ԵԱՀԽ-ի ապագա գործունեությանը ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը սահմանող ղեկավար սկզբունքները մասնավորապես կարող են ներառել`

(ա) ոչ կառավարական կազմակերպությունների կարիքների համար խորհրդակցությունների անցկացման վայրերում կամ դրանց անմիջական մոտակայքում պետք է առանձնացնել ընդհանուր հարկաբաժիններ, ինչպես նաև խելամիտ սահմաններում և նրանց հաշվին ապահովել տեխնիկական միջոցներից, ներառյալ լուսապատճենահանման տեխնիկայից, հեռախոսներից և հեռապատճենահանիչներից օգտվելու հնարավորություն.

(բ) պետք է ոչ կառավարական կազմակերպություններին ժամանակին իրազեկ պահել և հրահանգել դրանցից ազատորեն օգտվելու ընթացակարգերի հարցի վերաբերյալ.

(գ) պետք է այսուհետև էլ ԵԱՀԽ-ի խորհրդակցությունների պատվիրակություններին հանձնարարել իրենց կազմի մեջ ընդգրկելու կամ հրավիրելու ոչ կառավարական կազմակերպությունների անդամների:

Մասնակից պետությունները Հելսինկիի խորհրդակցությանն առաջարկում են հետագա քայլերի շրջանակներում քննության առնել այդպիսի ղեկավար սկզբունքներ սահմանելու հարցը:

 

*  *  *

 

(44) Մասնակից պետությունների ներկայացուցիչները իրենց խոր երախտագիտությունն են հայտնում ԽՍՀՄ-ի ժողովրդին և կառավարությանը` Մոսկվայի խորհրդակցության գերազանց կազմակերպման և այդ խորհրդակցության աշխատանքին մասնակցող պատվիրակություններին ցույց տրված ջերմ ընդունելության համար:

 

Մոսկվա, 3 հոկտեմբերի, 1991 թվականի

 

 

pin
ԵԱՀԽ
03.10.1991
Միջազգային պայմանագիր