Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿ ...

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(«ՊԵԿԻՆՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»)

(1-15 կետեր)

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի 40/33 ԲԱՆԱՁԵՎՈՎ

 

Գլխավոր ասամբլեան`

ուշադրության առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական ու մշակութային կանոնների մասին միջազգային դաշնագիրը, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս միջազգային փաստաթղթերը, որոնք վերաբերում են երիտասարդության իրավունքներին,

նկատի առնելով նաև, որ 1985 թվականը հայտարարված է Երիտասարդության միջազգային տարի` մասնակցություն, զարգացում, խաղաղություն, և որ միջազգային հանրակցությունը զգալի ուշադրություն է դարձնում երիտասարդության իրավունքների պաշտպանության և դրանց իրականացմանը նպաստելու հարցերին, որի վկայությունն է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային (62) տրվող նշանակությունը,

վկայակոչելով Հանցագործությունների կանխարգելմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսի ընդունած 4 բանաձևը (63), որով կոչ է արվում մշակել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման և հոգատարության դրսևորման ստանդարտ կանոններ, որոնք կարող էին մոդել հանդիսանալ անդամ պետությունների համար,

վկայակոչելով նաև Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1984 թվականի մայիսի 25-ի 1984/153 որոշումը, որին համապատասխան կանոնների նախագիծը 1985 թվականի օգոստոսի 26-սեպտեմբերի 6-ը Միլանում (Իտալիա) կայացած Հանցագործությունների կանխարգելմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսին էր ներկայացվել Միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության միջոցով, որը տեղի էր ունեցել 1984 թվականի մայիսի 14-18-ը Պեկինում (64),

ընդունելով, որ երիտասարդությունը, գտնվելով մարդկային անհատի զարգացման վաղ փուլում, կարիք ունի առանձնակի հոգատարության և օգնության ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական զարգացման ասպարեզում, ինչպես նաև իրավական պաշտպանության` խաղաղության, ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում,

համարելով, որ գոյություն ունեցող ազգային օրենսդրությունը, քաղաքականությունն ու գործելակերպը հավանաբար կարիք ունեն վերանայման ու փոփոխման` նկատի առնելով սույն կանոնների բովանդակած նորմերը,

այնուհետև համարելով, որ թեև նման նորմերը հավանաբար ներկայումս դժվար իրականանալի են թվում գոյություն ունեցող սոցիալական, տնտեսական, մշակութային, քաղաքական և իրավական առկա պայմանների պատճառով, դրանք այդուհանդերձ, ինչպես թվում է, կարող են իրացվել որպես նվազագույն ծրագիր,

1. երախտագիտությամբ է նշում Անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացմանը վերաբերող Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների նախապատրաստման կապակցությամբ Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեի, Գլխավոր քարտուղարի, Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևի Միավորված ազգերի կազմակերպության ասիական և հեռավորարևելյան ինստիտուտի և Միավորված ազգերի կազմակերպության այլ հաստատությունների կատարած աշխատանքը.

2. երախտագիտությամբ ի գիտություն է ընդունում Գլխավոր քարտուղարի զեկուցումը Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների նախագծի մասին, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ (65).

3. հավանություն է տալիս Պեկինի Միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության արդյունքներին, որտեղ ավարտվեց կանոնների տեքստի մշակումը, որոնք ներկայացվեցին Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսին` քննարկելու և վերջնական որոշում կայացնելու համար.

4. հաստատում է Միավորված ազգերի կազմակերպության Նվազագույն ստանդարտ կանոնները, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ և որոնք առաջարկվել են յոթերորդ Կոնգրեսի կողմից և շարադրված են սույն բանաձևի հավելվածում, և հավանություն է տալիս յոթերորդ Կոնգրեսի այն առաջարկությանը, որ այդ Կանոններն անվանվեն «Պեկինյան կանոններ».

5. առաջարկում է անդամ պետություններին անհրաժեշտ դեպքերում Պեկինյան կանոններին համապատասխանեցնել իրենց ազգային օրենսդրությունը, քաղաքականությունն ու գործելակերպը, հատկապես անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման հետ կապված անձնակազմ պատրաստելիս, և Կանոնները հասցնել ի գիտություն համապատասխան մարմինների և լայն հասարակայնության.

6. կոչ է անում Հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոմիտեին Պեկինյան կանոնների արդյունավետ իրականացման միջոցներ մշակել Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևերի հաստատությունների օժանդակությամբ.

7. առաջարկում է անդամ պետություններին Գլխավոր քարտուղարին իրազեկ պահել Պեկինյան կանոնների իրականացման ընթացքի մասին և ձեռք բերած արդյունքների մասին կանոնավոր կերպով զեկուցագրեր ներկայացնել Հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոմիտեին.

8. խնդրում է անդամ պետություններին և Գլխավոր քարտուղարին ուսումնասիրություն կատարել և մշակել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման արդյունավետ քաղաքականության ու գործելակերպի վերաբերյալ տվյալների հավաքանին.

9. խնդրում է Գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին առաջարկում է ապահովել Պեկինյան կանոնների տեքստի հնարավորին չափ լայն տարածումը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր պաշտոնական լեզուներով, ներառյալ անչափահասների նկատմամբ արդարադատության բնագավառի տեղեկատվական գործունեության աշխուժացումը.

10. խնդրում է Գլխավոր քարտուղարին Պեկինյան կանոնների իրականացման փորձնական նախագծեր մշակել.

11. խնդրում է Գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին անհրաժեշտ միջոցներ տրամադրել Պեկինյան կանոնների հաջող իրականացումն ապահովելու համար, մասնավորապես կադրեր վարձելու և պատրաստելու, աշխատակիցներ փոխանակելու, հետազոտություններ անցկացնելու և գնահատականների, ինչպես նաև ուղղիչ հիմնարկներում կալանքի տակ պահելու նոր այլընտրանքների մշակման բնագավառում.

12. Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ Կոնգրեսին խնդրում է Պեկինյան կանոնների և սույն բանաձևում շարադրված հանձնարարականների իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքների ընդհանուր տեսություն ներկայացնել օրակարգի առանձին կետի շրջանակներում, որը վերաբերեր արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ.

13. Միավորված ազգերի կազմակերպության համակարգի բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես տարածաշրջանային հանձնաժողովներին և մասնագիտացված հիմնարկներին, հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևի հարցերով զբաղվող հաստատություններին, մյուս միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին հաստատակամ կոչ է անում համագործակցել քարտուղարության հետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց մասնագիտական իրավասության համապատասխան բնագավառներում ապահովելու համաձայնեցված ու մշտական գործողություններ Պեկինյան կանոնների բովանդակած սկզբունքների իրականացման նպատակով:

 

96-րդ լիագումար նիստ,

29 նոյեմբերի, 1985 թվական

 

Հ ա վ ե լ վ ա ծ

 

Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն

ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ

արդարադատություն իրականացնելու վերաբերյալ

(«Պեկինյան կանոններ»)

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. Հիմնական նպատակները

1.1 Անդամ պետությունները պետք է, իրենց ընդհանուր շահերի համապատասխան, ձգտեն նպաստել անչափահաս տղայի կամ աղջկա և նրա ընտանիքի բարեկեցությանը:

1.2 Անդամ պետությունները պետք է ձգտեն պայմաններ ստեղծել, որոնք հնարավորություն կտան դեռահասի համար բովանդակալից կյանք ապահովել, որը կյանքի այն փուլում, երբ տղան կամ աղջիկը առավել հակված են ոչ ճիշտ վարքագծի, բարերար ազդեցություն կունենա հանցագործությունների և իրավախախտումների հնարավորությունից առավել չափով զերծ անձի զարգացման և կրթություն ստանալու համար:

1.3 Անհրաժեշտ է բավականաչափ ուշադրություն նվիրել դեռահասի բարեհաջողությանն օժանդակելու նպատակով դրական միջոցների բոլոր հնարավոր աղբյուրներին, ներառյալ ընտանիքը, կամավորները և հասարակության ուրիշ խմբեր, ինչպես նաև դպրոցները, հասարակական այլ հաստատություններ, որպեսզի կրճատվի օրենքի կողմից միջամտության անհրաժեշտությունը, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ եղած դեռահասի հետ վարվելաձևը լինի արդյունավետ, արդարացի և մարդասիրական:

1.4 Անչափահասների նկատմամբ արդարադատությունը պետք է յուրաքանչյուր երկրի ազգային զարգացման ընթացքի հիմնական բաղադրիչ մասը հանդիսանա` բոլոր անչափահասների համար սոցիալական արդարությունը բազմակողմանիորեն ապահովելու շրջանակներում, այսպիսով միաժամանակ օժանդակելով երիտասարդության պաշտպանությանը և հասարակության մեջ ապահովելով խաղաղ կարգ ու կանոն:

1.5 Սույն կանոնները պետք է իրագործվեն յուրաքանչյուր անդամ պետությունում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններին համապատասխան:

1.6 Անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել ու կոորդինացնել անչափահասներին առնչվող արդարադատության ծառայությունները, այդ ծառայությունների անձնակազմերի որակավորումը, ներառյալ նրանց մեթոդները, մոտեցումները և վերաբերմունքը անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու ու պահելու նպատակով:

 

Մեկնաբանություն

Այս ընդարձակ հիմնական նպատակները լիովին վերաբերում են համապարփակ սոցիալական քաղաքականությանը և ուղղված են անչափահասների բարեհաջողությանը առավելագույն աջակցություն ապահովելուն, որը նվազագույնի կհասցնի անչափահասների նկատմամբ արդարադատության համակարգի միջամտությունների անհրաժեշտությունը, իր հերթին ընդհանրապես կնվազեցնի վնասները, որոնք կարող են հասցվել միամտաբար: Երիտասարդության նկատմամբ, մինչև իրավախախտում կատարելը, նման միջոցառումների ձեռնարկումը հանդիսանում է սույն կանոնների կիրառման անհրաժեշտության վերացմանը նպատակաուղղված քաղաքականության հիմնական էությունը:

1.1-1.3 Կանոններում մատնանշված է անչափահասների նկատմամբ հիմնարար սոցիալական քաղաքականությանը հատկացված դերի կարևորությունը, մասնավորապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների, իրավախախտումների կանխման գործում: 1.4 կանոնում անչափահասների նկատմամբ արդարադատությունը սահմանվում է որպես սոցիալական արդարության համակարգի ապահովման բաղկացուցիչ մաս, իսկ 1.6-ում մատնանշվում է անչափահասների նկատմամբ արդարադատության համակարգի անընդհատ կատարելագործման անհրաժեշտությունը, միաժամանակ անչափահասների վերաբերյալ սոցիալական առաջընթաց քաղաքականություն մշակելու համար միջոցառումների ձեռնարկումը` ամբողջությամբ հաշվի առնելով այդ համակարգի անձնակազմի աշխատանքների անընդհատ բարելավման անհրաժեշտությունը:

1.5 Կանոնի նպատակը այն է, որ արտացոլի անդամ պետություններում գոյություն ունեցող պայմանները, որոնցից կարող են կախված լինել կոնկրետ կանոնների կիրառման ձևերը. դրանք անխուսափելիորեն պետք է տարբերվեն ուրիշ պետությունների կողմից կիրառվող ձևերից:

 

2. Կանոնների կիրառման ոլորտը և օգտագործվող սահմանումները

2.1 Հետևյալ նվազագույն ստանդարտ կանոնները անաչառ կերպով կիրառվում են անչափահաս իրավախախտների նկատմամբ, անկախ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, հավատքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային, դասակարգային կամ այլ դրության տարբերության:

2.2 Սույն Կանոնների նպատակների համար անդամ պետությունները, իրենց իրավական համակարգերին և ըմբռնումներին համապատասխան, կիրառում են հետևյալ սահմանումները.

ա) անչափահաս է համարվում այն երեխան կամ երիտասարդը, որը իրավախախտման համար, գործող իրավական համակարգի շրջանակներում, կարող է ենթարկվել պատասխանատվության մեծահասակի նկատմամբ գործադրվող պատասխանատվության ձևից տարբերվող ձևով,

բ) գործող իրավական համակարգի շրջանակներում օրենքով պատժվող յուրաքանչյուր արարք (գործողություն կամ գործողության բացակայություն) իրավախախտում է,

գ) անչափահաս իրավախախտ է երեխան կամ երիտասարդը, որը կասկածվում է իրավախախտում կատարելու մեջ կամ, ինչպես պարզվել է, կատարել է այն:

2.3 Պետք է ջանքեր գործադրել` յուրաքանչյուր ազգային օրենսդրության շրջանակներում համալիր օրենքներ, կանոններ, դրույթներ ընդունելու համար, որոնք անմիջականորեն վերաբերեն անչափահաս իրավախախտներին և այն ատյաններին ու հիմնարկներին, որոնց իրավասությանն են վերաբերում անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացումը և որոնք կոչված են.

ա) բավարարել անչափահաս իրավախախտների զանազան պահանջները, դրա հետ միասին պաշտպանելով նրանց հիմնական իրավունքները,

բ) բավարարել հասարակության պահանջները,

գ) անշեղորեն և անաչառ կերպով կյանքում կիրառել նշյալ կանոնները:

 

Մեկնաբանություն

Նվազագույն ստանդարտ կանոնները հատուկ ձևակերպված են այնպես, որպեսզի հնարավոր լինի դրանք կիրառել իրավական տարբեր համակարգերի շրջանակներում և միաժամանակ հաստատել անչափահաս իրավախախտի հետ վարվելաձևի մի քանի նվազագույն ստանդարտներ` անչափահասի գոյություն ունեցող ցանկացած սահմանման և անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևի ցանկացած համակարգի դեպքում: Կանոնները, բոլոր դեպքերում, պետք է գործածվեն անաչառ և առանց որևէ խտրականության:

Այդ նպատակով 2.1 կանոնում ընդգծվում է Կանոնների անաչառ և առանց որևէ խտրականության կիրառման կարևորությունը: Այդ կանոնը հաջորդում է Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 2-րդ սկզբունքի ձևակերպմանը:

2.2 Կանոնում տրված է «անչափահաս» և «իրավախախտում» հասկացությունների սահմանումը` որպես սույն Նվազագույն ստանդարտ կանոնների հիմնական նյութը հանդիսացող «անչափահաս իրավախախտող» հասկացության բաղադրիչ (տես նաև 3 և 4 կանոնները): Պետք է նշել, որ տարիքային սահմանները կախված կլինեն և ուղիղ կախման մեջ կդրվեն յուրաքանչյուր իրավական համակարգի դրույթներից, հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական համակարգերը: Դրա համար «անչափահաս» հասկացությունը տարիքային լայն դիապազոն է ընդգրկում, 7-ից մինչև 18 տարեկան կամ ավելի մեծ: Այդպիսի դիապազոնը անխուսափելի է, նկատի ունենալով ազգային իրավական համակարգերի բազմազանությունը, և չի նվազեցնում սույն Նվազագույն ստանդարտ կանոնների նշանակությունը:

2.3 Կանոնում խոսվում է սույն Նվազագույն ստանդարտ կանոնները ինչպես օրենսդրության մեջ, այնպես էլ գործնականում լավագույն ձևով կյանքի կոչելուն ուղղված ազգային կոնկրետ օրենսդրության մշակման անհրաժեշտության մասին:

 

3. Կանոնների կիրառման ոլորտների ընդլայնումը

3.1 Կանոնների համապատասխան դրույթները կիրառվում են ոչ միայն անչափահաս իրավախախտների, այլ նաև այն անչափահասների նկատմամբ, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել ամեն մի կոնկրետ արարքի համար, որն անպատժելի է մեծահասակների կողմից կատարվելու դեպքում:

3.2 Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված սկզբունքների ազդեցությունը տարածելու բոլոր անչափահասների վրա, որոնց նկատմամբ սոցիալական ապահովության և խնամակալության հաստատման միջոցներ են ձեռնարկվում:

3.3 Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված սկզբունքների ազդեցությունը նաև չափահաս երիտասարդ իրավախախտների վրա տարածելու համար:

 

Մեկնաբանություն

3-րդ կանոնում նախատեսվում է անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման ընթացքում նախատեսված Նվազագույն ստանդարտ Կանոններով պաշտպանության միջոցների գործադրումը հետևյալ դեպքերում.

ա) զանազան ազգային իրավական համակարգերում նախատեսված այսպես կոչված «կարգավիճակային խախտումները» , երբ անչափահասների համար որպես իրավախախտում դիտվող գործողությունների շրջանակը ավելի լայն է, քան մեծահասակների համար (օրինակ գործալքում, վատ վարք դպրոցում, ընտանիքում, հասարակական վայրերում անսթափ վիճակում հայտնվելը և այլն) (կանոն 3-1),

բ) անչափահասների սոցիալական ապահովության և խնամակալության հաստատման ուղղությամբ միջոցների ձեռնարկում (3.2 կանոն),

գ) չափահաս երիտասարդ իրավախախտների հետ վարվելակերպի ընթացակարգ, անշուշտ, կախված կոնկրետ տարիքային սահմանից (3.3 կանոն): Արդարացի է համարվում կանոնների տարածումը այդ երեք խմբերի վրա: 3.1 կանոնը նախատեսում է նվազագույն երաշխիքներ այդ ասպարեզներում, իսկ 3.2 կանոնը դիտվում է որպես օրենքի հետ հակասության մեջ գտնվող բոլոր անչափահասների համար ավելի արդարացի, իրավահավասար, մարդասիրական արդարադատության ուղղությամբ ցանկալի քայլ:

 

4. Քրեական պատասխանատվության տարիքը

4.1 Այն իրավական համակարգերում, որոնցում ընդունվում է «անչափահասների քրեական պատասխանատվության տարիք» հասկացությունը, այդպիսի տարիքի ցածր սահմանը չպետք է հաստատվի շատ ցածր տարիքային մակարդակով, հաշվի առնելով զգացմունքային, հոգեկան և մտավոր հասունության գործոնները:

 

Մեկնաբանություններ

Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի սահմանները, կախված պատմական և մշակութային առանձնահատկություններից, միանգամայն տարբեր են: Ժամանակակից մոտեցման կիրառումը կայանում է երեխայի` քրեական պատասխանատվության հետ կապված բարոյահոգեբանական ասպեկտները կրելու ընդունակությունների որոշման մեջ, այսինքն բացահայտ հակահասարակական վարքագծի համար երեխային պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը որոշվում է անհատական ընդունակությունների, աղջկա կամ տղայի ըմբռնման, ընկալման կարողությամբ: Եթե քրեական պատասխանատվության տարիքային սահմանը հաստատված է չափից ցածր մակարդակի կամ ընդհանրապես չի հաստատված, պատասխանատվության գաղափարը դառնում է անմիտ: Ընդհանրապես փոխադարձ սերտ կապ կա իրավախախտման կամ հանցավոր վարքագծի համար պատասխանատվության և այլ սոցիալական իրավունքների ու պարտականությունների միջև (ինչպես ընտանեկան դրությունը, քաղաքացիական չափահասությունը և այլն):

Դրա համար պետք է ջանքեր գործադրել ցածրագույն տարիքային սահմանը խելացիորեն որոշելու համար, որը կարող է կիրառվել միջազգային մասշտաբով:

 

5. Արդարադատության նպատակները անչափահասների վերաբերյալ

5.1 Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին:

 

Մեկնաբանություն

5-րդ կանոնում արտացոլված են անչափահասների հանդեպ արդարադատություն իրականացնելու կարևորագույն նպատակները: Առաջին նպատակը անչափահասի բարեհաջողությանը նպաստելն է: Դա գլխավոր նպատակն է իրավական այն համակարգերում, որոնցում անչափահաս իրավախախտների գործերով զբաղվում են ընտանեկան գործերի դատարանները կամ վարչական իշխանությունները, բայց և միաժամանակ այն իրավական համակարգերում, որոնք հակված են քրեական հետաքննության մոդելին, անչափահասի բարեկեցությանը պետք է հատուկ ուշադրություն նվիրվի, ինչը կօգնի խուսափել զուտ պատժիչ սանկցիաներից: (Տես նաև 14 կանոնը):

Երկրորդ նպատակը «համաչափության սկզբունքի» պահպանումն է, որը լայնորեն հայտնի է որպես պատժիչ սանկցիաների օգտագործման սահմանափակման միջոց, որը հիմնականում արտահայտվում է արարքին համարժեք հատուցման սկզբունքով, համապատասխան իրավախախտման ծանրությանը: Երիտասարդ իրավախախտների արարքների նկատմամբ հակազդեցությունը պետք է հիմնվի ոչ միայն իրավախախտման ծանրության այլև անձի առանձնահատկությունների վրա: Իրավախախտի անհատական առանձնահատկությունները (օրինակ` սոցիալական ստատուսը, դրությունը ընտանիքում, պատճառած վնասը և այլ` իրավախախտի անձի հետ կապված գործոններ) պետք է ազդեցություն գործեն պատասխան գործողությունների համարժեքության վրա (օրինակ` ուշադրություն պետք է դարձնել իրավախախտի կողմից զոհին պատճառած վնասի փոխհատուցման ցանկությանը, աղջկա կամ տղայի լիարժեք և օգտակար կյանք վարելու կամքին):

Երիտասարդ իրավախախտի բարեհաջողության ապահովմանն ուղղված պատասխան գործողությունները կարող են նմանապես դուրս գալ անհրաժեշտության սահմաններից և դրանով վնաս հասցնել կոնկրետ երիտասարդի հիմնական իրավունքներին, ինչը նկատվում է անչափահասների նկատմամբ արդարադատության որոշ համակարգերում: Այդ դեպքում պետք է ապահովել պատասխան գործողության համարժեքությունը, հաշվի առնելով իրավախախտման հանգամանքների առանձնահատկությունները, իրավախախտի, ինչպես նաև զոհի անձը:

5-րդ կանոնում, ըստ էության, նախատեսվում են ընդամենը անչափահասի ցանկացած կոնկրետ իրավախախտման կամ հանցագործության համար արդարացի պատասխան գործողություններ: Այդ կանոնի մեջ զուգակցվող ասպեկտների բազմազանությունը կարող է նպաստել երկու մոտեցումների կիրառմանը, այն է` նոր և առաջադիմական պատասխան գործողությունները նույնքան են ցանկալի, որքան անչափահասների վրա պաշտոնական սոցիալական հսկողական ցանցի չարդարացված ընդլայնմանը ուղղված նախազգուշական միջոցները:

 

6. Դիսկրեցիոն լիազորությունների ծավալը

6.1 Նկատի առնելով անչափահասների զանազան հատուկ պահանջմունքները, նաև ունեցած միջոցների բազմազանությունը, դատաքննության բոլոր փուլերում, արդարադատություն իրականացնելու տարբեր մակարդակներում, այդ թվում հետաքննության, դատաքննության, դատավճռի որոշման և դատավճռի իրականացման հսկողության իրագործման փուլերում, անչափահասների վերաբերյալ պետք է նախատեսել դիսկրեցիոն լիազորությունների համապատասխան ծավալ:

6.2 Դրա հետ միասին, պետք է ջանքեր գործադրել դիսկրեցիոն իրավասությունների իրագործման բոլոր փուլերում և մակարդակներում համապատասխան հաշվետվության ապահովման համար:

6.3 Դիսկրեցիոն լիազորություններն օգտագործող անձինք պետք է ունենան անհրաժեշտ որակավորում կամ պատրաստվածություն իրենց պարտականություններին և լիազորություններին համապատասխան դրանք խելացիորեն կիրառելու համար:

 

Մեկնաբանություն

6.1, 6.2, 6.3 կանոնները ներառում են անչափահասների նկատմամբ արդյունավետ, արդարացի և մարդկային արդարադատության իրագործման մի քանի կարևոր ասպեկտներ, ինչպես` որոշում ընդունող անձանց ամեն մի կոնկրետ դեպքից ելնելով գործելու հնարավորություն տալու նպատակով արդարադատության իրագործման բոլոր փուլերում դիսկրեցիոն լիազորությունների կիրառումը թույլատրելու անհրաժեշտությունը, մյուս կողմից` երիտասարդ օրինախախտի պաշտպանության նպատակով դիսկրեցիոն լիազորությունները ոչ ճիշտ օգտագործելու դեպքերի կանխման համար վերահսկման և հակազդեցության նախատեսման անհրաժեշտությունը: Հաշվետու լինելը և պրոֆեսիոնալիզմը դիսկրեցիոն լիազորությունների լայն օգտագործումը սահմանափակելու ամենակարևոր միջոցներն են:

Այդպիսով ընդգծվում է պրոֆեսիոնալ հմտությունների և պատրաստվածության նշանակությունը, որպես արժեքավոր միջոցներ այս դեպքում ապահովելու դիսկրեցիոն լիազորությունների ողջամիտ օգտագործումը անչափահաս իրավախախտների նկատմամբ գործերում (տես նաև 1.6 և 2.2 կանոնները): Այդ ենթատեքստում ընդգծվում է դիսկրեցիոն լիազորությունների օգտագործման, գործի վերանայման համակարգի ապահովման, բողոքարկման և այլ առումով ղեկավարման կոնկրետ սկզբունքների մշակման նշանակությունը, որպեսզի ապահովվի գործերի ստուգումը և հաշվետվությունը: Այդպիսի մեխանիզմները կոնկրետ չեն կանխանշվում միջազգային նվազագույն ստանդարտ կանոններում` արդարադատության համակարգերի բոլոր տարբերությունները հաշվի առնելու անհնարինության հետ կապված որոշակի դժվարությունների հետևանքով:

 

7. Անչափահասների իրավունքները

7.1 Դատավարական հիմնական երաշխիքները, ինչպես անմեղության կանխավարկածը, առաջադրված մեղադրանքի մասին տեղյակ պահելու իրավունքը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, ծնողների կամ խնամակալի մասնակցության իրավունքը, վկաների հետ առերեսման և նրանց խաչաձև հարցաքննության իրավունքը, բարձրագույն ատյաններին բողոքարկելու իրավունքը պետք է երաշխավորված լինեն դատաքննության բոլոր փուլերում:

 

Մեկնաբանություն

7.1 Կանոնում ընդգծվում են մի քանի կարևոր ասպեկտներ, որոնք արդարացի, անաչառ դատի էական տարրեր են հանդիսանում, ճանաչված են միջազգային իրավունքների, միջազգային մակարդակով գործող փաստաթղթերում: (Տես նաև 14 կանոնը): Անմեղության կանխավարկածի դրույթը, օրինակ, զետեղված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14.2 հոդվածում:

Սույն նվազագույն ստանդարտ կանոնների 14-րդ կանոնում և այնուհետև կոնկրետ սահմանվում են հարցերը, որոնք կարևոր են, մասնավորապես, անչափահասների գործերի դատաքննության ժամանակ, իսկ 7.1 կանոնում ընդհանուր տեսքով հաստատվում են դատավարական ամենահիմնական երաշխիքները:

 

8. Գաղտնապահության ապահովումը

8.1 Անչափահասների գաղտնիքի պահպանման իրավունքը պետք է հարգվի բոլոր փուլերում, աղջկա կամ տղայի` անհարկի հրապարակայնությունից կամ անվանարկելուց խուսափելու համար:

8.2 Սկզբունքորեն չպետք է հրապարակվի ոչ մի տեղեկատվություն, որը կարող է անչափահաս իրավախախտի անձը մատնանշել:

 

Մեկնաբանություն

8-րդ կանոնում ընդգծվում է անչափահասի գաղտնիքի պահպանման իրավունքի ապահովման կարևորությունը: Երիտասարդությունը հատկապես հիվանդագին է արձագանքում անվանարկմանը: Անչափահասների վարկին վնաս հասցնելու հարցով քրեաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են երիտասարդների նկատմամբ անընդհատ օգտագործվող «իրավախախտ» կամ «հանցագործ» սահմանման հետ կապված (տարբեր առումով) բացասական արդյունքների մասին: 8-րդ կանոնում ընդգծվում է նաև անչափահասներին նրանց գործերի մասին մասսայական տեղեկատվության միջոցներում տպագրելու կամ հաղորդելու բացասական հետևանքներից (օրինակ կասկածվող կամ դատապարտված երիտասարդ իրավախախտների անունները) պաշտպանելու կարևորությունը: Անձի շահերը պետք է պաշտպանել և երաշխավորել, ծայրահեղ դեպքում` սկզբունքորեն: (8-րդ կանոնում զետեղված ընդհանուր դրույթները կոնկրետացվում են 21-րդ կանոնում):

 

9. Պաշտպանական վերապահություն

9.1 Սույն կանոններում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների և միջազգային հանրության կողմից ընդունված և երիտասարդ անձանց պաշտպանությանը և նրանց խնամքին վերաբերող այլ փաստաթղթերի և ստանդարտների բացառում:

 

Մեկնաբանություն

9-րդ կանոնը նախատեսված է սույն կանոնները պարզաբանելիս և կյանքում իրագործելիս ցանկացած թերհասկացության բացառման համար, համաձայն սկզբունքների, որոնք պարունակվում են մարդու իրավունքների` գոյություն ունեցող համապատասխան միջազգային փաստաթղթերի և ստանդարտների մշակումներում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Երեխայի իրավունքների հռչակագիրը (66) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը (68): Պետք է հաշվի առնել, որ սույն կանոնների կիրառումը չի վնասում միջազգային որևէ նմանատիպ փաստաթղթի կիրառմանը, որը կարող է ավելի լայն ոլորտներում կիրառություն ունեցող դրույթներ պարունակել (67) (տես նաև 27 կանոնը):

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

10. Նախնական շփում

10.1 Անչափահասի ձերբակալման ժամանակ աղջկա կամ տղայի ծնողները կամ խնամակալը անմիջապես տեղյակ են պահվում, իսկ եթե հնարավոր չէ` ծնողները կամ խնամակալը տեղյակ են պահվում ավելի ուշ, բայց հնարավորին չափ կարճ ժամանակամիջոցում:

10.2 Դատավորը կամ այլ իրավասու պաշտոնական անձ կամ մարմին ազատման հարցը քննարկում են անհապաղ:

10.3 Իրավակարգը պաշտպանող մարմինների և անչափահաս իրավախախտի միջև շփումը, իրավակարգը ապահովելու համար, իրագործվում է այնպես, որպեսզի պատշաճ կերպով հաշվի առնելով գործի հանգամանքները, հարգվի անչափահասի իրավական վիճակը, աջակցվի անչափահասի բարեհաջողությանը և խուսափվի աղջկան կամ տղային վնաս պատճառելուց:

 

Մեկնաբանություն

10.1 կանոնը սկզբունքորեն ներառված է Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտների 92-րդ կանոնում (69):

Ազատման հարցը (10.2 կանոն) քննարկվում է դատավորի կամ իրավասու պաշտոնական այլ անձի կողմից անհապաղ: Վերջինս ենթադրում է ցանկացած անձ կամ կազմակերպություն, որոնք ունեն բանտարկյալին ազատելու իրավասություններ, այդ հասկացության ամենալայն իմաստով, ներառյալ համայնքների կազմակերպությունները կամ ոստիկանական իշխանությունը (տես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և 9.3 հոդվածը):

10.3 կանոնը վերաբերում է ոստիկանների և այլ պաշտոնական անձանց ընթացակարգի և վարքագծի մի քանի հիմնական ասպեկտներին անչափահասների քրեական գործերում իրավակարգը ապահովելու համար: «Խուսափել վնաս պատճառելուց» արտահայտությունը խիստ ճկուն ձևակերպում է և, ընդհանուրի կարծիքով, ընդգրկում է հնարավոր գործողությունների շատ կողմեր (օրինակ բանավոր կոպիտ վարվելակերպ, ֆիզիկական բռնություն, շրջապատողների կշտամբանք): Անչափահասների վերաբերյալ արդարադատության պրոցեսներին արդեն կարող է «վնաս պատճառել» նրանց, դրա համար «խուսափել վնաս պատճառելուց» տերմինը պետք է բացատրել լայնորեն, նախ որպես անչափահասին նվազագույն վնասի պատճառում, ապա և ցանկացած լրացուցիչ կամ ավելորդ ճնշումից խուսափում: Դա հատկապես կարևոր է իրավակարգը պաշտպանող մարմինների հետ անչափահասի նախնական շփման ժամանակ, որը խիստ որոշակի ազդեցություն կգործի պետության և հասարակության նկատմամբ անչափահասների վերաբերմունքի վրա: Ցանկացած հետագա միջամտության հաջողությունը շատ բանով կախված է նմանատիպ նախնական շփումներից: Ընդ որում հույժ կարևոր նշանակություն ունեն կարեկցանքը և նուրբ, բայց պահանջկոտ մոտեցումը:

 

11. Գործի կարճումը

11.1 Անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում չպետք է դիմել ստորև 14.1 կանոնում նշված իշխանության իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությանը:

11.2 Ոստիկանությունը, դատախազությունը, անչափահասների գործերը վարող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ վճիռ ընդունել իրենց հայեցողությամբ, առանց գործերի պաշտոնական լսումների` համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև սույն կանոններում ամփոփված սկզբունքների համաձայն:

11.3 Ցանկացած գործի կարճում, կապված այն համապատասխան համայնքին կամ այլ ծառայություններին հանձնելու հետ, պահանջում է անչափահաս աղջկա կամ տղայի և ծնողների կամ խնամակալի համաձայնությունը, պայմանով, որ գործի հանձնման մասին նման որոշումը, դիմումի համաձայն, ենթակա է վերանայման իշխանության իրավասու մարմնի կողմից:

11.4 Անչափահասների գործերի քննության ժամանակ դիսկրեցիոն բնույթի աջակցություն ապահովելու նպատակով, համայնքների շրջանակներում անհրաժեշտ է նախատեսել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ժամանակավոր հսկողության ու ղեկավարման իրագործումը, տուժողների իրավունքների վերականգնումը և փոխհատուցումը:

 

Մեկնաբանություն

Գործի կարճումը, այդ թվում քրեական դատավարությունից գործը հանելը և հաճախ դրա հանձնումը համայնքների օժանդակ ծառայություններին, իրավական շատ համակարգերում սովորաբար գործածվում է պաշտոնական և ոչ պաշտոնական հիմունքներով: Այդ փորձը թույլատրում է սահմանափակել անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու գործողությունների բացասական հետևանքները (օրինակ դատվածության ու դատավճռի խարանը): Շատ դեպքերում լավագույն արդյունքներ է տալիս իշխանության իրավասու մարմինների կողմից չմիջամտելը: Այսպիսով, լավագույն արդյունք կարող է տալ գործի կարճումը ամենասկզբում, առանց այն այլընտրանքային (սոցիալական) մարմիններին փոխանցելու: Դա հատկապես վերաբերում է ոչ լուրջ խախտումների հետ կապված գործերին, երբ ընտանիքը, դպրոցը և ոչ պաշտոնական սոցիալական վերահսկողություն իրականացնող այլ ինստիտուտներ ձեռնարկել են կամ մտադիր են ձեռնարկել ներգործության կոնստրուկտիվ պատշաճ միջոցներ:

Ինչպես նշվում է 11.2 կանոնում, գործերի կարճումը կարող է իրականացվել ոստիկանության, դատախազության կամ այլ մարմինների, օրինակ, դատարանների, տրիբունալների, խորհուրդների, հանձնաժողովների կողմից` վճիռ ընդունելու ցանկացած փուլում: Այն կարող է իրագործվել իշխանության մեկ, մի քանի կամ բոլոր մարմինների կողմից` համապատասխան համակարգերի քաղաքականությանը և սույն կանոններին համապատասխան: Գործերի կարճումը չպետք է սահմանափակվի միայն մանր գործերով, ուստի այն կարող է կարևոր միջոց հանդիսանալ:

11.3 կանոնում ընդգծվում է երաշխավորված ձևով գործը կարճելու համար` խախտում կատարող անչափահասի (կամ նրա ծնողների կամ խնամակալի) պարտադիր համաձայնության կարևոր նշանակությունը (առանց այդպիսի համաձայնության համայնքների ծառայություններին հանձնելու նպատակով գործի կարճումը կհակասի Հարկադիր աշխատանքի վերացման կոնվենցիային (70)): Սակայն այդպիսի համաձայնությունը չպետք է ընդունվի որպես անվիճարկելի, քանի որ այն երբեմն կարող է անչափահասի կողմից տրվել հուսահատ վիճակում: Կանոնում ընդգծվում է, որ պետք է նվազագույնի հասցնել ստիպողականությունն ու ահաբեկումը գործի կարճման բոլոր մակարդակներում: Անչափահասները չպետք է զգան, որ նրանց նկատմամբ գործադրվում է ճնշում (օրինակ դատական քննությունից խուսափելու համար), կամ ճնշման ենթարկվեն այս կամ այն ձևով գործերը կարճելու համաձայնություն ստանալու նպատակով: Այդ նպատակով առաջարկվում է «դիմումի հիման վրա` իշխանության իրավասու մարմնի» (այդ «իրավասու մարմինը» կարող է տարբեր լինել 14-րդ կանոնում նշվածներից) կողմից երիտասարդ օրինախախտների նկատմամբ կայացրած վճիռների տեղին լինելու օբյեկտիվ գնահատման կանոններ մշակել:

11.4 կանոնում դրույթ է հանձնարարվում, որն իր մեջ պարունակում է անչափահասների վերաբերյալ արդյունավետ այլընտրանքային արդարադատության իրականացում, գործը կարճելով համայնքներին հանձնելու ձևով: Հատկապես հանձնարարվում են ծրագրեր, որոնցում նախատեսվում է տուժողների իրավունքները վերականգնելու և ժամանակավոր հսկողության ու ղեկավարման միջոցով հետագայում օրենքի խախտումները բացառելու միջոցների ձեռնարկում: Հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները` գործի կարճումը տեղին կլիներ անգամ լուրջ իրավախախտումների դեպքում (օրինակ` առաջին իրավախախտում, ճնշում գործադրելու հետևանքով արարք և այլն):

 

12. Ոստիկանության մասնագիտացումը

12.1 Իրենց պարտականությունները լավագույն ձևով կատարելու համար ոստիկանության ծառայողները, որոնք հաճախակի կամ բացառապես զբաղվում են անչափահասների հանցագործությունների կանխումով կամ հիմնականում զբաղվում են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմամբ, պետք է հատուկ հրահանգավորվեն և նախապատրաստվեն : Այդ նպատակով խոշոր քաղաքներում պետք է ստեղծվեն ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ:

 

Մեկնաբանություն

12-րդ կանոնում ուշադրություն է դարձվում արդարադատության համակարգի հետ առաջին շփման ընթացքում անչափահասների նկատմամբ արդարադատության իրագործմանը մասնակցող բոլոր իրավապահ պաշտոնյաների հատուկ պատրաստվածությանը: Ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ իրագործումը լինի որակյալ և պատշաճ: Թեպետ ուրբանիզացիայի և հանցագործության միջև եղած կապը անկասկած բարդ է, անչափահասների հանցագործությունների աճը, անշուշտ, կապվում է խոշոր քաղաքների, մասնավորապես նրանց արագ և չպլանավորված աճի հետ: Այդ պատճառով ոստիկանական մասնագիտացված ստորաբաժանումներն անհրաժեշտ են ոչ միայն սույն փաստաթղթերում շարադրված կոնկրետ սկզբունքների պահպանումը ապահովելու համար (օրինակ` 1.6 կանոնը), այլև անչափահասների կատարած հանցագործությունների արդյունավետ կանխումը և պայքարը դրանց դեմ ավելի ընդհանուր պլանով ապահովելու, ինչպես նաև անչափահաս իրավախախտների նկատմամբ վարվելաձևը բարելավելու համար:

 

13. Կալանքի տակ պահելը մինչև դատը

13.1 Մինչև դատը կալանքի տակ պահելը կիրառվում է միայն որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակաընթացքի համար:

13.2 Մինչև դատը կալանքի տակ պահելը հնարավորին չափ փոխարինվում է այլընտրանքային միջոցներով, ինչպես մշտական հսկողությունը, դաստիարակչական ակտիվ աշխատանքը կամ ընտանիքում, դաստիարակչական հաստատությունում կամ ուղղիչ տանը տեղավորելը:

13.3 Մինչև դատը կալանքի տակ պահվող անչափահասը օգտվում է ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների (67) բոլոր իրավունքներից և երաշխիքներից:

13.4 Մինչև դատը կալանքի տակ պահվող անչափահասները պետք է պահվեն մեծահասակներից առանձին, ինչպես նաև հատուկ հիմնարկներում կամ հիմնարկների հատուկ բաժանմունքներում, որտեղ պահվում են նաև մեծահասակները:

13.5. Կալանքի տակ գտնվելու ժամանակաշրջանում պետք է ապահովել անչափահասների խնամքը, պաշտպանությունը, անհրաժեշտ անհատական սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական օգնությունը, ինչպես նաև կրթության, պրոֆեսիոնալ պատրաստության ասպարեզներում օգնությունը, որոնք կարող են պահանջվել տարիքը, սեռը և անձը նկատի առնելով:

 

Մեկնաբանություն

Չի կարելի թերագնահատել «քրեական ազդեցության» վտանգավորությունը մինչև դատը կալանքի տակ վերցված անչափահասների վրա: Դրա համար ընդգծվում է այլընտրանքային միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ 13.1 կանոնում խրախուսվում է նոր և նորարարական միջոցների մշակումը, որպեսզի, անչափահասների բարեկեցության շահերից ելնելով, հնարավոր լինի մինչև դատը կալանավորելուց խուսափել:

Մինչև դատը կալանավորված անչափահասները պետք է օգտվեն Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններով, նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով նախատեսված բոլոր իրավունքներից ու երաշխիքներից, մասնավորապես 9-րդ հոդվածում և 2 գ կետում, 3-րդ հոդվածի թ կետում նշվածներից:

13.4 Կանոնը չի խանգարում պետություններին` մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունների դեմ այլ միջոցներ կիրառել, որոնք առնվազն նույնքան արդյունավետ են, որքան տվյալ կանոնում հիշատակված միջոցները:

Օգնության տարբեր տեսակները, որոնք կարող են օգտագործվել, թվարկված են այնքանով, որպեսզի լայն շրջանակների ուշադրությունը դարձնեն կալանքի տակ պահվող երիտասարդ մարդկանց առանձնահատուկ պահանջներին (օրինակ` պատանիների կամ աղջիկների պահանջմունքները, որոնք թմրամոլներ, հարբեցողներ, մտավոր հիվանդներ, բանտարկելու կապակցությամբ հոգեբանորեն վնասվածներ են և այլն):

Կալանքի տակ գտնվող երիտասարդ մարդկանց զանազան ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները կարող են հիմք ծառայել միջոցների դասակարգման համար, որոնց հիման վրա որոշ երիտասարդներ մինչև դատը կալանքի տակ պահվում են առանձին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նրանց վնաս պատճառելուց և առավել հաջողությամբ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Հանցագործությունները կանխելու և իրավախախտների նկատմամբ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսը Անչափահասների նկատմամբ արդարադատության ստանդարտի մասին իր 4-րդ բանաձևում ցույց է տվել, որ կանոնը մասնավորապես պետք է արտացոլի հիմնական սկզբունքը, մինչև դատը կալանքի տակ պահելը պետք է օգտագործվի միայն որպես ծայրահեղ միջոց, որ անչափահաս իրավախախտներին չի կարելի պահել հաստատություններում, որտեղ նրանք բանտարկված մեծահասակների կողմից կարող են ենթարկվել բացասական ազդեցությունների և որ մշտապես պետք է հաշվի առնել նրանց զարգացման մակարդակին բնորոշ պահանջմունքները:

 

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ: ԴԱՏԱԿԱՆ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Դատական վճռի կայացման համար իրավասու իշխանության մարմինը

14.1 Եթե անչափահաս իրավախախտների գործը չի կարճվել (համաձայն 11 կանոնի), աղջկա կամ տղայի գործով, արդար և անաչառ դատի սկզբունքներին համապատասխան, զբաղվում է իշխանության իրավասու մարմինը (դատարանը, տրիբունալը, խորհուրդը, հանձնաժողովը և այլն):

14.2 Դատական քննությունը պետք է պատասխանի անչափահասի շահերին և իրագործվի ըմբռնողության մթնոլորտում, որն անչափահասին հնարավորություն կտա մասնակցելու դատաքննությանը և այնտեղ ազատ շարադրելու իր տեսակետները:

 

Մեկնաբանություն

Դժվար է տալ իրավասու մարմնի կամ անձի այնպիսի բնորոշում, որում համակողմանիորեն նկարագրվի դատավճիռ կայացնող իշխանության մարմինը: Իշխանության իրավասու մարմնի տակ հասկացվում են նաև այն անձինք, որոնք ղեկավարում են դատարանը կամ տրիբունալը (մեկ դատավոր կամ մի քանի անդամներ), ներառյալ պրոֆեսիոնալ և իրավաբան չհանդիսացող դատավորները, նաև վարչական հանձնաժողովները (օրինակ շոտլանդական և սկանդինավյան համակարգերում) կամ ուրիշ` համայնքների մարմինները, ավելի պակաս պաշտոնական և դատական բնույթի հաստատությունները, որոնք զբաղվում են կոնֆլիկտների լուծմամբ:

Անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևը ցանկացած դեպքում պետք է հետևի նվազագույն ստանդարտներին, որոնք կիրառվում են համարյա բոլոր մեղադրվողների նկատմամբ անխտիր` որպես «պատշաճ օրինական ընթացակարգ» ձևակերպմամբ հայտնի ընթացակարգին համապատասխան:

Պատշաճ ընթացակարգին համապատասխան` «արդարացի և անաչառ դատ» հասկացությունը ներառում է այնպիսի հիմնական երաշխիքներ, ինչպես անմեղության կանխավարկածը, ապացույցներ ներկայացնելը և ուսումնասիրելը, իրավական համընդհանուր պաշտպանությունը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, գործի քննության ժամանակ վերջին խոսքի իրավունքը, բողոքարկելու իրավունքը և այլն (տես նաև 7.1 կանոնը):

 

15. Դատապաշտպանը, ծնողները և խնամակալը

15.1 Դատաքննության ամբողջ ընթացքում անչափահասն իրավունք ունի ներկայացվելու իր դատապաշտպանի կողմից կամ դիմելու իրավական անվճար օգնության, եթե այդպիսի օգնության տրամադրումը նախատեսված է տվյալ երկրի օրենսդրությամբ:

15.2 Ծնողները կամ խնամակալը իրավունք ունեն մասնակցելու դատաքննությանը, և անչափահասների շահերից ելնելով իշխանության իրավասու մարմինը կարող է պահանջել նրանց մասնակցությունը: Սակայն իշխանության իրավասու մարմինը կարող է մերժել նրանց մասնակցությունը, եթե կան հիմքեր ենթադրելու, որ դա անհրաժեշտ է անչափահասի շահերի համար:

 

Մեկնաբանություն

15.1 կանոնում օգտագործվում է Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների 93 կանոնին նմանօրինակ տերմինաբանություն: Եթե դատապաշտպանի մասին դրույթը և ձրի իրավական օգնությունը անհրաժեշտ է անչափահասին իրավական օգնությամբ ապահովելու համար, ուրեմն ծնողների կամ խնամակալի մասնակցությունը, ինչպես նշված է 15.2 կանոնում, պետք է դիտել որպես ընդհանուր հոգեբանական, զգացմունքային աջակցություն անչափահասին, ինչպես ֆունկցիա, որը պետք է կատարվի քննության ամբողջ ընթացքում:

Իշխանության իրավասու մարմինների համար, որոնք ջանում են պատշաճ կերպով քննել գործը օգտակար կլիներ, մասնավորապես, անչափահասի իրավաբանական ներկայացուցիչների (կամ որևէ ուրիշ օգնականի, որին անչափահասը կարող է հավատալ և իրոք հավատում է) հետ համագործակցելը: Այս դրույթն իր նշանակությունը կարող է կորցնել այն դեպքում, եթե ծնողների կամ խնամակալի ներկայությունը բացասաբար է ազդում գործի քննությանը, օրինակ, եթե նրանք անչափահասի նկատմամբ ցուցաբերում են թշնամական վերաբերմունք, դրա համար պետք է նախատեսել այդպիսի մասնակցությունը մերժելու հնարավորություն:

 

---------------------------------------

հեղինակների կողմից- 16-30 կետերը տես հաջորդ մասում

 

 

pin
ՄԱԿ
29.11.1985
N 40/33
Միջազգային պայմանագիր