Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿ ...

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(«ՊԵԿԻՆՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»)

(15-30 կետեր)

 

16. Սոցիալական հետազոտության արդյունքների մասին զեկույցներ

16.1 Բոլոր դեպքերում, մանր իրավախախտումների բացառությամբ, իշխանության հեղինակավոր մարմնի կողմից վճռին նախորդող վերջնական որոշում կայացնելուց առաջ, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել անչափահասի շրջապատն ու պայմանները կամ կատարած իրավախախտման հանգամանքները, այն հաշվով, որ դա նպաստի գործի կապակցությամբ բանական դատավճռի կայացմանը իրավասու մարմնի կողմից:

 

Մեկնաբանություն

Սոցիալական ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցները (մինչ դատավճռի կայացումը` սոցիալական եզրակացություն կամ զեկույցներ) մեծ մասամբ անփոխարինելի օգնություն են անչափահասների գործերի դատաքննության ժամանակ: Հեղինակավոր մարմինները պետք է իմանան անչափահասներին վերաբերող համապատասխան փաստերի մասին, օրինակ, անչափահասի սոցիալական և ընտանեկան շրջապատի, դպրոցում նրա ուսման, դաստիարակության մասին և այլն: Այդ նպատակով մի քանի դատական համակարգերում օգտագործում են հատուկ սոցիալական ծառայություններ կամ դատարանների, հանձնաժողովների համար այդ պարտականությունները կատարող աշխատակիցներ: Այդ պարտականությունները կարող են կատարվել այլ աշխատակիցների, այդ թվում պրոբացիոն (հետազոտական) համակարգի պաշտոնական անձանց կողմից: Ուստի տվյալ կանոնում ցույց է տրվում համապատասխան սոցիալական ծառայությունների անհրաժեշտությունը սոցիալական հետազոտման մասին որակյալ զեկույցներ պատրաստելու համար:

 

17. Դատավճռի կայացման ղեկավար սկզբունքները և ներգործության միջոցների

ընտրությունը

17.1 Ներգործության միջոցների ընտրության ժամանակ իրավասու մարմինը պետք է ղեկավարվի հետևյալ սկզբունքներով.

ա) ներգործության միջոցները միշտ պետք է համարժեք լինեն ոչ միայն իրավախախտման հանգամանքներին և ծանրությանը, այլև անչափահասի դրությանը և պահանջներին, ինչպես նաև հասարակության պահանջներին.

բ) անչափահասի անձնական ազատության սահմանափակման մասին որոշումը պետք է ընդունվի միայն հարցի մանրազնին քննարկումից հետո, և սահմանափակումը հնարավորության սահմաններում պետք է հասցնել նվազագույնի.

գ) անչափահաս իրավախախտին պետք չէ ազատազրկել, եթե միայն նա մեղավոր չի ճանաչվում այլ անձի դեմ բռնությամբ լուրջ արարք գործելու կամ բազմաթիվ լուրջ իրավախախտումներ կատարելու մեջ, ինչպես նաև ներգործության ուրիշ համապատասխան միջոցի բացակայության դեպքում.

դ) անչափահասի գործի քննության ժամանակ նրա բարեհաջողության հարցը պետք է որոշիչ գործոն լինի:

17.2 Անչափահասի կատարած ոչ մի հանցագործության համար մահապատիժ չի կայացվում:

17.3 Անչափահասները չեն ենթարկվում մարմնական պատիժների:

17.4 Իշխանության իրավասու մարմինը պետք է իրավունք ունենա ցանկացած ժամանակ դադարեցնելու դատաքննությունը:

 

Մեկնաբանություն

Երիտասարդների նկատմամբ դատավճիռ կայացնելու համար ղեկավար սկզբունքների մշակման գլխավոր դժվարությունը բխում է փիլիսոփայական բնույթի անլուծելի հակասություններից.

ա) վերադաստիարակության և արարքի համար փոխհատուցման միջև

բ) օգնության և կանխելու ու պատժելու միջև

գ) կոնկրետ գործի բացառիկ հանգամանքներից ելնող ներգործության միջոցի և հասարակության շահերի պաշտպանության համար ամբողջությամբ ներգործության միջոցի միջև

դ) ընդհանուր կանխարգելման և անհատական պատժի միջև:

Այս մոտեցումների միջև հակասությունը անչափահասների նկատմամբ դրսևորվում է ավելի հստակորեն, քան մեծահասակների: Անչափահասների գործերի ավելի յուրահատուկ պատճառների և հետևանքների գոյությամբ պայմանավորված այդ այլընտրանքների միջև բարդ փոխենթարկվածություն է առաջանում:

Անչափահասների վերաբերյալ արդարադատություն իրականացնելու նվազագույն ստանդարտ կանոնները ոչ թե ինչ-որ մոտեցումների կիրառում են պարտադրում, այլ, ավելի շուտ, նշում են միջազգային ընդունված սկզբունքների ամենաբարձր մակարդակին համապատասխանող մոտեցում: Դրա համար 17.1 կանոնում շարադրված հիմնական դրույթները, մասնավորապես ա) և դ) ենթակետերում, գլխավորապես պետք է ընդունել որպես ղեկավարման գործնական սկզբունքներ, որոնք պետք է որպես ընդհանուր մեկնակետ օգտագործվեն, հաշվի առնվելով համապատասխան մարմինների կողմից (տես նաև 5-րդ կանոնը): Նրանք նշանակալից չափով կաջակցեն անչափահաս իրավախախտների հիմնական իրավունքների պաշտպանությունը, հատկապես անձնական և կրթության զարգացման հիմնարար իրավունքներին:

17.1 կանոնի բ) ենթակետում նշվում է, որ զուտ պատժիչ բնույթի մոտեցումն անընդունելի է: Եթե այդպիսի պատժող սանկցիաները կարող են դիտվել ինչ-որ չափով հիմնավորված մեծահասակների գործերում, հնարավոր է` նաև անչափահասների կողմից լուրջ իրավախախտումների դեպքերում, ապա անչափահասների գործերում ապագա երիտասարդների բարեկեցության ապահովումը պետք է գերակշռի նման միտումներին:

ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսի 8-րդ բանաձևին (63) համապատասխանելով 17.1 կանոնի բ) ենթակետը աջակցում է այլընտրանքային վճռի առավելագույն կիրառմանը, հաշվի առնելով երիտասարդության կոնկրետ պահանջմունքները բավարարելու անհրաժեշտությունը: Ուստի պետք է լիովին օգտագործել այլընտրանքային միջոցների ամբողջ գործող դիապազոնը և մշակել այլընտրանքային նոր միջոցներ, հաշվի առնելով հասարակության անվտանգության պահանջները: Առավելագույն ծավալով պետք է կիրառվի պրոբացիայի համակարգը, պայմանական վճիռների կայացման` դրանց իրականացման հետաձգման, խորհուրդների որոշումների և այլ տեսակի որոշումների միջոցով:

6-րդ Կոնգրեսի 4-րդ բանաձևի (63) ղեկավարման սկզբունքներից մեկին համապատասխանելով, 17.1 կանոնի գ) ենթակետը ուղղված է անչափահասներին բանտում կալանավորելուց խուսափելուն, բացառությամբ, երբ չկան համապատասխան այլ միջոցներ` հասարակության անվտանգությունն ապահովելու համար:

17.2 կանոնի մահապատժի արգելման դրույթը համապատասխանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-7 հոդվածին: Մարմնական պատժի արգելման դրույթը համապատասխանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածին և Խոշտանգումներից ու դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվելաձևից (71) և այլ պատժամիջոցներից բոլոր անձանց պաշտպանելու մասին հռչակագրին (72) և Երեխայի իրավունքների կոնվենցիայի նախագծին (68):

Ցանկացած ժամանակ դատաքննությունը դադարեցնելու իրավունքը (17.4 կանոն) տարբերիչ հատկանիշ է անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևի հատուկ պրակտիկայում` ի տարբերություն մեծահասակների: Ցանկացած ժամանակ իշխանության իրավասու մարմնին կարող են հայտնի դառնալ հանգամանքներ, որոնք կթույլատրեն գործի կապակցությամբ լավագույն վճիռը համարել միջամտության լրիվ ընդհատումը:

 

18. Ներգործության զանազան միջոցառումներ

18.1 Առավել ճկունություն ապահովելու և ուղղիչ հիմնարկներում կալանավորումից հնարավորին չափ խուսափելու նպատակով, իշխանության իրավասու մարմինը, գործի որոշման ժամանակ, իր տրամադրության տակ պետք է ներգործության համալիր միջոցառումներ ունենա: Այդպիսի միջոցառումները, որոնք կարող են իրականացվել իրար հետ զուգակցելով, հանդիսանում են.

ա) խնամակալության մասին որոշումը, ղեկավարումը և հսկողությունը

բ) պրոբացիան

գ) ի բարօրություն համայնքի աշխատանքի մասին որոշումը

դ) դրամական պատիժը, փոխհատուցումը և իրավունքների ռեստիտուցիան

ե) միջանկյալ և այլ կարգի միջոցառումների մասին որոշումը

զ) խմբակային հոգեբուժությունը և նմանատիպ այլ միջոցառումների մասնակցության մասին որոշումը

է) դաստիարակության հանձնելու, ապրելավայրի կամ այլ դաստիարակչական միջոցների վերաբերյալ որոշումը

ը) համապատասխան այլ որոշումները:

18.2 Ոչ մի անչափահաս չի կարող, մասնակիորեն կամ լրիվ, հանվել ծնողների հսկողությունից, եթե դա չի արդարացվում նրա գործի հանգամանքներով:

 

Մեկնաբանություն

18.2 կանոնում փորձ է արվում թվարկել ներգործության մի քանի կարևոր միջոցներ և սանկցիաներ, որոնք հաջողությամբ կիրառվում են զանազան իրավական համակարգերում: Ընդհանրապես դրանք հեռանկարային են և արժանի են կիրառման ու հետագա զարգացման: Այդ կանոնում անձնակազմի վերաբերյալ պահանջներ չեն նշվում, քանի որ որոշ տարածաշրջաններում կարող է համապատասխան անձնակազմ չլինել: Այդ տարածաշրջաններում կարելի է մշակել և կիրառել միջոցառումներ, որոնց իրականացման համար քիչ անձնակազմ է պահանջվում:

18.1 կանոնում նշված օրինակների համար ընդհանուր է համարվում համայնքների վրա հետևյալը, որպես այլընտրանքային որոշումների արդյունավետ իրականացման գործիք: Համայնքների ներգրավումը վերադաստիարակման ավանդական միջոց է, որն իր մեջ ներառում է շատ ասպեկտներ: Համապատասխան իշխանությունները պետք է խրախուսեն իրենց ծառայությունը տրամադրող համայնքներին:

18.2 կանոնում նշվում է ընտանիքի կարևոր դերը, որը Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10.1 հոդվածի համապատասխան համարվում է «հասարակության բնական և հիմնական բջիջը»: Ընտանիքի շրջանակներում ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են ապահովել իրենց երեխաների նկատմամբ խնամքը և հսկողությունը: 18.2 կանոնի համաձայն երեխաների բաժանումը ծնողներից համարվում է ծայրահեղ միջոց: Դրան կարելի է դիմել միայն այն դեպքերում, երբ գործի փաստերն արդարացնում են այդ լուրջ քայլը (օրինակ երեխաների հետ դաժան վարվելաձևը):

 

19. Ուղղիչ հիմնարկներում կալանք նախատեսող նվազագույն միջոցների

օգտագործումը

19.1 Անչափահասին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված:

 

Մեկնաբանություն

Առաջադեմ քրեագիտությունը հանդես է գալիս այնպիսի միջոցների օգտագործման գերադասելիության օգտին, որոնք չեն նախատեսում ուղղիչ հիմնարկներում ներփակումը: Հաստատված է, որ ուղղիչ հիմնարկներում ներփակելու միջոցով ձեռք բերված արդյունքները, լավագույն դեպքում, աննշան են այդ միջոցառման չկիրառման արդյունքների համեմատությամբ: Անհատականության համար բազմաթիվ աննպաստ հետևանքները անխուսափելի են ուղղիչ հիմնարկներում ներփակելու ցանկացած դեպքի համար և միանգամայն տեսանելի է, որ դրանք չեն փոխհատուցվում ուղղիչ աշխատանքով: Սա հատկապես արդարացի է անչափահասների նկատմամբ, որոնք ենթակա են բացասական ազդեցությունների: Բացի դրանից, ոչ միայն ազատազրկման, այլև հասարակությունից մեկուսացնելու հետ կապված բացասական հետևանքները անչափահասի վրա ազդում են ավելի շատ, քան մեծահասակի, քանի որ դրանց անչափահասները առնչվում են զարգացման սկզբնական շրջանում:

19-րդ կանոնի նպատակը ուղղիչ հիմնարկներում պահելը երկու առումով սահմանափակելն է քանակական («ծայրահեղ միջոց») և ժամանակավոր (»նվազագույն ժամկետում»): 19-րդ կանոնում արտացոլված է ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսի բանաձևի ղեկավարման սկզբունքներից մեկը. անչափահաս իրավախախտը չպետք է փակվի բանտում, բացառությամբ այն դեպքերի, երբ չկան համապատասխան այլ միջոցներ: Դրա համար տվյալ կանոնում պարունակվում են կոչեր, որ եթե անչափահասը պետք է պահվի ուղղիչ հիմնարկում, ազատազրկումը պետք է սահմանափակվի նվազագույն անհրաժեշտ ժամկետով, իրականացվի անչափահասին պահելու հատուկ կազմակերպչական միջոցառումների առկայությամբ, հաշվի առնվեն իրավախախտների, իրավախախտման և հիմնարկների զանազան տիպերը: Փաստորեն նախապատվությունը «փակերից» առաջ պետք է տրվի «բաց» հիմնարկներին: Բոլոր հիմնարկները պետք է լինեն ոչ թե բանտային, այլ ուղղիչ կամ ուսուցողական տիպի:

 

20. Անհարկի ձգձգումների բացառումը

20.1 Անչափահասի ցանկացած գործ սկզբից ևեթ պետք է վարել արագ, թույլ չտալով անհարկի ձգձգումներ:

 

Մեկնաբանություն

Անչափահասների գործերի պաշտոնական դատավարության արագ իրականացումը առաջնահերթ խնդիր է: Հակառակ դեպքում կարող է սպառնալիքի տակ հայտնվել այն ողջ դրականը, ինչին կարելի է հասնել դատաքննության և վճռի կայացման ընթացքում: Անչափահասին ժամանակի ընթացքում ավելի դժվար, երբեմն էլ անհնար կլինի տրամաբանորեն և հոգեբանորեն կապակցել դատաքննության ընթացակարգը և վճռի կայացումը հենց իրավախախտման հետ:

 

21. Արձանագրությունները

21.1 Անչափահաս իրավախախտների գործերի նյութերը պետք է պահպանվեն խիստ գաղտնի և չփոխանցվեն երրորդ անձի: Այդպիսի նյութերին առնչվող անձանց շրջանակը պետք է սահմանափակվի տվյալ գործի քննությամբ անմիջապես զբաղվող կամ այլ` համապատասխան լիազորություններ ունեցող ատյանով:

21.2 Անչափահաս իրավախախտների գործերի նյութերը չպետք է օգտագործվեն մեծահասակ իրավախախտների գործերի` նույն իրավախախտի հետ կապված դեպքերի հետագա քննարկման ընթացքում:

 

Մեկնաբանություն

Այս կանոնում փորձ է արվում արձանագրությունների կամ գործերի նյութերի կապակցությամբ հավասարակշռություն սահմանել ընդհարվող շահերի միջև, հատկապես դատախազության, ոստիկանական և այլ մարմինների հսկողական պարտականությունների կատարման կատարելագործմանը նպատակաուղղված շահերի և անչափահաս իրավախախտի շահերի միջև (տես նաև 8 կանոնը):

«Համապատասխան լիազորություններ ունեցող այլ անձինք» արտահայտությունը սովորաբար այլ անձանց շարքում ենթադրում է նաև հետաքննիչներին:

 

22. Պրոֆեսիոնալիզմի և պատրաստվածության անհրաժեշտությունը

22.1 Անչափահասների գործերով զբաղվող ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ հեղինակության ապահովման և պահպանման համար պետք է օգտագործել պրոֆեսիոնալ պատրաստությունը, աշխատանքի ընթացքում ուսուցումը, վերապատրաստման դասընթացները և կրթության այլ համապատասխան տեսակները:

22.2 Անչափահասների գործերով զբաղվող արդարադատության մարմինների անձնակազմը պետք է կազմվի անչափահասների գործերով զբաղվող արդարադատության համակարգին առնչվող անձանցից, անչափահասների տարբեր կարգերը նկատի առնելով: Անհրաժեշտ է ջանքեր ներդնել անչափահասների գործերով զբաղվող արդարադատության մարմիններում կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցչություն ապահովելու համար:

 

Մեկնաբանություն

Անձինք, որոնց իրավասության մեջ մտնում է անչափահասների վերաբերյալ որոշում կայացնելը, կարող են ունենալ ամենատարբեր որակավորում (մագիստրոսներ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և ընդհանուր իրավունքի համակարգի ազդեցության ոլորտում գտնվող տարածաշրջաններում, իրավաբանական կրթություն ունեցող դատավորներ` հռոմեական իրավունքը օգտագործող երկրներում և այն տարածաշրջաններում, որոնց վրա տարածվում է դրանց ազդեցությունը, այլ երկրներում` ընտրովի կամ նշանակված անձեր, որոնք կարող են լինել ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ կամ իրավաբաններ, համայնքային խորհուրդների անդամներ և այլն): Դրանք բոլորը իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, քրեաբանության վարքի մասին գիտելիքների ասպարեզներում պետք է գոնե նվազագույն պատրաստություն ունենան: Այդ պահանջը ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան կազմակերպական մասնագիտացումը և իշխանության իրավասու մարմնի անկախությունը:

Դժվար թե հնարավոր լինի սոցիալական հատվածի աշխատողներից և պրոբացիոն համակարգի պաշտոնյաներից պրոֆեսիոնալ մասնագիտացում պահանջել, որպես անչափահաս իրավախախտների վերաբերյալ ցանկացած պարտականություններ հանձնառելու համար նախնական պայման: Այդ պատճառով նրանց աշխատանքի ընթացքում մասնագիտական հրահանգավորումը հանդիսանում է նվազագույն անհրաժեշտ մասնագիտացում:

Պրոֆեսիոնալ որակավորումն անչափահասների վերաբերյալ անաչառ և արդյունավետ արդարադատության իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ տարր է: Դրա համար անհրաժեշտ է բարելավել անձնակազմի ընտրությունը, վերապատրաստումը և պրոֆեսիոնալ պատրաստությունը, ապահովել անձնակազմին անհրաժեշտ պայմաններով, որոնք կթույլատրեն համապատասխան կերպով կատարել իրենց պարտականությունները: Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու ժամանակ անաչառության հասնելու նպատակով պետք է խուսափել քաղաքական, սոցիալական, սեռական, ռասայական, կրոնական, մշակութային կամ ցանկացած ուրիշ հիմքով անչափահասների գործերով արդարադատության համակարգի ընտրության, անձնակազմի նշանակման և առաջխաղացման գործում ցանկացած խտրականությունից: Այդպիսին էր 6-րդ Կոնգրեսի հանձնարարությունը: 6-րդ Կոնգրեսը անդամ պետություններին կոչ արեց քրեական արդարադատության համակարգում ապահովել կին աշխատակիցների արդարացի և իրավահավասար դիրքը ու երաշխավորեց հատուկ միջոցներ ընդունել անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգում կին աշխատակիցների ընտրությանը, պատրաստությանը, առաջխաղացմանը աջակցելու համար:

 

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ: ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԸ

 

23. Որոշման արդյունավետ կատարումը

23.1 Անհրաժեշտ է համապատասխան դրույթներ նախատեսել 14.1 կանոնում նշված իրավասու մարմնի որոշումը ըստ հանգամանքների, նույն այդ կամ մեկ այլ մարմնի կողմից իրագործելու մասին:

23.2 Այդպիսի դրույթները իրավասու մարմնին պետք է իրավունք վերապահեն պարբերաբար, անհրաժեշտության չափով փոփոխություններ մտցնելու որոշման մեջ, պայմանով, որ դրանք համապատասխանեն կանոններում ամփոփված սկզբունքներին:

 

Մեկնաբանություն

Անչափահասների գործով որոշումը կարող է անչափահասի կյանքի վրա ազդել ավելի երկար ժամանակաընթացքում, քան մեծահասակների: Ուստի կարևոր է իշխանության ղեկավար մարմնի կամ անկախ մարմնի (երաշխավորության գործերով հանձնաժողով, փորձարարական ծառայության համակարգ, երիտասարդության սոցիալական ապահովության հիմնարկներ) կողմից որոշման կատարման հսկողությունը, որի լիազորությունները գործով սկզբնական որոշում ընդունած իրավասու մարմնի լիազորություններին համապատասխան են: Այդ նպատակով մի քանի երկրներում հիմնված է juge de L' execution des peines պաշտոնը:

Իշխանության այդ մարմնի լիազորություններն ու պարտականությունները պետք է կրեն ճկուն բնույթ. 23-րդ կանոնում տրված է դրանց ընդհանուր նկարագրությունը, լայն ընդունելություն ապահովելու նպատակով:

 

24. Անհրաժեշտ օգնության տրամադրումը

24.1 Պետք է ջանքեր գործադրել դատավարության բոլոր փուլերում անչափահասներին բնակության, կրթության կամ պրոֆեսիոնալ պատրաստություն ստանալու, աշխատանքի տեղավորելու և այդ տեսակի անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար, որն օգտակար և գործուն կլինի դաստիարակության ընթացքին նպաստելու գործում:

 

Մեկնաբանություն

Անչափահասների բարեկեցությանն աջակցելն ունի առաջնային նշանակություն: Դրա համար 24-րդ կանոնում ընդգծվում է անչափահասների դաստիարակության ողջ գործընթացում անչափահասների շահերի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ծառայությունների և այլ անհրաժեշտ օգնության հատկացման կարևորությունը:

 

25. Կամավորների և համայնքային այլ ծառայությունների հավաքագրումը

25.1 Պետք է ներգրավել կամավորների, կամավոր կազմակերպությունների, տեղական հիմնարկների, համայնքային այլ ծառայությունների, որպեսզի նրանք իրենց շոշափելի ավանդը մտցնեն անչափահասների վերադաստիարակության գործում` համայնքների և, որքան դա հնարավոր է, ընտանիքի շրջանակներում:

 

Մեկնաբանություն

Այդ կանոնը արտացոլում է անչափահաս իրավախախտների ողջ աշխատանքը` նրանց վերադաստիարակությունը կողմնորոշելու անհրաժեշտությունը: Իշխանության իրավասու մարմինների հրահանգները արդյունավետ կատարելու համար բացառիկ կարևոր նշանակություն ունի համայնքների հետ համագործակցությունը: Մասնավորապես կամավորները և կամավոր կազմակերպությունները ցուցաբերում են չափազանց արժեքավոր ծառայություններ, բայց ներկայումս նրանց հնարավորությունները անբավարար են օգտագործվում: Որոշ դեպքերում զգալի օգնություն կարող են ցուցաբերել նախկին իրավախախտները (այդ թվում նախկին թմրամոլները): 25-րդ կանոնը կառուցվում է 1.1-1.6 կանոններում շարադրված սկզբունքների հիման վրա և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համապատասխան կանոնների նման:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ: ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԸ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

 

26. Իրավախախտների հետ վարվելաձևի նպատակները ուղղիչ հիմնարկներում

26.1 Ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների հետ դաստիարակչական աշխատանքների նպատակը խնամքի, պաշտպանության, կրթության, պրոֆեսիոնալ պատրաստության ապահովումն է, հասարակության մեջ նրանց սոցիալական-օգտակար և արդյունավետ դեր կատարելուն օգնելու համար:

26.2 Ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ:

26.3 Ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է պահվեն մեծահասակներից առանձին, հատուկ ուղղիչ հիմնարկում կամ ուղղիչ հիմնարկի, որտեղ պահվում են նաև մեծահասակները, հատուկ բաժանմունքում:

26.4 Ուղղիչ հիմնարկներում պահվող իրավախախտ երիտասարդ կանանց պետք է հատկացնել հատուկ ուշադրություն, հաշվի առնելով նրանց անձնական կարիքներն ու պրոբլեմները: Նրանք պետք է ապահովվեն նույնպիսի խնամքով, օգնությամբ, պրոֆեսիոնալ պատրաստությամբ, ինչպիսին ապահովվում է երիտասարդ տղամարդ իրավախախտների համար: Նրանց նկատմամբ պետք է ապահովվի արդարացի վարվելաձև:

26.5 Ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների բարեկեցության շահերից ելնելով ծնողները կամ խնամակալները պետք է նրանց այցելելու իրավունք ունենան:

26.6 Անհրաժեշտ է խրախուսել միջնախարարական և միջգերատեսչական համագործակցությունը` ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասներին համապատասխան ակադեմիական կրթություն կամ, հնարավորության դեպքում, արհեստավարժություն ապահովելու նպատակով, որպեսզի ուղղիչ հիմնարկից դուրս գալուց հետո նրանք լիարժեք կրթություն ունենան:

 

Մեկնաբանություն

26.1 և 26.2 կանոններում ձևակերպված, ուղղիչ հիմնարկներում պահվող իրավախախտների հետ վարվելաձևի նպատակները պետք է ընդունելի լինեն ցանկացած համակարգի և մշակույթի համար: Սակայն ամենուրեք չէ, որ նրանք կիրառվում են և այդ կապակցությամբ մեծ աշխատանք է սպասվում: Հատկապես ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն բժշկական և հոգեբանական ուղղիչ հիմնարկներում պահվող թմրամոլ, ագրեսիվ, հոգեկան հիվանդ երիտասարդների համար:

Անհրաժեշտ է խուսափել մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունից և պահպանել անչափահասների բարեհաջողությունը ուղղիչ հիմնարկի պայմաններում, ինչպես նախատեսված է 6-րդ Կոնգրեսի 4-րդ բանաձևում (63) շարադրված հիմնական ղեկավարման սկզբունքներից մեկին համապատասխանող 26.3 կանոնում: Այդ կանոնը չի խանգարում պետություններին ընդունելու այլ միջոցներ մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունների դեմ, որոնք առնվազն նույնքան արդյունավետ են, որքան տվյալ կանոնում նշվածները (տես` նաև 13.4 կանոնը):

26.4 կանոնը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես նշվել է 6-րդ Կոնգրեսում, կին իրավախախտներին հատկացվում է ավելի քիչ ուշադրություն, քան տղամարդ իրավախախտներին: Մասնավորապես 6-րդ Կոնգրեսի 9-րդ բանաձևում (63) կոչ է արվում արդարացի վարվել կին իրավախախտների հետ քրեական արդարադատության իրականացման յուրաքանչյուր փուլում, նաև ազատազրկման ընթացքում հատուկ ուշադրությամբ քննարկել նրանց կոնկրետ պրոբլեմներն ու կարիքները: Դրանք պետք է քննարկվեն նաև 6-րդ Կոնգրեսի Կարակասյան հռչակագրի, որում, մասնավորապես, քրեական արդարադատություն իրականացնելիս հավասարարժեք մոտեցման կոչ է արվում (73), Կանանց հանդեպ խտրականության վերացման հռչակագրի (74) և Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի (75) լույսի ներքո:

Կալանավորներին այցելելու իրավունքը (26.5 կանոն) բխում է 7.1, 10.1, 15.2 և 18.2 կանոնների դրույթներից: Միջնախարարական և միջգերատեսչական համագործակցությունը (26.6 կանոն) հատուկ կարևոր նշանակություն ունի ուղղիչ հիմնարկներում անչափահասների հետ ընդհանուր վարվելաձևի և նրանց պրոֆեսիոնալ ուսուցման որակի բարձրացման համար:

 

27. ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն

ստանդարտ կանոնների կիրառումը

27.1 Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները և համապատասխան հանձնարարականները կիրառելիության սահմաններում օգտագործվում են ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահաս իրավախախտների նկատմամբ, ներառելով ուղղիչ հիմնարկներում դատավճռի սպասելով կալանքի տակ պահվողներին:

27.2 Անհրաժեշտ է ջանքեր ներդնել` անչափահասների տարիքից, սեռից և անձից ելնող բազմազան կարիքները բավարարելու նպատակով առավել ամբողջականորեն կիրառելու Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններում շարադրված համապատասխան սկզբունքները:

 

Մեկնաբանություն

ՄԱԿ-ի կողմից հռչակված` Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները առաջիններից են այդ տեսակի փաստաթղթերի մեջ: Համընդհանուր խոստովանությամբ, նրանց ներգործությունը զգալի է ողջ աշխարհում: Թեև որոշ երկրներում դրանց կիրառությունը մինչև օրս մնում է որպես ցանկություն, այլ ոչ թե փաստ է դառնում, այնուամենայնիվ, ուղղիչ հիմնարկներում այդ կանոնների օգտագործումը շարունակում է մնալ որպես արդարացի և մարդասիրական կարևոր գործոններից մեկը:

Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններում արտացոլված են ուղղիչ հիմնարկներում անչափահաս իրավախախտների հետ հիմնական վարվելաձևերից մի քանիսը (կառույցները և նրանց սարքավորումները, ննջարանային պարագաները, հագուստը, դիմումների և բողոքների քննարկումը, արտաքին աշխարհի հետ շփումները, սնունդը, բժշկական սպասարկումը, կրոնական ծեսերի կատարումը, ըստ տարիքային կատեգորիաների բաժանումը, անձնակազմի նկատմամբ պահանջները, աշխատանքը և այլն), նաև` պատժին, կարգապահությանը, վտանգավոր իրավախախտներին զսպելուն վերաբերող ցանկությունը: Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների փոփոխությունը այն հաշվով, որպեսզի անչափահասների հանդեպ արդարադատության իրականացման վերաբերյալ Նվազագույն ստանդարտ կանոնների գործունեության ոլորտում արտացոլվեին անչափահաս իրավախախտների համար նախատեսված ուղղիչ հաստատություններին միայն բնորոշ հատկանիշները, աննպատակահարմար կլիներ:

27-րդ կանոնում շարադրված են ուղղիչ հաստատություններում գտնվող անչափահասների նկատմամբ անհրաժեշտ պահանջները (27.1 կանոն), ինչպես նաև հաշվի են առնված նրանց տարիքը, սեռը, անձը, զանազան կարիքների բավարարումը (27.2 կանոն): Տրված կանոնի նպատակն ու բովանդակությունը մի շարք առումով համընկնում են Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների համապատասխան դրույթներին:

 

28. Պայմանով ազատման կանոնավոր կիրառումը սկզբնական փուլերում

28.1 Ուղղիչ հիմնարկներից պայմանով ազատումը համապատասխան մարմինների կողմից կիրառվում է հնարավորին չափ լայն ընդգրկումով և հնարավորին չափ վաղ ժամկետում:

28.2 Ուղղիչ հիմնարկներից պայմանով ազատված անչափահասները ստանում են համապատասխան մարմնի օգնությունը, գտնվում են հսկողության տակ և պետք է ստանան համայնքների աջակցությունը:

 

Մեկնաբանություն

Պայմանական ազատման որոշում կայացնելու իրավունքը կարող է տրվել 14.1 կանոնում նշված իշխանության իրավասու մարմնին կամ որևէ այլ մարմնի: Այս դեպքում նպատակահարմար է օգտագործել իշխանության «համապատասխան» , քան թե «իրավասու» բնորոշումը:

Եթե հանգամանքները թույլատրում են, պետք է գերադասությունը տալ պայմանով ազատմանը, չպարտադրելով երիտասարդ իրավախախտին իր ժամկետը լրիվ կրելու: Վերադաստիարակության ընթացքը վկայող ցուցանիշների առկայության դեպքում, նույնիսկ ուղղիչ հիմնարկներում տեղավորվելիս, վտանգավոր խախտում կատարած համարվողները կարող են ազատվել պայմանով: Ինչպես և փորձարկման ժամկետի սահմանումը` պայմանով ազատումը կարող է պայմանավորվել համապատասխան մարմինների կողմից դրված պայմանների կատարումով, օրինակ իրավախախտի «լավ վարքագծի» պայման, համայնքների միջոցառումներին մասնակցության պայման, թուլացրած ռեժիմով ուղղիչ հիմնարկներում բնակության պայման և այլն:

Իրավախախտին ուղղիչ հաստատությունից պայմանով ազատելու դեպքում անհրաժեշտ է օգնություն և վերահսկողություն նախատեսել պրոբացիայի համակարգի կամ մեկ այլ պաշտոնատար անձի (հատկապես այն երկրներում, ուր պրոբացիոն համակարգը չի գործում) կողմից, ինչպես նաև խրախուսել համայնքի կողմից աջակցություն ցուցաբերելը:

 

29. Աշխատանքի միջանկյալ ձևերը

29.1 Պետք է ջանքեր գործադրել աշխատանքի միջանկյալ ձևերի օգտագործման համար, ինչպես թուլացրած ռեժիմով ուղղիչ հիմնարկները, դաստիարակության տները, ցերեկային պատրաստության կանոնները և համանման այլ ձևեր, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ անչափահասների ներգրավմանը:

 

Մեկնաբանություն

Չպետք է թերագնահատել խնամքի կարևորությունը ուղղիչ հիմնարկից ազատվելուց հետո: Տրված կանոնում հատուկ նշվում է միջանկյալ տիպի հիմնարկների ցանցի ստեղծման անհրաժեշտությունը:

Այդ կանոնում ընդգծվում է հասարակություն վերադարձող երիտասարդ իրավախախտների զանազան կարիքներն ապահովող տարբեր հիմնարկների և ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարման համակարգված աջակցության ապահովումը, որպես նրանց` հասարակության կյանքի մեջ վերներգրավման համար կարևոր միջոց:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ: ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

30. Հետազոտումը որպես պլանավորման, մշակման և քաղաքականության գնահատման

հիմք

30.1 Պետք է ջանքեր գործադրել արդյունավետ պլանավորման և քաղաքականության մշակման հիմք հանդիսացող հետազոտական աշխատանքները կազմակերպելու և ընդլայնելու համար:

30.2 Պետք է ջանքեր գործադրել անչափահասների շրջանում կատարվող իրավախախտման և հանցագործության պրոբլեմների և պատճառների, նաև կալանավորման մեջ գտնվող անչափահասների զանազան կոնկրետ կարիքների պարբերական գնահատման և դիտարկման համար:

30.3 Պետք է ջանքեր գործադրել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման շրջանակներում գնահատիչ հետազոտությունների կանոնավոր մեխանիզմի ստեղծման և համապատասխան տվյալների ու տեղեկությունների հավաքման և վերլուծության համար, նպատակ ունենալով պատշաճ գնահատել և առավել բարեփոխել ու կատարելագործել արդարադատության իրականացման մեխանիզմը:

30.4 Անչափահասների նկատմամբ արդարադատություն կիրառելիս ծառայությունների մատուցումը պետք է պլանավորել ու իրականացնել, որպես ազգային զարգացման միջոցառումների անբաժանելի մաս:

 

Մեկնաբանություն

Հետազոտությունների օգտագործումը անչափահասների վերաբերյալ արդարադատության բնագավառի նպատակահարմար քաղաքականության հիմք ստեղծելու համար լայնորեն ընդունվում է որպես գիտական ձեռքբերումների մակարդակին կոնկրետ գործունեության համապատասխանությանը և անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգի մշտապես զարգացմանն ու կատարելագործմանն աջակցող կարևոր մեխանիզմ: Անչափահասների վերաբերյալ արդարադատության բնագավառում քաղաքականության և հետազոտական աշխատանքների միջև փոխադարձ հետադարձ կապը ունի հատուկ կարևոր նշանակություն: Երիտասարդների կյանքի ոճի, նաև անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների ձևերի ու չափերի արագ և հաճախ արմատական փոփոխությունների պայմաններում, հասարակության և արդարադատության հակազդեցությունը իրավախախտումներին և հանցագործություններին` արագորեն դառնում է հնացած ու անհամապատասխան:

Այդ նպատակով 30-րդ կանոնում մատնանշված են այն ստանդարտները, որոնց համապատասխան հետազոտական աշխատանքները կներառվեն անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման քաղաքականության մշակման գործընթացում: Ներկա կանոնում հատուկ ուշադրություն է դարձվում պարբերական դիտարկումների և գոյություն ունեցող ծրագրերի ու միջոցների գնահատման անհրաժեշտությանը, ինչպես նաև զարգացան ընդհանուր խնդիրների առավել լայն ենթատեքստում կատարվող պլանավորմանը:

Անչափահասների կարիքների, նրանց շրջանակում իրավախախտների խնդիրների և միտումների մշտական գնահատումը` համապատասխան քաղաքականության մեթոդների միջամտության պատշաճ միջոցների մշակման լավացման նախնական պայման է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներում: Պատասխանատու հիմնարկները պետք է աջակցեն անկախ անձանց և կազմակերպությունների կողմից իրագործվող հետազոտություններին: Նպատակահարմար կլիներ ստանալ ու հաշվառել անչափահասների կարծիքը և ոչ միայն նրանց, որոնք շփման մեջ են արդարադատության համակարգի հետ:

Պլանավորման ընթացքում, մասնավորապես, պետք է առաջ քաշվի անհրաժեշտ ծառայությունների ապահովման ավելի արդյունավետ և արդարացի համակարգի ստեղծումը: Այդ նպատակներով պետք է իրականացվի անչափահասների բազմազան կոնկրետ կարիքների և պրոբլեմների կանոնավոր և համալիր վերլուծություն, առաջնային խնդիրների վերհանմամբ: Դրա հետ կապված անհրաժեշտ է նաև համակարգել գոյություն ունեցող հնարավորությունների, այդ թվում` այլընտրանքների և հասարակական աջակցության օգտագործումը, որը կօժանդակի մշակված ծրագրերի կատարմանը և դրանց վերահսկողության իրականացմանը:

 

62. Բանաձև 1386 (XIY):

63. Տես` Հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության Վեցերորդ Կոնգրեսը: Կարակաս, 25 օգոստոսի - 5 սեպտեմբերի, 1980 թվական. քարտուղարության պատրաստած զեկույցը (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.81.IY.4 համարի տակ), գլուխ 1, բաժին Գ:

64. Տես` Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության 7-րդ Կոնգրեսի միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության զեկույցը` IY թեմայի առնչությամբ. երիտասարդություն, հանցագործություն և արդարադատություն» (A/CONF. 121/IPM1):

65. A/CONF. 121/14

66. Բանաձև 1386 (XIY): Տես նաև` Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Հռչակագիրը (բանաձև 34/180, հավելված); Ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարի մասին միջազգային խորհրդակցության Հռչակագիրը, Միջազգային խորհրդակցության զեկույցը` նվիրված ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարին, Ժնև, 14-25 օգոստոսի, 1978 թվականի (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.79.XIY.2 համարի տակ), գլուխ II); Կրոնի կամ համոզմունքի վրա հիմնված անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Հռչակագիրը (բանաձև 36/55); Բանտարկյալների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները (տես` Մարդու իրավունքները. միջազգային պայմանագրերի ժողովածու) (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.83.XIY.1 համարի տակ); Կարակասի Հռչակագիրը (բանաձև 35/171, հավելված); և 9-րդ կանոնը:

67. Տես` Մարդու իրավունքները. միջազգային փաստաթղթերի ժողովածու (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.83.XIY.1 համարի տակ):

68. Տես` Տնտեսական և սոցիալական խորհրդի 1985/42 բանաձևը:

69. Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները և համապատասխան հանձնարարականները ընդունվել են 1955 թվականին [տես` Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության առաջին Կոնգրեսը, Ժնև, 22 օգոստոսի - - 3 սեպտեմբերի, 1955 թվականի. Քարտուղարության պատրաստած զեկույցը (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է 1956.IY.4)]: Տնտեսական և սոցիալական խորհուրդը 1957 թվականի հուլիսի 31-ի իր 663 C (XXIY) բանաձևով հավանություն տվեց նվազագույն ստանդարտ կանոններին, ինչպես նաև, մասնավորապես, պատժիչ և ուղղիչ հիմնարկների անձնակազմի ընտրությանն ու պատրաստմանը վերաբերող հանձնարարականներին և բաց և ուղղիչ հիմնարկներին վերաբերող հանձնարարականներին: Խորհուրդը պետություններին խորհուրդ տվեց դրականորեն քննարկել նվազագույն ստանդարտ կանոններն ընդունելու և կիրառելու հարցը և, ըստ հնարավորի, լիովին ուշադրության առնել հանձնարարականների հաջորդ երկու խումբ` պատժիչ և ուղղիչ հիմնարկների ղեկավարման ընթացքում: Նոր 95-րդ կանոնը մտցվեց` համաձայն Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշման` որը բովանդակում է 1977 թվականի մայիսի 13-ի նրա 2076 (LXII) բանաձևը: Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների լրիվ տեքստը զետեղված է Մարդու իրավունքների փաստաթուղթ. Միջազգային պայմանագրերի ժողովածուի մեջ:

70. Թիվ 105 Կոնվենցիան ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսը` 1957 թվականի հունիսի 25-ի իր նստաշրջանում: Կոնվենցիայի տեքստի մասին տես` 67-րդ ծանոթագրությունը:

71. Բանաձև 3452 (XXX)

72. Բանաձև 39/46

73. Տես` բանաձև 35/171

74. Բանաձև 2263 (XXII)

75. Բանաձև 34180

 

 

pin
ՄԱԿ
29.11.1985
N 40/33
Միջազգային պայմանագիր