Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱ ...

 

25.08.2023 -

 

040.0384.140407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2007 թվականի N 384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն որոշում)

1.1. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների վրա:

(1.1-ին կետը լրաց. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ըստ անհրաժեշտության` Երևան քաղաքի թաղային և Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել համապատասխան համայնքի տարածքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանային ֆոնդի (բնակելի տարածությունների) ճշգրտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 7-ի

N 384-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՎ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու պայմանները:

Սույն կարգով նախատեսված զինծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության պայմանները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների վրա:

(1-ին կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն որոշում)

2. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդ են համարվում այն բնակելի տարածությունները (այդ թվում` հանրակացարանային տիպի), որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) գնել կամ ձեռք է բերել ֆինանսական փոխհատուցմամբ,

2) կառուցել կամ վերակառուցել է,

3) ստացել է տեղական ինքնակառավարման մարմիններից կամ նախկին ԽՍՀՄ զինված ուժերից:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդի այն բնակելի տարածությունների ցանկը, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված են զինծառայողներին և ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նշված բնակելի տարածություններում բնակվող զինծառայողների` ծառայության նոր վայր փոխադրման կամ զինվորական ծառայությունից արձակման դեպքում այդ բնակելի տարածությունները ենթակա են հանձնման:

(3-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն որոշում)

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացն իրականացնելու նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի նիստերը կարող են գումարվել ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի ընդունած որոշումներով զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածությունների):

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների), ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն և բնակվում են ժամանակավոր կացարաններում, զինվորական բնակելի ավաններում, 4-րդ աստիճանի վթարային տներում, նկուղային և բնակության համար ոչ պիտանի շինություններում, հարազատների կամ ազգականների մոտ, վարձակալությամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կամ ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Օտարման միջոցով իրենց բնակարանային պայմանները վատթարացրած զինծառայողները բնակարանային հաշվառման կարող են վերցվել վատթարացման օրվանից սկսած 5 տարի հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ դրա ձեռքբերման համար գումար ստացած զինծառայողները, անկախ բնակարանային պայմանների վատթարացման ժամանակահատվածից, բնակարանային հաշվառման չեն ընդգրկվում:

Բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողները բնակարանային հաշվառումից հանվում են հանձնաժողովի որոշմամբ, եթե բարելավվել են բնակարանային պայմանները, կամ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:

(5-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն որոշում)

6. Բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու համար կազմվում է բնակարանային գործ` հետևյալ փաստաթղթերով`

1) բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու մասին զեկուցագիր,

2) անմիջական հրամանատարի (պետի) կողմից տրված ծառայողական բնութագիր,

3) ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի (հաշվառման էջով), ամուսնության վկայականի (ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, որոնց իսկությունը հաստատում է զորամասի հրամանատարը,

4) տեղեկանքներ բնակարանային պայմանների մասին` մշտական հաշվառման (վերջին 5 տարվա ընթացքում տարբեր վայրերում հաշվառում ունենալու դեպքում յուրաքանչյուր հաշվառման վայրից) և փաստացի բնակության վայրերից, իսկ առանձին տնտեսություն (ծուխ) համարվող և բնակելի տարածությամբ ապահովված չլինելու դեպքում` նաև այն բնակության վայրից, որտեղից առանձնացել է,

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից բնակարանի կամ բնակելի տան տիրապետման ձևի մասին,

6) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին,

7) Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք` զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

7. Բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, իսկ հաշվառումից հանվում են բնակարանային պայմանների բարելավման դեպքում:

(7-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

 

III. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել բնակավայրից (հաշվառման վայրից) 30 կիլոմետր և ավելի հեռավորությամբ ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին` անկախ բնակարանային հաշվառման մեջ գտնվելու հանգամանքից:

(8-րդ կետը փոփ. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում չընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմին (մինչև առանձին գումարտակի հրամանատարը, շտաբի պետը և հրամանատարի տեղակալը ներառյալ),

2) 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին,

4) Ազգային հերոսներին և «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանակիր զինծառայողներին,

5) 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին,

6) բազմանդամ ընտանիք կամ հաշմանդամ` ընտանիքի անդամ ունեցող զինծառայողներին,

7) երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:

10. Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով նրանց ընտանիքի անդամների թվից`

1) 1-սենյականոց միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին,

2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին,

3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,

4) 4-սենյականոց` 6 անձից բաղկացած ընտանիքին,

5) 4-սենյականոց և 1-սենյականոց` 7-8 անձից բաղկացած ընտանիքին,

6) 4-սենյականոց և 2-սենյականոց` 9-10 անձից բաղկացած ընտանիքին,

7) 4-սենյականոց և 3-սենյականոց` 11 անձից բաղկացած ընտանիքին,

8) երկու 4-սենյականոց` 12 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Բնակելի տարածության չափը որոշելիս` հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը:

(10-րդ կետը փոփ. 24.08.2023 թիվ 1436-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթներ / որոշում)

11. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները, առանց այլ բնակելի տարածք տրամադրելու, ազատում են`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները.

2) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները, եթե զինծառայողը չունի 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ կամ ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ, սակայն չունի սույն կարգով նախատեսված բնակարանային պայմանների բարելավման կարիք.

3) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովված են այլ բնակելի տարածությամբ:

(11-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

 

IV. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները, այդ թվում` սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունները կարող են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվել նաև անհատույց սեփականության իրավունքով, եթե զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով ունեն բնակելի տարածություն, սակայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են, և առկա են հետևյալ պայմանները`

1) զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով.

2) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով և ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ.

3) զոհվել (մահացել) է կամ հաշմանդամ է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս,

4) գտնվում է զինվորական ծառայության մեջ և ունի առնվազն 10 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

(12-րդ կետը փոփ. 20.09.2012 թիվ 1189-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

13. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին անհատույց սեփականության իրավունքով կարող է տրամադրվել նաև տնամերձ հողամաս` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

14. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ տնամերձ հողամաս տրամադրվում է նրանց մշտական հաշվառման վայրում, իսկ այդպիսին չունենալու դեպքում` ծառայության կամ փաստացի բնակության վայրում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է որպես բնակարանային պայմանների բարելավում, որի դիմաց զինծառայողը կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձը պարտավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին տրամադրվում է փոխանակության պայմանագրի հիման վրա:

(14-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1591-Ն որոշում)

15. Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված անձինք պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու մասին դիմում,

2) բնակարանի հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկանք տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին, եթե կան նման անձինք,

4) տեղեկանք զինվորական ծառայության ստաժի մասին,

5) կենսաթոշակի վկայականի պատճենը, եթե այդպիսին առկա է,

6) Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության առկայության մասին,

7) իր և իր ընտանիքի անդամների անվամբ սեփականության իրավունքով բնակարանի կամ բնակելի տան առկայության դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանային պայմանների մասին` կցելով սեփականության վկայականի պատճենը,

8) անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 6-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

(15-րդ կետը փոփ. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելիս հիմք է ընդունվում զինծառայողի կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձի ընտանիքի անդամների այն կազմը, որը հաշվի է առնվել զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ժամանակ:

(15.1-ին կետը լրաց. 30.11.17 թիվ 1591-Ն որոշում)

16. Նախկին ԽՍՀՄ զինված ուժերի կողմից հատկացված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում չգտնվող բնակելի տարածությունները դրանց վարձակալներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին հարցը քննարկվում է հանձնաժողովի կողմից, որն իրավասու է դիմելու համապատասխան համայնքին` օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:

Հանձնաժողովի կողմից հարցի քննարկման նպատակով` նշված բնակելի տարածությունների վարձակալները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` նշելով, թե երբ և ինչ հիմքերով է նրան տրամադրվել բնակելի տարածությունը,

2) ծառայության ստաժի, զորացրման ժամկետի և պատճառների մասին տեղեկանք,

3) ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

4) բնակելի տարածության հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

5) տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին տեղեկանք,

6) անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 6-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

 

V. ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.1. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն հանձնաժողովի կողմից բնակարանային հաշվառման վերցված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին (այսուհետ` շահառու) անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին` բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով:

(17.1-ին կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.2. Բնակարանի գնման վկայագիրը` համաձայն N 1 ձևի, անվանական փաստաթուղթ է, որով հավաստվում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ, և այն ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման (ներառյալ` կտակի միջոցով): Բնակարանի գնման վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) վկայագրի սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

(17.2-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.3. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով`

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը.

2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.

3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90 տոկոսը:

(17.3-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

17.4. Հանձնաժողովը շահառուին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված ընթացակարգով և 5-րդ, 6-րդ ու 10-րդ կետերով նախատեսված պայմանների հիման վրա, ընդ որում`

1) սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թիվը որոշելիս` հիմք է ընդունվում եզրակացության ընդունման օրվա դրությամբ շահառուի բնակարանային գործում որպես շահառուի ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց թիվը: Եթե զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո շահառուն մահացել է, ապա անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է նրա ընտանիքին, որի դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է` առանց մահացած շահառուի անձը հաշվի առնելու.

2) սույն կարգի 17.3-րդ կետի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկելիս` հիմք է ընդունվում այն բնակավայրը, որտեղ շահառուն հաշվառված է եղել բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ, իսկ բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից հետո հաշվառման բնակավայրը փոխված լինելու (բացառությամբ հատկացված ծառայողական բնակարանում հաշվառվելու համար հաշվառման բնակավայրը փոխվելու) դեպքում` բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից մինչև եզրակացության ընդունման օրն ընկած ժամանակահատվածում առավել երկար ժամկետով հաշվառման բնակավայրը.

3) յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարների հաշվին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է ըստ շահառուների` բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, և հետևյալ առաջնահերթությամբ.

ա. սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ. Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ. Երևան քաղաք:

(17.4-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

17.5. Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա կազմվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ` շահառուներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին, և այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահառուին` առաջարկելով հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր` համաձայն N 2 ձևի: Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում շահառուն հանձնաժողովի նախագահի հետ կնքում է համապատասխան պայմանագիրը: Բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու մասին պայմանագիր կնքած շահառուների տվյալները, նրանց կողմից առարկություն չներկայացվելու դեպքում, պայմանագրի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, որի նպատակով յուրաքանչյուր շահառու գրավոր համաձայնություն է տալիս իր մասին տվյալները (զինվորական ծառայությունից արձակվելու հիմքը, անունը, ազգանունը, հայրանունը, այն բնակավայրը, որի համար հատկացվել է աջակցությունը, հասանելիք սենյակների թիվը և հատկացված աջակցության չափը) հրապարակելու համար:

(17.5-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.6. Բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վճարվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից վաճառողի հաշվի համարին պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:

(17.6-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.7. Բնակարանի գնման վկայագրի միջոցով սույն կարգի 17.3-րդ կետով սահմանված համապատասխան չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է տարբերվել սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

(17.7-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

17.8. Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման (վկայագրի վավերականության) ժամկետը սահմանվում է 12 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերվելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` ըստ իր բնակարանային հաշվառման հերթի: Վկայագրի վավերականության ժամկետի ընթացքում շահառուի մահվան դեպքում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը մտնում է ժառանգության զանգվածի մեջ, և շահառուի ժառանգի (ժառանգների) կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, որի պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փոխանցվում է ժառանգի (ժառանգների) բանկային հաշվի համարին: Բնակարանի գնման վկայագրում նշված գումարը շահառուի ժառանգին (ժառանգներին) փոխանցվելու հիման վրա շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակարանային ապահովության իրավունքը դադարում է: Սույն կետի համաձայն բնակարանի գնման վկայագիրը մարվելուց հետո շահառուի մահվան դեպքում շահառուի բնակարանային ապահովությունն իրականացվում է սույն կարգի 17.4-րդ կետի պահանջների համաձայն: Եթե բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանում է շահառուի մահվան օրվանից հետո ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքում, ապա բնակարանի գնման վկայագրում նշված գումարը ևս մտնում է ժառանգության զանգվածի մեջ` անկախ բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանալու հանգամանքից:

(17.8-րդ կետը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն, 24.08.2023 թիվ 1436-Ն որոշումներ)

17.9. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:

(17.9-րդ կետը լրաց. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

17.10. Սույն կարգի 17.9-րդ կետով նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:

(17.10-րդ կետը լրաց. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

17.11. Սույն կարգի 17.9-րդ կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 17.10-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում` մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

(17.11-րդ կետը լրաց. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածությունների պահպանումը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:

(18-րդ կետը փոփ. 24.08.2023 թիվ 1436-Ն որոշում)

 

Ձև N 1

._____________________________________________________________________.

|                          ՀՀ զինանշան                                |

|                                                                     |

|                   ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ                          |

|                                                                     |

|                      N_______  _________                            |

|                        սերիա    համար                               |

|_____________________________         _________________              |

|  անուն, ազգանուն, հայրանուն           ծննդյան տարեթիվը              |

|______________________________    _________________________________  |

|  ծննդյան վայրը                   անձնագրի կամ նույնականացման քարտի  |

|                                        սերիան ու համարը             |

|_______________________________   _________________________________  |

| հասանելիք բնակարանի սենյակների   տրամադրվող աջակցության չափը թվերով |

| թիվը տառերով                            և  տառերով                  |

|_______________________________   __________________________________ |

|վկայագրի տրամադրման ամսաթիվը      վկայագրի միջոցով բնակարանի         |

|                                  (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը   |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության                                             |

|պաշտպանության նախարար    ______________________________              |

|                             ստորագրություն, ազգանուն                |

|                      Կ.Տ.                                           |

._____________________________________________________________________.

(1-ին ձևը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ______

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                             ___ ______________ 20 թ.

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ __________________________-ի

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

(այսուհետ` նախարարություն), մի կողմից, և զինծառայող (քաղաքացի)___________

(անունը,

__________________________________________________________________________

հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները) _________________________________________________________________________,

 

(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Նախարարությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն`____________________________________ դրամ:

(գումարի չափը` թվերով և բառերով)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի կողմից նոտարական կարգով վավերացված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը նախարարություն ներկայացվելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բնակարանի (բնակելի տան) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով, բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվի համարին.

2.1.3. սույն պայմանագրի 2.1.2-րդ ենթակետում նշված գումարի փոխանցման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին և (կամ) բնակարան վաճառողին ծանուցել գումարի փոխանցման մասին:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող նախարարություն ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է`

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել նախարարություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել նախարարություն.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:

2.4. Շահառուն իրավունք ունի`

2.4.1. նոտարական կարգով վավերացված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը նախարարություն ներկայացնելուց հետո նախարարությունից պահանջելու բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվի համարին.

2.4.2. սույն պայմանագրի 2.3.1-ին ենթակետի համաձայն բնակարանի գնման վկայագիրը նախարարությանը վերադարձնելուց հետո պահպանելու բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

            ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                          ՇԱՀԱՌՈՒ

 

    __________________________________     ______________________________

    (պաշտոնատար անձի անվան և                 (անձի անվան և  հայրանվան

    հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)        սկզբնատառերը, ազգանունը)

 

    _______________________                _______________________

       (ստորագրությունը)                       (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                   Կ.Տ.

    _____ __________ 20 թ.                 _____ __________ 20 թ.

 

(2-րդ ձևը լրաց. 10.05.2019 թիվ 540-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2007
N 384-Ն
Որոշում