040.0055.050298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1998 թվականի թիվ 55
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան Լոռու մարզի Սանահինի վանքը և Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գարգառ գյուղի Սուրբ Հովհաննես, Ջրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս տեղական նշանակության եկեղեցիները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ ավարտել նշված վանքի և եկեղեցիների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Լոռու, Տավուշի մարզպետներին երկամսյա ժամկետում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ ապահովել նշված վանքի և եկեղեցիների հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից: