Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍ ...

 

 

040.0383.140407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2007 թվականի N 383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքը` քաղաքացիական ավիացիային առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու կանոնակարգեր մշակելիս և ընդունելիս` Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի` Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին դրանց համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Միջազգային օդագնացության օդերևութաբանական ապահովման մասին» 3-րդ հավելվածի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդագնացության օդերևութաբանական սպասարկման (ՀՕԿ-N 49) տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումը կանոնակարգելու և ավիացիոն անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 383-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի` օդերևութաբանական ապահովման կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) կարգավորում է քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Կանոնակարգն ապահովում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) և Հայաստանի Հանրապետության` միջազգային այլ համաձայնագրերով ամրագրված պահանջները, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված ստանդարտների և ընթացակարգերի կիրառումը:

3. Կանոնակարգը սահմանում է ԻԿԱՕ-ի կողմից հրատարակված «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի, ՀՕԿ-ի` Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկման տեխնիկական կանոնակարգի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները, չափանիշները, ձևերն ու ժամկետները:

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ` տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և օդերևութաբանական բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` օդերևութաբանական լիազոր մարմին):

(4-րդ կետը փոփ. 06.04.17 թիվ 529-Ն, 15.03.18 թիվ 253-Ն, 11.04.2019 թիվ 438-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) աերոդրոմ` ցամաքային կամ ջրային մակերևույթի որոշակի հատված (այդ թվում` շենքեր, շինություններ ու սարքավորումներ), որն ամբողջությամբ կամ մասնակիորեն նախատեսված է ինքնաթիռների ժամանման, մեկնման կամ գետնավարման համար.

2) աերոդրոմի բարձրություն` վերթիռ-վայրէջքային գոտու (ՎՎԳ) առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից.

3) աերոդրոմի կարգավարական կետ` աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկումն իրականացնող մարմին.

4) աերոդրոմի կլիմատոլոգիական ամփոփագիր` աերոդրոմի օդերևութաբանական որոշակի տարրերի դիտումների արդյունքների կարճ շարադրանք` հիմնված վիճակագրական տվյալների վրա.

5) աերոդրոմի վերահսկման կետ` կետ, որը սահմանում է աերոդրոմի աշխարհագրական դիրքը.

6) աերոդրոմի օդերևութաբանական մարմին` օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) մարմինների օդերևութաբանական ապահովման համար նախանշված մարմին, որը տեղակայված է աերոդրոմում.

7) աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու` երկարաժամկետ աերոնավիգացիոն տեղեկատվության և կարևոր աերոնավիգացիոն նշանակություն ունեցող հրապարակումներ ներառող ժողովածու, որը հրատարակվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից.

8) ամպերի ստորին սահմանի բարձրություն` հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, երկրի (ջրի) մակերևույթի և ամպերի ամենացածր շերտի ստորին սահմանի միջև.

9) այլընտրանքային (պահուստային) աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է օդանավի վայրէջքի համար այն դեպքում, երբ նշանակման աերոդրոմի օգտագործումը նպատակահարմար չէ: Այլընտրանքային կարող է լինել նաև արտաթիռի (մեկնման) աերոդրոմը.

10) ավիացիոն ամրագրված էլեկտրակապի ցանց (AFTN)` քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ցանց, օդային երթևեկության ղեկավարման համակարգի բաղկացուցիչ մաս` նախատեսված առանձնացված կապուղիներով օդանավերի թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար.

11) ավիացիոն աշխատանքներ` օդանավերի թռիչքների օգտագործմամբ կատարվող աշխատանքներ գյուղատնտեսության, շինարարության, շրջակա միջավայրի պահպանման, բժշկական օգնություն ցույց տալու և այլ նպատակների համար.

12) ավիացիոն աշխատանքների շրջան` օդային տարածության այն մասը, որի սահմաններում հաստատված ծրագրով և ժամանակացույցով կատարվում են ավիացիոն աշխատանքներ.

13) ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, որն անկախ կազմակերպական-իրավական ձևից, որպես գործունեության հիմնական նպատակ, վճարի դիմաց իրականացնում է ուղևորների, ուղեբեռի, փոստի օդային փոխադրումներ և (կամ) կատարում է ավիացիոն աշխատանքներ.

14) արտակարգ տեղեկատվություն` ավիացիայի համար եղանակի վտանգավոր երևույթների մասին շտապ հաղորդվող տեղեկատվություն.

15) ավիացիոն օդերևութաբանական կայան` միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկմանն ուղղված օդերևութաբանական դիտումներ կատարելու և ամփոփագրեր կազմելու համար նախատեսված կայան.

16) արևադարձային ցիկլոնների խորհրդակցական կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան հետևող օդերևութաբանական մարմիններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OPMET միջազգային բանկերին արևադարձային ցիկլոնի տեղակայության, կանխատեսվող ուղղության, շեղման արագության, կենտրոնում ճնշման և առավելագույն գետնամերձ քամու մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար.

17) ASHTAM` NOTAM սերիայի հատուկ թողարկում հրաբխային գործունեության վերաբերյալ.

18) AIRMET տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի` ցածր բարձրություններում կատարվող թռիչքների անվտանգության վրա և ներառված չեն թռիչքային տեղեկատվության համապատասխան շրջանում կամ դրա ենթաշրջանում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար կազմված կանխատեսման մեջ.

19) բարդ օդերևութաբանական պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնց դեպքում տեսանելիության արժեքները կազմում են 2000 մ և ավելի քիչ, և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը` 200 մ և ավելի ցածր, երբ դրանց ընդհանուր քանակը երկու օկտանտից ավելի է.

20) բարձրությունների քարտեզ` որոշակի բարձր մակերևույթի կամ մթնոլորտային շերտի օդերևութաբանական տվյալների քարտեզ.

21) բացարձակ բարձրություն` ծովի միջին մակարդակի և կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի միջև ընկած հեռավորությունն ուղղաձիգով.

22) գերակշռող տեսանելիություն` «տեսանելիություն» տերմինի սահմանմանը համապատասխան դիտվող տեսանելիություն, որը դառնում է հասանելի կամ գերազանցվում է առնվազն հորիզոնի գծի կեսի սահմաններում կամ էլ ամենաքիչն աերոդրոմի մակերևույթի կեսի սահմաններում: Զննվող տարածությունը կարող է ընդգրկել կից կամ ոչ կից սեկտորներ: Այդ արժեքը որոշվում է տեսողական դիտումների և (կամ) գործիքային համակարգերի օգնությամբ, որոնց կիրառումը լավագույն կերպով է գնահատում գերակշռող տեսանելիությունը.

23) գոտիական կանխատեսում GAMET` թռիչքային տեղեկատվության շրջանի կամ դրա ենթաշրջանի համար կիրառելի գոտիական կանխատեսում, որը կազմվում է օդերևութաբանական մարմնի կողմից կրճատված բաց տեքստով ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար և հաղորդվում հարևան թռիչքային տեղեկատվության շրջանների օդերևութաբանական մարմիններին.

24) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է պատրաստելու և պետություններին առաքելու եղանակի հատուկ երևույթներ, քամու և ջերմաստիճանի կանխատեսումները բարձրություններում թվային տեսքով, համաշխարհային մասշտաբով` օգտագործելով ծառայությունները հիմնված համացանցի օգտագործման վրա` ավիացիոն սևեռված ծառայության շրջանակներում.

25) գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ` համաշխարհային համակարգ, որն ապահովում է երթուղում ավիացիոն օդերևութաբանական կանխատեսումների տրամադրումը միասնական ստանդարտացված ձևով գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնների կողմից.

26) դիտում (օդերևութաբանական)` օդերևութաբանական մեկ կամ մի քանի տարրերի գնահատում.

27) եղանակի կանխատեսում` օդերևութաբանական այնպիսի պայմանների նկարագրում, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում որոշակի գոտում կամ օդային տարածության մի մասում.

28) եղանակի հատուկ երևույթներ` օդերևութաբանական երևույթների և դրանց բնութագրերի ցուցակ` ընդունված ԻԿԱՕ-ի և ՀՕԿ-ի (ծածկագրային աղյուսակ 4678, ծածկագրերի հրահանգ, ՀՕԿ-N 306) կողմից ընթացիկ և կանխատեսվող եղանակի երևույթների հաղորդման, ինչպես նաև եղանակի` փաստացի և կանխատեսական քարտեզների վրա անցկացնելու համար.

29) եղանակի վտանգավոր երևույթներ` ավիացիայի համար եղանակի հատուկ երևույթներ, որոնք կարող են սպառնալիք լինել թռիչքների անվտանգության համար և (կամ) նյութական վնաս հասցնել ավիացիոն տեխնիկային.

30) թռիչք` օդանավի շարժումը` սկսած վերթիռից մինչև վայրէջքի ավարտը.

31) թռիչքի անվտանգ բարձրություն` թռիչքի այն նվազագույն թույլատրելի բարձրությունը, որը բացառում է օդանավի բախումը երկրի (ջրի) մակերևույթի կամ դրա վրա գտնվող արգելքներին.

32) թռիչքային դաշտ` աերոդրոմի այն մասը, որն ընդգրկում է վերթիռ-վայրէջքային մեկ կամ մի քանի գոտիներ, գետնավարման գոտիներ, հատուկ նշանակության կառամատույցներ և հրապարակներ.

33) թռիչքատեղեկատվական շրջան` օդային տարածք, որի սահմաններում ապահովվում են թռիչքատեղեկատվական սպասարկումն ու վթարատեղեկատվական սպասարկումը.

34) թռիչքային մակարդակ «թռիչքի էշելոն» հաստատուն մթնոլորտային ճնշման մակերես, ճնշման որոշակի հաստատված մեծության 1013.2 հՊա-ի նկատմամբ, որը տարանջատված է մյուս նմանատիպ մակերեսներից ճնշման միջակայքերի տրված որոշակի մեծության չափով.

35) թռիչքների համար էական ամպեր` ամպեր, որոնց ստորին շերտը 1500 մ (5000 ֆուտ) բարձրության վրա է կամ ցածր է հատվածի ամենամեծ նվազագույն բացարձակ բարձրությունից` կախված այն բանից, թե որն է ավելի մեծ, կամ կույտ-անձրևային և հզոր կույտավոր ամպեր ցանկացած բարձրությունում.

36) թռիչքային փաստաթղթեր` ձեռքով կամ տպագիր գրված փաստաթղթեր, այդ թվում` քարտեզներ կամ ձևեր, որոնք ներառում են օդերևութաբանական տեղեկատվություն օդանավի թռիչքի համար.

37) խորհրդատվություն` թռիչքի կատարման հետ կապված օդերևութաբանական փաստացի և (կամ) սպասվող պայմանների քննարկում օդերևութաբանի կամ այլ մասնագետի հետ: Քննարկումն ընդգրկում է հարցերի պատասխանները.

38) ծանուցագիր` ավիացիոն անձնակազմի համար նախատեսված ծանուցագիր, որը տեղեկատվություն է ներառում աերոնավիգացիոն ցանկացած սարքավորման գործարկման, վիճակի կամ փոփոխության, սպասարկման և կանոնների, ինչպես նաև վտանգի մասին, որոնց պատեհաժամ նախազգուշացումն ունի կարևոր նշանակություն թռիչքների կատարման հետ կապված անձնակազմի համար.

39) կանխատեսման ճշգրտում` եղանակի կանխատեսման մասնակի կամ լրիվ շտկում, որի գործողության ժամկետը դեռ չի սկսվել կամ չի ավարտվել.

40) կանխատեսման քարտեզ` որոշակի պահի կամ ժամանակամիջոցի, օդերևութաբանական որոշակի տարրի (տարրերի) գրաֆիկական պատկերում օդային տարածության որոշակի մակերևույթի կամ հատվածի համար.

41) կանոնավոր ամփոփագիր` կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր.

42) համատեղ բազավորման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ համատեղ բազավորվում են քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերը.

43) հատուկ ամփոփագիր` հատուկ դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր.

44) հարաբերական բարձրություն` հեռավորության ուղղաձիգով, որն ընկած է նշված ելակետային մակարդակի և տվյալ մակարդակի, կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի մակարդակի միջև.

45) հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն` VAAC` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է հետևող օդերևութաբանական մարմիններին, աերոնավիգացիայի համակարգում գործող շրջանային կարգավարական կենտրոններին, թռիչքային տեղեկատվության կենտրոններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OPMET միջազգային բանկերին հրաբխային ժայթքումից հետո մթնոլորտում հրաբխային մոխրի հորիզոնական և ուղղաձիգ հզորության և կանխատեսվող տեղաշարժման մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան.

46) հրահանգավորում` բանավոր խորհրդատվություն օդերևութաբանական փաստացի և (կամ) սպասվող երևույթների վերաբերյալ.

47) QNH` ծովի միջին մակարդակին բերված մթնոլորտային ճնշումը հեկտապասկալներով ստանդարտ մթնոլորտի համար.

48) QFE` մթնոլորտային ճնշում, որը հաշվարկվում է ՎՎԳ-ի համապատասխան շեմի համեմատ.

49) մարդկային գործոնի ասպեկտներ` սկզբունքներ, որոնք կիրառելի են կադրերի ծրագրման, հավաստագրման, նախապատրաստման, աերոնավիգացիայի մեջ շահագործման գործողությունների ու տեխնիկական սպասարկման գործընթացներում և նպատակաուղղված են մարդու և համակարգի այլ բաղկացուցիչների միջև անվտանգ փոխազդեցության ապահովմանը` մարդու հնարավորությունների պատշաճ հաշվառման միջոցով.

50) նախազգուշացում` ավիացիայի համար տեղեկատվություն եղանակային վտանգավոր երևույթի առկայության, սպասվող առաջացման կամ ուժեղացման մասին.

51) նշանակման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ օդանավի վայրէջքը նախատեսված է թռիչքի պլանով կամ թռիչքի առաջադրանքով: Նշանակման աերոդրոմները ստորաբաժանվում են միջանկյալ և վերջնական վայրէջքի աերոդրոմների.

52) NOTAM` նավիգացիոն սարքավորումների ներդրման, վիճակի կամ փոփոխության, տեխնիկական սպասարկման գործառույթների վերաբերյալ ծանուցում ներառող տեղեկություններ, որոնց մասին ժամանակին իմացությունը կարևոր է թռիչքների իրականացմամբ զբաղվող անձնակազմի համար.

53) շահագործող` քաղաքացի կամ իրավաբանական անձ, որն ունի օդանավ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմաններով կամ այլ իրավական հիմունքներով: Նշված օդանավն օգտագործվում է թռիչքների համար և ունի շահագործողի հավաստագիր (վկայական).

54) շրջանային կարգավորման կենտրոն` մարմին, որն ապահովում է կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկումը` իր իրավասության ներքո գտնվող կարգավարական շրջաններում.

55) որակի համակարգ` որակի ընդհանուր ղեկավարության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական կառուցվածքի, գործելաձևի, գործընթացների և ռեսուրսների ամբողջականություն.

56) որոնողական և փրկարարական կոորդինացիոն կենտրոն` մարմին, որը պատասխանատվություն է կրում որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպման արդյունավետ ապահովման և որոնողական-փրկարարական շրջանի սահմաններում գործողությունների իրականացման կոորդինացման համար.

57) չսարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` ՎՎԳ, որը նախանշված է տեսողական վայրէջքամուտ կատարող օդանավերի համար.

58) ռելիեֆի բարձրություն` տեղանքի ռելիեֆի բացարձակ բարձրությունը.

59) ռեպրեզենտատիվ (representatife` ֆրանս.)` դիտումների բնորոշումն օդերևութաբանության մեջ.

60) սարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` օդագնաց սարքերի օգնությամբ վայրէջքամուտ կատարող օդանավերի համար ԻԿԱՕ-ի կողմից ընդունված կատեգորիայի ՎՎԳ.

61) SIGMET տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա.

62) վայրէջքի գոտի` հատված ՎՎԳ-ի շեմից ներս, որը նախատեսված է վայրէջք կատարող ինքնաթիռների առաջին հպման համար.

63) վայրէջքային հրապարակ` հողատարածքի, ջրատարածքի կամ այլ մակերևույթի այն մասը, որը պիտանի է օդանավերի վերթիռի և վայրէջքի համար.

64) վերթիռ-վայրէջքային գոտի (ՎՎԳ)` աերոդրոմի այն մասը, որը նախանշված է թափավազքի համար վերթիռի դեպքում և վազքի համար` օդանավերի վայրէջքից հետո.

65) ՎՎԳ-ի շեմ` օդանավերի վայրէջքի համար նախանշված ՎՎԳ-ի հատվածամասի սկիզբը.

66) VOLMET` օդերևութաբանական տեղեկատվություն թռիչքում գտնվող օդանավերի անձնակազմերի համար.

67) VOLMET ռադիոհաղորդում` համապատասխան դեպքերում աերոդրոմում METAR ընթացիկ կանոնավոր ամփոփագրերի և SPECI հատուկ օդերևութաբանական ամփոփագրերի, TAF կանխատեսումների և SIGMET տեղեկատվության տրամադրում անընդհատ և կրկնվող խոսքային ռադիոհաղորդման միջոցով.

68) D-VOLMET տվյալների հաղորդման կապուղի` կապուղի, որը տրամադրում է METAR ընթացիկ կանոնավոր և SPECI հատուկ օդերևութաբանական ամփոփագրերը, TAF կանխատեսումները և SIGMET տեղեկատվությունն աերոդրոմում.

69) տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում` հեռավորություն, որի սահմաններում օդանավի օդաչուն, գտնվելով ՎՎԳ-ի առանցքային գծի վրա, կարող է տեսնել ՎՎԳ-ի մակերևույթի մականշվածքը կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը.

70) տեսանելիություն` ավիացիոն նպատակների համար տեսանելիությունը մեծություն է, որը գերազանցում է`

ա. այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից կարելի է տարբերել և ճանաչել ընդունելի չափերի գետնին մոտ սև օբյեկտը սպիտակ ֆոնի վրա,

բ. այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից չլուսավորվող ֆոնի վրա կարելի է տարբերել և ճանաչել մոտավորապես 1000 կանտել լույսի ուժ ունեցող լույսի աղբյուրը:

Սույն սահմանումը կիրառվում է տեղական կանոնավոր հատուկ դիտարկումների վերաբերյալ տեղեկագրերի METAR և SPESI ամփոփագրերում նշվող գերակշռող ու նվազագույն տեսանելիության և գետնամերձ տեսանելիության դիտարկումների առնչությամբ:

Կլանման տրված գործակիցն ունեցող օդում նշված երկու հեռավորություններն ունեն տարբեր մեծություններ, ընդ որում, առաջինը` սույն կետի 1-ին ենթակետը բնութագրվում է օդերևութաբանական օպտիկական տեսանելիությամբ, երկրորդը` սույն կետի 2-րդ ենթակետը, կախված է ֆոնի լուսավորությունից.

71) տեսողական թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնք թույլ են տալիս որոշել օդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը վերգետնյա կողմնորոշիչների և բնական հորիզոնի օգնությամբ.

72) օդային երթևեկության սպասարկման մարմին` համապատասխանաբար նշանակում է օդային երթևեկության սպասարկման կարգավարական մարմին, թռիչքատեղեկատվական կենտրոն կամ օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող հաղորդագրությունների հավաքման կետ.

73) օդային երթևեկության սպասարկում` սպասարկում, որը ներառում է թռիչքատեղեկատվական սպասարկումը, վթարատեղեկատվական սպասարկումը, խորհրդատվական սպասարկումը, կարգավարական սպասարկումը (շրջանային կարգավարական սպասարկում, մոտեցման կարգավարական սպասարկում կամ աերոդրոմային կարգավարական սպասարկում).

74) օդային տարածության օգտագործողներ` քաղաքացիներ և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են գործունեություն օդային տարածության օգտագործման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով.

75) օդային ուղեգիծ (էշելոն)` բարձրությամբ և լայնությամբ օդային տարածության մեջ սահմանափակված միջանցք, որը նախանշված է օդանավերի թռիչքների անվտանգ կատարման համար և ապահովված է նավագնացության` աերոդրոմային, օդային, երթևեկության վերահսկողության և կառավարման միջոցներով.

76) օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.

77) օդանավակայան` օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով.

78) օդանավ շահագործողներ և օդային երթևեկության կազմակերպման մարմիններ` շահագործողներ, թռիչքային անձնակազմի անդամներ, օդային երթևեկության սպասարկման մարմիններ, հետախուզափրկարարական ծառայության մարմիններ, օդանավակայանների վարչակազմը, մասնավոր և իրավաբանական անձինք կամ մարմիններ, որոնք օդերևութաբանական տեղեկատվությունն օգտագործում են ավիացիոն նպատակներով.

79) օդերևութաբանական տեղեկատվություն` օդերևութաբանական մարմիններից, օդանավերի անձնակազմերից և օդային երթևեկության սպասարկման մարմիններից (թռիչքների կառավարման) ստացվող տեղեկություններ, հաղորդումներ փաստացի և կանխատեսվող եղանակի մասին.

80) օդերևութաբանական ամփոփագիր` հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի.

81) օդերևութաբանական լիազոր մարմին` լիազոր մարմին, որն իրականացնում է միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումը կամ կազմակերպում է այդպիսի ապահովում պայմանավորվող պետության անունից.

82) օդերևութաբանական մարմին` մարմին, որը նախանշված է քաղաքացիական ավիացիայի և աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման համար.

83) օդերևութաբանական հետևող մարմին` մարմին, որ պատրաստում և տրամադրում է տեղեկատվություն փաստացի կամ ակնկալվող եղանակային երևույթների առաջացման վերաբերյալ, որոնք կարող են թռիչքի երթուղում ազդել օդանավերի թռիչքների անվտանգության վրա` պատասխանատվության իրեն ամրագրված տարածքում.

84) օդային մայրուղի` «թռիչքի երթուղի» միջանցքի ձև ունեցող կառավարվող օդային տարածք կամ դրա մասը:

(5-րդ կետը փոփ. 15.03.18 թիվ 253-Ն, 11.04.2019 թիվ 438-Ն որոշումներ)

6. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հապավումները`

1) ԱՏԾ` աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն.

2) ԱՕԿ` ավիաօդերևութաբանական կենտրոն.

3) ԱՕԿՔ` ավիացիոն օդերևութաբանական կայան (քաղաքացիական).

4) ԱՕՏՉՀ` ավտոմատացված օդերևութաբանական տեղեկատվաչափողական համակարգ.

5) «Աշտարակ»` մեկնարկի գետնավարման կարգավարի կետ.

6) ATIS` տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն աերոդրոմի շրջանում.

    7) ԲԻԼ`    բարձր ինտենսիվության լույսեր.

8) ԳԿՀԿ`   գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն.

9) ԳԿՀՀ`  գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ.

10) ԹՏՇ`  թռիչքային տեղեկատվության շրջան.

11) ՀՀԺ`  համաշխարհային համաձայնեցված ժամանակ.

12) ՀՕԿ`  Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն.

13) ՇԿԿ`  շրջանային կարգավարական կետ.

14) ՌԳՌՕԿ` Ռուսհիդրոմետի գլխավոր ռադիոօդերևութաբանական կենտրոն.

15) ՍԹԿ`  սարքավորումներով թռիչքների կանոններ.

16) ՎՎԳ`  վերթիռ-վայրէջքային գոտի.

17) VAAC` հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն.

18) ՏԹԿ`  տեսողական թռիչքների կանոններ.

19) ՏՕԳ`  տեղական օդային գծեր.

20) ՑԻԼ`  ցածր ինտենսիվության լույսեր.

    21) ՔԱ`    քաղաքացիական ավիացիա.

22) ՕԵԿ`   օդային երթևեկության կառավարում.

23) ՕԵՍ`  օդային երթևեկության սպասարկում.

24) ՕՌՏ`  օդերևութաբանական ռադիոտեղորոշիչ.

25) ՕՈՒԳ` օդային ուղեգծեր:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման նպատակը թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովմանն աջակցելն է` օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին տրամադրելով օդերևութաբանական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

8. Օդերևութաբանական լիազոր մարմինը տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ համատեղ ապահովում է օգտագործողներին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության որակի համակարգի ընդհանուր ղեկավարությունը, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

(8-րդ կետը փոփ. 15.03.18 թիվ 253-Ն, 11.04.2019 թիվ 438-Ն որոշումներ)

9. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության ծավալը և տրամադրման կարգը սահմանվում է սույն կանոնակարգով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 15.03.18 թիվ 253-Ն որոշում)

10.1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներին (կանոնավոր, ոչ կանոնավոր և մեկանգամյա) օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը վճարովի է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Օդերևութաբանական մարմնի և կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների միջև օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման նպատակով կնքվում են պայմանագրեր:

(10.1-ին կետը լրաց. 11.04.2019 թիվ 438-Ն որոշում)

11. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության լիարժեքության, որակի և պատեհաժամության համար պատասխանատվությունը կրում են օդերևութաբանական մարմինները, իսկ դրա կանոնավոր օգտագործման համար` օդանավ շահագործողները և օդային երթևեկության սպասարկման մարմինները:

12. Օդանավ շահագործողները և օդային երթևեկության կազմակերպման մարմինները, որոնք օդերևութաբանական սպասարկման կամ վերջինիս բնույթի փոփոխության կարիք ունեն, դրա մասին պատեհաժամ ծանուցում (տեղեկացնում) են համապատասխան օդերևութաբանական մարմիններին:

13. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինն օդանավ շահագործողների և օդային երթևեկության կազմակերպման մարմինների կողմից ծանուցվում է`

1) թռիչքների չվացուցակի մասին.

2) ոչ կանոնավոր չվերթների կատարման մասին.

3) չվերթների ուշացումների, տեղափոխումների և չեղյալ հայտարարման մասին.

4) ծրագրվող նոր երթուղիների բացման կամ երթուղիների նոր ձևերի կատարման մասին.

5) ՕԵՍ-ի շրջանների կառուցվածքի և (կամ) սահմանների ծրագրվող փոփոխության մասին, որը պահանջում է օդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգի և (կամ) տրամադրվող տեղեկատվության ծավալների փոփոխություններ:

14. Աերոդրոմի օդերևութաբանական մարմնին հղվող ծանուցումն առանձին չվերթների մասին պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտաթիռի (մեկնման) օդանավակայանը և արտաթիռի հաշվարկային ժամանակը.

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) չվերթի երթուղին և միջանկյալ աերոդրոմ ժամանելու հաշվարկային ժամանակը.

4) պահուստային աերոդրոմները.

5) թռիչքի էշելոնը.

6) թռիչքի տեսակը (ըստ ՏԹԿ-ի և ՍԹԿ-ի):

15. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչքների օդերևութաբանական ապահովումն իրականացվում է սույն կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման համաձայն:

16. Համատեղ բազավորման աերոդրոմներում օդանավերի անձնակազմերի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից` ըստ իրենց գերատեսչական պատկանելության:

17. Աերոդրոմում մեկ գերատեսչության օդերևութաբանական մարմնի առկայության դեպքում թռիչքների ապահովումն իրականացվում է այդ մարմնի կողմից օդանավերի գերատեսչական պատկանելությունից անկախ:

18. Աերոդրոմներում, ՕԵՍ-ի մարմիններում տեղադրվող և քաղաքացիական ավիացիայի համար օգտագործվող օդերևութաբանական սարքավորումը պետք է մասնագիտացված կազմակերպության կողմից լինի հավաստագրված:

19. Քաղաքացիական ավիացիայի աերոդրոմներում նոր տեսակի սարքավորման շահագործման թույլտվության համար անհրաժեշտ պայմանը սարքավորման տեսակի հավաստագրի առկայությունն է:

 

IV. ԳՈՏԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

20. Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի (ԳԿՀՀ) բաղկացուցիչ մասը գոտիական կանխատեսումների համաշխարհային երկու կենտրոններն են (ԳԿՀԿ)` Լոնդոնում և Վաշինգտոնում, որոնք`

1) նախապատրաստում են եղանակի գլոբալ կանխատեսումները` կանոնավոր ցանցի հանգույցներում թվային տեսքով և ստանդարտ ֆորմատով պահանջվող բոլոր մակարդակների թռիչքի էշելոնների համար: Կանխատեսումներում ներառվում են բարձրություններում քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության, տրոպոպաուզայի բարձրության և ջերմաստիճանի, քամու առավելագույն արագության, ուղղության և հարաբերական բարձրության մասին տվյալները.

2) նախապատրաստում են եղանակի հատուկ երևույթների գլոբալ կանխատեսումները թվային տեսքով.

3) առաքում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանխատեսումներն օդերևութաբանական լիազոր մարմիններին և այլ օգտագործողների վերջիններիս կողմից սպասարկվող շրջաններում թվային տեսքով.

4) նախապատրաստում և առաքում են կանխատեսման ճշգրտումները.

5) ընդունում են ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին տեղեկատվությունը ՀՕԿ-ի համապատասխան ռեգիոնալ մասնագիտացված օդերևութաբանական կենտրոնից, որը պատասխանատու է դրանց շարժման հետագծի մոդելավորման տվյալների տրամադրման համար ռադիոլոգիական իրադրությամբ պայմանավորված շտապ միջոցներ ձեռնարկելու համար այդ տեղեկատվությունը եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում ներառելու նպատակով.

6) հաստատում և աջակցում են VAAC-ի հետ շփումներին հրաբխային գործունեության մասին տեղեկատվության փոխանակման համար` եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում հրաբխային ժայթքումների մասին տեղեկատվության ներառումը համաձայնեցնելու նպատակով:

21. ԳԿՀԿ-ի գործունեության մեջ ընդմիջումներ առաջանալու դեպքում դրա գործառույթները կատարվում են այլ ԳԿՀԿ-ի կողմից:

22. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմինների և հետևող օդերևութաբանական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության` եղանակի ամփոփագրերի, կանխատեսումների, օդերևութաբանական և ռադիոտեղորոշչային դիտումների, արբանյակային և այլ տվյալների տրամադրման համար այնպիսի ծավալներով, որոնք համաձայնեցված են օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ:

23. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններին են վերաբերում ավիաօդերևութաբանական կենտրոնները (ԱՕԿ կամ գլխավոր ԱՕԿ), օդերևութաբանական մասով ավիաօդերևութաբանական կայանները, առանց օդերևութաբանական մասի ավիաօդերևութաբանական կայանները և օպերատիվ խմբերը:

24. Օդային երթևեկության սպասարկման օդերևութաբանական ապահովումը թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի սահմաններում իրականացնում է օդերևութաբանական հետևող մարմինը:

25. Իրենց գործառույթները կատարելիս` օդերևութաբանական մարմիններն օգտագործում են այն տեղեկատվությունը, որն ստացվում է այլ օդերևութաբանական մարմիններից, OPMET միջազգային բանկերից, ինչպես նաև օգտագործում են ԳԿՀԿ-ի (Լոնդոնի և Վաշինգտոնի), ՌԳՌՕԿ-ի կանխատեսական քարտեզները:

26. Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի հերթափոխն օպերատիվ իմաստով ենթարկվում է ՕԵՍ-ի ծառայության թռիչքների ղեկավարին (հերթափոխի ավագին):

27. Ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) կատարում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ATIS ծառայության համար.

5) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է վայրէջքի հրապարակներում օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում.

7) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և թռիչքների կատարման ձեռնարկի համար.

10) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ.

11) կազմում և տարածում է AIRMET և SIGMET տեղեկատվությունները և համարվում օդերևութաբանական հետևող մարմին.

12) օդերևութաբանական լիազոր մարմնի որոշմամբ ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) ստանում է գլխավոր ավիաօդերևութաբանական կենտրոնի կարգավիճակ, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունում` որպես մեթոդական կենտրոն ավիաօդերևութաբանության բնագավառում:

28. Ավիացիոն օդերևութաբանական կայանը (քաղաքացիական)` ԱՕԿՔ, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անցկացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ` ATIS ծառայության համար.

5) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է վայրէջքի հրապարակներում օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում.

7) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և թռիչքների կատարման ձեռնարկի համար.

10) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ:

29. Առանց օդերևութաբանական մասի` օդերևութաբանական մարմինները կատարում են հետևյալ գործառույթները`

1) անցկացնում են օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում, և ապահովում են դիտումների արդյունքների հաղորդումը հենակետային աերոդրոմների օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին.

2) օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին ապահովում են եղանակի` այլ օդերևութաբանական մարմիններից ստացվող ամփոփագրերով, կանխատեսումներով և նախազգուշացումներով աերոդրոմում և թռիչքների շրջաններում:

30. Օպերատիվ խմբերի գործառույթները որոշվում են օդերևութաբանական լիազոր մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնությամբ:

31. Այն շրջանի սահմանները, որի համար հետևող օդերևութաբանական մարմինը կրում է պատասխանատվություն, պետք է համընկնի թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի կամ թռիչքային տեղեկատվության շրջանների և (կամ) կարգավարական շրջանների համակցության սահմաններին:

32. Օդերևութաբանական հետևող մարմինը`

1) հետևում է օդերևութաբանական պայմաններին, որոնք ազդում են թռիչքների կատարման վրա այն շրջանի սահմաններում, որի համար պատասխանատվություն է կրում.

2) պատրաստում է SIGMET տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

3) տրամադրում է SIGMET տեղեկատվություն և օդերևութաբանական այլ տեղեկատվություն ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

4) տարածում է SIGMET տեղեկատվությունը.

5) պատրաստում է AIRMET տեղեկատվությունը` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

6) տրամադրում է AIRMET տեղեկատվությունը ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

7) տարածում է AIRMET տեղեկատվությունը.

8) մատակարարում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև VAAC-ին հրաբխային ժայթքմանը նախորդող գործունեության, հրաբխային ժայթքման և հրաբխային մոխրի ամպի մասին ստացվող տեղեկատվությունները, որոնց համար դեռ չի թողարկվել SIGMET հաղորդագրությունը.

9) տրամադրում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ԱՏԾ-ի մարմիններին ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին ստացվող տեղեկատվությունն այն շրջանում, որի հսկողությունն է իրականացնում, կամ հարևան շրջաններում: Այդ տեղեկատվությունը ներառում է տվյալներ ռադիոակտիվ նյութերի տեղադրության, թվականի և վթարի տեղի ու կանխատեսվող շարժման հետագծի մասին.

10) ապահովում է VOLMET հաղորդագրության նախապատրաստումն ու հաղորդումը:

33. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոնը (VAAC), ստանալով ծանուցագիր կամ հրաբխի ժայթքման, կամ սպասվող ժայթքման, կամ էլ հրաբխային մոխրի մասին, իր պատասխանատվության շրջանում`

1) հետևում է երկրաանշարժ և բևեռային ուղեծրերի վրա գտնվող արբանյակների համապատասխան տվյալներին համապատասխան շրջանում` մթնոլորտում հրաբխային մոխրի ամպի առկայության և հզորության որոշման նպատակով.

2) գործարկում է հրաբխային մոխրի տեղափոխման (ցրման) հետագծի որոշման թվային մոդելը` կանխատեսելու համար մոխրի ցանկացած «ամպի» տեղափոխությունը, որը հայտնաբերվել էր, կամ որի նկատմամբ թողարկվել էր տեղեկատվություն.

3) թողարկում է տեղեկատվություն հրաբխային մոխրի «ամպի» հզորության և կանխատեսվող տեղափոխության մասին այլ VAAC-երի համար, որոնց պատասխանատվության շրջանները կարող են ենթարկվել այդ երևույթի ազդեցությանը, ԳԿՀԿ-ների, OPMET միջազգային տվյալների բանկերի, NOTAM ծանուցագիր օդաչուներին աերոդրոմների, ռադիոտեխնիկական միջոցների, վայրէջքի համակարգերի համար միջազգային մարմինների, ինչպես նաև AFTN ծառայության շրջանակներում տվյալների առաքման արբանյակային համակարգերի շահագործման նպատակով նախանշված կենտրոնների համար, ավիաընկերությունների համար, որոնք ստանում են տեղեկատվությունը AFTN ավիացիոն էլեկտրակապի ցանցի միջոցով, որը նախատեսված է հատուկ այդ նպատակների համար.

4) անհրաժեշտության դեպքում թողարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված բարեփոխված տեղեկատվություն հետևող օդերևութաբանական մարմինների, շրջանային կարգավարական կենտրոնների, թռիչքային տեղեկատվության կենտրոնների և VAAC-երի համար առնվազն յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ այնքան ժամանակ, քանի դեռ արբանյակային տվյալները չեն վկայում հրաբխային մոխրի ամպի բացակայության մասին, և այսուհետ տվյալ շրջանից չեն ստացվելու զեկուցագրեր հրաբխային մոխրի առկայության և հրաբխի հետագա ժայթքման մասին:

34. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոններն անցկացնում են շուրջօրյա դիտումներ:

 

V. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԸ

 

35. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններն ապահովում են աերոդրոմում եղանակի վիճակի կանոնավոր, հատուկ և այլ դիտումների անցկացում:

36. Այն աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, որտեղ չկան օդերևութաբանական մարմիններ, եղանակի դիտումները կազմակերպում են քաղաքացիական ավիացիայի մասնագետները, որոնք նախապատրաստվել են օդերևութաբանական կայաններում օդերևութաբանական դիտումներ կատարելու և օդերևութաբանական սարքավորումների շահագործումն իրականացնելու համար:

37. Եթե աերոդրոմների մոտ կան օդերևութաբանական կայաններ, դրանք, ըստ օդանավ շահագործողների, ՕԵՍ-ի մարմինների և օդերևութաբանական լիազոր մարմնի միջև համաձայնեցման, կարող են ներգրավվել ամփոփագրերի հաղորդմանն այն օդերևութաբանական մարմինների հասցեին, որոնք պատասխանատու են տվյալ շրջանում օդերևութաբանական ապահովման համար:

38. Դիտումները պետք է կատարվեն այն կետերում, որոնք ապահովում են տվյալների բնորոշությունը թռիչքային դաշտի համապատասխան հատվածամասերի համար: Ընդ որում, տեսանելիության և եղանակի երևույթների տեսողական դիտումների տեղից պետք է ապահովվի թռիչքային դաշտի լիարժեք տեսադաշտը: Օդերևութաբանական սարքերի ու սարքավորումների կազմը և դրանց տեղակայումը պետք է ապահովվի ԻԿԱՕ-ի N 3 հավելվածի պահանջները:

39. Թռիչքային դաշտի տարբեր տեղերում տեղակայված օդերևութաբանական տվիչների ցուցմունքները հնարավորինս արտածվում են դիտարկումների հիմնական կետում:

40. Ըստ սարքերի` I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներով աերոդրոմներում տեղակայվում է ավտոմատացված վերահսկիչ-չափիչ սարքավորում, ինչպես նաև ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռավորության, ամպերի ստորին սահմանի բարձրության, օդի ջերմաստիճանի, ցողի կետի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ցուցմունքների հեռագործ ցուցասարքեր վայրէջքամուտերի, վայրէջքների և վերթիռների ապահովման համար: Այդ սարքերն իրական ժամանակի մեջ այն օդերևութաբանական պարամետրերի ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգերն են, որոնք ազդում են վայրէջքի և վերթիռի վրա: Համալիր ավտոմատացված համակարգերը մշակելիս հաշվի են առնվում մարդկային գործոնի տեսակետները և նախատեսվում են պահուստավորման ընթացակարգերը:

41. Այն դեպքերում, երբ օդերևութաբանական տարրերի չափման և տեղեկատվության տարածման համար իրական ժամանակի մեջ օգտագործվում է օդերևութաբանական մեծությունների ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգը, պետք է ապահովվի նաև դիտումների տվյալները ձեռքով մուտքագրելու հնարավորությունը:

42. Տարածության և ժամանակի մեջ օդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ կապված, ինչպես նաև որոշ տարրերի դիտարկման և որոշման մեթոդիկաների անկատարության հետևանքով ամփոփագիր ստացողը պետք է դիտարկի ամփոփագրում նշված յուրաքանչյուր տարրի կոնկրետ արժեքը միայն որպես ամենամոտն իրական պայմաններին, որոնք տեղի ունեն դիտումների պահին:

43. Աերոդրոմներում կանոնավոր դիտումները թռիչքների շրջանում անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 և 30 րոպե ժամանակամիջոցներում), թռիչքների բացակայության դեպքում` յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 րոպեին): Կանոնավոր դիտումները ՏՕԳ-ի աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ կարող են կատարվել յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ` անկախ թռիչքների առկայությունից:

44. Ոչ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով օդանավակայաններում դիտումները կատարվում են միայն թռիչքների ժամանակահատվածում: Դիտումները պետք է սկսվեն թռիչքների սկզբից 2 ժամ առաջ և ուղեկցվեն թռիչքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` ներառյալ այն ժամանակը, երբ աերոդրոմն այլընտրանքային է:

45. Կանոնավոր դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) MET REPORT տեղական կանոնավոր ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար).

2) METAR ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, VOLMET ռադիոհաղորդումների և D-VOLMET հաղորդագրությունների ծրագրման համար): Շահագործման տեսակետից ցանկալի և ներկայումս նվաճելի չափումների կամ դիտումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 1 հավելվածում: ATIS-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է կանոնավոր ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով. այն պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին:

46. Այն դեպքերում, երբ օդանավի վերթիռի և վայրէջքի համար անհրաժեշտ է օդերևութաբանական վերջին տեղեկատվությունը, այն ապահովվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ:

47. ՕԵՍ-ի կետերում օդերևութաբանական տարրերի արտապատկերման և գրանցման միջոցների առկայության դեպքում դրանց ցուցմունքներն օգտագործվում են կարգավարների կողմից` վերթիռից կամ վայրէջքից առաջ տվյալներն օդանավերի անձնակազմերին հաղորդելու համար:

48. Այն դեպքերում, երբ ՎՎԳ-ում տեղի են ունենում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռավորության, ընթացիկ եղանակի և (կամ) ամպամածության որոշակի փոփոխություններ, կանոնավոր դիտումները լրացվում են հատուկ դիտումներով:

49. Հատուկ դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) SPECIAL տեղական հատուկ ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար).

2) SPECI ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, VOLMET ռադիոհաղորդումների և D-VOLMET հաղորդագրությունների ծրագրման համար): ATIS-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է հատուկ ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով. այն պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին: METAR և SPECI ամփոփագրերի կազմման կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի ժողովածուում (METAR, SPECI): Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, METAR և SPECI հաղորդագրությունների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 2 հավելվածում:

50. Տեղական հատուկ ամփոփագրերը հաղորդվում են օդային երթևեկության սպասարկման տեղական մարմիններին: Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ դրանք կարելի է չթողարկել ցանկացած տարրի նկատմամբ, որի արտապատկերման համար ՕԵՍ-ի տեղական մարմինն իր տրամադրության տակ ունի ցուցասարք (արտապատկերման միջոց համանման այն սարքին, որը տեղակայված է դիտակետում անմիջապես որոշակի պայմանների առաջացման դեպքում: ՕԵՍ-ի տեղական մարմնին հաղորդվող օդերևութաբանական ամբողջ տեղեկատվությունը պետք է գրանցվի (նշելով պահպանման ժամկետը) օդերևութաբանական մարմնի կողմից:

51. Հատուկ դիտումների անցկացման և տեղական հատուկ ամփոփագրերի կազմման համար չափանիշները ներառում են`

1) մեծություններ, որոնք համապատասխանում են տվյալ աերոդրոմի շահագործման մինիմումներին.

2) մեծություններ, որոնք բավարարում են ՕԵՍ-ի մարմինների և շահագործողների տեղական այլ պահանջները.

3) գոյություն ունեցող լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է վայրէջքամուտի և բարձրություն վերցնելու գոտիներում առաջացող հատուկ օդերևութաբանական երևույթներին.

4) մեծություններ, որոնք չափանիշներ են հանդիսանում SPECI ծածկագրային ձևով ամփոփագրեր կազմելու համար:

52. SPECI ամփոփագրերը թողարկվում են այն դեպքերում, երբ տեղի ունեցող փոփոխությունները համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

1) գետնամերձ քամու միջին ուղղությունը փոփոխվել է 60օ-ով` վերջին ամփոփագրում նշված ուղղության հետ համեմատած, դիտարկումից առաջ և (կամ) հետո 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի միջին արագության դեպքում.

2) գետնամերձ քամու միջին արագությունը փոփոխվել է 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած.

3) քամու պոռթկման մեծությունն աճել է 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած, դիտարկումից առաջ և (կամ) հետո 7,5 մ/վ (15 հանգույց) կամ ավելի միջին արագության դեպքում.

4) քամու պարամետրերի փոփոխությունները գերազանցում են շահագործման առումով կարևոր նշանակությունները: Սահմանային մեծությունները պետք է սահմանվեն օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու ու շահագրգիռ շահագործողների հետ խորհրդակցությամբ` հաշվի առնելով քամու պարամետրերի փոփոխությունները, որոնք`

ա. պահանջում են օգտագործվող ՎՎԳ-ի (ՎՎԳ-ների) փոփոխություն,

բ. վկայում են այն մասին, որ ՎՎԳ-ում համընթաց ու կողային քամու փոփոխությունները գերազանցում են այն արժեքները, որոնք շահագործման հիմնական սահմաններ են հանդիսանում տվյալ աերոդրոմում թռիչքներ իրականացնող տվյալ տեսակի օդանավերի համար.

5) տեսանելիությունը լավանում և հասնում (գերազանցում) է կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

ա. 800 մ, 1500 մ, 3000 մ,

բ. 5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

6) հեռավորության տեսանելիությունը ՎՎԳ-ում լավանում և հասնում (կամ գերազանցում) է կամ էլ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 50 մ, 175 մ, 300 մ, 550 մ կամ 800 մ.

7) եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից ցանկացածի սկսման, դադարման կամ ինտենսիվության փոփոխման դեպքում`

ա. սառչող տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (ներառյալ տեղատարափները),

գ. ամպրոպ (տեղումներով),

դ. փոշե փոթորիկ,

ե. ավազե փոթորիկ,

զ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրի հողմապտույտ),

է. եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից ցանկացածի սկսման կամ դադարման դեպքում,

ը. սառչող մառախուղ,

թ. ամպրոպ (առանց տեղումների),

ժ. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

ժա. փոշեհողմ, ավազահողմ կամ գետնաձյունահողմ,

ժբ. փոթորկանք:

(52-րդ կետը փոփ. 15.03.18 թիվ 253-Ն, 11.04.2019 թիվ 438-Ն որոշումներ)

53. Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է տեղումները չափավոր համարել 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում`

1) BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում և հասնում (կամ գերազանցում) է կամ փոքրանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

ա. 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

բ. 450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի քանակով թռիչքների կատարման դեպքում.

2) ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում փոփոխվում է`

ա. SCT կամ ավելի փոքրից մինչև BKN կամ OVC,

բ. BKN կամ OVC-ից մինչև SCT կամ ավելի փոքր.

3) երկինքը փակ է, ուղղաձիգ տեսանելիությունը լավանում, հասնում կամ գերազանցում է, կամ վատանում և դառնում է ավելի պակաս` նշված որևէ արժեքներից` 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

4) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև.

5) կոնկրետ աերոդրոմի շահագործական մինիմումի վրա հիմնված մյուս չափանիշները պետք է զուգահեռ դիտարկվեն TAF կանխատեսումների շտկման և փոփոխությունների խմբերի ներառման համանման չափանիշներին համապատասխան:

54. Այն դեպքերում, երբ եղանակի տարրերից մեկի վատացման հետ միաժամանակ դիտվում է մյուսի լավացումը, թողարկվում է SPECI միասնական ամփոփագիրը, որը համարվում է ամփոփագիր եղանակի վատացման մասին և տարածվում է անմիջապես դիտումից հետո:

55. Եղանակի լավացման մասին SPECI ամփոփագիրն անհրաժեշտ է տարածել միայն եղանակի 10 րոպե լավացման պահպանման պայմանի դեպքում: Անհրաժեշտության դեպքում այդպիսի ամփոփագրում ներառվում են ճշգրտումներ` արտացոլելու համար եղանակի այն պայմանները, որոնք գերակշռում են 10-րոպեանոց ժամանակահատվածի վերջում:

56. Գետնամերձ քամու ուղղության և արագության դիտումների համար նախատեսված տվիչները պետք է տեղակայված լինեն գետնի մակերևույթից 10 մ +/-1 մ բարձրության վրա:

57. Տեղական ամփոփագրերում ներառվում են տվյալներ քամու մասին, որոնք բնորոշիչ են վայրէջքի գոտու համար:

58. METAR և SPECI ամփոփագրերի համար գետնամերձ քամու դիտումները պետք է լինեն բնորոշիչ ամբողջ ՎՎԳ-ի համար (օրինակ` վայրէջքի գոտում) այն դեպքում, եթե կա միայն մեկ ՎՎԳ, և ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար այն դեպքում, եթե կա մի քանի ՎՎԳ:

59. Այն աերոդրոմներում, որտեղ տեղական պայմանների պատճառով ՎՎԳ-ի զանազան հատվածամասերում դիտվում են գետնամերձ քամու էական տարբերություններ, տեղակայվում են լրացուցիչ տվիչներ:

60. Յուրաքանչյուր տվիչի հետ կապված` գետնամերձ քամու դիսփլեյները (արտապատկերման միջոցները) տեղակայվում են դիտորդի և ՕԵՍ-ի կարգավարների մոտ:

61. Այն դեպքերում, երբ սույն կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերին համապատասխան պահանջվում է լրացուցիչ տվիչների տեղակայում, դիսփլեյները հստակ մակնշվում են ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշմամբ, որոնք վերահսկվում են յուրաքանչյուր տվիչի կողմից: Քամու մասին տվյալները յուրաքանչյուր տվիչից պետք է ներկայացված լինեն արտապատկերման միջոցների (ցուցասարքերի) վրա, որոնք տեղաբաշխված են ՕԵՍ-ի մարմիններում:

62. Քամու դիտումների տևողության միջինացումը կազմում է`

1) 2 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, ինչպես նաև քամու դիսփլեյների համար, որոնք տեղակայված են ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում.

2) 10 րոպե` METAR և SPECI ամփոփագրերի համար համապատասխան չափողական միջոցների (ԱՕՏՉՀ) առկայության դեպքում: Սակայն, եթե այդ 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում դիտվել էր քամու բնութագրերի խիստ փոփոխություն, քամու արագության միջին արժեքների, քամու պոռթկումների և միջին ուղղության առավելագույն մեծությունների, ինչպես նաև քամու ուղղության էական փոփոխությունների որոշման համար հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո: Այդ դեպքում նշված ժամանակահատվածը կրճատվում է:

63. Քամու բնութագրերի փոփոխությունները պետք է համարել կտրուկ այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է քամու ուղղության կտրուկ և կայուն փոփոխություն` 30o-ով կամ ավելի, փոփոխությունից առաջ և հետո 5 մ/վ (10 հանգույց) քամու արագության դեպքում կամ քամու արագության փոփոխություն` 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի:

64. Քամու գործիքային չափումների դեպքում, որոնք չեն ապահովում METAR և SPECI ամփոփագրերի համար 10-րոպեանոց միջինացումը, օգտագործվում է միջինացման 2-րոպեանոց պարբերությունը:

65. Քամու դիտումները ժամանակավոր աերոդրոմներում և վայրէջքի հրապարակներում կարող են կատարվել հողմացույցի, հողմի կոների և ձեռքի հողմաչափերի կիրառմամբ:

66. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և METAR, SPECI ամփոփագրերում նշվում են`

1) չափման միավորները, որոնք օգտագործվում են քամու արագությունը որոշելիս.

2) շեղումները քամու միջին ուղղությունից վերջին տասը րոպեի ընթացքում`

ա. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 60o կամ ավելի, բայց 180o-ից պակաս, իսկ քամու արագությունը կազմում է 1,5 մ/վ (3 հանգույց) և ավելի, ապա ուղղության այդպիսի փոփոխությունները հաղորդվում են երկու ծայրագույն մեծությունների տեսքով, որոնց սահմաններում է դիտվել գետնամերձ քամու ուղղության փոփոխությունը,

բ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 60o կամ ավելի, բայց 180o-ից պակաս, իսկ քամու արագությունը 1,5 մ/վ-ից (3 հանգույց) ավելի պակաս է, ապա քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

գ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 180o կամ ավելի, ապա քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը.

3) վերջին 10 րոպեի ընթացքում դիտվող շեղումները քամու միջին արագությունից (պոռթկումները) նշվում են այն դեպքում, երբ քամու առավելագույն արագությունը գերազանցում է միջին արագությունը 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի.

4) այն դեպքերում, երբ հաղորդվում է 0,5 մ/վ-ից (1 հանգույց) ավելի պակաս քամու արագության մասին, այն նշվում է որպես «անդորրություն».

5) երբ քամու արագությունը կազմում է 50 մ/վ (100 հանգույց) կամ ավելի, այն նշվում է որպես 49-ից (99 հանգույց) առավել կազմող:

67. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում գետնամերձ քամու դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ մի քանի տեղերից և նշվում են դիտադիրքերի տեղերը, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

Թվային ցուցանշման առկայության դեպքում ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ բարձրախոս կապով հաղորդվում են աերոդրոմում քամու արագության մասին տվյալները` մինչև 0,5 մ/վ (1 հանգույց) ճշգրտությամբ որոշված:

68. Տեսանելիության դիտումներն անցկացվում են գործիքային միջոցների կամ տեղակայված (մինչև 2000 մ), կամ էլ ընտրված (2000 մ-ից ավելի) ցերեկային և գիշերային տեսանելիության կողմնորոշիչների օգտագործմամբ: Տեսանելիության կողմնորոշիչների սխեմաները նախապատրաստվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից աերոդրոմային ծառայության հետ համատեղ և համաձայնեցվում ՕԵՍ-ի մարմնի հետ:

69. Այն աերոդրոմներում, որտեղ հնարավոր չէ տեղակայել կամ ընտրել կողմնորոշիչներ` տեսանելիության տեսողական դիտումների համար, ՕԵՍ-ի և ավիաօդերևութաբանական կենտրոնի միջև համաձայնեցմամբ կարող են օգտագործվել նեֆելոմետրիկ (պղտորաչափական) և այլ միջոցներ:

70. Տեսանելիության դիտումների համար տվիչները պետք է տեղակայվեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ (7.5 ֆուտ) բարձրության վրա:

71. Այն դեպքերում, երբ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերն օգտագործվում են մեկնող օդանավերի համար, այդ ամփոփագրերի կազմման տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի երկարությամբ պայմանների համար, իսկ ժամանող օդանավերի` վայրէջքի գոտու:

72. ՎՎԳ-ի երկարությունից և տեղական պայմաններից կախված` տեսանելիության դիտումների պրակտիկան վերթիռի համար որոշվում է ՕԵՍ-ի մարմնի և օդերևութաբանական մարմնի միջև փոխգործողության և կոորդինացման համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) համաձայն:

73. METAR և SPECI ամփոփագրեր կազմելու համար տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի համար:

74. Տեսանելիության գործիքային դիտումները կատարվում են 2000 մ և ավելի պակաս (ըստ սարքի) արժեքների դեպքում: Եթե, ըստ ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության, աերոդրոմի վայրէջքային մինիմումներից մեկը գերազանցում է 2000 մ, գործիքային դիտումները կատարվում են մինչև տեսանելիության առավելագույն արժեքը, որը համապատասխանում է օգտագործվող սարքի տեսակին: Այդ դեպքում տեսանելիության արժեքը, որի համաձայն իրականացվում է անցումը գործիքային դիտումներից տեսողական դիտումներին, որոշվում է ըստ համաձայնագրի:

75. Գործիքային միջոցների օգտագործման դեպքում պետք է ապահովվի ցուցմունքների ավտոմատ գրանցումը և արձանագրվի դրանց միացման և անջատման ժամանակը:

76. Հիմնական և պահուստային սարքավորման խափանման կամ սարքի ցուցմունքների ճշտության մեջ կասկածի դեպքում, ըստ հիմնական սարքի դիտումներից պահուստային սարքի դիտումներին անցնելու, գործիքային դիտումներից տեսողական դիտումներին (այդ թվում` տեսողական դիտումներից գործիքային դիտումներին) անցնելու մասին որոշումն ընդունվում է դիտորդի կողմից, տեղեկացվում է ՕԵՍ-ի մարմիններին և հերթապահ օդերևութաբանին, ինչպես նաև գրանցվում է սարքերի տեխնիկական վիճակի մատյանում անցման ժամանակի և պատճառի նշմամբ:

77. Աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն վայրէջքի համակարգերով, տեղական ամփոփագրում ներառվում է տեսանելիության արժեքը, որը որոշված է վայրէջքի գոտում ՎՎԳ-ի կենտրոնի ուղղությամբ կամ հատուկ ընտրված (բնորոշիչ) դիտարկման տեղից դեպի աշխատանքային մեկնարկի կողմը: Փոքրագույն արժեքը ցանկացած այլ ուղղությամբ, եթե փոքր է ամփոփագրերում ներառված արժեքից, հաղորդվում է օդային երթևեկության կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին (ուղղության նշմամբ):

78. Աերոդրոմներում, որոնք սարքավորված են վայրէջքի համակարգերով, տեսանելիության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ 2000 մ և ավելի պակաս տեսանելիության դեպքում:

 

(հավելվածը խմբ. 10.11.16 թիվ 1174-Ն որոշում)

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2007
N 383-Ն
Որոշում