Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով           Քրեական գործ ՎԲ-176/06

վերաքննիչ դատարանի դատավճիռ

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Մ.Արղամանյան

դատավորներ` Ա.Դանիելյան, Ա.Պողոսյան

քրեական գործ N Զ-4-386/06

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    22 դեկտեմբերի 2006 թվական                   ք. Երևան

                               (1-ին մաս)

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ            Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                             Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                             Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                             Մ.ՍԻՄՈՆՅԱՆԻ

                                             Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

 

                   քարտուղար                 Ք.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

                   մասնակցությամբ            Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ

                   պաշտպաններ                Ա.ՈՍԿԱՆՅԱՆԻ

                                             

          տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.ԱՂԱՋԱՆՅԱՆԻ

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալներ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի, վերջիններիս պաշտպաններ Զարուհի Փոստանջյանի և Ստեփան Ոսկանյանի, տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքները Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մայիսի 18-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռների դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Քրեական հետապնդման մարմնի կողմից Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20-ից 21-ի սահմաններում, միասին, զորամասից դուրս` ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, Ռազմիկ Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սննդի մի մասն ուտել-վերջացնելուց հետո` շինությունից դուրս գալու պահին, սննդի մյուս մասն իրենցից պահանջելու պատճառով վեճի են բռնվել նույն զորամասի շարքային զինծառայողներ Ռոման Արամի Եղիազարյանի ու Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի հետ, որն աստիճանաբար վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի: Այդ ընթացքում Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանն ու Ա.Զալյանը ոտքերով, ձեռքերով, մետաղյա ձողով բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել նրանց. վերջիններիս գետնին ընկնելուց հետո Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին մի խումբ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, առանց լուրջ պատճառի ու չնչին առիթով սպանելու դիտավորությամբ շարունակել են հարվածներ հասցնել, ինչի արդյունքում Ռ.Եղիազարյանն ու Հ.Մկրտումյանը տեղում մահացել են:

Իրենց կողմից կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մոտ մեկ ժամ անց Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Արայիկ Զալյանը վերադարձել են կիսաքանդ շինություն և համոզվելով, որ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը մահացել են, կատարվածը որպես դժբախտ պատահար ներկայացնելու համար և նաև կատարվածի հետքերը թաքցնելու նպատակով Ռ.Սարգսյանի առաջարկությամբ նրանց դիակները գցել են հարակից ջրանցքը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, գործի քննության արդյունքում հանգելով հետևության, որ ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի ու Ա.Զալյանի արարքում խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու հատկանիշը չի ապացուցվել, այդ մասը հանել է նրանց առաջադրված մեղադրանքից և հաստատված համարելով, որ նրանք առանձին դաժանությամբ կատարել են երկու անձանց դիտավորյալ սպանություն, 2005 թվականի մայիսի 18-ի դատավճռով Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ կետերով և նրանցից յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով:

Վճռվել է ամբաստանյալներ Ռ.Սարգսյանից, Մ.Սերոբյանից ու Ա.Զալյանից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդներ Արթուր Եղիազարյանի ու Մովսես Մկրտումյանի բռնագանձել 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության և մնացած ծախսերի հատուցման գումար:

Իրեղեն ապացույց ճանաչված, տուժողների դիակներից հանված հագուստները, գարեջրի շիշն ու խտացրած կաթի մետաղյա տուփը, զինվորական գոտին ու գլխարկը որոշվել է ոչնչացնել, իսկ նամակի ծրարը` թողնել քրեական գործին կցված:

Նույն դատավճռով 33651 զորամասի ժամկետային զինծառայողներ Երվանդ Պետրոսյանն ու Վահե Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359-րդ հոդվածների 2-րդ մասի 1-ին կետով ու 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ղևոնդ Եգորյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքներում տուժողների իրավահաջորդներ Արթուր Եղիազարյանն ու Մովսես Մկրտումյանը խնդրել են ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Մեղադրողը վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալների մեղադրանքի ծավալից անհիմն կերպով հանվել է խուլիգանական դրդումների հատկանիշը, ինչը չի բխում գործի փաստական հանգամանքներից: Միաժամանակ գտել է, որ ամբաստանյալների նկատմամբ սահմանվել է մեղմ պատիժ, ուստի խնդրել է նրանց մեղավոր ճանաչել նաև խուլիգանական դրդումներով սպանության համար և դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոքներում նշել են, որ իրենք որևէ հանցանք չեն կատարել, ուստի խնդրել են վերանայել գործը, որպեսզի իրականությունը բացահայտվի:

Ամբաստանյալ Ռ.Սարգսյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը և Ա.Զալյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը բերել են նույնաբովանդակ վերաքննիչ բողոքներ և խնդրել են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել քրեական հետապնդումը, կայացնել արդարացման դատավճիռ և իրենց պաշտպանյալներին անհապաղ ազատել անհիմն կալանքից:

Ամբաստանյալ Մ.Սերոբյանի պաշտպան Աշոտ Աթոյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ նախաքննությունն ու դատաքննությունն իրականացվել են քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներով, ապացուցված չէ իր պաշտպանյալի մեղավորությունը կատարված սպանության մեջ, և խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:

Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Մ.Մկրտումյանը դատական վիճաբանությունների փուլում հրաժարվել է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, և հրաժարվել է նաև իր ներկայացրած քաղաքացիական հայցից:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդ Ա.Եղիազարյանի բողոքը բավարարել է ամբողջությամբ, իսկ մեղադրողի բողոքը` մասնակիորեն և 2006 թվականի մայիսի 30-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել է. Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին և Ա.Զալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ կետերով և դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ ամբաստանյալների և նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքները թողել է առանց բավարարման:

Դատապարտյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի, պաշտպաններ Զարուհի Փոստանջյանի և Ստեփան Ոսկանյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 9-ի, իսկ տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանի լիազորված անձ Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը 2006 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումներով ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ:

Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՊԲ թիվ 33651 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք (գործի նյութերով` «վաֆլի») գնելու նպատակով դուրս են եկել զորամասի տարածքից և այլևս չեն վերադարձել:

ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները 2004 թվականի հունվարի 9-ին Մատաղիսի ջրանցքից հայտնաբերել ու հանել են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները:

2004 թվականի հունվարի 11-ին 33651 զորամասի 4-րդ գումարտակի շարքային Արման Գրիգորյանը, որը դրանից 3 ամիս առաջ ծառայության է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ 38862 զորամասից, դիրքերից փախուստի է դիմել և գնացել Մարտակերտ: Այստեղ նա բռնվել է և տեղափոխվել դիվիզիա, որտեղից հունվարի 12-ի կեսօրին 33651 զորամասի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ, մայոր Կառլեն Մայիլյանի միջոցով վերադարձվել է զորամաս:

Նույն օրը նա հարցաքննվել է որպես վկա և հայտնել, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ի երեկոյան` ընթրիքից հետո, երբ գնացել է զուգարան, տեսել է, թե ինչպես համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը, որոնք գումարտակում «հեղինակություն» են եղել, Սամվել Պողոսյանի միջոցով զորամասից դուրս են տարել Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին: Դրանից քիչ անց լսվել են վերջիններիս օգնության կանչերը և Ղևոնդ Եգորյանի ու Վահե Հովհաննիսյանի խոսքերը. «Սա դեռ քիչ է, այնքան պետք է ծեծենք, որ մեռնեք»:

Հետագայում Արման Գրիգորյանը ցուցմունքներ է տվել, ինչպես նաև Ղևոնդ Եգորյանի, Վահե Հովհաննիսյանի, Երվանդ Պետրոսյանի ու Սամվել Պողոսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում պնդել, որ ձայները լսելուց հետո ինքը նույնպես զորամասից դուրս է եկել և տեսել, թե ինչպես նրանք չորսով ծեծելով սպանում են Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին, որից հետո նրանց դիակները տանում և գցում են ջուրը:

Ռ.Եղիազարյանի ու Հ.Մկրտումյանի սպանությունը կատարելու կասկածանքով Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանն ու Սամվել Պողոսյանը նախաքննության մարմնի կողմից 2004 թվականի հունվարի 16-ին ձերբակալվել են, հունվարի 19-ին նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, իսկ Ղ.Եգորյանին, Վ.Հովհաննիսյանին ու Ե.Պետրոսյանին` նաև այլ հոդվածներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Վերջիններս ժխտել են իրենց առնչությունը սպանությանը և հայտնել, որ Արման Գրիգորյանն իրենց զրպարտում է:

2004 թվականի մարտի 6-ին որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս Արման Գրիգորյանը քննիչին հայտնել է, որ ինքը ևս մասնակից է Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի սպանությանն ու դիակները ջուրը գցելուն: Նման ցուցմունք նա տվել է զինդատախազություն հրավիրված հոր, եղբոր և ՊՆ ռազմական ոստիկանության վարչության ենթասպա հորաքրոջ տղայի ներկայությամբ, իսկ ձերբակալվելիս պաշտպանի ներկայությամբ գրել է, որ մասնակցել է Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանությանը և դիակները ջուրը գցելուն:

2004 թվականի մարտի 6-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, ինչը տեսաձայնագրված է, Ա.Գրիգորյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տվել և գրել, թե տեսել է, որ գումարտակի հրամանատար Իվանը (գործի նյութերով` Իվան Գրիգորյանը` թիվ 33651 զորամասի չորրորդ ՀԳ-ի հրամանատարը) և գնդի «զամպալիտ» մայոր Մայիլյանը ինչպես են Իվանի ավտոմեքենայով կանգնել կամրջից ձախ, երկու հոգու հանել են ավտոմեքենայի բեռնախցից, մեկին ջուրն են գցել կամրջի կողմից, իսկ մյուսին` շենքի կողմից: 2004 թվականի մարտի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին տեսել է, որ «սամովոլկա» գնալու համար Ռոմանին ու Հովսեփին հայհոյում ու ծեծում են Ղևոնդը («Մաճին») և Վահանը: Նրանց է մոտեցել «կամբատ» Իվանը և իմանալով, որ նրանց ծեծում են «սամովոլկա» գնալու համար, գետնից ինչ-որ բան է վերցրել (փայտ, թե երկաթ` չգիտի, մոտ 50 սմ երկարությամբ) և սկսել է երկուսին հարվածել: «Զամպալիտը» և Վահանը ծեծել են Ռոմանին, իսկ «կամբատը» և «Մաճին»` Հովսեփին: Ծեծից հետո նրանք ընկել ու չեն շարժվել: Հովսեփին ու Ռոմանին գցել են «Վիլիս» ավտոմեքենայի բեռնախուցը, իսկ երբ նկատել են իրեն (Արման Գրիգորյանին), հետները տարել են և ստիպել, որ նրանց հետ դիակները ջուրը նետի: «Կամբատը» իրեն զգուշացրել է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա իրեն կսպանի:

Հաջորդ օրը` 2004 թվականի մարտի 10-ին, Արման Գրիգորյանը որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք է տվել, որ Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին զորամասից դուրս` զորամասի պարսպի և Զոյայի խանութի մեջտեղը, մոտ 30 րոպե ծեծի են ենթարկել «կամբատ» Իվանն ու «զամպալիտ» Մայիլյանը, հետո ինչ-որ բան են գցել մեքենայի բեռնախուցն ու գնացել, որից հետո, թե ինչ է եղել, ինքը չի տեսել, իսկ սպանությանն իր մասնակից լինելու մասին հայտնել է, քանի որ վախեցել է քննիչից ու հորից:

Երկու օր անց` 2004 թվականի մարտի 12-ին, Արման Գրիգորյանը լրացուցիչ ցուցմունք է տվել, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին «օտբոյից» հետո Ռոմանին ու Հովսեփին ծեծելով սպանել են Վահե Հովհաննիսյանը, Ղևոնդ Եգորյանը, Երվանդ Պետրոսյանն ու Սամվել Պողոսյանը, իսկ «կամբատ» Իվանն ու «զամպալիտ» Մայիլյանը որևէ կապ չունեն սպանության հետ: Այս հարցաքննությունը նույնպես տեսաձայնագրված է:

Մեղադրյալ Արման Գրիգորյանի նկատմամբ 2004 թվականի մարտի 25-ին նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` նա փորձաքննության ընթացքում լարված է եղել, պատասխաններում ինչ-որ բան թաքցրել է, ասել է անորոշ բաներ, խուսափել է քրեական գործի վերաբերյալ կոնկրետ պատասխանից: Արման Գրիգորյանը մինչև զորակոչվելը և ներկայումս խրոնիկ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում:

2004 թվականի ապրիլի 27-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս նա հայտնել է, որ ինքը Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, այդ առթիվ նախկինում սուտ ցուցմունքներ է տվել, անմեղ մարդկանց զրպարտել, որի համար պատրաստ է քրեական պատասխանատվություն կրել: Գտնելով, որ Արման Գրիգորյանը որևէ մասնակցություն չի ունեցել Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի սպանությանը, քրեական հետապնդման մարմինը 2004 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնելու մասին: Նույն հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու համար:

ԼՂՀ ՊԲ 34153 զորամասի շարքային, 2002 թվականի հունիսին Արտաշատի զինկոմիսարիատի կողմից բանակ զորակոչված Հարություն Հակոբյանը` մականունը «Չախկալ», 2004 թվականի հունվարի 19-ին ինքնագլուխ թողել է զորամասը և գնացել Ստեփանակերտում ժամանակավորապես բնակվող ծնողների մոտ: Հաջորդ օրը` հունվարի 20-ին, նա բռնվել է զինոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ մոտ 1 ժամ պահվել է 2004 թվականի հունվարի 19-ին կալանավորված մեղադրյալ Սամվել Պողոսյանի և 33651 զորամասի շարքային Արթուր Ալեքսանյանի հետ` ժամանակավոր պահպանման կալանախցում:

Երկու օր անց` 2004 թվականի հունվարի 23-ին, Հարություն Հակոբյանը ցուցմունք է տվել և առերես պնդել, որ կալանախցում գտնվելու ընթացքում մինչ այդ անծանոթ Սամվել Պողոսյանը Արթուր Ալեքսանյանի ներկայությամբ իրեն պատմել է, որ իրենց զորամասի երկու զինծառայողներին սպանել են վեց հոգով` ինքը, Մաճին, Վահեն, Երոն, կիրովականցիներ Արթուրն ու Արմանը, որից հետո նրանց դիակները գցել են ջուրը: Թե' Սամվել Պողոսյանը և թե' Արթուր Ալեքսանյանը ժխտել են Հարություն Հակոբյանի ասածները և հայտնել, որ խոսակցությունը վերաբերել է նրան, որ Սամվել Պողոսյանն ու մյուսները կալանավորվել են Արման Գրիգորյանի սուտ ցուցմունքների հիման վրա այն մասին, թե իբր նա տեսել է, որ երկու զինվորներին սպանել են Սամվել Պողոսյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանն ու Ղևոնդ Եգորյանը, ինչը իրականությանը չի համապատասխանում:

2004 թվականի մայիսի 5-ին վկա Հարություն Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կալանախցում իրականում Սամվել Պողոսյանն իրեն ասել է, որ «իրենց վրա շառ է անում» Արման Գրիգորյանը, քանի որ զինվորների սպանությունից իրենք տեղյակ չեն, սակայն մտածելով, որ Սամվել Պողոսյանի հետ խոսելու և իրականությունը պարզելու նպատակով իրեն այդ կալանախուց ուղարկած զինոստիկանության աշխատակից Պողոս Մարտիրոսյանն իրեն չի հավատա, և նախկինում էլ ունեցած փախուստների համար կդատվի, որոշել է փախուստների համար ներվելու նպատակով ծառայություն մատուցել և սուտ ցուցմունք տալ, թե իբր Սամվել Պողոսյանն իրեն խոստովանել է, որ երկու զինվորների սպանությունները իրենք են կատարել: Քրեական հետապնդման մարմինը 2004 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել վկա Հարություն Հակոբյանի նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ սուտ ցուցմունք տալու համար քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

2004 թվականի ապրիլի 19-ին թիվ 33651 զորամասի հրամանատարի իրավական հարցերով օգնական Մնացական Ավագյանը հիշել է, որ երկու զինվորի անհետանալու հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ին, ջրանցքին կից շինության հատակից հայտնաբերել ու վերցրել է Կարեն Աղաբաբյանի կողմից ուղարկված ծրարը և դրել Մարտակերտի ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազոր Մանվել Մինասյանի ավտոմեքենայի պահախցիկը և մոռացել դրա մասին:

Մանվել Մինասյանից տեղեկանալով, որ ծրարը դեռևս ավտոմեքենայի պահախցիկում է, Մնացական Ավագյանն այն ներկայացրել է նախաքննության մարմնին: Այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդ ծրարը գտնվել է Գյումրի քաղաքից Ռազմիկ Սարգսյանին ուղարկված ծանրոցում, վերջինս հրավիրվել է հարցաքննության, որի ընթացքում խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի հետ ծանրոցի պատճառով վիճաբանել ու կռվել են Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի հետ: Այդ ընթացքում նրանց սպանել են և դիակները նետել ջրանցքը: Իր այդ ցուցմունքները նա պնդել է նաև Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Մ.Սերոբյանն ու Ա.Զալյանը ժխտել են Ռազմիկ Սարգսյանի հետ Ռոմանին և Հովսեփին սպանելու փաստը: Հետագայում` նախաքննության ընթացքում, Ռազմիկ Սարգսյանը հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից և հայտնել, որ ինչպես ինքը, այնպես էլ Մուսան ու Արայիկը որևէ առնչություն չունեն Ռոմանի և Հովսեփի սպանությանը: Ինչ վերաբերում է իր խոստովանական ցուցմունքներին, ապա նա դրանք տվել է իր նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կիրառած հոգեբանական և ֆիզիկական բռնության, խոշտանգումների արդյունքում:

Քրեական հետապնդման մարմինը, հիմնավորված համարելով, որ Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը, Ղևոնդ Եգորյանը և Սամվել Պետրոսյանը որևէ մասնակցություն չեն ունեցել Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի սպանությանը, 2004 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Վ.Հովհաննիսյանին, Ե.Պետրոսյանին և Ղ.Եգորյանին առաջադրված մեղադրանքից վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերը, իսկ Ս.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցրել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.

 

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատապարտյալ Ռազմիկ Սարգսյանը վճռաբեկ բողոքում նշել է, որ ամբողջությամբ բողոքարկում է անհիմն ու անօրինական դատավճիռները և միանում է իր պաշտպաններ Զարուհի Փոստանջյանի և Ստեփան Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքին:

Դատապարտյալ Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը, պաշտպաններ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Ոսկանյանը նույնաբովանդակ վճռաբեկ բողոքներում նշել են, որ սույն գործի քննության ժամանակ խախտվել են գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի և դրա ապահովման, ցուցմունք տալու պատասխանատվությունից ազատ լինելու սկզբունքները:

Անտեսվել են խոշտանգումների արգելման, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի դրույթները:

Դատապարտյալներ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը վկայի կարգավիճակով 5 օր` 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ը, զրկվել են ազատությունից, նրանք ենթարկվել են խոշտանգումների, բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, որի արդյունքում Ռազմիկ Սարգսյանից կորզվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք դրվել են դատապարտյալների մեղադրանքի հիմքում: Դիակների հայտնաբերման, դեպքի վայրի զննության արձանագրություններից և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության օրը, ժամը և վայրը իրականությանը չեն համապատասխանում: Նրանց դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել 2003 թվականի դեկտեմբերի 27-ին, իսկ Ռ.Եղիազարյանինը` դեկտեմբերի 28-ին, սակայն դատավճռով ընդունվել է, որ նրանք սպանվել են դեկտեմբերի 24-ին:

Բացի այդ, հաստատվել է, որ դատապարտյալները Գյումրի քաղաքից Ռազմիկ Սարգսյանին ուղարկված ծանրոցը վերցրել և դրա մեջ եղած սննդամթերքը ջրանցքի հարևանությամբ գտնվող շինությունում կերել են 2003 թվականի դեկտեմբերի 23-ին, հետևաբար այդ ծանրոցի համար հաջորդ օրը մարդ սպանել չէին կարող: Չնայած դեպքի վայր է դիտվել ջրանցքի մոտ գտնվող շինությունը, գործում եղած ապացույցները հաստատում են, որ դեպքի վայրը զորամասի պատի մոտ է, որտեղից օգնության կանչեր են լսել գործով հարցաքննված վկաները:

Բացի այդ, չնայած բազմաթիվ արյունահոսող վերքերի առկայությանը, այդ շինությունում արյան ոչ մի հետք չի հայտնաբերվել:

Չեն պարզվել տուժողների կողմից ոգելից խմիչք օգտագործելու հանգամանքները:

Գործում առկա են այլ անձանց կողմից Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու փաստեր, սակայն դատարաններն անտեսել են դրանք և այդ ուղղությամբ պատշաճ քննություն չեն կատարել:

Դատապարտյալներ Մ.Սերոբյանն ու Ա.Զալյանը, պաշտպաններ Զ.Փոստանջյանն ու Ս.Ոսկանյանը նշել են, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ. երեք երիտասարդ, որոնց մեղքը ապացուցված չէ, կդատապարտվեն ցմահ ազատազրկման, իսկ իրական հանցագործները, մնալով ազատության մեջ, կշարունակեն իրենց ոճրագործությունները: Ելնելով վերոգրյալներից` նրանք խնդրել են բեկանել Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները և նրանց արդարացնել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կ.Աղաջանյանը, ելնելով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, գործում առկա բազմաթիվ հակասություններից, վճռաբեկ բողոքում նշել է, որ սույն գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության սկզբունքների խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա: Արդյունքում Հ.Մկրտումյանի և Ռ.Եղիազարյանի սպանությունը կատարողները երկու դատավարության ընթացքում չեն մեղադրվել, սպանության իրական կատարողները գտնվում են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ: ՈՒստի խնդրել է բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2005 թվականի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 30.05.2006 թվականի դատավճիռները և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքներում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ դատապարտյալների և պաշտպանների բողոքները պետք է մերժել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Աղաջանյանի բողոքը` բավարարել, բեկանել Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության հետևյալ պատճառաբանությամբ.

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված` գործի արդարացի քննության սկզբունքը, չի ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չի պարզել ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող բոլոր հանգամանքները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինները չեն կատարել նույն հոդվածի 4-րդ մասի պահանջները, այն է` մանրակրկիտ ստուգել գործով ամբաստանյալների, նրանց պաշտպանների հայտարարություններն իրենց անմեղության, ամբաստանյալներին արդարացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները:

Դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն` մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում հետազոտված փաստական տվյալներով, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, եթե գործով ուսումնասիրվել են ծագած բոլոր վարկածները, իսկ տեղ գտած հակասությունները պարզվել և գնահատվել են:

Դատավճիռ կայացնելիս դատարանները կոպիտ կերպով խախտել են դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, որի 3-րդ մասի համաձայն` դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար, և դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի պահանջն այն մասին, որ դատարանը պարտավոր է գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն այն մասին, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել դատավճիռը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, եթե թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, և որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը բեկանում է դատավճիռը` գործը նոր նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, և որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածը սահմանում է, որ միայն ապացույցների հիման վրա են հաստատվում դեպքն ու հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն), մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու մեջ, հանցագործության կատարման շարժառիթը, այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները: Սակայն սույն գործով հանցագործության կատարման ժամանակի, տեղի և շարժառիթի հետ կապված դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները չեն համապատասխանում նախաքննությամբ հավաքված և դատարանում հետազոտված ապացույցներին:

Մասնավորապես, սույն գործով առկա են հետևյալ խախտումները, թերությունները և հակասությունները:

 

1. Հանցագործության կատարման ժամանակին վերաբերող հարցեր.

 

Նախաքննության մարմինը և դատարանները հաստատված են համարել, որ`

1) տուժողներ Հ.Մկրտումյանն ու Ռ.Եղիազարյանը 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում, դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել.

2) այդ օրը` ժամը 21-ի սահմաններում, տանից ստացած ծանրոցում եղած սննդամթերքը գաղտնի ուտելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել ամբաստանյալ Ռ.Սարգսյանի և տուժող Ռ.Եղիազարյանի միջև: Վերջինս պահանջել է իրեն տալ տանից ստացած ծանրոցը, Ռ.Սարգսյանը հրաժարվել է, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք.

3) ամբաստանյալներ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը սպանել են տուժողներ Հ.Մկրտումյանին ու Ռ.Եղիազարյանին և նրանց դիակները նետել ջուրը:

Ծանրոցի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում տուժողների սպանությունը 2003 թվականի դեկտեմբերի 24-ին կատարված լինելու մասին վարկածի համար հիմք է հանդիսացել գործով վկա Սիրանուշ Մուրադյանի 2004 թվականի ապրիլի 20-ի ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից եկել է Մատաղիս` այնտեղ ծառայող իր որդուն տեսնելու համար: Իր հետ համերկրացի զինվոր Ռազմիկ Սարգսյանի համար ծանրոց է բերել, որը թողել է Վահան Մկրտչյանի մոտ, և իր որդուն տեսնելուց հետո` հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ին, վերադարձել է Գյումրի (հ. 7, գ.թ. 80-82):

Նախաքննության մարմինն ընդունել է, որ այդ նույն օրը Վահան Մկրտչյանի մոտից ծանրոցը վերցնելուց հետո` ժամը 21:00-ի սահմաններում, ջրանցքի մոտ գտնվող կիսակառույցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ամբաստանյալներ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը սպանել են երկու տուժողներին: Ընդ որում, Ռ.Սարգսյանը նույնպես իր ցուցմունքում ընդունել է, որ Արկադի Մուրադյանի ծնողների գալու օրը` դեկտեմբերի 24-ին, երեքով գնացել են Վահան Մկրտչյանի մոտ և վերցրել իրեն ուղարկված ծանրոցը (հ. 7, գ.թ. 89-91):

Մուսա Սերոբյանը 2004 թվականի ապրիլի 21-ին տված իր ցուցմունքում նշել է, որ Ա.Զալյանի և Ռ.Սարգսյանի հետ գնացել է ԿՍ-ներ` վերջինիս համար ուղարկված և Արկադի Մուրադյանի ծնողների կողմից Վահան Մկրտչյանի մոտ թողնված ծանրոցը վերցնելու: Վահան Մկրտչյանն իրենց ասել է, որ Արկադի Մուրադյանի ծնողները հենց այդ օրն էին ծանրոցը բերել, թողել իր մոտ և գնացել հոսպիտալ` Արկադիին տեսնելու: Ընդ որում, նա ցուցմունքում նշել է, որ Ռազմիկի ծնողները մեկ անգամ են տանից ուտելիք ուղարկել, դա եղել է նոր տարվա մոտերը, և օրը հիմա չի կարող հիշել (հ. 7, գ.թ. 93):

Այսպիսով, Մուսա Սերոբյանը, չհիշելով ծանրոցը վերցնելու կոնկրետ օրը, վկայակոչել է Վահան Մկրտչյանի ասածն այն մասին, որ Արկադի Մուրադյանի ծնողների եկած օրն են իրենք ծանրոցը վերցրել Վահանի մոտից:

Քանի որ Արկադիի մոր` Սիրանուշ Մուրադյանի ցուցմունքով ծանրոցը բերելու օրը եղել է 2003 թվականի դեկտեմբերի 24-ը, այդ փաստն ընդունվել է նախաքննության մարմնի կողմից:

Գործով վկա Վահան Մկրտչյանը 2004 թվականի հունիսի 20-ին և 21-ին ցուցմունքներ է տվել (որոնք պնդել է նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում) այն մասին, որ 2003 թվականի դեկտեմբերի 20-ից հետո (կոնկրետ օր չի նշում)` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, եկել են Արկադիի ծնողները, որոնք իր մոտ են մնացել մոտ 20 րոպե, իրեն են տվել Ռազմիկ Սարգսյանի ծնողների ուղարկած ծանրոցը` նրան հանձնելու համար և գնացել են:

Նույն օրը` մոտ 2 ժամ անց` 20:30-ից 22:00-ի սահմաններում, Ռազմիկը Մուսայի և էլի մեկ տղայի հետ եկել ու տարել է ծանրոցը: Այդ օրն ինքը հերթապահել է մարտկոցում, ծանրոցը բերելու օրը պատասխանատուն եղել է կամ ավագ լեյտենանտ Գրիգորյանը, կամ կապիտան Ծատուրյանը: Երբ Արկադիի ծնողները եկել են, ինքը բլինդաժում հանգստանալիս է եղել` վերակարգն ընդունելու համար: Արկադիի ծնողներն իրեն են տվել 2 ծանրոց` մեկն իր համար, մյուսը` Ռազմիկի:

Նույն օրը, երբ եկել են Արկադիի ծնողներն ու թողել ծանրոցները, ինքը հերթապահել է, և հենց այդ օրը Ռազմիկը Մուսայի և մեկ այլ տղայի հետ եկել ու տարել է ծանրոցը (հ. 10, գ.թ. 67-70, 115-118, հ. 15, գ.թ. 114-115):

Ինչպես երևում է հերթապահության մատյանների զննում կատարելու վերաբերյալ 20.06.04 թվականի արձանագրությունից, մատյանի 38-րդ թերթում գրանցված են 2003 թվականի դեկտեմբերի 20-ի, 21-ի, 22-ի, 23-ի և 24-ի հրահանգավորման տվյալները: Ըստ այդ մատյանի` սերժանտ Վահան Մկրտչյանը ԿՍ-19 ստորաբաժանման հերթապահության համար հրահանգավորվել է 2003 թվականի դեկտեմբերի 23-ին: Հրահանգավորումը կատարել է կապիտան Էդիկ Շահբազյանը: Հրահանգավորվել են նաև կրտսեր սերժանտ Տարոն Փիլոյանը, շարքայիններ Սերգեյ Գալստյանը և Արտյոմ Ադյանը: Մատյանի զննությանը մասնակցած ավագ լեյտենանտ Սարգիս Գրիգորյանը հայտարարել է, որ հրահանգավորումը կատարվում է տվյալ օրը` ժամը 18:00-ին, և ժամը 19:00-ից զինծառայողներն անցնում են հերթապահության:

Զննությամբ պարզվել է, որ Վահան Մկրտչյանը հրահանգավորվել է նաև դեկտեմբերի 19-ին, 21-ին, 27-ին և 30-ին: Ըստ նույն արձանագրության` Վահան Մկրտչյանը վերակարգում է գտնվել դեկտեմբերի 11-ին, 16-ին, 19-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 27-ին և 30-ին (հ.10, գ.թ. 73-74):

Այսպիսով, մատյանների զննումից երևում է, որ Վահան Մկրտչյանը դեկտեմբերի 24-ին չի հրահանգավորվել և չի հերթապահել:

Ինչպես երևում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի «Զաբուղ» անցագրային կետում մեքենաների շարժի գրանցման մատյանից, «Վազ-2106» մակնիշի 45 OU 047 պետհամարանիշի ավտոմեքենան, որով Ղարաբաղ են գնացել Արկադիի ծնողները, Ստեփանակերտի ուղղությամբ անցել է 2003 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 03:30-ին, և վերադարձել է դեկտեմբերի 24-ին` ժամը 15:55-ին (հ.10, գ.թ. 123-153):

Այս փաստը 2004 թվականի հունիսի 22-ին հայտնի է դարձել նախաքննության մարմնին, որը սակայն պատշաճ գնահատական չի տվել գործի` վերը շարադրված փաստական հանգամանքներին (մասնավորապես, Արկադիի ծնողների գալու օրը, Վահան Մկրտչյանի հերթապահելու օրը), և չունենալով այլ ապացույցներ, որոնք հիմնավորում են ծանրոցը ամբաստանյալների կողմից ոչ թե Արկադիի ծնողների գալու օրը` դեկտեմբերի 23-ին, այլ հաջորդ օրը` դեկտեմբերի 24-ին, վերցնելու փաստը, հանգել է նման հետևության, որ ծանրոցը ստացվել և վերցվել է դեկտեմբերի 24-ին:

Ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա են ապացույցներ, որոնք ծանրոցը վերցնելու օրը կապում են ոչ թե կոնկրետ ամսաթվի, այլ իրադարձության` Արկադիի ծնողների գալու հետ: Այսպես` 2004 թվականի ապրիլի 21-ին, ընդունելով, որ ծանրոցը վերցրել է դեկտեմբերի 24-ին, Ռ.Սարգսյանը նշել է, որ դա այն օրն էր, երբ Արկադիի ծնողները եկել էին Մատաղիս:

Մուսա Սերոբյանը նույնպես 2004 թվականի ապրիլի 21-ին տված ցուցմունքում նշել է, որ ծանրոցը վերցնելու օրը չի հիշում, սակայն դա այդ նույն օրն էր, երբ եկել էին Արկադիի ծնողները: Այսինքն` նա ծանրոցը վերցնելու օրը կապում է ոչ թե դեկտեմբերի 23-ի կամ 24-ի հետ, այլ Արկադիի ծնողների գալու օրվա հետ:

Ակնհայտ է, որ 2004 թվականի ապրիլ ամսին ինչպես Ռազմիկ Սարգսյանը, այնպես էլ Մուսա Սերոբյանը չէին կարող իմանալ, որ 2004 թվականի հունիսի 22-ին, այսինքն` իրենց տված ցուցմունքից 2 ամիս անց պետք է պարզվեր, որ Արկադիի ծնողները Մատաղիս են եկել ոչ թե դեկտեմբերի 24-ին, այլ 23-ին:

Նույն կերպ Վահան Մկրտչյանը ծանրոցն ստանալու և Ռ.Սարգսյանին հանձնելու օրը կապում է ինչպես Արկադիի ծնողների գալու, այնպես էլ իր հերթապահության հետ: Իսկ գործի նյութերից երևում է, որ այդ օրը դեկտեմբերի 23-ն է:

Գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինն ու վերաքննիչ դատարանը երկակի վերաբերմունք են դրսևորել Վահան Մկրտչյանի ցուցմունքների նկատմամբ: Մասնավորապես, երբ Վահան Մկրտչյանը ժխտել է մինչև ծանրոցը վերցնելը Ռազմիկ Սարգսյանի` իրեն զանգահարելու փաստը, նախաքննության մարմինն ու դատարանը դա համարել են արժանահավատ: Միաժամանակ նույն ցուցմունքի այն մասը, թե ամբաստանյալները ծանրոցը վերցրել են Արկադիի ծնողների գալու օրը, համարել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ Վահան Մկրտչյանը շուրջ 3 ամիս կորցրած է եղել հիշողությունը:

Այսպիսով, «հիշողությունը կորցրած» վկայի ցուցմունքի մի մասը համարվել է արժանահավատ, իսկ մյուս մասը` անարժանահավատ: Նախաքննության մարմինն ու դատարանը, հանգելով նման հետևության, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, համաձայն որի` քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող են հաստատվել` միայն որպես ապացույց ստանալով և հետազոտելով դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունն այն վկայի վերաբերյալ, որն ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործի փաստերը: Նկատի ունենալով, որ ծանրոցը վերցնելու հետ անմիջական առնչություն են ունեցել Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը, Վահան Մկրտչյանը, և վերջինիս ցուցմունքները կարևոր նշանակություն ունեն գործի համար, նոր նախաքննությամբ անհրաժեշտ է ստուգել Վահան Մկրտչյանի ցուցմունքներում նշված փաստարկները, հետազոտել մատյանների զննում կատարելու վերաբերյալ 2004 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը, հարցաքննել այնտեղ նշված զինծառայողներին, Վահան Մկրտչյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն և ձեռք բերած տվյալների հիման վրա հանգել համապատասխան հետևությունների, ինչպես նաև հանգել եզրակացության այն մասին, թե այն ծանրոցը, որը, ըստ նախաքննության վարկածի, առիթ է հանդիսացել տուժողների և մեղադրյալների միջև առաջացած վիճաբանության և տուժողների սպանության, արդյո՞ք ստացվել և օգտագործվել է դեկտեմբերի 24-ին (ինչպես ընդունել են նախաքննության մարմինը և դատարանները), թե դեկտեմբերի 23-ին (մինչև սպանության կատարումը):

 

2. Տուժողների մահվան օրվա հետ կապված հարցեր.

 

Գործով հաստատված է համարվել, որ ամբաստանյալներ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը տուժողներ Ռ.Եղիազարյանին և Հ.Մկրտումյանին 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 2100-ի սահմաններում, սպանել են Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում և կատարվածը որպես դժբախտ պատահար ներկայացնելու, կատարվածի հետքերը թաքցնելու նպատակով նույն օրը նրանց դիակները գցել են հարակից ջրանցքը:

Հ.Մկրտումյանի և Ռ.Եղիազարյանի մահվան պատճառը, ժամանակը, մեխանիզմը, վաղեմությունը և մի շարք այլ հարցեր պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 34/2 եզրակացության համաձայն` Հ.Մկրտումյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, թոքերի արյունազեղումից, որը հետևանք է գլխի, կրծքավանդակի համակցված փակ, բութ վնասվածքի:

Ըստ նշված փորձաքննության եզրակացության` Հ.Մկրտումյանի դիակի ուշ դիակային փոփոխությունների զարգացվածության աստիճանից կարելի է ենթադրել, որ նրա մահը վրա է հասել դիահերձումից ոչ պակաս, քան մոտ 1-2 օր և ավելի առաջ (հ.3, գ.թ. 102-104): Ռ.Եղիազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 35/3 եզրակացության համաձայն` նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ: Հաշվի առնելով ուշ դիակային փոփոխությունների զարգացվածության, ինչպես նաև դիակի` ջրում գտնվելու նշանների արտահայտվածությունների աստիճանները` կարելի է ենթադրել, որ Ռ.Եղիազարյանի մահը վրա է հասել փորձաքննությունից ավելի քան 10-14 օր առաջ (հ.3, գ.թ.108-112):

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 16 և 17 եզրակացությունների համաձայն` ելնելով ուշ դիակային փոփոխությունների արտահայտվածությունների աստիճաններից` պետք է ենթադրել, որ Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի մահը վրա է հասել դիակը դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց մոտ 1-2 շաբաթ առաջ: Նշված է նաև, որ նկատի ունենալով դիակների դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված դիակային փոփոխությունները, ինչպես նաև հեղուկ միջավայրի մոտավոր ջերմաստիճանը` կարելի է ենթադրել, որ Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի դիակները ջրի մեջ են գտնվել մոտ 1-2 շաբաթ (հ.8, գ.թ. 97-99, 100-101):

Դատաբժշկական փորձաքննությունների թիվ 34/2 և 35/3 եզրակացություններից երևում է, որ Հ.Մկրտումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն սկսվել է 2004 թվականի հունվարի 10-ին (հ.3, գ.թ. 102), իսկ Ռ.Եղիազարյանի դիակինը` 2004 թվականի հունվարի 11-ին (հ.3, գ.թ. 108): Քանի որ նրանց մահը վրա է հասել դիակների դատաբժշկական փորձաքննություն կատարելուց մոտ 1-2 շաբաթ առաջ, ապա նույնիսկ առավելագույն հաշվարկով (14 օր) Հ.Մկրտումյանի մահը պետք է վրա հասներ 2003 թվականի դեկտեմբերի 27-ին, իսկ Ռ.Եղիազարյանինը` դեկտեմբերի 28-ին:

Առաջին ատյանի դատարանում հարցաքննված փորձագետ Գ.Հարությունյանը պարզաբանել է, որ 1-2 շաբաթ ասելով` ի նկատի են ունեցել 7-14 օր: Իրենք եզրակացության մեջ նշել են 1-2 շաբաթ, քանի որ օրերով հստակ որոշելն անհնար է, կարող են օրերի մեջ սխալվել (հ. 15, գ.թ. 169-171):

Փորձագետ Գ.Հարությունյանը նաև նշել է, որ ելնելով ջրի ջերմաստիճանից, հնարավոր է, որ 1-2 շաբաթը լինի 14 օրից մեկ օր ավել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձագետի նման պարզաբանումը չի բխում դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից, որտեղ հաշվի է առնվել նաև ջրի ջերմաստիճանը և 1-2 շաբաթը նշվել է հստակ:

Բացի այդ, փորձագետի տվյալ պարզաբանումը գնահատելիս պետք է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:

Վերաքննիչ դատարանը, ունենալով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններում, ինչպես նաև փորձագետների հարցաքննության արդյունքում հստակ ուրվագծված 1-2 շաբաթվա ժամկետը, փորձագետի վերը նշված պարզաբանումից արել է անհիմն հետևություն այն մասին, որ «1-2 շաբաթ ասելով կարող են օրերի մեջ սխալվել» (հ. 18, գ.թ. 171):

Փաստորեն, ընդունելով, որ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը Ռոմանին ու Հովսեփին սպանել են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, վերաքննիչ դատարանն արել է դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա չհիմնված և Հովսեփ Մկրտումյանի ու Ռոման Եղիազարյանի դիակների հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին և դրանք պարզաբանող ու հստակեցնող փորձագետի ցուցմունքներին ակնհայտորեն հակասող հետևություն այն մասին, որ տուժողների մահը վրա է հասել 17-րդ կամ 18-րդ օրը: Մինչդեռ ակնհայտ է, որ 17-18 օրը չի համապատասխանում փորձաքննության տվյալներով արձանագրված 1-2 շաբաթ ժամանակահատվածին:

Այդ մասին է վկայում նաև առաջին ատյանի դատարանում փորձագետ Գ.Հարությունյանի տված պարզաբանումն այն մասին, որ եթե այդ ժամկետը 2 շաբաթից անցնի, երրորդն իրենք ստույգ ասել չեն կարող (հ. 15, գ.թ. 171): Այսինքն` փորձագետը բացառել է 2 շաբաթից ավել ժամկետի գոյության հնարավորությունը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններում նշված` տուժողներ Հ.Մկրտումյանի և Ռ.Եղիազարյանի մահը վրա հասնելու և նրանց դիակները ջրի մեջ գտնվելու 1-2 շաբաթվա ժամկետի և գործով հաստատված այլ փաստական հանգամանքների միջև առաջացած հակասությունները նախաքննության մարմնի և դատարանների կողմից չեն պարզվել, չեն հերքվել, և այդ եզրակացությունները դրվել են դատավճռի հիմքում:

Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պատշաճ գնահատության ենթարկել դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները` դրանք համադրելով գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, և այդ ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում գալ համապատասխան եզրակացության տուժողների մահվան վրա հասնելու ժամանակահատվածի հարցում:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.12.2006
N ՎԲ-176/06
Որոշում