Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով           Քրեական գործ ՎԲ-176/06

վերաքննիչ դատարանի դատավճիռ

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Մ.Արղամանյան

դատավորներ` Ա.Դանիելյան, Ա.Պողոսյան

քրեական գործ N Զ-4-386/06

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    22 դեկտեմբերի 2006 թվական                   ք. Երևան

                               (2-րդ մաս)

 

3. Հանցագործության դեպքի վայրի (կատարման տեղի) հետ կապված հարցեր.

 

3.1 Նախաքննության մարմինը և դատարանները, հետազոտելով ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի, գործով վկաներ Էդիկ, Մարետա, Մարուսյա և Մարինե Հարությունյանների, Կարինե Գևորգյանի, Ալեքսան Հայրապետյանի, Սերյոժա Սահակյանի ցուցմունքները, դեպքի վայրի զննության արձանագրությունը, իրեղեն ապացույց ճանաչված գարեջրի շիշն ու խտացրած կաթի տուփը, հանգել են հետևության, որ ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի և տուժողներ Հ.Մկրտումյանի ու Ռ.Եղիազարյանի միջև վիճաբանությունը, կռիվը, ծեծկռտուքը տեղի են ունեցել Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, որտեղ էլ վերջիններս սպանվել են:

Սակայն դատավճռից երևում է, որ հանցագործության վայրի վերաբերյալ դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին: Այսպես` նախաքննության սկզբում Ռազմիկ Սարգսյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ այդ շինությունում իրենք երեքով վիճաբանել ու կռվել են Ռոմանի և Հովսեփի հետ, ծեծել են նրանց, որի հետևանքով վերջիններս մահացել են: Նա նշել է, որ ծեծվելու ընթացքում տուժողների կողմից օգնության կանչեր չեն եղել: Հետագայում նա հրաժարվել է իր այդ ցուցմունքներից` նշելով, որ դրանք տվել է բռնության և սպառնալիքի ազդեցության տակ:

Վկա Մարուսյա Հարությունյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի ուղղությունից սարսափելի բղավոց է լսել: Հայրը նստել է իր մեքենան և գնացել զորամաս: Նրա գնալուց քիչ անց նույն ուղղությունից լսել է «վա՛խ, մամա՛ ջան» և «օգնեցե՛ք» բղավոցները: Հաջորդ օրը դպրոցում իր դասղեկ Կարինե Գևորգյանից իմանալով, որ մի զինվոր է անհետացել զորամասից, նրան պատմել է, որ նախորդ երեկոյան բղավոցներ և օգնության կանչեր է լսել (հ. 1, գ. թ. 77-78, հ. 6, գ.թ. 19-22): Վկա Կարինե Գևորգյանը նույնպես ցուցմունք է տվել, որ իր աշակերտուհի Մարուսյան պատմել է, որ գիշերը գնդի պարսպի մոտ զինվոր են ծեծել (հ. 1, գ.թ. 79-83): Առերես հարցաքննված Կարինե Գևորգյանը և Մարուսյա Հարությունյանը պնդել են իրենց ցուցմունքները (հ. 1, գ.թ. 94-96):

Վկա Էդիկ Հարությունյանը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի ուղղությունից սարսափելի բղավոց է լսել, ինչ-որ մեկը գոռացել է «վա՛խ»: Քանի որ որդին այդ օրը խմած է վերադարձել զորամաս, դրա համար ինքը նստել է իր ավտոմեքենան և գնացել է այնտեղ (հ. 1, գ. թ. 85-87, հ. 6, գ. թ. 23-28):

Վկա Մարետա Հարությունյանը ցուցմունք է տվել, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 21:15-ի սահմաններում, զորամասի կողմից լսել է բարձր բղավոց` «վա՛յ, վա՛յ, մամա»: Մոտ 2 րոպե անց նորից նույն տեղից լսել է «վա՛յ, մամա, օգնեցե՛ք» ձայնը: Այդ ձայները լսվում էին զորամասի զուգարանի կողմից (հ. 1, գ. թ. 168-172, հ. 2, գ.թ. 48-49):

Վկա Մարինե Հարությունյանը նույնպես ցուցմունք է տվել, որ ժամը 20:30-ից հետո է եղել, երբ զորամասի զուգարանի կողմից լսել է բղավոց` «վա՛յ, մամա ջան»: Առաջին բղավոցից հետո հայրը` Էդիկ Հարությունյանը, գնացել է դեպի զորամաս, իսկ մայրն ու քույրը դուրս են եկել: Նորից մի քանի անգամ լսել է «վա՛յ, մամա ջան», հետո` «օգնեցե՛ք» բառերը (հ. 1, գ. թ. 173-174):

Վերը նշված վկաները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև առաջին ատյանի դատարանում:

Մարուսյա Հարությունյանը պնդել է, որ լսել է օգնության կանչեր, հստակ լսել է բառերը, որոնք եկել են զորամասի ուղղությունից (հ. 15, գ. թ. 157-158):

Մարետա Հարությունյանը նույնպես հայտնել է, որ լսել է օգնության կանչեր, որոնք եկել են զորամասի կողմից, իսկ պաշտպանի հարցին պատասխանել է. «Այդ ձայները ավելի հեռվից էին գալիս, քան շինությունը: Ըստ ինձ` զորամասի կողմից էին գալիս» (հ. 15, գ. թ. 158-160):

Էդիկ Հարությունյանը ցուցմունք է տվել, որ լսել է «վա՛խ, մամա» ձայնը, որը գալիս էր հեռվից` զորամասի կողմից, իսկ պաշտպանի հարցին պատասխանել է, որ հնարավոր չէ, որ ձայները շինությունից լինեին, դրանք լսվել են զորամասի մոտից (հ. 15, գ. թ. 160-163):

Գործով վկա Ալեքսանդր Հայրապետյանը նախաքննության ընթացքում և առաջին ատյանի դատարանում ցուցմունքներ է տվել, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 20:30-ից 21:00-ի սահմաններում, ջրանցքի կամրջի վրա հանդիպել է խանութի Էդոյի աղջկան ու կնոջը, վերջինս «վա՛յ, վա՛յ» է արել ու ցույց տալով Զոյայի խանութի կողմը` ասել, որ այնտեղից օգնություն են կանչում, կարող է իր տղան էլ այնտեղ է (հ. 2, գ. թ. 136-139, 140-142, հ. 3 գ. թ. 66-68, 81-83, հ. 7, գ.թ. 10-14, հ. 15, գ.թ. 145-146):

Զոյայի խանութի մոտից «մամա՛ ջան» բարձր գոռոց լսելու մասին իր ցուցմունքներում հայտնել է նաև գործով վկա Սերյոժա Սահակյանը (հ. 3, գ. թ. 77-78, հ. 8, գ.թ. 229-232, հ. 15, գ.թ. 152-153):

Փաստորեն, դուռ ու ապակիներ չունեցող պատուհաններով շինությանը մոտ գտնված նշված բոլոր վկաները հաստատել են, որ օգնության կանչերը լսվել են զորամասի մոտից` զորամասի մոտ գտնվող Զոյայի խանութի կողմից:

Այդ ձայները լսած վկաներից ոչ մեկը երբևիցե չի հայտնել, որ դրանք լսվել են ջրանցքի մոտի շինությունից:

Ընդհակառակը, Էդիկ Հարությունյանը հստակ նշել է, որ այդ ձայները հնարավոր չէ, որ շինությունից լինեին, դրանք լսվել են զորամասի մոտից: Այդ մասին է վկայում նաև Էդիկ Հարությունյանի վարքագիծը. ոգելից խմիչք օգտագործած վիճակում տանից դուրս եկած զինվոր որդու ճակատագրով մտահոգված, անհանգստացած հայրն ավտոմեքենայով շտապել է զորամաս, որտեղից լսել է օգնության կանչերը, այլ ոչ թե խանութից քիչ հեռու գտնվող շինություն:

Նույնը վերաբերում է նաև կամրջի վրա կանգնած, շինությունից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող նրա կնոջն ու աղջկան, որոնք պնդել են, որ օգնության կանչերը լսել են ոչ թե շինությունից, այլ զորամասի կողմից:

Չանդրադառնալով և չվերլուծելով վերը նշված հանգամանքները, գործով վկաներ Էդիկ, Մարետա, Մարուսյա և Մարինե Հարությունյանների, Կարինե Գևորգյանի, Ալեքսան Հարությունյանի, Սերյոժա Սահակյանի ցուցմունքներն` վերաքննիչ դատարանը հաստատված է համարել հետևյալը. «24.12.2003 թվականին` ժամը 21:00-ի սահմաններում, Մատաղիս գյուղի ջրանցքի շրջակայքում օգնության կանչեր են լսվել, որոնք սակայն զորամասի տարածքում լսելի չեն եղել, ինչը բացատրվում է նրանով, որ ջրանցքի շինությունը Էդիկ Հարությունյանի խանութից գտնվում է 50-60 մետր հեռավորության վրա, իսկ զորամասից այն գտնվում է մոտ 100-150 մետր ներքև և բացի այդ, շինության բաց պատուհաններն ու դուռը նայում են հենց գյուղի կողմը, իսկ զորամասի կողմից երևում է միայն փակ պատը»:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը խախտել է դատավճռի հիմնավորվածության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, քանի որ դատավճռի հետևությունները հիմնված չեն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, և դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին:

Գործի համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները ստուգելու և ճշտելու նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն, դրա արդյունքները համադրել համապատասխան վկաների ցուցմունքների հետ, ինչպես նաև կատարել այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ` նշված հակասությունները բացահայտելու և օբյեկտիվ իրականությունը պարզելու նպատակով:

3.2 Դատավճռով հաստատված է համարվել, որ շինության ներսում ամբաստանյալները ծեծել և առանձին դաժանությամբ սպանել են Հ.Մկրտումյանին և Ռ.Եղիազարյանին, ինչի ապացույց են նրանց վրա առկա բազմաթիվ մարմնական վնասվածքները: Սակայն, ըստ գործի նյութերի, շինության ներսում չի հայտնաբերվել և արձանագրվել այնտեղ տեղի ունեցած պայքարի փաստը հաստատող որևէ հետք:

Մինչդեռ գործում առկա փաստական տվյալներն այլ բան են վկայում: Այսպես` դեպքի վայրի զննության արձանագրությունից երևում է, որ 2004 թվականի հունվարի 9-ին ջրանցքից հանված Հ.Մկրտումյանի դիակի դեմքի վրա եղել են արնանման հեղուկի հետքեր (հ. 1, գ.թ. 25-27): Իսկ Հ.Մկրտումյանի դիակի զննության արձանագրության համաձայն` նրա արտաքին շնչական ուղիներում աջից և ձախից կա վարդագույն հեղուկ արտադրություն (հ. 1, գ.թ. 29-31):

Գործով վկա, թիվ 33651 զինվորական մասի հրամանատար Միքայել Արզումանյանն իր ցուցմունքում նշել է, որ ջրից հանված Հովսեփ Մկրտումյանի դիակին նայելով` տեսել է, որ «քթից հոսած արյան հետք կար» (հ. 6, գ.թ. 184):

Փաստորեն, 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ջրանցքի մոտի շինությունում սպանված, շուրջ 1-2 շաբաթ ջրում մնացած և 2004 թվականի հունվարի 9-ին ջրից հանված Հովսեփ Մկրտումյանի դիակի դեմքի վրա եղել են արնանման հեղուկի հետքեր, արտաքին շնչական ուղիներում աջից և ձախից եղել է վարդագույն հեղուկ արտադրություն, սակայն դեպքի վայր շինությունում, որտեղ դաժան ծեծից հետո մոտ 1 ժամ մնացել են դիակները, արյան որևէ հետք չի հայտնաբերվել ինչպես դեկտեմբերի 25-ին շինությունում եղած Գևորգ Գրիգորյանի և Մնացական Ավագյանի կողմից, այնպես էլ 2004 թվականի հունվարի 9-ի դեպքի վայրի զննությամբ:

Այս հանգամանքը նախաքննության մարմնի և դատարանների կողմից գնահատման չի արժանացել:

3.3 Բացի այդ, 2004 թվականի հունվարի 9-ին որպես դեպքի վայր զննված ջրամբարի մոտ գտնվող շենքում հայտնաբերվել է «Կոտայք» գարեջրի դատարկ շիշ, որը ճանաչվել է իրեղեն ապացույց` կապված այն բանի հետ, որ դեկտեմբերի 24-ին, երբ Ռ.Եղիազարյանը մտել է նշված շինությունը, գարեջրի շիշը գտնվել է նրա ձեռքին: Այս եզրահանգման հիմքում դրվել են ամբաստանյալ Ռ.Սարգսյանի հակասական խոստովանական ցուցմունքները, որոնցից նա հետագայում հրաժարվել է: Գործի նյութերով չի հիմնավորվել, որ գարեջրի շիշը շինությունում է հայտնվել հենց դեկտեմբերի 24-ին և առնչություն ունի դեպքին: Նախաքննության մարմինը և դատարաններն այդ ուղղությամբ պատշաճ քննություն չեն իրականացրել:

Մասնավորապես, նրանց կողմից գնահատման չի ենթարկվել գործով վկա Գևորգ Գրիգորյանի ցուցմունքն այն մասին, որ 2003 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան մտել է այդ շինությունը, բայց այնտեղ գարեջրի շիշ չի եղել (հ. 3, գ.թ. 84-86, հ. 5, գ.թ. 181-187, հ. 15, գ.թ. 109-113): Գևորգ Գրիգորյանի այս ցուցմունքը չի հետազոտվել և չի գնահատվել:

Նախաքննության մարմինը ոչ մի միջոց չի ձեռնարկել պարզելու, թե որտեղից է գարեջրի շիշը (որի վրա համեմատական հետազոտության համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել) հայտնվել Ռոման Եղիազարյանի մոտ, և ընդհանրապես նրա ձեռքին շիշ եղե՞լ է, թե ոչ:

Առանց հաշվի առնելու նշված հանգամանքները` դատարանները հաստատված են համարել, որ Ռոման Եղիազարյանի ձեռքին դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում, եղել է գարեջրի շիշ, որը հայտնաբերվել է դեպքի վայր հանդիսացող շինությունում և ճանաչվել իրեղեն ապացույց:

Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե երբ, որտեղից և ինչ հանգամանքներում է գարեջրի շիշը հայտնվել շինությունում, և ինչ առնչություն ունի այն հանցագործության դեպքին:

3.4 Հանցագործության դեպքի վայրը (կատարման տեղը) պարզելու համար էական նշանակություն ունի նաև տուժողների դիակները հայտնաբերելու վայրի և դրա հետ կապված գործի փաստական այլ հանգամանքների միջև առկա հակասությունները բացահայտելու և պարզելու անհրաժեշտությունը:

Դեպքի վայրի զննության 09.01.2004 թվականի արձանագրությունից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի դիակը հայտնաբերվել է կամրջից դեպի ջրաչափի շինությունը` մոտ 3 մետր հեռավորության վրա (հ. 1, գ.թ. 25-28), իսկ դեպքի վայրի զննության 10.01.2004 թվականի արձանագրության համաձայն` Ռոման Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է կամրջի տակից` եզրից 2 մետր դեպի խորքը (հ. 1, գ.թ. 58-60):

Ըստ նախաքննության վարկածի, որը բացառապես հիմնված է Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա (որոնցից նա հետագայում հրաժարվել է), սպանելուց հետո մեղադրյալները սկզբում ջուրն են գցել Ռոմանին, հետո` Հովսեփին:

Քննիչի հարցին, թե ում են կամրջին ավելի մոտ գցել, Ռ.Սարգսյանը պատասխանել է, որ Հովսեփին գցել են կամրջի և շինության մեջտեղից, իսկ Ռոմանին` շինության մոտից: Քանի որ նրա ցուցմունքներն ակնհայտորեն հակասել են դեպքի վայրի զննության արձանագրություններին, քննիչը Ռ.Սարգսյանին հայտնել է, որ դիակները հայտնաբերվել են «նրա նշած տեղից հակառակ» (հ. 7, գ.թ. 217-222): Գործի համար նշանակություն ունեցող այդ տվյալները ստուգելու և ճշտելու նպատակով կատարված քննչական փորձարարության ժամանակ Ռ.Սարգսյանը ցույց է տվել և հայտնել, որ սկզբում Ռոմանին են գցել ջուրը: Շինության պատի և ջրանցքի միջև առկա բետոնի վրայով անցել են, Ռոմանին պառկեցրել են գետնին ու գցել ջուրը` հրելով: Հովսեփին գցել են շինության և կամրջի մեջտեղից` ավելի մոտիկ կամրջին:

Քանի որ նորից ակնհայտ է եղել անհամապատասխանությունը, և այդ կապակցությամբ քննիչը նշել է, որ ջրանցքի ջուրը չի հոսում, և դիակները Ռազմիկ Սարգսյանի ցույց տված տեղից չեն հայտնաբերվել, վերջինս պատասխանել է, որ ինքն այդ մասին ոչինչ ասել չի կարող (հ. 8, գ.թ. 53-57):

Չնայած վերոգրյալ հակասություններին` վերաքննիչ դատարանը առանց որևէ հիմնավորման, խեղաթյուրելով իրականությունը, դատավճռում նշել է, որ Ռոմանին կամրջի մոտ դրել են գետնին և հրելով գցել ջուրը: Սա ակնհայտորեն հակասում է քննչական փորձարարության արձանագրությանը:

Գործով վկա, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության փրկարար Տիգրան Լազարյանը ցուցմունք է տվել, որ 2004 թվականի հունվարի 9-ին կամրջից մոտ 2 մետր և ջրանցքի պատից մոտ 1,5 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է զինվորներից մեկի դիակը: Հունվարի 10-ին փրկարար Գագիկ Աղաջանյանը կամրջի տակից` մոտավորապես 2 մետր ներս, հայտնաբերել է 2-րդ զինվորի դիակը:

Տիգրան Լազարյանը նշել է, որ 2-րդ զինվորի դիակը կամրջի տակ հայտնվելու երկու տարբերակ կա. կամ զինվորը ողջ վիճակում է ընկել ջուրը և շարժվել է կամրջի տակ, կամ նրան ջուրն են գցել կամրջի մյուս կողմից: Կամրջի մյուս կողմում ջրանցքն ավելի նեղ է, և ջրի հոսք կար (հ. 6, գ.թ. 162-167, հ. 15, գ.թ. 107-109):

Վկա, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջոկի հրամանատար Ալեքսանդր Մովսիսյանը ցուցմունք է տվել, որ 2004 թվականի հունվարին մեկնել են Մատաղիս և կորած զինվորներին հայտնաբերելու նպատակով ստուգել են ջրանցքը: Առաջին օրը փրկարար Տիգրան Լազարյանը կամրջից մոտ 2 մետր և ջրանցքի պատից մոտ 1,5 մետր հեռավորության վրա հայտնաբերել է զինվորներից մեկի դիակը, իսկ հաջորդ օրը Գագիկ Աղաջանյանը կամրջից մոտ 2 մետր դեպի խորքը հայտնաբերել է մյուս զինվորի դիակը: Երկրորդ դիակը հանելուց հետո ինքը մտածել է, որ այդ զինվորը ողջ վիճակում է հայտնվել ջրում, քանի որ եթե մահացած լիներ, բացառվում է, որ ջրի հոսանքով գնար կամրջի տակ: Ընդ որում, ջուրը հոսում է կամրջի տակից դեպի պատնեշը: Եթե մահացած վիճակում այդ զինվորին գցեին կամրջի մյուս կողմից, ապա ինչ-որ տեղ հնարավոր էր, որ նա հոսքով գար մինչև հայտնաբերման տեղը: Դիակը ջրում հայտնվելու և չդիմադրելու դեպքում կմնար գտնված տեղը: Եթե երկու դիակներն էլ սպանված վիճակում են հայտնվել ջրում, ապա հնարավոր չէ, որ ցույց տված տեղից հասնեն այնտեղ, որտեղից հանել են (հ. 6, գ.թ. 168-174, հ. 15, գ.թ. 103-105):

Ըստ դատաբժշկական փորձաքննության թիվ 16, 17 եզրակացությունների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել մինչև նրանց` ջրի մեջ հայտնվելը (հ. 8, գ.թ. 97-99, 100-101): Հետևաբար, բացառվում է այն վարկածը, որ ողջ վիճակում ջրում հայտնված Ռոմանը կարող էր լողալով անցնել կամրջի տակ: Այս պայմաններում չպարզված է մնում գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե ինչպես է նրա դիակը հայտնվել կամրջի տակ: Իսկ դա վկայում է այն մասին, որ այդ ուղղությամբ պատշաճ քննություն չի կատարվել, առաջ չեն քաշվել և չեն ստուգվել բոլոր հնարավոր վարկածները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար, թե`

1. իրականում որտեղ է կատարվել տուժողների սպանությունը,

2. եթե տուժողների սպանությունը կատարվել է նախաքննության մարմնի մատնանշած վայրում, ապա ինչպես բացատրել բռնության և դիմադրության հետքերի բացակայությունը, դիակների հայտնաբերման վայրի հետ կապված հակասությունները, գարեջրի շշի` դեպքի վայրում հայտնվելը:

 

3. Տուժողների ալկոհոլային հարբածության հետ կապված հարցերը.

 

Տուժողների դիակների դատաբժշկական փորձաքննությունների թիվ 34/2, 35/2, 16 և 17 եզրակացություններից երևում է, որ Հ.Մկրտումյանի և Ռ.Եղիազարյանի դիակներից վերցրած արյան մեջ հայտնաբերվել է համապատասխանաբար 0,4 և 0,6 պրոմիլլէ էթիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է ալկոհոլային հարբածության թեթև աստիճանին (հ. 3, գ.թ. 104, 112):

Դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն` Ռ.Եղիազարյանն ալկոհոլն ընդունել է մահվանից մոտ 3-5 ժամ առաջ (հ. 8, գ.թ. 99):

Սակայն նախաքննության մարմինն ու դատարանները միջոցներ չեն ձեռնարկել պարզելու, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե՞ղ, ե՞րբ, ու՞մ հետ և ի՞նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ: Այդ հարցի հետ կապված գործի նյութերում առկա փաստական տվյալները քննության առարկա չեն դարձել, իսկ տուժողների կողմից գարեջուր օգտագործելու վերաբերյալ նախաքննության մարմնի վարկածը հաստատող ապացույցներ չեն ներկայացվել:

Այսպես` 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում` մինչև զորամասից դուրս գալը, գործով վկա Ռադիկ Հակոբյանը մոտ 5 րոպե Ռ.Եղիազարյանի դիմաց կանգնած զրուցել է նրա հետ և իր ցուցմունքում նշել է, որ ինքը չի զգացել, որ նա ալկոհոլ օգտագործած լինի: Նա նաև հայտնել է, որ չի տեսել կամ լսել, որ զորամասում Ռոմանը խմիչք օգտագործեր (հ. 8, գ.թ. 187-194):

Ըստ վկա Արթուր Հակոբյանի ցուցմունքի` նա Ա.Թադևոսյանից չի լսել, որ Ռոմանն ու Հովսեփն այդ օրը խմիչք օգտագործած լինեն (հ. 8, գ.թ. 204-208):

Մինչև զորամասից Ռոմանի և Հովսեփի դուրս գալը նրանց հետ եղած վկաներ Ա.Թադևոսյանն ու Ս.Պողոսյանը նույնպես տուժողների կողմից ոգելից խմիչք օգտագործած լինելու մասին որևէ ցուցմունք չեն տվել: Վերը նշված վկաներից ոչ մեկը չի նշել, որ զորամասի պատի վրայից անցնելիս Ռոմանի կամ Հովսեփի ձեռքին գարեջրի շիշ է եղել:

Ավելին, վերաքննիչ դատարանում հարցաքննված վկա Ս.Պողոսյանը ցուցմունք է տվել, որ զորամասի պատի վրայից անցնելիս Ռոմանի ձեռքին գարեջրի շիշ չի տեսել:

Պատասխանելով քննիչի հարցին, թե մինչև 1 շիշ` 0,5 լիտր տարողությամբ, գարեջուր խմելուց կարող էր արդյոք առաջանալ ալկոհոլի նման քանակություն տուժողների արյան և մեզի մեջ, փորձագետ Ա.Բաբայանը ցուցմունք է տվել, որ «Ռ.Եղիազարյանի արյան մեջ եղել է մոտ 30 և մի փոքր ավելի գրամ մաքուր սպիրտի պարունակություն, ավելի ճիշտ նա կարող էր այդքան սպիրտ ընդունած լինել: Գարեջրում կամ ուրիշ ոգելից խմիչքում սպիրտի քանակությունը կարելի է որոշել նրա պիտակի գրառմամբ» (հ. 9, գ.թ. 171-173):

Պարզելու համար այն հարցը, թե իրեղեն ապացույց ճանաչված 1 շիշ` 0,5 լիտր տարողությամբ գարեջրի` երկու տուժողների համատեղ օգտագործման արդյունքում կարո՞ղ էր արդյոք նրանց արյան մեջ հայտնաբերվել համապատասխանաբար 0,4 և 0,6 պրոմիլլէ էթիլ ալկոհոլ, անհրաժեշտ էր իրեղեն ապացույց գարեջրի շիշը ներկայացնել փորձաքննության, ինչը չի կատարվել:

Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պարզելու համար, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե՞ղ, ե՞րբ, ու՞մ հետ, ի՞նչ քանակությամբ և ի՞նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ:

 

5. Հանցագործության շարժառիթի հետ կապված հարցեր.

 

Գործի տվյալներից չեն բխում նաև սպանության կատարման շարժառիթի մասին դատարանի հետևությունները:

Վերաքննիչ դատարանը սպանության շարժառիթ է դիտել այն հանգամանքը, որ զինվորների մոտ ընդունված սովորույթի համաձայն` տանից ստացած ծանրոցը գաղտնի ուտելը լավ արարք չի համարվել, և քանի որ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը ստացած ծանրոցը գաղտնի կերել են շինությունում, այդ առթիվ խոսակցություն է տեղի ունեցել Ռ.Սարգսյանի և Ռ.Եղիազարյանի միջև, որն աստիճանաբար վերածվել է վիճաբանության: Ռոման Եղիազարյանը Ռազմիկ Սարգսյանից պահանջել է իրեն տալ տանից ստացած ծանրոցը, սակայն վերջինս հրաժարվել է: Դրա պատճառով կռիվ է սկսվել, և ամբաստանյալները սպանել են տուժողներին: Ընդ որում, դատավճռում նշվել է, որ «տևական ժամանակով ինժեներաշինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով ուժասպառության, նաև հարձակման անսպասելիության պատճառով Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը զրկված են եղել համարժեք դիմադրություն ցույց տալու հնարավորությունից»:

Սակայն վերը շարադրվածը ոչ միայն չի բխում գործի փաստական տվյալներից, այլև հակասում է դրանց:

Այսպես` նույնիսկ նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներում, որոնցից հետագայում նա հրաժարվել է, Ռազմիկ Սարգսյանը նշել է, որ շինությունում սննդամթերքն ուտելուց հետո, երբ դուրս են եկել այնտեղից, զորամասի կողմից իջնող անծանոթ երկու զինվորներից մեկը մոտեցել է իրեն և պահանջել իր ձեռքի ծանրոցը, իսկ իրենց միջև զորամասից դուրս գաղտնի հաց ուտելու մասին խոսակցություն չի եղել:

Գործով վկա, զինծառայող Ռադիկ Հակոբյանը ցուցմունք է տվել, որ Ռոման Եղիազարյանը բնավորությամբ շատ համեստ ու խելոք էր, նա զինվորներին նեղացնելու բնավորություն չուներ: Տանից ստացած սնունդը գաղտնի ուտելը վատ արարք կդիտվեր, սակայն ոչ ոք իրավունք չունի զոռով պահանջել զինվորի ստացած սնունդը: Ծառայության ընթացքում ինքը զորամասում նման դեպք չի լսել: Ռոմանը համեստ տղա է եղել, նա իրեն թույլ չէր տա որևէ ծանոթ կամ անծանոթ զինվորից պահանջել տանից ստացած սնունդը (հ. 8, գ.թ. 187-194):

Գործով վկա, զինծառայող Վահրամ Ադամյանը ցուցմունք է տվել, որ տանից սնունդ ստացող զինվորը սնունդն ուտում է` ում հետ ցանկանում է: Գաղտնի սնունդ ուտելը վատ արարք է համարվում: Զորամասում ընդհանրապես ընդունված չէ, որ որևէ զինվոր պահանջի մեկ ուրիշի ստացած սնունդը: Անկախ այն հանգամանքից, թե ով է սնունդ ստացող զինվորը, ինչպես է նա իրեն զգում զորամասում, որևէ մեկն իրավունք չուներ պահանջել ուրիշի ստացած սնունդը (հ. 10, գ.թ. 176-178):

Որպես մեղադրյալ հարցաքննված զինծառայող Երվանդ Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ գաղտնի հաց ուտելը լավ արարք չէ, սակայն միևնույն է, ոչ ոք իրավունք չունի վերցնել ուրիշի սնունդը: Ռոմանն ու Հովսեփը նորմալ տղաներ էին, եթե նրանք որևէ զինվորի մոտ տանից ստացած սնունդ տեսնեին, ստիպողաբար չէին պահանջի (հ. 9, գ.թ. 100-103):

Առանց հետազոտելու և գնահատելու վերը նշված ապացույցները` վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դուրս գալով զորամասից և ջրանցքին կից շինության մոտ հանդիպելով իրենց անծանոթ երեք զինվորի, առանց տեղյակ լինելու, ովքեր են նրանք, ինչ ֆիզիկական տվյալներ ունեն, ինչ է Ռազմիկ Սարգսյանի ձեռքին եղածը, դրական բնութագրվող, «տևական ժամանակով ինժեներաշինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով ուժասպառ եղած» Ռոմանն ու Հովսեփը երեք ամբաստանյալներից պահանջել են տալ Ռազմիկի ձեռքի ծանրոցը: Իսկ երբ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը չեն կատարել նրանց անօրինական պահանջը, համարձակվել են դիմադրել Ռոմանին ու Հովսեփին, պայքարել են վերջիններիս դեմ, նրանք հանկարծակիի են եկել, քանի որ դա անսպասելի է եղել հոգնած, ուժասպառ տուժողների համար, որոնք չեն կարողացել համարժեք դիմադրություն ցույց տալ: Ընդ որում, ըստ վերաքննիչ դատարանի դատավճռի` ծանրոցը տալուց հրաժարվող Ռազմիկ Սարգսյանը գործադրել է շինությունում պատահաբար գտած մետաղյա ամրաձողը (արմատուրան), որով հարվածներ է հասցրել Ռոման Եղիազարյանին, իսկ երեք հոգուց ծանրոց պահանջող Ռոմանը, հարձակման ենթարկվելով, չի փորձել գործադրել իր ձեռքի գարեջրի շիշը, իսկ Հովսեփը` իր մոտ եղած դանակը, որը 2004 թվականի հունվարի 9-ին հայտնաբերվել է ջրից հանած դիակի բաճկոնի գրպանում (հ. 1, գ.թ. 29):

Այսպիսով, հանցագործության շարժառիթի հետ կապված, առաջանում են մի շարք տրամաբանական, ողջամիտ հարցադրումներ, որոնք պատասխան չեն ստացել նախաքննության վարկածում և դատարանների դատավճիռներում: Մասնավորապես`

1. ողջամիտ կասկածի տեղիք է տալիս բուն շարժառիթն այն առումով, որ զինվորների շրջանում (ըստ զինծառայողների տված ցուցմունքների) ընդունված չի եղել զինվորի ստացած սնունդը նրանից պահանջելը, սակայն տուժողները, որոնք նույն զինծառայողների կողմից բնութագրվում են դրականորեն, որպես «նորմալ» և «համեստ» տղաներ, իրենց անծանոթ երեք այլ զինծառայողներից պահանջել են իրենց հանձնել նրանց մոտ եղած ծանրոցը.

2. երբ այդ երեք զինծառայողները կամավոր հրաժարվել են կատարել տուժողների պահանջը, դիմադրել են նրանց, ինչու՞ է տուժողների համար դա եղել անսպասելի, և նրանք հանկարծակիի են եկել և չեն կարողացել համարժեք դիմադրություն ցույց տալ (անհասկանալի է, թե ինչպես կարող է տուժողների համար անսպասելի լիներ իրենց ապօրինի պահանջի նկատմամբ ընդդիմացումը).

3. անհասկանալի է, թե ինչպես ծանրոցը տալուց հրաժարվող Ռազմիկ Սարգսյանը կարողացել է գործադրել շինությունում պատահաբար գտած մետաղյա ամրաձողը (արմատուրան), որով հարվածներ է հասցրել Ռոման Եղիազարյանին, իսկ երեք հոգուց ծանրոց պահանջող Ռոմանը, հարձակման ենթարկվելով, չի փորձել գործադրել իր մոտ եղած գարեջրի շիշը, իսկ Հովսեփը, որը, ըստ գործի տվյալների, տիրապետում է մարտարվեստի` իր մոտ եղած դանակը:

Այսպիսով, կատարված հանցագործության շարժառիթի վերաբերյալ նախաքննության վարկածը վերը շարադրված հարցադրումների անպատասխան մնալու պայմաններում հիմնավորված համարվել չի կարող և չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում:

 

6. Այլ հակասություններ.

 

6.1 Մեղադրական եզրակացության և դատավճիռների հիմքում դրվել են նաև Սամվել Պողոսյանի և Արման Թադևոսյանի ցուցմունքներն այն մասին, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 21:00-ի սահմաններում, երբ զորամասի պատի մոտ սպասել են խանութ` քաղցրավենիք գնելու գնացած Ռոմանին ու Հովսեփին, զուգարանների մոտից 20 մետր դեպի շինհրապարակը պատի վրայով անցել ու զորամաս են մտել երկու զինվոր, որոնցից մեկը եղել է բարձրահասակ, մյուսը` կարճահասակ: Նրանցից հետո ներս է մտել ևս մի զինվոր, որի ծոցն ուռած է եղել: Վերջինիս Արման Թադևոսյանը հարցրել է, թե խանութում երկու հոգու չի՞ տեսել: Նա պատասխանել է, որ չի տեսել: Սամվել Պողոսյանը նշել է, որ այդ զինվորները եղել են տարբեր հասակների, սակայն ինքը չի մոտեցել և նրանց դեմքերը չի տեսել:

Վերաքննիչ դատարանում նա հայտնել է, որ ամբաստանյալներին չի ճանաչում, նրանց տեսել է միայն դատարանում, իսկ պատի վրայով անցած երեք զինվորներին չի կարող նմանեցնել որևէ մեկին, քանի որ մութ է եղել:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներ Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը և Ա.Զալյանը ճանաչման չեն ներկայացվել Արման Թադևոսյանին:

Չնայած վերը շարադրվածին` ելնելով այն հանգամանքից, որ պատի վրայով զորամաս մտած զինվորների հասակները տարբեր են, իսկ ըստ դատապարտյալների զորակոչային գործերի` Ռ.Սարգսյանի հասակը 170 սմ է, Մ.Սերոբյանինը` 174 սմ, իսկ Ա.Զալյանինը` 164 սմ, վերաքննիչ դատարանը հանգել է չպատճառաբանված հետևության այն մասին, որ տարբեր հասակներ ունեցող դատապարտյալները և զորամասի պատի վրայով ներս մտած, հասակներով միմյանցից տարբերվող զինվորները նույն անձինք են:

6.2 Բացի այդ, ինչպես երևում է ցուցմունքը տեղում ստուգելու և 4-րդ ՀԳ-ի 2-րդ վաշտի զորանոցում զննում կատարելու մասին 2004 թվականի հունվարի 14-ի արձանագրությունից, զննմամբ վաշտի պահանոցից վերցվել է զինվորական անձրևանոց-թիկնոց (հ. 2, գ.թ. 42):

Քանի որ դրա եզրագծի վրա հայտնաբերվել է արնանման հեղուկի քսված հետք, 2004 թվականի հունվարի 17-ի որոշմամբ նշանակվել է կենսաբանական փորձաքննություն` պարզելու համար` արնանման հեղուկի հետքերը մարդու է, թե կենդանու, իսկ եթե մարդու է, ապա արյուն է, թե ոչ, ինչ խմբի է պատկանում, նշված արյան խումբը համընկնում է արդյոք հանգուցյալներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի արյան խմբերին:

Փորձաքննության թիվ 34 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված անձրևանոց-թիկնոցի ազատ եզրերից մեկի վրա տեղակայված կեղտոտ շագանակագույն հետքում հաստատվել է արյան առկայություն, որը պատկանում է մարդու և առաջացել է A խմբի արյուն ունեցող որևէ անձից, այդ թվում նաև կարող էր առաջանալ ինչպես հանգուցյալ Հ.Մկրտումյանից, այնպես էլ հանգուցյալ Ռ.Եղիազարյանից (հ. 4, գ.թ. 58-60):

Նախաքննությունն այս եզրակացությունն ստանալուց հետո այդ ուղղությամբ որևէ քննություն չի կատարել:

Չի պարզվել նաև, թե զորանոցում զննում կատարելիս ինչու է վաշտի պահանոցից վերցվել միայն և հատկապես այդ զինվորական անձրևանոց-թիկնոցը, այն ինչ առնչություն ունի հանցագործությանը:

Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է կատարել ԴՆԹ-ի փորձաքննություն, որի արդյունքներով հնարավոր է հաստատապես պարզել, թե հայտնաբերված արյունը պատկանում է արդյոք տուժողներից որևէ մեկին, թե ոչ: Դրական արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է այդ ուղղությամբ կատարել խորացված քննություն:

 

7. Մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքների մասին.

 

Գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի մեղադրանքի հիմքում դրված են Ռազմիկ Սարգսյանի` նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, որոնցից նա հրաժարվել է հենց նախաքննության ընթացքում: Մյուս երկու մեղադրյալները երբևէ չեն ընդունել իրենց կողմից հանցագործության կատարման փաստը և ժխտել են Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքներում արձանագրված փաստերը:

Նախաքննության ընթացքում մեղքն ընդունելը կարող է դրվել մեղադրանքի հիմքում միայն այն դեպքում, եթե դա հաստատվում է գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:

Ամբաստանյալների մեղավորության մասին նախաքննության մարմնի և վերաքննիչ դատարանի հետևությունների հիմքում դրվել են նախաքննության ժամանակ Ռ.Սարգսյանի տված խոստովանական ցուցմունքները, որոնցում նա ընդունել է մեղքը և պատմել կատարած հանցագործության հանգամանքների մասին:

Այդ ցուցմունքները, որոնցից Ռ.Սարգսյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում, նախաքննության մարմնի և վերաքննիչ դատարանի կարծիքով հաստատվել են դեպքի վայրի զննության տվյալներով, վկաների ցուցմունքներով, նախաքննության ընթացքում կատարված դատական փորձաքննությունների եզրակացություններով:

Սակայն, ինչպես երևում է Վճռաբեկ դատարանի վերը շարադրված եզրահանգումներից, Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքները գործի այլ օբյեկտիվ տվյալներով չեն հիմնավորվել: Ավելին, մի շարք ցուցմունքներ ոչ միայն չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, այլև ակնհայտորեն հակասում են դրանց:

Միաժամանակ գործի նյութերից երևում է, որ նախաքննության ժամանակ Ռ.Սարգսյանի ցուցմունքները հետևողական չեն եղել, մեղադրյալը բազմիցս փոխել է դրանք, մեկ ընդունել, մեկ ժխտել է իր մեղքը, հետագայում` հենց նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատարաններում կտրականապես ժխտել է իր և ընկերների կողմից հանցագործություն կատարելը, հրաժարվել է այդ ցուցմունքներից` պատճառաբանելով, որ դրանք տվել է վախի, բռնության, խոշտանգումների ազդեցության տակ:

Այսպիսով, նոր քննության ընթացքում անհրաժեշտ է կատարել խոստովանական ցուցմունքներում արձանագրված տվյալների համադրում գործով ձեռք բերված մնացած ապացույցների հետ և արդյունքներով անդրադառնալ Ռ.Սարգսյանի խոստովանական ցուցմունքների արժանահավատության հարցին:

 

8. Մեղադրյալներին ազատությունից զրկելու հետ կապված հարցերը և խոշտանգումների մասին հայտարարությունը.

 

Գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի նկատմամբ 2004 թվականի ապրիլի 24-ին որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Վճռաբեկ բողոքներում նշվել է, որ ամբաստանյալները 5 օր շարունակ վկայի կարգավիճակում ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, որի արդյունքում Ռ.Սարգսյանից կորզվել են խոստովանական ցուցմունքներ:

Թիվ 33651 զորամասի հրամանատարի 2004 թվականի ապրիլի 21-ի թիվ 112 հրամանի 5-րդ պարագրաֆի համաձայն` N-99 «մեկուսացման գրության» հիման վրա շարքային Մուսա Սերոբյանը «համարվել է մեկուսացված» Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կողմից և հանվել է կաթսայական բավարարումից:

Նույն հրամանի 6-րդ պարագրաֆի համաձայն` N-100 և 101 «մեկուսացման գրությունների» հիման վրա մարտական հերթապահությունում գտնվող զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանն ու Արայիկ Զալյանը համարվել են «մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կողմից» և հանվել կաթսայական բավարարումից:

Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է նշանակում մեկուսացման գրությունների հիման վրա նշված զինվորներին «համարել մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կողմից», ինչ բովանդակություն է ունեցել մեկուսացումը: Արդյո՞ք դա չի հանգեցրել օրենքով չնախատեսված սահմանափակումների, ազատությունից զրկելու, որոնք բնորոշ չեն զինված ուժերում սովորական պայմաններում կիրառվող միջոցներին:

Անհրաժեշտ է հանգամանորեն ստուգել նաև այդ օրերի ընթացքում ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի նկատմամբ բռնություններ կիրառելու, նրանց խոշտանգումների ենթարկելու մասին պաշտպանության կողմի բողոքներում բերված փաստարկները:

 

9. Նոր նախաքննության ընթացքում այլ վարկածների ուղղությամբ քննության իրականացման անհրաժեշտության մասին.

 

Ինչպես նշվել է սույն որոշման մեջ, թիվ 33 651 զորամասի 4-րդ գումարտակի շարքային Արման Գրիգորյանը բազմիցս ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը նույնպես մասնակցել է Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի սպանությանը, որը կատարվել է համածառայողներ Ղ.Եգորյանի, Վ.Հովհաննիսյանի, Ե.Պետրոսյանի, Ս.Պողոսյանի, «կամբատ» Իվանի և «զամպալիտ» Մայիլյանի կողմից 2003 թվականի դեկտեմբերի 24-ի երեկոյան զորամասի պարսպի և Զոյայի խանութի մեջտեղում` «սամովոլկա» գնալու համար: Նա նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես Իվանի ավտոմեքենան կանգնել է կամրջի ձախ կողմում, երկու հոգու հանել են ավտոմեքենայի բեռնախցից, մեկին ջուրն են գցել կամրջի կողմից, իսկ մյուսին` շենքի կողմից: Նշված ցուցմունքներից հրաժարվելու պայմաններում նախաքննության մարմինը նրա նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը: Եվ դա այն դեպքում, երբ դեպքի վայրի, դիակների գտնվելու տեղերի հետ կապված նրա ցուցմունքները համապատասխանում են գործի օբյեկտիվ տվյալներին: Իսկ երբ սույն գործով մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանն է հրաժարվել իր խոստովանական ցուցմունքներից, որոնցից ոչ մեկը գործի այլ փաստերով չի հիմնավորվել, նախաքննության մարմինը դա հիմք չի համարել քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է, հաշվի առնելով գործով ձեռք բերված բոլոր օբյեկտիվ տվյալները (դեպքի վայրի և դիակների գտնվելու վերաբերյալ անկողմնակալ վկաների ցուցմունքներ, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններ, դիակների, դեպքի վայրի զննում կատարելու վերաբերյալ արձանագրություններ և այլն), քննության առարկա դարձնել սպանության բոլոր հնարավոր վարկածները:

Այսպիսով, նախաքննության մարմնի, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 107-108-րդ հոդվածների, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի և 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք քրեադատավարական օրենքի էական խախտում են, ազդել են դատավճռի օրինականության վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմք են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավճիռները բեկանելու համար: Քանի որ թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումները, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, չեն կարող վերացվել դատական քննության ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները ենթակա են բեկանման` գործը նոր նախաքննության ուղարկելով:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ վերը նշված նկատառումներով մերժման են ենթակա դատապարտյալների վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և նրանց նկատմամբ արդարացման որոշում կայացնելու մասին Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի, պաշտպաններ Զ.Փոստանջյանի և Ս.Ոսկանյանի վճռաբեկ բողոքները:

Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն` քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը, գտավ, որ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացնել հետևյալ պատճառաբանությամբ.

Շուրջ երեք տարի նրանք գտնվել են անազատության մեջ, այդ ընթացքում կատարվել են նախաքննություն, երկու դատական քննություն, հավաքվել են բավականին ապացույցներ, որոնց պայմաններում նրանց ազատ մնալը չի խոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը:

Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Ռազմիկ Թորգոմի Սարգսյանի, Մուսա Արտուշի Սերոբյանի, Արայիկ Միքայելի Զալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ կետերով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մայիսի 18-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռները բեկանել և նրանց մասով գործն ուղարկել նոր նախաքննության:

Ռազմիկ Թորգոմի Սարգսյանի, Մուսա Արտուշի Սերոբյանի, Արայիկ Միքայելի Զալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և նրանց անհապաղ ազատել կալանքից:

Դատապարտյալներ Ռազմիկ Թորգոմի Սարգսյանի, Մուսա Արտուշի Սերոբյանի, Արայիկ Միքայելի Զալյանի, պաշտպաններ Զարուհի Փոստանջյանի և Ստեփան Ոսկանյանի վճռաբեկ բողոքները թողնել առանց բավարարման:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Մ.ՍԻՄՈՆՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.12.2006
N ՎԲ-176/06
Որոշում